May 29, 2026

անտիպ - 88/2026

Ա՜խ այդ կիսատող հույսը. այդ կեղծ փրկիչն ու ինքնարարման հակոտնյան, սիրո և ինքնասիրության այդ թշնամին, կամքը հեգնող այդ գաճաճ ծաղրածուն։

© Գորշ



անտիպ - 87/2026

Բարձր ճաշակին հաճո չէ մարդամոտությունը, որն այն կրողին դարձնում է բոլորինը՝ ինչպես բակի շներին։ Նմանների հետ էլ՝ ոչ ավելի մոտ, քան պարզած ոտքի երկարությունն է։

© Գորշ



May 25, 2026

անտիպ - 86/2026

Ինքնաճանաչողության ամենանուրբ հեգնանքը կայանում է նրանում, որ ամեն անգամ, երբ թվում է արդեն բացարձակ է մենակությունը, մեկն անպայման հեռանում է։ 

© Գորշ



անտիպ - 85/2026

Տարերային խոստովանություն
Գոլորշացրել եմ բոլոր հույզերս, ու դրանք ամպել են գլխիս` այնքա՜ն գորշ, այնքա՜ն հղի։ Տնքում է երկինքը` ինչպես կիրքս և մռնչում է` ինչպես կամքս, ինչպես կուրծքս` դողում է արարչական աղետի տենչանքից, բայց դու դեռ ծիկրակում ես ինձ։ 
Մեծն իմ լուսատու, մայր իմ հավատամքի ու հայր, իսկական է սերդ առ ինձ` ինչպես լույսդ ու անկասկածելի` ինչպես խավարս, գիտե՜մ, բայց իմն էլ անզիջում իսկության է, ինքնակերտ ու ես չեմ կարող չտրվել լուսնի գայթակղությանը. ես պիտի՜։
Թող եղիցի՛, թու՜յլ տուր հնչի օրորոցայինն ինքնարարի։

© Գորշ



May 18, 2026

անտիպ - 84/2026

Մարդիկ սովորաբար փնտրում են նրանց, ում ներկայությամբ կարող են լինել նվազ միայնակ, ու հենց դրանով էլ նրանք մարդ են, իսկ իմ կամք-կիրքը ոռնում է նրանց, ում ներկայությամբ կարող եմ լինել միայնակությամբ բացարձակ։ 

© Գորշ



անտիպ - 83/2026

Նրան, ում հանրային կարծիքը համարում է անհատականություն, լոկ ամբոխից պոկված մասնիկ է, ում գոյությունը, սակայն, պայմանավորված է նույն ամբոխի հետ ձգողականությամբ։ Անձնավորության իսկությամբ անհատականություն է նա, ում էությունն ունի գոյության սեփական առանցք։

© Գորշ


անտիպ - 82/2026

Իմ լռությունը, ձանձրույթն ու ինքնաբավությունը սոցիալական հարաբերություններում պայմանավորված է նրանով, որ միշտ ուրիշի մտքերում փնտրում եմ նրա սեփականը, նրա մեջ` իր իսկականը։ 

© Գորշ



May 14, 2026

անտիպ - 81/2026

Որում բացակայում է աղոթողի ինքնը ու ներկա է միայն եսը, բացակայում է Աստված. այն, ինչ սովորաբար հանդիպում է, կոչվում է անաստված աղոթք։

© Գորշ



May 13, 2026

անտիպ - 80/2026

Իմաստնությունը ոչ այնքան իմացություն է, ինչքան ինքն իր հետ անկեղծ լինելու ունակություն։ Այդ պատճառով իմաստնությունը համբերության, համարձակության և համեստության եռամիասնություն է։

© Գորշ



անտիպ - 79/2026

Լեզուներից կատարյալը պատահականությունն է։ Դրանով են խոսում տիեզերքը, աստվածներն ու սերը։

© Գորշ



May 8, 2026

անտիպ - 78/2026

Եթե մեղք, ապա այնքա՜ն արարչական, որ մեղք լինի այն մեղք համարելը։ Իմ բոլոր սերերը նույն մեղքից են, բոլոր մեղքերը՝ նույն սիրուց. սա՛ է իմ պառկած ութը՝ իմ հանգույցն ու թևերը։

© Գորշ



անտիպ - 77/2026

Այլ կլինի աշխարհն առանց ինձ պես իրեն հայողի, բայց նման կարոտ գոյություն ունենալու համար արժե, որ կա մահը։

© Գորշ



May 4, 2026

անտիպ - 76/2026

Մարդիկ ամենաշատն իրենց կասկածին են հավատում։

© Գորշ



May 3, 2026

անտիպ - 75/2026

«Հոգ չէ մարդկանց համատարած մանրանալը մինչև ավազահատիկ. մեծ միայնակին մեծ անապատ է պետք, իսկ մեծ անապատին` խորը ջրհոր։». Այս խոսքերով է ինքնարարը դիմում իր սրտին, երբ բարձրանում է հերթական ավազափոշին։

© Գորշ



անտիպ - 74/2026

Ոչ ոք չի փոխվում. ամենքն իսկականությամբ ավելանում են կամ պակասում, մնացյալը սպառման կերպարանքներ են։ Հավերժանոր է միայն այն, ինչն ինքնարար է։

© Գորշ



անտիպ - 73/2026

Ամբոխը բութ է` ինչպես անասնահոտը, ու, ինչպես անասնահոտը, հարմարվող. կոտորվում է` մինչև չորս ոտ, բայց շարունակում է ապրել, կարծես ոչ ոք չի պակասել։ Վտանգ, թե ապահովություն, նույն կերպ է արձագանքում. ուտում է` մինչև տապալում ու, մինչև հերթական մորթը, բազմանում։

© Գորշ





անտիպ - 72/2026

Այն բանից հետո, երբ տեսավ, թե ինչպես են ոչխարները ուտում հովվին ու շանը, գայլը ոռնում է լուսինն առ։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...