Երբ հասա Խուստուփի գագաթ և նստեցի ժայռին, արևածագի հետ իմ ձախ և աջ կողմերում հայտնվեցին Ինքնարարն ու Զրադաշտը. մեկն իր գայլի ուղեկցությամբ էր, մյուսը՝ իր արծվի և օձի։ Նրանք խաղաղ էին այնպես, ինչպես լինում է մանուկը` մոր կուրծքը շուրթերին. հասկացա, որ Ինքնարարը հասել է իր Բարձրագույն եսին, իսկ Զրադաշտը գտել է իր Գերմարդուն։ Երեքս էլ նայում էինք արևին և, մտովի զրուցելով, լռում, իսկ երբ արդեն պետք է իջնեի, ինձ ուղղված նրանց հայացքում կարեկցանք տեսա իմ խռովքին, որ ստիպված եմ մարդ լինել, բայց նաև իմացություն, որ դե՜ռ։
Գորշ, 02 օգոստոս 2026թ.
«ԵՍ ԵՄ»
Վասն ինքնարարման
Խոհափիլիսոփայական մտքերի
անտիպ ժողովածու
«Գրիչդ բաց չթողնես».
սա՛ էր մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ հորս վերջին պատգամը, որի շնորհիվ էլ
կա այս ժողովածուն ու կամ ես և, գուցե, դեռ ...
Նվիրվում է նրա
հիշատակին
1.
Երբ անգամ հողն ունի դինամիկա ու չկան անփոփոխելի սահմաններ,
Մեկն իր հույսն է դարձրել տապանաքար, մեկը՝ հուսահատությունը,
Մեկն իր հավատը, մեկը՝ անհավատությունը,
Մեկն իր իմացությունը, մեկը՝ իմանալու անկարողությունը,
…
Իսկ գերեզմանատան դարպասին գրված է «Այստեղ հանգչում է բանականությունը»։
2.
Չի
կարող ջրայինն ազատ լինել օդում, կամ ցամաքում, օդայինը և/կամ ցամաքայինը՝ ջրում, երկկենցաղն
էլ՝ համադրությունից դուրս… . նշանակում է՝ յուրաքանչյուր գոյակ ազատության իր առավելագույնին կարող է հասնել
միայն իր բնական պարագայում։ Սա
այն մասին, թե ինչ է նշանակում հավասարությունը բնականորեն և գիտակցականորեն տարբերվող
մարդկանց միջև, ու ինչին է այն միտված իրականում։ Բայց,
թերևս, ճշմարտությունն այնքան
պարզ է, որ սա չարժե անգամ վերնագրել «Հավասարության հակառակ կողմը», այլ, պարզապես, «Ստրկության արտացոլանք», որը երևակվում է հավասարություն միայն
այն բանի համար, որ նրանում յուրաքանչյուրը տեսնում է իրեն։
3.
Հավասարություն քարոզելով` որպես հավասարվելու աստիճան երբեք
չեն ընտրում ամենաուժեղը, բարձրը, իմաստունը …, ըստ այդմ պարզ է, թե հավասարությունն
ինչին է միտված ու թե ինչու է հավասարության մասին ամենաբարձրը գոռում տկարը, ցածրը,
վախկոտը:
4.
Հույզերում, զգացմունքներում, կրքերում
անկեղծությու՞ն:
Զրո նշանակություն, երբ չկա գիտակցական ինքնուրույնություն, միայն ավելորդ աղմուկ:
5.
Դարը հարմար է նրանով, որ ցանկացած հիմարություն կարող է ունենալ
հետևորդություն, ու անհարմար նրանով, որ միայնակի
հանդիպելն էլ իմաստնություն գտնելու երաշխիք չէ, քանզի նա էլ, հաճախ, նույն, բայց ամոթխա՛ծ հիմարն է։
Դարը հարմար է դարանակալելու և, որպես «վարակ», դուրս հորդելու համար:
6.
Եթե (դեռ) ունակ չենք աստվածներին ժխտող ինքնարարմամբ, ապա,
գոնե, իմանալ է պետք, որ օտար հողում ծնված աստվածները կարող են լինել իմացության
աղբյուր, անգամ ընկեր,
բայց առաջնորդման մեջ նրանք ոչ միայն անպիտան
են, այլ պոտենցիալ դավաճան՝ պատմական ինչ-որ հանգրվանում անպայման
դրսևորվող։
Ու ինչպիսի՜ միամտություն, թե պիտի կարծենք, որ աստվածները չունեն երկրային ծնունդ և հայրենական պատկանելիություն։
7.
Եթե յուրաքանչյուր կենդանի հնարավորություն ունենար պատկերել
իր աստծուն, ապա երկրայինից զատ ու ճիշտ դրա նմանությամբ կլիներ նաև երկնային գազանանոց, որի մուտքին, սակայն, տոմսավաճառն էլի մարդը կլիներ ։
8.
Ուրիշին
պետք է նայել երեք զտիչների միջով` ինչ կուզեր լինել, ինչ է ուզում լինել և ինչպես
է ուզում, որ տեսնեն իրեն։ Այն, ինչ մնում է այդուհետ, մոտ է նրա իսկությանը։ Ճանաչողական
այս հնարքը ես կոչում եմ «հիասթափության աչք»։
9.
Մեկ մարդը կարող է իր մեջ ամփոփել և կրել մարդկության ամբողջ ողբերգությունը, իսկ մարդկությունը չի կարող կրել մեկ մարդու անգամ սովորական մի տխրություն։ Սա այն մասին, թե ինչքան անբովանդակ հասկացություն է մարդկությունը ու ինչքան իմաստազուրկ է նրան դարձնելը ինքնախոսության առարկա, երկխոսության` կողմ։
10.
Հույսը ծնվում է իմացության բացից և մահանում է իմացությամբ։
Հույս փնտրում են, երբ չգիտեն, անկարող են իմանալ, ծուլանում
են, կամ պարզապես չեն ուզում։
Հույսը չի մահանում վերջում, այն հենց մահվան ազդարար է, երբ
միակ ապավենն է։
Ամենն իմանալու անհնարինության հանգամանքում ավելի արդյունավետ է հույսը փոխարինել չգիտեմ-ով, հույսի համեմատ` չգիտեմ-ը միշտ ավելի մոտ է ճշմարտությանը։
11.
Անատամի ներքին խաղաղության ձգտումը, այդ ձգտման մեջ ընդունած անհասկանալի կեցվածքն ու դեմքի արտահայտությունն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ դրան հետևորդ և/կամ գաղափարակիր է դառնում ոսկոր աղալու ատամներ ունեցողը, ով դեռ բավականաչափ չի էլ հալածվել կյանքի կողմից, հասկանում ես, որ մի օր բանական գոյակը պետք է բաժանվի մարդու և ինքնարարի, ու վերջինս պետք է մարդուն իշխի ինչպես անասունի։
12.
Այլից զատ, ինքնարարներն իրենց մեջ պետք է կրեն մարդ բանականի «ցեղասպանության» երազանքը և օրերից մի օր պետք է իրագործեն այն։ Իսկ մինչ այդ, նաև իբրև մեծ գործին պատրաստվելու վարժանք, առանձնաբար «սպանելու» նախասիրությամբ պետք է զբաղվեն բավականության մեծագույն զգացումով։
13.
Բարոյականն ուզում է ամենուր տեսնել առաքինի մարդկանց, բայց չի էլ հրաժարվում արդյունքից, որը կարող է ստանալ միայն անառակը, ու սա կոչվում է՝ բարոյականի անբարոյականություն։
14.
Մտքերի
ընկալման գործում ամբոխն անատամ պառավ է, նրան պետք են դյուրամարս և հեշտ ծամվող
դատողություններ։ Նրա համար
միանշանակ է կարծր ամեն բան, քանզի նա ատամ չունի՝ հասկանալու համար, որ որոշները, պարզապես,
պտղապատյանով են։ Նա նաև բկլիկ է ու քաղցրակեր՝ բերանն
առնում է ամեն բան,
ինչն արտաքնապես ախորժալի է ու քաղցր, ինչն օգտագործելով էլ նրան հաճախ թունավորում են, երբ առանց կոտրելու կուլ է տալիս քաղցրը, իսկ միջուկը պարզվում
է՝ թույն է։
Ուրեմն, քանի որ միայն կարծրությունը չի երաշխավորում պառավի բերանում հայտնվելուց խուսափելը, որից հետո նա լմլմացնելով և թքելով, կամ աղիներով անմարս շրջանառելով փչացնում է ամեն բարձր բան, անհատականություններին ուղղված դատողությունը ոչ միայն և ոչ այնքան կարծր պտղապատյանով պետք է պատվի, այլ՝ փշերով ու դառը համով։ Էլ ավելի լավ, երբ նույնն արվի բարոյականությանն անընդունելի, քանզի ինչպես պարզվում է բարոյականությունը պառավ է, ամբոխինն էլ պառաված կույսի է:
15.
Երբ հասարակությունն անհատականության գերեզմանոց է, միամտություն է կարծել, որ այն երբևէ կարող է վերածվել բարեբեր հողի, եթե նրանում բավականաչափ
առանձնյակներ թաղվեն։ Մարդկանց ձգտումներն այստեղ այլ բան չեն, քան տապանաքարերի մրցատենդ` ըստ նկատելիության, շքեղության,
երկարակեցության, որոնց միջով անվերջ շրջում է մարդկային երազանքի
մի ուրվական. ձեռք բերել անմահություն գերեզմանոցում։
Նրանք, ովքեր երբևէ տարվել են հասարակությունն անհատականությունների պարտեզի վերածելու մտքով, ի վերջո հանգել են այն իսպառ ոչնչացնելու ցանկության, եթե չեն մոլորվել` իբրև հումուս ինքնազոհաբերվելու կեղծ բարոյապաշտությամբ։
16.
Ով չափազանց երկար է արժանանում ամբոխի հավանությանը, ի վերջո, դադարում է ջոկվել անասունից։
17.
Դեռ ոչ մի գիտակցություն չի հաջողացրել ճողոպրել բարոյականությունից։ Ինչքա՜ն բճեր են ծնվում արվեստում, որոնք շատերին սիրելի են դառնում միայն այն բանի համար, որ դրանցում արտահայտվում է յուրաքանչյուրի կուսազրկումից մինչև փչացում հուզական ողջ կենսափորձը:
18.
Բավական է ներշնչել մարդուն իր վեհ լինելը, երբ տակավին միջակ է առօրյա իրականության մեջ ու նա երբեք չի ազատվի անհանգստությունից, որը նրան օր օրի դարձնում է ավելի տականք, քան կար` իբրև իր ստրկության մեջ բարոյական արարած։
19.
Առաջին սեքսը սկիզբն է կնոջ ազատականացման, տղամարդու` կախվածության։ Նրանց հետագա հանդիպումները բուռն են այնքան, ինչքան մեծ է մեկի ինքնաբավությունը, մյուսի՝ վրիժառությունը։
20.
Անմեղությունն ու քավությունը քարոզվում է միայն այն բանի համար,
որ մարդիկ չհասկանան մեղքի (ինքն)արարչությունը ու մնան փրկիչներին գերի։
Բանականին պետք է խրախուսվեր իմաստավորումը, փրկչության մերժումը։
21.
Սպանի՛ր ներսիդ փրկչին` հարգի՛ր ոչխար ուտելու գայլի առաքելությունը:
22.
«Մեզ ոչինչ չի՛ փրկի». կյանքին տրվելու ինչքա՜ն գայթակղություն կա այս կարճ արտահայտության մեջ, ու, միաժամանակ, (ինքնա)հաղթահարման ինչպիսի խթան։
23.
«Փրկե՛մ քեզ»-ը և «Փրկի՛ր ինձ»-ը առողջ բանականության համար հնչում են իբրև հայհոյանք։
24.
Ընդհանրապես, լռությունը հակառակորդի համար ավելի մեծ անհանգստություն է, քան վրեժ լուծելու մասին գոռալը։ Իսկ «գրական ողբաբառաչանքը», որով իբրև ցավ են ապրում, նախ գրավում է գիշատչի ուշադրությունը, ապա` փրկչի, բայց նրանցից որն էլ առաջինը հասնի, վերջը նույնն է։ Վիրավո՞ր ես` լեզուդ արնաշաղախ արա:
25.
«Ճիշտ դուրս գալու» գայթակղությունն այնքան մեծ է, որ անգամ նա, ով կանխատեսում է աշխարհի վերջը, սակայն աշխարհը դեռ շարունակում է գոյություն ունենալ, հիասթափությունից առավել ոչ մի այլ զգացում չի ունենում։ Ուստի, այն պահից սկսած, երբ ուրիշ մեկը կանխատեսությամբ փորձում է փրկել փորձանքից, ձեռք ես բերում զգուշանալու ևս մեկ առիթ՝ հենց փրկողից։
26.
Ի վերջո, «Կյանքը բեմ է, մարդիկ` դերասան» վերնագրով ապրողի կյանքը համառոտագրվում է «Կյանքը կրկես է, մարդիկ` կապիկ» ամփոփագրով։
27.
Ինչպես մսակերի քիմքին գառը, գոճին, ճուտը, …, կրոնի երախին` մանկան հոգին։
28.
Հանիբալիզմ. երբ կրոնականը ոչխար է ուտում։
29.
Օ՜, քահանա՛, եթե միայն աստծուդ հավատայիր այնքան, ինչքան ուզում ես, որ քեզ հավատան, պապանձվելուդ պիտի արձագանքեի` Ա՜ՄԵ՜Ն։
30.
Անցյալամույն
գիտակցությունը չի կարող լինել նախաձեռնող, հետևաբար և արարող։ Անգամ նրա ակնկալիքները,
ժամանակի մեջ, ավելին չեն լինում, քան միանգամիցն է, որի պատճառով՝ նա ուղիղ կախվածության մեջ է հանգամանքներից,
որոնցում չկա իր կամքը։ Արդյունքում, այն, ինչ կարողանում է ապրել ներկայում,
առավելապես հիասթափությունն է, ինչն էլ ավելի է խորացնում նրա շարժումն անցյալ,
որտեղ նա բավարարման մոլուցքով փորձում է գտնել նոր մխիթարանք կամ ուրախություն,
քանզի նրա բոլոր բացատրություններն անցյալում են, անգամ նրա զայրույթն
է անցյալում, վերջապես՝ նրա ամբողջ գոյությունը։
Բայց հիշողությամբ սահմանափակված անցյալը նրան մի օր զրկում է նաև այդ ինքնախաբեությունից
և ստիպում հայտնվել խելացնոր կրկնության մեջ՝ իսպառ ոչնչացնելով դատողունակությունը, ընդհուպ երևակայությունը։
Ի վերջո, անցյալամույն գիտակցությունը անցյալում էլ մահանում է` ներկայում մնալով ամենայն բանականը փչացնող ժանտախտ։
31.
Հանրային կրթությունը (նախադպրոցականից մինչև բարձրագույն, ներառյալ դրանց
բոլոր տարա(ենթա)տեսակները) հպատակի կրթություն է։ Դրանով անձը կարող է ձևավորել
և/կամ բարձրացնել իր սոցիալական դիրքը, այլ կերպ` հպատակի
իր աստիճանակարգը, ընդհուպ հասնել հանրային ղեկավարման բարձրագույն աստիճանին, բայց չի կարող դադարել կոչվել
հպատակ։
Այն, ինչը համարվում է արարչական կրթություն (տիրական, աստվածային),
կարող է լինել բացառապես ինքնակրթությամբ, բնատուր շնորհով, կամ այնպիսի կրթությամբ, որը փակ է հանրության համար և տրվում է հատուկ առանձնյակներին։
Հպատակի կրթությունը հրաշալի բնութագրվում է «Սովորի՛ր, որ մարդ դառնաս» հայտնի պատգամով ու հենց դրանով էլ ավարտվում է, իսկ արարչական կրթությունն ունի մեկ նպատակ` ձգտել ավելիին, քան մարդն է, որի համար և առաջնորդվում է արարչական մեկ պատգամով` ճանաչի՛ր։
32.
Արի ու տես, որ հենց անտարբերությունն է այն հումքը, որը մարդու մեջ պետք է մշակել
դաստիարակության այնպիսի աստիճանի, որ սոցիալական հաղորդակցության մեջ նվազագույնի
հասցվի միմյանց անձնական տիրույթի անձեռնմխելիության խախտումը ու, նաև, վիրավորանքն ու անարգանքը, ամփոփ՝ լինի տարածությունը` պայմանականորեն կոչվող հարգանք։
Միթե այն բարոյականը, որի շուրթերից սերը հնչում է իբրև հանրային համակեցության մաղթանք, կամ պահանջ, պատկերացնում է գարշելի տեսարանը, երբ հանկարծ բոլորը սիրում են իրար. մաքուրն ու փնթին, գիտակն ու տգետը, վերջապես մարդն ու անասունը, և այդ «հակահիգիենիկ» միջակության մեջ տեսնու՞մ է արդյոք իր երեսպաշտ դերը և ի՞նչ է կոչվում այն` միթե՞ աստված, թե, այնուամենայնիվ, նա իր տգիտության մեջ հավատավոր է այնքան, ինչքան հեռու է սիրո ընկալումից՝ իբրև բարձր բանականություն։
33.
Ի վերջո, կնոջ մեջ հաղթանակում է մայրը, եթե անգամ նա չի մայրանում։
34.
Մեռցրու՛ խղճահարությունդ` հարգի՛ր մերձավորիդ ինքնը, բայց, նաև, հպարտությունդ մեռցրու, որ ուրիշինը չանարգի քոնը։
35.
Ինչքան շատ է խոսում լռությունը, այնքան բառը կորցնում է իր արարչական նշանակությունը։ Ի վերջո, երբ խոսում է լռության բացարձակը, բառը բացահայտում է իր կիսատող, փչացնող, անբանական էությունը։
36.
Լռությունը մշտապես բացում է հասկանալու նոր հորիզոններ:
37.
Երբ հանրայնացնում են բոլոր հույզերը, որոնք ընդհանուր առմամբ ոչ մեկին պետք չեն, անկախ դրանց ինչպիսին լինելուց և իրական մտադրությունից` դրանք վերածվում են սոցիալ-գիտակցական միջավայրը աղտոտող աղբի, որից, հակառակ ազդեցությամբ, սնվում է նաև հանրայնացնողը։ Բարոյականության այն խոլերան, որի վարակակիրն ու տարածողն են, արդյունքն է նրա, որ մարդիկ չունեն մտքերի և հույզերի ինքնավարության բանական մաքրասիրություն։ Իսկ եթե մեկին թվում է, որ դուրս նետելն ապահովում է ներսի մաքրությունը, ապա դա միայն այն բանի համար, որ արդեն գերազանցել է մարդուն` իբրև խոզ։
38.
Գիտեմ՝ կա հաղորդակցության աստիճան, որտեղ բառը խավարամտության և մարդայնացման հատկանիշ է։
39.
Լռում են այն որոշումների մասին, որոնցում անվերապահ են, աներկբա։
40.
Ե՛ս
էլ ունեմ համաշխարհային անարխիայի պատկերացում, որը ծագում է բոլորի բացարձակ անկեղծացման
հետևանքով, ինչից համատարած գոյանում են արյան
և արտասուքի գետեր, ողբի և անզուսպ ծիծաղի
միախառնությամբ խլացնող աղմուկ, ցավի և խնդության հեշտանք …
Հետո ամեն ինչ ավարտվում է մարդուն արթնացնող խո՜րը լռությամբ։
41.
Պե՞տք է արդյոք միջամտել հովվի գործերին։ Ոչ, երբ այդ կերպ իմանում ենք որտեղ շրջանցել աղմուկն ու գարշահոտը։ Իսկ երբ հոտը քշվում է անդունդը, առավել ևս՝ պետք է խրախուսել այն։
42.
Երեխային փաղաքշելիս ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա, գուցե, ապագա հրեշ է. ահա՛ այդտեղ էլ սիրում է զվարճանալ նեռը:
43.
Հենց կուտը կերար ու քեզ երևակայեցիր ինչ-որ մեկին ուսուցիչ, այդ պահից ևեթ մեկնարկում է բթացումդ։
44.
Ինքնատիպությունդ գրգռում է ամբոխի ախորժակը ոչ այն բանի համար, որ համեղ ես, այլ, որովհետև, որպես անսովոր բան, շարժում ես իմանալու նրա հետաքրքրասիրությունը, իսկ նա իմանալու միայն մեկ ձև ունի` խժռել։ Բայց գազանը նաև զգուշավորություն ունի` մոտենում է գլուխը կախ, պոչը խաղացնելով, ու եթե միամտաբար տարվում ես նրան շոյելու, առավել ևս նրան վարժեցնելու հպարտությամբ (թեկուզ սիրով), անխուսափելիորեն հայտնվում ես նրա երախում։ Այդուհետ վերածվում ես նրա ճաշակի կամակատարի, կամ ընդդիմանում ես ու հոշոտվում։
45.
Մարդակեր(տ)պ որևէ աստված չի հաջողացրել փրկվել մարդուց, իսկ արարչությունները, որոնք նա համարում է իր կամքից դուրս (վեր), անպայման փորձում է մեռցնել՝ ըստ առեղծվածի ընկալման իր գերադրական ու մեկ աստիճանի՝ սեփական մահկանացության։ Նա այդ կերպ, ու հենց միայն դրա համար, մեռցնում է նաև սերը, ու սիրում է ամենայն մահավորը։
46.
Հույսն
առաջին տեղում՝ անհուսության վկայություն է, անհուսությունը՝ անկարողության, անկարողությունը՝ չիմացության, իսկ չիմացությամբ հանգամանքին
տրվելը հիմարություն է, արկածախնդրություն, խաղամոլություն …, բոլոր դեպքերում այն է, ինչում կամքը
ստորադաս է հանգամանքին։
Հանգամանքին տրվելը իմաստնություն է միայն, երբ արվում է իմացությամբ։
Միայն այդ դեպքում է կամքը մնում կենսունակ, լինում ունակ հաղորդակցվելու և հարաբերվելու
հանգամանքին՝ ըստ նպատակի, ընդհուպ ուղղորդելու այն դեպի նպատակը, հետևաբար,
երբ առաջնորդում է իմաստնությունը, հույսը մնում է վերջին տեղում՝
իբրև վերջին փամփուշտ, հիմնականում պահվող արժանապատիվ ինքնասպանության համար։
Բայց
տես, որ հենց հանրային գործերում, որտեղ անկարելի է կամքը ստորադասել հանգամանքին,
ավելի շատ է հնչում և առաջին տեղ բերվում հույսը՝ անվանվելով հայրենասիրություն։
Ճակատամարտ՝ գուցե, բայց պատերազմում հաղթել այն սկսելով վերջին փամփուշտի՞ց …, սա՛ էլ, գուցե, բայց դեռ երբեք չի եղել։
47.
Ազատ մարդ չկա՛, կա ազատ գոյակ, ով մարդ էր:
48.
Չգիտեմ՝ ինչ է ակնկալում բոլորին դիմելով միտք արտահայտող, կամ դատողություններ անող «մտահույզը», բայց ընդհանուր տեսարանում նա պատկերվում է հիմար։
49.
Չի ստացվում բոլորի կյանքի հավասարումը լուծող մեկ բանաձև, որովհետև յուրաքանչյուրն իր կյանքի բացառիկ անհայտ մեծությունն է, որը չի կարող որոշվել ուրիշի (ինքնա)ճանաչողությամբ, բայց … ու շարունակվում են լցվել դասարաններ ու խմբակներ, որտեղ իմաստակն ուրիշներին վաճառում է իր (ինքնա)խաբեությունը։
50.
Վերջին ինքնախոսություն` ինքնարարը մարդ բանականին.
Դու տեսնում ես ինձ բարձրում ու չես սխալվում դատողության մեջ, որ անհոգ եմ, բայց դու չես տեսել բարձրացումս ու սխալվում ես դատողության մեջ, որ անհոգի եմ։ Դու չես սխալվում նաև, որ քեզ ուղղված հայացքս արհամարհանք ունի, որով, իբրև ամոթալի անցյալիս մարմնավորում, քեզ ընդմիշտ բաց եմ թողնում։
51.
Այնուամենայնիվ, թեկուզ, կամ հենց միայն երաժշտություն ունենալու համար` անասունների մեջ մարդը սիրելի է ինձ, ու ինքս ինձ էլ, երբ երաժշտությամբ զգում եմ, որ այլ եմ, քան համոզում է բնությունը, ու ավելին, քան փորձում է դարձնել բարոյականությունը։
52.
Ինքնասուզում.
Լինել
այնտեղ, որտեղ շատերը չեն լինում,
հետո
այնտեղ, որտեղ ոչ ոք չկա,
հետո՝
ոչ ոք դեռ չի եղել,
ի
վերջո այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող լինել.
իմանալ,
որ այլ ես, քան քեզ դարձրել են,
ավելին ես, քան մարդն է:
53.
- Բարև՛, նյութական աշխարհ։
- Բարև՛, հումուս։
- Բարև՛, հոգևոր աշխարհ։
- Բարև՛, ուրվական։
- Բարև՛, ես։
- Հազա՜ր բարի, ոչնչություն։
54.
Բարև՛, Սե՛ր, ի՞նչ ես անում այդքան եռանդուն։
Բարև՛, ինքնարա՛ր, գերեզման եմ փորում։
Ինչու՞ այս տափաստանում։
Սա սովորական տափաստան չէ, այն ինքս եմ ստեղծել` հպարտության ժայռը շրջելով խղճի
անդունդը։
Իսկ ու՞մ, կամ ինչի՞ համար է այդքան խորը գերեզմանափոսը։
Այն բոլորի և ամենի, ում և ինչին երբևէ պատկանել եմ։
Այսուհետ ինքդ ինչպե՞ս ես ապրելու։
Մոտեցիր, բահս վերցրու …
55.
Ո՜վ կաս այդտեղ, այնկողմնային
Արտոնի՛ր սպանել քեզ` ճանաչի՛ր խիղճը,
Արտոնի՛ր ապրեցնել` ճանաչի՛ր
հպարտությունը.
Տե՛ս, թե որտեղ են վերջանում սահմանները, որից անդին կարող է արտոնվել ինքնարարումը։
56.
Ինքնասերում.
Արդ, որ ներկա ես, երբ չկա ոչ ոք, քե՛զ բարև,
Է՛լ ավելի քեզ, որ ծնվել ես այս բարևով։
57.
Դարերի խորքից` անցյալի և ապագայի,
Բացասում են իրար հայացքները` մարդու և ինքնարարի,
Ապա ո՞վ եմ ես հիմա, եթե ոչ ՈՉԻՆՉ:
58.
Ինքնասուզման տաղ
Տար ինձ հեռուները մտքի, ուր չի հասել բառը։
Ցույց տուր էությունը
գոյակի` անտես մարդուս հայացքին։
Օգնի՛ր ինքնահերքմամբ ճանաչել քեզ, Բարձրագույն Ես։
59.
Կտակը միջոց է հաղթահարելու գոյության իմաստը չգտնելու վախը,
ուրիշ ոչինչ։ Այն, ինչն ավագը փոխանցում է կրտսերին` կիսատ գործը շարունակելու խրատով,
ընդամենը մահին հանձնվածի կողմից կյանքից կառչելու անհույս փորձ է։
Սեփական սահմանման մեջ խճճված գոյակը փորձում է դուրս գալ իր ժամանակի սահմաններից` չընկալելով, որ ինքնարարումից զատ չկա այլ իմաստ, հետևաբար չի կարող լինել նպատակի ժառանգություն։ Վերջապես, հենց միայն ինքնարարումը կարող է անհատական ձգտումից վերաճել համընդհանուրի և, իբրև այդպիսին, համարվել տեսակի գոյության ու, առհասարակ, նպատակ։
60.
Եվ թող բանե՛ն հիմարները, քանզի նրանց խոստացված է ամենասիրունը։ Իսկ դու, ինչպես ցանկացած արարիչ, պատվո՛վ կրիր այլանդակի պիտակը, և, որպես ինքնարար, եղի՛ր ամենաայլանդակը։
61.
Թե չընկալես զգացմունքի այն հաճախականությամբ, որով հաղորդվել
է, ինչպե՞ս իմանաս մտքիս ամբողջականությունը, երբեմն դրանում առկա չարությունս ու չարությանս
ողջ բարությունը։
Ու ինչպե՛ս ընկալես անհույզ մտքիս տիեզերականությունը:
62.
Ճշմարտությունը հատկություն ունի անցնելու անհամեմատ նեղ
բացակներով, քան կարող է փակել գիտակցությունը, դրա համար էլ, անկախ ապահովության աստիճանից,
որին անվերջ ձգտում են մարդիկ, նրանց հայացքում ընդհանուր է տագնապը, որ ահա՛, ամեն
ինչ ցանկացած հաջորդող պահին կարող է փլվել։ Անգամ նա, ով հայտնվում է փլատակների տակ,
շտապում է այն վերածել ամրոցի։
Անխռով նստած է ՄԵԿը փլատակների վրա, ու այն, ինչը կարող էր նրան նմանեցնել մարդուն, թաղել է փլատակներում։
63.
Նա, ով հրաժարվում է բարու և չարի միջև միջակություն լինելուց, ձեռք է բերում անպայմանական ճշմարտություններ բացահայտելու երանություն, միաժամանակ, ինքն իրեն վտանգում է բախման ամոթի հետ, որ դեռ ստիպված է կոչվել մարդ։
64.
Ճշմարտությունը պատկերում են սուր ու վահան, այնինչ այն ավելի շատ նման է բույսի,
որը կարող է ճեղքել քարը, բայց կոտրվել
երկու ստի թեթև սեղմումից։ Իսկ արդարությանը, առհասարակ, արժե շնորհել «խեղճերի
աստված» տիտղոսը` ճիշտ այն
մեկ խաչվածի պես, ու ճիշտ նրա պես ուղարկել անբանության։
Ուրեմն, եթե ճշմարտությունն իբրև սուր ու վահան, ապա միայն ինքնաճանաչողության` ինքնաքանդման և ինքնախաբեությունից պաշտպանության։
65.
Երբ միտքը ձևակերպվում է որպես դառը ճշմարտություն, բացի այն, որ հասկանում եմ այն արտահայտողի ինքնուրույնության բացակայությունն արտահայտվող մտքում, նաև հասկանում եմ, որ նա չունի միտքն ընկալելու «համի» զգացում, քանզի ճշմարտությունը կա մաքուր օդ և կա մաքուր ջուր, ու անկախ նրանից, թե ով ինչ է ցույց տալիս ու անկախ յուրաքանչյուրի (ինքնա)խաբեության չափից, բանականությունն ապրում է ճշմարտությամբ և մեռնում՝ դրա պակասից։
66.
Սեր առ ճշմարտությու՞ն:
Օ՜ բարոյականության խեղճ քած, իսկ արդյո՞ք երեխայիդ չես սիրում միայն այն բանի համար, որ երեխադ է ու հենց դրանով էլ կաշկանդված է ճանաչողությունդ։
67.
Հիերարխիայի այլընտրանքն անարխիան է։ Մարդը սրա այլընտրանքը չի գտել, ուստի անգամ հանցավորը նախընտրելի է հիերարխիայի իսպառ բացակայությունից, որպեսզի մարդը, գոնե, պահպանի հավասարությունը իր և անասունի միջև ու չլինի ավելի անասուն, քան անասունն է:
68.
Առավելապես, մարդը սոցիալական էակ է, երբ բնազդները բավարարված են, բնազդային քաղցում` նա անասուն է։ Քաղցից բավարարում միջակայքում
մարդը սովորութային կենդանի է։ Թե որքան հարափոփոխ են քաղցն ու բավարարումը ու թե ինչ հաճախականությամբ, դրանով էլ որոշվում է գիտակցության վրա ազդեցության
հիմնական հանգամանքը և գտնվելու միջակայքը։
Ըստ այդմ, մարդ բանականը սովորութային (միջակ) արարած է, քանի դեռ չի (ինքնա)սահմանվել մարդ ինքնարար, ապա` ինքնարար։
69.
Դժբախտություն կա միայն այն բանի համար, որ կա երջանկության գոյության պատրանք։
70.
Ի հակադրություն համընդհանուր ընկալման` հենց մաքրամաքուր էությամբ էակը կարող է ունենալ աշխարհը պայթեցնելու կամք, հետևաբար մարդու դանդաղամահությանը դեռ երկար ժամանակ ոչինչ չի սպառնալու։
71.
Որովհետև չի կարող վերադառնալ կենդանական բնականությանը ու դեռ չի ընկալում վերմարդկային բանականությունը։ Մարդու այս միջակ գոյությունը մարդկային ու չափազանց մարդկային է, միջակությունը նույն մարդկայնությունն է։
72.
«Բանականությունդ մոռացա՜ր». ինքնարարը ձայնեց մարդ բանականի ետևից, երբ վերջինս փորձեց նրա կյանք ներխուժել ինչպես ինքնավստահ հոգեբան, ապա ստիպված եղավ փախչել ինչպես հավատքը կորցրած քահանա։
73.
Ծառն անտառում նյութափոխանակային արժեք է, տափաստանում՝ հոգևոր։ Ահա՛ այն, ինչ պետք է հասկանալ կեցություն-գիտակցություն հարաբերակցության մասին։ Ուրեմն նա, ով ունակ չէ իր մեջ ստեղծել ու կրել սեփական տափաստանը, հնարավորություն չունի ամբոխի մեջ մնալ բանական։
74.
Գիտակցությունը, ի վերջո, գահավիժում է բարձունքից, ուր նրան հասցնում է հարաբերականությունը:
75.
Քան հիասթափությունների հատիկներից թազբեհ քաշելը, ոչինչ առավել չի խաղաղեցնում, ու, միաժամանակ, ոչինչ այդչափ չի պարզեցնում իրականության ընկալումը։
76.
Կրոնին տրվելուց, հոգեբանին դիմելուց, կամ կուսակցական դառնալուց առավել ազնիվ է բռնաբարվելու դասակա՛ն ձևը, բայց բարոյականությունն այստեղ քաղաքական վերապահում ունի։
77.
Նրանք գնում են եկեղեցի, դիմում են հոգեբանի, …, ի վերջո, նաև ընտրում են ինքնասպանության ուղիղ ձևը։ Այն, ինչի համար նրանք անում են դա, մենք ձեռք ենք բերում ինքնաներմամբ, իսկ ինչն էլ չենք կարողանում ներել, օգտագործում ենք իբրև գիտակցությունը ճեղքող հաբ։
78.
Այնուամենայնիվ, աստվածացնելուց առավել` կինը փաղաքշվում է, երբ նրան կոչում ես նեռ:
79.
Ճանաչելու համար, թե ինչ կրքով են սեր անում նեռն ու աստված, բավական է հանդիպել նրան, ով կարող է մարմնավորել մենակությունդ։ Ու ոչ միայն ճանաչելու համար, նաև նրանց ստեղծելու:
80.
Գաղափարի գոյությունն ամենօրյա հիշատակմամբ պահելը նման է նույն մեռելին ամեն օր թաղելով հիշատակ պահելուն։ Քիչ դեպքերում է դա արվում այն բանի համար, որովհետև հիշատակողը հիվանդ է ինքնախաբեությամբ ու այն նրա մոտ բարդացել է մինչև աստվածացման աստիճանի։ Որպես կանոն` դա արվում է մարդկային խիղճ-հպարտություն-որովայն շրջանակում գտնվող հասարակ շահի համար։
81.
Արհեստական բանականություն է նաև բանական էակների սովորութային միակցումը բնազդային (զգացմունքային) մակարդակում։
82.
Իրականում քչերն են հասցնում ընդհանուր շտեմարանում նոր բան ավելացնել, առավելապես ծնվում ու մահանում են(ք) իբրև ինֆորմացիայի կենսաբանական կրիչներ, ընկալող-հաղորդող սարքեր։ Այն, ինչը հասարակ իմաստով ընդունված է համարել (ինքնա)ճանաչողություն, այլ բան չէ, քան սովորելը գիտեցածի, այլ կերպ՝ իմանալ, թե ինչ գիտես։ Մարդու մեքենայացումը մտահոգիչ չէ, մարդը հենց կա մեքենա, որը ինքնարարմանն այլընտրանք չունի, քանզի դրա հակառակը կնշանակի բնությանն անդառնալի վերադարձնել վերցրածը՝ ընդհուպ ինքզինքը:
83.
Ինքնասուզմանս մեջ հանդիպեցին մարդը, որը դեռ անասուն էր և այս վերջին խոսուն մեկը։ Խլացումը, որին ստիպված էի ապավինել առաջացած անտանելի աղմուկից ազատվելու համար, իսպառ վերացրեց նաև նրանց միջև տարբերությունը։
84.
Մարդ բանականի պատմություն. հերոսապատումների ժողովածու, որը ոչ ոք չի կարդալու։
85.
Մարդիկ հատուկ ձգտում ունեն ժամանակ առ ժամանակ լինել «կով», որովհետև գոմաբնակներից միայն նա ունի սրբադասվելու աստիճանի հարգանք։ Բայց նրանք ավելի «կով» են, քան կովը, քանզի չեն հասկանում, որ վերջինս բարեգործ լինելու միտումնավորություն չունի։
86.
Իշխում է ոչ թե մարդը, այլ` հանգամանքը, եթե անգամ այն հեղինակել է մարդը,
որովհետև միշտ և ցանկացած հանգամանքում կա նաև պատահականություն
(չգիտակցված անհրաժեշտություն) որն անկախ է կամքից։
Առողջ բանականության համար սա մի դեպքում պետք է լինի զգուշացում այնտեղ, որտեղ նա աստված է խաղում գիտությամբ, մեկ այլ դեպքում՝ սպասելի հնարավորություն, որտեղ համակված է անկարողությամբ։
87.
Արդարության ուրվականը զրկում է մարդուն անասնական երջանկությունից ու փոխարենը՝ տալիս ոչինչ։
88.
Պատկերացնելու համար, թե ինչ նկատի ունեն մարդիկ՝ արդարություն ասելով և ինչ են ակնկալում՝ արդարադատություն պահանջելով, բավական է նկատի ունենալ, որ գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում, առավել ևս ոչ ոք չի վիճարկում վճռի ներածական և պատճառաբանական մասերը, երբ եզրափակիչ մասն օգուտ իրեն է։
89.
Անտարբեր լինել ցեղակցի (չ)ապրելուն ու ցանկանալ ցեղի ապրելը. այդպես գոյատևում է միայն հոտը՝ անգիտակից մարդկանց և անասունների։
90.
Այնտեղ, որտեղ առաջնորդում է «Գոյության պայքար» սկզբունքը, ցանկացած տականք ևս լիիրավ է ոչ միայն գոյատևելու, այլ՝ լինելու գոյության ճարտարապետ։ Նման դաստիարակությունը տականքի և բարձրակարգի հնարավորությունները հավասարեցնում է սոցիալական միջակության մեջ, որտեղ, ի վերջո, հաղթում է տականքը։
91.
Թեպետ առավելապես հանդիպում են անբնակ տափաստաններ, բայց ուրիշի մենակությանը մի՛շտ պետք է մոտենալ արարչի հանդիպելու զգուշավորությամբ ու պատրաստականությամբ, որ նա դեռ չունի «ինքն»-ի գիտակցում։
92.
Ամենից, ինչը կարող է ստիպել կարոտ զգալ, առավել սուր է հանկարծահայտ ակնթարթը, երբ հիշողությամբ հայտնվում եմ անցյալի այն պահում, ուր նույն զգացողությամբ գտնվում էի ապագայում։ Կարոտ, որը սարի քամու հոտ ունի, եղյամի նուրբ հպում ու մայրամուտի գունագեղություն: Կարոտ ինքզինքը, որում ոչ կարոտողն է մարդ, նամանավանդ ոչ էլ այն, ինչին ուղղված է։
93.
Փրկչությունից առավել` մեծ քաջություն է պահանջվում, որ անվրդով թույլ տաս ոչնչանալ ամենը, ինչը պե՛տք է ոչնչանա` ներառյալ ինքդ քեզ։
94.
Հիշողության և պատկերացումի խաչին գամված բանականությանը անտերունչ անասունի հայացքով նայում է մի կենդանի, որը կոչվում է մարդ։
95.
Բոլորն են հակված «սատանայի հետ գործարքի», ուղղակի ոմանք նախընտրում են միայն ուղիղ բանակցություններ։ Այդպիսիք համարվում են սուրբ։
96.
Երբ գենետիկ ճարտարապետությունը հասնի նրան, որ նախապես որոշվի, թե ով/ինչ
պետք է ծնվի, ապա փոխվելու է միայն այն, որ մարդուն ձևավորող «ուրիշի պատկերացումը» ոչ թե հաջորդելու, այլ` նախորդելու է ծնունդին, բայց երկու դեպքում
էլ ընդհանուր է մնալու այն, որ մարդու ծնունդը կամքի ազատության դեմ առաջին և ամբողջ կյանքը կանխորոշող բռնությունն է, հետևաբար
հաստատումը, որ մարդը (դեռ) այլ բան չէ, քան գիտակցականացված անասուն։
Բայց դա էլ անխուսափելի փուլն է զարգացման այն աստիճանի, երբ յուրաքանչյուրն ինքն է սահմանելու իր ծնունդը, ասել է թե` ինքնարարումը, հոգևոր գաղափարից զատ, լինելու է նաև կենսաբանական սահմանում, գոյակի ինքնագիտակցում։
97.
Պատկերացրեք,
թե ինչ վիրավորանք կզգար նախնադարում,
միջնադարում, կամ թեկուզ մեկ դար առաջ ապրած մարդը, եթե հնարավորություն ունենար համեմատել
իր ապրած ժամանակաշրջանը ներկայիս հետ։ Նա, ամենայն հավանականությամբ, իրեն կզգար անհաջողակ
և կանիծեր իր բախտը։
Նման վիրավորանք սպասում է նաև այս ժամանակաշրջանում ապրողներիս, երբ հեռու ապագայից ինքնարարները մեզ կոչեն մարդ բանական` նկատի ունենալով մեր հետադիմական գոյությունը։
98.
Հաջորդ ակնթարթում մահանալու համոզվածությունն իմաստազրկում է (ինքնա)խաբեությունը, ինչպես անմահության իմացությունը։ Սրանից չի՞ հետևում արդյոք, որ մարդիկ, առավելապես, կյանքի վերջավորության իմացության և (բայց) բոլոր հաջորդող ակնթարթներում ապրելու հույսի միջև մոլորված գոյակներ են։
99.
Կա՞ այնպիսի բարեմաղթանք, որի համատարած բոլորի նկատմամբ
իրագործումը չվերածվի աղետի։
Կա՞ այնպիսի արդարություն, որ որոշակի բարեմաղթանք իրականացվի միայն որոշակի անձանց համար ու չվերածվի
հանցագործության։
ՉԿԱ։
Ուրեմն ինչու՞ մարդակերպ աստծուն երբեմն չպատկերել տիեզերական օրինաչափությունից գլուխը կորցրած՝ թիթեռ բռնելուց:
100.
Թուլացի՛ր, մահը դեռ որևէ (ան)հավասարում առանց լուծում չի թողել։
101.
Կարգվել հոտի առաջնորդ ու այն քշել անդունդն ի վար. ինչքա՜ն գայթակղիչ պատկերացում է, որի հետևանքի իմացությունը, սակայն, ստիպում է նետվել միայնակ ու պահպանել անդունդի անարատությունը:
102.
Հատուկ նշանակություն ունի ուրիշ մեկն այն, որը օգնում է ոչնչացնել ինձ` մարդուս բանական, մնացածը պարզապես գոյություն ունեն։
103.
Մարդը. ծնվում է կիսատ, ապրում` թվացյալ, մեռնում` հաստատապես։
104.
Եթե մարդ, ապա ծնվող լուռ, ապրող լռակյաց ու ձայնող միայն ընկնելուց՝ այն էլ իբրև ազդարարում, որ առաքելությունն ավարտված
է։
Եթե …, ապա միայն որպես ծառ-մարդ։
105.
Սին են հույսերը և բութ են հավատները բոլոր,
եթե չկա ինքնահաղթահարում,
Անպետք են իմացությունները հնի և նորի,
եթե չկա ինքնաճանաչողություն,
Ունայն է ապագան մարդու և մարդկայինի, եթե
չկա (չլինի) ինքնարարում։
Կա (կմնա) միայն հետապնդող ամոթ, որ մարդը անասունից ոչ թե բարձր է, այլ՝ նույնի ավելին։
106.
Անմահությու՞ն: Միայն ո՛չ այս դարում` ո՛չ իբրև մարդ ու ո՛չ մարդկանց հետ …
107.
Մարդն էլ, ինչպես ցանկացած անասուն, անասուն է իր ստամոքսի չափով։ Տարբերությունն էլ անշուշտ գիտակցության մեջ է, որով մարդը անսահմանորեն ընդլայնում է ստամոքսի տարողունակությունը։
108.
Ծնվեց մարդ ու մարդ մեռավ. ահա՛ ամենաօրինակն այն բանի, թե ինչպես կարելի է բոլոր ճակատամարտերը հաղթել և պարտվել պատերազմը։
109.
Ինքնադիտում՝ առ անգոյություն.
Ինչքան հեռանում ես հայելուց, այնքան խորն է կլանում քեզ, և դադարում է գոյություն ունենալ, երբ ճակատիդ զգում ես նրա սառնությունը։
110.
Տիեզերքը կաշկանդված չէ որևէ մեկի պատկերացումներով, առավել ևս բարոյականությամբ։
111.
Որպեսզի պարզ լսվի, հեռավորությունն ունի նշանակություն։ Հապա ի՜նչ աղաղակող ճշմարտություն է, որը լսելու համար կա մահը։ Միթե այն նույն շշունջն է, որը լսելուն խանգարում է անգամ սրտի բաբախը։
112.
Յուրաքանչյուրը պատկանում է ամենին, իսկ յուրաքանչյուրին
պատկանում է ոչինչը. անհատական աստվածների հավաքական ոչնչություն։
Նա, ում պատկանում է ամենը, ինքը` ոչնչին, կա ինքնարար։
113.
Բուն էությամբ` երկխոսությունը երբեք երկու անձի զրույց չէ, այն առավելապես
երկու անձի մենախոսություն է, որում մեկը մյուսի համար լոկ վկա է, կամ, հազվադեպ,
ինքնասուզում է, որտեղ մեկը մյուսի մենակության մարմնացում
և ինքնահաղորդակցում է։
Ուստի եթե երկխոսություն, ապա միայն ինքնասուզման, և կորչեն բոլոր վկաները:
114.
Ուրիշի հանդեպ սերը սկսվում
է համակրանքից, սեփական անձի հանդեպ
սերը՝ հիասթափությունից։ Բայց, նաև, քանի դեռ ճշմարիտ
չէ սեփական անձի հանդեպ սերը, մոլորություն է ինչպես սերն առ ուրիշը, այնպես էլ համակրանքը, հետևաբար և դեպի սեփականը տանող հիասթափությունը։
Ով չի հաջողացնում իր մեջ լուծել այս պարադոքսալ առեղծվածը, սիրո մեջ մնում է համակրանքի և հիասթափության պարանոիդ պարբերականություն ապրող բիճ։
115.
Բարու և չարի շնատամներով հարաբերականություն երախին անհաս է միայն այն, ինչն ինքնարար է:
116.
Եթե, օրինակ, եզը համակվի «իր գոյության իմաստ» ինքնահարցադրմամբ, անպայմանորեն կհրաժարվի եզ լինելուց՝ վտանգելով գոյության կարգը։ Եթե նույն հարցադրմամբ համակվեն բոլոր անասունները, ապա կվտանգվի գոյությունն ինքնին։ Ահա՛, թե ինչ է կանխել բարձրագույն բանականությունը, երբ մարդկանց, մեծամասամբ, զրկել է ինքնաճանաչողության ունակությունից և անհնար է դարձրել դրա տարածումը քարոզով։
117.
Ճոճի՛ր, անասուն, ճոճի՛ր
Անասնության այս անեզր օվկիանում, որը կոչվում է մարդ բանականի գոյություն, կա միայն անհատական փրկություն և միայն բարյացակամ հարաբերությունների փոքր կղզյակում։ Բայց փրկվելու խեղճության և(կամ) կղզյակն աշխարհամասի վերածելու հիմարության, առավել ևս երկկենցաղ անասունի գոյության համեմատ՝ նախընտրելի է ինքնարարման հավատամքի ցինիզմը, երբ անխուսափելիի իմացությամբ՝ մեջքնիվայր պառկում ես միայնություն լաստին ու տրվում ալիքների ճոճին։
118.
Եթե հնարավոր լիներ հավերժանալ մեկի հետ, ո՞վ կլիներ այդ մեկը:
Բարձրագույն բանականությունը մարդուն փրկել է այս ընտրությունից, բայց վերջինիս հիմարությունը համառորեն ձգտում է առնչվել դրան։
119.
Բոլորի անցյալի վերծանումից ի հայտ է գալիս նույն բառը` հիմար:
120.
Ինքնաշունչ.
Ո՞վ եմ ես, - հարցնում է ինքզինքը։
Իսկ ո՞վ է հարցնում, - լսվում է ի պատասխան։
Հարց,
որով մարդ բանականն առանձնացել է ամենայն անասունից, միաժամանակ հարց, որը քանի դեռ
հնչում է, ուրեմն մարդը (դեռ) այլ բան չէ, քան ինքնասահմանման
ինքնախաբեությանը տրված, տեսակային հատկանիշով որոշվող, համեմատականի ու հարաբերականի դասակարգմանը ենթակա միջանկյալ գոյակ, ով, որպես կանոն, ծնվում է մեկ, ապրում՝
երկատում ու մեռնում՝ բազմատիկ՝ այդպես էլ չհասնելով միավորին՝
հատկանիշին։
Ճիշտ այնպես, ինչպես տիեզերքը, արևը, անհատական և բացարձակ որոշակիություն, զերծ լավ ու վատի, բարու և չարի ու առհասարակ համեմատականի ու հարաբերականի անսահման դասակարգումից, որից զերծ չեն անգամ աստվածները, կարող է ունենալ միայն այն, ինչն ինքնարար է։
121.
Ամբոխն արդարությունը պատկերացնում է կախաղանի տեսքով։ Տիրում է նա, ով կարողանում է ամբոխին տալ այդ պատրանքը և այնքան, քանի դեռ կարողանում է խուսափել իրագործումից։ Նա, ով չափազանց երկար է խաղում այդ խաղը, այն ավարտում է կախաղանի վրա։
122.
Սերը, իրականում, չափազանց անձնական է՝ խոստովանելու համար, անգամ նրան, ում սիրում ես։
123.
Կյանքից, առողջությունից, նյութից զատ` կա ինքնարարման ներուժի կորուստ ու դու ծնվել ես արդե՛ն իսկ կողոպտված։ Անգամ ձեռքերը, որոնք տվել են օրոր, հանցակից են կողոպուտին:
124.
Աշխարհն անհամեմատ ավելի անտանելի կլիներ, եթե մահվանը պատկանելու փոխարեն՝ հավասարեցումը պատկաներ ապրելուն։
125.
Մարդու իմացությունը կյանքի և մահվան մասին լոկ պատկերացում է ըստ հետևանքի, իսկ պատճառների հարցում նա գուշակ է, զեղծարար, վաշխառու …, ի վերջո, հավատացյալ է։
126.
Թե որ սիրում ենք այն, ինչը մեզ սպանում է, արդ ի՜նչ ճշմարտություն ես, ՎԵՐՋԻՆ ՄԵԿ:
127.
Ճանաչելու արթմնությունը չկորցնելու համար` պետք է ավիրել այն բոլոր հուշերը, որտեղ գիտակցությունը կարող է ապաստանել ապագայի արհավիրքներից։
128.
Տե՛ս, նրանք տակավին չեն էլ ծնվել, բայց ունեն կյանքի համոզմունք։ Քիչ հեռվից այդ առանձնյակներից ոչինչ չի մնում, միայն սովորույթների մի մեծ կծիկ։
129.
Ազատվելու միտքն ավելի մնայուն է դարձնում այն միտքը, որից ցանկանում ես ազատվել, ու չկա ավելի վտանգավոր միտք, քան բոլոր մտքերից ազատվելու միտքն է, որը կպչուն ժապավենի նման իր վրա է հավաքում ամբողջ պայմանականը, ներմուծվածը, ուրիշինը։ Հետևաբար դրանցից ու, առհասարակ, ինքնահերքման և ինքնահաստատման պարանոյիկ շրջանից ազատվելու այլ ձև չկա, քան ընդունելը, որի բացարձակը ենթադրում է ընդունել ինքզինքը, ու նոր միայն մեկնարկում է մտքերի ինքնինը, անպայմանականն ու ինքնարարը։
130.
Ընդհանուր առմամբ, աշխարհում կան երկու տեսակի մարդիկ՝ ստեպ-ստեպ հանդիպող նրանք, ովքեր հանդիսանում են մարդու հաղթահարման հիմնավորումը և սակավադեպ հանդիպող նրանք, ովքեր հանդիսանում են մարդու պահպանման արդարացումը։ Բայց ինչքան էլ սքանչելի է վերջիններիս գոյությունը և հոգեգրավ` նրանց հանդիպելը, այնուամենայնիվ, մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի։
131.
Հետո էլ, ինչպես միշտ, շատը պետք է ծառայի քչին, բայց միջակը բարձրին, բարձրը բարձրագույնին։ Ապա շատը պետք է վերանա, որ սկիզբ դրվի նոր գոյակի և գոյի թվականության՝ ինքնարարի և ինքնարարության։
132.
Որպեսզի մարդն ունենա ֆիզիկական հավերժություն, պետք է բացարձակորեն
անկախանա բնությունից, ապա նաև գոյության մեջ առկա՝ իրենից դուրս ցանկացած
հանգամանքից, բայց այն, ինչ պատկերվում է արդյունքում,
ոչ թե մարդու, այլ նոր էության մասին է։
Բոլոր զարգացումներում մարդը վերանում է:
133.
Մարդու հաղթահարումը և դրա անընդհատականությունը նշանակում է, որ բոլոր դեպքերում, երբ դա չկա, կա անասունը:
134.
Հանգստացող ցավի հեշտանքը, որով արբենում են իմաստունները՝ զվարթ (ինքնա)ճանաչողության համար, միջակ մահկանացուն օգտագործում է հասարակ ինքնաբավարարման համար։ Արդյունքում, հայտնի մոլություններից առավել՝ մարդիկ ախտահարված են ցավամոլությամբ ու, ի տարբերություն այլի, համընդհանուր և անբուժելի։
135.
Մեկի մենակությունը չոր տափաստան է, մյուսինը՝ սաղարթախիտ անտառ, պատահում է օվկիան է, բարձր լեռ է, կամ խորը քարանձավ, …, բայց բոլորի մոտ ընդհանուր է այն, որ ցանկացած մենակություն մեռյալների բնակավայր է։ Ուստի, մարդուն իր մենակության մեջ ճանաչելու համար, այլից զատ ու առավել, պետք է գերեզմանափոր լինել։
136.
Նրանք, ովքեր քեզ գիտեն, մահանալու են։ Մահանալու են նաև նրանք, ովքեր քեզ իմանալու են։ Ի վերջո, մահկանացու են բոլոր նրանք, ովքեր քեզ կարող են իմանալ, ու եթե անգամ կա հավերժական հիշողություն կրող գոյակ, ապա նրան էլ, վստահաբար, հետաքրքիր չէ մահկանացությունդ։ Ուրեմն հիշողության տապանաքարը, որի կառուցման համար ներդնում ես ամբողջ կյանքդ, ավելին չէ, քան փոքրիկ հուշում՝ հերթական չապրած հիմարի մասին։
137.
Յուրաքանչյուրը բանտարկված է իր իմացության սահմաններում։ Մեկը հիմար է իր անգիտության չափ, մյուսը՝ իր գիտունության։ Նա, ով հասկացել է գիտելիքի այս վտանգավորությունը, ճանաչողության հետ պետք է իր մեջ վարժեցնի փակ կոպերի գունային խաղին հետևելու սովորությունը։
138.
Հերոսացրու հիմարի մեռնելը և նա ոչ միայն կմոռանա ապրելու մասին իր բոլոր դժգոհությունները, այլ իր հետ կմեռցնի բազմաթիվ ուրիշ հիմարների։
139.
Ի
տարբերություն մտքի իսպառ բացակայությամբ տգետի, որին կարող ես նմանեցնել
բնության մեջ առկա որևէ անասունի և ունենալ համարժեք վերաբերմունք`
ընդհուպ համակրանք, առավել
անտանելի է ուրիշի մտքերով լցոնված
տգետը։
«Գրքասեր» այս տականքը, ում հաճախ կարելի է տեսնել գիրքը ձեռքին, կոչված է փչացնելու մտքի բարձրը և տարածելու դրա միջակն ու ցածրը։
140.
Տխրությունն անշուշտ նմանեցնում, բայց չի հաստատում, որ տեսածդ հոգևոր էակ է և ոչ մարդատիպ անասուն։ Նա, ով շտապում է փարատել ուրիշի տխրությունը, այդ կերպ բացահայտում է իր ոչ հոգևոր էությունը։ Հոգևորը երբեք չի բացառում պահի ինքնասուզումը և զգուշավոր է մոտենում ուրիշի տիեզերազգացությանը։
141.
Գայթակղիչ կին` գեղեցիկ ծաղիկների փունջը ձեռքին։ Այսպես եմ պատկերում իմ ու կյանքի այն հանդիպումը, որտեղ նա խոստանում է երբեք չներել ինձ միայն այն բանի համար, որ համարձակվել եմ իր հարցերի փունջը համարել անշունչ և իրեն խիստ սազական։
142.
Սիրեցե՛ք իրար, սիրեցեք այնպես, որ ձեզանից մնա ոչ ոք:
143.
Եթե ասել է «Ես Դու եմ», նշանակում է քեզ տեսել է իբրև միջնորդ իր և ամենի միջև։
144.
Տեսնում
են նրան, ում սիրում են (նաև այն, ինչ սիրում են), միայն։
Ճշմարտությամբ բացարձակ լինելուց զատ՝ սա այնքան
ճշգրիտ է բացահայտում սիրո էությունն իբրև բարձր բանականություն, որ որպես հոմանիշ
«Սիրում եմ քեզ»-ին՝ կարելի է կիրառել
«Տեսնում եմ քեզ»-ը։
Իսկ «Սերը կույր է» սոփեստությունն այլ բան չէ, քան միջակի և ցածրի (ոչ բանական) սիրո ամփոփում։
145.
Լիաթոք ծիծաղում է մեկ նա, ով երբեք չի տարվել «ապրելու իմաստը» ինքնահարցադրմամբ, մեկ էլ նա, ով տարվել է չափազանց լուրջ։ Մեկը բավականաչափ ապուշ է, որ լինի երջանիկ, մյուսը նույնչափ հանճարեղ, որ խելագարվի, իսկ մնացածը պարզապես խելամիտ են` ծիծաղով կեղծ ու կիսատ։
146.
Մարդիկ ավելի հեշտ են տանում սիրելիի մահվան լուրը, քան իմացությունը, որ անհետանալը նրա լավ լինելու գրավականն է(ր)։ Բոլոր բարեմաղթությունները վերծանելով հպարտության ներքո, չի պատահում մեկը, որ չհամարվի հայհոյանք։
147.
Խորհուրդ, խրատ, կարծիք։ Նա, ով չափազանց հաճախ է ապավինում բարոյականության այս առաքյալներին, ի վերջո վերածվում է մտքի ինքնուրույնությունն իսպառ կորցրած պոռնիկի՝ պարզելով, որ ի դեմս առաքյալների՝ թույլ է տվել իր կյանք մտնել կավատներին։
148.
Եթե դժոխք, ապա այնտեղ հատուկ տեղ ունեն նրանք, ովքեր սրբադասվել են կրոնի և բարոյականության կողմից։
149.
Սեփական գիտակցության հետ հնարավոր է միայն խորքային
հաշտություն, իսկ մակերեսին այն անընդհատ ենթակա է միջավայրի (ուրիշի) ազդեցությանը՝
թեկուզ երբ կա միայն երկրորդը։
Հաշվի առնելով ուրիշի
ազդեցության միջոցներն ու ծավալները, բոլոր այն դեպքերում, երբ չես գտնվում ինքնասուզման մեջ, առաջնահերթ
հենց սեփական գիտակցությանդ պետք է վերաբերվես այնպիսի վերապահումով, ինչպիսին
կարող ես ունենալ դաշնակցային առաջարկ անող թշնամուդ նկատմամբ։
Իսկ պարզելու համար, որ սեփական (մակերեսային) գիտակցությունդ կարող է լինել (ու կա) մեկ թշնամիդ, բավական է փորձել հրաժարվել որևէ վնասակար սովորությունից ու տեսնել համոզելու նրա ձեռնածության ծավալները։
150.
Արարիչները ծնվում են այնտեղ, որտեղ սպանվում են աստվածները։ Սպանե՛ք ձեր աստվածներին։
151.
Զոհը, հենց միայն այն բանի համար, որ զոհ է, չի կարող անմեղ լինել։
152.
Հպարտությունն է եսի և ամենի միջև սահմանային պատը, այն նույն՝ սիրո գնդակահարության պատը։
153.
Պարզագույն ճշմարտություններից մեկն էլ այն է, որ մարդիկ նախ բաժանվում են երկու խմբի՝ դու և մնացած բոլորը, հետո միայն վերջինն ուրիշ այլերի։
154.
Գիտեմ՝ կա հաղորդակցության աստիճան, որտեղ բառը խավարամտության և մարդայնացման հատկանիշ է։
155.
Ճանաչել-յուրացնել-արարել՝ ինքզինքը։
Այն ամենը, ինչը սահմանում, դարձնում կամ պահում է մարդ, դեմ է գոյության այս միակ բարձրագույն ձևին։
156.
Առհասարակ, վկաների բացակայությունը շատ բաներ է մեռցնում՝ ընդհուպ մարդուն ինքն իր մեջ։
157.
Այնտեղ, ուր իշխում է միմյանց
(չ)ապրելու նկատմամբ անտարբերությունը, մահը դառնում է մարդու` իր նկատմամբ բարեսրտության վերջին, ապա նաև միակ
հնարավորությունը։ Եթե այսօր հանգել ես այս մտքին,
ապա թող վաղը լինի առանց սգերթ հուղարկավորությունդ, մյուս օրը` առանց վկա վերածնունդդ։
Միջամատդ քեզ օգնական:
158.
Նա, ով մասնակցում է վկաներիդ սպանությանը ու ինքնասպանվում է՝ իբրև վերջին վկադ, երբ արդեն պատրաստ ես ինքնարարման, կարող է կոչվել արարիչ։
159.
Պայմանավորված աշխարհընկալմամբ, բոլոր դեպքերում, երբ մենակության
մեջ մարդն է, նա միշտ վկան է վեճի՝ աստծո
և նեռի, գիտության
և հավատի, բարու և
չարի …, ու բոլոր դեպքերում, երբ ինքն է դառնում վեճի կողմ, դիմացը կանգնում է անասունը։
160.
Կան հրդեհներ, որոնք, թեկուզ ինքնահրկիզման գնով, պետք է թեժացնել՝
մարելու փոխարեն, որ լինի ԻՆՔՆԱՐԱՐՈՒՄ։
161.
Վկաներն են կանխորոշում ով լինելը։
Նա, ով հաջողացրել է մտածողությունն ազատել բոլոր վկաներից, չի կամենա
լինել այլ մեկը, քան ոչինչն
է, քանզի չի ցանկանա նվազը,
քան ամենն է։
162.
Վաճառականության հանդեպ խորքային հակակրանքով պայմանավորված` իմ խիղճը հաղորդակից է միայն ցավին, որը հնարավոր չէ վերածել բառի։
163.
Շրջապատող իրականությունն այդպիսին
համարվում է միայն այն բանի համար, որ դրանում բոլորն են, այնինչ դա մասնակիցներից
յուրաքանչյուրի (ինքնա)խաբեությունից հյուսված սարդոստայն է։
Ով գեթ մեկ անգամ հաջողացրել
է տեսնել սա, այդուհետ երբեք թույլ չի տա շեղվել ինքն իրենից։
164.
Սուտը վախի հետևանք է, վախը՝ չիմացության, միշտ։ Ով շարունակում է գնալ խաբեության
ճանապարհով, միաժամանակ խոստովանում է, որ իմացության մեջ անկարող է և դա ընդունելու
համար՝ տկար։ Տկարությունը ևս չիմացություն է:
Սուտ է նաև լռությունը, եթե իմացություն չէ, որ ճշմարտության հասցեատերը
անկարող և/կամ տկար է։
165.
Չկա առավել դժվարակիր կարոտ, քան կարոտն է ինքզինքը, հատկապես, երբ այն ուղղված
է ոչ թե անցավորին, այլ նրան, ով դեռ պետք է ծնունդ
(հ)առնի:
166.
Միակ վայրը, որտեղ սոսկալի է լինել ավելորդ, սեփական մենակությունն
է։
167.
Հումորը, անշուշտ, կարող է լինել
դժվարությունների, ընդհուպ դժբախտությունների հաղթահարման միջոց, բայց դրա չափազանց կիրառությունը սպառնում է վերաճել բնազդային
մակարդակի ինքնապաշտպանական սովորույթի,
որը դրսևորվում է ցանկացած խնդրի պարագայում` խժռելով այն կրողի բանականությունը։
Այս սովորույթը, ինչպես ցանկացածը, հակված է վերածվելու սոցիալական վարքի`
այդ կերպ մարդկային
խմբերը, ընդհուպ ամբողջ ժողովուրդ,
վերածելով կապիկների խմբի։
Պարզելու
համար, որ որևէ հանրույթ հիվանդ է «կապկի հիվանդությամբ», բավական է նկատել, որ նրանում գերիշխում
է ծաղրը` միմյանց և ամեն ինչի հանդեպ։
168.
Մարդը վստահ քայլերով վերադառնում
է քարանձավ։ Ո՞վ է դուրս գալու քարանձավից` ինքնարա՞րը, թե՞ նորից անասունը.
ահա՛ թե ինչումն է մեկ ու միակ ընտրանքը։
169.
Արդ ո՛վ ես դու, պատից այնկողմ, որ ԿԻՐՔՍ, եզակի անգամ, պատը քանդելու
փոխարեն` սրբացնում է այն` իբրև ինքնասուզման աղոթարան։
170.
Հառաչ ինքնարարի
Բաց արա կծիկը մեղքերիս, գործիր ինձ համար գորշերանգ պարեգոտ, որ կրեմ մերկացած հոգուս և սիգալով քայլեմ մենությանդ մեջ, ո՜վ սիրելիս անէ:
171.
Դու ինձ համար «Լիլիթ», «Եվա» ու «Մարիամ»,
ես գոյությամբ ինչպես «Նոյ»։
Դու ինձ համար կրքի օվկիան,
ես մակույկին ծարավահյուծ։ Արդ ասա ինձ, իմ անէ,
ինչպես չլինեմ գիշերասեր, անձրևապաշտ:
172.
Հրաբուխվում է կիրքս, երբ հանդիպում եմ քեզ …
… իսկ դու ամենուրական ես։
173.
Սպասում ինքնարարի
Ինձանից առավել ոչ ոք չի լռել քո անունը, անէ։
174.
Պատրանք է պատը մեզ բաժանող` ինչպես պատերը
բոլոր։ Խոսի՛ր ինձ հետ, այնկողմնային:
175.
Վասն
ինքնարարման
Ես եմ իմ սկիզբը, իմ ամրոցն ու տաճարը։ Ե՛ս եմ իմ վերջը։
176.
… և ուր է այդ վերջում մեռնող հույսը,
և ի՜նչ է դա,
և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ:
177.
Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս
ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։
178.
Ինքնարարը «մեղսավոր
է» միայն այն բանի համար,
որ տիեզերական իրավունքը,
որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։
179.
Մարդը նրանում
տեղ չունի. ահա՛ պատասխանը (ինքնա)հարցադրման, որը կարող է ունենալ նա, ում արտոնված է մուտքն իմ մենակություն, նաև նա, ով դուրս է շպրտվել
դրանից։
Ով կա` կա իբրև անմարդկային, վերմարդկային էություն։
180.
Ոչ միայն կիսատ, նաև ամուլ են այն բոլոր կրքերը, որոնք չես ապրել նրա հետ, ով մարմնավորում է մենակությունդ, քանզի իբրև արարում` կա միայն ինքնարարումը,
ու եթե կրքի մեղք, ապա միակը, որի ունենալն ու չապրելն է մեղանչականություն` ինքդ քո,
հետևաբար ԱՄԵՆԻ դեմ։
181.
Մենակությունը չունենալը, լքելը
կամ կորցնելը չէ, այլ գիտակցումն է իրողության, որ այդպիսին կաս, եղել ես միշտ։ Այն հաղթահարելու կամ փարատելու
ինքնախաբեությունների հորձանուտում չմնալու համար՝ կա միայն մեկ հնար՝ ընդունել
իբրև գոյության ներքին տարածականություն, այդ կերպ, նաև, որպես արտաքին անսահմանությունն ընկալելու միջոց։
182.
Առ երկինք հայացքով խաչվել հողին,
ու չկան տուրք տալու ուրիշ հասցեատերեր, իմաստ և կերպ, միաժամանակ, բարձր բանականությունն
ազատականացնող մտակենտրոնացման վիճակ ինքնարարի
համար։
183.
Մարդը կապիկից չէ, մարդը կապկանում է։
184.
Քան կամ իրականում, մեկի մտքում
ավելի ուրախ եմ, մեկի մտքում ավելի տխուր։ Մեկը մտքում խոսում է հետս, մեկը մտքում հետս լռում։ Մեկի մտքում սեր եմ ապրում, մեկի մտքում արհամարհվում։ Մեկը ծնում է ինձ, երբ փորձում եմ մեռնել,
մեկը մեռցնում է, երբ փորձում
եմ ծնվել։ …
Մեկն էլ հիմա իմ մտքում այս դամբանականն է կարդում։
185.
Բարձունքն ու անդունդը ստեղծում են իրար։ Ինքնարարների համար սրանից
կա մեկ հետևություն` հատել սահմանային բոլոր գծերը և
վերացնել դրանց տարբերությունը։
186.
Ամենքը կախված է իր աճեցրած ծառից, ինքնահատկությամբ
առանձնանում են նրանք, ովքեր նաև տնկել են իրենց
ծառերը, ու մշտնջենական է զեփյուռը, որ մեռյալների ճոճքը չդադարի։ Ահա՛ «Եդեմեկան պարտեզի» իմ պատկերումը։
187.
Եթե հիշողությունն է պայմանավորում միասնությունը, որը գոյակն ընկալում է որպես իր լինելիություն, ապա այս անցավոր գոյությունն
էլ
բավական է մի քանի կյանք ապրելու համար։ Մոռացությամբ նորանալ, երբ էությամբ ավարտել ես ու կաս միայն ձևականի
սպասումով:
188.
Գիտակցությունների պատերազմ
Երբ զավակն է ոչնչացնում ծնողին, ծնողն առանձնապես չի էլ դիմադրում, դեռ ավելին՝
ընդունում է ներումով և օրհնանքով, համարելով սրբադասման արժանի ինքնազոհություն։
Մինչ դու
զբաղված ես քեզանով, ուրիշը զբաղվում է քո երեխայով՝
ծնված ու դեռ չսերված։
Ես
էլ եմ այդ ուրիշը:
189.
Լավագույնը չի տեսնվել, չի տեսնվել նաև վատագույնը։ Բացարձակը չի կարող հասանելի
լինել նրան, ինչը գոյությամբ հարաբերական է, իսկ ինչը գոյությամբ ինքնարար
չէ, հարաբերական է։ Ճշմարտությունը միշտ բացարձակ է և անդին է լավ ու վատից։
190.
Բարոյականությունը վայրին (իսկականը,
կիրքը, կամքը) զսպող թոկ է, որի մյուս ծայրը միշտ ուրիշի ձեռքում
է։
Բարոյականության անձնականը, առավել ևս սեփականը
չի լինում, չի կարող
լինել։
Նա, ով նման մտքով փորձում է իրեն առանձնացնել ամբոխից` վերջինիս թելադրած վարքին հետևելու պարագայում, այդ կերպ բացահայտում է կորսված անհատականության իր ամոթը և այն հաղթահարելու վախկոտությունը։
191.
Ժամանակակից հասարակության տիպ`
գիշատիչների բազմազանություն, որոնց վարժեցրել են ապրել հոտով։
Ով տևական ժամանակ չի ապրում իր վայրին (իսկականը, կիրքը, կամքը), ինչ-որ պահից սկսում է բուրել հոտի հոտով, իսկ ով բավականաչափ շրջահայաց չէ՝ այն որպես նրբին գաղտնիք ապրելու համար, դատապարտված է հոտի կճղակների տակ հայտնվելուն։
Այն, ինչ հանդիպում է վայրենասերներիս, հաճախ անդուր է հոտով, կամ արդեն փչացրած է կճղակների տակ, իսկ մեր ճաշակին հաճո շրջահայացները հազվագյուտ
են։
192.
Նշանակում է բավականաչափ նրբենի չէ` գաղտնիք
մնալու համար, եթե դառնում է ակներև:
193.
Ամենուր կրքի արհեստական ավազաններ ու խանդակներ են, այնինչ
այն տրված է ինքնահոսությամբ կյանքը սնուցելու համար։
Ամոթի մտրակը, որը ծնված օրվանից և դրանից էլ առաջ հետևում է մարդկանց, այնքան խորը հետք է
թողնում նրանց ենթագիտակցությանը,
որ անգամ
մենակության մեջ նրանք չեն կարողանում իրենց վայրիի (անմեղության) հետ
առանձնանալ բարոյականության վկայությունից ու իրենց չզգալ մեղսավոր, երբ իրականում հենց հակառակում է մեղքը` ընդդեմ
բնության և տիեզերքի։ Նրանց անգամ հեղեղումները չեն կարողանում արթնացնել, քանզի քշվում են
ինչպես դիակներ, կամ շտապում են
վերադառնալ քաղաքակրթական համակարգ, որտեղ գոյատևելը
չապրելու գինն ունի։
194.
Որևէ սեր, որին հայել է ամբոխը, չի հաջողացրել փրկվել սովորականությունից։
195.
Իմ համբերությունը բազմաթիվ պղտոր գետեր է պարզեցրել ու հազվադեպ է պատահել, որ լինի հեղեղ, ինչն իրականում
սպասել եմ, բայց սրանց մեջ
էլ
չի եղել մեկը, որ
կարողանա ինձ կլանել, ինչն իրականում
ցանկացել եմ։
Վերջին մեկին ինքս եմ ավելացնում ամբողջս, որ հեղեղը նաև «աղետ» լինի, ինչին իրականում ձգտում եմ։
196.
Ազատության
մասին դատողություններում շատերը ձևանում են վայրի, այնինչ սովորական գոմաբնակ են։ Բայց մի բանում նրանք բնազդաբար
ճիշտ են` ազատությունն իսկապես վայրի է, դրանից զատ նաև գիշատիչ է, որի ժանիքներն անկեղծությունն է։ Այն, ինչ հանդիպում
է գոմի «ազատների» մեջ (եթե հանդիպում է), ժանիքները թափած վայրի է, որն իրենից ոչ մի վտանգ, հետևաբար
ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։
197.
Մերկությամբ արհամարհեմ ամենայն մարդկայինը ու հարգանքի տուրք տամ վայրիին. ահա՛ միակ ծեսը իմ հավատամքում:
198.
Անշուշտ, ոգու դժոխքի դարպասների մեջ իրենց
ուրույն, թերևս ամենաբարձր տեղն ունեն կրոնները, սրանց մեջ էլ քրիստոնեությունը, իսկ աղանդները դարպասների վրա բացվող փոքր անցքերն են` սովորաբար
նախատեսված ընտանի փոքրամարմին կենդանիների համար։ Նման հանճարեղ ճարտարապետությունն արդեն իսկ բավական է նեռի գոյությունն ընդունելու
համար, ու քանի որ ոգու ազնվությունից է բխում հարգել ամեն հանճարեղը, արժե ժամանակ առ ժամանակ
չխնայել մոմի վրա։
199.
Եթե բարոյականն էլ իր առաքինությունները վաճառեր նույն կերպ անկեղծ, ինչպես պոռնիկն է վաճառում իր մարմինը, ապա նրա հայացքում մշտապես ներկա չէր լինի թերի վճարման դժգոհությունը։
Պոռնիկը, ի տարբերություն բարոյականի, նաև վաճառելու առաքինություն ունի` նախապես
է պահանջում վճարման գինը ու չի որոշում վերջում։
200.
Մարդը սոցիալական հարաբերություններում
Անկախ նրանից, թե ինչ կենդանի է նետվում վանդակը, այնտեղից, այդուհետ, դուրս է գալիս կապիկը։
201.
Գոյության իմաստի և նպատակի դատարկությունը, որը մինչ այս պահը լիովին չի լրացրել «կամք առ ճշմարտություն»-ը, «կամք առ ոչինչ (աստված)»-ը, «կամք առ իշխանությունը», լրացնում
է «կամք առ ինքնարարում»-ը, որի շուրջ, որպես առանցքի, մյուս երեքն էլ համապատասխանաբար ձևավորում են ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում (նույնն
է` ինքնաոչնչացում) և
ինքնարարում եռամիասնությունը, որն ի դեպ
արտահայտված է Գորշի եռանկյունում` որպես խորհրդանիշ, որը կոչված
է համարվել
ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ (գիրք «Խոսք`բարձրագույն եսի», 2022թ.)։
202.
Նույն սխալը կրկնելը, եթե դա չի արվում գիտական նպատակներով, հիմարություն է։ Ուրեմն պետք
է համարել, որ նման հիմարությունը (հիմարության այլը չի էլ լինում) դիտավորություն
է։ Իրավագիտության մեջ հանցագործության (զանցանքի), իսկ բարոյականության մեջ դատապարտելի արարքի օբյեկտիվ գնահատման նպատակով`
հիմարությունն անհրաժեշտ է ներմուծել «ենթագիտակցական դիտավորություն» հասկացությամբ` որպես մեղքի դրսևորման տեսակ, ընդ որում
առավելապես կիրառելի տուժողի և զոհի վարքը գնահատելու համար։
203.
Մեզ չեն սիրում միայն
պատճառով, որ մենք չենք կրում այն, ինչը կարող է սիրել
հպարտությունը և խիղճը` մենք չունենք այդ լեշակեր բարոյականությունը, այդ իմաստով մենք անբարոյական ու հակասոցիալական ենք, ամոթը մեզ գրավում է մեկ ինչպես գանձախույզին
փայլը, մեկ ինչպես գայլին գառը։
Մենք, ինքնարարներս, սիրում ենք նրանց
չսիրելը ու բավականաչափ անհամեստ ենք` մեր սիրո մեջ անկեղծ լինելու
համար։
204.
Կա անձայնություն, որովհետև լսողությունն է սահմանափակ։ Կա անտեսանելիություն, որովհետև տեսողությունն է սահմանափակ։ Կա անիմացություն, որովհետև իմացությունն է սահմանափակ։
Ու կա նաև պատրանք` լսածի, տեսածի ու գիտեցածի։ Ահա՛ միակ ճշմարտությունը, որն ի չիք է դարձնում
ստվերները, որոնք փորձում են հաստատվել իբրև մարմին` ընդհուպ սեփական։
Մարդու մինչ օրս ճանաչած բոլոր «ճշմարտությունները» ստվերներ են։
205.
Կոնկրետ հանրույթում հաճախ հանդիպող մտածողության բոլոր նմուշները իմանալով` կարելի է կանխատեսել գրեթե բոլորի վարքը։
Բացի այն, որ մարդու մեջ սեփական կամ ընդօրինակված փորձով կարծրանում են նմուշներ, որոնք պայմանավորում են նրա վարքը համանման
հանգամանքներում, դրանք վաղուց նաև ներմուծվում են (արվեստով, հեղինակությամբ, գրով, սրով և
այլն) կառավարում ապահովելու համար։ Եթե իրապես
կամքի ազատություն, ապա այն հնարավոր
է, այն
էլ որոշակի
վերապահումով, դիտարկել խենթերի մոտ, որոնք նույն նմուշային
մտածողության կողմից մեկուսացվում են իբրև համակարգին
սպառնացող վտանգ։
Մարդը սովորութային կենդանի է` մտածողությամբ, վարքով, ընդհուպ բնավորությամբ ու նամանավանդ բարոյականությամբ։
Այս
համատեքստում կամքի ազատությունը բացահայտվում է իբրև հանճարեղ սուտ`
հպատակությունն ինքնաշխատության հասցնելու համար։
206.
Սեփական օրինակով դաստիարակները բաց են թողնում այն կարևոր պարագան, որ իրենց դաստիարակներն էլ եղել են ուրիշները:
207.
Բանականության համար ամենավտանգավորը հույսն է, որով մարդիկ ախտահարում են իրար,
իսկ հավատը հիվանդության այն բարդացումն է, որից քչերն են հաջողացնում ինքնաբուժվել։
208.
Իմ փիլիսոփայությունն իմ սոցիալական գոյության մեջ
Այսօր ինձ ցանում եմ որպես սերմ ու այնքան խորը, որ այն անժամանակ չբուսնի։
«Եդեմական ծառը»,
ինչպիսին աճելու է իմ փիլիսոփայությունն
ինձանից էլ անկախացած (այն
ինձ չի էլ պատկանել, այդ ես եմ պատկանել), իր շվաքի տակ է առնելու բազմաթիվ
անապատական նժդեհների, որոնց գայթակղելուն, ի տարբերություն հազարամյակների հայտնի ստի, օձի հետ մասնակցելու են նաև ագռավն ու գայլը, սակայն պտուղները հասու են լինելու
միայն նրանց, ովքեր չեն վերածվելու իմ հետևորդի ու դրանով իսկ հաստատելու են դրանք համտեսելու
իրենց արժանիքը։ Ու միայն նա, ով լքելուց առաջ կտրելու է ծառը` այդ կերպ պատվելով
իմ անհիշատակությունը, այլևս
ի՛ր
երեք հավատարիմ վայրիների ուղեկցությամբ
իջնելու է բարձունքից`որպես ինքնարարների նահապետ` կրելով իմ նահապետությունը։
209.
Այդ հպարտությունն է, որ բարձրանում է` ներքև նայելու համար։ Մեզ, ինքնարարներիս, ներքև նայելու համար բարձրանալու կարիք չկա ու նաև կարիքը չկա ներքև նայելու։
210.
- Բարև, հրեշ, ինչու՞ ես այդքան այլանդակ և սարսափազդու կերպարանքով։
- Բարև, անապատական, ես քո ինքնաճանաչողության ծնունդն եմ։
- Բայց միթե սերը ...
- Այո, հենց սերը, որում դու չափազանց իսկական ես։
- Բայց չէ որ սիրո այլը չի լինում։
- Այո, ինչպես և իմ այլը։
- Ապա ի՞նչ մեղք ունեն մաքրամաքուրները, որոնց դարձնում ես քեզ կեր։
- Մինչ այս այնքան կոշտ կերերով եմ սնվել ու այնքան է մաշվել ստամոքսս, որ այն այլևս չի կարող ուրիշ բան ընդունել, քան մաքրամաքուրն է, իսկ հիմա նաև միայն նրբագույնը։
- Ուրեմն դու ստիպված ես երկար սպասել ու քաղցել։
- Ոչ, դու արդեն այստեղ ես:
211.
- Մարդ, դու այնքան համոզիչ ես սեփական առաքինության մասին խոսույթում, որ ես չեմ կասկածում քո անառակությանը։
- Ուրեմն գնահատիր թափանցիկությունս,
ինքնարար, չէ որ դա էլ է առաքինություն։
- Այո, դրանում դու անգերազանցելի պոռնիկ ես։
212.
Անբարոյական ճշմարտություններից մեկն էլ, որի մասին սակայն, մենք,«այլանդակներս», մեզ չենք արգելում խոսել, անկախ հանգամանքից, որ այն բնասերներին և բարոյասերներին ցույց է տալու կիսատությունը, կեղծիքը, շեղվածությունը իրենց «սիրո» մեջ, բայց խոսելով մեր ավանդն ենք դնում բնական և հումանիտար գիտությունների հաշտեցման մեջ` որպես մարդու ապագայի պայման, կայանում է նրանում, որ ծերությունը մարդու համար հակաբնական, բնության կողմից չնախատեսված վիճակ է։ Նախքան սոցիալական գոյակցության ձևավորումը, մարդը, ինչպես ցանկացած այլ կենդանի, «դատապարտված էր» երիտասարդ մահվան, իսկ ավելի ճիշտ է ասել` սպանվելու: Մարդուն տրված չէր մահվան «բնականը» և այդ իմաստով դա ևս հակաբնական է։ Մարդուն տրված էր սպանվել գիշատչի կամ ցեղակցի կողմից, իսկ եթե անգամ հաջողացնում էր հասնել որոշակի հասունացման` կորցնելով երիտասարդական ավյունը կամ կրում էր որևէ հիվանդություն կամ ստանում վնասվածք, ապա անպայման լքվում էր ցեղակիցների կողմից, այդ կերպ նաև արագ մահանում, ինչը ևս ինչ-որ իմաստով կարելի է համարել սպանություն։ Բոլոր դեպքերում մարդուն տրված ու հասանելի չի եղել ծերություն ապրելը, չէր կարող լինել։ Հիշողության ապահովման և դրանով իսկ «մարդայնացման» գործում անշուշտ դա ունեցել է մեծագույն նշանակություն, բայց անխուսափելի է ծերության հաղթահարման մարտահրավերը, որի առաջ մարդը կանգնելու է` որպես ապագայի խոչընդոտ ու ստիպված է լինելու ընտրություն կատարել` բնական փորձին վերադառնալու և հակաբնականի կատարելագործման միջև, ու երկու դեպքում էլ ընտրությունը հաստատելու է ճշմարտությունն առ այն, որ ապագան ինքնարարմանը այլընտրանք չունի։
213.
Բոլոր կռիվները, որոնք արվում են
հայելու առաջ, չեն կարող ավարտվել այլ կերպ, քան ոչ ոքի, իսկ հաշտությունը, եթե անգամ պատահում է, այլ չէ, քան այն, որ կարող է լինել մեռյալների միջև։ Առհասարակ, ինքնաճանաչողության, ապա նաև ինքնահաղթահարման համար կոպերն ունեն ավելի մեծ կարևորություն, քան աչքերը:
214.
Սիրում
ես, որովհետև ճանաչու՞մ ես, թե՞ սիրում ես, որ ճանաչես։ Այս ինքնահարցադրումից զատ, որը յուրաքանչյուրը սիրո (ճանաչողության) մեջ պետք է տա ինքզինքը՝
ինքնավերլուծության համար, սերը (ճանաչողությունը) միմյանց առաջադրելու մեկ հարցադրում
ունի՝ փրկե՞մ, թե՞ հավերժանաս։
215.
Որտեղից է այս համատարած դիահոտը փչում
Իրականությունը «վերջանում է» այնտեղ, որտեղ դադարում է նրա հարաշարժության ընկալումը, այդուհետ
նրանում մնում են երևակայություններով, երազանքներով, հուշերով ու մղձավանջներով տարբերվող ուրվականներ, բայց նույնական՝ իբրև մեռած հոգիներ։ Մեռած հոգիների
«իրականություն»։
216.
Երբ ճանաչելն արգելված էր, շատերը ձգտում էին ճանաչողության։ Երբ արգելված էր սիրելը,
ձգտում էին սիրո։ Ի
վերջո, մարդ լինելը շատերի նպատակն
էր,
երբ արգելված էր։ Հիմա,
երբ թույլատրված է այդ ամենը, շատանում են տգետ ու անսեր անասունները։
217.
Ով իր հանդեպ վստահություն է պահանջում, ակամա բացահայտում
է խաբելու իր մտադրությունը։ Ով առաջնորդվում է դիմացինի հանդեպ վստահությամբ, ակամա տալիս է խաբվելու
իր հոժարությունը։
Այս վախերից ազատ է նա, ում առաջնորդում է (ինքնա)ճանաչողությունը։
218.
Ծնվելու առնչությամբ ինձ առավելապես հուզել է մեկ հարց` կա՞ արդյոք այնպիսի սկիզբ, որն ինչ-որ բանի վերջը չէ։
219.
Խորշում եմ ոչխարի հետ կապված ամեն ինչից, մանավանդ անմեղությունից։
220.
Աստծո գործերն իրավ անքննելի են, բայց Նա այլևս գործ չունի մեզ հետ:
221.
Ինքնաճանաչողությունը երբեք չի պատասխանում «ով ես» հարցին, այն մշտապես ցույց է տալիս, թե ով չես։
222.
Մարդատյացն այդպիսին է լոկ այն բանի համար, որ իր մեջ տեսնում է այն, ինչն ատում է ուրիշների մեջ, բայց չափազանց եսասեր է ինքնաոչնչացման համար։
223.
Ուրիշի
տխրության մեջ օտար ես, ուրախության
մեջ` ավելորդ, եթե անգամ պատճառն
ես մեկի, կամ մյուսի։
224.
Դժբախտությունը վկա է փնտրում, երջանկությունը` հանդիսատես։ Վկա, թե հանդիսատես, երկու դեպքում էլ ճիշտ է լռությունը։
225.
Բանականության համար տխրությունն ինքնամաքրման վիճակ է, ուրախությունը` նիրհելու։ Չափազանց երկար տրվել ուրախությանը, նշանակում է բանականությանը ենթարկել երբևէ չարթնանալու վտանգի։
226.
Ինքնարարման
հավատամքը կրողները չեն կարող շեղվել
ճշմարտությունից, որ գոյը լույսի և խավարի հակադրություն է, բայց նաև չեն կարող հաշտ լինել այդ հակադրությանը,
առավել ևս կամակից լինել մեկին կամ մյուսին, քանզի նրանց
ճանաչողությունը միտված է ակունքին,
որտեղ դրանք միախառն են՝ մեկ են։
227.
Հակառակ
սպասածի` հենց գոյության անիմաստության զգացումն է զգայելի
դարձնում տիեզերքի շնչավորությունը, եթե չես կորսվում ու մնում ես ճանաչող։
228.
Երջանկությունը բնորոշ է հիմարներին, բայց ինձ պատահել են երջանիկ վիճակում մարդիկ, ովքեր հիմար չէին. նրանք բոլորը կրում էին կյանքի գին արժեցող գաղտնիք։
229.
Քանի դեռ հասկացված լինելու պահանջ ունես, ինքդ քեզ բավականաչափ չես հասկացել, իսկ
երբ ինքդ քեզ
բավականաչափ հասկանում ես, շրջապատող ամեն
ինչ դառնում է ավելի հասկանալի
անիմաստ։
230.
Ճշմարիտ իմաստասիրությունը, այսինքն այն, որում սերն անկեղծ է, երբեք չի արտահայտվում խրատով, պատգամով, առավել ևս, քարոզով, այն բացառապես ինքնասուզում է` ճամփորդների համար հյուրընկալ։
231.
Երբ
հիմարը ստանում է իշխանություն և որոշ ժամանակ անց հասկանում, որ իշխանությունից ավելի երկարակյաց են գաղափարները, այդուհետ վերածվում
է իմաստակի։
Իմաստակն իր իշխանությամբ բռնակալ է, բայց ավելի աղետաբեր, քան դրա սովորականը։
232.
Մենակությունը կարող է տալ այն, ինչ փնտրում է թմրամոլը, աստղագնացը, կամ, օրինակ, յոգը, ու սա ոչ թե մենակության, այլ ինքնասուզման մասին է։
233.
Անսահմանության մեջ ոչինչ, հավերժության մեջ` անցած ակնթարթ է գոյությունը մեր, իսկ
մենք դեռ ծրագրում ենք, թե ինչպես
ապրել։ Մարդը տիեզերքին հարաբերելի
միայն մեկ մեծություն ունի`հիմարություն։
234.
Հիվանդասենյակում
մեկուսացված խենթին, ով չի հասկանում իր ցմահ անազատությունը և զվարթ պլանավորում է ապագան, բարձրաձայնում` երազանքները, նայում ենք կարեկցանքով և/կամ ժպիտով։
Մարդու ինքն իր և գոյության մասին պատկերացումները պայմանավորված են հենց այս չիմացությամբ` արդյոք կա՞ տիեզերքում իրեն նույն կերպ հայող հայացք։
235.
Աղոթք ինքզինքը
Պահի՛ր ինձ խորքում ինքնասուզման, որտեղ մտահանգումներս չեն ունենա այլ հասցեատեր, քան ինքս եմ, ապա տա՛ր խորքն այն, որտեղ ինքս էլ չեմ լինի հասցեատեր։
Թու՛յլ տուր
ճաշակել բերկրանքն անպայմանական իմացականության, ընդունի՛ր ինքնազոհությունը հավատամքում ինքնարարման։
236.
Բոլոր նպատակների վերջում սպասում է «հուսախաբություն» փորագրությամբ գավաթ։ Նրանք, ովքեր չեն հասել, փոխարենը ազատվել են հուսախաբությունը գլխավերևում թափահարելու ծեսից։
237.
Մարդու գոյությունը վկայությունն է այն բանի, որ բնությունն ինչ-որ տեղ,
այնուամենայնիվ, խղճով է գործել և շեղվել է իրեն ներհատուկ կատարելությունից։
238.
Աստվածությունը բավարար չէ մեզ, մեզ միաժամանակյա ավերք է պետք։ Մենք չենք կարող սեր անել մեկի հետ, ով չի ցանկանա սպանել ու ապրեցնել մեզ նույն կրքով, որով մենք ենք սիրում սիրել, իսկ մենք չենք սիրում ողջ մնալ, մենք, ինքնարարներս, սիրում ենք վերածնվել։
239.
Հեղինակի հույզերը պետք է ոչնչանան նրա մարմնի հետ ու չշարունակեն իրենց անթաղ գոյությունը։ Մաքրասիրության այսպիսի պահանջ ունի արվեստում
ինքնարարի ճաշակը։
240.
«Հասկանում եմ քաղցդ, բայց էլ քեզ կերակրելու հույզեր չունեմ». ինքնարարը անխռով հրաժեշտ էր տալիս մարդուն։
241.
Ես այնքա՜ն թեթև կապրեի հավատալով կամ չհավատալով աստվածների գոյությանը, ինչպես
հավատում կամ չեն հավատում
սովորաբար, բայց բարձրագույն բանականությունն ինձ զրկել է այդ հիմարությունից։
242.
Նեռին ոչինչ այնքան չի գրավում, ինչքան ամոթը, դրա համար նա սիրում է հայտնվել աղոթատեղիներում. ուրիշ որտեղ գտնել ոգելից ըմպելիքի նման առատություն։
243.
Իրենց հաջողությունների մասին խոսելիս բոլորը լռում են պատահականության մասին, անհաջողությունների մասին խոսելիս` իրենց հիմարության. երբեմն որովհետև իրենք էլ չգիտեն այդ մասին։
Լսել ուրիշի պատմությունը` առանց փորձելու բացահայտել, առավել ևս, ուսանել դրանից` առանց բացահայտելու թաքնվածը, այլ բան չէ, քան սեփական մտքի ախտահարում։
244.
Երրորդ
բացատրությունը տալուց սկսած` արդեն
սովորական հիմար չես, այլ հիմար
ես, որին
լռությունն էլ այլևս չի կարող սքողել։
245.
Արդի հասարակությունը եսամոլների միավորում է` իրար վրա թքած ունենալու բոլորին ընդունելի նորմաների ամբողջությամբ, որի հին անվանումն է «բարոյականություն»։
246.
Մենակություն սիրողներ՝ անհաշվելի, բայց նրանց մեջ չկա գեթ մեկը, ով առաջին իսկ հարմար առիթին այդ սերը չդավաճանի։
Ներելու մշտնջենականությամբ՝ մենակությունն Աստված է։
247.
Քոնն
էլ փնտրում է քեզ, բայց արդյոք դու ա՛յն ես, ում նա կճանաչի։
248.
Առանց
խնդրանքի խորհուրդներ տալու լկտիությունից առավել` զազրելի է տալուց առաջ ներողություն
չխնդրելու անդաստիարակությունը։
249.
Ինքներս մեզ ուսուցիչ ենք ու ինքներս մեզ աշակերտ, բայց առավելապես լավ ուսուցիչ ենք և ծույլ աշակերտ։
250.
Կյանքը
կարճ է թվում միայն, երբ միալար է։ Իմաստավոր կյանքը կարող է երկարել ընդհուպ մինչև
հավերժություն։
251.
Յուրաքանչյուր
մարդ կյանքում սխալվում է երկու անգամ` մեկ և ընդմիշտ։
252.
Կյանքի
աղմկոտ ունայնությանը հակադրելու ոչինչ չկա, քան սեփական ունայնության անդորրը։
253.
Ամեն
ոք իմաստուն է այնքան, ինչքան կարողանում է նույնանալ ինքնախոսության լռակյաց կողմի
հետ, ու նույնչափ սակավախոս է, նույնչափ մենակ. նույնչափ իսկական։
254.
Չափազանց
աստվածասեր մեկը թոթափում էր իր հոգնությունը նեռի գրկում։
255.
Բազմացի՛ր,
միջակ, քանզի հարատևելու այլ եղանակ չունես։ Բազմացի՜ր, մարդ։
256.
Սերը կա ինքնաստվածություն։
257.
Նա, ով ինձ ճիշտ է կարդացել, լքել է ժամանակին։ Նա, ով ինձ գիտեր, վերջին շնչով պատգամել է գրիչս վայր չդնել։
258.
Բարձր բանականության համար անհարմարություն է ՆՈՐՄԱԼԸ, ՈՉԻՆՉԸ`
գերադասելի, երբ չկա լինելու ի՛ր հանգամանքը։
259.
Լինի տառապանքի այն մեծը, որ ավարտվի աստվածային հեշտանքով, կամ վայելքի այն շատը, որ անանց խումհար լինի, ու չլինի կանոնավոր այս կիսատը` մարդանալը չլինի։
260.
Եղի՛ր ինքնարարիս ծնող ու, միաժամանակ, շարունակությունը եղիր, անէ :
261.
Էականը, որ պետք է դաստիարակենք մեր մեջ ինքնարարման հավատամքում, փրկիչ չլինելն է. պետք է անխռով թույլ տանք, որ կործանվի այն, ինչը չունի ինքնապահպանության ներուժ և թույլ պետք է տանք ծնվի այն, ինչը ունի ծնվելու
համառություն։ Ի վերջո, ինքներս մեզ
պետք է թույլ տանք լինել:
262.
Մեզ, ինքնարարներիս,
ամենամոտը գայլն է`
տարբերությամբ, որ մենք մարսում ենք միայն ամենաառողջը, ամենաընտիրը, մեզ ամենամոտը։
263.
Մրցել ցանկալիի համար, հետո նրա, ինչ մնացել է, ապա ընդունել այն, ինչ բաժին կհասնի։
Բարձր ճաշակը մերժում է այս
կենդանականությունը, միաժամանակ թույլ է տալիս իրենը
վերցնելու վայրենությունը։
264.
Լավագույն հեքիաթն այն է, որը չի ավարտվում, բայց և կիսատ էլ չի մնում։
265.
Ամուլ
տառապանքը, ինչպես երջանկությունը, հիմարին բնորոշ վիճակ է՝ տարբերությամբ, որ այս դեպքում հիմարն ինքնաոչնչացվում է առանց հոգնեցնող աղմուկի։
Տառապանքը բեղմնավոր է միայն, երբ (ինքն)արարման է։
266.
Հոգու ինքնատիպ հատկությունն այն է, որ երբեք նույն տեղը երկրորդ անգամ չի ցավում։
267.
Եթե
փոխադարձություն չի ծագում ներսդ,
գիտեցիր` քեզ ուղղված սերն իսկական չէ,
ու քոնն էլ իսկական չէ, եթե չի ծնում սեր։ Ողբաբառաչանք բանաստեղծելուն պիտանի (ինքնա)խաբեություն է և(կամ) մոլորություն։
268.
Նեռն ավելի շատ հոգիներ է ուղարկել դրախտ,
քան կարողացել է գրավել Աստված։
Բայց սա ոչ Նեռի ու նրա պետքությունն ամենաշատը ունեցող Աստծո, ոչ էլ դրախտի մասին է, առավել ևս դրանց գոյության հիմնավորում չէ, այլ բնության մեջ ամենավախկոտ կենդանու էության մասին է, որը կոչվում է մարդ բանական։
269.
Ինչքա՜ն բարձր պետք է լինես, որ չունենաս հույս, նամանավանդ` հավատ, ինչքա՜ն սեր պետք է լինես ու մարդ չլինես։
270.
Արարչական է, երբ ստեղծագործության մեջ ոչ միայն և ոչ այնքան արարողի փորձն է, այլ նրա ինքնադաստիարակությունն առ այն, թե ինչ է փորձում կերտել ինքն իրենից։
271.
Երբ ցավում է, գնա հեռու։
Երբ շատ է ցավում, ավելի հեռու գնա,
... այնքան հեռու, որ ցավն էլ ցավա՝ մնաս դու։
272.
Հարկադրանքն առերևույթ է` ներքուստ միշտ համաձայնություն է։
273.
Երանի, երբ հոգեբան չէ, քահանա չէ, դատախազ չէ, դատավոր չէ, փաստաբան չէ, ...,
...պարզապես քոնն է։
274.
Չի կարող սահմանել «ինչպես ապրել»-ը, սակայն «ինչպես մեռնել»-ը թողնել բնության նախախնամությանը և կոչվել բարձր բանականության բարոյականություն։
275.
Հառնել տառապանքից նշանակում է հասնել այն կրելու զվարթության։
276.
Մարդկանց նկատմամբ ինքնարարման գաղափարաբանությունս, այլից զատ, պարզել է աստվածների գոյության իրական նպատակը ու դրանց անմահության պատճառը. մարդը պետք է մնա
անասուն։
277.
Մարդիկ դիակիրն են իրենց լավագույն եսի։
278.
Վասն ինքնարարման
Ինքնը պիտի ստեղծի բարձրագույն եսին և ինքն էլ լինի Նա։ Մարդու համար սրանից զատ այլ մեկնություն չպիտի ունենա կարելիությունը, որը հնչում է՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ, և չկա դրանից առավել ոչինչ, որը մարդը կարող է անել ինքզինքը։
279.
Նկատե՞լ եք` մարդն ամաչում
է խոսել հեշտի մասին, նրա ինքնարժեքավորման
նախապատմությունը միշտ դժվարի, մռայլի, ողբերգականի մասին է, որ արժեքը բարձր լինի, իսկ եթե ոչ` հորինում
է այն։
Բեռը էշի՛ հպարտությունն է` հիմարությունը` արժեքը։ Այս իմաստով` մարդն ավելի էշ է, քան էշը, իսկ էշն այդ ավելի պատմիչ է, քան պատմիչը։
Ըստ միաձևության կանոնի` աստված կարգվելու ի՜նչ հնարավորություն ունի էշը և ինչու՞
դեռ ոչ, կամ գուցե վաղու՜ց։
280.
Միակ վայրը, որտեղ հաջողվել է «Ամենքն անհատականություն են» և «Բոլորը հավասար են» հիմնադրույթների համադրությունը, կենդանաբանական
այգին է։ Համանման համադրություն, բայց իբրև ավելի փոքր
սոցիալական բջիջներ, պատահում է նաև որոշակի ցեղային և
ընտանեկան մոդելներում, որոնք առավելապես հայտնի են անասնաֆերմա և գոմ անվանումներով։
281.
Վասն կրոնականության, կամ խանդի տեղիքը «սուրբ» եռանձնության մեջ
Աստված ստեղծեց մարդուն
իր պատկերով, ապա մարդն իր պատկերով ստեղծեց նեռին։
282.
Թվաց գայլ է, ու, մարդու մորթին
վրայիցս նետելով, չորս թաթ վազքով սլացա, երբ լիալուսնի վրա տեսա ստվերապատկերը տեսակի` երբևէ հնարավոր ամենաբարձր ժայռին, ձիգ կեցվածքով, ականջները սուր ու մռութը դեպի վեր. կասկած չունեի, որ ինքնարարման կանչն է ոռնում։
Սակայն, երբ ջլատված թաթերով նվաճեցի բարձունքը, պարզվեց` սեփական հպարտության վրա կանգնած, ինքն իրեն երկրային ու երկնային թագավոր կարգելու ծես անցկացնող
ավանակ է, իսկ այն, ինչ հեռվից լսվում էր «ա ու՜», մոտիկից հնչում էր «ի՜ ա՜»։ Բայց ինքնարարման կիրքս ավելին էր, քան
վերջին հիասթափությունս ու, մտաբերելով մոխրում թավալվելու ավանակների մեծագույն սերը, ինքս ինձ այրեցի նրա առաջ` ժայռի եզրին :
283.
Ինքնարարի դարմանական
Ամենան բացառում է նույնի ավելին, ճանաչելը՝ նույնի կրկնվելը, իսկ ընդունելը՝ նույնը
մնալը:
284.
Մեղքն
ընդունելով` տղամարդը կնոջը զրկում է դատախաղից,
որը նա այնքա՜ն (ճշմարտությունից առավել) սիրում
է խաղալ`
միաժամանակ լինելով դատավոր, մեղադրող, պաշտպան։ Բայց խաղն ունի կարևոր նախապայման` ամբաստանյալը պետք է լինի կնոջ սիրելին։
Տղամարդը, ով հասկացել է, թե ինչքան կարևոր է կնոջն ուղղված հարգանքում նկատի առնել նրա կամշոտությունը, ներողություն կխնդրի, բայց մեղքը երբեք չի ընդունի։
285.
Անհատական աճին միտված բոլոր գաղափարաբանությունները, լավագույն դեպքում,
առաջարկում են լինել սեփական կյանքի ղեկավարը, այսինքն՝ բարձրագույն հպատակը։
Ինքնարարման գաղափարաբանությունը սեփական կյանքի հիմնադիրը լինելու պահանջ է դնում։
286.
Իմացությունն
ընդլայնում է բանտի սահմանները. ազատության զգացումը մեծանում է,
ազատությունը՝ ոչ։ Զգացումով ամենաազատը նրանք են, ովքեր չգիտեն, որ այն, ինչը
շրջապատում է իրենց, կոչվում է փշալար։ Ի վերջո,
տգետն ազատ է իր տգիտության չափ, գիտունն անազատ
է
իր գիտունության չափ։ Իրական ազատության ձգտումը տառապանքի կամավորություն է, իսկ կամավորությունը` ազատության իրականացում։
287.
Ամբոխը, ինչպես կինը, ճշմարտությունից առավել` սիրում է արդարադատությունն ԻՐ։
288.
Ամեն ոք իր «գիտեմ»-ի հալածյալն է, ինչպես իր սիրո։
289.
Ինքնարարի ոգեկոչ
Մենք չենք կարող բարուրվել ինքնախղճահարությամբ, բերանն առնել հպարտության ծծակը և քուն մտնել՝
ինչպես այլք։ Մեր արթմնությունը, եթե
անգամ ունի վերջ, ապա
միայն, եթե վայր ընկնենք ամենաբարձր
գագաթից`սեփական գլխից։
290.
Եթե հրավիրեմ հոգեհանգստիս ու հայտարարեմ, որ ի՛նքս էլ դիմավորելու եմ այցելուներին, ինչքան
տարակույս կհնչի, այդպես չէ՞,
ու քանի յուր(տար)օրինակ կներկայանա ժամադրության
վայր։ Բայց այլ կերպ չեմ
պատկերացնում, թե դրանից առավել ինչը
կարտահայտի լրիվությունը զգացմունքիս, որը կոչվում է ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ, փոխադարձությա՛մբ սիրիր։
291.
Այն նոր ինձը ճանաչելուց բացի, երբ որևէ մեկը հայտնվում է իմ կյանքում կամ դրանից չքվում, մարդկային հարաբերությունների այլ գրավչություն
չկա ինձ համար։ Ես սիրով եմ տրվում այդ գրավչությանը, դրանում ևս «վավաշոտ եմ», ու, առավել հաճախ, մարդկանց չքանալու հաճույքի։
Այս ամենից, իբրև հաճույքի հավերժականը, բացառություն
է այն ՄԵԿը, որը կոչվում է ՍՏԵՂԾԵԼ ԶՄԻՄԵԱՆՍ։
292.
Սահմանում
չէ այն, ինչը սկսվում է «Ինձ համար» բառակցությամբ, հետևաբար ճշմարտություն չէ: Անկախ «սահմանողի» հեղինակությունից, «սահմանման» շուրջ սոցիալական
համաձայնությունից և հարկադրանքից, թեկուզ մեկ «Ինձ համար»-ը հավասարապես արդարացի է, ինչպես «Բոլորի համար»-ը։
Այդպիսի հասկացությունների շուրջ վեճն իմաստ ունի միայն, քանի դեռ արվում է՝ որպես մտավարժանք
և չի վերաճել կռվի, այդուհետ, դա բոլոր մասնակիցներին
բնութագրող հիմարություն է։
Այնպիսի հիմնարար հասկացությունների մասին դատողությունները, ինչպիսիք են բարին ու չարը,
լավն ու վատը, ճիշտն ու
սխալը, հատկապես եթե դա արվում
է ինքնաճանաչողության
համար, պետք է սկսել՝ բացառելով «Ինձ համար»-ը, այսինքն ինքնահերքմամբ՝ ի վերջո հատելով
տեսածիրը, որտեղից սկսվում է «Առանց մարդու»
անդինյան կատարելությունը, ամենայն կարելիությունը։
293.
Ամենքը խոսում է, կամ սպասում խոսելու իր հանգամանքին` հերթին, ժամին, վայրին, ուրիշ մեկին։ Ոչ ոք չի լռում լսելու համար։
294.
Անկախ
գեղարվեստական բնորոշումներից` այնպիսի լռությունը,
որը չունի
վերմարդկային բովանդակություն, ընդամենը
սովորական անասունի հասարակ վիճակ է։
295.
Մի ամոթ է համակում ինձ դարերի խորքից, ուր հայտնվում եմ գրականությամբ. մարդը ո՛չ կարողացավ ինքն իրեն դաստիարակել ավելին, քան է, ո՛չ էլ կարողացավ մի կարգին աստված, որպես դաստիարակ, իր գլխին կարգել։ Ամեն բան պտտվում է նույն սռնու շուրջ, որը կոչվում է միջակություն։
296.
Նիցշեի գերմարդը պահանջում է սպանել Աստծուն, իսկ ինքնարարման պահանջն է սպանել Աստծո տերերին։
297.
Միջակությունն
այլ հավատամք
չունի, չի
կարող ունենալ։
Միջակության
միակ
«աստվածը»
հանրային կարծիքն
է։
298.
Ով
չի թագավորում իր մենակության մեջ, ստիպված է սպասավորել ուրիշի մենակությանը։
299.
Երբ
մտորումը ոչ ոք չի լսում, բայց այն ունի հասցեատեր և(կամ) վկա, կոչվում է արտաքին լռություն
(պայմանականորեն` ԼՌԵԼ ԽՈՍՔԸ)։ Երբ մտորումը չունի վկա և հասցեատեր, թեկուզ եթե այն
լսելի է, կոչվում է ներքին լռություն (պայմանականորեն` ԽՈՍԵԼ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ)։ Այսպիսով,
արտաքին լռությունը կարող է արտահայտվել ընդհուպ ներքին աղմուկով, բայց արտաքուստ միշտ
անձայն է, իսկ ներքին լռությունը կարող է արտահայտվել նաև ձայնով, բայց միշտ անաղմուկ
է։
Արտաքին
լռությունը ոչ այնքան իմաստնությանը, ինչքան էթիկային դասվող բան է, երբ մարդն ունենում
է իր աղմուկով միջավայրը չաղտոտելու խոհեմություն, հետևաբար, բացառապես մարդուն բնորոշ
և մարդուն բնորոշող է, իսկ ներքին լռությունն, անպայման, իմաստնություն է և այն կրողն
այլ ու ավելին է, քան մարդն է։
300.
Կյանքի
իմաստն ապրելն է, նպատակը` հարատևելը։ Հարատև է այն, ինչն ինքնարար է։
Մարդկանց,
որպեսզի համարվեն ինքնարարման գաղափարակիր, պակասում է նպատակի ընկալումը, իսկ իմաստին,
ակամա, միշտ են համահունչ` ըստ բնության սահմանած կենդանականության։
301.
Չարի
պարտությամբ հեքիաթը դառնում է չափազանց ձանձրալի պատմելու, կյանքը՝ ապրելու համար։
Բայց
չարից և բարուց անդին կա՛ անմարդկային ընտրություն՝ վերմարդկային գոյության։
302.
Ի՛նձ էլ, ինչպես բոլորին, կյանքը տվել է ընտրություն։ Ե՛ս էլ, ինչպես շատերը, կարող եմ տրվել դրախտի անհոգ տգիտությանը։ Բայց ինձ էլ, ինչպես ոմանց, (ինքնա)ճանաչողությունը ստիպում է պարբերաբար հայտնվել դժոխքում, սակայն բանը նրանում է, որ ես դա անում եմ սիրով ու անում եմ, որ սիրեմ։
303.
Դեռ
այնքա՜ն վաղ էր, որ կոչվեր բանական էակ, բայց արդեն ուզում էր լինել Աստված: Զավեշտալին
նրանում է, որ հաջողացրել է. դարագլուխ կատակերգություն։
304.
«Ամեն
ինչ, կամ ոչինչ»-ը, անկախ նրանից, որ այն երբեմն թվում է բարձր ճաշակի կամ արժանապատվության
դրսևորում, գեղեցիկ է միայն` որպես տապանագիր, և հենց որպես տապանագիր էլ վերծանվում
է մտքի ամբողջ իմաստը. ամենն ունի նա, ով արդեն ոչինչ է։
305.
Հիմնականում,
արտաքին պատերի հաստությունը վկայում է ներսի տգիտության մասին. կրոնական տաճարներ,
իշխանական ապարանքներ, ...., հիմարի համոզմունք։
306.
Ի
դեպ, ամեն նույն բանը կարելի է ապրել նաև ինչպես Աստված, ընդհուպ՝ մեղքը։ Ահա՛, թե
է՛լ ինչ ընտրություն կա, բացի մարդ կամ ավելի անասուն երկընտրանքից։
307.
Մեղքի
արարչականության մասին ճառը անընդհատ ընդհատվում էր մեղադրողի «Արդարացու՜մ» հեգնական
առարկությամբ` ամեն հաջորդող անգամ ավելի հաստատուն շեշտադրմամբ` կարծես հենց դրանից
է կախված վճիռը։ Մեղադրողն այդպես էլ, ընդհուպ մինչև կառափնարան, չհասկացավ, որ մարդասպան
(ինքնարարման) այդ դատաստանի հեղինակն ամբաստանյալն է, իսկ ինքը դեռ պետք է հասունանա
նաև նրա դահի՛ճը լինելու մեղքին։
308.
Յուրաքանչյուր
ազգ և անհատ աստվածահաճո է ճիշտ այնքան, ինչքան (ինքնա)ճանաչ և անարատ է իր մայրենի
լեզվամտածողությամբ։
309.
Գոյը
չունի սկիզբ և չունի վերջ։ Գոյն ինքնարար է։ Սկիզբ ու վերջ ունի միայն գոյաձևը։ Գիտակցականությունը
գոյաձև է։
Մարդու
համար հայտնի չէ այլ գոյաձև, քան այս գիտակցականն է։ Մահը գոյաձևի ավարտն է, հետևաբար,
որպես անմահություն էլ, մարդը ցանկանում է գոյաձևի (գիտակցական) հավերժացումը։ Բայց
գոյը կաշկանդված չէ մարդու (չ)իմացությամբ ։
Մարդն
էլ գոյ չէ` գոյաձև է:
310.
Կա
միայն հարաշարժ ներկա։
311.
Սերը երբեք և որևէ իմաստով պատկանելու մասին չէ։ Իսկ սիրել իրար նշանակում է հանդիպել նույն սիրո մեջ՝ առանց իմ ու քո։
312.
Սարից գլորեցի՝ ոտքի կանգնեց։
Խորտակեցի ծովում՝ լողաց։
Նետեցի անդունդը՝ ճախրեց։
Դիմացավ տապին ու ցրտին, ծարավին ու քաղցին, եթերային օդին
ու գերեզմանի անօդին։
Սպանում եմ՝ ինչպես անասունի, ողջ
է մնում՝ ինչպես Աստված.
ես՝ էլի, ինքն՝ ավելի ... ։
... բայց Աստվա՛ծ էլ պիտի մեռնի,
որ ինքնարարում լինի։
313.
Չկա կնոջ համար առավել ողբերգական
դրություն և այդ դրությունն առավել ամբողջական բնութագրող այլ բան, քան այն, երբ նա
կարող է կոչվել (համարվել) տղամարդ-կին։
Երբ կինը ցույց է տալիս իր ուժեղ
լինելը, այդ կերպ ակնարկում է «թույլ» լինելու տիեզերական իր իրավունքն իրացնելու պահանջի
մասին։ ... այդուհետ, երբ ստիպված է, նա լինում է ուժեղ՝ արդեն որպես կենակից տղամարդուն,
ապա, հատկապես դրա անգոյութան դեպքում, ամենայն տղամարդկայինին ուղղված արհամարհանք։
314.
... էական նշանակություն ունի՝ սահմանը
հատվել է ցածրով, թե` բարձրով. հենց միայն դա՛ էլ նշանակություն ունի։
315.
Մարդիկ խուսափում են ներանձնացումից,
քանզի փակ տարածքում զգալի է սեփական շնչառության գարշահոտը։ Ինքնասուզման մեջ գալիս
է մի աստիճան, որ դրանից հետոն անհնար է առանց ինքնամաքրման։
316.
Երբ մեկը դառնում է արքա, նրա ծնողն
ինքնաբերաբար դառնում է արքայածին, ..., աստվածացողի ծնողն էլ ինքնաբերաբար դառնում
է աստվածածին։ Կամքս այն է, որ նրանք, ովքեր եղել են (կան) ինքնարարմանս մասնակից,
ինձ հանդիպելուց իրենց հայտնաբերեն ավելի բարձրում, քան էին(են)։
Այլանդակ (այլ անդակ) այս գոյությունս
կոչվում է «Ես սեր եմ, մնացածը ես չեմ»։
317.
Նա, ով մահացավ այսօր, երեկ ծրագիր
ուներ վաղվա համար։ Արթնացի՛ր, ընդունի՛ր, թու՜յլ տուր քեզ։
318.
Մարդու և Աստծո միջև անդրադարձող
ամոթի լռություն է, Մարդու և Գերմարդու միջև` փոխադարձ արհամարհանքի։
Մարդու և Ինքնարարի միջև չկա փոխպայմանավորում. անտարբերության լռություն է։
319.
Կրկնությունը մահվան հրեշտակ է`
խրախճացող մարդկանց առօրյայում։
320.
Ինքնարարման ուրվականն առանձնահատուկ
սիրում է հայտնվել անկողնում` հատկապես թարմ և ճերմակ, ու երբ մարդու բոլոր վկաներն
անհետանում են խավարում, իսկ նրանց ձայները խլանում` քնին նախորդող թմրության մեջ,
նա շշնջում է բարձի միջից` բարև՜, միջակությու՛ն, կուզեի՞ր արարիչ լինել:
321.
Երկինքը՝ երկրպագում, հողը պատվում
է գիշատչին, իսկ զոհի դերը լոկ միջանկյալ է։
322.
Կյանքը հնարավոր չէ բացատրել. կարելի
է միայն մեկնաբանել։ Ուրեմն մեկնաբանել արարչաբա՜ր:
323.
Ցանկացած իմաստ իր բարձրակետում
աբսուրդ է։ Մարդիկ դրան հասնում են, երբ ստիպված են կամ ճանաչողության մոլագար, բոլոր
այլ դեպքերում նրանք գտնվում են իմաստալիության միջակայքում (իմաստալից միջակություն)։
Աբսուրդը մարդ բանականի ինքնասպանության
անդունդն է, ու ինքնասպաններից քչերին է հաջողվում իրենց թռիչքով բացահայտել, որ աբսուրդն
ունի հանդիպակաց ափ. այն խնձահովիտն է սահմանափակ ճանաչողության և ճանաչելիի անսահմանության
միջև։
324.
Երբևէ իմ տեսած ամենասիրուն ժպիտը
եղել է այն, որում մահացել էին բոլոր հույզերը։ Ես
այն միանգամից խորագրեցի «մահվան ժպիտ»։ Այն նույն չափ սառն էր, նույն կերպ` խորհրդավոր
ու այնքա՜ն իմաստավորող ապրելը։ Այդուհետ ես հափշտակված եմ ինքնարարման գաղափարով։
325.
Ինչպես գեղեցիկը
կարող է լինել
հանցավոր շատ,
այնպես էլ
իմաստնությունը` հրեշավոր
խորը։
326.
Նույնիսկ,
երբ ջնջվում են
(ինքնա)խաբեության
գույներն ու ի
հայտ գալիս`
սև ու սպիտակ
փաստերը, մարդիկ
հանգում են սխալի,
որովհետև վճռում են`
ըստ մեկ գույնի
գերակայության, իսկ
ճշմարտությունը միշտ
գորշ է։
327.
ՆԵՐՔԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
(տես՝ 298) ստեղծում
է ՁԱՅՆԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ,
որն արգելում է
ԱՐՏԱՔԻՆ ԱՂՄՈՒԿԻ թափանցումը
գիտակցություն։ Առանց
այս ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻԼՏՐԻ
հնարավոր չէ ունենալ
անպայմանական ինքնախոսություն
և ինքնախոսության անարատություն։
328.
Երբ ասվում է զարգացում, պետք է
նկատի ունենալ, որ այն ոչ թե մարդու փոխվելու, այլ նույնը մնալու միջոցների կատարելագործման
մասին է։ «Մարդ-աստվածների» և «մարդ-անասունների» գոյությունը փոխպայմանավորված է,
ահա՛ թե ինչի մասին է «մարդ մնալու» գաղափարաբանությունը, որի իմաստային ճգնաժամը չի
կարող անվերջ անտեսվել։ Ինչ-որ պահից սկսած` այս երկու դասակարգերը կշպրտեն «մարդ»
դիմակը։
329.
Հաջորդ կյանքի համար խոստումն ինքնարարի
մոտ չի կարող առաջացնել այլ զգացում, քան արհամարհանքն է խոստացողի հանդեպ, ու այլ
ցանկություն, քան, որ բոլոր վերջակետերը պետք է դնել ա՛յս մեկում։
330.
Դեռ չի պատահել, որ որևէ մեկի սերն
ամբոխի հանդեպ ավելանա իշխանական բարձունքին հասնելուց հետո, քան, որ եղել է մինչ այդ
կամ, գոնե, նույնը մնա, եթե անգամ այդ սերն է պատճառ եղել իշխանության ձգտելու։ Կարծես
հենց այդ բարձունքից է ավելի պարզորոշ այն, ինչը բացառում է սերն առ ամբոխը։ Նույնիսկ
ամբոխից սերվածն իշխանական բարձունքից արհամարհում է իր ծնողին, իսկ ծնողն ապա՝ իր
բոզորդուն։ Բայց սա այն մասին է, որ նա, ով իր մեջ չի բացահայտում ինքնիշխանության
բարձունքը ու բավականաչափ չի բարձրանում այն, սիրո հարցում մնում է «ծնողական ինքնախաբեության»
և «որդիական անառակության» միջակայքում սահմանափակված միջակություն։
Սերը կա ինքնարար բանականություն։
331.
Ինքնազոհության մեջ, միաժամանակ,
նուրբ երանգով արտահայտվում է ինքն իրեն զոհաբերողի արհամարհանքն առ նա, հանուն ում
կատարվում է զոհաբերությունը։ Անգամ աստվածաշնչյան հայտնի առասպելն ավելի շատ արհամարհանքի
ակտ է, քան սիրո հավատչյա։
332.
Ձեր սրբադասած բոլոր սերերը պայմանական
են։ Դուք չեք ընտրել ձեր ծնողին, ազգը, լեզուն, հայրենիքն ու կրոնը, իսկ հետո էլ (ինքնա)ճանաչողությամբ
չեք հաստատել։ Ապա ինչու՞ պետք է կարծել, որ այլ հարցերում ձեր կամքը կարող է լինել
ազատ, սերը` անպայմանական։
333.
Ամենքն էլ ինչ-որ չափով բացակա է
ներկայից. ամենքն էլ ինչ-որ չափով մեռած է։
334.
Ճանաչելով, միաժամանակ, արարվում
է ճանաչելին, հետևաբար, հայել նաև նշանակում է ստեղծել։ Ինքնահայեցումից զերծ մարդն
աստիճանաբար դադարում է լինել փիլիսոփայական նշանակությամբ սուբյեկտ (ճանաչող, արարիչ,
ես, պատճառ). այդպիսիք դառնում են (մնում են) ուրիշների հայեցման` ընդհուպ հայեցողության
օբյեկտ (հետևանք)։
Ո՛վ հակված է ինքնարարման, ի՛նքն
է ընտրում իրեն հայողին, ապա նաև ի՛նքն է ստեղծում նրան։
335.
Մարդու իմացությանը հասու չէ այն
ամենի էության ամբողջականությունը, որը չի արարվել իր կողմից։ Արարելու իմաստային լրիվությունը
պատկերացնելու համար բավական է այն, որ երեխա ծնելն, անգամ, արարչություն չէ` նախ,
որովհետև ծնվելը դեռ բովանդակվել չէ։
Իսկ ինքնաճանաչ կարող է լինել
միայն ինքնարարը։
336.
Ինչքան հաճախ ու ինչքա՜ն բաներ ենք
իմաստավորել միայն նրա համար, որ դրանց անիմաստությունից չձանձրանանք, ընդհուպ՝ ինքներս
մեզնից ու մերձավորներից։ Ինչքա՜ն հաճախ ենք սիրել, զերծ մնացել սպանել-ինքնասպանվելուց
հենց ա՛յս աճպարարության շնորհիվ։ Կամ, գուցե, պետք է լրջորեն խորհել՝ ուրվական
չե՛նք արդյոք իմաստազուրկ աշխարհում։
337.
«Ինքնարարում»-ը լրացնում է ինչպես
Շոպենհաուերի «Կամք»-ը և «Կամքի իմաստը հենց կամքի (ինքն իր) մեջ է»-ն, այնպես էլ Նիցշեի
«Կամք՝ առ իշխանություն»-ը. միայն ինքնարարումը կարող է լինել անսպառ` որպես նպատակ
և բարձրագույն` որպես իշխանություն։
338.
Ուրիշի թերությունը, սխալը, մեղքը
չունի օգտագործելու այլ առաքինի նպատակ, քան ինքնադաստիարակությունն է։
339.
Բոլոր ժամանակներում մարդկային անշնորհակալությունն
ամենաշատն արտահայտվել է պատահականության նկատմամբ, ինչը, թերևս, անմեղացված է տգիտությամբ,
եթե, իհարկե, անտեսենք «ամենքն ի ծնե մեղավոր են»-ի և «ամենքն ի ծնե տգետ են»-ի նույնությունը
(մյուս մեղքերն ածանցյալ են) որից, սակայն, քավության քչերն են ձգտում, իսկ ավելի քչերը՝
հասնում։
340.
Այո՛, ես անաստված եմ. մարդկանց
մեջ միայն աստվածայինն եմ սիրում, բայց նրանք համառորեն մնում են մարդ, իսկ համառության
մեջ` աղանդավոր։
341.
Այն, որը շարունակում է արարել ինքն
իրեն` այդ կերպ և իր արարչին, երբ վերջինս արդեն չկա, համարվում է ինքնարարական։ Ես
իմ փիլիսոփայությանը տալիս եմ այդ կամքն ու կիրքը` իմ ամենն ու ամենան։
342.
Շուրջը, հեռվում, ամենուր բոլորն
անդադար իրար ինչ-որ բաներ են պատմում, ինչ-որ բաներ` բացատրում, ինչ-որ բաներում`
համոզում, բայց պարզվում է` բոլորը խոսում են նույն բանի մասին։ Յուրաքանչյուրին թվում
է, թե իր պատմությունը հատուկ է, իր հասկացածն` ավելին, իմացածը` միակ ճշմարիտ։ Գրողը
տանի, հիմարներն այնքան ներդաշնակ են աղմկում, որ լուռ ներկայությունն անգամ ավելորդություն
է։
Որտե՞ղ լռել հատուկը, ավելին, ճշմարիտը:
343.
Բարձրակարգ բնավորության տեր անձին
վիրավորական է ո՛չ այնքան խաբեությունն ինքնին, որքան երբ դա փորձում են անել պարզունակ
եղանակով, քանզի դա նշանակում է, որ անձը չհարգելուց զատ, անարգում են նաև նրա բանականությունը։
Իսկ ինքնախաբեությունն անարգանք է, որը նա երբեք չի ներում, եթե անգամ այն ուրիշինն
է։
344.
Ինքնարարում. ինքնուրույնացում
(բազմա)տիեզերքի ինքնարարության մեջ։ Ինքնագիտակցումն այլ ճակատագիր չունի։
345.
Հիմարը թշվառ է, երբ, միաժամանակ,
տգեղ է։
Միայն գեղեցկության բախտավորությունը
ժամանակավոր ու անկայուն է։
Իմաստունի համար գեղեցկությունը
հավելյալ զարդ է, բայց երբեք երջանկության պայման չէ, իսկ բացակայությունն էլ դժբախտության
պատճառ չէ։ Ընդհանրապես, իմաստնության հատկանիշն այն է, որ այն երբեք չի լինում
երջանիկ կամ դժբախտ ու միշտ անդին է հիմարության այդ երկու ծայրագույն աստիճաններից։
346.
Ամենքը «նորանում է» այնքան հաճախ,
ինչքան հաճախ է առնչվում կյանքի աբսուրդին ու բարձրանում է այնքան բարձր, ինչքան խորն
է բացահայտում աբսուրդը։
347.
Չկա առավել մեծ անձնազոհություն,
քան մարդկային բոլոր սերերի զոհաբերումը, և չկա դրա համար առավել բարձր նպատակ, քան
ինքնարարմամբ մարդուն հաղթահարելը։
348.
Ինքնիշխանի մանիֆեստ
Ջնջի՛ր քո մեջ այն ամենը, ինչը սովորույթ
է, պատահական է և ժառանգած. եղի՛ր ինքնարար, կամ, գոնե, գերմարդ։
349.
Նա, ով ուրիշին կոչում է իր կյանքի
ուսուցիչ, այդ կերպ հայտարարում է իր աշակերտական (ցածրորակ) պատասխանատվության մասին։
Նա, ով չի առարկում նման կոչմանը, բացահայտում է իրեն՝ որպես ուրիշի աշակերտական միամտության
վաշխառու։
350.
Ոչ միայն խոսքն ու միտքը, նաև լռությունն
է տարբեր լեզուներով։ Լռություն կա երկխոսություն է, բայց կա նաև՝ երկխոսության բացակայություն
է։ Կա, որ լռում են իմաստնաբար, կա որ` հիմարաբար։ Լռություն կա բարձրի է, կա, որ ցածրի
է ու միջակի։ Ի վերջո, կա լռություն, որում Աստված է, կա, որում սովորական անասուն
է։ Ընդհանրապես, լռությունը միջոց ու վիճա՞կ է (գործիքային լռություն) թե՞ նպատակ
ու էություն (գոյաբանական լռություն) էականորեն տարբեր բաներ են, բայց այնքա՜ն շփոթած։
351.
Ամբոխը սեփական կյանքից դասալիք
մարդկանց միավորում է։ Թեպետ սոցիալական հաղորդակցության
ակտիվությունը նմանների հատկանիշն է, բայց ամբոխից խուսափողն էլ միշտ չէ, որ ինքնաբավ
է, քանզի պատահում են անասուններ, որոնք հոտից անջատ են արածում։
352.
Յուրաքանչյուր պետություն, հասարակություն
և ծնող փորձում է երեխայի մեջ սպանել նրա սեփական կյանքը և դնել իրենը, ու երեխաներից
քչերին է հաջողվում փրկվել, իսկ ավելի ճիշտ է ասել` հարություն առնել։ Մարդկանց
ծնունդը, առավելապես, ոչ թե նորի հայտնություն է, այլ նույնի բազմացում։
353.
Որտեղ տգիտությունը չի ընկալվում
որպես ծանր հանցագործություն, ծուլությունը` մեղք, իսկ ինքնաճանաչողությունը` առաքելություն,
չի կարող լինել բանականորեն առողջ, ապրելակարգով հոգևոր և գոյությամբ իմաստավոր հասարակություն։
Ըստ այդմ, կարելի է որոշել յուրաքանչյուր հանրույթի հիվանդության տեսակն ու աստիճանը`
հաճախ պարզելով, որ ոչ միայն բուժական դաստիարակության, նաև փրկչական անդամահատության
համար է ուշ. պետք է հերձել։
354.
Երբ թվում է ամենադժբախտն ես, նշանակում
է՝ այդ պահին ճիշտ երաժշտություն չի հնչում։ Երբ թվում է ամենաերջանիկն ես, այդ
պահին ևս ճիշտ երաժշտություն չի հնչում։ Առհասարակ, միշտ թվում է ավելի շատ, քան կա
կամ լինում է, բայց այստեղ բանն առաջնահերթ երաժշտության վերմարդկային իսկության մասին
է։ Ճիշտ երաժշտության անհայտության պարագայում ճիշտ է լսել դրա անսխալականը,
որը կոչվում է ներքին լռություն։
355.
Հնարավոր չէ սիրել տկար մարմինը, տկար հոգին, եթե անգամ բանականությունն է առողջ (եթե) ու եթե չշփոթենք սերն ու կարեկցանքը, սերն ու փառամոլությունը։ Առողջությունն ինքնասիրության բնական հիմքն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև երկրների պարագայում, ինչպես, օրինակ` Հայաստանի, որը երբեք չի ունեցել երկիրը սիրող իշխանություն, որովհետև երբեք չի ունեցել առողջ ժողովուրդ։
356.
Ուրիշին տրվելուց մի քիչ խնայող
է պետք լինել, սիրո մեջ` մի քիչ եսասեր, որ կողոպտվելուց հետո ինքնացանման հող ու սերմ
ունենաս։
357.
Եթե լինել արբանյակ, ապա միայն Արեգակի.
եթե ոչ ինքնարար, ապա միայն ինչպես նիցշեական Զրադաշտ։
358.
Խիղճը կարող է այնքա՜ն անտեղի փրկել,
իսկ հպարտությունը՝ նույնքան անտեղի սպանել, հետևաբար այնտեղ, որտեղ ներկա է մարդկային
(միջակ) սիրո այս առաքյալներից թեկուզ մեկը, նշանակում է՝ այնտեղ բացակայում է ինքնարար
(բացարձակ) սերը։
359.
Ով ինքն իրեն բավականաչափ չունի,
ստիպված է ապավինել ուրիշին, հանգամանքին, բախտին՝ վերածվելով խամաճիկի այդ «եռագլուխ
տիկնիկավարի» համար։ Այդպիսիք հաճախ են առիթ ունենում վիճակների, երբ անհամբերությամբ
սպասում են ժամանակի անցմանը, ինչը համարժեք է ապրելու ժամանակը կրճատելուն։ Այսպիսով՝
իր «ինքն»-ի և «դու»-ի միջև ճանաչողական երկխոսության բացակայությամբ մարդուց կերտվում
է ամենօրյա ինքնասպանությամբ գոյատևող հպատակը։ Մարդիկ, մեծամասամբ, կենդանական
աշխարհում ջոկվում են ոչ թե իբրև բանական էակ, այլ իբրև անձնասպան անասուն։
360.
Վայրը, որտեղ ստրուկը հպարտ է, կոչվում
է հայրենիք։ Որտեղ ստրուկը խեղճ է, կոչվում է գաղութ։ Հայրենիքից ու գաղութից առավել`
ստրուկն արտասահմանն է սիրում, քանզի այնտեղ նա կարող է լինել անտարբեր։ Ի վերջո, ստրուկի
բոլոր սերերն են «արտասահմանյան»` սերն առ հայրենիք, սերն առ ազատություն, սերն առ
ինքնը։
361.
Երբ արդար չէ, բարի է կամ չար։ Երբ
իսկական չէ, լավ է կամ վատ։ Երբ սեր չէ, ճիշտ է կամ սխալ։ Երբ մարդկային չէ, անմարդկային
է կամ վերմարդկային։
Երբ ինքնարար է, ինչպես տիեզերքը,
բնությունը, սերը, միշտ անդին է բարուց և չարից, լավ ու վատից, ճիշտ ու սխալից և, ինչպես
տիեզերքը, բնությունը, սերը, անմարդկային է ու վերմարդկային։
362.
Մարդու ամենաազնիվ և խորազգա զգայարանը հոտառությունն է։ Կարելի է ասել՝ հոտառությունը ոչ թե մարմնի, այլ հոգու զգայարան է. հինգից հենց նրանով է ճանաչում, ընտրում և ընդունում հոգին ու այնքան անսխալական, որ կարելի է բանաձևել «Քոնը նա է, ով քոնն է հոտով» աքսիոմը։
363.
Վերջերս առիթ ունեցա մասնակցելու
հոգեհանգստի արարողության. ներկաներից միայն հանգուցյալն էր իսկական։ Հետո առիթ ունեցա
մասնակցելու տոնախմբության. հանգուցյալի կարիք կար։ Փորձեցի հակառակ ծայրահեղության
մեջ գտնել կորսվածը. քանդեցի առաջին պատահած խանձարուրը` արդեն կեղծված էր։
Հիմա փորձում եմ հասկանալ` երազ
էր, ցնորք, թե իրականություն։
364.
Հանդիսատեսը դատավոր է, որը պատասխանատվություն
չի կրում իր որոշումների համար, սակայն այդ որոշումները ստեղծում են բախտորոշ հետևանքներ
մշակութային և հանրային կյանքի այլ ոլորտներում, ընդհուպ՝ անհատի ճակատագրում։ Այսպիսով՝
հանդիսատեսը նաև աստված է ու, միաժամանակ, քմահաճ երեխա. նրան դաստիարակող մտրակը միշտ
պետք է տաք պահել կամ ապրել նրա ստեղծած դժոխքում։
365.
Մարդկային եռերգություն
Երեկո է, բոլորը մրցում են իրենց
երջանկությամբ։ Գիշեր է, ամենքն առանձնանում են սեփական բարձին լացելու համար։ Առավոտ
է, բոլորի դեմքին նույն ամոթխած ժպիտն է՝ երեկոյի հիշողության ու գիշերվա գաղտնիքի։
366.
Ինքնարարմանը նախորդում է երեք լռություն`
խոսքի, մտքի, գոյաբանական, երեք մենակացում` ֆիզիկական, զգացմունքային, հոգևոր կամ
փիլիսոփայական և երեք վերադարձ` հաղորդման, հայտնության, ինքնասերմանման։
367.
Ինքնարարման դաստիարակությունս թույլ
չի տալիս խառնվել ուրիշի հաճույքին։ Երբ մեկն ուզում է տառապել, ես չեմ միջամտում նրա
հեշտանքին։ Տառապելը ցանկություն է, մնացածը` առիթ: Ցանկություն են բոլոր ապրումները։
Առհասարակ, ամենը, ինչ պատահում է մարդուն, ու նաև ամենքը, պատահում են նրա գոյաբանական
կամք-կրքով ու երբեք ոչինչ չի պատահում դրանից դուրս կամ դրան հակառակ։
«Ճանաչիր քեզ» նշանակում է ճանաչիր
գոյաբանական կամք-կիրքդ։
368.
Այն բանից հետո, երբ տեսավ, թե ինչպես
են ոչխարները ուտում հովվին ու շանը, գայլը ոռնում է լուսինն առ։
369.
Ամբոխը բութ է` ինչպես անասնահոտը, ու, ինչպես անասնահոտը, հարմարվող. կոտորվում է` մինչև չորս ոտ, բայց շարունակում է ապրել, կարծես ոչ ոք չի պակասել։ Վտանգ, թե ապահովություն, նույն կերպ է արձագանքում. ուտում է` մինչև տապալում ու, մինչև հերթական մորթը, բազմանում։
370.
Ոչ ոք չի փոխվում. ամենքն իսկականությամբ
ավելանում են կամ պակասում, մնացյալը սպառման կերպարանքներ են։ Հավերժանոր է միայն
այն, ինչն ինքնարար է։
371.
«Հոգ չէ մարդկանց համատարած մանրանալը
մինչև ավազահատիկ. մեծ միայնակին մեծ անապատ է պետք, իսկ մեծ անապատին` խորը ջրհոր։».
Այս խոսքերով է ինքնարարը դիմում իր սրտին, երբ բարձրանում է հերթական ավազափոշին։
372.
Մարդիկ ամենաշատն իրենց կասկածին
են հավատում։
373.
Այլ կլինի աշխարհն առանց ինձ պես
իրեն հայողի, բայց նման կարոտ գոյություն ունենալու համար արժե, որ կա մահը։
374.
Եթե մեղք, ապա այնքա՜ն արարչական,
որ մեղք լինի այն մեղք համարելը։ Իմ բոլոր սերերը նույն մեղքից են, բոլոր մեղքերը՝
նույն սիրուց. սա՛ է իմ պառկած ութը՝ իմ հանգույցն ու թևերը։
375.
Լեզուներից կատարյալը պատահականությունն
է։ Դրանով են խոսում տիեզերքը, աստվածներն ու սերը։
376.
Իմաստնությունը ոչ այնքան իմացություն
է, ինչքան ինքն իր հետ անկեղծ լինելու ունակություն։ Այդ պատճառով իմաստնությունը
համբերության, համարձակության և համեստության եռամիասնություն է։
377.
Որում
բացակայում է աղոթողի ինքնը ու ներկա է միայն եսը, բացակայում է Աստված. այն, ինչ սովորաբար
հանդիպում է, կոչվում է անաստված աղոթք։
378.
Իմ լռությունը, ձանձրույթն ու ինքնաբավությունը
սոցիալական հարաբերություններում պայմանավորված է նրանով, որ միշտ ուրիշի մտքերում
փնտրում եմ նրա սեփականը, նրա մեջ` իր իսկականը։
379.
Նրան, ում հանրային կարծիքը համարում
է անհատականություն, լոկ ամբոխից պոկված մասնիկ է, ում գոյությունը, սակայն, պայմանավորված
է նույն ամբոխի հետ ձգողականությամբ։ Անձնավորության իսկությամբ անհատականություն
է նա, ում էությունն ունի գոյության սեփական առանցք։
380.
Մարդիկ սովորաբար փնտրում են նրանց,
ում ներկայությամբ կարող են լինել նվազ միայնակ, ու հենց դրանով էլ նրանք մարդ են,
իսկ իմ կամք-կիրքը ոռնում է նրանց, ում ներկայությամբ կարող եմ լինել միայնակությամբ
բացարձակ։
381.
Տարերային խոստովանություն
Գոլորշացրել եմ բոլոր հույզերս,
ու դրանք ամպել են գլխիս` այնքա՜ն գորշ, այնքա՜ն հղի։ Տնքում է երկինքը` ինչպես կիրքս
և մռնչում է` ինչպես կամքս, ինչպես կուրծքս` դողում է արարչական աղետի տենչանքից, բայց
դու դեռ ծիկրակում ես ինձ։
Մեծն իմ լուսատու, մայր իմ հավատամքի
ու հայր, իսկական է սերդ առ ինձ` ինչպես լույսդ ու անկասկածելի` ինչպես խավարս, գիտե՜մ,
բայց իմն էլ անզիջում իսկության է, ինքնակերտ ու ես չեմ կարող չտրվել լուսնի գայթակղությանը.
ես պիտի՜։
Թող եղիցի՛, թու՜յլ տուր հնչի օրորոցայինն
ինքնարարի։
382.
Ինքնաճանաչողության ամենանուրբ հեգնանքը
կայանում է նրանում, որ ամեն անգամ, երբ թվում է արդեն բացարձակ է մենակությունը, մեկն
անպայման հեռանում է։
383.
Բարձր ճաշակին հաճո չէ մարդամոտությունը,
որն այն կրողին դարձնում է բոլորինը՝ ինչպես բակի շներին։ Նմանների հետ էլ՝ ոչ ավելի
մոտ, քան պարզած ոտքի երկարությունն է։
384.
Ա՜խ այդ կիսատող հույսը. այդ կեղծ
փրկիչն ու ինքնարարման հակոտնյան, սիրո և ինքնասիրության այդ թշնամին, կամքը հեգնող
այդ գաճաճ ծաղրածուն։
385.
Իմաստն անմահանալը չէ. ի վերջո նման
արտոնություն ոչ ոք չունի։ Հարատևելն էլ իմաստը չէ. կրկնությունն ինքնին մահ է։ Իմաստն
արթնանալն է, որի համար կա ապրելը ու արժե մեռնելը։
386.
Կյանքը, ինչպես կինը, ինքնին է ողբերգական,
հետևաբար ողբերգությունն ավելորդ մարդկայնացնելու պետք չկա։ Կյանքի հետ, ինչպես կնոջ,
միայն հաշտություն է հնարավոր. հակառակ դեպքում նա միշտ հաղթող է։ Երբ կյանքի հետ հաշտության
ես հասնում անդունդի եզրին, պարզվում է, որ նա նաև զվարճասեր է, ինչպես կինը, ու հենց
այդտեղ՝ սահմանագծին, ամեն անգամ, երբ հանկարծ սայթաքում ես, նա, ինչպես կինը, մերկացնում
է իր ողջ ողբերգակատակերգակ էությունը։ Կյանքը, ինչպես կինը, սիրում է այդ մերկացումը.
նա հենց միայն դա էլ սիրում է, ու ԵԹԵ ԱՄԵՆԸ ՉԼԻՆԵՐ ԿԻՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՍԵԼ, ՈՐ
ԿՅԱՆՔՆ Է ԿԻՆԸ։
387.
Հիմար տղամարդու համար կինը կրոն
է կամ սնահավատություն, իմաստունի համար՝ բնության տարերք։ Հիմարը փնտրում է հավատ
կամ սովորույթ, իմաստունը` առեղծված։ Հիմարն ապրում է ճակատագրով, իմաստունը` ճանաչողությամբ։
Հիմարը գտնում է հաճախ, իմաստունը երբեմն հանդիպում է։
388.
Մարդն անհեթեթություն
է` անգամ
որպես անցումային
գոյաձև։
389.
Պատահում է,
որ մարդը հայտնվում
է գաղափարական կղզում։
Պատահում է, որ
կղզին հայտնվում է
նույն լեզվամտածողության
օվկիանում։ Պատահում է
անգամ, որ
օվկիանը նույն արյունից
է։ Ի տարբերություն
մարդու՝ ինքնարարի համար
այս նույնն անհրաժեշտություն
է, ընտրություն է
ու կամք։
390.
Իմաստնությունն սկսվում
է արթնանալուն հաջորդող
մեռնելու ցանկությունը հաղթահարելուց
հետո։ Ո՜վ կա արթմնի, և իբրև ո՜վ:
391.
Մարդկային կյանքն
իմաստ է ստանում
միայն այն մերժելով։
Այդ «ՈՉ»-ն
է այն լարը
(իմաստ), որն
անցնում է անհեթեթության
անդունդի վրայով՝ ներքևում
թողնելով անասունին և
իր բոլոր աստվածների
գերեզմանը։
392.
Ոչ ոք
արժանի չէ այն
ամենին, ինչ
ունի (միշտ
ավելին է կամ
պակաս) բայց
յուրաքանչյուրն արժանի
է այն ամենին,
ինչ չունի։
393.
Դժվար բան
է ինքն իրեն
սիրելը. հենց
սրանում է, որ
շատերն առանց ուրիշ(ներ)ի
անկարող են։ Շատ
հարաբերություններ գոյություն
ունեն միայն այն
պատճառով, որ
դրանցում բացակայում է
մասնակիցներից յուրաքանչյուրի
ինքնասիրությունը։
394.
Կամրջի՛ր
ափերս, անէ,
որ ԵՍս հանդիպի
ԻՆՔՆիս ու
պարտվի նրան։
395.
Ոչ ոք
չկա. կան
միայն ուրիշները։
396.
Հույսի և
հավատի իմացականությունը
չի կարող ճանաչել
նրա չգիտեմի իմաստնությունը,
լավ ու վատի
բարոյականությունը` նրա
սիրո կարելիությունը,
բարու և չարի
սովորութականությունը` նրա
այնկողմնային իսկականությունը.
սև ու սպիտակի
մարդակերպությունը չի
կարող տեսնել ինքնարարի
գորշականությունը։
397.
Դու մենակ
ես, կեղծիքը
շատ է, իսկ
մահն` անխուսափելի,
ուստի փրկող ձեռքերի
փոխարեն փնտրիր այն
ձեռքը, որը
բռնելով ավելի վստահ
կմեռնես, քանզի
դա ձեռքն է
անվերապահ հարազատի։
398.
Նետվում եմ անհատակ անդունդը` խավար
է, բայց շուրջս նկատում եմ հետընթաց ժայռեր, իսկ երբ հայտնվում եմ մեջքնիվայր, վերևում
տեսնում եմ աստղեր` անկմանս հետ պայծառացող ավելի։ Այս պատկերացումը հոգիս
հանգստացնում է մարդ լինելու հոգնությունից։
399.
Եթե իմանայիր,
թե ինչպես ես
ապրում իմ ներսում,
կհրաժարվեիր անգամ միակ
կյանքից։ Եթե իմանայիր,
թե ով ես
իմ ներսում,
չէիր ցանկանա լինել
ուրիշ մեկը`
նույնիսկ հազար կյանքում։
Բայց դու չգիտես
և ստիպված ես
ապրել միակ կյանքդ`
ուրիշ մեկում։
400.
Մահին հաղթելու
միակ ձևն ինքնասպանությունն
է, իսկ կյանքն
անպարտելի է։ Դրա
համար էլ կա
սերը` որպես
կյանքին տրվելու ինքնասպանություն։
401.
Այն, ինչի
մեկնարկը տրվել է
Նոյյան տապանից իջած
անասուններով, չէր
կարող ստացվել այլ
բան, քան
ստացվել է։
402.
Հեշտ է
քեզանից պաշտպանվել ամբոխի
մեջ, բայց
ես չեմ կարող
երկար դիմանալ առանց
մենության, որտեղ
դու ներս ես
գալիս բոլոր զգայարաններով
ու տիրում ողջս։
Դու այնքա՜ն հաճախ
ես սպանում ինձ,
իսկ ես այնքա՜ն
հազվադեպ եմ հարություն
առնում, բայց
ես չեմ ուզում,
ինչպես Աստված՝ թեկուզ
որ արգանդակից ենք,
անվերջ մեռնել.
եթե չես կարող
ունենալ ինձ՝ որպես
ինքնարարի, ապա
վերջացրու ինձ՝ որպես
անասունի, ո՜վ
Կին՝ ո՜վ Տիեզերք՝
ո՜վ Անէ։
403.
Ես սկզբունքորեն
դեմ չեմ Աստծո
գաղափարին՝ այն իմաստով,
որ ամենքը կարող
են տարբեր կերպ
անվանել տիեզերական այն
մեծ անհայտությունը,
որի ճանաչողության մեջ
դեռ չնչին է
մարդկային իմացությունը։ Ես
դեմ եմ կրոնի,
աղանդի, պաշտամունքի
մեջ այդ Աստվածների
բանտարկությանը, առավել
ևս դրանց հակադրությանը.
զավեշտալի է
այն մրցակցությունը,
որում, ըստ
երևույթին, մասնակիցներից
յուրաքանչյուրը պնդում
է, որ
իր անգիտությունը
մյուսի անգիտությունից
ավելի ճշմարիտ է։
Բայց սա՛ էլ,
ինչպես ցանկացած հիմարություն,
ունի իր շահն
ու դիտավորությունը։
404.
Եթե գեղեցիկ
կինը միաժամանակ իմաստուն
է, նշանակում է
նրա ստեղծմանը մասնակցել
է նաև Նեռը։ Եթե
կինը միայն գեղեցիկ
է, նշանակում է
նրան ստեղծել է
բնությունը։ Եթե
կինը միայն իմաստուն
է, նշանակում է
նրան ստեղծել է
ճակատագիրը։ Կնոջ
ստեղծման գործում
Աստված ձեռնպահ
է։
405.
Ով կա
այստեղ այնկողմնային.
հարց ինքզինքը,
որի պատասխանն ավելի
սարսափելի է, քան
դարավոր լռությունը։
406.
Չարի և
բարու, ուժեղի
և թույլի,
քչի և շատի
մեջ չէ բանը
բնավ, ոչ
էլ, նամանավանդ,
արդարության, սիրո
կամ հավատի․
բոլոր պարտությունները
կիսատությունից են։
Եթե անգամ մեկն
է ընդդեմ աշխարհի,
պարտվել է՝ նշանակում
է իսկությամբ կիսատ
է եղել։
407.
Ուրիշը տեսնելու
նախապայման, առավել
ևս, պայմանականություն
չունի, դրա
համար է, որ
նախընտրում եմ նրա
հայելը մերձավորից։ Ինչքան
ուրիշ, այնքան
անպայմանական, ու
ինձ գայթակղում է
այն ուրիշը,
որը հայում է
մարդուց դուրս,
աշխարհից անդին`
թեկուզ եթե դա
արհամարհանք է` բայց
մաքրամաքու՜ր։
408.
Ամեն անգամ,
երբ ինձ հաջողվում
է «թումանյանական»
մանկան քուն մտնել,
դա ինձ հուշում
է, որ նախորդիվ
հերթական «մեկս»
սպանվել է։
409.
Մարդն ավելի
մոտ է անասունին,
քան կուզեր լինել
և ավելի նման,
քան փորձում է
չերևալ։ Անասունից մարդու հեռացումը վազք է անիվի մեջ։
410.
Ես երբեք
այն չեմ ընկալել՝
որպես զվարճության հականիշ
և վշտի,
ձանձրույթի հոմանիշ։ Այն
ինձ համար հազվադեպ
է եղել հետևանք.
ես ավելի շատ
փնտրել եմ այն
արտահայտելու պատճառներ,
ապա նաև հորինել
եմ դրանք։ Նրա
կարճատև բացակայությունն
ինձ ավելի շատ
է անհանգստացրել,
քան տևական թանձր
ներկայությունը։ Նա
ավելի շատ հայտնվել
է ակամա,
քան արձագանքել է
իմ փնտրելուն իրեն։
Տխրությունը կա`
որպես իմ իսկության
հատկանիշ, ինչպես
սերն ու ինքնարարման
կամք/կիրքը։
411.
Գեղեցկությունը,
որն արհամարհում է
իմաստնությանը, ի
վերջո խամրում է,
բայց անգամ դրանում
է իմաստնությունը գեղեցկություն
տեսնում։
412.
Կյանքի խորը
ընկալման դեպքում անհնար
է մահը չդիտարկել
որպես ազատություն։
413.
Ինձ գայթակղում
է այն համեստությունը,
որն իր ետևում
զսպում է այնպիսի
գաղտնիք, որի
դուրս գալը կարող
է ոչնչացնել շուրջն
ամեն բան՝ ներառյալ
ինձ, ու
ինձ դուր է
գալիս, երբ
ճանաչելու կրքի զսպվածությամբ
մոտենում եմ դռանը,
բայց չեմ հասցնում
թակել. այն
հանկարծակի բացվում և
գաղտնիքը գողանում է
ինձ։
414.
Պատրա՞ստ ես,
ունենալու համար այն,
ինչ ունի ուրիշը,
վճարել ինչպես ուրիշը`
էներգիա, ժամանակ,
ինքնասիրություն ...։
Սա ցանկությունների
այն հարց-զտիչն
է, որն ինձ
համար հաճախ պարզում
է, որ դեռ
մենականալու ու ժամանակ
խնայելու տեղ ունեմ
և ինքս ինձ
կիսատելու տեղ չունեմ։
415.
Մնալ մարդ
նշանակում է
մնալ այդ ուրիշը,
այդ միջակը,
այդ ժամանակավորը։
416.
Ի սկզբանե
գուցե հավաքական ինքնակառավարում
էր, բայց
մարդկության այժմյան գոյաձևը
բացառապես կառավարում է,
որի առաջնային նպատակն
ինքնարար կամք/կիրքը
«մարդ» վանդակում
զսպելն է։ Ընդ
որում, այժմյան
ասելով պետք է
նկատի ունենալ,
առնվազն, վերջին
երկու հազարամյակը։
417.
Միայն հողն
է գրկում անպայմանական։
418.
Ասում են՝
պետք չէ վստահել
ոչ մեկին,
իսկ ես ասում
եմ՝ մեզնից շատ
մեզ ոչ ոք
չի խաբում։ Հենց
կարողանում ես բացառել
այդ «մեկի»
սուտը, հայտնվում
ես ուրիշի նկատմամբ
հավատ-կասկածից
անդին արթմնության մեջ։
Ի դեպ, անգամ
սերը, ու
նամանավանդ սերը,
անկախ «կույրի»
իր համբավից,
իսկական է, եթե
արթմնությամբ է։ Այն,
ինչն արթմնությամբ չէ,
անպայման սուտ է։
419.
Եթե չարանում
եմ, ապա
միայն մարդեղացած այն
աստվածների նկատմամբ,
ովքեր իրենց իսկությամբ
ներկա են իմ
հոգում և թույլ
չեն տալիս ատել
մարդուն հիմնովին և
մեկընդմիշտ։ Երբեմն ինձ
մխիթարում է պատկերացումը,
թե ինչպես եմ
նրանց մեկտեղում իմ
անձավում, ինչպես
Զրադաշտն իր հյուրերին,
բայց, պատվելու
փոխարեն, ինքնահրկիզվում`
գիտեմ, որ
նրանք անմահ են
իմ ներսում և
մահկանացու` ինձանից
դուրս։
420.
«Գել
ու գազան»
դարձվածքում, այնուամենայնիվ,
գայլը նշվում է
անջատ։ Սա գայլի
առեղծվածային էության ամենանուրբ
և ամենադիպուկ ընդգծումն
է ու, միաժամանակ,
նրան պարտվելու մարդու
ճանաչումը։
421.
Ինքնաճանաչողությունը
Եսի և Ինքի
հանդիպումն է։
Ինքնահաղթահարումը
Եսի պարտությունն է
Ինքին։
Ինքնարարումը Ինքի
արարչությունն է
առ Բարձրագույն Ես-ը։
422.
«Կարոտ
առ իմացյալը»
և «կիրք առ
անհայտը» թևերով
թռչում էր սիրտն
իմ անդունդի վրայով,
որը կոչվում է
հիմա, այստեղ։
Այժմ նա բարուրված
է ինքնագրկումով և
ընկնում է բարձրից,
ընկնու՜մ անվերջ։
423.
Այն ամենին,
ինչը մեզանից հեռացնում
է միջակությանը,
թեկուզ դա լինի
բժշկի նշտար կամ
մահվան գերանդի,
ամե՛ն։
424.
Բոլորի դրախտը
նույնն է։
Մարդուն ճանաչելու համար
պետք է նրա
դժոխքին ծանոթանաս ու
պետք է ցանկանաս
ապրել այնտեղ,
որ համարվի սիրում
ես։
425.
Այն ամենում,
ինչը իմաստ ունի,
կյանքն ինձ միշտ
տվել է լավագույնը`
անգամ մեղքերը։
426.
Ով չի
ունեցել արծվի մենակություն,
չգիտի, թե
ինչ բան է
միջակությունից դուրս
լինել ու շնչել
մաքրամաքու՜րը։ Ով
այն ունենալու հետ
ունեցել է իր
մոտ թռչող արծիվը,
նաև տեսե՛լ է
մաքրամաքու՜րը։
427.
Ամբոխի անտարբերությունն
ավելի բարձր գնահատանք
է, քան գիտակի
ուշադրությունը ու,
ի տարբերություն դրա,
հաստատապես անկեղծ։
428.
Գորշի ռեփոսոֆիա
Մի՛ ասա
այն, ինչը
չգիտես։
Մի՛ բացառիր,
որ սխալ գիտես։
Խոստումներ մի՛
տուր, իսկ
տալուց` կատարիր,
եթե անգամ չկատարելն
արդար է։
Քիչ խոսիր,
շատ լսիր.
էս շատ ես
լսել,
Բայց նաև
կարճ երևա,
երկար դիտիր.
էս արդեն նոր
բան ա։
Հարգի՛ր մեծերին,
բայց մի՛տքը,
ո՛չ թե տարիքը։
Փոքրերի՛ն էլ
հարգիր. այս
դեպքում հենց տարիքը։
Առհասարակ,
հարգի՛ր բոլորին,
մինչև իրենց անարգանքը։
Սիրում ես՝
վերցրու, վերցրել
ես՝ սիրի՛ր ընդմիշտ։
Ոչ ոք
քեզանով թող չփչանա,
թեկուզ եթե հանդիպածն
արդեն փչացած ա։
Ստել չգիտես՝
ճիշտն ասա. սա
էլ հին բանա։
Ստել գիտես՝
նամանավանդ ճիշտն ասա.
էս մեկը նոր
ա։
Ուրիշի գաղտնիքների
զրահապահարան եղիր,
Սեփականին՝ վառարան։
Համեստ եղիր
ուրիշում, քոնում՝
բնական, բնականում՝
բանական։
Վախենալը նորմալ
է՝ կենդանի ես,
Չհաղթահարելը նորմալ
չի՝ անասուն չես։
Չիմանալն էլ
ամոթ չի. էս
հայտնի հնի ռեմիքսն
ա,
Բայց հարցնելն
ամոթ ա, եթե
նախ ինքնուրույն չես
փորձել։
Ճանաչի՛ր ինքդ
քեզ, բայց
նախ հանդիպի՛ր քեզ։
Սիրո մեջ
հպարտ չլինես,
բայց նաև խղճով
չլինես,
Ու, նամանավանդ,
խեղճ չլինես.
էս արդեն ու՛ր
էլ լինես։
Աչքե՛րը չեն
խոսուն, այլ`
հայացքը. սա
հնի ճշգրտումն ա,
Իսկ հայացքն
աչքերով չի՝ հոնքերով
ա։
Եթե մի
բան ուզում ես,
նախ հարցր ա՝
ինչու՞ ես ուզում,
Որ պարզես՝
դու, թե
ուրիշն է քո
փոխարեն ուզում։
Միշտ ստուգի՛ր,
թե ում են
պատկանում մտքերը՝ նամանավանդ
քոնը։
Բոլոր խաբեություններից
հատկապես ինքնախաբեությունից
զգուշացիր։
Սա որ
բացահայտես, մյուսները
կբացառես։
Կամքի ազատության
վրա շատ մի
լարվիր. ինչ
էլ անես,
ուրիշի համար էլ ա։
Ուրեմն ինչ
էլ անես,
ինքնակամ արա, հատկապես,
երբ ստիպված ես։
Միայն մեռնելն
ա, որ բացառապես
ինքդ քեզ համար
ա,
Տենց մեկ
էլ ցավն ա
ու տառապանքը։
Սովորիր բա՛ց
թողնել, բայց
նախ ինքդ քեզ,
Բայց նաև
ընդունե՛լ սովորիր՝ էլի
նախ ինքդ քեզ։
Ամբոխում արծվի
հետ եղիր,
ամբոխից դուրս՝ գայլի,
Բայց երկու
դեպքում էլ օձը
թող ներկա լինի։
Անսահմանության երկու
տեսակ էլ կա,
Բայց մենակ
եղիր, հիմար
լինելու փոխարեն։
Անապատում ջրհոր
եղիր, օվկիանոսում՝
կղզի,
Բայց փրկչություն
վաճառող մի՛ եղիր։
Առհասարակ,
թե կարող ես,
վաճառական մի՛ եղիր։
Եսիդ ու
ինքիդ հանդիպումներում
թող ինքը հաղթանակի։
Ինչպես էլ
շարունակես, թող
ինքնարարմամբ ավարտվի։
Մի՛ վախեցիր մահից՝ նա գալու
է ավելի ուշ, քան լքելու է կյանքը։
Մի՛ վախեցիր նաև ապրելուց, որ
չլինի ինչպես նախորդ միտքը։
Սիրու՛ց զգուշացիր՝ նա միշտ նախորդում
է իմացությանը,
Բայց նաև հաջորդում է. իմացությունի՛ց
էլ զգուշացիր։
Ճանաչի՛ր քեզ, բայց մի՛ սահմանիր,
որ չդադարես ճանաչել։
Միշտ իսկությա՛մբդ եղիր, միևնույն
է, կասկածելու են միշտ։
Շատում, թե քչում փնտրի՛ր իսկականը,
իսկականում՝ քոնը։
Քոնի բացակայությունը ուրիշով
մի՛ լցրու ու մի՛ եղիր ուրիշի լցոնումը։
Կդանդաղես, թե կշտապես, չի՛ փոխվի
ժամանակի ընթացքը,
Բայց անշտապ ընթացքը կարող է
մեծացնել հեշտանքը։
Հաճույքների մեջ ընտրիր բնականը,
բնականում՝ բուժականը։
Սեքս մի արա. արա սեր։
Բացահայտի՛ր իմաստավորման վայելքը,
անգամ երբ հումք է տառապանքը։
Հույզերից քամիր առավելագույնը,
ապա ստացիր լավագույնը։
Առանց խնդրանքի մի՛ տուր խորհուրդ
ու խրատ,
Փորձդ էլ առաջարկիր լոկ որպես
օրինակ։
Մի՛ բամբասիր. մի թքիր քամուն
հակառակ։
Ուրիշի բամբասանքին էլ մի եղիր
վկա։
Առհասարակ, խուսափիր վկայությունից,
նամանավանդ, ինքնավկայությունից։
Վկա եղիր սեփակա՛ն մտքին, էլ
ավելի լավ` չարտահայտվածին։
Ուրիշի բարոյականությամբ մի՛
խարազանվիր. «շուն ես՝ շնացիր»,
Բայց 56-րդ ստիքսը միշտ հիշիր։
Քոնը միշտ ապրիր,
Եթե ամոթա՝ թաքուն ապրիր։
Ապրիր ընդհա՛նրապես ու հա՛տկապես, բայց
առանց գողանալու ու մատնելու ապրիր։
Սիրո միակողմանին չի լինում.
եթե փոխադարձ չէ, ուրեմն դու՛ էլ չես սիրում։
Ու, ընդհանրապես, ավելի հաճախ
թվում է, քան իրականում կա կամ լինում է։
Ցանկացած հարաբերություն պայմանագիր
է։
Պայմանագրի առարկան ստի շուրջ
հաշտությունն է։
Երբեմն պատահում է, որ պայմանագիրը
պատշաճ կատարվում է։
Խղճի համար հարմար է ուրիշի տունը,
Հպարտության համար` սեփականը։
Անկեղծության համար կա հասարակաց
տունը,
Սիրո համար` անտունությունը։
429.
Երբեմն,
գիշերն այնպիսի կրքով
է սիրում և
այնքան է նրբացնում,
որ լուսաբացի հպումը
ցավով եմ զգում:
430.
Մեծ մասամբ
կյանքն ավելի
շուտ է լքում
մարդկանց, քան
նրանց հանդիպում
է մահը։ Մահն
ինչ-որ
իմաստով նման է
անգղի. հայտնվում
է, երբ արդե՛ն
կյանքն ընդհատված է,
իսկ այն, ինչը
սովորաբար կոչվում է
հոգեհանգստի կամ հուղարկավորության
արարողություն, այլ
բան չէ, քան
սանիտարական ծես։ Շատերի
դեպքում միջանկյալ ժամանակահատվածը
տևում է տասնամյակներ,
բայց միայն այն
բանի համար,
որ մահը մենակ
է, իսկ մեռելներն
անհամար ու երկարակյաց։
431.
Մեկի համար
տիեզերական միջամտություն է,
մյուսի համար`
աստվածային նախախնամություն,
կան նաև, որ
համարում են ճակատագիր։
Այն, ինչը
կյանքը բաժանում
է «մինչև»-ի
և «հետո»-ի,
ես հակված եմ
կոչել ինքնարարման
բացարձակ հանգամանք։
Իսկ, առհասարակ,
եթե որևէ իրադարձությունից
հետո մարդը մնում
է նույնը,
քան էր, ուրեմն
կամ եղա՛ծն է
իմաստազուրկ, կամ
ի՛նքն է հիմար։
432.
Ամենուր կյանքն ապրելու դասեր և դասատուներ են։ Ոչ մի տեղ չեն սովորեցնում՝ ինչպես մեռնել կյանքը, ու սրանում է, որ ինքդ քո մեկ դպրոցն ես և ուսուցիչը։
433.
Թե ինչքան է միտքն այն կրողից անկախ
գործում, դա, առնվազն, առիթ է պատժի և ինքնախարազանման հարցերում ավելի ներողամիտ լինելու,
բայց դա, միաժամանակ, պատճառ է հաջողությունների և ինքնագնահատականի հարցերում էլ համեստ
լինելու՝ չափազա՜նց համեստ։
434.
Նույնիսկ, երբ երկուսը միաժամանակ
ինքնասպան են լինում, միևնույն է, նրանք մեռնում են առանձին-առանձին: Միաժամանակ լինելով
նույն արգանդում, միևնույն է, ծնվում են առանձին։ Նույն անկողնում էլ ամենքն իր սերն
է անում։ Սա այն մասին, երբ ասում են միասին։
435.
Երբ մարդը հասնի անմահության, նա,
միաժամանակ, հասած կլինի այնպիսի իմաստնության, որը ոչ միայն անհրաժեշտ է համարում
գոյաձևի ավարտը, նաև ցանկանում է այն որոշակի հանգրվանում։ Այլ կերպ ասած, անմահության
հետ կծնվի մահվան ընտրությունը։ Ու եթե, այնուամենայնիվ, նման զարգացման մակարդակում
գոյություն ունենա մարդկային հիմարություն, ապա այն վերստին կարտահայտվի աստվածաստեղծությամբ,
բայց տարբերությամբ, որ այս դեպքում լավագույններին կխոստացվի ժամանակին մեռնելը։ Իսկ
հիմա միայն խրախուսվում է՝ որպես բարձր (ինքնարարի) բարոյականություն։
436.
Ամեն ինչ սին է, ամենը` ունայն,
կա միայն ոչինչ։ Բոլոր դռներից անդին՝ մենակության այն մեկը միայն, որին թակում են
ներսից, երբ թակում եմ դրսից, տենչն է իմ ամենա ու կարոտն Ամենիս։
437.
Այն, որը ունի սկիզբ, հետևաբար վերջ,
չի կարող ունենալ ինքնուրույն իմաստ։ Այն, որն ինքնարար է, չունի սկիզբ, հետևաբար՝
վերջ։ Ուրեմն միայն ինքնը, որպես կամք ու կիրք, կարող է ունենալ ինքնուրույն իմաստ։
438.
Բոլոր մեկնաբանություններից այնկողմ՝
ես բարությունը բացահայտել եմ որպես հոգևոր և ֆիզիկական առողջացման, ինչպես նաև առողջության
նախապահպանության բուժամիջոց։ Ընդ որում, որոշակի կրիտիկական դեպքերում այն հրաշալի
համադրվում է նաև չարության հետ, երբ կարիք է լինում ինքնաբուժման ագրեսիվ միջամտության։
Մտքի լրիվության և խորության ընկալման համար պետք է նշել, որ սա բնավ նույնական չէ
անձիս բնութագրման հետ. միանգամայն սխալ կլինի ինձ համարել բարի, իսկ ինքս ինձ,
առավելապես, քննում եմ չարից և բարուց անդին։
439.
Համաժամանակյա ինքնահաղթահարումից
և ինքնարարումից զերծ ինքնաճանաչողությունն ինքնախաբեության վատագույն և ամենավտանգավոր
տեսակն է։
440.
Օրերից մի օր բոլոր չապրված սերերը
կհառնեն իրենց գերեզմաններից և կապստամբեն, ինչը կլինի միակ իսկական, միակ համաշխարհային,
առաջին համամարդկային ու վերջին մարդկային հեղափոխությունը։ Կամ չի լինի այդպես ու
մարդը դեռ մի քիչ էլ կլինի։
441.
Կա բացակայություն, որի առաջացրած
դատարկությունը երբեք չի լրացվում և վերածվում է սրբավայրի, որտեղ կառուցվում է աստվածային
ինքնախոսության ներքին եկեղեցին։
442.
..., բայց իրականությունն այն
է, որ յուրաքանչյուրն Արարչին մոտենում է այնքան, ինչքան մենանում է առ ինքնը յուր։
443.
Լռությունը, որը մտածված, հիմնավորված
և ինքնուրույն չէ, համանման խոսքի նման հիմար, անպատասխանատու և ծառայամիտ է՝ տարբերությամբ,
որ անաղմուկ է։ Նման լռությունը, համատարած ձայնային աղտոտվածության պայմաններում,
ունի միայն առողջաբանական նշանակություն, ոչ ավելին։
444.
Այս գոյաձևը չարժե, որ լինի հավերժական,
ու մե՛նք էլ, ինչպիսին որ կանք, չարժենք, որ լինենք հավերժական։
Ծնունդից մահ հատվածում իմաստ ունի միայն յուրաքանչյուր ապրած հույզը` այն էլ միայն
ի՛ր ժամանակում, ուրիշ ոչինչ իմաստ չունի։ Հենց հույզն է հավերժության հպումը հոգուն,
բայց իսկականը, ինքնինը. այն, որը տրվում է պարզապես, կուզեք` հենց այնպես։ Ձեռք
բերված ամեն բան, հենց միայն նրա համար, որ ձեռք բերված է, իսկական չէ։ Հազվադեպ
է բախտ վիճակվում հանդիպել իսկական տառապանքի, այն, որ նման է տարերային աղետի. թեկուզ
վնասում, բայց չի չարացնում, անգամ կլանում է, հիացնում ու ներշնչում։ Ուրախության
իսկականն էլ հաճախ չի հանդիպում, առհասարակ, իսկական քիչ բան է հանդիպում ու ամենն
այս այն պատճառով, որ մարդիկ, նախ, իրենք իրե՛նց են հազվադեպ պատահում, իսկ պատահելուց`
ճանաչում։
445.
Առանց «մարդասպան» ինքնարարության՝
«ճանաչի՛ր ինքդ քեզ»-ը փնտրտուք է դիմակների մեջ, որը, լավագույն դեպքում, ավարտվում
է ամենահարմար դիմակը գտնելով։
Չի՛ կարող լինել մարդ ու լինել առանց
դիմակ։
446.
Սեքս և սեր անել
Սեքսը (ինքնա)բավարարում է, սեր
անելը` (ինքն)արարչություն։ Սեքս անում է եսը, սեր` ինքնը։ Սեքսն ավարտվում է մարմնի
հեշտանքով, սեր անելը` հոգու։
447.
Քոնը քո սիրելն է, ուրիշ ոչինչ քոնը
չէ, անգամ ուրիշի սիրելը քեզ քոնը չէ։ Քոնը քո ճանաչածն է, ու ինքդ էլ, քանի դեռ չես
ճանաչում քեզ, քոնը չես։
--------------------------------
Սրբագրիչ՝ Նառա
Խոստեղյան
Հեղինակ՝ Տիգրան
Գորշ (Տիգրան Ստեփանի Գրիգորյան)
Իմաստասեր, իրավաբան/փաստաբան
2026
