Եթե գեղեցիկ կինը միաժամանակ իմաստուն է, նշանակում է նրա ստեղծմանը մասնակցել է նաև Նեռը։ Եթե կինը միայն գեղեցիկ է, նշանակում է նրան ստեղծել է բնությունը։ Եթե կինը միայն իմաստուն է, նշանակում է նրան ստեղծել է ճակատագիրը։ Կնոջ ստեղծման գործում Աստված ձեռնպահ է։
Jun 29, 2026
անտիպ - 107/2026
Ես սկզբունքորեն դեմ չեմ Աստծո գաղափարին՝ այն իմաստով, որ ամենքը կարող են տարբեր կերպ անվանել տիեզերական այն մեծ անհայտությունը, որի ճանաչողության մեջ դեռ չնչին է մարդկային իմացությունը։ Ես դեմ եմ կրոնի, աղանդի, պաշտամունքի մեջ այդ Աստվածների բանտարկությանը, առավել ևս դրանց հակադրությանը. զավեշտալի է այն մրցակցությունը, որում, ըստ երևույթին, մասնակիցներից յուրաքանչյուրը պնդում է, որ իր անգիտությունը մյուսի անգիտությունից ավելի ճշմարիտ է։ Բայց սա՛ էլ, ինչպես ցանկացած հիմարություն, ունի իր շահն ու դիտավորությունը։
© Գորշ
Jun 23, 2026
անտիպ - 106/2026
Հեշտ է քեզանից պաշտպանվել ամբոխի մեջ, բայց ես չեմ կարող երկար դիմանալ առանց մենության, որտեղ դու ներս ես գալիս բոլոր զգայարաններով ու տիրում ողջս։ Դու այնքա՜ն հաճախ ես սպանում ինձ, իսկ ես այնքա՜ն հազվադեպ եմ հարություն առնում, բայց ես չեմ ուզում, ինչպես Աստված՝ թեկուզ որ արգանդակից ենք, անվերջ մեռնել. եթե չես կարող ունենալ ինձ՝ որպես ինքնարարի, ապա վերջացրու ինձ՝ որպես անասունի, ո՜վ Կին՝ ո՜վ Տիեզերք՝ ո՜վ Անէ։
© Գորշ
Jun 21, 2026
անտիպ - 105/2026
Այն, ինչի մեկնարկը տրվել է Նոյյան տապանից իջած անասուններով, չէր կարող ստացվել այլ բան, քան ստացվել է։
© Գորշ
անտիպ - 104/2026
Մահին հաղթելու միակ ձևն ինքնասպանությունն է, իսկ կյանքն անպարտելի է։ Դրա համար էլ կա սերը` որպես կյանքին տրվելու ինքնասպանություն։
© Գորշ
անտիպ - 103/2026
Եթե իմանայիր, թե ինչպես ես ապրում իմ ներսում, կհրաժարվեիր անգամ միակ կյանքից։ Եթե իմանայիր, թե ով ես իմ ներսում, չէիր ցանկանա լինել ուրիշ մեկը` նույնիսկ հազար կյանքում։ Բայց դու չգիտես և ստիպված ես ապրել միակ կյանքդ` ուրիշ մեկում։
© Գորշ
© Գորշ
անտիպ - 102/2026
Նետվում եմ անհատակ անդունդը` խավար է, բայց շուրջս նկատում եմ հետընթաց ժայռեր, իսկ երբ հայտնվում եմ մեջքնիվայր, վերևում տեսնում եմ աստղեր` անկմանս հետ պայծառացող ավելի։ Այս պատկերացումը հոգիս հանգստացնում է մարդ լինելու հոգնությունից։
© Գորշ
անտիպ - 101/2026
Դու մենակ ես, կեղծիքը շատ է, իսկ մահն` անխուսափելի, ուստի փրկող ձեռքերի փոխարեն փնտրիր այն ձեռքը, որը բռնելով ավելի վստահ կմեռնես, քանզի դա ձեռքն է անվերապահ հարազատի։
© Գորշ
անտիպ - 100/2026
Հույսի և հավատի իմացականությունը չի կարող ճանաչել նրա չգիտեմի իմաստնությունը,
լավ ու վատի բարոյականությունը` նրա սիրո կարելիությունը,
բարու և չարի սովորութականությունը` նրա այնկողմնային իսկականությունը.
սև ու սպիտակի մարդակերպությունը չի կարող տեսնել ինքնարարի գորշականությունը։
© Գորշ
Jun 18, 2026
Jun 17, 2026
անտիպ - 97/2026
Դժվար բան է ինքն իրեն սիրելը. հենց սրանում է, որ շատերն առանց ուրիշ(ներ)ի անկարող են։ Շատ հարաբերություններ գոյություն ունեն միայն այն պատճառով, որ դրանցում բացակայում է մասնակիցներից յուրաքանչյուրի ինքնասիրությունը։
© Գորշ
անտիպ - 96/2026
Ոչ ոք արժանի չէ այն ամենին, ինչ ունի (միշտ ավելին է կամ պակաս) բայց յուրաքանչյուրն արժանի է այն ամենին, ինչ չունի։
© Գորշ
Jun 15, 2026
անտիպ - 95/2026
Մարդկային կյանքն իմաստ է ստանում միայն այն մերժելով։ Այդ «ՈՉ»-ն է այն լարը (իմաստ), որն անցնում է անհեթեթության անդունդի վրայով՝ ներքևում թողնելով անասունին և իր բոլոր աստվածների գերեզմանը։
© Գորշ
անտիպ - 94/2026
Իմաստնությունն սկսվում է արթնանալուն հաջորդող մեռնելու ցանկությունը հաղթահարելուց հետո։ Ո՜վ կա արթմնի, և իբրև ո՜վ ...
Jun 10, 2026
անտիպ - 93/2026
Պատահում է, որ մարդը հայտնվում է գաղափարական կղզում։ Պատահում է, որ կղզին հայտնվում է նույն լեզվամտածողության օվկիանում։ Պատահում է անգամ, որ օվկիանը նույն արյունից է։ Ի տարբերություն մարդու՝ ինքնարարի համար այս նույնն անհրաժեշտություն է, ընտրություն է ու կամք։
© Գորշ
Jun 5, 2026
անտիպ - 91/2026
Հիմար տղամարդու համար կինը կրոն է կամ սնահավատություն, իմաստունի համար՝ բնության տարերք։ Հիմարը փնտրում է հավատ կամ սովորույթ, իմաստունը` առեղծված։ Հիմարն ապրում է ճակատագրով, իմաստունը` ճանաչողությամբ։ Հիմարը գտնում է հաճախ, իմաստունը երբեմն հանդիպում է։
© Գորշ
Jun 4, 2026
անտիպ - 90/2026
Կյանքը, ինչպես կինը, ինքնին է ողբերգական, հետևաբար ողբերգությունն ավելորդ մարդկայնացնելու պետք չկա։ Կյանքի հետ, ինչպես կնոջ, միայն հաշտություն է հնարավոր. հակառակ դեպքում նա միշտ հաղթող է։ Երբ կյանքի հետ հաշտության ես հասնում անդունդի եզրին, պարզվում է, որ նա նաև զվարճասեր է, ինչպես կինը, ու հենց այդտեղ՝ սահմանագծին, ամեն անգամ, երբ հանկարծ սայթաքում ես, նա, ինչպես կինը, մերկացնում է իր ողջ ողբերգակատակերգակ էությունը։ Կյանքը, ինչպես կինը, սիրում է այդ մերկացումը. նա հենց միայն դա էլ սիրում է, ու ԵԹԵ ԱՄԵՆԸ ՉԼԻՆԵՐ ԿԻՆ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՍԵԼ, ՈՐ ԿՅԱՆՔՆ Է ԿԻՆԸ։
© Գորշ
Jun 1, 2026
անտիպ - 89/2026
Իմաստն անմահանալը չէ. ի վերջո նման արտոնություն ոչ ոք չունի։ Հարատևելն էլ իմաստը չէ. կրկնությունն ինքնին մահ է։ Իմաստն արթնանալն է, որի համար կա ապրելը ու արժե մեռնելը։
© Գորշ
Subscribe to:
Posts (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...



















