Apr 30, 2026

անտիպ - 71/2026

Ինքնարարման դաստիարակությունս թույլ չի տալիս խառնվել ուրիշի հաճույքին։ Երբ մեկն ուզում է տառապել, ես չեմ միջամտում նրա հեշտանքին։ Տառապելը ցանկություն է, մնացածը` առիթ: Ցանկություն են բոլոր ապրումները։ Առհասարակ, ամենը, ինչ պատահում է մարդուն, ու նաև ամենքը, պատահում են նրա գոյաբանական կամք-կրքով ու երբեք ոչինչ չի պատահում դրանից դուրս կամ դրան հակառակ։ 
«Ճանաչիր քեզ» նշանակում է ճանաչիր գոյաբանական կամք-կիրքդ։

© Գորշ



Apr 28, 2026

անտիպ - 70/2026

Ինքնարարմանը նախորդում է երեք լռություն` խոսքի, մտքի, գոյաբանական, երեք մենակացում` ֆիզիկական, զգացմունքային, հոգևոր կամ փիլիսոփայական և երեք վերադարձ` հաղորդման, հայտնության, ինքնասերմանման։

© Գորշ




Apr 27, 2026

անտիպ - 69/2026

Մարդկային եռերգություն
Երեկո է, բոլորը մրցում են իրենց երջանկությամբ։ Գիշեր է, ամենքն առանձնանում են սեփական բարձին լացելու համար։ Առավոտ է, բոլորի դեմքին նույն ամոթխած ժպիտն է՝ երեկոյի հիշողության ու գիշերվա գաղտնիքի։

© Գորշ



Apr 23, 2026

անտիպ - 68/2026

Հանդիսատեսը դատավոր է, որը պատասխանատվություն չի կրում իր որոշումների համար, սակայն այդ որոշումները ստեղծում են բախտորոշ հետևանքներ մշակութային և հանրային կյանքի այլ ոլորտներում, ընդհուպ՝ անհատի ճակատագրում։ Այսպիսով՝ հանդիսատեսը նաև աստված է ու, միաժամանակ, քմահաճ երեխա. նրան դաստիարակող մտրակը միշտ պետք է տաք պահել կամ ապրել նրա ստեղծած դժոխքում։

© Գորշ



Apr 21, 2026

անտիպ - 67/2026

Վերջերս առիթ ունեցա մասնակցելու հոգեհանգստի արարողության. ներկաներից միայն հանգուցյալն էր իսկական։ Հետո առիթ ունեցա մասնակցելու տոնախմբության. հանգուցյալի կարիք կար։ Փորձեցի հակառակ ծայրահեղության մեջ գտնել կորսվածը. քանդեցի առաջին պատահած խանձարուրը` արդեն կեղծված էր։
Հիմա փորձում եմ հասկանալ` երազ էր, ցնորք, թե իրականություն։

© Գորշ



Apr 20, 2026

անտիպ - 66/2026

Մարդու ամենաազնիվ և խորազգա զգայարանը հոտառությունն է։ Կարելի է ասել՝ հոտառությունը ոչ թե մարմնի, այլ հոգու զգայարան է. հինգից հենց նրանով է ճանաչում, ընտրում և ընդունում հոգին ու այնքան անսխալական, որ կարելի է բանաձևել «Քոնը նա է, ով քոնն է հոտով» աքսիոմը։

© Գորշ



անտիպ - 65/2026

Երբ արդար չէ, բարի է կամ չար։ Երբ իսկական չէ, լավ է կամ վատ։ Երբ սեր չէ, ճիշտ է կամ սխալ։ Երբ մարդկային չէ, անմարդկային է կամ վերմարդկային։
Երբ ինքնարար է, ինչպես տիեզերքը, բնությունը, սերը, միշտ անդին է բարուց և չարից, լավ ու վատից, ճիշտ ու սխալից և, ինչպես տիեզերքը, բնությունը, սերը, անմարդկային է ու վերմարդկային։

© Գորշ



անտիպ - 64/2026

Վայրը, որտեղ ստրուկը հպարտ է, կոչվում է հայրենիք։ Որտեղ ստրուկը խեղճ է, կոչվում է գաղութ։ Հայրենիքից ու գաղութից առավել` ստրուկն արտասահմանն է սիրում, քանզի այնտեղ նա կարող է լինել անտարբեր։ Ի վերջո, ստրուկի բոլոր սերերն են «արտասահմանյան»` սերն առ հայրենիք, սերն առ ազատություն, սերն առ ինքը։

© Գորշ



Apr 16, 2026

անտիպ - 63/2026

Ով ինքն իրեն բավականաչափ չունի, ստիպված է ապավինել ուրիշին, հանգամանքին, բախտին՝ վերածվելով խամաճիկի այդ «եռագլուխ տիկնիկավարի» համար։ Այդպիսիք հաճախ են առիթ ունենում վիճակների, երբ անհամբերությամբ սպասում են ժամանակի անցմանը, ինչը համարժեք է ապրելու ժամանակը կրճատելուն։ Այսպիսով՝ իր «ինքն»-ի և «դու»-ի միջև ճանաչողական երկխոսության բացակայությամբ մարդուց կերտվում է ամենօրյա ինքնասպանությամբ գոյատևող հպատակը։ Մարդիկ, մեծամասամբ,  կենդանական աշխարհում ջոկվում են ոչ թե իբրև բանական էակ, այլ իբրև անձնասպան անասուն։

© Գորշ



Apr 14, 2026

անտիպ - 62/2026

Խիղճը կարող է այնքա՜ն անտեղի փրկել, իսկ հպարտությունը՝ նույնքան անտեղի սպանել, հետևաբար այնտեղ, որտեղ ներկա է մարդկային (միջակ) սիրո այս առաքյալներից թեկուզ մեկը, նշանակում է՝ այնտեղ բացակայում է ինքնարար (բացարձակ) սերը։

© Գորշ



Apr 13, 2026

անտիպ - 61/2026

Եթե լինել արբանյակ, ապա միայն Արեգակի. եթե ոչ ինքնարար, ապա միայն ինչպես նիցշեական Զրադաշտ։

© Գորշ 



անտիպ - 60/2026

Ուրիշին տրվելուց մի քիչ խնայող է պետք լինել, սիրո մեջ` մի քիչ եսասեր, որ կողոպտվելուց հետո ինքնացանման հող ու սերմ ունենաս։

© Գորշ 


Apr 10, 2026

անտիպ - 59/2026

Հնարավոր չէ սիրել տկար մարմինը, տկար հոգին, եթե անգամ բանականությունն է առողջ (եթե) ու եթե չշփոթենք սերն ու կարեկցանքը, սերն ու փառամոլությունը։ Առողջությունն ինքնասիրության բնական հիմքն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև երկրների պարագայում, ինչպես, օրինակ` Հայաստանի, որը երբեք չի ունեցել երկիրը սիրող իշխանություն, որովհետև երբեք չի ունեցել առողջ ժողովուրդ։

© Գորշ


Apr 8, 2026

անտիպ - 58/2026

Երբ թվում է ամենադժբախտն ես, նշանակում է՝ այդ պահին ճիշտ երաժշտություն չի հնչում։ Երբ թվում է ամենաերջանիկն ես, այդ պահին ևս ճիշտ երաժշտություն չի հնչում։ Առհասարակ, միշտ թվում է ավելի շատ, քան կա կամ լինում է, բայց այստեղ բանն առաջնահերթ երաժշտության վերմարդկային իսկության մասին է։ Ճիշտ երաժշտության անհայտության պարագայում ճիշտ է լսել դրա անսխալականը, որը կոչվում է ներքին լռություն։

© Գորշ



Apr 6, 2026

անտիպ - 57/2026

Որտեղ տգիտությունը չի ընկալվում որպես ծանր հանցագործություն, ծուլությունը` մեղք, իսկ ինքնաճանաչողությունը` առաքելություն, չի կարող լինել բանականորեն առողջ, ապրելակարգով հոգևոր և գոյությամբ իմաստավոր հասարակություն։ Ըստ այդմ, կարելի է որոշել յուրաքանչյուր հանրույթի հիվանդության տեսակն ու աստիճանը` հաճախ պարզելով, որ ոչ միայն բուժական դաստիարակության, նաև փրկչական անդամահատության համար է ուշ. պետք է հերձել։

© Գորշ


անտիպ - 56/2026

Յուրաքանչյուր պետություն, հասարակություն և ծնող փորձում է երեխայի մեջ սպանել նրա սեփական կյանքը և դնել իրենը, ու երեխաներից քչերին է հաջողվում փրկվել, իսկ ավելի ճիշտ է ասել` հարություն առնել։ Մարդկանց ծնունդը, առավելապես, ոչ թե նորի հայտնություն է, այլ նույնի բազմացում։

© Գորշ


Apr 3, 2026

անտիպ - 55/2026

Ամբոխը սեփական կյանքից դասալիք մարդկանց միավորում է։ Թեպետ սոցիալական հաղորդակցության ակտիվությունը նմանների հատկանիշն է, բայց ամբոխից խուսափողն էլ միշտ չէ, որ ինքնաբավ է, քանզի պատահում են անասուններ, որոնք հոտից անջատ են արածում։

© Գորշ



անտիպ - 54/2026

Ոչ միայն խոսքն ու միտքը, նաև լռությունն է տարբեր լեզուներով։ Լռություն կա երկխոսություն է, բայց կա նաև՝ երկխոսության բացակայություն է։ Կա, որ լռում են իմաստնաբար, կա որ` հիմարաբար։ Լռություն կա բարձրի է, կա, որ ցածրի է ու միջակի։ Ի վերջո, կա լռություն, որում Աստված է, կա, որում սովորական անասուն է։ Ընդհանրապես, լռությունը միջոց ու վիճա՞կ է (գործիքային լռություն) թե՞ նպատակ ու էություն (գոյաբանական լռություն) էականորեն տարբեր բաներ են, բայց այնքա՜ն շփոթած։

© Գորշ



Apr 2, 2026

անտիպ - 53/2026

Նա, ով ուրիշին կոչում է իր կյանքի ուսուցիչ, այդ կերպ հայտարարում է իր աշակերտական (ցածրորակ) պատասխանատվության մասին։ Նա, ով չի առարկում նման կոչմանը, բացահայտում է իրեն՝ որպես ուրիշի աշակերտական միամտության վաշխառու։

© Գորշ



Apr 1, 2026

անտիպ - 52/2026

Ինքնիշխանի մանիֆեստ
Ջնջի՛ր քո մեջ այն ամենը, ինչը սովորույթ է, պատահական է և ժառանգած. եղի՛ր ինքնարար, կամ, գոնե, գերմարդ։

© Գորշ 




անտիպ - 51/2026

Չկա առավել մեծ անձնազոհություն, քան մարդկային բոլոր սերերի զոհաբերումը, և չկա դրա համար առավել բարձր նպատակ, քան ինքնարարմամբ մարդուն հաղթահարելը։

© Գորշ



անտիպ - 50/2026

Ամենքը «նորանում է» այնքան հաճախ, ինչքան հաճախ է առնչվում կյանքի աբսուրդին ու բարձրանում է այնքան բարձր, ինչքան խորն է բացահայտում աբսուրդը։ 

© Գորշ



անտիպ - 49/2026

Հիմարը թշվառ է, երբ, միաժամանակ, տգեղ է։
Միայն գեղեցկության բախտավորությունը ժամանակավոր ու անկայուն է։ 
Իմաստունի համար գեղեցկությունը հավելյալ զարդ է, բայց երբեք երջանկության պայման չէ, իսկ բացակայությունն էլ դժբախտության պատճառ չէ։ Ընդհանրապես, իմաստնության հատկանիշն այն է, որ այն երբեք չի լինում երջանիկ կամ դժբախտ ու միշտ անդին է հիմարության այդ երկու ծայրագույն աստիճաններից։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...