Dec 27, 2025

ԱՆՏԻՊ (2024-2025)

Տիգրան Գորշ

անտիպ










խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու (2024-2025)

Ներբեռնել


1.          

               Ամենուր կրքի արհեստական ավազաններ ու խանդակներ են, այնինչ այն տրված է ինքնահոսությամբ կյանքը սնուցելու համար։ 

Ամոթի մտրակը, որը ծնված օրվանից և դրանից էլ առաջ հետևում է մարդկանց, այնքան խորը հետք է թողնում նրանց ենթագիտակցությանը, որ անգամ մենակության մեջ նրանք չեն կարողանում իրենց վայրիի (անմեղության) հետ առանձնանալ բարոյականության վկայությունից ու իրենց չզգալ մեղսավոր, երբ իրականում հենց հակառակում է մեղքը` ընդդեմ բնության և տիեզերքի։ Նրանց անգամ հեղեղումները չեն կարողանում արթնացնել, քանզի քշվում են ինչպես դիակներ, կամ շտապում են վերադառնալ քաղաքակրթական համակարգ, որտեղ գոյատևելը չապրելու գինն ունի։

2.           

Որևէ սեր, որին հայել է ամբոխը, չի հաջողացրել փրկվել սովորականությունից։

3.           

Իմ համբերությունը բազմաթիվ պղտոր գետեր է պարզեցրել ու հազվադեպ է պատահել, որ լինի հեղեղ, ինչն իրականում սպասել եմ, բայց սրանց մեջ էլ չի եղել մեկը, որ կարողանա ինձ կլանել, ինչն իրականում ցանկացել եմ։

Վերջին մեկին ինքս եմ ավելացնում ամբողջս, որ հեղեղը նաև «աղետ» լինի, ինչին իրականում ձգտում եմ։

4.           

Ազատության մասին դատողություններում շատերը ձևանում են վայրի, այնինչ սովորական գոմաբնակ են։ Բայց մի բանում նրանք բնազդաբար ճիշտ են` ազատությունն իսկապես վայրի է, դրանից զատ նաև գիշատիչ է, որի ժանիքներն անկեղծությունն է։ Այն, ինչ հանդիպում է գոմի «ազատների» մեջ (եթե հանդիպում է), ժանիքները թափած վայրի է, որն իրենից ոչ մի վտանգ, հետևաբար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։

5.           

Մերկությամբ արհամարհեմ ամենայն մարդկայինը ու հարգանքի տուրք տամ վայրիին. ահա՛ միակ ծեսը իմ հավատամքում։

6.           

Անշուշտ, ոգու դժոխքի դարպասների մեջ իրենց ուրույն, թերևս ամենաբարձր տեղն ունեն կրոնները, սրանց մեջ էլ քրիստոնեությունը, իսկ աղանդները դարպասների վրա բացվող փոքր անցքերն են` սովորաբար նախատեսված ընտանի փոքրամարմին կենդանիների համար։ Նման հանճարեղ ճարտարապետությունն արդեն իսկ բավական է նեռի գոյությունն ընդունելու համար, ու քանի որ ոգու ազնվությունից է բխում հարգել ամեն հանճարեղը, արժե ժամանակ առ ժամանակ չխնայել մոմի վրա։

7.          

Եթե բարոյականն էլ իր առաքինությունները վաճառեր նույն կերպ անկեղծ, ինչպես պոռնիկն է վաճառում իր մարմինը, ապա նրա հայացքում մշտապես ներկա չէր լինի թերի վճարման դժգոհությունը։ Պոռնիկը, ի տարբերություն բարոյականի, նաև վաճառելու առաքինություն ունի` նախապես է պահանջում վճարման գինը ու չի որոշում վերջում։

 

8.           

Մարդը սոցիալական հարաբերություններում

Անկախ նրանից, թե ինչ կենդանի է նետվում վանդակը, այնտեղից, այդուհետ, դուրս է գալիս կապիկը։

9.          

Գոյության իմաստի և նպատակի դատարկությունը, որը մինչ այս պահը լիովին չի լրացրել «կամք առ ճշմարտություն»-ը, «կամք առ ոչինչ (աստված)»-ը, «կամք առ իշխանությունը», լրացնում է «կամք առ ինքնարարում»-ը, որի շուրջ, որպես առանցքի,  մյուս երեքն էլ համապատասխանաբար ձևավորում են ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում (նույնն է` ինքնաոչնչացում) և ինքնարարում եռամիասնությունը, որն ի դեպ արտահայտված է Գորշի եռանկյունում` որպես խորհրդանիշ, որը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ (գիրք «Խոսք` բարձրագույն եսի», 2022թ.)։

10.     

Նույն սխալը կրկնելը, եթե դա չի արվում գիտական նպատակներով, հիմարություն է։ Ուրեմն պետք է համարել, որ նման հիմարությունը (հիմարության այլը չի էլ լինում) դիտավորություն է։ Իրավագիտության մեջ հանցագործության (զանցանքի), իսկ բարոյականության մեջ դատապարտելի արարքի օբյեկտիվ գնահատման նպատակով` հիմարությունն անհրաժեշտ է  ներմուծել «ենթագիտակցական դիտավորություն» հասկացությամբ` որպես մեղքի դրսևորման տեսակ, ընդ որում առավելապես կիրառելի տուժողի և զոհի վարքը գնահատելու համար։

11.      

Մեզ չեն սիրում միայն պատճառով, որ մենք չենք կրում այն, ինչը կարող է սիրել հպարտությունը և խիղճը` մենք չունենք այդ լեշակեր բարոյականությունը, այդ իմաստով մենք անբարոյական ու հակասոցիալական ենք, ամոթը մեզ գրավում է մեկ ինչպես գանձախույզին փայլը, մեկ ինչպես գայլին գառը։

Մենք, ինքնարարներս, սիրում ենք նրանց չսիրելը ու բավականաչափ անհամեստ ենք` մեր սիրո մեջ անկեղծ լինելու համար։

12.      

Կա անձայնություն, որովհետև լսողությունն է սահմանափակ։ Կա անտեսանելիություն, որովհետև տեսողությունն է սահմանափակ։ Կա անիմացություն, որովհետև իմացությունն է սահմանափակ։ Ու կա նաև պատրանք` լսածի, տեսածի ու գիտեցածի։ Ահա՛ միակ ճշմարտությունը, որն ի չիք է դարձնում ստվերները, որոնք փորձում են հաստատվել իբրև մարմին` ընդհուպ սեփական։ Մարդու մինչ օրս ճանաչած բոլոր «ճշմարտությունները» ստվերներ են։

13.      

Կոնկրետ հանրույթում հաճախ հանդիպող մտածողության բոլոր նմուշները իմանալով` կարելի է կանխատեսել գրեթե բոլորի վարքը։ Բացի այն, որ մարդու մեջ սեփական կամ ընդօրինակված փորձով կարծրանում են նմուշներ, որոնք պայմանավորում են նրա վարքը համանման հանգամանքներում, դրանք վաղուց նաև ներմուծվում են (արվեստով, հեղինակությամբ, գրով, սրով և այլն) կառավարում ապահովելու համար։ Եթե իրապես կամքի ազատություն, ապա այն հնարավոր է, այն էլ որոշակի վերապահումով, դիտարկել խենթերի մոտ, որոնք նույն նմուշային մտածողության կողմից մեկուսացվում են իբրև համակարգին սպառնացող վտանգ։

Մարդը սովորութային կենդանի է` մտածողությամբ, վարքով, ընդհուպ բնավորությամբ ու նամանավանդ բարոյականությամբ։

Այս համատեքստում կամքի ազատությունը բացահայտվում է իբրև հանճարեղ սուտ` հպատակությունն ինքնաշխատության հասցնելու համար։

14.      

Սեփական օրինակով դաստիարակները բաց են թողնում այն կարևոր պարագան, որ իրենց դաստիարակներն էլ եղել են ուրիշները։ 

15.      

Բանականության համար ամենավտանգավորը հույսն է, որով մարդիկ ախտահարում են իրար, իսկ հավատը հիվանդության այն բարդացումն է, որից քչերն են հաջողացնում ինքնաբուժվել։

16.      

Իմ փիլիսոփայությունն իմ սոցիալական գոյության մեջ

Այսօր ինձ ցանում եմ որպես սերմ ու այնքան խորը, որ այն անժամանակ չբուսնի։ «Եդեմական ծառը», ինչպիսին աճելու է իմ փիլիսոփայությունն ինձանից էլ անկախացած (այն ինձ չի էլ պատկանել, այդ ես եմ պատկանել), իր շվաքի տակ է առնելու բազմաթիվ անապատական նժդեհների, որոնց գայթակղելուն, ի տարբերություն հազարամյակների հայտնի ստի, օձի հետ մասնակցելու են նաև ագռավն ու գայլը, սակայն պտուղները հասու են լինելու միայն նրանց, ովքեր չեն վերածվելու իմ հետևորդի ու դրանով իսկ հաստատելու են դրանք համտեսելու իրենց արժանիքը։ Ու միայն նա, ով լքելուց առաջ կտրելու է ծառը` այդ կերպ պատվելով իմ անհիշատակությունը, այլևս ի՛ր երեք հավատարիմ վայրիների ուղեկցությամբ իջնելու է բարձունքից` որպես ինքնարարների նահապետ` կրելով իմ նահապետությունը։

17.     

               Այդ հպարտությունն է, որ բարձրանում է` ներքև նայելու համար։ Մեզ, ինքնարարներիս, ներքև նայելու համար բարձրանալու կարիք չկա ու նաև կարիքը չկա ներքև նայելու։

18.     

Ա - բարև, հրեշ, ինչու՞ ես այդքան այլանդակ և սարսափազդու կերպարանքով։

Հ - բարև, անապատական, ես քո ինքնաճանաչողության ծնունդն եմ։

Ա - բայց միթե սերը ...

Հ - այո, հենց սերը, որում դու չափազանց իսկական ես։

Ա - բայց չէ որ սիրո այլը չի լինում։

Հ - այո, ինչպես և իմ այլը։

Ա - ապա ի՞նչ մեղք ունեն մաքրամաքուրները, որոնց դարձնում ես քեզ կեր։

Հ - մինչ այս այնքան կոշտ կերերով եմ սնվել ու այնքան է մաշվել ստամոքսս, որ այն այլևս չի կարող ուրիշ բան ընդունել, քան մաքրամաքուրն է, իսկ հիմա նաև միայն նրբագույնը։

Ա - ուրեմն դու ստիպված ես երկար սպասել ու քաղցել։

Հ - դու արդեն այստեղ ես։

Ա -

19.      

Ի - դու այնքան համոզիչ ես սեփական առաքինության մասին խոսույթում, որ ես չեմ կասկածում քո անառակությանը։

Մ - ուրեմն գնահատիր թափանցիկությունս, չէ որ դա էլ է առաքինություն։

Ի - այո, դրանում դու անգերազանցելի պոռնիկ ես։

20.      

Անբարոյական ճշմարտություններից մեկն էլ, որի մասին սակայն, մենք, «այլանդակներս», մեզ չենք արգելում խոսել, անկախ հանգամանքից, որ այն բնասերներին և բարոյասերներին ցույց է տալու կիսատությունը, կեղծիքը, շեղվածությունը իրենց «սիրո» մեջ, բայց խոսելով մեր ավանդն ենք դնում բնական և հումանիտար գիտությունների հաշտեցման մեջ` որպես մարդու  ապագայի պայման,  կայանում է նրանում, որ ծերությունը մարդու համար հակաբնական, բնության կողմից չնախատեսված վիճակ է։ Նախքան սոցիալական գոյակցության ձևավորումը, մարդը, ինչպես ցանկացած այլ կենդանի, «դատապարտված էր» երիտասարդ մահվան, իսկ ավելի ճիշտ է ասել` սպանվելու: Մարդուն տրված չէր մահվան «բնականը» և այդ իմաստով դա ևս հակաբնական է։ Մարդուն տրված էր սպանվել գիշատչի կամ ցեղակցի կողմից, իսկ եթե անգամ հաջողացնում էր հասնել որոշակի հասունացման` կորցնելով երիտասարդական ավյունը կամ կրում էր որևէ հիվանդություն կամ ստանում վնասվածք, ապա անպայման լքվում էր ցեղակիցների կողմից, այդ կերպ նաև արագ մահանում, ինչը ևս ինչ-որ իմաստով կարելի է համարել սպանություն։ Բոլոր դեպքերում մարդուն տրված ու հասանելի չի եղել ծերություն ապրելը, չէր կարող լինել։

Հիշողության ապահովման և դրանով իսկ «մարդայնացման» գործում անշուշտ դա ունեցել է մեծագույն նշանակություն, բայց անխուսափելի է ծերության հաղթահարման մարտահրավերը, որի առաջ մարդը կանգնելու է` որպես ապագայի խոչընդոտ ու ստիպված է լինելու ընտրություն կատարել` բնական փորձին վերադառնալու և հակաբնականի կատարելագործման միջև, ու երկու դեպքում էլ ընտրությունը հաստատելու է ճշմարտությունն առ այն, որ ապագան ինքնարարմանը այլընտրանք չունի։

21.      

Բոլոր կռիվները, որոնք արվում են հայելու առաջ, չեն կարող ավարտվել այլ կերպ, քան ոչ ոքի, իսկ հաշտությունը, եթե անգամ պատահում է, այլ չէ, քան այն, որ կարող է լինել մեռյալների միջև։ Առհասարակ, ինքնաճանաչողության, ապա նաև ինքնահաղթահարման համար կոպերն ունեն ավելի մեծ կարևորություն, քան աչքերը։

22.      

Սիրում ես, որովհետև ճանաչու՞մ ես, թե՞ սիրում ես, որ ճանաչես։ Այս ինքնահարցադրումից զատ, որը յուրաքանչյուրը սիրո (ճանաչողության) մեջ պետք է տա ինքզինքը՝ ինքնավերլուծության համար, սերը (ճանաչողությունը) միմյանց առաջադրելու մեկ հարցադրում ունի՝ փրկե՞մ, թե՞ հավերժանաս։

23.      

Որտեղից է այս համատարած դիահոտը փչում

Իրականությունը «վերջանում է» այնտեղ, որտեղ դադարում է նրա հարաշարժության ընկալումը, այդուհետ նրանում մնում են երևակայություններով, երազանքներով, հուշերով ու մղձավանջներով տարբերվող ուրվականներ, բայց նույնական՝ իբրև մեռած հոգիներ։ Մեռած հոգիների «իրականություն»։

24.     

Երբ ճանաչելն արգելված էր, շատերը ձգտում էին ճանաչողության։ Երբ արգելված էր սիրելը, ձգտում էին սիրո։ Ի վերջո, մարդ լինելը շատերի նպատակն էր, երբ արգելված էր։ Հիմա, երբ թույլատրված է այդ ամենը, շատանում են տգետ ու անսեր անասունները։

25.      

Ով իր հանդեպ վստահություն է պահանջում, ակամա բացահայտում է խաբելու իր մտադրությունը։ Ով առաջնորդվում է դիմացինի հանդեպ վստահությամբ, ակամա տալիս է խաբվելու իր հոժարությունը։

Այս վախերից ազատ է նա, ում առաջնորդում է (ինքնա)ճանաչողությունը։

26.      

Ծնվելու առնչությամբ ինձ առավելապես հուզել է մեկ հարց` կա՞ արդյոք այնպիսի սկիզբ, որն ինչ-որ բանի վերջը չէ։

27.      

Խորշում եմ ոչխարի հետ կապված ամեն ինչից, մանավանդ անմեղությունից։

28.      

Աստծո գործերն իրավ անքննելի են, բայց Նա այլևս գործ չունի մեզ հետ։

29.      

Ինքնաճանաչողությունը երբեք չի պատասխանում «ով ես» հարցին, այն մշտապես ցույց է տալիս, թե ով չես։

30.     

Մարդատյացն այդպիսին է լոկ այն բանի համար, որ իր մեջ տեսնում է այն, ինչն ատում է ուրիշների մեջ, բայց չափազանց եսասեր է ինքնաոչնչացման համար։

31.      

Ուրիշի տխրության մեջ օտար ես, ուրախության մեջ` ավելորդ, եթե անգամ պատճառն ես մեկի, կամ մյուսի։ 

32.      

Դժբախտությունը վկա է փնտրում, երջանկությունը` հանդիսատես։ Վկա, թե հանդիսատես, երկու դեպքում էլ ճիշտ է լռությունը։

33.      

Բանականության համար տխրությունն ինքնամաքրման վիճակ է, ուրախությունը` նիրհելու։ Չափազանց երկար տրվել ուրախությանը, նշանակում է բանականությանը ենթարկել երբևէ չարթնանալու վտանգի։

34.      

Ինքնարարման հավատամքը կրողները չեն կարող շեղվել ճշմարտությունից, որ գոյը լույսի և խավարի հակադրություն է, բայց նաև չեն կարող հաշտ լինել այդ հակադրությանը, առավել ևս կամակից լինել մեկին կամ մյուսին, քանզի նրանց ճանաչողությունը միտված է ակունքին, որտեղ դրանք միախառն են՝ մեկ են։ 

35.     

               Հակառակ սպասածի` հենց գոյության անիմաստության զգացումն է զգայելի դարձնում տիեզերքի շնչավորությունը, եթե չես կորսվում ու մնում ես ճանաչող։

36.     

Երջանկությունը բնորոշ է հիմարներին, բայց ինձ պատահել են երջանիկ վիճակում մարդիկ, ովքեր հիմար չէին, նրանք բոլորը կրում էին կյանքի գին արժեցող գաղտնիք։

37.      

Քանի դեռ հասկացված լինելու պահանջ ունես, ինքդ քեզ բավականաչափ չես հասկացել, իսկ երբ ինքդ քեզ բավականաչափ հասկանում ես, շրջապատող ամեն ինչ դառնում է ավելի հասկանալի անիմաստ։

38.      

Ճշմարիտ իմաստասիրությունը, այսինքն այն, որում սերն անկեղծ է, երբեք չի արտահայտվում խրատով, պատգամով, առավել ևս, քարոզով, այն բացառապես ինքնասուզում է` ճամփորդների համար հյուրընկալ։

39.     

               Երբ հիմարը ստանում է իշխանություն և որոշ ժամանակ անց հասկանում, որ իշխանությունից ավելի երկարակյաց են գաղափարները, այդուհետ վերածվում է իմաստակի։ Իմաստակն իր իշխանությամբ բռնակալ է, բայց ավելի աղետաբեր, քան դրա սովորականը։

40.      

Մենակությունը կարող է տալ այն, ինչ փնտրում է թմրամոլը, աստղագնացը, կամ, օրինակ, յոգը, ու սա ոչ թե մենակության, այլ ինքնասուզման մասին է։

41.       

Անսահմանության մեջ ոչինչ, հավերժության մեջ` անցած ակնթարթ է գոյությունը մեր, իսկ մենք դեռ ծրագրում ենք, թե ինչպես ապրել։ Մարդը տիեզերքին հարաբերելի միայն մեկ մեծություն ունի` հիմարություն։

42.      

Հիվանդասենյակում մեկուսացված խենթին, ով չի հասկանում իր ցմահ անազատությունը և զվարթ պլանավորում է ապագան, բարձրաձայնում` երազանքները, նայում ենք կարեկցանքով և/կամ ժպիտով։

Մարդու, ինքն իր և գոյության մասին, պատկերացումները պայմանավորված են հենց այս չիմացությամբ` արդյոք կա՞ տիեզերքում իրեն նույն կերպ հայող հայացք։

43.      

Աղոթք ինքզինքը

Պահի՛ր ինձ խորքում ինքնասուզման, որտեղ մտահանգումներս չեն ունենա այլ հասցեատեր, քան ինքս եմ, ապա տա՛ր խորքն այն, որտեղ ինքս էլ չեմ լինի հասցեատեր։ Թու՛յլ տուր ճաշակել բերկրանքն անպայմանական իմացականության, ընդունի՛ր ինքնազոհությունը հավատամքում ինքնարարման։

44.      

Բոլոր նպատակների վերջում սպասում է «հուսախաբություն» փորագրությամբ գավաթ։ Նրանք, ովքեր երբեք չեն հասել, փոխարենը ազատվել են հուսախաբությունը գլխավերևում թափահարելու ծեսից։

45.     

Սեփական եսը միշտ առաջին տեղում է ավերքում, իսկ արարչության մեջ, եթե անգամ տեղ ունի, ապա միայն վերջում։

Նրանում, ինչն ինքնարար է, ավերքն ու արարչությունը նույնական են, ինչը մարդուն հասու է միայն սիրո մեջ, բոլոր այլ հանգամանքներում նա մեկն է, կամ մյուսը, առավելապես այն մեկը, որում առաջին տեղում է սեփական եսը։

46.      

Մարդու գոյությունը վկայությունն է այն բանի, որ բնությունն ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, խղճով է գործել և շեղվել է իրեն ներհատուկ կատարելությունից։

47.      

Աստվածությունը բավարար չէ մեզ, մեզ միաժամանակյա ավերք է պետք։ Մենք չենք կարող սեր անել մեկի հետ, ով չի ցանկանա սպանել ու ապրեցնել մեզ նույն կրքով, որով մենք ենք սիրում սիրել, իսկ մենք չենք սիրում ողջ մնալ, մենք, ինքնարարներս, սիրում ենք վերածնվել։

48.      

Հեղինակի հույզերը պետք է ոչնչանան նրա մարմնի հետ ու չշարունակեն իրենց անթաղ գոյությունը։ Մաքրասիրության այսպիսի պահանջ ունի արվեստում ինքնարարի ճաշակը։

49.     

«Հասկանում եմ քաղցդ, բայց էլ քեզ կերակրելու հույզեր չունեմ». ինքնարարը անխռով հրաժեշտ էր տալիս մարդուն։

50.     

Ես այնքա՜ն թեթև կապրեի հավատալով կամ չհավատալով աստվածների գոյությանը, ինչպես հավատում կամ չեն հավատում սովորաբար, բայց բարձրագույն բանականությունն ինձ զրկել է այդ հիմարությունից։

51.      

Նեռին ոչինչ այնքան չի գրավում, ինչքան ամոթը, դրա համար նա սիրում է հայտնվել աղոթատեղիներում. ուրիշ որտեղ գտնել ոգելից ըմպելիքի նման առատություն։

52.      

Իրենց հաջողությունների մասին խոսելիս բոլորը լռում են պատահականության մասին, անհաջողությունների մասին խոսելիս` իրենց հիմարության. երբեմն որովհետև իրենք էլ չգիտեն այդ մասին։

Լսել ուրիշի պատմությունը` առանց փորձելու բացահայտել, առավել ևս, ուսանել դրանից` առանց բացահայտելու թաքնվածը, այլ բան չէ, քան սեփական մտքի ախտահարում։

53.      

Երրորդ բացատրությունից սկսած` արդեն սովորական հիմար չես, այլ հիմար ես, որին լռությունն էլ այլևս չի կարող սքողել։

54.      

Արդի հասարակությունը եսամոլների միավորում է` իրար վրա թքած ունենալու բոլորին ընդունելի նորմաների ամբողջությամբ, որի հին անվանումն է «բարոյականություն»։

55.      

Մենակություն սիրողներ՝ անհաշվելի, բայց նրանց մեջ չկա գեթ մեկը, ով առաջին իսկ հարմար առիթին այդ սերը չդավաճանի։ Ներելու մշտնջենականությամբ՝ մենակությունն Աստված է։

56.      

Քոնն էլ փնտրում է քեզ, բայց արդյոք դու ա՛յն ես, ում նա կճանաչի։

57.      

Առանց խնդրանքի խորհուրդներ տալու լկտիությունից առավել` զազրելի է տալուց առաջ ներողություն չխնդրելու անդաստիարակությունը։

58.      

Ինքներս մեզ ուսուցիչ ենք ու ինքներս մեզ աշակերտ, բայց առավելապես լավ ուսուցիչ ենք և ծույլ աշակերտ։

59.      

Կյանքը կարճ է թվում միայն, երբ միալար է։ Իմաստավոր կյանքը կարող է երկարել ընդհուպ մինչև հավերժություն։

60.     

Յուրաքանչյուր մարդ կյանքում սխալվում է երկու անգամ` մեկ և ընդմիշտ։ 

61.      

Կյանքի աղմկոտ ունայնությանը հակադրելու ոչինչ չկա, քան սեփական ունայնության անդորրը։

62.      

Ամեն ոք իմաստուն է այնքան, ինչքան կարողանում է նույնանալ ինքնախոսության լռակյաց կողմի հետ, ու նույնչափ սակավախոս է, նույնչափ մենակ. նույնչափ իսկական։

63.      

Չափազանց աստվածասեր մեկը թոթափում էր իր հոգնությունը նեռի գրկում։

64.      

Բազմացի՛ր, միջակ, քանզի հարատևելու այլ եղանակ չունես։ Բազմացի՜ր, մարդ։

65.      

Սերը կա ինքնաստվածություն։

66.      

Նա, ով ինձ ճիշտ է կարդացել, լքել է ժամանակին։ Նա, ով ինձ գիտեր, վերջին շնչով պատգամել է գրիչս վայր չդնել։

67.      

Բարձր բանականության համար անհարմարություն է ՆՈՐՄԱԼԸ, ՈՉԻՆՉԸ` գերադասելի, երբ չկա լինելու ի՛ր հանգամանքը։

68.      

Լինի տառապանքի այն մեծը, որ ավարտվի աստվածային հեշտանքով, կամ վայելքի այն շատը, որ անանց խումհար լինի, ու չլինի կանոնավոր այս կիսատը` մարդանալը չլինի։

69.      

Եղի՛ր ինքնարարիս ծնող ու, միաժամանակ, շարունակությունը եղիր, Անէ ...

70.      

Էականը, որ պետք է դաստիարակենք մեր մեջ, ինքնարարման հավատամքում, փրկիչ չլինելն է. պետք է անխռով թույլ տանք, որ կործանվի այն, ինչը չունի ինքնապահպանության ներուժ և թույլ պետք է տանք ծնվի այն, ինչը ունի ծնվելու համառություն։ Ի վերջո, ինքներս մեզ պետք է թույլ տանք լինել ...

71.       

Մեզ, ինքնարարներիս, ամենամոտը գայլն է` տարբերությամբ, որ մենք մարսում ենք միայն ամենաառողջը, ամենաընտիրը, մեզ ամենամոտը։

72.      

Մրցել ցանկալիի համար, հետո նրա, ինչ մնացել է, ապա ընդունել այն, ինչ բաժին կհասնի։ Բարձր ճաշակը մերժում է այս կենդանականությունը, միաժամանակ թույլ է տալիս իրենը վերցնելու վայրենությունը։

73.      

Լավագույն հեքիաթն այն է, որը չի ավարտվում, բայց և կիսատ էլ չի մնում։

74.      

Ամուլ տառապանքը, ինչպես երջանկությունը, հիմարին բնորոշ վիճակ է՝ տարբերությամբ, որ այս դեպքում հիմարն ինքնաոչնչացվում է առանց հոգնեցնող աղմուկի։

Տառապանքը բեղմնավոր է միայն, երբ (ինքն)արարման է։

75.      

Հոգու ինքնատիպ հատկությունն այն է, որ երբեք նույն տեղը երկրորդ անգամ չի ցավում։

76.      

Եթե փոխադարձություն չի ծագում ներսդ, գիտեցիր` քեզ ուղղված սերն իսկական չէ, ու քոնն էլ իսկական չէ, եթե չի ծնում սեր։ Ողբաբառաչանք բանաստեղծելուն պիտանի (ինքնա)խաբեություն է և(կամ) մոլորություն։

77.      

Նեռն ավելի շատ հոգիներ է ուղարկել դրախտ, քան կարողացել է գրավել Աստված։

Բայց սա ոչ Նեռի ու նրա պետքությունն ամենաշատը ունեցող Աստծո, ոչ էլ դրախտի մասին է, առավել ևս դրանց գոյության հիմնավորում չէ, այլ բնության մեջ ամենավախկոտ կենդանու էության մասին է, որը կոչվում է մարդ բանական։

78.      

Ինչքա՜ն բարձր պետք է լինես, որ չունենաս հույս, նամանավանդ` հավատ, ինչքա՜ն սեր պետք է լինես ու մարդ չլինես։

79.     

Արարչական է, երբ ստեղծագործության մեջ ոչ միայն և ոչ այնքան արարողի փորձն է, այլ նրա ինքնադաստիարակությունն առ այն, թե ինչ է փորձում կերտել ինքն իրենից։

80.     

               Երբ ցավում է, գնա հեռու։

Երբ շատ է ցավումավելի հեռու գնա,

... այնքան հեռու, որ ցավն էլ ցավա՝

մնաս դու։

81.      

Հարկադրանքն առերևույթ է` ներքուստ միշտ համաձայնություն է։

82.      

Երբեք բարեկամ չէ, քանի դեռ չես ճանաչել՝ որպես թշնամի։

Մարդը դրկից է սեփական մտքին՝ բանտում։

83.      

Երանի, երբ հոգեբան չէ, քահանա չէ, դատախազ չէ, դատավոր չէ, փաստաբան չէ, ...,

... պարզապես քոնն է։

84.      

Չի կարող սահմանել «ինչպես ապրել»-ը, սակայն «ինչպես մեռնել»-ը թողնել բնության նախախնամությանը և կոչվել բարձր բանականության բարոյականություն։

85.      

Բացառիկ գոյակներից զատ, ովքեր արժանի են այլի ու ավելիի, քան այս համընդհանուր արդարությունն է, ուրիշ ափսոսանք չկա։

86.      

Հառնել տառապանքից նշանակում է հասնել այն կրելու զվարթության։

87.      

Մարդկանց նկատմամբ ինքնարարման գաղափարաբանությունս, այլից զատ, պարզել է աստվածների գոյության իրական նպատակը ու դրանց անմահության պատճառը. մարդը պետք է մնա անասուն։

88.      

Մարդիկ դիակիրն են իրենց լավագույն եսի։

89.      

Վասն ինքնարարման

Ինքնը պիտի ստեղծի բարձրագույն եսին և ինքն էլ լինի Նա։ Մարդու համար սրանից զատ այլ մեկնություն չպիտի ունենա կարելիությունը, որը հնչում է՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ, և չկա դրանից առավել ոչինչ, որը մարդը կարող է անել ինքզինքը։

90.      

Նկատե՞լ եք` մարդն ամաչում է խոսել հեշտի մասին, նրա ինքնարժեքավորման նախապատմությունը միշտ դժվարի, մռայլի, ողբերգականի մասին է, որ արժեքը բարձր լինի, իսկ եթե ոչ` հորինում է այն։

Բեռը էշի՛ հպարտությունն է` հիմարությունը` արժեքը։ Այս իմաստով` մարդն ավելի էշ է, քան էշը, իսկ էշն այդ ավելի պատմիչ է, քան պատմիչը։

Ըստ միաձևության կանոնի` աստված կարգվելու ի՜նչ հնարավորություն ունի էշը և ինչու՞ դեռ ոչ, կամ գուցե վաղու՜ց։

91.      

Միակ վայրը, որտեղ հաջողվել է «Ամենքն անհատականություն են» և «Բոլորը հավասար են» հիմնադրույթների համադրությունը, կենդանաբանական այգին է։ Համանման համադրություն, բայց իբրև ավելի փոքր սոցիալական բջիջներ, պատահում է նաև որոշակի ցեղային և ընտանեկան մոդելներում, որոնք առավելապես հայտնի են անասնաֆերմա և գոմ անվանումներով։

92.      

Վասն կրոնականության, կամ խանդի տեղիքը «սուրբ» եռանձնության մեջ

Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, ապա մարդն իր պատկերով ստեղծեց նեռին։

93.      

Թվաց գայլ է, ու, մարդու մորթին վրայիցս դեն նետելով, չորս թաթ վազքով սլացա վեր, երբ լիալուսնի վրա տեսա ստվերապատկերը տեսակի` երբևէ հնարավոր ամենաբարձր ժայռին, ձիգ կեցվածքով, ականջները սուր ու մռութը դեպի վեր. կասկած չունեի, որ ինքնարարման կանչն է ոռնում։ Սակայն, երբ ջլատված թաթերով նվաճեցի բարձունքը, պարզվեց` սեփական հպարտության վրա կանգնած, ինքն իրեն երկրային ու երկնային թագավոր կարգելու ծես անցկացնող ավանակ է, իսկ այն, ինչ հեռվից լսվում էր «ա ու՜», մոտիկից հնչում էր «ի՜ ա՜»։ Բայց ինքնարարման կիրքս ավելին էր, քան վերջին հիասթափությունս ու, մտաբերելով մոխրում թավալվելու ավանակների մեծագույն սերը, ինքս ինձ այրեցի նրա առաջ` ժայռի եզրին ...

94.      

Ինքնարարի դարմանական

Ամենան բացառում է նույնի ավելին, ճանաչելը՝ նույնի կրկնվելը, իսկ ընդունելը՝ նույնը մնալը։

95.      

Մեղքն ընդունելով` տղամարդը կնոջը զրկում է դատախաղից, որը նա այնքա՜ն (ճշմարտությունից առավել) սիրում է խաղալ` միաժամանակ լինելով դատավոր, մեղադրող, պաշտպան։ Բայց խաղն ունի կարևոր նախապայման` ամբաստանյալը պետք է լինի կնոջ սիրելին։

Տղամարդը, ով հասկացել է, թե ինչքան կարևոր է կնոջն ուղղված հարգանքում նկատի առնել նրա կամշոտությունը, ներողություն կխնդրի, բայց մեղքը երբեք չի ընդունի։

96.      

Անհատական աճին միտված բոլոր գաղափարաբանությունները, լավագույն դեպքում, առաջարկում են լինել սեփական կյանքի ղեկավարը, այսինքն՝ բարձրագույն հպատակը։ Ինքնարարման գաղափարաբանությունը սեփական կյանքի հիմնադիրը լինելու պահանջ է դնում։

97.      

Իմացությունն ընդլայնում է բանտի սահմանները. ազատության զգացումը մեծանում է, ազատությունը՝ ոչ։ Զգացումով ամենաազատը նրանք են, ովքեր չգիտեն, որ այն, ինչը շրջապատում է իրենց, կոչվում է փշալար։ Ի վերջո, տգետն ազատ է իր տգիտության չափ, գիտունն անազատ է իր գիտունության չափ։ Իրական ազատության ձգտումը տառապանքի կամավորություն է, իսկ  կամավորությունը` ազատության իրականացում։

98.      

Ամբոխը, ինչպես կինը, ճշմարտությունից առավել` սիրում է արդարադատությունն ԻՐ։

99.      

Ամեն ոք իր «գիտեմ»-ի հալածյալն է, ինչպես իր սիրո։

100.                             

Ինքնարարի ոգեկոչ

Մենք չենք կարող բարուրվել ինքնախղճահարությամբ, բերանն առնել հպարտության ծծակը և քուն մտնել՝ ինչպես այլք։ Մեր արթմնությունը, եթե անգամ ունի վերջ, ապա միայն, եթե վայր ընկնենք ամենաբարձր գագաթից` սեփական գլխից։ 

101.                              

Եթե հրավիրեմ հոգեհանգստիս ու հայտարարեմ, որ ի՛նքս էլ դիմավորելու եմ այցելուներին, ինչքան տարակույս կհնչի, այդպես չէ՞, ու քանի յուր(տար)օրինակ կներկայանա ժամադրության վայր։ Բայց այլ կերպ չեմ պատկերացնում, թե դրանից առավել ինչը կարտահայտի լրիվությունը զգացմունքիս, որը կոչվում է ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ, փոխադարձությա՛մբ սիրիր։

102.                              

Այն նոր ինձը ճանաչելուց բացի, երբ որևէ մեկը հայտնվում է իմ կյանքում կամ դրանից չքվում, մարդկային հարաբերությունների այլ գրավչություն չկա ինձ համար։ Ես սիրով եմ տրվում այդ գրավչությանը, դրանում ևս «վավաշոտ եմ», ու, առավել հաճախ, մարդկանց չքանալու հաճույքի։

Այս ամենից, իբրև հաճույքի հավերժականը, բացառություն է այն ՄԵԿը, որը կոչվում է ՍՏԵՂԾԵԼ ԶՄԻՄԵԱՆՍ։

103.                             

Սահմանում չէ այն, ինչը սկսվում է «Ինձ համար» բառակցությամբ, հետևաբար ճշմարտություն չէ: Անկախ «սահմանողի» հեղինակությունից, «սահմանման» շուրջ սոցիալական համաձայնությունից և հարկադրանքից, թեկուզ մեկ «Ինձ համար»-ը հավասարապես արդարացի է, ինչպես «Բոլորի համար»-ը։ Այդպիսի հասկացությունների շուրջ վեճն իմաստ ունի միայն, քանի դեռ արվում է՝ որպես մտավարժանք և չի վերաճել կռվի, այդուհետ, դա բոլոր մասնակիցներին բնութագրող հիմարություն է։

Այնպիսի հիմնարար հասկացությունների մասին դատողությունները, ինչպիսիք են բարին ու չարը, լավն ու վատը, ճիշտն ու սխալը, հատկապես եթե դա արվում է ինքնաճանաչողության համար, պետք է սկսել՝ բացառելով «Ինձ համար»-ը, այսինքն ինքնահերքմամբ` ի վերջո հատելով տեսածիրը, որտեղից սկսվում է «Առանց մարդու» անդինյան կատարելությունը, ամենայն կարելիությունը։

104.                             

Ամենքը խոսում է, կամ սպասում խոսելու իր հանգամանքին` հերթին, ժամին, վայրին, ուրիշ մեկին ....։ Ոչ ոք չի լռում լսելու համար։

105.                             

Անկախ գեղարվեստական բնորոշումներից` այնպիսի լռությունը, որը չունի վերմարդկային բովանդակություն, ընդամենը սովորական անասունի հասարակ վիճակ է։

106.                             

               Մի ամոթ է համակում ինձ դարերի խորքից, ուր հայտնվում եմ գրականությամբ. մարդը ո՛չ կարողացավ ինքն իրեն դաստիարակել ավելին, քան է, ո՛չ էլ կարողացավ մի կարգին աստված, որպես դաստիարակ, իր գլխին կարգել։ Ամեն բան պտտվում է նույն սռնու շուրջ, որը կոչվում է միջակություն։

107.                             

Նիցշեի գերմարդը պահանջում է սպանել Աստծուն, իսկ ինքնարարման պահանջն է սպանել Աստծո տերերին։


Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...