23 июн. 2022 г.

64/անտիպ

Ի վերջո, կնոջ մեջ հաղթանակում է մայրը, եթե անգամ նա չի մայրանում …

© Տիգրան Գորշ / անտիպ 



63/անտիպ

- Ի՞նչ անել, որպեսզի հպատակը հաճույք ստանա իր կարգավիճակից։
- Նրան դիմել «պարոն/տիկին» գոյականով։
- Ի՞նչ անել, որ նա սիրի իր կարգավիճակը։
- Ավելացնել «մեծարգո» ածականը։
- Իսկ ի՞նչ անել, որ նա երբևէ չցանկանա լինել այլ բան։
- Նրան տալ այլ հպատակներին կարգադրելու իրավունք։

© Տիգրան Գորշ / անտիպ 



21 июн. 2022 г.

62/անտիպ

Թվում է` խոսելու ունակությունը մարդու անկախացումն է բնությունից, այնինչ` բնությունն է այդ կերպ մեկուսացրել մարդուն, ինչից, իբրև հետևանք, ժամանակ առ ժամանակ տենչում ենք լռություն այնպես, ինչպես ալևորն է հոգնությունից տենչում մայրական գիրկը, որը է՛լ չկա։
- Ցմա՞հ է արդյոք բնության վճիռը։
- Այն արդե՛ն կատարված է, բայց գիտակցությունը չի ընկալում վճռի` ինքնարարման միտումը, քանի դեռ շարժվում է իներցիայով ու չի հանդիպում այդ վիճակից հանող արտաքին այն ուժին, որը պետք է բացահայտի մարդու վաղուցվա մահը, ինքնարարի՝ ծնունդը։

© Տիգրան Գորշ / անտիպ 



19 июн. 2022 г.

60/անտիպ

Արի ու տես, որ հենց անտարբերությունն է այն հումքը, որը մարդու մեջ պետք է մշակել դաստիարակության այնպիսի աստիճանի, որ սոցիալական հաղորդակցության մեջ նվազագույնի հասցվի միմյանց անձնական տիրույթի անձեռնմխելիության խախտումը ու, նաև, վիրավորանքն ու անարգանքը, ամփոփ՝ լինի տարածությունը` պայմանականորեն կոչվող հարգանք։
Միթե այն բարոյականը, որի շուրթերից սերը հնչում է իբրև հանրային համակեցության մաղթանք, կամ պահանջ, պատկերացնում է գարշելի տեսարանը, երբ, հանկարծ, բոլորը սիրում են իրար. մաքուրն ու փնթին, գիտակն ու տգետը, վերջապես մարդն ու անասունը, և այդ «հակահիգիենիկ» միջակության մեջ տեսնու՞մ է արդյոք իր երեսպաշտ դերը և ի՞նչ է կոչվում այն` միթե՞ աստված, թե, այնուամենայնիվ, նա իր տգիտության մեջ հավատավոր է այնքան, ինչքան հեռու է սիրո ընկալումից՝ իբրև բարձր բանականություն։

© Տիգրան Գորշ / անտիպ 



17 июн. 2022 г.

59/անտիպ

Հանրային կրթությունը (նախադպրոցականից մինչև բարձրագույն, ներառյալ դրանց բոլոր տարա(ենթա)տեսակները) հպատակի կրթություն է։ Դրանով անձը կարող է ձևավորել և/կամ բարձրացնել իր սոցիալական դիրքը, այլ կերպ` հպատակի իր աստիճանակարգը, ընդհուպ հասնել հանրային ղեկավարման բարձրագույն աստիճանին, բայց չի կարող դադարել կոչվել հպատակ։
Այն, ինչը համարվում է արարչական կրթություն (տիրական, աստվածային), կարող է լինել բացառապես ինքնակրթությամբ, բնատուր շնորհով, կամ այնպիսի կրթությամբ, որը փակ է հանրության համար և տրվում է հատուկ առանձնյակներին։
Հպատակի կրթությունը հրաշալի բնութագրվում է «Սովորի՛ր, որ մարդ դառնաս» հայտնի պատգամով ու հենց դրանով էլ ավարտվում է, իսկ արարչական կրթությունն ունի մեկ նպատակ` ձգտել ավելիին, քան մարդն է, որի համար և առաջնորդվում է արարչական մեկ պատգամով` ճանաչի՛ր։

© Տիգրան Գորշ / անտիպ 



16 июн. 2022 г.

58/անտիպ

Անցյալամույն գիտակցությունը չի կարող լինել նախաձեռնող, հետևաբար և արարող։ Անգամ նրա ակնկալիքները, ժամանակի մեջ, ավելին չեն լինում, քան միանգամիցն է, որի պատճառով՝ նա ուղիղ կախվածության մեջ է հանգամանքներից, որոնցում չկա իր կամքը։ Արդյունքում, այն, ինչ կարողանում է ապրել ներկայում, առավելապես հիասթափությունն է, ինչն էլ ավելի է խորացնում նրա շարժումն անցյալ, որտեղ նա, բավարարման մոլուցքով, փորձում է գտնել նոր մխիթարանք, կամ ուրախություն, քանզի նրա բոլոր բացատրություններն անցյալում են, անգամ նրա զայրույթն է անցյալում, վերջապես՝ նրա ամբողջ կենսագրությունը։
Բայց հիշողությամբ սահմանափակված անցյալը նրան մի օր զրկում է նաև այդ ինքնախաբեությունից և ստիպում հայտնվել խելացնոր կրկնության մեջ՝ ի սպառ ոչնչացնելով դատողունակությունը, ընդհուպ երևակայությունը։ 
Ի վերջո, անցյալամույն  գիտակցությունը անցյալում էլ մահանում է` ներկայում մնալով ամենայն բանականը փչացնող «ժանտախտ»։

© Տիգրան Գորշ / անտիպ 



14 июн. 2022 г.

56/անտիպ

Գենետիկ ինժեներիան ստանալու է պատասխաններ, որոնք մարդիկ փորձում են տեսնել վերև նայելով՝ ռոմանտիկ հիմարի հայացքով։ Հիմարներն այդպես էլ չեն իմանալու, երբ ժամանակի որոշակի մեկնարկից նրանց սկսեն իշխել ինքնարարները, բայց դա կլինի միակ դեպքը, երբ նրանք կօգտագործվեն հանուն բարձր նպատակի, իսկ հետո … է՛լ չեն լինի …

© Տիգրան Գորշ / անտիպ 




55/անտիպ

Ինչպես մսակերի քիմքին գառը, գոճին, ճուտը, …, կրոնի երախին` մանկան հոգին։


© Տիգրան Գորշ / անտիպ 



13 июн. 2022 г.

54/անտիպ

Ի վերջո, «Կյանքը բեմ է, մարդիկ` դերասան» վերնագրով ապրողի կյանքը համառոտագրվում է «Կյանքը կրկես է, մարդիկ` կապիկ» ամփոփագրով։

© Տիգրան Գորշ / անտիպ 



12 июн. 2022 г.

53/անտիպ

Անմեղությունն ու քավությունը քարոզվում է միայն այն բանի համար, որ մարդիկ չհասկանան մեղքի (ինքն)արարչությունը ու մնան փրկիչներին գերի։
Բանականին պետք է խրախուսվեր իմաստավորումը, փրկչության մերժումը։

© Տիգրան Գորշ / անտիպ



52/անտիպ

Ի՞նչ է ուզում հիմարը, երբ հայտնվում է կեղտի մեջ. ճշմարտության հետ առերեսու՞մ, իրականության իմացությու՞ն, (ինքնա)հաղթահարու՞մ …
Ո՛չ, նա, ընդամենը, ուզում է ժամանակ առ ժամանակ լսել՝ լավ է լինելու։

© Տիգրան Գորշ / անտիպ 

11 июн. 2022 г.

51/անտիպ

Ոչինչ այնքան չի աղավաղում ու փչացնում պետություն և ընտանիք հասկացությունները, ինչքան դրանք նույնացնող դատողությունը։

© Տիգրան Գորշ / անտիպ 

50/անտիպ

Առաջին սեքսը սկիզբն է կնոջ ազատականացման, տղամարդու` կախվածության։
Նրանց հետագա հանդիպումները բուռն են այնքան, ինչքան մեծ է մեկի ինքնաբավությունը, մյուսի՝ վրիժառությունը։

© Տիգրան Գորշ / անտիպ 

10 июн. 2022 г.

49/անտիպ

Բարոյականն ուզում է ամենուր տեսնել առաքինի մարդկանց, բայց չի էլ հրաժարվում արդյունքից, որը կարող է ստանալ միայն անառակը, ու սա կոչվում է՝ բարոյականի անբարոյականություն։

© Տիգրան Գորշ / անտիպ 

9 июн. 2022 г.

48/անտիպ

Ատամները թափածի ներքին խաղաղության ձգտումը, այդ ձգտման մեջ ընդունած անհասկանալի կեցվածքն ու դեմքի արտահայտությունն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ դրան հետևորդ և/կամ գաղափարակիր է դառնում ոսկոր աղալու ատամներ ունեցողը, ով դեռ բավականաչափ չի էլ բռնաբարվել կյանքի կողմից, հասկանում ես, որ մի օր բանական գոյակը պետք է բաժանվի մարդու և ինքնարարի, ու վերջինս պետք է մարդուն իշխի ինչպես անասունի։

© Տիգրան Գորշ / անտիպ 

8 июн. 2022 г.

47/անտիպ

Եթե յուրաքանչյուր կենդանի հնարավորություն ունենար պատկերել իր աստծուն, ապա երկրայինից զատ ու ճիշտ դրա նմանությամբ կլիներ նաև երկնային գազանանոց, որի մուտքին, սակայն, տոմսավաճառն էլի կլիներ մարդը։

© Տիգրան Գորշ / անտիպ 

7 июн. 2022 г.

46/անտիպ

Պետական հարկադրանքի միջոցը, կամ դատապարտման հանրային ցանկացած այլ տեսակ, նույնիսկ դրսևորման օրինաչափության պայմաններում, ոչ մի եզր չունի արդարության հետ՝ երբեք համարժեք չէ մեղքին, չի կարող լինել։
Դա նաև դաստիարակություն չէ, քանզի երբ յուրաքանչյուրի մեղքի համար` հասարակությանն էլ չեն պատժում իբրև վատ դաստիարակի։
Դա, ընդամենը, կառավարելի վրեժխնդրություն է, և/կամ վրեժխնդրությամբ կառավարում։

© Տիգրան Գորշ / անտիպ 

45/անտիպ

Հավասարություն քարոզելով, որպես հավասարվելու աստիճան, երբեք չեն ընտրում ամենաուժեղը, բարձրը, իմաստունը …, ըստ այդմ պարզ է, թե հավասարությունն ինչին է միտված ու թե ինչու է հավասարության մասին ամենաբարձրը գոռում տկարը, ցածրը, տգետը …

© Տիգրան Գորշ / անտիպ 

5 июн. 2022 г.

44/անտիպ

Հույսը ծնվում է իմացության բացից և մահանում է իմացությամբ։
Հույս փնտրում են, երբ չգիտեն, անկարող են իմանալ, ալարում են, կամ, պարզապես, չեն ուզում։
Հույսը չի մահանում վերջում, այն հենց մահվան ազդարար է, երբ միակ ապավենն է։
Ամենն իմանալու անհնարինության հանգամանքում ավելի արդյունավետ է հույսը փոխարինել չգիտեմ-ով, հույսի համեմատ` չգիտեմ-ը միշտ ավելի մոտ է ճշմարտությանը։

© Տիգրան Գորշ / անտիպ


3 июн. 2022 г.

43/անտիպ

Մեկ մարդը կարող է իր մեջ ամփոփել և կրել մարդկության ամբողջ ողբերգությունը, իսկ մարդկությունը չի կարող կրել մեկ մարդու անգամ սովորական մի տխրություն։
Սա այն մասին, թե ինչքան անբովանդակ հասկացություն է մարդկությունը ու ինչքան իմաստազուրկ է նրան դարձնելը ինքնախոսության առարկա, երկխոսության` կողմ։

© Տիգրան Գորշ / անտիպ

42/անտիպ

Եթե (դեռ) ունակ չենք աստվածներին ժխտող ինքնարարմամբ, ապա, գոնե, իմանալ է պետք, որ օտար հողում ծնված աստվածները կարող են լինել իմացության աղբյուր, անգամ ընկեր, բայց առաջնորդման մեջ նրանք ոչ միայն անպիտան են, այլ պոտենցիալ դավաճան՝ պատմական ինչ-որ հանգրվանում անպայման դրսևորվող։
Ու ինչպիսի՜ միամտություն, թե պիտի կարծենք, որ աստվածները չունեն երկրային ծնունդ և հայրենական պատկանելիություն։

© Տիգրան Գորշ / անտիպ

41/անտիպ

Դարը հարմար է նրանով, որ ցանկացած հիմարություն կարող է ունենալ հետևորդություն, ու անհարմար նրանով, որ միայնակի հանդիպելն էլ իմաստնություն գտնելու երաշխիք չէ, քանզի նա էլ, հաճախ, նույն, բայց ամոթխա՛ծ հիմարն է։
Դարը հարմար է դարանակալելու և, որպես «վարակ», դուրս հորդելու համար …

© Տիգրան Գորշ / անտիպ

40/անտիպ

Հույզերում, զգացմունքներում, կրքերում անկեղծությու՞ն.
զրո նշանակություն, երբ չկա գիտակցական ինքնուրույնություն,
միայն ավելորդ աղմուկ:

© Տիգրան Գորշ / անտիպ

39/անտիպ

Չի կարող ջրայինն ազատ լինել օդում, կամ ցամաքում, օդայինը և/կամ ցամաքայինը՝ ջրում, երկկենցաղն էլ՝ համադրությունից դուրս… . նշանակում է՝ յուրաքանչյուր գոյակ ազատության իր առավելագույնին կարող է հասնել միայն իր բնական պարագայում։ Սա այն մասին, թե ինչ է նշանակում հավասարությունը բնականորեն և գիտակցականորեն տարբերվող մարդկանց միջև, ու ինչին է այն միտված իրականում։ Բայց, թերևս, ճշմարտությունն այնքան պարզ է, որ սա չարժե անգամ վերնագրել «Հավասարության հակառակ կողմը», այլ, պարզապես, «Ստրկության արտացոլանք», որը երևակվում է հավասարություն միայն այն բանի համար, որ նրանում յուրաքանչյուրը տեսնում է իրեն։

© Տիգրան Գորշ / անտիպ 

38/անտիպ

Իրականությունն ընկալելով իբրև վերջավոր բան, երբ անգամ հողն ունի դինամիկա ու չկան անփոփոխելի սահմաններ.
Մեկն իր հույսն է դարձրել տապանաքար, մեկը՝ հուսահատությունը,
Մեկն իր հավատը, մեկը՝ անհավատությունը,
Մեկն իր իմացությունը, մեկը՝ իմանալու անկարողությունը,
Իսկ գերեզմանատան դարպասին գրված է «Այստեղ հանգչում է բանականությունը»։

© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...