Անսեր կրքում ավելի շատ մաքրություն կա, քան՝ հակառակում, թեկուզ, երբ սեր է սրբադասված, որի (դասի) ընդհանուր հատկանիշներում «պատահականորեն» միշտ ներկա է անկենդանությունը։ Ի վերջո, սուրբ է համարվել այն, որտեղ ամենաշատն է եղել խոզություն։
Առանց բովանդակության լրիվության էլ, միայն հանգամանքով, որ անգամ համակարգն է կրքի դեմ մշտապես պայքարում (արգելքով ու այլասերմամբ) սուրը ճոճելով «սեր» հիմնավորումով, ամբողջի դեմ՝ մասով մյուսին հակառակ պայքարի պայմաններում հակված եմ նրան, որում կա կենդանություն (թեկուզ, կոչումով կենդանականություն):
221․
Որ բնությունը դեռ զարմացնում է (նաեւ մարդուն ինքն իր մեջ, գիտակցությանն՝ ինքն իր դեմ) ուղիղ վկայությունն է մինչ այս եղած ճանաչողության սահմանափակվածության՝ ներառյալ երեւակայությամբ, որպիսի պայմաններում էության երկատում է ստացել իմաստասիրությունը (բոլոր տեսությունները) որը, չգիտես ինչու, ամենի սկզբում եւ վերջում փնտրում է ավելի մեծ մի բան, քան կա կենտրոնում (որում է, առնվազն, ժամանակին ներկայով հարաբերվելով) ու հետո ընկճված կառչում է որեւէ վարկած(ներ)ից՝ իբրեւ հավատ, ապա հույսը հռչակում մարգարեություն, ինչից բանականությունը շարունակում է մնալ հուսահատության պարանոյիկ շրջանի մեջ։
Որ կամուրջը կետից կետ անցման է նախատեսված, չափազանց տրամաբանական է (հասու կենդանական բնազդին) վերմարդկային ճշմարտության ուղի լինելու համար, վերջապես, թե ինչպես եմ ծնվել եւ ինչպես եմ մեռնում (շնչել եմ հողում եւ արտաշնչելու եմ դրախտում կամ դժոխքում) իմացությունը ոչինչ չի փոխում նրանում, թե «ո՞վ եմ» այսօր …։
Ոչինչ (առնվազն) չի բացառում իմաստը, որ կամուրջը ոչ թե անցման, այլ՝ թռիչքի ուղի է, ցանկացած հաջորդ քայլը հենակետի վերածելու հնարավորությամբ, որից ստացված եռանկյունը, այլից զատ, ըստ գտնվելու անկյան, կարող է բացահայտել նաեւ մյուս երկու անկյունների («սկիզբ» ու «վերջ») իմացությունը՝ ըստ բացահայտող անկյան գտնվելու վայրի։ Բայց որ կամուրջը գոյության իմաստ չէ (մարդն ընդամենը անցում է) կասկած-հավատից անդին ճշմարտություն է, որի պարզությունը հենց իրարամերժ տեսությունների առատությունն է։
222․
Կիրքն ավելի շատ վստահություն է փնտրում, քան՝ սեր, կամ վստահություն
ավելի շատ (եւ գիտակցությանը իր ծագմամբ ավելի շուտ) կիրքն է փնտրում, քան՝ սերը։
Ի տարբերություն գիտակցման ցածր շրջանակի սիրո, որը բավականին հաջող ապրում են առանց լրիվ ինքնաբացահայտման (անգամ փակ) առանց բացահայտելու հրեշի էությունը, առավել եւս, դրա իմաստավորումը) կիրքը, անկախ գիտակցական շրջանակից, ունի միայն լրի՛վ ինքնաբացահայտման մղում, ու քանի որ այն երբեք չունի (չի կարող ունենալ) իր լրիվությանը համապատասխան սոցիալական միջավայր (ինչը նաեւ զերծ է պահում «անարխիզմից», քանզի հավաքական գիտակցությունը կառուցված չէ ազատության համար) ինքնաբացահայտման համար այն ձգտում է վստահության լոկալ միջավայրի, իսկ երբ չի հանդիպում, վստահություն է գտնում ինքնավնասող ինքնամեկուսացման մեջ, կամ կրողին դարձնում «անարխիստ»՝ հասցնելով պոռնկության։
Կրքի մղմանը սերը ներդաշնակվում է միայն, երբ ինքն է վերածվում վստահության միջավայրի, որտեղ սպառնացող վտանգը կույր հավատի վստահությունն է, ինչն անպայման ի հայտ է գալիս իբրեւ մոլորություն (ապա` նաեւ հիասթափություն) երբ սերը ինքնաճանաչողության եւ ինքնարարման
(«տիեզերական սեր») չէ։
Անկախ ի սկբանե առանձնացվածության եւ գիտակցման հաջորդականության, «տիեզերական սերը», այնուամենայնիվ, կիրքն ապրելու միակ բարձր միջավայրն է, իսկ միայն վստահությունը՝ ճշմարիտ բնականը։ Եվ նույն հակադարձությամբ, առանց կրքի սերը երբեք չունի հնարավորություն հասնելու ինքնաճանաչողության այն բարձրությանը, որին կարող է հասնել կրքով, այնուհետեւ, միաժամանակ, լինելով ինքնարարման։
223․
Պետք է հաղթահարվի, որ «վերադառնա» ու պատկանի անպայմանական՝ որպես Բարձրագույն (ինքնարար) Բանականություն (146)։
224․
Կիսատ է արեւայինների եւ անխռովների իմաստնությունը, ու կասկածելի են նրանց բացարձականացված ճշմարտությունները, հետեւաբար նրանց սերն՝ առ լույսը, քանզի ճանաչելիներ կան, որոնք տեսնելու համար հոգիդ պետք է անխնա խոշտանգես։
Իսկ թե ճշմարտությունները միայն հարաբերական են, դա միայն դրանց ընկալումից հեռու գտնվող «իմաստնության» արդարացումն է։
225․
Հոգատարություն ստանալուց առավել՝ հիվանդին հաճելի է իր խնամատարին արհամարհելու «արտոնությունը»։ Բայց գործարքն արդարացի է, քանզի խնամատարն էլ ստանում է իր բարոյական շահը «առաքինի գործից»՝ իբրեւ արհամարհանքի «հաղթահարում»։
Ես տեսե՛լ եմ խնամատարության առաքինի դրսեւորում՝ այնտեղ խնամատարը ծեծում էր հիվանդին, իսկ հիվանդը երախտազգաց էր։
226․
Ինքնարար գիտակցությունը հարգանքի տիրույթ ներս չի թողնում, ներսից էլ միանգամից է դուրս շպրտում նրան, ով փորձում է հանդես գալ` իբրեւ հեղինակություն, իսկ երբ «հեղինակությունը» ներկայացված է, նրա հետ նաեւ ներկայացնողներին։
227․
Երբ չունի ներկայից ապագա տանող բովանդակություն, անկախ նրանից ներկան հաճելի է դարձնում, թե՝ ոչ, պարզաբանում է այն, թե՝ խճճում, հուշն այլ բան չէ, քան միայն քնարան՝ ծանոթ երազի բովանդակությամբ, հանկարծահայտից էլ անպետք։
Սա՝ հուշագրության համար (բավարարման կյանք) եւ հուշերով (քնած կյանք) ապրելու անիմաստության ու արթմնի ապրելուն (ինքնարարմանը) հիշողության պիտանելիության մասին։
228․
Չի փոխում այն (48) ինքնարար(ություն)ը միայն պարզեցնում է իրեն բովանդակող տխրությունը (ինչը հակառակ չէ իր զվարթությանը …, որտեղ խռովքը դեմ չէ անդորրին, … ) այն մաքրում է ինչպես կպչունությունից, այնպես էլ վանող տհաճությունից, հղկում է մինչև այնպիսի ողորկության, որին սայթաքում են բոլորը, ովքեր փորձում են ներս գալ խղճի և/կամ հպարտության «ոտնամաններով»։
229․
Փոխադարձությունը հարաբերության ցուցիչ է, փոխադարձության ներդաշնակությունը՝ գերադրական աստիճանը հարաբերության ստացվածության, ինչը, սակայն, երբեք ինքնաճանաչողության, ապա եւ ինքնարարման չէ։ Ճիշտ հակառակը՝ սրանում ամենաշատն է փոխադարձության աններդաշնակությունը, քանզի հանգամանքում մեկը մյուսին կարող է կլանել անմնացորդ (որտեղ, սակայն (երբ) կլանվողը անհանգստություն չի զգում) հետեւաբար՝ չի մնում հաշվելի, …` փոխադարձելու ոչինչ։
230․
Այն ամենում, ինչը համարվում է չարիք, այլանդակություն …, պատահում է միայն այն բանի համար է համարվում, որ բարձր բանականությունների հասած ճանաչելիները միջակությունը կիրառ(ում)ել է՝ առանց ընկալելու դրանց էությունը, առավել եւս, առանց հասնելու դրանց լրիվ խորությանը։ Նույնը պատահում է այն ամենում, ինչը համարվում է բարիք, գեղեցկություն …։
Վերջապես, այն ամենում, ինչը դասակարգվում է ԼԱՎ ու ՎԱՏԻ, կա միայն էության միջակ ընկալում, միջակի դասակարգում՝ միջակության տիրույթում։
231․
Անհնար է ԲԱՆՆ ապրել ամբողջական, երբ ապրումիդ կա թեկուզ մեկ վկա, անգամ, երբ այդ վկան ինքդ ես։
…
Կարոտանք կա՝ պահանջում է մարդակերություն, անկարելիությունից ստանալով դրա վերապրուկային դրսեւորումներ, երբ ԲԱՆԸ մեկի, կամ երկուսի միմյանց լինելիությունը, էությունը, … ամենն է։
232․
Ինքնարարությունն ընկալել գոյության պայքարի, առավել եւս, սոցիալական մրցակցության համատեքստում, այն համարել գոյատեւելու եւ մրցակցելու միջոց, ուղիղ շեղում է դրա էությունից։ Բայց անգամ շեղ հայացքին, թեկուզ անհասկանալի, բայց տեսանելի է ինքնարարի հաղթանակած զվարթությունը նաեւ այնտեղ, որտեղ նա երեւակվում է պարտված։
233․
Ցածրին հաղթելը երբեք բարձրություն չէ, իսկ նրա անհարմարությունից ոչինչ այնքան հեշտ ու արդյունավետ չի ազատում, ինչքան նրան գամելը իր տիրույթին՝ թույլ տալով զգալ, որ այնտեղ ինքը հաղթել է, էլ ավելի՝ հավատալ, որ անպարտելի է։
234․
Հիվանդացած մարմնին, կամ հոգուն կողմնակի ոչինչ չի կարող բուժել, երբ այն կորցրել է ինքնաբուժման ունակությունը։
Առավել նրա նկատմամբ, ով գիտակցությամբ է հասել եզրագծին, անպետք են «հանունով» ձեւակերպված բոլոր պատճառները, այդ թվում հարազատ դեմքերի մատնանշմամբ, որովհետեւ, այդուհանդերձ, դրանց առկայությունը բավարար պայման չեն եղել նրա չհիվանդացման, կամ եզրագծին չհասնելու համար։
Եթե կարող է կոչվել օգնություն, ապա միայն ցույց տալով, կամ լինելով ապրելու կամքն արթնացնող, հետեւաբար՝ ինքնաբուժման ունակությունն ակտիվացնող այն ավելին, ինչը դուրս էր նրա իմացությունից, կամ ուղղակի ընդունել նրա հասվածությունը եւ տալ զվարթություն անցման մեջ, կամ նախորդող երկու կամերից այլ իմաստնությամբ պապանձվել ու, գոնե, չձանձրացնել։
Սրան հակառակ, արհամարհանքի է արժանի այն հիվանդը, ով, միաժամանակ, կորցրել է արժանապատվությունը եւ չի կտրում խրատով, խորհուրդով, կամ «հանունով» մեկնված ցանկացած ձեռք ու անցման հանգրվան է ընտրում (ինքնա)խղճահարությունը։
235․
Որ այն նախորդած բազմաթիվ հանգամանքների (այդ թվում իր մասնակցությամբ) համակցությունն է՝ իր վրա որոշիչ ազդեցությամբ, բայց ինքը կամովին ընդգրկված չի եղել դրանում, գիտակցությունը պատահականությունը վերլուծելու անհարմարություն է զգում եւ նախընտրում է դրանից արագ ազատվել «պատահական ոչինչ չի լինում» սահմանումով, կամ համակցությանը տալով էություն եւ իր կամքը ստորադասելով դրան (որտեղ, թեկուզ սխալ պատկերացմամբ, շոշափում է ճշմարտությունը, որ ցանկացած համակցություն (թեկուզ անշունչ) որն ունի դինամիկա, կարող է համարվել բանականություն)։
Փոխարենը, գիտակցությունը վերլուծությամբ ավելի շատ լինում է անհրաժեշտություններում, որտեղ, սակայն, ստիպված է ավելի շատ բացահայտել իր խաբված լինելը, եթե առաջնորդվի անկեղծ ինքնադիտմամբ։
Բարձր (ինքնարար) բանականությունը «պատահական ոչինչ չի լինում» ճշմարտությամբ ավարտելու փոխարեն՝ մեկնարկում է պատահականության ընկալումը՝ պատճառահետեւանքային հաստոցը (նախորդած համակցություն) վերագործարկելով ապագային միտված։
236․
Համեստությունն անգամ չարիքին է հմայք տալիս …
Համեստությունը բարձր ինտելեկտն է, առանց դրա՝ խեղճությունն է։
237․
Բութ կամքը, որպիսին կա «ամեն ինչ տանել կարողանալու» բարոյական խրատը, չի կարող կոչվել բարձրի հատկանիշ (ինչպես եւ խելամիտ` անկամությունը) քանզի նրա բծախնդիր արժանապատվությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել ցանկացած պայման, անգամ, երբ սահմանողը բնությունն է։
238․
Տառապանք է նաեւ (գուցե հենց ամենան), երբ մեծ ողբերգությունների համար հասունացած (արարված) հոգին ստիպված է ապրել մանր իրադարձություններ։ Այդ տառապանքը նրան, ինչպես մայրական պտուկին փոխարինող ռետինե ծծակը երեխային, միայն զբաղմունք է …
239․
Որ (ինքն)արարվել եմ, վկայությունն է այն բանի, որ կա(ն) տիեզերական սեր կրող մարդ(իկ)։ Բայց որ դեռ ապրում եմ, վկայությունն է այն բանի, որ դրանում նա (նրանք) դեռ կիսատ է(են):
240․
Ինձ չեն սիրում ավելի շատ ոչ այն բանի համար, որ չեն կարողանում դարձնել ծառա, այլ՝ իմ ծառան լինելը մերժելու։ «Տերերին» հատուցում եմ (ոչ կանխամտածված)՝ ինձ ընկերանալու նրանց հետագա փորձն արհամարհելով, իսկ «ծառաներին» հատուցելու ոչինչ չկա՝ նրանց անսերությունն անհատուցելի բերկրանք է։
241․
… այնուամենայնիվ, ծերության մեջ ամոթալի բան կա ինքնարարի՝ բարձր ճաշակին։
242․
Աստծո վերջին հանգրվանը հավատքը չէ (որտեղ զոհաբերվել է) եւ ինքն էլ հավատամք չէ, նա կախված է մարդու ինքնատիրապետման անկարողությունից, ու այստեղ է, որ նրա ինքնասպան ներկայությունը մշտնջենական է։
243․
Հրապարակից դուրս ու իշխանությունից այնկողմ՝ կա երրորդ-ՄԵԿ-ով հղի, անտերունչ մի այրի, անունը՝ ՀԱՅՐԵՆԻՔ։
244․
Այն, որ Հիտլերն ինքնասպան է եղել, վկայությունն է այն բանի, որ նրա մղումների հիմքում էլ եղել է անկեղծ սերը։ Եթե, այնուամենայնիվ, ինքնասպան չի եղել, նշանակում է՝ նա դավաճանել է այդ սերը։
245․
Ու կա հիմարի մի տեսակ, որ տենչում է փրկել նրանց, ովքեր համառորեն ուզում են (արժանի են) կործանվել։ Խղճի դափնին կրող այս «պայծառագլուխների» ի հայտ գալուց առավել, ոչինչ չի հատկորոշում միջավայրի անասնականացումը, ու ոչինչ այնքան չի վնասում մարդու ինքնարարմանը, ինչքան սրանց ժամանակյա հաջողությունը, կամ սերմանած, անասնապաշտություն ծնող հույսը։
Ինձ առանձնապես զվարճացնում է նմանների գոյության այն հատվածը, երբ իրենց հպարտությունը խժռում է իրենց թագը։
246․
Ինքնասուզումն արթնացնում է ցանկացած «օրորոցայինի» քնեցումից։ Ու (ապա) միայն այնտեղ է հայտնաբերվում հավերժական արթմնությունը տանելի դարձնող իսկականը՝ օրորոցայինն ինքզինքը։
247․
Ժամանակակից աշխարհում մարդիկ շարունակում են տրվել կրոնին՝ իրենց կրոնականությունից ազատվելու համար՝ իրենց ոչնչությունից ինչ-որ բանի վերածվելու զգացողության համար։ Ըստ իս, անտիկ ոչնչությունն ավելի հարգի էր՝ անկեղծությամբ (իմացության անհնարինությամբ) արդարացված։
248․
Երբ թվում է՝ տեսնում ես ամենը, քայլ արա վերեւ։ Երբ էլի է թվում, էլի քայլ արա …։ Քայլ արա այնքան, մինչեւ դադարես տեսնել ընդհուպ հենմանդ կետը ու կողմնորոշվելու համար ստիպված լինես հատակը շոշափել ձեռքերով, թեկուզ էլ չհասցնես ինքդ, բայց՝ որ լինես Բարձրագույն Ես-ի նախածնողը։
249․
Դեռ պիտի գան ու արդեն եկել են արհավիրքներ, որպիսին չի տեսել ոչ մի ազգ, ու չկա դրանք հաղթահարելու ազգային ոչ մի նպատակ՝ սին են եղել բոլորը։ Բայց քեզ միայն, բարեկա՛մս, ասում եմ՝ հենց այդ արհավիրքներն են լինելու սերմնացանը ազգի, որը չի լինելու արյան, հողի, կամ մշակույթի, լինելու է ազգ ինքնարարների …, միակը, ով ունակ է լինելու գիտության բերած՝ սահմանային ուղղահայաց ընկալումը զարգացնել այն աստիճանի, որ կլանի անգամ սահմանային այն միավորները, որոնք հորիզոնական չափմամբ մեծ են ավելի։ Սրանց էլ, անշուշտ, մարդիկ հարաբերվելու են ինչպես աստվածների՝ մի դեպքում ծառայելու, մեկ այլ դեպքում՝ նրանց կրկեսամարտիկի վերածելու համար, բայց ինչպես ցանկացած հարաբերություն, որի մի կողմը (թեկուզ թյուրիմացաբար) ընկալվել է իբրեւ աստված, սույն մեկն էլ է ավարտվելու արյան հեղեղով՝ տարբերությամբ, որ այս միակ դեպքում մարդը չի հաղթելու՝ զոհաբերվելու է բարձրին։
250․
ԲԱՐԻՆ ինքնաբավ է՝ ՉԱՐԻՆ չի ոչնչացնում, ՉԱՐՆ էլ զվարճասեր է՝ ԲԱՐՈՒ առկայությունը նրա կենսական անհրաժեշտությունն է, ուստի, եւ նրանց պայքարը մշտնջենական է ՄԱՐԴՈՒ սահմաններում, ինչն ուրվագծվում է այնտեղ, որտեղ ոչ միայն ականատեսն ենք միմյանց սպանելու նրանց (նշված) անկարողության, այլ՝ մասնակիցը (նրանց) միմյանց փրկելու։
Մարդ մնալու ընտրությունը միջակություն լինելու ընտրություն է, որի զարգացման բարձրակետը սահմանագծին վկայի վերածվելն է, եթե մինչ այդ չի զոհաբերվում ՄԵԿԻ հպարտությունը կորցնելու, ՄՅՈՒՍԻ՝ ձանձրույթի դատապարտվելու վախին։
Իրար դեմ մինչեւ միմյանց փրկելը պայքարից զատ, դեպք կա, երբ նրանք պայքարում են միասին, երբ ԲԱՐԻՆ ու ՉԱՐԸ չեն խաղում մարդով՝ ծառայում են մարդուն՝ մերժվում են մարդուց, ու դա միակ դեպքն է, որն ազդարարում է ինքնարարի ծննդի մասին՝ մարդու ընտրության մասին՝ չմնալու մարդ, չլինելու միջակություն, լինելու ինքն իր վկան …
Կրոնականությամբ հիվանդ միջակությունը, երբ համարձակություն ունենա առերեսվել իրեն սպառնացող (միակ փրկող) այս ճշմարտությանը, կարող է ԲԱՐԻՆ ու ՉԱՐԸ փոխարինել ԱՍՏՎԱԾ ու ՆԵՌ, այլոք՝ ՍՊԻՏԱԿ ու ՍԵՎ, ուրիշներն էլ …
251․
Տարածաժամանակային կոնտինուումը գիտակցության համար միայն տեսականորեն է անքակտելի ամբողջականություն, գործնականում գիտակցությունը դրանց հարաբերվում է անջատ՝ ըստ անցյալին կամ ապագային իր ունեցած միտումի, ինչին համապատասխան՝ ներկան մի դեպքում տարածություն է, մյուսում՝ ժամանակ։
Գիտակցության զրոյականությունը, ինչին ձգտում է բարձր (ինքնարար) բանականությունը, միակ կոնտինուումն է, որտեղ տարածությունն ու ժամանակը, որպես կետ ու ակնթարթ, կարող են երեւակվել անքակտելի ամբողջականությամբ՝ բացահայտելով ՄԵԾՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ, որը չունի անցյալ ու ապագա, միայն ներկա …
252․
«Ավելին չես նրանից, ինչ սիրում ես» ճշմարտությունը միջակության դաջվածք է, ինչից զերծ լինելու բացառություն ոչ ոք չունի։
Մեկը դաջվածքից փորձում է ազատվել անսերությամբ՝ կոչվելով ոչնչություն,
մյուսը՝ գերագնահատելով այն, ինչ սիրում է՝ կոչվելով չնչինություն,
ոչնչության եւ չնչինության երկատում է ստանում նա, ով փորձում է՝ իր սերն ուղղելով աստվածներին եւ/կամ երկնային կերպարանքներին։
Դաջվածքից չի ազատվում նաեւ նա, ով հաղթահարելով՝ սերը ճանաչել է իբրեւ Բարձրագույն (ինքնարար) Բանականություն (223), բայց, որովհետեւ, չի էլ փորձում՝ այդ «ամոթը» կրում է որպես (այլեւս) հմայքի տարր։
253․
Համատիեզերական չափման գործընթացներում, անհատապես, թե հավաքականորեն, մարդը նշանակությամբ ոչինչ է, բայց հենց միայն չափումների գիտակցումն ու երեւույթների իմացականացումը (արարչականության հիմք), անհատապես եւ հավաքականորեն, նրան կարեւորությամբ դարձնում է հատուկ։ Եվ սա (դեռ փոքրիկ) ակնարկն է առ այն, որ ինքնարարման ձգտումը մարդուն առաջնորդելու է հավերժական լինելիության առեղծվածում` որպես (նաեւ) արդեն գիտական հենք-հիմնավորում-ձգտում:
254․
Այո, բայց քամահրանք չկա իմ հայացքում բարձրից, որտեղից, մեծամասամբ, մարդիկ մարդուկներ են, իսկ գիտակցության «կենսոլորտից» անդին՝ զգայական չափումներից դուրս գտնվող բանականությունների(ս) միջեւ կա միայն հիացմունք:
255․
Արդեն իսկ մեկնարկած շարունակականությամբ (ինչն օբյեկտիվորեն անխուսափելին է) գիտությունը մի օր նոր, ավելի սուր կոնֆլիկտայնությամբ է առաջադրելու մարդու սահմանման (ճանաչողական) պրոբլեմը, ու թեպետ քիչ է դրա անվիճարկելի բացատրությանը երբեւէ հասնելու հավանականությունը, բայց միանշանակ է, որ ընտրված բացատրությունը խարխլելու է առկա, ապա կազմավորելու է պատմականորեն հայտնի բոլորից տարբեր բարոյական համակարգ (մասնավորապես, պատասխանելով «կարո՞ղ է մարդուց ծնվածը (արարվածը) համարվել ոչ մարդ (եւ հակառակը) կարո՞ղ է մարդ ծնվածը (արարվածը) դադարել համարվել մարդ (եւ հակառակը) կարո՞ղ է բոլոր օրգան-համակարգերը փոխարինած մարդը համարվել մարդ,...» հարցերին) իսկ փոխարինելիության կոնտեքստում ամենավիճարկելին լինելու է բանականությունը եւ ոչ մի այլ կենսաբանական օրգան, զգայական, կամ
զգացական ունակություն։
Ու սրան չհասնելու միակ պայմանը կնշանակի վերջ իմացաբանական զարգացմանը, հետեւաբար՝ մարդկությանը։
256․
Շնորհիվ հանգամանքների, որոնց համակցության արդյունքում արարվե՞լ ես/կաս, թե՞ հանգամանքների, որոնք խոչընդոտել են չարարմանդ/կործանմանդ …։
Ունա՞կ է արդյոք ինքնաճանաչումդ, որի միջոցը, հետո նաեւ նպատակը, ինքնախաբեությունից ազատականացման անսահմանություն է, հաղթահարել բարոյականության էմպիրիկ պատրանքը ու ծնողներիդ մեջ էլ տեսնել (կամ առնվազն չբացառել) արարմանդ/լինելուդ նպաստած ոչ առաջին (ընդհուպ որպես գիտակցում եւ ցանկություն) իսկ որոշ դեպքերում նաեւ հակառակ դիտավորությամբ ՀԱՆԳԱՄԱՆՔ, ապա ընդհանրացնող դատողությամբ տեսնել ճշմարտությունը, որտեղ բնությանն էլ, առավելագույնը ու այն էլ վերապահումով, կարելի է պատվել միայն «խորթ մայր» անվանակոչումով՝ ընդունելով, որ, դեռեւս լիարժեք չբացատրված փոխշահավետությամբ, այն միայն մարդու գոյատեւման հնարավորություն է ու, միաժամանակ, մարդու գոյությանը սպառնացող առաջին հանգամանքածին էությունը, որի ամենպահյա հաղթահարման անհրաժեշտությունն է այլոց թվում, որ նպաստում է զարգացմանը եւ արդեն առաջադրում ինքնարարման գիտակցականացումը՝ իբրեւ ապագայի առաջնահերթություն, որտեղ բացահայտվելու է նաեւ, որ արարման անգիտակցականության շրջանում էլ չի եղել (չկա) այլ առաջնորդում, քան ԻՆՔՆԱ-ն է։
257․
Ինչու՞ ենք ապրում, եթե, միեւնույն է, մահանալու ենք.
Առերեւույթ սովորականության վերածված, բայց միշտ անպատասխան մնացած ու բազմաթիվ «գիտական» եւ ոչ գիտական սնահավատությունների առաջացման պատճառ հարցը, որը հնչեց յոթամյա աղջկաս շուրթերից (գուցե նաեւ հենց նրա համար, որ հնչել էր երեխայի կողմից) ամիսներ շարունակ բռնանում էր գիտակցությանս եւ եզակի կպչունությամբ ստիպում պատասխանել։
- Մառա. «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք»։
- Գորշ (խորհում). յուրաքանչյուր հարցի, անկախ բարդության աստիճանից, պատասխանը գիտակցելուց հետո այն այլեւս մեզ թվում է պարզ մի բան եւ առաջ է բերում «Ինչպե՞ս չէի տեսնում» զարմանքը։ Տվյալ պարագայում ճիշտ կլինի նաեւ «Ինչո՞ւ չէի տեսնում»-ը, քանզի իրականում ոչ թե թվում է, այլ ցանկացած պատասխան ինքնին պարզություն է, բարդն այն տեսնելու ընթացքն է (հետո ինչպես պարզվում է՝ պարզապես տեսնելն է) ինչը սխալմամբ վերագրում ենք հարցին եւ պատասխանին՝ իբրեւ դրանց հատկանիշ։ Պատասխանները քողարկվում են որեւէ վերմարդկային բանականության կողմից, թե դասավորվում են ինքնին, երկու դեպքում էլ միանշանակ է, որ դրանք ունեն գտնվելու երկու տեղ՝ փնտրողից դուրս եւ փնտրողի մեջ, այլ իմաստով՝ փնտրողը պատասխանները չի պայմանավորում իրենով, կամ՝ պայմանավորում է, ինչի արդյունքում մարդը, ելնելով ժամանակշրջանի գերակայող փիլիսոփայություններից, պարբերաբար հայտնվում ու երկատվում է երկու ԿԱՄ-երի՝ «Ոչինչ իրենից կախված չէ» եւ «Ամեն ինչ կախված է իրենից», ու երկու դեպքում էլ սխալվում է՝ մի դեպքում հայտնվելով ստատիկ տհասության, մյուս դեպքում՝ դինամիկ ինքնախաբեության մեջ։ Այս երկատումից փրկում եւ երկու ԿԱՄ-երը ԵՎ-ով միակցում է դատողության շարունակությունը.
Անսահմանության մեջ մենք հանդիպում ենք երկու խոչընդոտի՝ (դեռ) ֆիզիկական մահ եւ «ոչինչ հնարավոր չէ փոխել» գիտակցական կողպեք (ինչը, հոգեւոր իմաստով, մահվանը նախորդող մահացում է)։ Առաջինը հաղթահարում ենք հավաքականորեն, իսկ երկրորդից փրկում են անկանխատեսելի աղետները, որոնք ստիպում են դուրս գալ անիմանալիության եւ ինքնախաբեության կենսակերպից եւ ճանաչել ՆՈՐ ՃՇՄԱՐԻՏԸ։ Բայց բախտն անվերջ չի կարող ժպտալ մեզ, բացի այդ, բարենպաստ հանգամանքների մշտնջենակությունն էլ դանդաղ մահվան ընտրություն է, եթե անիմանալիի հորձանուտում համարվի մեր միակ փարոսը, քանզի այն ստիպելու է մնալ «կամակոր աստվածների» գերին, նույնն է, թե մեր իսկ տհասության եւ ինքնախաբեության, ինչը գոյությանը սպառնացող վտանգներում վերջին տեղում չէ։ Հետեւաբար, չկա այլ հուսալի երաշխիք, քան մեզանից դուրս գտնվող հանգամանքների ենթարկումը մեր կամքին, ինչի համար, նախ, պետք է ճանաչել դրանք եւ ճանաչել ճանաչելու հնարավորությունները (նաեւ ստեղծելով դրանք) ինչը համակցության մեջ այլ բան չէ, քան հենց (ինքնա)ճանաչողություն, ապա նաեւ (ինքն)արարում:
Այստեղ, ապագայում ապացուցվելու համոզմունքով, ինձ թույլ եմ տալիս միայն մեկ «հավատալիք» առ այն, որ առաջնորդումից զատ, (ինքն)արարումը սահմանվելու է նաեւ որպես ամեն ինչին նախորդած ճշմարտություն։
Եվ ուրեմն, «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք» հարցը, որին այլ պայմաններում հնչելու դեպքում կարելի էր պատասխանել «Բա խի՞ չապրենք, որ մեկա մահանալու ենք» հակահարցով, իրականում անպատասխան չէ, պատասխանը բարդ չէ, տեսնելն էլ հնարավոր է ու հարցը ինքնին գոյության պատասխան է։
- Մառա. «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք»:
- Գորշ. «Այդ հարցի համար էլ ապրում ենք»։ Եվ շնորհակալություն ինքնարարման գաղափարի գիտականացմանը նպաստելու համար։
258․
Մարդ ինքնարար, կամ՝ փիլիսոփայության վերածնունդը.
Նույն արգանդից ծնված ու/բայց մինչեւ փոխադարձ արհամարհանք օտարացած, լայն իմաստով եւ համակցությամբ, գիտության ՀՈՒՄԱՆԻՏԱՐԻ (ներառյալ արվեստ) ու ԲՆԱԿԱՆԻ (ներառյալ լճացման փուլին հասնող տեխնիկական եւ IT) հանդիպումն ու համատեղ արարչության չափ մերձեցումն անխուսափելի է, եթե չենք ընտրելու պահպանողական դանդաղ ինքնասպանությունը։ Դա կլինի հանգամանքների թելադրանքով, թե՞ մենք ինքներս կստեղծենք դրան նպաստող ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, պայմանավորված է նրանից, թե ինչ հետեւություն ենք անելու դարի բացահայտումից՝ ըստ որի, ճանաչելիի համեմատ տգիտություն է մեր իմացության չափը, իսկ արարչականության մեջ դեռ նորածին էլ չենք։
Այնուհանդերձ, «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԻՍ» առաջադրած գաղափարը, ըստ որի ՄԱՐԴՆ արդեն սահմանվում է ոչ թե ԲԱՆԱԿԱՆ, այլ՝ ԻՆՔՆԱՐԱՐ, որի համեմատ ներկայիս մարդը անբանական էակ է, գնալով, թեկուզ դեռ տարբեր ձեւակերպումներով, երբեմն էլ չգիտակցված, ավելի ու ավելի հաճախ է նշվում ստեղծագործ մտքերի կողմից՝ կրելով նույն վերաբերմունքը, ինչը կրում էին բնական գիտությունները կրոնի եւ սնահավատության կողմից։ Այսօր այդ կրոնի եւ սնահավատության տգիտություն մտրակի դերը կատարում են նեխած ու միայն նկարագրությամբ զբաղված արվեստը, գրականությունը … եւ առավելապես նույնի ձեւափոխությամբ զբաղված տեխնիկական, թվային … գիտությունները։
Միայն այն, որ «աստվածները» ոչ միայն չեն սպանվում, այլ վերաձեւակերպվում ու անգամ հին բովանդակությամբ շարունակում են գոյություն ունենալ մեծամասնության գիտակցության մեջ, բավարար է, որ հավաքականորեն համարվենք ոչ թե բանական էակ, այլ՝ «բանական անասուն»։
Ո՞րն է լինելու հավաքական ուղղությունը, «աստվածները» դեռ է՞լ որ դարում են խորհրդանշելու մեր տգիտությունը, անկանխատեսելի է, բայց ԻՆՔՆԱՐԱՐՆԵՐԻ գոյության ակնարկն արդեն այսօր հույս է տալիս, որ չի լինի անդառնալի ուշացած։
Այլից զատ, ըստ այսմ, ցանկացած գիտություն, արվեստ, գրականություն …, որն իր մեջ չի կրում ինքնարարման փիլիսոփայությունը եւ/կամ չի սերվում դրանից, որտեղ եղել է վերը նշված ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, համարվում է միջակություն, ինքնարարների սերնդի համար՝ կենդանականություն։
259․
Չկա ոչինչ, որ պատահի ոչ ինքնաճանաչողության, ապա եւ ինքնարարման համար, ինչ էլ պատահում է, պետք է դարձնել «համար»՝ միայն այս դեպքում է կամքը հակադիր (անպատեհ) հանգամանքի նկատմամբ վերածվում սուբյեկտի, միայն այս ձեւում գոյություն ունի կամքի ազատությունը։
Ինքնարարը, որպես մարդու հաջորդ (բարձրագույն) տեսակ, միակն է, ում համար «կամքի ազատությունը» բնութագրող հատկանիշից զատ, տեսակի (այլ) անվանումն է՝ մարդ ինքնարար - կամքի ազատությամբ մարդ։
260․
Մարդը, կամ ինքն իրեն ընկալում է գիտակցականի բովանդակությամբ՝ կոչվելով առողջ բանականություն, կամ ենթա(ան)գիտակցականի՝ կոչվելով հիվանդ բանականություն, որպիսիք, կայուն դրսեւորմամբ, ամենայն հավանականությամբ հանդիսանում են միայն հոգեկան հիվանդները։ Ընդ որում, ինքն իրեն ընկալելը հեռու է նրանից, որ կոչվի ազատ կամքի դրսեւորում, այն առավելապես պարտադրված (ակամա) հանգամանք է, որում հայտնվել է։ Ու սա այն բանի համար, որ որոշումների մասին գիտակցությունն իմանում է հետո, քան այն կայացվում է (միշտ) ենթա(ան)գիտակցականում, ու սրանց միջեւ առկա տիրույթում եւ ժամանակում հայտնվելն անհաղթահարելի խոչընդոտ է սովորական (առողջ) բանականության համար, քանզի դրանց տարածաժամանակային չափումներն անհամադրելի են. առողջ գիտակցությունը չի կարողանում ընկալել կետի տարածականությունը, ակնթարթի՝ ժամանակայնությունը, առավելագույնը, որ նրան հաջողվում է, երբեմն զարմանքով արձանագրել որոշման եւ կատարման համընկնում (անգամ որոշման մասին իմացության հաջորդում կատարումին) ինքն իր որոշմանը ընդդիմացում, բայց չանելու անկարողություն, իր իսկ կատարումին անհամաձայնություն, …, վերջապես ինքնահակադրություն, ընդ որում, գիտակցությունն ընկալում է ենթա(ան)գիտակցականից հաղորդվողի միայն այն մասը եւ ձեւը, ինչքանին եւ ինչպես ունակ է իր սահմանափակվածությամբ, հետեւաբար, ստացածի ճիշտ ընկալու՛ մն էլ անժխտելի չէ («արդյո՞ք»-ը միշտ կա)։ Ըստ այդմ, առողջ գիտակցությունն իրականում միայն կատարող է (կամայնությունը թվացյալ է) հիվանդը՝ առանց կատարողի անպետքություն։
Առանձնահատուկները, որոնք առողջ բանականության համեմատ համարվում են հանճարեղ, պարզապես անկայուն առողջներն են, ովքեր պարբերական հիվանդացմամբ բախտ/դժբախտություն են ունենում հայտնվել ենթա(ան)գիտակցականի եւ գիտակցականի միջեւ առկա տիրույթում՝ կատարողով (գիտակցությամբ) հաղորդակցվելով ան(ենթա)գիտակցականում առկա անսահման իմացությանն ու որոշումների կայացմանը՝ կոչվելով արարող, բայց ոչ ինքնարար, քանի դեռ այստեղ էլ չկա ազատ կամքի գոյություն, կա ակամա հանգամանք (կոչվող բախտ/դժբախտություն, տաղանդ, շնորհ …) ինչի կամայնությանը ձգտելուն ու վերածելուն կոչված են բացառապես ԻՆՔՆԱՐԱՐՆԵՐԸ։
261․
Չեմ սիրում, նաեւ, ինձ ուղղված ներողությունը. հայտնողին փոքրացնում է այն շատի համեմատ, որ կարող էր ինձանից վերցնել։ Սիրում եմ ինքնաներումը՝ այն շատի, ընդհուպ «ինք»-իս անխնա յուրացումը։
Ինքս մեղքում մեծ եմ այնքան, որ մեկ խոցվողը երբեք չի դադարում կողոպտվել, բայց արդեն նաեւ, որպես իր արարման լիությունից հոսելու տեղ։
262.
Քանի՜ անգամներ է թվացել, թե ահա՛, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկում երեւակվում է կյանքի սահմանումը, բայց իրականում, ընդամենը, եղել է մահվան տեսակների հերթական համալրումը, եւ դասակարգումը լոկ ըստ անվանումների, թե ով ինչ է սիրել, նաեւ, թե ով ինչքան ինքն իրեն չի սիրել՝ չի՛ ճանաչել, չի՛ սպանել ու չի՛ (ինքնա)սպանվել. մահացել, բայց չի՜ ծնվել` ինքնարարմամբ չի՛ սահմանվել։
263.
Ժպտում եմ շտապողներին, նաեւ ակամաներին, երբ պատկերացնում եմ իրենց ծնվելուն սպասողների շարքն ու նրանց պատասխան ակնկալող ագահ հայացքները, ու միայն երկրորդներին՝ ըմբռնման թանձր տխրությամբ, իսկ առաջիններին՝ … նրանց ոչինչ էլ չի փրկի։
264.
Տխրությունից առավել, անտանելի է այն տեւականորեն կորցնելը։ Ոչինչ եւ ոչ ոք չկարողացավ տալ ինձ ինքնադիտման այդ հայելու կայունը՝ բոլոր դեպքերն ավարտվ(-եցին)ում են իմ փշրող հռհռոցով, ու դա մնաց միակ կայուն իրողությունը, որը ներարկեցի տխրությամբ։
265.
Այն աղետից, որը սովորեցնելու համար է, ոչ մի ուսուցչություն չի կարող փրկել։ Կան արթնացումներ, որոնց համար անձամբ նեռին է պետք հրավիրել …, ու այնպիսիք, որոնց համար պետք է նեռ լինել։
266.
… որովհետեւ միշտ կիսատ ենք մեռել
ու վեր չենք հառնել մոխրից,
փտած բնին շիվ ենք աճել
ու արմատ չենք բռնել հողից։
267.
Ինչպե՞ս կարող է բարձր եւ բարձրացնող լինել սերը նրա, ում կրոնը փրկության աղերս է, պատմությունը՝ փրկվելու փորձարարություն, քաղաքական գիտակցությունը՝ փրկելու խոստումների կշռում, …
Ինչպե՞ս կարող է ցածր եւ ցածրացնող չլինել սերը նրա, ում գրականությունը ողբաբառաչանք է հուսախաբության՝ աղերսանքում, փորձարարության մեջ ու խոստումներում, …
Բայց, նաեւ, ինչպե՞ս կարող է այսչափ ինքնաոչնչացման հակված սերն այսքան երկար մեռնել …
… այսքան մեռնել ու չգիտակցել, որ ոչ թե փրկվելու, այլ՝ ինքնարարման համար է ստեղծվել։
268.
Այնպիսի բարոյականության միջավայրում, որտեղ ընտրությունը «պառաված կույսի» եւ «կուսացած պառավի» մեջ է, սերը, որպես բարձր բանականություն, նախընտրում է «պոռնկատանը» ինքնամոռացվել …
269.
Սեփական վեհության ստվերում խեղճացել ես, բայց արեւիցդ շեղող մահիկը եւս գոյություն ունի արեւովդ։ Մահաբեր օղակից դուրս գալու համար՝ պետք է մեռնես, պետք է վերածնուդդ հետաձգող փրկչությունները մեկ անգամ մերժես, կիսախավարում հայտնվելու (մնալու) փոխարեն՝ մեկ անգամ ինքդ խավարն ընտրես՝ թանձր այնքան, որ մահիկն էլ մահանա, մոլորությունդ էլ արեւից՝ քավություն ստանա։
270.
Էլի փորձանք թակեց դուռդ, որ արթնացնի,
իսկ դու նորից ննջեցնող «փրկչի» ձեռքը բռնեցիր …
Բայց լուր ունեմ ապագայից քեզ համար,
որ պետք է լսես ամոթահար,
քանզի խոսքն է ժառանգիդ՝
թողածովդ լծակիր.
«Արթնանալդ ընտրելիք չէր, հա՜յր,
բախտդ էր արեւագիր,
ու այս խոսքից էլ բացի,
մեզ ոչինչ կապող չկա,
քանզի (երբ) քո՛ փոխարեն՝
ես դարձա ինքնարար,
վարդապետի փոխարեն՝
դեռ (միայն) նախահայր»։
271.
Սերը բարձր բանականություն է, սիրել՝ կնշանակի ձգտել բանականության բարձրագույնին, սիրել միմյանց՝ կնշանակի ձգտել միասին։
Բայց այստեղ բանն այն մասին է, որ ցածր ինտելեկտը, առավել եւս հիմարը, ընդունակ չէ սիրել, եւ այն, ինչ հասարակացված բառի ներքո հաճախակի լսվում է (թեկուզ անկեղծ) այլ բան չէ, քան գիտակցականորեն ձեւափոխված դրսեւորում նույն կենդանականության, որպիսին բնազդային մակարդակում կրում են այլ կենդանիները, ու սրանց մոտ էլ, վաղուց ոչ զարմանալիորեն, արձանագրվում են հատկանիշներ, որոնք վերացնում են դրանց առանձնահատուկ մարդապատկան լինելը, որոնցով մարդիկ սովոր են բնութագրել սերը, համարվել սերը ճանաչող եւ սիրող։
272.
Իրար ատող անտիպոդնե՛ր, ձեր փոխադարձ պետքությունն անշուշտ մեծ է, ձեր փոխադարձ սերն իրապես անկեղծ է, ինչպես որ սերը գիշատչի եւ զոհի միջեւ, եւ դուք անկասկած խելամիտ եք ձեր սիրո մեջ, երբ միանգամից չեք հոշոտում ու հոշոտվում՝ սպառվելու փոխարեն նախընտրում եք իրար պայմանավորող տեւականությունը, ու սրանով, խելամիտ լինելուց զատ, ձեր սերը նաեւ ուտելու եւ ուտվելու ճաշակ, էթիկա, էսթետիկա ունի։ Դուք նաեւ հանճարեղություն ունեք ձեր սիրո մեջ, երբ նույնն անում եք՝ ըստ տեսակով առանձնացած համայնքների, համայնքների ներսում՝ առանձնացված տարատեսակի, ինչը չի կարողացել անել բնությունը կենդանականության իր հանկարծաստեղծության մեջ։
273.
- Ի՞նչ անել համատարած հրդեհի պայմաններում, երբ անհատապես է՛լ ոչինչ անել չես կարող։
- Չնմանվել ոչ նրանց, ովքեր աղերսում են փրկություն, ոչ էլ, նամանավանդ, նրանց, ովքեր մորթապաշտորեն են փրկվում։
Նույն կրակից վառել վերջին ծխախոտը ու իրողությանը հետեւել՝ իբրեւ արվեստի հանճարեղ գործի, չէ որ, վերջին հաշվով, այդպիսիք հենց ողբերգություններն են։
Մոխրանալ քահ-քահ ծիծաղով ու չլինել ամենքի պես մորթապաշտ եւ/կամ աղերսող։
274.
Ինչու՞ իմանալ ճշմարտությունը, ինչու՞մն է ճշմարտության նպատակայնությունն առհասարակ,
թեկուզ միայն նրա համար (նրանում) որ զսպանակն ուղղվի կամ, գոնե, թուլանա, անցյալին հենված, բայց միշտ ներկայում խտացող չիմացությունը չբացվի հանկարծակի ու չճզմի ապագայի անորոշություն պատին։
275.
Բարձրագույն Ես-ը հանրակեցության կազմակերպիչ.
Ճորտի համար արդարամտության դրսեւորման օրինակը վարակիչ լինել չի կարող, գուցե նրա հիացմունքը շարժում է, բայց դա էլ ներծծված է նախանձով, իսկ տեսնելով, թե արդյունքում ինչ պետք է հաղթահարի, սարսափած ավելի է խորանում ստրկության մեջ։ Ընդ որում, կես բահ խորությամբ շերտն է նրան պարտադրվում, մնացածն ինքն է իր համար ճանկռում, ու այնքան խորը, որ որեւէ աստված չի կարող փրկության ձեռքն այդչափ երկարացնել։
Կեղծիք է նաեւ՝ արդարությունը պայմանավորել խղճով։ Խիղճը հենց այն փտախտն է, որն այլանդակում է արդարությունը, հետեւաբար՝ ամեն բան։ Արդարությունն այլ բան չէ, քան համաձուլվածքը բարձր բանականության եւ ամուր կամքի, հետեւաբար նա, ով հավակնում է դրսեւորել հանրային աստիճանի արդարամտություն, պետք է դաժանությունը դարձնի իր սիրո առհավատչյան եւ բահը վերցնելուց հետո իսկ ճորտերին թաղի իրենց հորում՝ հնարավոր սողանքների պատճառով նրանց ազատականացումը կանխելու համար, քանզի իր կամքից անկախ ազատություն ստացած ճորտը չի կարող անել ոչինչ, քան միայն գարշանք տարածելն է, իսկ ճորտի կամային ազատականացում երբեք չի լինում՝ Ես-ը կամ ինքն իրեն տեր է, կամ՝ ուրիշի ճորտ, մնացածն ընթացիկ հարաբերականություններ են։
276.
Պատահականությունը՝ իբրեւ աստծո կեղծանուն, կամ անստորագիր գործելու միջոց, կամ արտահայտվելու մեթոդ (եւ այլն) համարելու փոխարեն՝ ավելի ճիշտ է նրան հենց որպես պատահականություն էլ սահմանել, այլից զատ, որի ներքո կարող էին հաշտվել բոլոր կրոնները, բայց կրոնը հո հաշտության համար չէ՞. այն պատահականությանն ամենամոտ կանգնած կանխամտածված չարիքն է։
Միակ խաղը, որտեղ աստված բացակա է, ճատրակն է, ու այստեղ միտքը ոչ այնքան կամքի (բանականության) ազատության խորհուրդի մասին է, որքան մարդու ինքնարարման, եւ խաղը լավագույնս է պատկերում բարձր բանականության անարատությունը խղճից եւ հպարտությունից, ինքնարարման ընթացքն իր ողջ հմայքով` զոհաբերությունից մինչեւ սպանություն, ինքնազոհությունից մինչեւ վերածնունդ, որտեղ նախասահմանում, ապա եւ առաջնորդում է բացառապես սերը՝ առ Բարձրագույն Ես-ը։
277.
Չկա ո՛չ ընդհանուր դժբախտություն, ո՛չ էլ, նամանավանդ, ընդհանուր երջանկություն։ Նույնիսկ այն պարագայում, որ մայրամուտն ու արեւածագը բոլորի համար են, դրանց ապրումն ըստ ամենքի է ու մեկինը երբեք ուրիշինը չէ։ Բայց եթե, այնուամենայնիվ, կա ինչ-որ ճղճիմ մխիթարանք նրանում, թե իբր կա ընդհանուր դժբախտություն եւ այն միավորում է մարդկանց, ապա ճշմարտությունն այն է, որ ընդհանուր դժբախտությունն ընդամենը բացահայտում է, թե ինչքան անջատ եւ հեռու ենք իրարից, ու թե ինչքան առնչություն չունենք մեկս մյուսին։
Հատկապես այն ժամանակ, երբ միավորելու համար (թեկուզ անկեղծ միտումով) բեմահարթակի դեմագոգներ են դառնում սերը, հայրենիքը, «հանունով» մնացած այլերը, մահը զվարթ քամահրանքով ծիծաղում է, քանզի այն, ինչ չի հաջողվել իրեն, չի կարող ուրիշ մեկին հաջողվել, իսկ ընդհանուրի իմաստով՝ անգամ աստվածներն են իրեն զիջել։
Այս ճշմարտությունը մեկին դարձնում է գիշատիչ, մյուսին՝ զոհ, որոնց փոխադարձ սերն իրավամբ ավելի անկեղծ է, քան երբ լինում է տեսակի առանձնացված համայնքի ներսում, բայց կա եւ ճշմարտությունից սերվող երրորդ մեկ ուղղությունը, որտեղ միավորում է հենց անջատն ու հեռուն, որտեղ մահն էլ է լուրջ հետաքրքրությամբ հետեւում, այն, իհարկե, կոչվում է առ Բարձրագույն Ես-ը ինքնաճանաչողություն-ինքնարարում, ու մահն է՛լ չի ծիծաղում, մխում է այնպես, ինչպես հեշտանքից հետո …
278.
Օգնության կանչն առաջնահերթ գրավում է թշնամիների ուշադրությունը, … անակնկալի բերող, հետեւաբար եւ փրկվելու հնարավորություն ստեղծող միակ հանգամանքն այն է, որ առաջինը հասնելու դեպքում՝ նրանք հանդիպեն մահապարտի։
279.
Խցանված բանականությամբ մարդը ոչնչով չի տարբերվում ինչպես անբանական կենդանիներից, այնպես էլ բույսերից (այդպիսիք հենց որպես կենդանի, կամ բույս էլ գոյություն ունեն) իսկ խցանման մեջ ձեւի ցանկացած նորարարություն այլ բան չէ, քան այլ կենդանիների, բույսերի կենսակերպում վարքագծի նոր տարրերի հայտնվելը, որոնք ոչինչ չեն փոխում եւ նրանց իրենց էությունից ավելին չեն դարձնում։ Բացի այդ, մտքերն էլ, որոնք ինքնին, անկախ իրենց արտահայտման ձեւից (հաղորդակցությունից մինչեւ ստեղծագործություն) գտնվում են գոյության «բնական» մրցակցության մեջ, դադարել են լինել հետագա աճման ներուժով սերմեր՝ դրանք առավելապես ի հայտ են գալիս իբրեւ արդեն բազմացմանը ոչ պիտանի հասվածությամբ, էլ ավելի հաճախ՝ արդեն նեխած, կամ չորացած պտուղներ, որոնք օգտագործվում են մեկանգամյա սպառման համար եւ իրենց հարատեւությունն ապահովում են բազմակրկնությամբ՝ այդ կերպ, միաժամանակ, դառնալով նորի աճման վնասատուներ, ու սրանում կա ինչպես իշխելու դիտավորություն, այնպես էլ տգիտության ինքնաբավարարման միտում։
Հետեւաբար, նորը, որպեսզի զարգացման հնարավորություն տա, բավարար չէ, որ լինի աճման ներուժով սերմ ու հանգամանքների բերումով հայտնվի գիտակցական բերրի միջավայրում (այդպիսին էլ չկա) այն, միաժամանակ, պետք է կրի վնասատուներին դիմակայելու եւ միջավայրը դրանցից ազատականացնելու անխղճություն, ըստ այդմ՝ իր ձգտման մեջ երբեք չպետք է դադարի լինել անողոք, իսկ այդպիսի նորն արդեն կա, որը կոչվում է ինքնարարչություն, եւ դրա ձգտումն է մարդուն բանական կոչվելու խցանումից ազատելը եւ սահմանելն ինքնարար՝ առ Բարձրագույն Ես-ը։
280.
Չարն ու բարին կերպարանք են ստանում՝ ըստ մարդկանց սնոտիապաշտության, որում մարդկային երեւակայության այլանդակությունն անգամ դրանց արարիչների զարմանքն ու զայրույթն է շարժում, թե ինչ տարատեսակ անասունների են ստիպված վերածվել՝ բանական արարածին հասկանալի արտահայտվելու համար, ինչում նրանց հիստերիկ նոպայի մեջ է գցում հատկապես այն, երբ ստանում են մարդկային շուշտանդամ կերպարանք, ու նրանք արդեն ինքնակամ են զուգակցվում ինքնարարներում՝ իրենց իսկ էությանն անդիմակ առերեսվելու՝ ինքնին ու, որ ամենակարեւորն է, փոխադարձ կրքերում ազատ լինելու համար։
281.
Եթե անգամ ստիպված ենք մարմնով տրվել, գերեվարվել, սպանվել՝ թիրախի գիտակցությանը հասնելու համար, տրվենք, գերեվարվենք եւ սպանվենք հաղթողի հանգստությամբ ու տիրողի փառքով վեր բարձրացրած ձեռքերով, քանզի, տիրելով նրանց գիտակցությունը, տիրեցինք նրանց սերունդներին ու ապագան, որից բացի՝ գոյության այլ տիրույթ չունի հաղթանակը՝ այն հենց ինքնին ապագայի հասկացություն է ու հենց ինքը ապագան է, որն այդուհետ եւ հավետ մերն է՝ ինքնարարներինը։ Թող մեզ մխիթարի ճշմարտությունը, որ պարտությունն անցյալի հասկացություն է, միջակությունից սթափեցնի իմացությունը, որ հաղթանակն ու պարտությունը ներկայում ընդամենը հաջողություն եւ անհաջողություն է, իսկ մենք կոչված չենք լինել միջակություն, քանզի մեր ձգտումն ամենն է, թիրախը՝ ամենայն բանականը։
282.
Թե որ ուզես իմանալ՝ ու՞մ կամ ի՞նչ գաղափարի ծառա է հիմարը, տես, թե ով է նրա ստամոքսը լցրել եւ տվել ճոխ հուղարկավորության խոստում, քանզի հիմարի մարմնականից մինչեւ հոգեւոր սահմանը հենց դրանով էլ չափվում է, ու նրա միակ հիասթափությունն էլ այդ երկու հանգամանքում է, ինչը նա երբեք չի ներում նրան, ով հիասթափեցրել է։
Մեր նպատակի համար՝ հիմարը եւ/կամ դրա հոգնակիացված ամբոխը չեն կարող լինել միջոց, քանզի մենք հենց հիասթափություն տալով էլ մեկնարկում ենք բանականության նվաճման մեր փառահեղ ուղին։
283.
Ինչպես որ պատրանք էր շատերի գիտակցության մեջ նստած (իսկ ավելի ճիշտ՝ նստեցրած) համոզմունքը, որ աշխարհում այլեւս հնարավոր չէ, որ մի երկիր հավակնի ֆիզիկապես նվաճել մեկ ուրիշի, որովհետեւ, իբրեւ թե, մարդն արդեն հասել է այդ անմարդկայնությունը մերժող բարձր բանականությանը, այնպես էլ պատրանք է ընդարմացումը, որ էլ չի կարող ստեղծվել աշխարհը նվաճելուն հավակնող հավատամք։ Ըստ այսմ, ինքնարարությունը ոչ միայն լիիրավ է լինելու այդ հավատամքը, այլ՝ միակն է, որ իր ձգտման մեջ ներդաշնակում է մարդկային լինելիության այդ բոլոր հակասականությունները՝ նվաճում, բարձր բանականություն եւ անմարդկայնություն, որովհետեւ այն հենց մարդկայնությունն էլ մերժում է՝ իբրեւ իրեն նախորդած անսեր կենդանականություն։
284.
Որպես կանոն, մարդը մարդուն չի հավատում եւ հավատի մասին բոլորին ուղղված հարցադրումները, թեկուզ պատկերացումների տարբերությամբ, բայց ամփոփվում են ընդհանուր մեկում՝ մարդը հավատում, կամ ձգտում է հավատալ մի բանի, ինչը դուրս եւ բարձր է մարդկայինից, եւ եթե անգամ հանդիպում է դեպք, երբ մի մարդ հավատում է մեկ ուրիշ մարդու, ապա նրա հավատին ուղղված հարցադրումները եւս հանգում են նույն բանին. նա նրանում տեսնում է իրենից դուրս եւ բարձր ոչ մարդկայինը։ Նույն համոզմունքով՝ բոլորն իրենց ուղղված հավատն էլ տեսնում, կամ փորձում են տեսնել մի բանի կողմից, ինչը դուրս եւ բարձր է մարդկային լինելուց՝ ըստ այդմ, իրենք իրենց զգալով դուրս եւ բարձր մարդկայինից։
Համակցությամբ սա այլ բան չէ, քան հիմնավորումը նրա, որ մարդու «աստվածանալու» փառասիրությունն ունի օբյեկտիվ հիմք՝ ներուժ, ինչը, սակայն, նրա բանականությունն ամբողջությամբ չի կարողանում բացահայտել, որովհետեւ բանականությունն ի սկզբանե դրված է ՄԱՐԴ ինքնասահմանման փականի տակ, որից այնկողմ նա կարողանում է դուրս գալ միայն սնոտիապաշտությամբ։
Այս իմաստով՝ ինքնարարումը, այլից զատ, կարող է կոչվել բանականության
ազատականացման իմացաբանություն՝ առ մարդկայինից դուրսն ու բարձրը՝ առ ինքնարարը՝ Ես-ի Բարձրագույնը։
285.
Եթե ավելի հասարակ, ապա.
Սերը ոչ հավատամք է, ոչ էլ, առավել եւս, կրոն, այն մատաղացու է հավատամքի մեջ։ Հանուն ինչի, ինչպես եւ երբ զոհաբերեցիր, զոհաբերեցի՞ր արդյոք, թե՞ մեռցրիր ծերացմամբ, կամ ուրիշի երախում, ըստ այդմ էլ սահմանվում է՝ ով ես դու եւ ինչպիսինն է ճաշակդ։
Իսկ ի՞նչը կարող է ավելի բարձր լինել Բարձրագույն Ես-ի ինքնարարումից եւ ուրիշ որտե՞ղ կարող է ավելի նրբաճաշակ զոհաբերվել սերը։
286.
Պաշտելն ու ատելը խիստ անձնական են՝ անհատական նվաճման եւ/կամ կործանման երեւույթներ, որոնք ավելի շատ «հիգիենայի» տիրույթից են, քան բանականության։ Հետեւաբար, բոլորի նկատմամբ` իբրեւ բարձր ճաշակի դրսեւորմամբ վերաբերմունք, կա միայն հարգալից վարվեցողության (հեռավորության պահպանման) պահանջ, ուրիշ ոչինչ։
287.
Ընդհանուր առմամբ, մարդ բանականի պատմությունը ամփոփվում է երկու ժամանակաշրջանում՝ կռապաշտությունից կրոն, կրոնից աղանդ, որոնց միջակայքում գիտությունն ընդամենը հասցրել է փախցնել փոքր պատառն իր ազատության՝ մինչեւ հայտնվելը մեկի, ապա մյուսի իշխանության տակ։ Հաջորդն ու միակը, որն իրապես կարող է համարվել գիտակցական զարգացում (ազատականացում), մարդ բանականից անցումն է մարդ ինքնարարի՝ առաջինում թողնելով նախորդած ողջ անասնականությունը եւ ձախողելով դրանց համակցված գոյության բոլոր փորձերը։ Հենց այս նպատակի համար՝ ինքնարարները չպետք է դրսեւորվեն իբրեւ հերոսներ եւ լինեն հիմար այնտեղ, որտեղ (դեռ) պետք է լինել դարանակալած վարակ։
288.
Միամտություն է կարծել, թե առաջատար կրոններն ի զորու չեն վերացնել աղանդները։ Ընդհանուր նպատակը նրանում է, որ վանդակից դուրս եկողը հայտնվի մեկ այլ վանդակում, իսկ վանդակները լինեն դասավորված, ինչում անգամ էսթետիկ կարգ կա։
289.
Հավասարությու՞ն, այո՛, լինում է, բայց կենդանաբանական այգում, որտեղ տարբեր տեսակների հավասարությունը վանդակն է, կառավարիչն էլ նրանց անազատության սպասավորն ու գերին է։
Իսկ թե ինքնարարն ո՞վ է այս ամենում, ապա, ինչպես արդեն բնութագրվել է, դարանակալած վարակ է, որը սպասում է լեշի հետ դուրս գալու իր հնարավորությանը։
290.
Կյանքն իբրեւ թատերական բեմականացում դիտելու դեպքում՝ բոլորն ամեն բան կհասկանային, բայց կյանքն իրականություն է, բեմականացումը՝ կենդանի, ուստի եւ այն մնում է բոլորին անհասկանալի՝ իբրեւ խրթին դրամա ու վերաբերելի՝ իբրեւ ողբերգություն։ Սրանից զատ ու այս համատեքստում՝ մարդիկ սովոր են իմաստուն համարել, ապա եւ հետեւորդ լինել նրան, ով ապագայի հանգամանք է գուշակում։ Բայց ճշմարտությունն այն է, որ ցանկացած հիմարություն էլ, ինչպես անսարք ժամացույցի կողմից օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամ ցույց տալու հայտնի ասույթը, կյանքի որոշակի շրջափուլում համընկնում է իրողությանը, ու թե շատերն այն կոչում են մարգարեություն, մենք այդ կոչման տակ հիշատակում ենք հնչեցված իմաստնության ու այն առաջադրողի վախճանը։ Եվ ուրեմն, մեզ տրված չէ լինել երկնքում փայլատակող աստղ ու անկարելի է լինել այդպիսին նրանց համար, ում ապագան այլ բան չէ, քան վերադարձող անցյալ, իսկ ներկան՝ դրա ակնկալվող սպասում, մեզ նաեւ անպատվաբեր է նույն շուրթերից կոչվել իմաստուն, մտածող, առավել եւս՝ հերոս։
Սրա փոխարեն՝ մեզ նախընտրելի է արիական պատվասիրությամբ բյուրեղանալ խավարում եւ ինքնարարների անհատական գոյությունից դուրս հորդել իբրեւ տեսակ, երբ այլեւս ոչինչ ի զորու չի լինի բանականությունը սահմանափակել զսպաշապիկի մեջ, որը կոչվում է մարդ։
291.
Խառնարանից մինչեւ Բարձրագույն Ես-ի ինքնարարում, ցավ-երանությունից զատ ու դրա հետ մեկտեղ, թանձր կարոտ կա խառնարանին ուղղված՝ անմարմին կարոտ, որը, սակայն, աչքեր ունի հետապնդող եւ բուրմունք ունի անէացնող, ու թեպետ մեղանչականությունս է՛լ եսասիրություն չունի, որ այն կրկին մարմին առնի, բայց ես արդեն գիտեմ, թե հրեշտակներն իրականում ինչպես եւ ինչու են ծնվում, վերջում հայտնվելու համար՝ ինչու են ապաստանում անցյալում, ու թե ինչքան չունեն մարդկանց պատկերացմանն առնչություն …
292.
Էժանն ու ճոխը կարող էին հաշտվել անհրաժեշտությունում, խեղճությունն ու հպարտությունը՝ արժանապատվությունում, աղքատությունն ու հարստությունը՝ չափավորությունում …, բայց այդպես չի լինում լոկ այն բանի համար, որ նույն գլխին ենթակա երկու ձեռքերն ինչքան էլ տարբեր, միեւնույն է, իրար պայմանավորող են, բացի այդ, միմյանց նկատմամբ սքողված համակրանք ունեն ու համակիր են հատկապես նրա՝ երրորդ մեկի դեմ։
Սա իմանալով, ինքնարարը, եթե անգամ որոշում է դուրս գալ առճակատման, ապա չպետք է ունենա գիտակցությունից բացի այլ թիրախ, ու, որպես միջոց, չպետք է անի հաշտեցման միջնորդություն եւ, ընդհանրապես, որեւէ տեսակի քարոզ։
293.
Բարձրագույն բանականությունը՝ ինքնարարի նպատակ.
Ամբողջը ճանաչելու համար առանձնանում ես որպես մաս, բայց էլի չես տեսնում, քանզի ամբողջից բացակայում ես ինքդ։ Հետո առանձնանում ես որպես ավելի փոքր մաս, որ տեսնես ավելին ամբողջից։ Հետո ավելի ու էլի՝ շարունակաբար ինքնաոչնչանում ես մինչեւ ամբողջի տեսանելիության ամբողջականացում, ու գիտակցության զրոյականացմամբ ճառագում է ճշմարտությունը, որ ինքնաճանաչողությունդ ճանաչողություն էր առ այն, ինչը դու չես, ինքնաոչնչացումդ ինքնահաղթահարումն էր կախվածության, իսկ այն, ինչ մնացել ես, նախապայմանն է բարձրագույն բանականությանը ձգտման, ու մնացել ես այն, ինչը կոչվում է ՈՉԻՆՉ, կամ ինքնարար` Բարձրագույն Ես։
294.
Գիտակցությունը ժամանակի հորձանուտում.
Ժամանակի մեջ ամենահազվադեպ հանդիպող բանը պահն է …
295.
Ինքնարարի ճանապարհային քարտեզ.
Ինքնի համար չկա ուղղություն տվող այլ ճշգրիտ հանգամանք, քան հանդիպող վախն է, հետեւաբար եւ այլ ճշգրիտ ճանապարհ, քան վախի հաղթահարումն է։ Եթե հնարավոր լիներ նշել բոլոր հանդիպած վախերը, յուրաքանչյուրը կստանար իր անհատական (ինքնաճանաչողություն-ինքնահաղթահարում-ինքնարարում) քարտեզը՝ այդ կերպ բացահայտելով, թե որտեղից ուր պետք է գնա(ր) ու թե ինչքան է հաջողել եւ/կամ ձախողել։ Բայց քարտեզը չի տրվում նախապես ու էլ ընթեռնելի չէ վերջից, իսկ վերջին վախի մասին հայտնի է միայն այն, որ այն Բարձրագույն Ես-ին նախորդող վերջին հանգամանքն է։
296.
Ցավալի է, որ կատարվածի ճշմարտությունը կարող է իմացվել տասնյակ, հարյուրավոր, հազարամյակներ անց, ու ցավալի է ավելի, երբ ժառանգաբար ներկայացնում ես նրան, ով խաբվել է, բայց նրա համար է՛լ ոչինչ փոխել չես կարող, իսկ իմանալդ նոր ստի տարր է, որով պետք է խաբվես ինքդ։
Այս ցավը ոչ միայն պետք է մեզ ուղեկցի, այլ՝ խնամվի ու անհրաժեշտաբար պահվի, եւ, ինչպես զինվորի օձիքին մխրճված ասեղը, ինքնարարներիս քնանալուց զերծ պահի …
297.
Անհատի ամբողջ դժբախտությունը նրանում է, որ նա կարող է իր մեջ կրել ու (վեր) ապրել ողջ մարդկության ողբերգությունը, երբ մարդկությունը, իբրեւ էություն, գոյություն չունի:
Ոմանք սրանով հասնում են դրախտի դարպասներին, ոմանք՝ դժոխքի, ոմանք, գուցե եւ հյուրընկալվում են, կամ ներխուժում են ներս, բայց ինքնարարի համար այդ անէությունը չի կարող եւ չպետք է լինի այլ բան, քան սեփական էության արարչությանն անհրաժեշտ հանգամանք եւ, որպես այդպիսին, միակ իրողություն, երբ գոյի հավաքականությունը ծառայում է մեկ-ի գոյացմանը եւ ոչ հակառակը։
298.
Իրականությունից առավել՝ ինձ անհանգստացնում է շրջապատող մարդկանց վախեցած հայացքները եւ այդ հայացքներում նկատվող ինձ հոշոտելու ցանկությունը, երբ ցույց եմ տալիս, որ ողջ եմ։ Ու հենց այստեղ ինձ օգնության է գալիս իմ խաղաղասիրությունը՝ ես նրանց պատանում եմ ցինիզմով ու թաղում երանավետ հանգստությամբ:
299.
Կուզեի՞ ապրել այն աշխարհում, որը ներկայացնում է նա, եթե լինեի տարաշխարհիկ, իսկ ինքը՝ առաջին հանդիպածը։ Սա այն հարցն է, որը տալիս եմ ինքս ինձ, երբ հանդիպում եմ ինչ-որ մեկին։
Չգիտեմ՝ այս կողմնորոշիչն ում ուր կհասցնի, բայց փորձս ինքնարարների համար խորհուրդ ունի. դուք պետք է նվաճեք աշխարհը, ու դրանում չպետք է լինեք չափազանց զգուշավոր։
300.
Հասարակ իմացություն է, որ անգամ երազի ազդեցությամբ կարող ես համակրանք ձեռք բերել մեկի հանդեպ (ընդհուպ սիրահարվել նրան) ում չգիտես, կամ գիտես անտարբերությամբ (ընդհուպ հակակրանքով) եւ սրա հակառակը …։ Հասարակ իմացություն է նաեւ այն, թե երազի վրա ինչ ազդեցություն ունի գիտակցությունը, ու առավել հասարակ է գիտակցության վրա արտաքին ազդեցության իմացությունը։ Բայց հասարակից առավել հասարակի գնացող այս դատողությունը չի ավարտվում պարզագույնով ու, որպես այդպիսին, միայն սկիզբ է դնում ԻՆՔՆդ անհետ կորցնելու մեծ վտանգի, երբ միտքդ սկսի փնտրել կամքդ՝ հսկայական սարդոստայնի յուրաքանչյուր հանգույցում։
Պատահական չէ, որ մահվան եզրից դարձածներն արթմնություն են զգում, ինչը, սակայն, նրանցից շատերն արագ էլ կորցնում են, երբ փորձելով բացատրել ըստ առկա պատասխանների՝ կրկին հայտնվում են արտաքին ազդեցությամբ գործված սարդոստայնում։ Բայց այստեղ մահն ընդգծվում է իբրեւ միակ անկասկածելի, հետեւաբար, ԻՆՔՆը գտնելու (արարելու) միակ հնարավոր սկիզբ, որը, չհաշված պատահական բացառությունները, հանդիպում է վերջում։ Ըստ այդմ, Բարձրագույն Ես-ի երրորդության մեջ ինքնաոչնչացումը (ինքնահաղթահարումը) կրում է մահը վերջավորից ընթացիկի վերածելու, պատահական բացառությունը անհրաժեշտ կանոնի վերափոխելու նշանակություն, որին ինքնաճանաչողությունը պարբերաբար հանգում է անկամ հանգույցները խզելով եւ որից, միաժամանակ, մեկնարկում է կամային հանգույցների ստեղծումը՝ ինքնարարումը։
Ու մինչ այն պահը, երբ բանականությունը ձեռք կբերի ինքնամաքրման անարատություն, ԻՆՔՆը ստիպված է ապրել բազմաթիվ մահեր …
301.
«Եթե քեզ տրվի բոլորի համար նույն մեկ ցանկությունն իրագործելու հնարավորություն, ապա ի՞նչը կլինի այդ մեկ ցանկությունդ եւ ինչքա՞ն ճշգրիտ կարող ես այն սահմանել, որ դրա իրագործումը չվերածվի աղետի». սրանք այն հարցերն են, որով ամենակարող արարիչը սկսում եւ ավարտում է զրույցը մարդու հետ, ու մինչ վերջինս հայտնվում է ծուղակում, չնկատելով երկրորդ հարցով առաջինի պատասխանը բացառելու ակնարկը, որն արդարացնում է եղած կարգը, նա երես է թեքում մարդուց՝ ստորակարգին ցույց տալով իր տեղը։
«Իսկ ինչու՞ չկամենալ ինքնարարում …». հակահարց, որով ամենակարողն ընդունում է ինքնարարի` իրեն համադաս կարգը …
302.
Այն, ինչ մեզ սպանում է, արագացնում է մեր ծնունդը.
Բանականորեն, զգացմունքայնորեն եւ հոգեբանորեն մենք պատրաստ ենք, բայց որպեսզի եռամիասնությամբ ծնունդը լինի եւ լինի հայտնությունն ինքնարարի, դեռ պետք է բավականաչափ մեռնենք։ Դրա համար
մեզ ոչինչ չպետք է վանի ավելի շատ, քան փրկության առաջարկը, խոստումը, ձեռքը։ Անգամ բառն այդ մեզ պետք է նողկալի լինի՝ իբրեւ մեր բարձր գոյությանը անվայելուչ կիսատություն։
303.
Խավարը երբեք վախի աղբյուր չէ, հակառակը՝ անգամ ապահովություն է, երբ թանձր է այնքան, որ ոչ ոք չունի տեսնելու հնարավորություն։ Ինքնին՝ չէ, բայց վախի պատճառ լույսն է, երբ կիսատ է, կամ ուրիշի տիրապետության տակ է, երբ ինքդ խավարում ես։ Այլ կերպ՝ վախ է հավանականության գիտակցումը, կամ իրողությունը, որ քանի դեռ դու տեսնում ես ոչինչ, ոչինչը նայում է քեզ։
Ուրեմն, ինչպես գոյության պայքարի դասական կարգում, ինքնարարը, միտված լինելով ամենին, պիտի առաջնորդվի հարձակման եւ պաշտպանության (լույսի եւ խավարի) ներդաշնակմամբ՝ տեսլականում կրելով վերջին հանդիպումը, որտեղ, իբրեւ հանկարծության հաղթական հանգամանք, անհրաժեշտ է լինելու ունենալ դարանակալման խավարի այն թանձրը, որը կլանելու է լույսի ցանկացած շող՝ զրկելով ուրիշ մեկին աչելու հավանականությունից, քանի դեռ ինք(ն)ը տեսնում է ամենը։
304.
Մեղք՝ ինքնարարման.
Եթե ներելու բան չունենա,
ո՞նց աստվածանա,
Ու ո՞նց տիրանա,
եթե քեզ մայր չդառնա։
Վերջապես, ո՞նց լինի կին
ու հանկարծ ոչ տիրածին։
Ուստի, թեպետ տիեզերքն է սահմանել, որ մեղանչես,
բայց կամքդ է որոշում՝ լինի ինքնարարմա՞ն, թե՞ նեռի բաժին լինես.
Կինը մերժի՞ ինչպես միջակ մի բան ու ի՛նքն էլ անծնունդ մնա,
Թե՞ ների, տիրանա …
305.
Երբ ամբոխը հանկարծ սկսի հետաքրքրությամբ նայել քեզ (բայց դու խոզապահ չես եւ ոչ էլ ծաղրածու) փախի՛ր, քանզի նա քեզ նայում է իբրեւ կերի։
306.
Ծանոթացնել ոչնչին, որ ունենա ամենը,
Ցույց տալ մահը, քանի դեռ կարող է սկսել ապրել,
Մենականացնել, որ զգա իր ամենուրականությունը.
Որ տեսնի իր փոքրի մեծությունը,
Քչի շատությունը,
Ստացած ես-ի չնչինությունն ու
Ինքնարարի անեզրությունը …։
Թե ինչով է ավարտվում ուրիշի համար մեր այս լինելիությունը, մենք՝ ինքնարարման հավատամք կրողներս, կոչում ենք ապահով հիասթափություն եւ պատվով լինում դրա մարմնացումը։
307.
«Ծովից ծով»-ը, նախ եւ հիմնավորապես, հոգեւոր չափում է, ապա նոր միայն դրա աշխարհագրական հետեւանք, ընդ որում՝ պայմանական այնքան, որ «Ծովից ծով» հոգեւոր չափմամբ էական չէ, թե ֆիզիկական ինչ մարմին ես տիրապետում, այն այլեւս չի պայմանավորում լինելիությունը ո՛չ ժամանակով, ո՛չ՝ տարածությամբ։
Բայց քանի որ հոգեւոր չափմամբ դու դեռ «ջրհոր ես», բարեկա՛մս, այն, ինչն ինձ համար (ինքն)արարման ձգտում է, քո շուրթերից հնչում է չոր կերը փափկացնող, նողկալի կենաց, որը ոչ միայն վիրավորում է ամենայն հոգեւորը, այլ մեր լինելիության մարմինն է էլ ավելի կիսատում՝ դարձնում հաշմանդամ։ Նաեւ սարսափում եմ կենացներդ պատահաբար իրականություն դառնալու պատկերացումից, քանզի առկա հոգեւոր չափմամբ՝ հետեւանքը չի լինի այլ բան, քան ինչպես «ջրհորը» անեզր անապատում, որը չի ունենա այլ նշանակություն, քան էլ ավելի մեծ թվով անասունների ծարավը հագեցնելն է, ու, դրա հետ մեկտեղ, մենության մեջ մահ՝ իբրեւ բաղձալի փրկություն գովերգելը։
308.
Չոր անտարբերությունն արյամբ փափկեց եւ դուրս հորդեց մի համատարած զվարթ տգիտություն։
Թանձր տխրությու՞ն, չէ՛, ինչպես որ իմաստնություն, չ կ ա՛ …
309.
Իրար ատող անտիպոդներ, ձեր փոխադարձ պետքությունն անշուշտ մեծ է, ձեր փոխադարձ սերն իրապես անկեղծ է, ինչպես որ սերը գիշատչի եւ զոհի միջեւ, եւ դուք անկասկած խելամիտ եք ձեր սիրո մեջ, երբ միանգամից չեք հոշոտում ու հոշոտվում՝ սպառվելու փոխարեն նախընտրում եք իրար պայմանավորող տեւականությունը, ու սրանով, խելամիտ լինելուց զատ, ձեր սերը նաեւ ուտելու եւ ուտվելու ճաշակ, էթիկա, էսթետիկա ունի։ Դուք նաեւ հանճարեղություն ունեք ձեր սիրո մեջ, երբ նույնն անում եք՝ ըստ տեսակով առանձնացած համայնքների, համայնքների ներսում՝ առանձնացված տարատեսակի, ինչը չի կարողացել անել բնությունը կենդանականության իր հանկարծաստեղծության մեջ։
310.
Այնուամենայնիվ, չի ընկալվում ճշմարտությունը, որ ցանկացած կոնֆլիկտ, ընդամենը, հետեւանքն է հոգեւոր պայքարի (կուզեք՝ տիեզերական պատերազմի) ու դրանում նյութը միայն միջոց է։ Կարծել, թե բուրգի գագաթին տենչում են է՛լ ավելի մեծ նյութական հարստություն, առնվազն մոլորություն է, այն պարզ պատճառով, որ եթե անգամ …, ապա այն կրողները վաղուց հագեցած պետք է լինեին։ Նրանց դիտարկել տեղային ընչաքաղցի օրինակով՝ հիմարություն է, քանզի հայտնի ցանկացած տրամաչափի ընչաքաղց այդ համակարգում չնչինություն է՝ գործիք, որն ունի օգտագործման վաղեմություն։ Բայց սա մեծամասնությունը չի հասկանալու (նաեւ պետք չէ, որ հասկանա) քանզի այո՛, մարդը հոգեւոր էակ է, բայց մարդկությունը՝ ոչ, եւ ոչ թե մարդն է մարդկության համար, այլ մարդկությունն է մարդու համար՝ իբրեւ միջոց՝ առ հոգեւոր (բանականության) բարձրագույն նվաճում։
Սրա մասին ակնարկվում է լոկ այն բանի համար, որ ոչինչ դեռ վերջացած չէ, չի վերջանալու, ու պայքարի մեջ մտնելու են երրորդ-ՄԵԿեր ինքնարարները։
311.
- Բարեւ՛, ամենա՛յն տականքություն, դեռ շա՞տ կա, որ հասնեմ հատակդ։
- Բարեւ՛, բանակա՛ն արարած, անկեղծ ասած՝ հարցդ շփոթեցնում է ինձ եւ ես կորցնում եմ տարածության ընկալումը, քանզի (երբ) ձայնում ես ընդհատակից։
312.
Չէ՛, եղբա՛յրս, խնդիրը միասնականության մեջ չէ, այդտեղ մենք ամենաշատն ենք կեղծում, քանզի եթե ընտանիքի պես, ապա պետք է որ արագ անցած լինեինք նյութական նվազագույն պահանջի (լափից, եկեղեցու խաչից) ու շատ կարճ ժամանակում լուծեինք բոլոր խնդիրները, որի հնարավորությունն օբյեկտիվորեն կա, ու, միաժամանակ, ակամայից դառնայինք աշխարհում բարձր բարոյականության օրինակ ու առաջնորդող։
Բայց, ու մենք հիմար ենք նաեւ, երբ հարաբերվում ենք սիրելով, կամ ատելությամբ, երբ, ընդամենը, պետք է հարգանքի այն հեռավորությամբ, որը չի ավարտվում հուսախաբությամբ։
Այսպիսով, եղբա՛յրս, մեր նեղացած համակեցությունն ավարտում ենք հաշտությամբ, բայց արդեն մահվան գրկում, ու թե մեզնից ում է տրված զգալ մյուսին կորցնելու ցավը, դա էլ մի այլ վիճակախաղ է՝ գուցե, նաեւ, բախտավորություն։
313.
Սիրո խոստովանությունը պետք է ընդունես իբրեւ մահափորձ, որ ընտրության հնարավորություն ունենաս ինքնասպանության եւ էշ նահատակ լինելու միջեւ, կամ՝ չընդունես ընդհանրապես։ Ու սա կոչվում է սիրել արթմնի …
314.
Ներցեղային եւ միջցեղային պայքարը, իբրեւ զարգացման բնական օրենք, մարդու համար վաղուց իրեն սպառել է, եւ, իբրեւ այդպիսին, հակատիեզերական է, բայց, իր ամբողջ կործանարար հետեւանքով հանդերձ, շարունակվում է կիրառվել (նաեւ որպես պահանջի հասունացումը զսպող խաբկանք) քանի դեռ հետագա զարգացումն ապահովող նորը չի գտնվել, որի մասին ինձ հաստատապես հայտնի է այն, որ անկախ սահմանումից՝ այն անպայման իր մեջ կրելու է մարդու ինքնարարման գաղափարը, որին այլընտրանք պարզապես չկա, եւ այդ ճշմարտությունը յուրացնելու հետաձգումից, կամ հապաղումից նվազում է հնարավորությունների պաշարը։
315.
… ինքնարարների օրհնության երգը.
Չկա ավելի տխուր երգ, քան օրորոցայինը, որ ստիպված է եղել երգել հայրը, ու չկա ավելի հոգեհանը, քան այն, որ երգվել է ինքզինքը՝ …
316.
«Երբ համախոհդ եմ, ինքդ էլ ավելի ուժեղ ես, իսկ երբ հակառակորդդ եմ, ուժեղանալու խթան ունես։ Ասել է թե՝ ոչ մի պարագայում վնաս չեմ քեզ, ու վախենալու եմ ճիշտ այնքան, ինչքան ինքդ ես անդեմ». - ընդունված բարքերին դեմ՝ այսպես խոսեց ինքնարարը։
317.
Մարդկանց համատարած կլանել է նույն մոլորությունը. նրանց թվում է, թե իրենք բանականորեն խիստ այլ ու բարձր են նրանից, ինչ եղել է կես դար եւ ավելի առաջ։ Իսկ իրականությունը նրանում է, որ բանականությունը դեռ ծառայում է գոյության պայքարին, ինչը հասարակ անասնականություն է նրա համեմատ, ինչը տրված է լինել գոյի արարչականություն։
318.
Այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են ազատասիրությունը, ինքնասիրությունը եւ արդարամտությունը, որոնք, որպես կանոն, լինում են միակցված, ձեռք չեն բերվում կրթությամբ, դաստիարակությամբ, կամ վարժեցման որեւէ այլ ձեւով։ Դրանք բացառապես գենետիկ հատկանիշներ են, որոնք բնատուր կրում են քիչ մարդիկ՝ առանձնանալով իբրեւ մարդու հատուկ տեսակ։ Նկատի ունենալով քանակական հարաբերակցությունը՝ նման հատկանիշներ կրելը, որպես աննորմալ փոքրամասնություն, մի կողմից կարող է համարվել հիվանդություն, մյուս կողմից՝ տաղանդ, ինչպես, օրինակ, շիզոֆրենիան է հաճախ հանդիպում գիտության, արվեստի եւ այլ գիտակցական ոլորտների տաղանդների մոտ։
Որոշակի իմաստով՝ ազատասիրությունը, ինքնասիրությունը եւ արդարամտությունը եւս կարելի է համարել շիզոֆրենիա։ Դրանք արարչական դրո՞շմ են, թե՞ ունեն պատճառահետեւանքային ծագում, առնվազն ներկայիս դրությամբ հայտնի չէ, բայց փաստ է, որ դրսեւորումը գենետիկ է։
319.
Այն, որ անհաջողությունն էլ անվերջ չի կարող շարունակվել, ինչպես ցանկացած այլ բան (բացի տգիտությունից) դա տիեզերական օրինաչափություն է, բայց, այնուամենայնիվ, բարձր բանականության համար նվաստացուցիչ բան կա նրանում, ինչն իր կամքից անկախ է՝ թեկուզ, երբ դա մեծ հաջողությունն է:
320.
Ինչպես պարզվում է «գնա մեռի, արի սիրեմ» բռնությունից ոչ ոք փրկություն չունի՝ ո՛չ մի հանճար եւ ո՛չ մի տականք, ուստի նա, ով անկեղծ է անսեր միջավայրում իր գոյության մեջ, պետք է այնպես անի, որ մեռնելուց հետո էլ ետ գա միջնամատը ցցած՝ իբրեւ միջակությունը ժխտող բարձր ճաշակի դրսեւորում։
321.
… որովհետեւ ամբողջական չենք քննել մեր հայրերին, չենք տեսել ու չենք արհամարհել նրանց թուլությունները:
… ուրեմն այլ բան ունակ չենք անելու ինքներս ու անելն էլ անօգուտ է, քանի դեռ (նախ) չենք անկեղծացել հաջորդ սերնդի համար՝ այսօրվանից սիրելով մեր խեղճության նկատմամբ մեր զավակների վաղվա արհամարհանքը, որը պետք է ծնվի նրանց ուժից եւ ուժեղացնի նրանց։
322.
Զգայունակությունն էլ, ինչպես գիտակցականությունը, ձգտում ունի կատարելության, որտեղ դրանց հակիմաստությունը վերանում է ոչ թե անբովանդակ եւ անզգամ միջակության, ինչպես հաճախ հանդիպում է, այլ՝ ամենակուլ այնպիսի պարզության մեջ, երբ այլեւս անհնար է տարանջատել իրականության ընկալման ձեւաբանությունը՝ միտք է, թե զգացմունք, ու միայն դրանից հետո է սկիզբ առնում հաղորդակցումը գոյության ոգու հետ, նրա հետ կենակցումն ու ինքնարարումն իբրեւ այլ (բարձր) բան, քան եղել ես՝ որպես զգացմունքային փոքրություն եւ բանական չնչինություն։
323.
Փրկու՞մ ես, թե՞ կործանում,Առաջնորդու՞մ ես, թե՞ հետապնդում,
Վկա՞ ես ինձ, թե՞ խամաճիկդ եմ ես,
Վերջապես, որպես ծնողի՞ արհամարհեմ քեզ,
Թե՞ սպասեմ ինչպես զավակի,
… չը-գի-տեմ …,
Բայց ինձ գայթակղում է այս տողերը թելադրելու անխղճությունդ և դրանք հեգելու՝ հպարտությանդ իսպառ ոչնչացումը։
324.
Եթե անգամ մեղքը տրվել է իբրեւ փորձություն, ապա ոչ թե կողմերի միջեւ ընտրություն կատարելու, այլ՝ արարչության եւ ամլության, որտեղ ճշմարտությունը նրանում է, որ չկա մարդուն կենդանականությունից բարձրացրած գեթ մեկ նվաճում, որին պայմանավորած լինի անմեղությունը, եւ/կամ պայմանավորած չլինի մեղքը։ Առհասարակ, ամլությունն ու անմեղությունը, իրենց նույնաբովանդակությամբ, ցանկացած գոյակի գոյության արդարացումն են, բայց ո՛չ մարդու։ Հենց միայն մեղքն է առաջին հանգամանքը, որը մարդուն նմանեցնում է Արարչին՝ անկախ նրա լինելիության ընկալումից՝ պատճա՞ռ է, թե՞ նպատակ։
Բայց այստեղ էլ պետք է գիտենալ՝ եթե բոլորին վստահեցնես, որ ամեն ոք աստված է, ապա նրանցից յուրաքանչյուրն անհատապես անասնականությունից էլ ներքեւ կգլորվի, ուստի սրանում էլ պետք է թույլ տալ այն աստիճան ինքնուրույնություն, որ մեղսագործն իրեն զգա մեղքն արարած, ապա՝ ընկալի մեղքով ինքնարարված, ու պետք է զերծ մնալ քարոզի բթացումից, առավել եւս՝ քարոզող լինելուց, քանզի երբ այն չունի այլ նշանակություն, քան միայն հասարակացնելով ոչնչացնելն է ցանկացած բարձր բան՝ հատկապես, երբ այն վերաբերվում է ինքնարարմանը։
325.
Մարդն ինքնարարմանն այլընտրանք չունի եւ, գուցե, սրանում նա միակ դժբախտ էակն է, որը չի կարող իրեն թույլ տալ արարչի անսպառ հովանավորչության ներքո անհոգ գոյություն, բայց անկախ նրանից, որ ինքնարարումը դեռ չի հռչակել իր լինելիությունը պայմանավորող մեկ նպատակ, նա հենց այդ նպատակով էլ առաջնորդվում է վաղնջական ժամանակներից։ Նրա ցանկացած ձգտում՝ անգամ անմահանալու ցանկությունը, եւ նրա ցանկացած նվաճում՝ այդ թվում ինքնաբուժման, ոչ միայն անկախ չեն ինքնարարումից, այլ՝ ուղիղ ածանցվում են դրանից։ Ուստի, բանականության նվաճման եւ առաջնորդման այս ՀԱՎԱՏԱՄՔԸ ճշմարիտ արթմնությունից զատ, նաեւ զգուշացում է սպասվող հոգեւոր ճգնաժամի, որն արդեն իսկ անգիտակից զգալուց բացի, գիտակցաբար ընկալվելու է, քանզի երբ ինքնարարման մեջ բոլոր նվաճումները դեռ միայն մարմնական են, որի ցանկացած հաջորդող ձեռքբերման հետ զգալի է լինելու, թե էությունն ինչքան հին, սահմանափակ ու անհապատասխան է դրան։ Բայց հենց այն նույն դժբախտությամբ, որ ինքնարարմանն այլընտրանք չկա, մարդը դատապարտված է գտնել մարմնականի եւ հոգեւորի ներդաշնակությունը նաեւ դրանց բարձր զարգացման մակարդակում ու լինել այդ ներդաշնակումը՝ անկախ նրանից, թե դրան հասնելու համար դեռ քանի քաղաքակրթություններ պետք է անցնի, քանզի հակառակը կնշանակի ոչ այլ բան, քան ոչնչացում։
326.
Ինքնարարման վարակի տարածման հարցում, մենք՝ վարակներս, պետք է առաջնորդվենք եզակիությամբ եւ լինենք այնքան զուսպ, որ խուսափենք ինչպես տգիտությունից, որն ունակ է սպանել ամենայն բարձր բան, այնպես էլ ուրիշի մտքերով խցանված գիտունությունից, քանզի սրանում էլ անարատ ոչինչ չի մնում՝ ձեւախեղվում է այլանդակության։ Փոխարենը՝ մեզ պետք է գրավի այն հասած կուսությունը, որը տենչում է սիրվել, բայց դեռ ինքն իրենից չի շեղվել, իսկ շեղվածներից այն մեկերը, որոնք դեռ ներուժ ունեն իրենց ինքնան վերագտնել։ Մեզ, որպես արգասաբեր միջավայր, պետք է գրավեն միայն այն բանականությունները, որոնք բնատուր հակվածություն ունեն իրենք իրենց ստեղծել եւ որոնց պակասում է հուշումը, որ ԿԱՐՈՂ ԵՆ։
327.
«Միեւնույն է, լինելու է այն, ինչին արժանի ես, նաեւ կրելու ես բաժին հետեւանքը՝ որպես հավաքականության մաս».- ահա այն զտիչը, որը պետք է գիտակցությունդ մաքուր պահի մաղթանք, խորհուրդ, խրատ աղբերից, ու միայն մաքուր գիտակցությունն է ունակ հետեւանքը տեսնել իբրեւ պատճառ եւ միջոց՝ լինելու ավելին, քան՝ էիր։
328.
Բարեկամը սպասում է առիթի, թշնամին՝ հնարավորության. ավելին պետք չէ իմանալ՝ նրանց նույն կողմում տեսնելու, ասել է թե՝ կողմդ իմանալու համար։
329.
Հիշի՛ր, զավա՛կս, պատգամ որպես,
Ինձ հիշելու պարտք չունես …
Ու ծնվելով՝ արդեն իսկ ինձ գերազանցել ես,
Ուստի, ուրիշ ոչ մեկին, քան միայն ինքդ քեզ,
Հաղթելու խնդիր չունես.
Ինքնարարվիր ավելին, քան արարել եմ ես:
330.
Թե որ ուզես հասկանալ՝ ինչքան անբովանդակ կարող է լինել մարդկային գոյությունը, բավական է տեսնել, թե ինչպես կհամբուրի նաեւ այն, ինչի վրա միզում էր՝ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը հնարամտություն է ունեցել դրանից ստանալ պաշտամունքի խորհրդանիշ, ինչին հանդիպելուց՝ «հոգեւոր» անասունի մոտ միանգամից արթնանում է ոմն «լուսավորյալի» կողմից ներարկված եւ սովորութականության աստիճանի վարժեցրած տգիտությունը, որի անեզրությունը նրան տալիս է հավերժությանը հաղորդակցվելու՝ Աստծուն հանդիպելու պատրանք, ինչից հետո էլ ոչինչ չի կարող վերադարձնել նրա ինքնասուզման՝ արարչական երկխոսության ունակությունը:
Կրոնականությունը մարդուն հեռացնում է կենդանուց ճիշտ այնքան, ինչքան մոտեցնում է անասնականությանը։
331.
Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է ցանկացած հավատամքի եւ/կամ փիլիսոփայության, այն կրողի հեռավորության որոշիչն է ու հասունության չափը սեփական իմաստնության մեջ, քանզի երբ իմաստնություն կա միայն նրանում, ինչում կա ինքնաճանաչողություն եւ ինչը հենց միտված է ինքնաճանաչողության, որի վերմարդկային աստիճանում, ինչը կոչվում է ինքնարարում, դադարում է ոչ միայն խոսունակությունը, նաեւ՝ ինքնախոսությունը։
Մարդկայի՞ն է արդյոք այս նվաճումը, բնավ, ո՛չ, հետեւաբար եւ չնչին են իմաստնության այն բոլոր հեղինակությունները, ովքեր մինչեւ վերջին շունչը շարունակել են խոսել,- բոլորը, ովքեր չեն դադարել մարդ համարվել։
332.
Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝
Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր,
Շարունակում է առաջնորդել,
Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։
Տողերս դարձել են մեղքի օրրան,
Որտեղ Աստվածն արդարանում է, Նեռը՝ մխիթարվում,
Եվ միայն Բարձրագույն Ես-ն է օրորոցային լսում։
Ու թեկուզ հերքում եմ սրանով նաեւ քեզ,
Բայց, որ դարձնեմ ու մնաս իմ Ես։
333.
Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ մարդու չնչինությունը՝ իր ամբողջ հանճարեղ նվաճումներով հանդերձ։ Նույնը կասեր ցանկացած հեքիաթի կերպար, եթե ունենար մտածելու ինքնուրույնություն, ուրեմն, սա, միաժամանակ, մեզ արտոնում է որոշել սկիզբը եւ սահմանել վերջը, ինչում մարդը նախորդում է սկզբին ու էլ երբեք չի հիշատակվում։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.