Aug 21, 2026

անտիպ - 148/2026

..., բայց իրականությունն այն է, որ յուրաքանչյուրն Արարչին մոտենում է այնքան, ինչքան մենանում է առ ինքնը յուր։

© Գորշ



անտիպ - 147/2026

Կա բացակայություն, որի առաջացրած դատարկությունը երբեք չի լրացվում և վերածվում է սրբավայրի, որտեղ կառուցվում է աստվածային ինքնախոսության ներքին եկեղեցին։

© Գորշ



Aug 18, 2026

անտիպ - 146/2026

Օրերից մի օր բոլոր չապրված սերերը կհառնեն իրենց գերեզմաններից և կապստամբեն, ինչը կլինի միակ իսկական, միակ համաշխարհային, առաջին համամարդկային ու վերջին մարդկային հեղափոխությունը։ Կամ չի լինի այդպես ու մարդը դեռ մի քիչ էլ կլինի։

© Գորշ



Aug 13, 2026

անտիպ - 145/2026

Համաժամանակյա ինքնահաղթահարումից և ինքնարարումից զերծ ինքնաճանաչողությունն ինքնախաբեության վատագույն և ամենավտանգավոր տեսակն է։

© Գորշ



անտիպ - 144/2026

Գորշի ռեփոսոֆիա


Մի՛ վախեցիր մահից՝ նա գալու է ավելի ուշ, քան լքելու է կյանքը։
Մի՛ վախեցիր նաև ապրելուց, որ չլինի ինչպես առաջին միտքը։

Սիրու՛ց զգուշացիր՝ նա միշտ նախորդում է իմացությանը,
Բայց նաև հաջորդում է. իմացությունի՛ց էլ զգուշացիր։

Ճանաչի՛ր քեզ, բայց մի՛ սահմանիր, որ չդադարես ճանաչել։
Միշտ իսկությա՛մբդ եղիր, միևնույն է, կասկածելու են միշտ։

Շատում, թե քչում փնտրի՛ր իսկականը, իսկականում՝ քոնը։
Քոնի բացակայությունը ուրիշով մի՛ լցրու ու մի՛ եղիր ուրիշի լցոնումը։

Կդանդաղես, թե կշտապես, չի՛ փոխվի ժամանակի ընթացքը,
Բայց անշտապ ընթացքը կարող է մեծացնել հեշտանքը։

Հաճույքների մեջ ընտրիր բնականը, բնականում՝ բուժականը։
Սեքս մի արա. արա սեր։

Բացահայտի՛ր իմաստավորման վայելքը, անգամ երբ հումք է տառապանքը։
Հույզերից քամիր առավելագույնը, ապա ստացիր լավագույնը։

Առանց խնդրանքի մի՛ տուր խորհուրդ ու խրատ,
Փորձդ էլ առաջարկիր լոկ որպես օրինակ։

Մի՛ բամբասիր. մի թքիր քամուն հակառակ։
Ուրիշի բամբասանքին էլ մի եղիր վկա։

Առհասարակ, խուսափիր վկայությունից, նամանավանդ, ինքնավկայությունից։
Վկա եղիր սեփակա՛ն մտքին, էլ ավելի լավ` չարտահայտվածին։

Ուրիշի բարոյականությամբ մի՛ խարազանվիր. «շուն ես՝ շնացիր»,
Բայց 12-րդ ստիքսը միշտ հիշիր։

Քոնը միշտ ապրիր,
Եթե ամոթա՝ թաքուն ապրիր։
Ապրիր ընդհա՛նրապես ու հա՛տկապես, բայց առանց գողանալու ու մատնելու ապրիր։

Սիրո միակողմանին չի լինում. եթե փոխադարձ չէ, ուրեմն դու՛ էլ չես սիրում։
Ու, ընդհանրապես, ավելի հաճախ թվում է, քան իրականում կա կամ լինում է։

Ցանկացած հարաբերություն պայմանագիր է։
Պայմանագրի առարկան ստի շուրջ հաշտությունն է։
Երբեմն պատահում է, որ պայմանագիրը պատշաճ կատարվում է։


Խղճի համար հարմար է ուրիշի տունը,
Հպարտության համար` սեփականը։
Անկեղծության համար կա հասարակաց տունը, 
Սիրո համար` անտունությունը։

© Գորշ




Aug 12, 2026

անտիպ - 143/2026

Բոլոր մեկնաբանություններից այնկողմ՝ ես բարությունը բացահայտել եմ որպես հոգևոր և ֆիզիկական առողջացման, ինչպես նաև առողջության նախապահպանության բուժամիջոց։ Ընդ որում, որոշակի կրիտիկական դեպքերում այն հրաշալի համադրվում է նաև չարության հետ, երբ կարիք է լինում ինքնաբուժման ագրեսիվ միջամտության։ Մտքի լրիվության և խորության ընկալման համար պետք է նշել, որ սա բնավ նույնական չէ անձիս բնութագրման հետ. միանգամայն սխալ կլինի ինձ համարել բարի, իսկ ինքս ինձ, առավելապես, քննում եմ չարից և բարուց անդին։

© Գորշ



Aug 11, 2026

անտիպ - 142/2026

Այն, որը ունի սկիզբ, հետևաբար վերջ, չի կարող ունենալ ինքնուրույն իմաստ։ Այն, որն ինքնարար է, չունի սկիզբ, հետևաբար՝ վերջ։ Ուրեմն միայն ինքնը, որպես կամք ու կիրք, կարող է ունենալ ինքնուրույն իմաստ։ 

© Գորշ



անտիպ - 141/2026

Ամեն ինչ սին է, ամենը` ունայն, կա միայն ոչինչ։
Բոլոր դռներից անդին՝ մենակության այն մեկը միայն, որին թակում են ներսից, երբ թակում եմ դրսից, տենչն է իմ ամենա ու կարոտն Ամենիս։

© Գորշ



Aug 10, 2026

անտիպ - 140/2026

Երբ մարդը հասնի անմահության, նա, միաժամանակ, հասած կլինի այնպիսի իմաստնության, որը ոչ միայն անհրաժեշտ է համարում գոյաձևի ավարտը, նաև ցանկանում է այն որոշակի հանգրվանում։ Այլ կերպ ասած, անմահության հետ կծնվի մահվան ընտրությունը։ Ու եթե, այնուամենայնիվ, նման զարգացման մակարդակում գոյություն ունենա մարդկային հիմարություն, ապա այն վերստին կարտահայտվի աստվածաստեղծությամբ, բայց տարբերությամբ, որ այս դեպքում լավագույններին կխոստացվի ժամանակին մեռնելը։ Իսկ հիմա միայն խրախուսվում է՝ որպես բարձր (ինքնարարի) բարոյականություն։

© Գորշ



Aug 6, 2026

անտիպ - 139/2026

Նույնիսկ, երբ երկուսը միաժամանակ ինքնասպան են լինում, միևնույն է, նրանք մեռնում են առանձին-առանձին: Միաժամանակ լինելով նույն արգանդում, միևնույն է, ծնվում են առանձին։ Նույն անկողնում էլ ամենքն իր սերն է անում։ Սա այն մասին, երբ ասում են միասին։

© Գորշ



անտիպ - 138/2026

Թե ինչքան է միտքն այն կրողից անկախ գործում, դա, առնվազն, առիթ է պատժի և ինքնախարազանման հարցերում ավելի ներողամիտ լինելու, բայց դա, միաժամանակ, պատճառ է հաջողությունների և ինքնագնահատականի հարցերում էլ համեստ լինելու՝ չափազա՜նց համեստ։

© Գորշ





Aug 5, 2026

անտիպ - 137/2026

Ամենուր կյանքն ապրելու դասեր և դասատուներ են։ Ոչ մի տեղ չեն սովորեցնում՝ ինչպես մեռնել կյանքը, ու սրանում է, որ ինքդ քո մեկ դպրոցն ես և ուսուցիչը։

© Գորշ



Aug 4, 2026

անտիպ - 136/2026

Մեկի համար տիեզերական միջամտություն է, մյուսի համար` աստվածային նախախնամություն, կան նաև, որ համարում են ճակատագիր։ Այն, ինչը կյանքը բաժանում է «մինչև»-ի և «հետո»-ի, ես հակված եմ կոչել ինքնարարման բացարձակ հանգամանք։ Իսկ, առհասարակ, եթե որևէ իրադարձությունից հետո մարդը մնում է նույնը, քան էր, ուրեմն կամ եղա՛ծն է իմաստազուրկ, կամ ի՛նքն է հիմար։ 

© Գորշ



Aug 3, 2026

անտիպ - 135/2026

Խուստուփ

Երբ հասա Խուստուփի գագաթ և նստեցի ժայռին, արևածագի հետ իմ ձախ և աջ կողմերում հայտնվեցին Ինքնարարն ու Զրադաշտը. մեկն իր գայլի ուղեկցությամբ էր, մյուսը՝ իր արծվի և օձի։ Նրանք խաղաղ էին այնպես, ինչպես լինում է մանուկը` մոր կուրծքը շուրթերին. հասկացա, որ Ինքնարարը հասել է իր Բարձրագույն եսին, իսկ Զրադաշտը գտել է իր Գերմարդուն։ Երեքս էլ նայում էինք արևին և, մտովի զրուցելով, լռում, իսկ երբ արդեն պետք է իջնեի, ինձ ուղղված նրանց հայացքում կարեկցանք տեսա իմ խռովքին, որ ստիպված եմ մարդ լինել, բայց նաև իմացություն, որ դե՜ռ։

© Գորշ






















Jul 30, 2026

անտիպ - 134/2026

Մեծ մասամբ կյանքն ավելի շուտ է լքում մարդկանց, քան նրանց հանդիպում է մահը։ Մահն ինչ-որ իմաստով նման է անգղի. հայտնվում է, երբ արդե՛ն կյանքն ընդհատված է, իսկ այն, ինչը սովորաբար կոչվում է հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություն, այլ բան չէ, քան սանիտարական ծես։ Շատերի դեպքում միջանկյալ ժամանակահատվածը տևում է տասնամյակներ, բայց միայն այն բանի համար, որ մահը մենակ է, իսկ մեռելներն անհամար ու երկարակյաց։

© Գորշ



անտիպ - 133/2026

Երբեմն, գիշերն այնպիսի կրքով է սիրում և այնքան է նրբացնում, որ լուսաբացի հպումը ցավով եմ զգում:

© Գորշ



Jul 29, 2026

անտիպ - 132/2026

Գորշի ռեփոսոֆիա

Մի՛ ասա այն, ինչը չգիտես։
Մի՛ բացառիր, որ սխալ գիտես։

Խոստումներ մի՛ տուր, իսկ տալուց` կատարիր, եթե անգամ չկատարելն արդար է։

Քիչ խոսիր, շատ լսիր. էս շատ ես լսել,
Բայց նաև կարճ երևա, երկար դիտիր. էս արդեն նոր բան ա։

Հարգի՛ր մեծերին, բայց մի՛տքը, ո՛չ թե տարիքը։
Փոքրերի՛ն էլ հարգիր. այս դեպքում հենց տարիքը։
Առհասարակ, հարգի՛ր բոլորին, մինչև իրենց անարգանքը։

Սիրում ես՝ վերցրու, վերցրել ես՝ սիրի՛ր ընդմիշտ։

Ոչ ոք քեզանով թող չփչանա, թեկուզ եթե հանդիպածն արդեն փչացած ա։

Ստել չգիտես՝ ճիշտն ասա. սա էլ հին բանա։
Ստել գիտես՝ նամանավանդ ճիշտն ասա. էս մեկը նոր ա։

Ուրիշի գաղտնիքների զրահապահարան եղիր,
Սեփականին՝ վառարան։

Համեստ եղիր ուրիշում, քոնում՝ բնական, բնականում՝ բանական։

Վախենալը նորմալ է՝ կենդանի ես,
Չհաղթահարելը նորմալ չի՝ անասուն չես։

Չիմանալն էլ ամոթ չի. էս հայտնի հնի ռեմիքսն ա,
Բայց հարցնելն ամոթ ա, եթե նախ ինքնուրույն չես փորձել։

Ճանաչի՛ր ինքդ քեզ, բայց նախ հանդիպի՛ր քեզ։

Սիրո մեջ հպարտ չլինես, բայց նաև խղճով չլինես,
Ու, նամանավանդ, խեղճ չլինես. էս արդեն ու՛ր էլ լինես։

Աչքե՛րը չեն խոսուն, այլ` հայացքը. սա հնի ճշգրտումն ա,
Իսկ հայացքն աչքերով չի՝ հոնքերով ա։

Եթե մի բան ուզում ես, նախ հարցր ա՝ ինչու՞ ես ուզում,
Որ պարզես՝ դու, թե ուրիշն է քո փոխարեն ուզում։

Միշտ ստուգի՛ր, թե ում են պատկանում մտքերը՝ նամանավանդ քոնը։

Բոլոր խաբեություններից հատկապես ինքնախաբեությունից զգուշացիր։
Սա որ բացահայտես, մյուսները կբացառես։

Կամքի ազատության վրա շատ մի լարվիր. ինչ էլ անես, ուրիշի համար էլ ա։
Ուրեմն ինչ էլ անես, ինքնակամ արա, հատկապես, երբ ստիպված ես։
Միայն մեռնելն ա, որ բացառապես ինքդ քեզ համար ա,
Տենց մեկ էլ ցավն ա ու տառապանքը։

Սովորիր բա՛ց թողնել, բայց նախ ինքդ քեզ,
Բայց նաև ընդունե՛լ սովորիր՝ էլի նախ ինքդ քեզ։

Ամբոխում արծվի հետ եղիր, ամբոխից դուրս՝ գայլի,
Բայց երկու դեպքում էլ օձը թող ներկա լինի։

Անսահմանության երկու տեսակ էլ կա,
Բայց մենակ եղիր, հիմար լինելու փոխարեն։

Անապատում ջրհոր եղիր, օվկիանոսում՝ կղզի,
Բայց փրկչություն վաճառող մի՛ եղիր։
Առհասարակ, թե կարող ես, վաճառական մի՛ եղիր։

Եսիդ ու ինքիդ հանդիպումներում թող ինքը հաղթանակի։
Ինչպես էլ շարունակես, թող ինքնարարմամբ ավարտվի։

© Գորշ



Jul 28, 2026

անտիպ - 131/2026

Ամբոխի անտարբերությունն ավելի բարձր գնահատանք է, քան գիտակի ուշադրությունը ու, ի տարբերություն դրա, հաստատապես անկեղծ։

© Գորշ





անտիպ - 130/2026

Ով չի ունեցել արծվի մենակություն, չգիտի, թե ինչ բան է միջակությունից դուրս լինել ու շնչել մաքրամաքու՜րը։ Ով այն ունենալու հետ ունեցել է իր մոտ թռչող արծիվը, նաև տեսե՛լ է մաքրամաքու՜րը։

© Գորշ



անտիպ - 129/2026

Այն ամենում, ինչը իմաստ ունի, կյանքն ինձ միշտ տվել է լավագույնը` անգամ մեղքերը։

© Գորշ



անտիպ - 128/2026

Բոլորի դրախտը նույնն է։ Մարդուն ճանաչելու համար պետք է նրա դժոխքին ծանոթանաս ու պետք է ցանկանաս ապրել այնտեղ, որ համարվի սիրում ես։

© Գորշ



Jul 23, 2026

անտիպ - 127/2026

Այն ամենին, ինչը մեզանից հեռացնում է միջակությանը, թեկուզ դա լինի բժշկի նշտար կամ մահվան գերանդի, ամե՛ն։

© Գորշ



անտիպ - 126/2026

«Կարոտ առ իմացյալը» և «կիրք առ անհայտը» թևերով թռչում էր սիրտն իմ անդունդի վրայով, որը կոչվում է հիմա, այստեղ։ Այժմ նա բարուրված է ինքնագրկումով և ընկնում է բարձրից, ընկնու՜մ անվերջ։


© Գորշ



Jul 20, 2026

անտիպ - 125/2026

Ինքնաճանաչողությունը Եսի և Ինքի հանդիպումն է։
Ինքնահաղթահարումը Եսի պարտությունն է Ինքին։
Ինքնարարումը Ինքի արարչությունն է առ Բարձրագույն Ես-ը։

© Գորշ



անտիպ - 124/2026

«Գել ու գազան» դարձվածքում, այնուամենայնիվ, գայլը նշվում է անջատ։ Սա գայլի առեղծվածային էության ամենանուրբ և ամենադիպուկ ընդգծումն է ու, միաժամանակ, նրան պարտվելու մարդու ճանաչումը։

© Գորշ



Jul 17, 2026

անտիպ - 123/2026

Եթե չարանում եմ, ապա միայն մարդեղացած այն աստվածների նկատմամբ, ովքեր իրենց իսկությամբ ներկա են իմ հոգում և թույլ չեն տալիս ատել մարդուն հիմնովին և մեկընդմիշտ։ Երբեմն ինձ մխիթարում է պատկերացումը, թե ինչպես եմ նրանց մեկտեղում իմ անձավում, ինչպես Զրադաշտն իր հյուրերին, բայց, պատվելու փոխարեն, ինքնահրկիզվում` գիտեմ, որ նրանք անմահ են իմ ներսում և մահկանացու` ինձանից դուրս։

© Գորշ



Jul 13, 2026

անտիպ - 122/2026

Ասում են՝ պետք չէ վստահել ոչ մեկին, իսկ ես ասում եմ՝ մեզնից շատ մեզ ոչ ոք չի խաբում։ Հենց կարողանում ես բացառել այդ «մեկի» սուտը, հայտնվում ես ուրիշի նկատմամբ հավատ-կասկածից անդին արթմնության մեջ։ Ի դեպ, անգամ սերը, ու նամանավանդ սերը, անկախ «կույրի» իր համբավից, իսկական է, եթե արթմնությամբ է։ Այն, ինչն արթմնությամբ չէ, անպայման սուտ է։

© Գորշ



անտիպ - 121/2026

Միայն հողն է գրկում անպայմանական։

© Գորշ



անտիպ - 120/2026

Ի սկզբանե գուցե հավաքական ինքնակառավարում էր, բայց մարդկության այժմյան գոյաձևը բացառապես կառավարում է, որի առաջնային նպատակն ինքնարար կամք/կիրքը «մարդ» վանդակում զսպելն է։ Ընդ որում, այժմյան ասելով պետք է նկատի ունենալ, առնվազն, վերջին երկու հազարամյակը։

© Գորշ



անտիպ - 119/2026

Մնալ մարդ նշանակում է մնալ այդ ուրիշը, այդ միջակը, այդ ժամանակավորը։

© Գորշ



անտիպ - 118/2026

Պատրա՞ստ ես, ունենալու համար այն, ինչ ունի ուրիշը, վճարել ինչպես ուրիշը` էներգիա, ժամանակ, ինքնասիրություն ...։ Սա ցանկությունների այն հարց-զտիչն է, որն ինձ համար հաճախ պարզում է, որ դեռ մենականալու ու ժամանակ խնայելու տեղ ունեմ և ինքս ինձ կիսատելու տեղ չունեմ։

© Գորշ



Jul 7, 2026

անտիպ - 117/2026

Ինձ գայթակղում է այն համեստությունը, որն իր ետևում զսպում է այնպիսի գաղտնիք, որի դուրս գալը կարող է ոչնչացնել շուրջն ամեն բան՝ ներառյալ ինձ, ու ինձ դուր է գալիս, երբ ճանաչելու կրքի զսպվածությամբ մոտենում եմ դռանը, բայց չեմ հասցնում թակել. այն հանկարծակի բացվում և գաղտնիքը գողանում է ինձ։

© Գորշ



անտիպ - 116/2026

Կյանքի խորը ընկալման դեպքում անհնար է մահը չդիտարկել որպես ազատություն։

© Գորշ



անտիպ - 115/2026

Գեղեցկությունը, որն արհամարհում է իմաստնությանը, ի վերջո խամրում է, բայց անգամ դրանում է իմաստնությունը գեղեցկություն տեսնում։

© Գորշ



Jul 6, 2026

անտիպ - 114/2026

Ես երբեք այն չեմ ընկալել՝ որպես զվարճության հականիշ և վշտի, ձանձրույթի հոմանիշ։ Այն ինձ համար հազվադեպ է եղել հետևանք. ես ավելի շատ փնտրել եմ այն արտահայտելու պատճառներ, ապա նաև հորինել եմ դրանք։ Նրա կարճատև բացակայությունն ինձ ավելի շատ է անհանգստացրել, քան տևական թանձր ներկայությունը։ Նա ավելի շատ հայտնվել է ակամա, քան արձագանքել է իմ փնտրելուն իրեն։ Տխրությունը կա` որպես իմ իսկության հատկանիշ, ինչպես սերն ու ինքնարարման կամք/կիրքը։

© Գորշ



անտիպ - 113/2026

Մարդն ավելի մոտ է անասունին, քան կուզեր լինել և ավելի նման, քան փորձում է չերևալ։ Անասունից մարդու հեռացումը վազք է անիվի մեջ։

© Գորշ



անտիպ - 112/2026

Ամեն անգամ, երբ ինձ հաջողվում է «թումանյանական» մանկան քուն մտնել, դա ինձ հուշում է, որ նախորդիվ հերթական «մեկս» սպանվել է։

© Գորշ



Jul 4, 2026

անտիպ - 111/2026

Ուրիշը տեսնելու նախապայման, առավել ևս, պայմանականություն չունի, դրա համար է, որ նախընտրում եմ նրա հայելը մերձավորից։ Ինչքան ուրիշ, այնքան անպայմանական, ու ինձ գայթակղում է այն ուրիշը, որը հայում է մարդուց դուրս, աշխարհից անդին` թեկուզ եթե դա արհամարհանք է` բայց մաքրամաքու՜ր։

© Գորշ



Jul 3, 2026

անտիպ - 110/2026

Չարի և բարու, ուժեղի և թույլի, քչի և շատի մեջ չէ բանը բնավ, ոչ էլ, նամանավանդ, արդարության, սիրո կամ հավատի․ բոլոր պարտությունները կիսատությունից են։ Եթե անգամ մեկն է ընդդեմ աշխարհի՝ պարտվել է, նշանակում է իսկությամբ կիսատ է եղել։

© Գորշ



Jul 1, 2026

անտիպ - 109/2026

Ով կա այստեղ այնկողմնային. հարց ինքզինքը, որի պատասխանն ավելի սարսափելի է, քան դարավոր լռությունը։

© Գորշ



Jun 29, 2026

անտիպ - 108/2026

Եթե գեղեցիկ կինը միաժամանակ իմաստուն է, նշանակում է նրա ստեղծմանը մասնակցել է նաև Նեռը։ Եթե կինը միայն գեղեցիկ է, նշանակում է նրան ստեղծել է բնությունը։ Եթե կինը միայն իմաստուն է, նշանակում է նրան ստեղծել է ճակատագիրը։ Կնոջ ստեղծման գործում Աստված ձեռնպահ է։

© Գորշ




անտիպ - 107/2026

Ես սկզբունքորեն դեմ չեմ Աստծո գաղափարին՝ այն իմաստով, որ ամենքը կարող են տարբեր կերպ անվանել տիեզերական այն մեծ անհայտությունը, որի ճանաչողության մեջ դեռ չնչին է մարդկային իմացությունը։ Ես դեմ եմ կրոնի, աղանդի, պաշտամունքի մեջ այդ Աստվածների բանտարկությանը, առավել ևս դրանց հակադրությանը. զավեշտալի է այն մրցակցությունը, որում, ըստ երևույթին, մասնակիցներից յուրաքանչյուրը պնդում է, որ իր անգիտությունը մյուսի անգիտությունից ավելի ճշմարիտ է։ Բայց սա՛ էլ, ինչպես ցանկացած հիմարություն, ունի իր շահն ու դիտավորությունը։

© Գորշ



Jun 23, 2026

անտիպ - 106/2026

Հեշտ է քեզանից պաշտպանվել ամբոխի մեջ, բայց ես չեմ կարող երկար դիմանալ առանց մենության, որտեղ դու ներս ես գալիս բոլոր զգայարաններով ու տիրում ողջս։ Դու այնքա՜ն հաճախ ես սպանում ինձ, իսկ ես այնքա՜ն հազվադեպ եմ հարություն առնում, բայց ես չեմ ուզում, ինչպես Աստված՝ թեկուզ որ արգանդակից ենք, անվերջ մեռնել. եթե չես կարող ունենալ ինձ՝ որպես ինքնարարի, ապա վերջացրու ինձ՝ որպես անասունի, ո՜վ Կին՝ ո՜վ Տիեզերք՝ ո՜վ Անէ։

© Գորշ





Jun 21, 2026

անտիպ - 105/2026

Այն, ինչի մեկնարկը տրվել է Նոյյան տապանից իջած անասուններով, չէր կարող ստացվել այլ բան, քան ստացվել է։

© Գորշ



անտիպ - 104/2026

Մահին հաղթելու միակ ձևն ինքնասպանությունն է, իսկ կյանքն անպարտելի է։ Դրա համար էլ կա սերը` որպես կյանքին տրվելու ինքնասպանություն։

© Գորշ



անտիպ - 103/2026

Եթե իմանայիր, թե ինչպես ես ապրում իմ ներսում, կհրաժարվեիր անգամ միակ կյանքից։ Եթե իմանայիր, թե ով ես իմ ներսում, չէիր ցանկանա լինել ուրիշ մեկը` նույնիսկ հազար կյանքում։ Բայց դու չգիտես և ստիպված ես ապրել միակ կյանքդ` ուրիշ մեկում։

© Գորշ

© Գորշ



անտիպ - 102/2026

Նետվում եմ անհատակ անդունդը` խավար է, բայց շուրջս նկատում եմ հետընթաց ժայռեր, իսկ երբ հայտնվում եմ մեջքնիվայր, վերևում տեսնում եմ աստղեր` անկմանս հետ պայծառացող ավելի։ Այս պատկերացումը հոգիս հանգստացնում է մարդ լինելու հոգնությունից։

© Գորշ



անտիպ - 101/2026

Դու մենակ ես, կեղծիքը շատ է, իսկ մահն` անխուսափելի, ուստի փրկող ձեռքերի փոխարեն փնտրիր այն ձեռքը, որը բռնելով ավելի վստահ կմեռնես, քանզի դա ձեռքն է անվերապահ հարազատի։

© Գորշ



անտիպ - 100/2026

Հույսի և հավատի իմացականությունը չի կարող ճանաչել նրա չգիտեմի իմաստնությունը,
լավ ու վատի բարոյականությունը` նրա սիրո կարելիությունը,
բարու և չարի սովորութականությունը` նրա այնկողմնային իսկականությունը.
սև ու սպիտակի մարդակերպությունը չի կարող տեսնել ինքնարարի գորշականությունը։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...