Jul 30, 2026

անտիպ - 134/2026

Մեծ մասամբ կյանքն ավելի շուտ է լքում մարդկանց, քան նրանց հանդիպում է մահը։ Մահն ինչ-որ իմաստով նման է անգղի. հայտնվում է, երբ արդե՛ն կյանքն ընդհատված է, իսկ այն, ինչը սովորաբար կոչվում է հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություն, այլ բան չէ, քան սանիտարական ծես։ Շատերի դեպքում միջանկյալ ժամանակահատվածը տևում է տասնամյակներ, բայց միայն այն բանի համար, որ մահը մենակ է, իսկ մեռելներն անհամար ու երկարակյաց։

© Գորշ



անտիպ - 133/2026

Երբեմն, գիշերն այնպիսի կրքով է սիրում և այնքան է նրբացնում, որ լուսաբացի հպումը ցավով եմ զգում:

© Գորշ



Jul 29, 2026

անտիպ - 132/2026

Գորշի ռեփոսոֆիա

Մի՛ ասա այն, ինչը չգիտես։
Մի՛ բացառիր, որ սխալ գիտես։

Խոստումներ մի՛ տուր, իսկ տալուց` կատարիր, եթե անգամ չկատարելն արդար է։

Քիչ խոսիր, շատ լսիր. էս շատ ես լսել,
Բայց նաև կարճ երևա, երկար դիտիր. էս արդեն նոր բան ա։

Հարգի՛ր մեծերին, բայց մի՛տքը, ո՛չ թե տարիքը։
Փոքրերի՛ն էլ հարգիր. այս դեպքում հենց տարիքը։
Առհասարակ, հարգի՛ր բոլորին, մինչև իրենց անարգանքը։

Սիրում ես՝ վերցրու, վերցրել ես՝ սիրի՛ր ընդմիշտ։

Ոչ ոք քեզանով թող չփչանա, թեկուզ եթե հանդիպածն արդեն փչացած ա։

Ստել չգիտես՝ ճիշտն ասա. սա էլ հին բանա։
Ստել գիտես՝ նամանավանդ ճիշտն ասա. էս մեկը նոր ա։

Ուրիշի գաղտնիքների զրահապահարան եղիր,
Սեփականին՝ վառարան։

Համեստ եղիր ուրիշում, քոնում՝ բնական, բնականում՝ բանական։

Վախենալը նորմալ է՝ կենդանի ես,
Չհաղթահարելը նորմալ չի՝ անասուն չես։

Չիմանալն էլ ամոթ չի. էս հայտնի հնի ռեմիքսն ա,
Բայց հարցնելն ամոթ ա, եթե նախ ինքնուրույն չես փորձել։

Ճանաչի՛ր ինքդ քեզ, բայց նախ հանդիպի՛ր քեզ։

Սիրո մեջ հպարտ չլինես, բայց նաև խղճով չլինես,
Ու, նամանավանդ, խեղճ չլինես. էս արդեն ու՛ր էլ լինես։

Աչքե՛րը չեն խոսուն, այլ` հայացքը. սա հնի ճշգրտումն ա,
Իսկ հայացքն աչքերով չի՝ հոնքերով ա։

Եթե մի բան ուզում ես, նախ հարցր ա՝ ինչու՞ ես ուզում,
Որ պարզես՝ դու, թե ուրիշն է քո փոխարեն ուզում։

Միշտ ստուգի՛ր, թե ում են պատկանում մտքերը՝ նամանավանդ քոնը։

Բոլոր խաբեություններից հատկապես ինքնախաբեությունից զգուշացիր։
Սա որ բացահայտես, մյուսները կբացառես։

Կամքի ազատության վրա շատ մի լարվիր. ինչ էլ անես, ուրիշի համար էլ ա։
Ուրեմն ինչ էլ անես, ինքնակամ արա, հատկապես, երբ ստիպված ես։
Միայն մեռնելն ա, որ բացառապես ինքդ քեզ համար ա,
Տենց մեկ էլ ցավն ա ու տառապանքը։

Սովորիր բա՛ց թողնել, բայց նախ ինքդ քեզ,
Բայց նաև ընդունե՛լ սովորիր՝ էլի նախ ինքդ քեզ։

Ամբոխում արծվի հետ եղիր, ամբոխից դուրս՝ գայլի,
Բայց երկու դեպքում էլ օձը թող ներկա լինի։

Անսահմանության երկու տեսակ էլ կա,
Բայց մենակ եղիր, հիմար լինելու փոխարեն։

Անապատում ջրհոր եղիր, օվկիանոսում՝ կղզի,
Բայց փրկչություն վաճառող մի՛ եղիր։
Առհասարակ, թե կարող ես, վաճառական մի՛ եղիր։

Եսիդ ու ինքիդ հանդիպումներում թող ինքը հաղթանակի։
Ինչպես էլ շարունակես, թող ինքնարարմամբ ավարտվի։

© Գորշ



Jul 28, 2026

անտիպ - 131/2026

Ամբոխի անտարբերությունն ավելի բարձր գնահատանք է, քան գիտակի ուշադրությունը ու, ի տարբերություն դրա, հաստատապես անկեղծ։

© Գորշ





անտիպ - 130/2026

Ով չի ունեցել արծվի մենակություն, չգիտի, թե ինչ բան է միջակությունից դուրս լինել ու շնչել մաքրամաքու՜րը։ Ով այն ունենալու հետ ունեցել է իր մոտ թռչող արծիվը, նաև տեսե՛լ է մաքրամաքու՜րը։

© Գորշ



անտիպ - 129/2026

Այն ամենում, ինչը իմաստ ունի, կյանքն ինձ միշտ տվել է լավագույնը` անգամ մեղքերը։

© Գորշ



անտիպ - 128/2026

Բոլորի դրախտը նույնն է։ Մարդուն ճանաչելու համար պետք է նրա դժոխքին ծանոթանաս ու պետք է ցանկանաս ապրել այնտեղ, որ համարվի սիրում ես։

© Գորշ



Jul 23, 2026

անտիպ - 127/2026

Այն ամենին, ինչը մեզանից հեռացնում է միջակությանը, թեկուզ դա լինի բժշկի նշտար կամ մահվան գերանդի, ամե՛ն։

© Գորշ



անտիպ - 126/2026

«Կարոտ առ իմացյալը» և «կիրք առ անհայտը» թևերով թռչում էր սիրտն իմ անդունդի վրայով, որը կոչվում է հիմա, այստեղ։ Այժմ նա բարուրված է ինքնագրկումով և ընկնում է բարձրից, ընկնու՜մ անվերջ։


© Գորշ



Jul 20, 2026

անտիպ - 125/2026

Ինքնաճանաչողությունը Եսի և Ինքի հանդիպումն է։
Ինքնահաղթահարումը Եսի պարտությունն է Ինքին։
Ինքնարարումը Ինքի արարչությունն է առ Բարձրագույն Ես-ը։

© Գորշ



անտիպ - 124/2026

«Գել ու գազան» դարձվածքում, այնուամենայնիվ, գայլը նշվում է անջատ։ Սա գայլի առեղծվածային էության ամենանուրբ և ամենադիպուկ ընդգծումն է ու, միաժամանակ, նրան պարտվելու մարդու ճանաչումը։

© Գորշ



Jul 17, 2026

անտիպ - 123/2026

Եթե չարանում եմ, ապա միայն մարդեղացած այն աստվածների նկատմամբ, ովքեր իրենց իսկությամբ ներկա են իմ հոգում և թույլ չեն տալիս ատել մարդուն հիմնովին և մեկընդմիշտ։ Երբեմն ինձ մխիթարում է պատկերացումը, թե ինչպես եմ նրանց մեկտեղում իմ անձավում, ինչպես Զրադաշտն իր հյուրերին, բայց, պատվելու փոխարեն, ինքնահրկիզվում` գիտեմ, որ նրանք անմահ են իմ ներսում և մահկանացու` ինձանից դուրս։

© Գորշ



Jul 13, 2026

անտիպ - 122/2026

Ասում են՝ պետք չէ վստահել ոչ մեկին, իսկ ես ասում եմ՝ մեզնից շատ մեզ ոչ ոք չի խաբում։ Հենց կարողանում ես բացառել այդ «մեկի» սուտը, հայտնվում ես ուրիշի նկատմամբ հավատ-կասկածից անդին արթմնության մեջ։ Ի դեպ, անգամ սերը, ու նամանավանդ սերը, անկախ «կույրի» իր համբավից, իսկական է, եթե արթմնությամբ է։ Այն, ինչն արթմնությամբ չէ, անպայման սուտ է։

© Գորշ



անտիպ - 121/2026

Միայն հողն է գրկում անպայմանական։

© Գորշ



անտիպ - 120/2026

Ի սկզբանե գուցե հավաքական ինքնակառավարում էր, բայց մարդկության այժմյան գոյաձևը բացառապես կառավարում է, որի առաջնային նպատակն ինքնարար կամք/կիրքը «մարդ» վանդակում զսպելն է։ Ընդ որում, այժմյան ասելով պետք է նկատի ունենալ, առնվազն, վերջին երկու հազարամյակը։

© Գորշ



անտիպ - 119/2026

Մնալ մարդ նշանակում է մնալ այդ ուրիշը, այդ միջակը, այդ ժամանակավորը։

© Գորշ



անտիպ - 118/2026

Պատրա՞ստ ես, ունենալու համար այն, ինչ ունի ուրիշը, վճարել ինչպես ուրիշը` էներգիա, ժամանակ, ինքնասիրություն ...։ Սա ցանկությունների այն հարց-զտիչն է, որն ինձ համար հաճախ պարզում է, որ դեռ մենականալու ու ժամանակ խնայելու տեղ ունեմ և ինքս ինձ կիսատելու տեղ չունեմ։

© Գորշ



Jul 7, 2026

անտիպ - 117/2026

Ինձ գայթակղում է այն համեստությունը, որն իր ետևում զսպում է այնպիսի գաղտնիք, որի դուրս գալը կարող է ոչնչացնել շուրջն ամեն բան՝ ներառյալ ինձ, ու ինձ դուր է գալիս, երբ ճանաչելու կրքի զսպվածությամբ մոտենում եմ դռանը, բայց չեմ հասցնում թակել. այն հանկարծակի բացվում և գաղտնիքը գողանում է ինձ։

© Գորշ



անտիպ - 116/2026

Կյանքի խորը ընկալման դեպքում անհնար է մահը չդիտարկել որպես ազատություն։

© Գորշ



անտիպ - 115/2026

Գեղեցկությունը, որն արհամարհում է իմաստնությանը, ի վերջո խամրում է, բայց անգամ դրանում է իմաստնությունը գեղեցկություն տեսնում։

© Գորշ



Jul 6, 2026

անտիպ - 114/2026

Ես երբեք այն չեմ ընկալել՝ որպես զվարճության հականիշ և վշտի, ձանձրույթի հոմանիշ։ Այն ինձ համար հազվադեպ է եղել հետևանք. ես ավելի շատ փնտրել եմ այն արտահայտելու պատճառներ, ապա նաև հորինել եմ դրանք։ Նրա կարճատև բացակայությունն ինձ ավելի շատ է անհանգստացրել, քան տևական թանձր ներկայությունը։ Նա ավելի շատ հայտնվել է ակամա, քան արձագանքել է իմ փնտրելուն իրեն։ Տխրությունը կա` որպես իմ իսկության հատկանիշ, ինչպես սերն ու ինքնարարման կամք/կիրքը։

© Գորշ



անտիպ - 113/2026

Մարդն ավելի մոտ է անասունին, քան կուզեր լինել և ավելի նման, քան փորձում է չերևալ։ Անասունից մարդու հեռացումը վազք է անիվի մեջ։

© Գորշ



անտիպ - 112/2026

Ամեն անգամ, երբ ինձ հաջողվում է «թումանյանական» մանկան քուն մտնել, դա ինձ հուշում է, որ նախորդիվ հերթական «մեկս» սպանվել է։

© Գորշ



Jul 4, 2026

անտիպ - 111/2026

Ուրիշը տեսնելու նախապայման, առավել ևս, պայմանականություն չունի, դրա համար է, որ նախընտրում եմ նրա հայելը մերձավորից։ Ինչքան ուրիշ, այնքան անպայմանական, ու ինձ գայթակղում է այն ուրիշը, որը հայում է մարդուց դուրս, աշխարհից անդին` թեկուզ եթե դա արհամարհանք է` բայց մաքրամաքու՜ր։

© Գորշ



Jul 3, 2026

անտիպ - 110/2026

Չարի և բարու, ուժեղի և թույլի, քչի և շատի մեջ չէ բանը բնավ, ոչ էլ, նամանավանդ, արդարության, սիրո կամ հավատի․ բոլոր պարտությունները կիսատությունից են։ Եթե անգամ մեկն է ընդդեմ աշխարհի՝ պարտվել է, նշանակում է իսկությամբ կիսատ է եղել։

© Գորշ



Jul 1, 2026

անտիպ - 109/2026

Ով կա այստեղ այնկողմնային. հարց ինքզինքը, որի պատասխանն ավելի սարսափելի է, քան դարավոր լռությունը։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...