31 мар. 2023 г.

126/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքդ քեզ խղճալուն հաջորդող ինքնաարհամարհանքի մեջ գրավիչ վրեժխնդրություն կա. այդպես ոչնչանում են մխիթարանքիդ վրա
հավաքվող մակաբույծները, առանց որոնց, այն իսկապես կարող էր համարվել հարմարավետ հանգրվան։ Ուստի, եթե ինքնախղճահարություն, ապա միայն որպես խայծ՝ զվարճալի սպանդ նախաձեռնելու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



125/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ցած գլորող խղճի եւ հպարտության հաղթահարումը չի ապահովում մշտնջենականություն, ուղղակի հասցնում է եզրագծին, որտեղ մեկն անպայման զոհաբերվում է մյուսի բարձրացման համար, որովհետեւ հենց այդպես է սահմանված։ Անընդհատ նեղացող արահետը, կամ ավելի բարձրին միակցող անդունդն ի վերջո ստիպում է բաց թողնել, որ անցումը հաջողվի, ու, առերեւույթ բաժանող այս հանգամանքը, տարբեր ուղիներով, բայց երկուսին
նույն տեղը հասցնող միակ հնարավորությունն է, ինչը, մեծամասամբ, բաց են թողնում նաեւ նրանք, ովքեր կարողացել են գնալ ամենահեռուն` բացահայտելով միայն ինքնախաբեության խորությունը նպատակում։
Պետք է գիտակցել, որ այն, ինչը տրված է մեկի ինքնազոհության եւ մյուսի՝ դրա ընդունման վերածելու համար, չպետք է փչացնել փրկչությամբ, կամ գերեզմանին սգալու ապականող սովորությամբ. գիտակցել, որ ինքնարարման մղումը պետք է նախորդի սերն ընդունելու բոլոր պատճառներին, հետո, նաեւ, առաջնորդի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



124/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչպե՞ս չմեղանչել աշխարհում, որտեղ կա կին, եւ ինչպե՞ս չձգտել ինքնարարման, քանի դեռ կինը կա …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



123/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ձեր Աստվածը խնդրում է փոխանցել, որ դադարեք այլանդակել նրա կերպարը՝ նկարագրելով դատավոր, ու այն, որ ինքը չի միջամտում դրա ժխտմանը, ձեր նկարագրությունը բացառող մեկ փաստարկն է։ Ինչպես փոխանցվել էր այլ հաղորդմամբ (Ես սեր եմ, մնացածը ես չեմ (Թեոսոֆիա 1)` նա ընկեր է
փնտրում, եւ ինքն էլ չի լինում այլ բան, քան միայն ընկեր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



122/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մատղաշ ծառին խաչված, փորոտիքը թափված ու աչքերի խոռոչներում ծեղեր
տնկված մողեսների, սեր անելուց բահով կտրատված, կամ կրակում մոխրացած օձերի, պատշգամբից նետվելուն վարժված կատվի, ծեծված ոչխարների եւ խոզերի տառապանքները իրենց դահճի հիշողության մեջ հաղթեցին բոլոր մարդկանց ու մարդկային ամենայն ինչ՝ պատկերելով Բարձրագույն Ես-ի ինքնարարման խառնարանը, դառնալով նրա ուղու եւ/կամ դրա կանխորոշման խորհրդանիշը, նրա ինքնասուզման վերջին անփոփոխ հանգրվանը, իսկ ուրվականը գայլի եւ շան խառնածին զավակի, ում նկատմամբ նրա ընկերությունը եղել է այն եզակին, որում մարդն է մնացել հանցագործ շանը հավատարիմ, փայլատակում է ԲԱՐՁՐՈՒՄ, որտեղ նա կոչվում է ՍԵՐ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



30 мар. 2023 г.

121/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նեռը դրդեց մեղքերի, մեղքերը վերածվեցին սիրո. Աստծո ներմանը ոչինչ չմնաց, հետեւաբար ոչինչ՝ նրանց գոյությունը պայմանավորող։ Նրանց հաշտեցնող փառահեղ սպանությունը, որը կարող է իրագործել միայն Բարձրագույն Ես-ը, եղածներից միակն է, որն արարչի գոյությունը դարձնում է անպայմանական։
Իսկ նվաճելու համար այն, ուր հասնում ես, պետք է, նախ, դուրս գաս նրանից, ինչով փոխադրվել ես. որտեղից էլ մեկնարկում է ի՛նքնարարչության անպայմանականացումը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



120/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ձեր մեղքերը բնութագրում են ձեր արարչին, ըստ այդմ, վստահաբար, նա փոքր է այնքա՜ն, ու ձեր հետ համակեցությունը միայն մեկ իմաստ ունի՝ նպաստել նրա հասունացմանը, ինչի համար՝ ոչ նա, այլ ե՛ս եմ ձեր գոյության սպառնալիքը, կամ, երբեւէ, դուք պաշտելու եք ի՛մ արարչին, ով ինքն է ձգտում իմ տված բնութագրի բարձրին …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



165/անտիպ

Թեկուզ պատահում է` աշխարհն են հրկիզում, բայց հենց միայն նրա համար, որ անպայմանական են, երանելի է հետևել մտքերին` հայտնվող արթմնության ու քնի սահմանագծին։

© Գորշ



164/անտիպ

Անմահությու՞ն: Միայն ո՛չ այս դարում` ո՛չ այս մարդկանց հետ …

© Գորշ



29 мар. 2023 г.

119/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե դուք գոհ եք, որ ծնվել եք, ես չեմ առարկում, իսկ իմ գոհունակության հանգամանքն այն է, որ ձեզանով կարող եմ առարկել ծնունդս …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



118/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ի փառս արարչի, ուրեմն մեղքով, որը լսելուց նա հեշտանք կապրի,
Եթե ի սեր, ուրեմն նրա գործածում՝ իր բացառիկությունը ժխտող …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



163/անտիպ

Որպեսզի պարզ լսվի, հեռավորությունն ունի նշանակություն։ Հապա ի՜նչ աղաղակող ճշմարտություն է, որը լսելու համար կա մահը։ Միթե այն նույն շշունջն է, որը լսելուն խանգարում է անգամ սրտի բաբախը։

© Գորշ



117/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդը դեռ այն կենդանին է, ով զարմանք է ապրում իրենից տարբերվող կենդանիների բանական դրսեւորումներից …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



116/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

- Ի ծնե մեղավո՞ր եմ։
-Խնդիրն ավելի բարձր վերցրու։
- Մեղքի իրավու՞նք ունեմ։
-Բարձր ավելի ...
- Պարտավո՛ր եմ մեղք գործել:
-Այո՛, ուրիշի նախագծում լինելու այլ իմաստ չկա, քան սեփականով առանձնանալու, արարումից` ինքնարարվելու:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


28 мар. 2023 г.

115/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ցավ է ոչ այնքան ստի զոհ լինելու գիտակցումը, այլ՝ որ դրանից հաճույք ես ստացել, ու, առհասարակ, գիտակցումը, որ քեզ երբեք չի վնասել ուրիշ ոչինչ, քան միայն այն, ինչ սիրել ես։ Բայց ավելին, քան մարդն է, բարձրանալու համար՝ հենց ցավին պետք չէ հարաբերվել հերոսաբար (հաղթել կամ արժանապատիվ պարտվել), պետք է այն ապրել՝ որպես միակ ՍԵՐ, որն արարում է ՔԵԶ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



114/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Դաստիարակեք ձեր երեխաներին տգիտությամբ եւ առօրեական տեղեկություններով խցանեք նրանց մտածողությունը, որպեսզի
այն, ինչ անում եմ այսօր, վաղը չսպառնա ձեզ՝ նրանց իմացությամբ, թե ինչքան չեք հասկացել իմաստնության անխղճությունն ու հպարտության չեզոքությունը, հետեւաբար, դրանց մաքրամաքուրն ու ազնիվը, որից դուրս ձեր սերը չի եղել այլ բան, քան միայն եսասիրություն, իսկ այն, ինչ դուք պատկերացնում եք իբրեւ հասարակություն, դրա մաս կազմող ընտանիք եւ բարեկամություն, ես կոչում եմ իրար վրա թքած ունեցողներիդ փոխշահավետ գոյակցություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



27 мар. 2023 г.

113/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ես շտապեցի կոչվել, ապա՝ լինել ՍԵՐ, ու իմ արարումներից ոչ մեկը չհասցրեց հասունանալ՝ որպես անդին տանող հիասթափության ամենան։ Բոլորը նախընտրում են մնալ մարդանման հրեշտակ, որովհետեւ, գուցե, նրանց դեռ վաղ է երեւակված ճշմարտությունը, որ կան ոչ թե աստվածներ արարելու, այլ ինքնարարմամբ նրանց ընկերակցելու համար, կամ, գուցե, ինքս եմ հակված համալրել այդ մենակների շարքը, ովքեր տառապանքի հետ խաղալու զվարճասիրություն ունեն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



162/անտիպ

Տիեզերքը կաշկանդված չէ որևէ մեկի(ս) բարոյականությամբ։

© Գորշ



24 мар. 2023 г.

161/անտիպ

Ինքնասերում.
Արդ, որ ներկա ես, երբ չկա ոչ ոք, քե՛զ բարև,
Է՛լ ավելի քեզ, որ ծնվել ես այս բարևով։

© Գորշ





112/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Խիղճս, որպես ուրվական էլ շարունակեց պայքարել, բայց, միեւնույն է, մեղսավորիս պարտվեց։ Քե՛զ, իմ արարչին սպանելու փոխարեն՝ ինքս ինձ եմ սպանում, որովհետեւ չեմ ծնվել փրկվելու համար՝ ծնվել եմ, որ ինքնարարմամբ բարձրանամ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



111/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչքան էլ ինքնարարմանդ մեկ գործոնն է, այնուամենայնիվ, ինքդ քեզ, որպես հակադրություն, անընդհատ հաղթահարելու փոխարեն՝ մի օր պետք է վերջնականապես տապալես, որ նաեւ համակիրներից ազատվես ու մնաս անպայմանական։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



110/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ձեր խիղճը ցնծում է տեսարանից, երբ տեսնում է թռչող արծվին՝ օձը ճիրաններում, ու ձեր խիղճը փոխվում է անեծքի, երբ օձի խայթոցից արծվի մահն է տեսնում։ Դուք՝ խղճի բարոյականություն կրող միջակներդ, միշտ եղել եք իմաստնությանը պարտված հակակիրներ ու, լինելով հպարտության ճորտը, երբեք չեք հասկացել նրանց խորքային հարգանքը, իսկ հպարտության պարտությունից, որից պետք է բարձրանալ, դուք սկսում եք խեղճանալ՝ քան
կայիք, ավելի այլանդակ դառնալ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



109/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Դավաճանություն երբեք չեմ ների - չապրած խակի ճոռոմաբանություն,
Ինձ դավաճանողին ներել եմ - ապրողի ընկալում,
Ինձ երբեք չեն դավաճանել - կաթուկի իմաստնություն,
Ես ինձ ներել եմ - վերջն անցի (ինքն)արարում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



108/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ընդունելի լիներ պատժի կանխավճարային սկզբունքը, ապա ցանկացած մեկը, ըստ կյանքում կրած զրկանքների, կվաստակեր առնվազն մեկ ծանրագույն մեղքի իրավունք։
Ես իրավունքս կիրացնեի ճիշտ Աստծո պես՝ ինքս մնալով տապանից դուրս …, բայց …, ու քավությունն էլ կեղծ հասկացություն է՝ արդարությունից դուրս գտնվող արդարադատության պայմաններում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



107/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, որ հրեշի հետ ինքնաճանաչողությամբ հրեշտակը կարող է հավատալ սեփական գոյությանը, ապա՝ կայանալ այդպիսին, հասկացել եմ՝ լինելով հրեշ, ու ինձ հայտնի չեն այլ ծագման հրեշտակներ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



23 мар. 2023 г.

106/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

 Փրկիչներին հենց միայն դատարկությունն էլ գրավում է, ու նա կարող է լքելով ստեղծել լավագույնին հանդիպելու տարածություն, բայց երբեք չգայթակղվել աստվածահաճո ինքնազոհությամբ, քանզի Բարձրագույն Ես-ի խիղճը չունի անհատական դրսեւորում՝ եթե գթասրտություն, ապա մեռնելուց ո՛չ մեկին ո՛չ մի բացառություն, ուստի, հագեցած բացառություններում էլ, որտեղ հայտնվում է իբրեւ ինքնարարման խթան, անպայման հեղինակում է մշտնջենական արնահոսում, կամ՝ լավագույն փրկչին գրավող անտարբերություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



105/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որպես միտք՝ տարածականության փոխարեն նախընտրում եմ խորացում. իբրեւ անդունդ հաստատվել հատուկենտ, բայց առանձնահատուկ գիտակցություններում, որ տիեզերական պատահականությամբ ընտրյալները, ընդհանուր շրջանառությունից վթարվելով, փրկվեն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



104/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ ինքնամեկուսացման համեմատ՝ չնչին է ցանկացած հարկադիր մեկուսացում, ազատության համեմատ՝ ցանկացած փրկություն, որովհետեւ առաջինը երկրորդին, երկրորդը առաջինին է ծնում, երբ, որպես երրորդ ՄԵԿ, նրանց հետ սեր եմ անում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


21 мар. 2023 г.

103/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հոգիս հիանում է տեսարանով, որը բացվում է մտքիս բարձունքից՝ դեպի սրտիս անդունդը։ Իրար ստեղծելու շարունակականությամբ՝ կաթիլ արցունքը գլորվում, բայց միշտ գտնվում է նրանց սահմանագծում, մինչեւ մահը կվճռի սրտին պատկանելությունը՝ մտքին թողնելով անպայմանական բարձրությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



102/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երբ ոչ պատիժ է, ոչ՝ պարգեւ, որը պետք է ինքնարարմամբ ընդունել, մարսում է ցինիզմս՝ ինչպես ընթացիկ առօրեականություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



101/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչքա՛ն հարաբերություններ են փչացել՝ դրանց կարգավորմանը կոչված կանոնների պատճառով. ամենից զատ՝ ինչքա՛ն սրտեր են կոտրվել:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



20 мар. 2023 г.

100/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան այս դիմակահանդեսում, որը մարդիկ կոչում են կյանք, նախ անհանգստացնում էր այն, որ չէի գտնում համապատասխան դիմակ, հետո, որ՝ առհասարակ։
Հիմա դա իմ միակ զվարճանքն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



99/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ամեն մենակություն չէ, որ շփման բացակայություն է, ուղղակի կան այնպիսիք, որոնց անձեռնմխելի տարածությունն է մարդկայինից մեծ։ Այլից զատ, կան մենակների համայնքներ, որոնք կոչվում են աստղաբույլ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



98/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Դուք երբեւէ հանդիպե՞լ եք նրան, ով ձեզ շնորհակալություն է հայտնել մեղքի համար, որը ձեզ ներել է, … երբեւէ … նրան, ում ինքնարարման ձգտումը մարդկային սահմանումով աստվածայինից բա՛րձր դուրս է …, ուրեմն, լավագույն դեպքում, ձեզ պատահել է ինքնապահպանման դիմաց մեղադրանքից հրաժարում, կամ, պարզապես, նույնի համար՝ թքած ունենալու նուրբ դրսեւորում, իսկ ինքնազոհությունն, անշուշտ, աստվածայնություն է, բայց միայն որպես վերացարկմա՛մբ ինքնապահպանություն։
Իմ ձգտումը ձեր հանդիպելն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 мар. 2023 г.

97/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բնությունն այրիացել է, իսկ մարդը դեռ արդարանում է՝ նրան անվանելով մայր, երբ կոչված է լինել սիրող այր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



96/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հայելին տրոհեց մարդուն իմաստաբար, բայց մարդն այդպես էլ ինքն իրեն չհանդիպեց՝ երրորդ ՄԵԿին սերելու համար …
Անասունի ամբողջականության խաթարումից առաջացած բառաչոցը թույլ չի տալիս, որ հնչի բարձրագույնի առաջին ճիչը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



95/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ստվերը լույսի մեծագույն արարչությունն է, ու ես ուզում եմ՝ իմն անկախանա ինձնից, որ մեծագույն արարչությունը, միաժամանակ, լինի կատարելություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



94/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Արհեստական լույսի կամապաշտությունը գրավականն է խավարի հաղթության, իսկականը հաղթահարում է այն՝ ժամանակ առ ժամանակ զիջելով նրան։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



93/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քանի դեռ չունի ՆՐԱՆՑ (նույնն է՝ սեփական) սահմաններից դուրս նպատակ, մարդու դիվանագիտությունը տիեզերավարության մեջ չի կարողանում պարզել՝ ՄԱՀԸ ԺԱՄԱՆԱԿԻ դաշնակի՞ցն է, թե՞ հակառակորդը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



92/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ինչպե՞ս ժամանակի հիմարացումից փրկել ներկան». - խորհում են անդինում հանդիպած անցյալն ու ապագան։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



16 мар. 2023 г.

91/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ես կարող էի լինել լավագույնը, եթե չլինեի իսկական։ Այն, որ չեղա նաեւ վատի ամենան, ճրագեց արարվել գորշագույն ջնջոց՝ հարաբերականության։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



90/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մեղքից թորած օրհնությունն աստվածային ճաշակի թմրանյութ է, որի հարգը, նախ, որոշում է հումքի որակը, ու եթե մոլություն, ապա միայն բարձր ճախրանքի եւ նյութազրկող անէացման։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



15 мар. 2023 г.

89/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Օրորոցային, որը չի երգվել.

Որ չվճարես մեղքերիս գինը,
Պետք է հավերժացնեմ քո անմեղ քունը,
Բայց …,
Ու մենակությունից փրկելու անհնարինությունը
Ստիպում է արարվել՝ իբրեւ քո մենությունը.
Հավերժական քնի փոխարեն՝
Ընդունել մշտնջենական արթմնությունը։
Ու այն, ինչ կպատմեն՝ իբրեւ իմ տված օրոր,
Եղել է պարանոցիցդ ետ քաշված ձեռքերի դող։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



88/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ո՛չ էլ մահով, ինչպես հաճախ է լինում,
չեմ ուզում հաղթահարվեն հայտնի դառնալու արգելքները.
ուզում եմ՝ այն ամենը, ինչ բացահայտել եմ ինքնաճանաչողությամբ,
անտես մնա, ինչպես անձս ու անձիցս էլ վերանա՝
հողացած փոշու տակից դուրս բերվի ինքնապեղմամբ ու ինձ պես, ինքնարարմամբ, անհայտ մնա …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




160/անտիպ

Ո՜վ կաս այդտեղ, այնկողմնային.
Արտոնի՛ր սպանել քեզ` ճանաչի՛ր խիղճը,
Արտոնի՛ր ապրեցնել` ճանաչի՛ր հպարտությունը.
Տե՛ս, թե որտեղ են վերջանում սահմանները, որից անդին կարող է արտոնվել ինքնարարումը։

© Գորշ



14 мар. 2023 г.

159/անտիպ

Ինքնադիտում՝ առ անգոյություն.
Ինչքան հեռանում ես հայելուց, այնքան խորն է կլանում քեզ, և դադարում է գոյություն ունենալ, երբ ճակատիդ զգում ես նրա սառնությունը։

© Գորշ



87/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

(Ինքնա)ճանաչողությամբ իմացություն արտահայտողից սեփական փորձի հիմնավորում պահանջողները, առնվազն, պետք է նույն փորձն ունենան, որ կարողանան գնահատել դրա ճշմարտացիությունը, իսկ համընկնումներից դուրս՝ կան փորձեր, որոնք միակն են, մեկանգամյա են ու մեկինն են.
Որպես կանոն՝ ճշմարտության բացարձակը հենց այդպես է երեւակվում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



86/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

- Խորտակվող նավը լքող առնե՞տ,
- Այո, լինել կարող եմ, երբ աղետն ինքս եմ,
ու իմ դավաճանությունը մխիթարանքն է չփրկված նավի անկատարության, փրկվածի ինքնահաղթահարումը՝ օրհնությունը՝ մեղքիս իմաստավորման։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...