Mar 25, 2026

անտիպ - 48/2026

Ինքնարարում. ինքնուրույնացում (բազմա)տիեզերքի ինքնարարության մեջ։ Ինքնագիտակցումն այլ ճակատագիր չունի։

© Գորշ 






Mar 24, 2026

անտիպ - 47/2026

Բարձրակարգ բնավորության տեր անձին վիրավորական է ո՛չ այնքան խաբեությունն ինքնին, որքան երբ դա փորձում են անել պարզունակ եղանակով, քանզի դա նշանակում է, որ անձը չհարգելուց զատ, անարգում են նաև նրա բանականությունը։ Իսկ ինքնախաբեությունն անարգանք է, որը նա երբեք չի ներում, եթե անգամ այն ուրիշինն է։

© Գորշ



Mar 23, 2026

անտիպ - 46/2026

Շուրջը, հեռվում, ամենուր բոլորն անդադար իրար ինչ-որ բաներ են պատմում, ինչ-որ բաներ` բացատրում, ինչ-որ բաներում` համոզում, բայց պարզվում է` բոլորը խոսում են նույն բանի մասին։ Յուրաքանչյուրին թվում է, թե իր պատմությունը հատուկ է, իր հասկացածն` ավելին, իմացածը` միակ ճշմարիտ։ Գրողը տանի, հիմարներն այնքան ներդաշնակ են աղմկում, որ լուռ ներկայությունն անգամ ավելորդություն է։
Որտե՞ղ լռել հատուկը, ավելին, ճշմարիտը ...

© Գորշ



անտիպ - 45/2026

Այն, որը շարունակում է արարել ինքն իրեն` այդ կերպ և իր արարչին, երբ վերջինս արդեն չկա, համարվում է ինքնարարական։ Ես իմ փիլիսոփայությանը տալիս եմ այդ կամքն ու կիրքը` իմ ամենն ու ամենան։

© Գորշ




Mar 19, 2026

անտիպ - 44/2026

Այո՛, ես անաստված եմ. մարդկանց մեջ միայն աստվածայինն եմ սիրում, բայց նրանք համառորեն մնում են մարդ, իսկ համառության մեջ` աղանդավոր։

© Գորշ



անտիպ - 43/2026

Բոլոր ժամանակներում մարդկային անշնորհակալությունն ամենաշատն արտահայտվել է պատահականության նկատմամբ, ինչը, թերևս, անմեղացված է տգիտությամբ, եթե, իհարկե, անտեսենք «ամենքն ի ծնե մեղավոր են»-ի և «ամենքն ի ծնե տգետ են»-ի նույնությունը (մյուս մեղքերն ածանցյալ են) որից, սակայն, քավության քչերն են ձգտում, իսկ ավելի քչերը՝ հասնում։

© Գորշ



Mar 18, 2026

անտիպ - 42/2026

Ուրիշի թերությունը, սխալը, մեղքը չունի օգտագործելու այլ առաքինի նպատակ, քան ինքնադաստիարակությունն է։

© Գորշ 



Mar 17, 2026

անտիպ - 41/2026

«Ինքնարարում»-ը լրացնում է ինչպես Շոպենհաուերի «Կամք»-ը և «Կամքի իմաստը հենց կամքի (ինքն իր) մեջ է»-ն, այնպես էլ Նիցշեի «Կամք՝ առ իշխանություն»-ը. միայն ինքնարարումը կարող է լինել անսպառ` որպես նպատակ և բարձրագույն` որպես իշխանություն։ 

© Գորշ 




Mar 16, 2026

անտիպ - 40/2026

Ինչքան հաճախ ու ինչքա՜ն բաներ ենք իմաստավորել միայն նրա համար, որ դրանց անիմաստությունից չձանձրանանք, ընդհուպ՝ ինքներս մեզնից ու մերձավորներից։ Ինչքա՜ն հաճախ ենք սիրել, զերծ մնացել սպանել-ինքնասպանվելուց հենց ա՛յս աճպարարության շնորհիվ։ Կամ, գուցե, պետք է լրջորեն խորհել՝ ուրվական չե՛նք արդյոք իմաստազուրկ աշխարհում։

© Գորշ 



անտիպ - 39/2026

Մարդու իմացությանը հասու չէ այն ամենի էության ամբողջականությունը, որը չի արարվել իր կողմից։ Արարելու իմաստային լրիվությունը պատկերացնելու համար բավական է այն, որ երեխա ծնելն, անգամ, արարչություն չէ` նախ, որովհետև ծնվելը դեռ բովանդակվել չէ։
Իսկ ինքնաճանաչ կարող է լինել միայն ինքնարարը։

© Գորշ 


Mar 12, 2026

անտիպ - 38/2026

Ճանաչելով, միաժամանակ, արարվում է ճանաչելին, հետևաբար, հայել նաև նշանակում է ստեղծել։ Ինքնահայեցումից զերծ մարդն աստիճանաբար դադարում է լինել փիլիսոփայական նշանակությամբ սուբյեկտ (ճանաչող, արարիչ, ես, պատճառ). այդպիսիք դառնում են (մնում են) ուրիշների հայեցման` ընդհուպ հայեցողության օբյեկտ (հետևանք)։ 
Ո՛վ հակված է ինքնարարման, ի՛նքն է ընտրում իրեն հայողին, ապա նաև ի՛նքն է ստեղծում նրան։

© Գորշ 



Mar 9, 2026

անտիպ - 37/2026

Ամենքն էլ ինչ-որ չափով բացակա է ներկայից. ամենքն էլ ինչ-որ չափով մեռած է։

© Գորշ



Mar 6, 2026

անտիպ - 36/2026

Ձեր սրբադասած բոլոր սերերը պայմանական են։ Դուք չեք ընտրել ձեր ծնողին, ազգը, լեզուն, հայրենիքն ու կրոնը, իսկ հետո էլ (ինքնա)ճանաչողությամբ չեք հաստատել։ Ապա ինչու՞ պետք է կարծել, որ այլ հարցերում ձեր կամքը կարող է լինել ազատ, սերը` անպայմանական։

© Գորշ 



անտիպ - 35/2026

Ինքնազոհության մեջ, միաժամանակ, նուրբ երանգով արտահայտվում է ինքն իրեն զոհաբերողի արհամարհանքն առ նա, հանուն ում կատարվում է զոհաբերությունը։ Անգամ աստվածաշնչյան հայտնի առասպելն ավելի շատ արհամարհանքի ակտ է, քան սիրո հավատչյա։

© Գորշ 


Mar 5, 2026

անտիպ - 34/2026

Դեռ չի պատահել, որ որևէ մեկի սերն ամբոխի հանդեպ ավելանա իշխանական բարձունքին հասնելուց հետո, քան, որ եղել է մինչ այդ կամ, գոնե, նույնը մնա, եթե անգամ այդ սերն է պատճառ եղել իշխանության ձգտելու։ Կարծես հենց այդ բարձունքից է ավելի պարզորոշ այն, ինչը բացառում է սերն առ ամբոխը։ Նույնիսկ ամբոխից սերվածն իշխանական բարձունքից արհամարհում է իր ծնողին, իսկ ծնողն ապա՝ իր բոզորդուն։ Բայց սա այն մասին է, որ նա, ով իր մեջ չի բացահայտում ինքնիշխանության բարձունքը ու բավականաչափ չի բարձրանում այն, սիրո հարցում մնում է «ծնողական ինքնախաբեության» և «որդիական անառակության» միջակայքում սահմանափակված միջակություն։
Սերը կա ինքնարար բանականություն։

© Գորշ



Mar 4, 2026

անտիպ - 33/2026

Հաջորդ կյանքի համար խոստումն ինքնարարի մոտ չի կարող առաջացնել այլ զգացում, քան արհամարհանքն է խոստացողի հանդեպ, ու այլ ցանկություն, քան, որ բոլոր վերջակետերը պետք է դնել այս մեկում։

© Գորշ



անտիպ - 32/2026

Երբ ասվում է զարգացում, պետք է նկատի ունենալ, որ այն ոչ թե մարդու փոխվելու, այլ նույնը մնալու միջոցների կատարելագործման մասին է։ «Մարդ-աստվածների» և «մարդ-անասունների» գոյությունը փոխպայմանավորված է, ահա՛ թե ինչի մասին է «մարդ մնալու» գաղափարաբանությունը, որի իմաստային ճգնաժամը չի կարող անվերջ անտեսվել։ Ինչ-որ պահից սկսած` այս երկու դասակարգերը կշպրտեն «մարդ» դիմակը։

© Գորշ 


Mar 2, 2026

անտիպ - 31/2026

ՆԵՐՔԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ (տես՝ https://tigran-gorsh.blogspot.com/2026/01/22026_11.html) ստեղծում է ՁԱՅՆԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ, որն արգելում է ԱՐՏԱՔԻՆ ԱՂՄՈՒԿԻ թափանցումը գիտակցություն։ Առանց այս ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻԼՏՐԻ հնարավոր չէ ունենալ անպայմանական ինքնախոսություն և ինքնախոսության անարատություն։

© Գորշ 



անտիպ - 30/2026

Նույնիսկ, երբ ջնջվում են (ինքնա)խաբեության գույներն ու ի հայտ գալիս` սև ու սպիտակ փաստերը, մարդիկ հանգում են սխալի, որովհետև վճռում են` ըստ մեկ գույնի գերակայության, իսկ ճշմարտությունը միշտ գորշ է։

© Գորշ



անտիպ - 29/2026

Ինչպես գեղեցիկը կարող է լինել հանցավոր շատ, այնպես էլ իմաստնությունը` հրեշավոր խորը։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...