27 дек. 2022 г.

127/անտիպ

Իշխում է ոչ թե մարդը, այլ` հանգամանքը, եթե անգամ այն հեղինակել է մարդը, որովհետև միշտ և ցանկացած հանգամանքում կա նաև պատահականություն (չգիտակցված անհրաժեշտություն) որն անկախ է կամքից։ 
Առողջ բանականության համար սա մի դեպքում պետք է լինի զգուշացում այնտեղ, որտեղ նա աստված է խաղում գիտությամբ, մեկ այլ դեպքում՝ սպասելի հնարավորություն, որտեղ համակված է անկարողությամբ։

© Գորշ 



23 дек. 2022 г.

126/անտիպ

Նրանք հատուկ ձգտում ունեն ժամանակ առ ժամանակ լինել կով, որովհետև գոմաբնակներից միայն նա ունի սրբադասվելու աստիճանի հարգանք։ Բայց նրանք ավելի «կով» են, քան կովը, քանզի չեն հասկանում, որ վերջինս բարեգործ լինելու միտումնավորություն չունի։

© Գորշ 



19 дек. 2022 г.

125/անտիպ

Մարդ բանականի պատմություն. հերոսապատումների ժողովածու, որը ոչ ոք չի կարդալու։

© Գորշ 




124/անտիպ

Ինքնասուզմանս մեջ հանդիպեցին մարդը, որը դեռ անասուն էր և այս վերջին խոսուն մեկը։ Խլացումը, որին ստիպված էի ապավինել առաջացած անտանելի աղմուկից ազատվելու համար, ի սպառ վերացրեց նաև նրանց միջև տարբերությունը։

© Գորշ 



12 дек. 2022 г.

123/անտիպ

Այն մասին, թե ինչպես է մարդ բանականն օգտագործվում իբրև արհեստական բանականության տարր.
Արհեստական բանականություն է նաև բանական էակների սովորութային միակցումը բնազդային (զգացմունքային) մակարդակում։ Ի տարբերություն մեքենայականի, որը նոր է և որտեղ ձգտումն արհեստական բանականության արարչական հատկության հասնելն է, այս բիոարհեստական, այլ կերպ` ամբոխային բանականությունը գոյություն ունի վաղուց և սրա դեպքում ձգտումը անասնական հպատակության կատարելագործումն է։ Միաժամանակ, հաջողությամբ ստացվում է նաև այդ երկու բանականությունների միակցումը, որտեղ (դեռ) մարդկային միջնորդությամբ, բայց սուբյեկտ է հանդիսանում մեքենայականը։

© Գորշ 



10 дек. 2022 г.

122/անտիպ

Գաղափարի գոյությունն ամենօրյա հիշատակմամբ պահելը նման է նույն մեռելին ամեն օր թաղելով հիշատակ պահելուն։ 
Քիչ դեպքերում է դա արվում այն բանի համար, որ հիշատակողը հիվանդ է ինքնախաբեությամբ ու այն նրա մոտ բարդացել է մինչև աստվածացման աստիճան։ Որպես կանոն` դա արվում է մարդկային` խիղճ-հպարտություն-որովայն շրջանակում գտնվող հասարակ շահի համար։

© Գորշ 



8 дек. 2022 г.

121/անտիպ

Պարզելու համար, թե ինչքան եսակենտրոն է մարդ բանականը ու (ինքնա)ճանաչողությամբ ինչքան չնչին է տիեզերական համակեցության մեջ, բավական է փաստել, որ նա չի ստեղծել որևէ արժեք, որն անհրաժեշտ կլիներ գոյությանը` իրենից հետո և առանց իրեն։

© Գորշ 



1 дек. 2022 г.

120/անտիպ

Ճանաչելու համար, թե ինչ կրքով են սեր անում նեռն ու աստված, բավական է հանդիպել նրան, ով կարող է մարմնավորել մենակությունդ։ 

© Գորշ 



29 нояб. 2022 г.

119/անտիպ

Նա, ով մասնակցում է վկաներիդ սպանությանը ու ինքնասպանվում է՝ իբրև վերջին վկադ, երբ արդեն պատրաստ ես ինքնարարման, կարող է կոչվել արարիչ։

© Գորշ 





27 нояб. 2022 г.

118/անտիպ

Խիղճը շնչակտուր ձայնեց բանականությանը. 
- Լսու՞մ ես, հպարտությունն այնպիսի աղերս-աղաղակով է փախչում զգացմունքներից, կարծես նրան փորձում են բռնաբարել։
- Այդպես էլ կա. հպարտությունը հասել է աստվածանալու մոլուցքի վերջին հանգրվանին։
- Նույնն էլ ի՞նձ է սպասվում։
- Եթե քեզ ինչ-որ բան սպասվում է, ապա միայն խաչվելու հեշտանքը, քանզի դու հենց բռնաբարության ծնունդ ես։
- Կարո՞ղ ենք փրկվել։
- Ո՛չ, նման զվարթությունից չեմ կարող հրաժարվել։

© Գորշ 


20 нояб. 2022 г.

117/անտիպ

Նրանք գնում են եկեղեցի, դիմում են հոգեբանի, …, ի վերջո, նաև ընտրում են ինքնասպանության ուղիղ ձևը։ Այն, ինչի համար նրանք անում են դա, մենք ձեռք ենք բերում ինքնաներմամբ, իսկ ինչն էլ չենք կարողանում ներել, օգտագործում ենք իբրև գիտակցությունը ճեղքող հաբ։

© Գորշ 



15 нояб. 2022 г.

115/անտիպ

«Ճիշտ դուրս գալու» գայթակղությունն այնքան մեծ է, որ անգամ նա, ով կանխատեսում է աշխարհի վերջը, սակայն աշխարհը դեռ շարունակում է գոյություն ունենալ, հիասթափությունից առավել ոչ մի այլ զգացում չի ունենում։
Ուստի, այն պահից սկսած, երբ ուրիշ մեկը կանխատեսությամբ փորձում է փրկել փորձանքից, ձեռք ես բերում զգուշանալու ևս մեկ առիթ, որը կոչվում է «Ճիշտ դուրս գալու» գայթակղություն։

© Գորշ 



12 нояб. 2022 г.

114/անտիպ

Կրոնին տրվելուց, հոգեբանին դիմելուց, կամ կուսակցական դառնալուց առավել ազնիվ է բռնաբարվելու դասակա՛ն ձևը, բայց բարոյականությունն այստեղ քաղաքական վերապահում ունի։

© Գորշ



11 нояб. 2022 г.

113/անտիպ

Քան հիասթափությունների հատիկներից թազբեհ քաշելը, ոչինչ առավել չի խաղաղեցնում, ու, միաժամանակ, ոչինչ այդչափ չի պարզեցնում իրականության ընկալումը։

© Գորշ



9 нояб. 2022 г.

2 нояб. 2022 г.

111/անտիպ

Ծառն անտառում նյութափոխանակային արժեք է, տափաստանում՝ հոգևոր։ Ահա՛ այն, ինչ պետք է հասկանալ կեցություն-գիտակցություն հարաբերակցության մասին։ 
Ուրեմն նա, ով ունակ չէ իր մեջ ստեղծել ու կրել սեփական տափաստանը, հնարավորություն չունի ամբոխի մեջ մնալ բանական։

© Գորշ 



28 окт. 2022 г.

110/անտիպ

«Բանականությունդ մոռացա՜ր». ինքնարարը ձայնեց մարդ բանականի ետևից, երբ վերջինս փորձեց նրա կյանք ներխուժել` ինչպես ինքնավստահ հոգեբան, ապա ստիպված եղավ փախչել` ինչպես հավատքը կորցրած քահանա։

© Գորշ



14 окт. 2022 г.

109/անտիպ

Որովհետև չի կարող վերադառնալ կենդանական բնականությանը ու դեռ չի ընկալում վերմարդկային բանականությունը։ Մարդու այս միջակ գոյությունը մարդկային ու չափազանց մարդկային է. միջակությունը նույն մարդկայնությունն է։

© Գորշ 



8 окт. 2022 г.

108/անտիպ

Ի հակադրություն համընդհանուր ընկալման` հենց մաքրամաքուր էությամբ էակը կարող է ունենալ աշխարհը պայթեցնելու կամք, հետևաբար մարդու դանդաղամահությանը դեռ երկար ժամանակ ոչինչ չի սպառնալու։

© Գորշ 



3 окт. 2022 г.

107/անտիպ

Եթե հայրենիքը սահմանվի որպես բնական միջավայր, որտեղ(ից) մարդն ինքնաճանաչվում-ինքնահաղթահարվում-ինքնարարվում է, ապա բացառությունները չհաշված` ողջ մարդկությանը կարելի է համարել անհայրենիք արարածների հավաքածու։
Իսկ այս սահմանումը երբևէ ընդունվելու է, եթե (երբ) մարդը համարձակվի ճշմարտությանն առերեսվել բանականորեն։

© Գորշ 



28 сент. 2022 г.

25 сент. 2022 г.

105/անտիպ

Եթե արարչի, ապա միայն նրա ինքնախաբեությա՛ն արդյունքն է մարդը։
Ով իրենից դուրս է տեսնում իր ծագումը, չպետք է ունենա արարչին հանդիպելու այլ ձգտում, քան միայն հանգամանքում, որտեղ արարիչը խոստովանում է իր սխալն ինքնարարի առաջ, իսկ վերջինիս ոտքերի տակ փռված են կրոնների և մարդուն ինքն իրենից հեռացնող բոլոր հավատամքների լեշերը։ Իսկ ով իր մեջ է տեսնում իր ծագումը, չպետք է ունենա ինքնառերեսումից զատ այլ ձգտում` նույն հանգամանքում։

© Գորշ 



18 сент. 2022 г.

104/անտիպ

Առավելապես, մարդը սոցիալական էակ է, երբ բնազդները բավարարված են, բնազդային քաղցում` նա անասուն է։ Քաղցից բավարարում միջակայքում մարդը սովորութային կենդանի է։ Թե որքան հարափոփոխ են քաղցն ու բավարարումը, ու թե ինչ հաճախականությամբ, դրանով էլ որոշվում է գիտակցության վրա ազդեցության հիմնական հանգամանքը և գտնվելու միջակայքը։ 
Ըստ այդմ, մարդ բանականը սովորութային (միջակ) արարած է, քանի դեռ չի (ինքնա)սահմանվել մարդ ինքնարար, ապա` ինքնարար։

© Գորշ 

Գորշի եռանկյուն


10 сент. 2022 г.

2 сент. 2022 г.

102/անտիպ

- Բարև՛, նյութական աշխարհ։
- Բարև՛, հումուս։

- Բարև՛, հոգևոր աշխարհ։
- Բարև՛, ուրվական։

- Բարև՛, ես։
- Հազա՜ր բարի, ոչնչություն։

© Գորշ / անտիպ 

Գորշի եռանկյուն


30 авг. 2022 г.

101/անտիպ

Երբ հասարակությունն անհատականության գերեզմանոց է, միամտություն է կարծել, որ այն երբևէ կարող է վերածվել բարեբեր հողի, եթե նրանում բավականաչափ առանձնյակներ թաղվեն։ Մարդկանց ձգտումներն այստեղ այլ բան չեն, քան տապանաքարերի մրցատենդ` ըստ նկատելիության, շքեղության, երկարակեցության, որոնց միջով անվերջ շրջում է մարդկային երազանքի մի ուրվական. ձեռք բերել անմահություն գերեզմանոցում։
Նրանք, ովքեր երբևէ տարվել են հասարակությունն անհատականությունների պարտեզի վերածելու մտքով, ի վերջո հանգել են այն իսպառ ոչնչացնելու ցանկության, եթե չեն մոլորվել` իբրև հումուս ինքնազոհաբերվելու կեղծ բարոյապաշտությամբ։

© Գորշ / անտիպ 



27 авг. 2022 г.

100/անտիպ

Ընդհանրապես, լռությունը հակառակորդի համար ավելի մեծ անհանգստություն է, քան վրեժ լուծելու մասին գոռալը։ Իսկ «գրական ողբաբառաչանքը», որով իբրև ցավ են ապրում, նախ գրավում է գիշատչի ուշադրությունը, ապա` փրկչի, բայց նրանցից որն էլ առաջինը հասնի, վերջը նույնն է։
Վիրավո՞ր ես` լեզուդ արնաշաղախ արա …

© Գորշ / անտիպ

20 авг. 2022 г.

99/անտիպ

Հիերարխիայի այլընտրանքն անարխիան է։ Մարդը սրա այլընտրանքը չի գտել, ուստի անգամ հանցավորը նախընտրելի է հիերարխիայի ի սպառ բացակայությունից, որպեսզի մարդը, գոնե, պահպանի հավասարությունը իր և անասունի միջև ու չլինի ավելի անասուն, քան անասունն է։

© Գորշ / անտիպ 



15 авг. 2022 г.

98/անտիպ

Ճշմարտությունը հատկություն ունի անցնելու անհամեմատ նեղ բացակներով, քան կարող է փակել գիտակցությունը, դրա համար էլ, անկախ ապահովության աստիճանից, որին անվերջ ձգտում են մարդիկ, նրանց հայացքում ընդհանուր է տագնապը, որ ահա՛, ամեն ինչ ցանկացած հաջորդող պահին կարող է փլվել։ Անգամ նա, ով հայտնվում է փլատակների տակ, շտապում է այն վերածել ամրոցի։

Անխռով նստած է մեկը փլատակների վրա, ու այն, ինչը կարող էր նրան նմանեցնել մարդուն, թաղել է փլատակներում։

© Գորշ / անտիպ 

Գորշի եռանկյուն


13 авг. 2022 г.

97/անտիպ

Թե չընկալես զգացմունքի այն հաճախականությամբ, որով հաղորդվել է, ինչպե՞ս իմանաս մտքիս ամբողջականությունը, երբեմն դրանում առկա չարությունս ու չարությանս ողջ բարությունը։
Ու ինչպե՛ս ընկալես անհույզ մտքիս տիեզերականությունը …

© Գորշ / անտիպ 



11 авг. 2022 г.

96/անտիպ

Քանի որ բոլորի դեմ լինելն արտոնում է անել ցանկացած բան, միայն այդ դեպքում է պարզվում անհրաժեշտի իրականը, քանզի հարաբերականությունից ազատող միակ հանգամանքը դա է, ու քանի որ ազատության հետ ձեռք ձեռքի գալիս է նաև մեռնելու սպառնալիքը, բոլորի դեմ լինելը, միաժամանակ, կամքի իրականը պարզելու միակ հանգամանքն է։
Սրանում մեկ անգամ հաջողացրածը չի կարող հրաժարվել այդ արտոնությունից. եթե անգամ բոլորը հաշտության ձեռք են մեկնում, նա իր մեջ շարունակում է կրել բոլորի իրեն դեմ լինելու հանգամանքը, ու նաև ինքն է ստեղծում այն` լինելով բոլորին դեմ։ 
Սա, միաժամանակ, ինքնասպանություն է` նկատի ունենալով, որ սպանվելն անխուսափելի է, բայց նաև միակ դեպքն է, երբ մահն ավելի մեծ բանի ազդարար է, քան հասարակ մարդու մահն է։

© Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

 

10 авг. 2022 г.

95/անտիպ

Եվ թող բանե՛ն ավանակները, քանզի նրանց խոստացված է ամենասիրունը։
Իսկ դու, ինչպես ցանկացած արարիչ, պատվո՛վ կրիր այլանդակի պիտակը, և, որպես ինքնարար, եղի՛ր ամենաայլանդակը։

© Գորշ / անտիպ 



7 авг. 2022 г.

94/անտիպ

Մտքերի ընկալման գործում ամբոխն անատամ պառավ է. նրան պետք են դյուրամարս և հեշտ ծամվող դատողություններ։ Նրա համար միանշանակ է կարծր ամեն բան, քանզի նա ատամ չունի՝ հասկանալու համար, որ որոշները, պարզապես, պտղապատյանով են։ Նա նաև բկլիկ է ու քաղցրակեր՝ բերանն առնում է ամեն բան, ինչն արտաքնապես ախորժալի է ու քաղցր, ինչն օգտագործելով էլ նրան հաճախ թունավորում են, երբ առանց կոտրելու կուլ է տալիս քաղցրը, իսկ միջուկը պարզվում է՝ թույն է։
Ուրեմն, քանի որ միայն կարծրությունը չի երաշխավորում պառավի բերանում հայտնվելուց խուսափելը, որից հետո նա լմլմացնելով և թքելով, կամ աղիներով անմարս շրջանառելով փչացնում է ամեն բարձր բան, անհատականություններին ուղղված դատողությունը ոչ միայն և ոչ այնքան կարծր պտղապատյանով պետք է պատվի, այլ՝ փշերով ու դառը համով։ Էլ ավելի լավ, երբ նույնն արվի բարոյականությանն անընդունելի, քանզի ինչպես պարզվում է բարոյականությունը պառավ է, ամբոխինն էլ պառաված կույսի է։

© Գորշ / անտիպ



5 авг. 2022 г.

93/անտիպ

Կտակը միջոց է հաղթահարելու գոյության իմաստը չգտնելու վախը, ուրիշ ոչինչ։ 
Այն, ինչն ավագը փոխանցում է կրտսերին` կիսատ գործը շարունակելու խրատով, ընդամենը մահին հանձնվածի կողմից կյանքից կառչելու անհույս փորձ է։
Սեփական սահմանման մեջ խճճված գոյակը փորձում է դուրս գալ իր ժամանակի սահմաններից` չընկալելով, որ ինքնարարումից զատ չկա այլ իմաստ, հետևաբար չի կարող լինել նպատակի ժառանգություն։ 
Վերջապես, հենց միայն ինքնարարումը կարող է անհատական ձգտումից վերաճել համընդհանուրի և, իբրև այդպիսին, համարվել տեսակի գոյության ու, առհասարակ, նպատակ։

© Գորշ / անտիպ 



4 авг. 2022 г.

92/անտիպ

Այլից զատ, ինքնարարներն իրենց մեջ պետք է կրեն մարդ բանականի «ցեղասպանության» երազանքը և օրերից մի օր պետք է իրագործեն այն։ Իսկ մինչ այդ, նաև իբրև մեծ գործին պատրաստվելու վարժանք, առանձնաբար «սպանելու» նախասիրությամբ պետք է զբաղվեն բավականության մեծագույն զգացումով։

© Գորշ / անտիպ 



31 июл. 2022 г.

91/անտիպ

Ա՛յ փնթի, երբ հանրայնացնում ես բոլոր հույզերդ, որոնք ընդհանուր առմամբ ոչ մեկին պետք չեն, անկախ դրանց ինչպիսին լինելուց և իրական մտադրությունիցդ` դրանք վերածվում են սոցիալ-գիտակցական միջավայրը աղտոտող աղբի, որից, հակառակ ազդեցությամբ, սնվում ես նաև ինքդ։ Բարոյականության այն «խոլերան», որի վարակակիրն ես ու տարածողը, արդյունքն է նրա, որ չունես մտքերի և հույզերի ինքնավարության բանական մաքրասիրություն։ Իսկ եթե քեզ թվում է, որ դուրս նետելն ապահովում է ներսիդ մաքրությունը, ապա դա միայն այն բանի համար, որ արդեն գերազանցել ես մարդուն` իբրև խոզ։

© Գորշ / անտիպ 


29 июл. 2022 г.

90/անտիպ

Ինքնասուզում.
Լինել այնտեղ, որտեղ շատերը չեն լինում,
հետո այնտեղ, որտեղ ոչ ոք չկա,
հետո՝ ոչ ոք դեռ չի եղել,
ի վերջո այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող լինել.
իմանալ, որ այլ ես, քան քեզ դարձրել են,
ավելին ես, քան մարդն է։

© Գորշ / անտիպ 




28 июл. 2022 г.

89/անտիպ

Այնուամենայնիվ, թեկուզ, կամ հենց միայն երաժշտություն ունենալու համար` անասունների մեջ մարդը սիրելի է ինձ, ու ինքս ինձ էլ, երբ երաժշտությամբ զգում եմ, որ այլ եմ, քան համոզում է բնությունը, ու ավելին, քան փորձում է դարձնել բարոյականությունը։

© Գորշ / անտիպ 




27 июл. 2022 г.

88/անտիպ

Վերջին ինքնախոսություն` ինքնարարը մարդ բանականին.
Դու տեսնում ես ինձ բարձրում ու չես սխալվում դատողության մեջ, որ անհոգ եմ, բայց դու չես տեսել բարձրացումս ու սխալվում ես դատողության մեջ, որ անհոգի եմ։ Դու չես սխալվում նաև, որ քեզ ուղղված հայացքս արհամարհանք ունի, որով, իբրև ամոթալի անցյալիս մարմնավորում, քեզ ընդմիշտ բաց եմ թողնում։

© Գորշ / անտիպ 



26 июл. 2022 г.

87/անտիպ

Չի ստացվում բոլորի կյանքի հավասարումը լուծող մեկ բանաձև, որովհետև յուրաքանչյուրն իր կյանքի ունիկալ անհայտ մեծությունն է, որը չի կարող որոշվել ուրիշի (ինքնա)ճանաչողությամբ, բայց … ու շարունակվում են լցվել դասարաններ ու խմբակներ, որտեղ իմաստակն ուրիշներին վաճառում է իր (ինքնա)խաբեությունը։

© Գորշ / անտիպ 



25 июл. 2022 г.

86/անտիպ

Ընդհանրապես, խորհուրդ չտալը վատ խորհուրդ չէ,
չբացատրելն էլ՝ վատ բացատրություն չէ։
Ի վերջո, երբեմն, հայհոյանքով հեռուն ուղարկելն ավելի մարդասիրական է, քան «շինած» մարդասիրությունն է։

© Գորշ / անտիպ 



24 июл. 2022 г.

85/անտիպ

Չգիտեմ՝ ինչ է ակնկալում բոլորին դիմելով միտք արտահայտող, կամ դատողություններ անող «մտահույզը», բայց ընդհանուր տեսարանում նա պատկերվում է հիմար։

© Գորշ / անտիպ 

Գորշի եռանկյուն


23 июл. 2022 г.

84/անտիպ

Ցավալին նրանում չէ, որ մեծամասնությունն օգտագործվում է, այլ նրանում, որ օգտագործողներն էլ, առավելապես, միջակ են իրենց նպատակում և չունեն գոյության բարձր իմաստ։ Իսկ ցավալին միջոցը զուր վատնելու ափսոսանքում է, ուրիշ ոչինչ։

© Գորշ / անտիպ 



21 июл. 2022 г.

82/անտիպ

«Փրկե՛մ քեզ»-ը հնչում է իբրև բռնաբարելու ցանկություն, «Փրկի՛ր ինձ»-ը` բռնաբարվելու։ Սրանց հանդիպումն ինքնին համաձայնություն է, որը երևույթում փոխում է միայն այն, որ արարքում բացառում է հանցակազմը։
Դե ինչ, սա էլ վատ սեքս չէ` անսերության պայմաններում, թերևս միակ ձևն է։
Իսկ առողջ բանականության համար երկուսն էլ հնչում են իբրև հայհոյանք։

© Գորշ / անտիպ 



20 июл. 2022 г.

81/անտիպ

Հույսն առաջին տեղում՝ անհուսության վկայություն է, անհուսությունը՝ անկարողության, անկարողությունը՝ չիմացության, իսկ չիմացությամբ հանգամանքին տրվելը հիմարություն է, արկածախնդրություն, խաղամոլություն …, բոլոր դեպքերում այն է, ինչում կամքը ստորադաս է հանգամանքին։
Հանգամանքին տրվելը իմաստնություն է միայն, երբ արվում է իմացությամբ։ Միայն այդ դեպքում է կամքը մնում կենսունակ, լինում ունակ հաղորդակցվելու և հարաբերվելու հանգամանքին՝ ըստ նպատակի, ընդհուպ ուղղորդելու այն դեպի նպատակը, հետևաբար, երբ առաջնորդում է իմաստնությունը, հույսը մնում է վերջին տեղում՝ իբրև վերջին փամփուշտ, հիմնականում պահվող արժանապատիվ ինքնասպանության համար։
Բայց արի ու տես, որ հենց հանրային գործերում, որտեղ անկարելի է կամքը ստորադասել հանգամանքին, ավելի շատ է հնչում և առաջին տեղ բերվում հույսը՝ անվանվելով հայրենասիրություն։ Ճակատամարտ՝ գուցե, բայց պատերազմում հաղթել այն սկսելով վերջին փամփուշտի՞ց …, սա՛ էլ, գուցե, բայց դեռ երբեք չի եղել։

© Գորշ / անտիպ 



19 июл. 2022 г.

Գորշի եռանկյուն



Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։

Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։

Տառերի համակցությամբ կենտրոնում ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը, ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված եռամիասնությունը։

Եռանկյան գագաթներից դուրս եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը, ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։

Տառերի հայերեն լինելը խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային է։

Հիմնական գույնը գորշն է, ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի, «կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժումը, սահմանում է դրա վերաբերելիությունը բացառապես անհատականությանը։

Սույն մեկնաբանությամբ՝ խորհդանիշը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ։

Խորհրդանշի հեղինակ՝ Տիգրան Գորշ, 2021թ.



80/անտիպ

Բոլոր դեպքերում, երբ մարդը չի սպանվել, կյանքը վերջացրել է ինքնասպանությամբ 

© Գորշ / անտիպ 



18 июл. 2022 г.

79/անտիպ

Եթե բարոյականներին առանձնացնենք և հնարավորություն տանք ապրել որպես առանձին սոցիում, ապա, այլից զատ, նրանք անպայման կհեղինակեն այնպիսի բարոյականություն, ըստ որի նրանց մի մասը կհամարվի անբարոյական։ Բայց այստեղ բանն այն մասին է, թե ինչու՞ երբեք բարոյականից չենք լսում երախտագիտություն այն մերձավորի նկատմամբ, ում համեմատությամբ (շնորհիվ) ինքը (ինքնա)ընկալվում է բարոյական, ըստ էության՝ ում շնորհիվ գոյություն ունի։
Այս կերպ նաև տարբեր առաքինություններ կրողների մասին, որոնց կարելի է առանձնացնել մեկ ընդհանուր «Հարաբերականության անշնորհակալ զավակները» վերնագրի ներքո։
Շնորհակալություն մարդ՝ քո համեմատությամբ ինքնարարի ինքնաընկալման համար …

© Գորշ / անտիպ 



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...