31 июл. 2022 г.

91/անտիպ

Ա՛յ փնթի, երբ հանրայնացնում ես բոլոր հույզերդ, որոնք ընդհանուր առմամբ ոչ մեկին պետք չեն, անկախ դրանց ինչպիսին լինելուց և իրական մտադրությունիցդ` դրանք վերածվում են սոցիալ-գիտակցական միջավայրը աղտոտող աղբի, որից, հակառակ ազդեցությամբ, սնվում ես նաև ինքդ։ Բարոյականության այն «խոլերան», որի վարակակիրն ես ու տարածողը, արդյունքն է նրա, որ չունես մտքերի և հույզերի ինքնավարության բանական մաքրասիրություն։ Իսկ եթե քեզ թվում է, որ դուրս նետելն ապահովում է ներսիդ մաքրությունը, ապա դա միայն այն բանի համար, որ արդեն գերազանցել ես մարդուն` իբրև խոզ։

© Գորշ / անտիպ 


29 июл. 2022 г.

90/անտիպ

Ինքնասուզում.
Լինել այնտեղ, որտեղ շատերը չեն լինում,
հետո այնտեղ, որտեղ ոչ ոք չկա,
հետո՝ ոչ ոք դեռ չի եղել,
ի վերջո այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող լինել.
իմանալ, որ այլ ես, քան քեզ դարձրել են,
ավելին ես, քան մարդն է։

© Գորշ / անտիպ 




28 июл. 2022 г.

89/անտիպ

Այնուամենայնիվ, թեկուզ, կամ հենց միայն երաժշտություն ունենալու համար` անասունների մեջ մարդը սիրելի է ինձ, ու ինքս ինձ էլ, երբ երաժշտությամբ զգում եմ, որ այլ եմ, քան համոզում է բնությունը, ու ավելին, քան փորձում է դարձնել բարոյականությունը։

© Գորշ / անտիպ 




27 июл. 2022 г.

88/անտիպ

Վերջին ինքնախոսություն` ինքնարարը մարդ բանականին.
Դու տեսնում ես ինձ բարձրում ու չես սխալվում դատողության մեջ, որ անհոգ եմ, բայց դու չես տեսել բարձրացումս ու սխալվում ես դատողության մեջ, որ անհոգի եմ։ Դու չես սխալվում նաև, որ քեզ ուղղված հայացքս արհամարհանք ունի, որով, իբրև ամոթալի անցյալիս մարմնավորում, քեզ ընդմիշտ բաց եմ թողնում։

© Գորշ / անտիպ 



26 июл. 2022 г.

87/անտիպ

Չի ստացվում բոլորի կյանքի հավասարումը լուծող մեկ բանաձև, որովհետև յուրաքանչյուրն իր կյանքի ունիկալ անհայտ մեծությունն է, որը չի կարող որոշվել ուրիշի (ինքնա)ճանաչողությամբ, բայց … ու շարունակվում են լցվել դասարաններ ու խմբակներ, որտեղ իմաստակն ուրիշներին վաճառում է իր (ինքնա)խաբեությունը։

© Գորշ / անտիպ 



25 июл. 2022 г.

86/անտիպ

Ընդհանրապես, խորհուրդ չտալը վատ խորհուրդ չէ,
չբացատրելն էլ՝ վատ բացատրություն չէ։
Ի վերջո, երբեմն, հայհոյանքով հեռուն ուղարկելն ավելի մարդասիրական է, քան «շինած» մարդասիրությունն է։

© Գորշ / անտիպ 



24 июл. 2022 г.

85/անտիպ

Չգիտեմ՝ ինչ է ակնկալում բոլորին դիմելով միտք արտահայտող, կամ դատողություններ անող «մտահույզը», բայց ընդհանուր տեսարանում նա պատկերվում է հիմար։

© Գորշ / անտիպ 

Գորշի եռանկյուն


23 июл. 2022 г.

84/անտիպ

Ցավալին նրանում չէ, որ մեծամասնությունն օգտագործվում է, այլ նրանում, որ օգտագործողներն էլ, առավելապես, միջակ են իրենց նպատակում և չունեն գոյության բարձր իմաստ։ Իսկ ցավալին միջոցը զուր վատնելու ափսոսանքում է, ուրիշ ոչինչ։

© Գորշ / անտիպ 



21 июл. 2022 г.

82/անտիպ

«Փրկե՛մ քեզ»-ը հնչում է իբրև բռնաբարելու ցանկություն, «Փրկի՛ր ինձ»-ը` բռնաբարվելու։ Սրանց հանդիպումն ինքնին համաձայնություն է, որը երևույթում փոխում է միայն այն, որ արարքում բացառում է հանցակազմը։
Դե ինչ, սա էլ վատ սեքս չէ` անսերության պայմաններում, թերևս միակ ձևն է։
Իսկ առողջ բանականության համար երկուսն էլ հնչում են իբրև հայհոյանք։

© Գորշ / անտիպ 



20 июл. 2022 г.

81/անտիպ

Հույսն առաջին տեղում՝ անհուսության վկայություն է, անհուսությունը՝ անկարողության, անկարողությունը՝ չիմացության, իսկ չիմացությամբ հանգամանքին տրվելը հիմարություն է, արկածախնդրություն, խաղամոլություն …, բոլոր դեպքերում այն է, ինչում կամքը ստորադաս է հանգամանքին։
Հանգամանքին տրվելը իմաստնություն է միայն, երբ արվում է իմացությամբ։ Միայն այդ դեպքում է կամքը մնում կենսունակ, լինում ունակ հաղորդակցվելու և հարաբերվելու հանգամանքին՝ ըստ նպատակի, ընդհուպ ուղղորդելու այն դեպի նպատակը, հետևաբար, երբ առաջնորդում է իմաստնությունը, հույսը մնում է վերջին տեղում՝ իբրև վերջին փամփուշտ, հիմնականում պահվող արժանապատիվ ինքնասպանության համար։
Բայց արի ու տես, որ հենց հանրային գործերում, որտեղ անկարելի է կամքը ստորադասել հանգամանքին, ավելի շատ է հնչում և առաջին տեղ բերվում հույսը՝ անվանվելով հայրենասիրություն։ Ճակատամարտ՝ գուցե, բայց պատերազմում հաղթել այն սկսելով վերջին փամփուշտի՞ց …, սա՛ էլ, գուցե, բայց դեռ երբեք չի եղել։

© Գորշ / անտիպ 



19 июл. 2022 г.

Գորշի եռանկյուն



Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։

Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։

Տառերի համակցությամբ կենտրոնում ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը, ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված եռամիասնությունը։

Եռանկյան գագաթներից դուրս եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը, ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։

Տառերի հայերեն լինելը խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային է։

Հիմնական գույնը գորշն է, ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի, «կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժումը, սահմանում է դրա վերաբերելիությունը բացառապես անհատականությանը։

Սույն մեկնաբանությամբ՝ խորհդանիշը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ։

Խորհրդանշի հեղինակ՝ Տիգրան Գորշ, 2021թ.



80/անտիպ

Բոլոր դեպքերում, երբ մարդը չի սպանվել, կյանքը վերջացրել է ինքնասպանությամբ 

© Գորշ / անտիպ 



18 июл. 2022 г.

79/անտիպ

Եթե բարոյականներին առանձնացնենք և հնարավորություն տանք ապրել որպես առանձին սոցիում, ապա, այլից զատ, նրանք անպայման կհեղինակեն այնպիսի բարոյականություն, ըստ որի նրանց մի մասը կհամարվի անբարոյական։ Բայց այստեղ բանն այն մասին է, թե ինչու՞ երբեք բարոյականից չենք լսում երախտագիտություն այն մերձավորի նկատմամբ, ում համեմատությամբ (շնորհիվ) ինքը (ինքնա)ընկալվում է բարոյական, ըստ էության՝ ում շնորհիվ գոյություն ունի։
Այս կերպ նաև տարբեր առաքինություններ կրողների մասին, որոնց կարելի է առանձնացնել մեկ ընդհանուր «Հարաբերականության անշնորհակալ զավակները» վերնագրի ներքո։
Շնորհակալություն մարդ՝ քո համեմատությամբ ինքնարարի ինքնաընկալման համար …

© Գորշ / անտիպ 



17 июл. 2022 г.

78/անտիպ

Այնտեղ, որտեղ ճանապարհը կարող է կրճատել խորամանկությամբ, շարունակում է գնալ երկար։ Ազնիվ մարդու այս թերությանը չկա այլընտրանք, քան ազնվության մեջ խտանալն է ընդհուպ մինչև դաժանության այնպիսի աստիճանի, որ նրա ինքնասպանությունից փրկվելու արտոնություն ոչ ոք չունենա, հակառակ դեպքում ստացվում է նույն ավարտը` խեղճությամբ։

© Գորշ / անտիպ 



16 июл. 2022 г.

77/անտիպ

Մարդակեր(տ)պ որևէ աստված չի հաջողացրել փրկվել մարդուց, իսկ արարչությունները, որոնք նա համարում է իր կամքից դուրս (վեր), անպայման փորձում է մեռցնել՝ ըստ առեղծվածի ընկալման իր գերադրական ու մեկ աստիճանի՝ սեփական մահկանացության։ Նա այդ կերպ, ու հենց միայն դրա համար, մեռցնում է նաև սերը, ու սիրում է ամենայն մահավորը։

© Գորշ / անտիպ 



15 июл. 2022 г.

76/անտիպ

Ինքնատիպությունդ գրգռում է ամբոխի ախորժակը ոչ այն բանի համար, որ համեղ ես, այլ որովհետև, որպես անսովոր բան, շարժում ես իմանալու նրա հետաքրքրասիրությունը, իսկ նա իմանալու միայն մեկ ձև ունի` խժռել։ Բայց գազանը նաև զգուշավորություն ունի` մոտենում է գլուխը կախ, պոչը խաղացնելով, ու եթե միամտաբար տարվում ես նրան շոյելու, առավել ևս նրան վարժեցնելու հպարտությամբ (թեկուզ սիրով), անխուսափելիորեն հայտնվում ես նրա երախում։ Այդուհետ վերածվում ես նրա ճաշակի կամակատարի, կամ ընդդիմանում ես ու հոշոտվում։ 

© Գորշ / անտիպ 



14 июл. 2022 г.

75/անտիպ

Ընդհանրապես, տապանաքար դնելու միայն մեկ իմաստ կա` երբ դրա տակ դիակ կա, կամ ենթադրվում է, որ ինչ-որ տեղ այն կա։
Գոյակին վերաբերող ցանկացած հուշարձան «տապանաքար է»։

© Գորշ / անտիպ 



13 июл. 2022 г.

74/անտիպ

Օ՜, քահանա՛, եթե միայն աստծուդ հավատայիր այնքան, ինչքան ուզում ես, որ քեզ հավատան, պապանձվելուդ պիտի արձագանքեի` Ա՜ՄԵ՜Ն։ Այնուհետև, քեզ պիտի տեսնեի ճիպոտը ձեռքիդ հոտը ցրելուց և, գուցե, լինեի կրոնի գիշատչության դեմ կռվելուդ ընկեր, բայց …, ու ես ընկեր եմ աստծուդ՝ որպես մարդուց ինքնարարին ազատող գայլ։

© Գորշ / անտիպ 



12 июл. 2022 г.

73/անտիպ

Հենց կուտը կերար ու քեզ երևակայեցիր ինչ-որ մեկին ուսուցիչ, այդ պահից ևեթ մեկնարկում է բթացումդ։

© Գորշ / անտիպ 



11 июл. 2022 г.

72/անտիպ

Երեխային փաղաքշելիս ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա, գուցե, ապագա հրեշ է. ահա՛ այդտեղ էլ սիրում է զվարճանալ նեռը …

© Գորշ / անտիպ 



9 июл. 2022 г.

71/անտիպ

Պե՞տք է արդյոք միջամտել հովվի գործերին։ Ոչ, երբ այդ կերպ իմանում ենք որտեղ շրջանցել աղմուկն ու գարշահոտը։ Իսկ երբ հոտը քշվում է անդունդը, առավել ևս՝ պետք է խրախուսել այն։

© Գորշ / անտիպ 



8 июл. 2022 г.

70/անտիպ

Ի տարբերություն մարդու, որը տեսականու լայն ընտրություն ունի (թեպետ, առյուծ է, թե ոչխար, նույն անասունն է), աստված կաշկանդված է մարդով ու բոլորին սիրելու լեզվի սայթաքումով, ռասիզմն էլ ինքնին անկարելի է, ուստի նրա ուսի դաջվածքը, ամենայն հավանականությամբ, սևամորթ Էյնշտեյնն է՝ ասիական աչքերով, դուրս ցցված փորին բոլոր կրոնական խորհրդանիշները, բուդդայի դիրքով ու ապուշի երանավետ դեմքով նստած միջուկային ռումբի վրա՝ ուղեկցող գրությամբ. «Сука любовь!»:

© Գորշ / անտիպ 



7 июл. 2022 г.

69/անտիպ

Դեմքի թախիծը գրավեց, կարծեցի առիթ ունեմ անդինյան խորության մեջ սուզվելու, բայց նա, ընդամենը, վշտացել էր կորցրած կոնֆետի համար, իսկ ձևը բովանդակությամբ լցնելու փորձը զուր էր. նա հիմարի ագահությամբ նայում էր գրպանիս՝ ինձնից ակնկալելով կորցրածը վերադարձնելու աճպարարություն։
Սովորության համաձայն՝ չկարողացա լինել աճպարար և գրպանիցս հանեցի այն, ինչը միշտ դուրս է գալիս փրկություն փնտրողի հանդիպելուց, ու այս անգամ էլ, ինչպես սովորաբար, ամեն բան ավարտվեց միջնամատի և շուրթերի հանդիպումով։
Երկուսս էլ գոհացանք, բայց կրկին հանդիպելու նրա ակնկալիքին ևս՝ արագ պատասխանեց միջնամատս, ու նա այդպես էլ չհասկացավ, որ ցինիզմս սեր էր, մաղթանքս` ինքնարարում …

© Գորշ / անտիպ 



6 июл. 2022 г.

68/անտիպ

- Ո՞վ կա,- ձայնեց ներկան։
- Ես,- բղկաց ստամոքսը։
- Իսկ որտե՞ղ են զգացմունքն ու միտքը:
- Զգացմունքն անցյալում մարսում է կերածս, միտքն ապագայում բացում է ախորժակս։

© Գորշ / անտիպ 



3 июл. 2022 г.

67/անտիպ

Ինչքան շատ է խոսում լռությունը, այնքան բառը կորցնում է իր արարչական նշանակությունը։ Ի վերջո, երբ խոսում է լռության բացարձակը, բառը բացահայտում է իր կիսատող, փչացնող, անբանական էությունը 

© Տիգրան Գորշ / անտիպ 



2 июл. 2022 г.

66/անտիպ

«Մեզ ոչինչ չի՛ փրկի». կյանքին տրվելու ինչքա՜ն գայթակղություն կա այս կարճ արտահայտության մեջ, ու, միաժամանակ, (ինքնա)հաղթահարման ինչպիսի խթան։

© Տիգրան Գորշ / անտիպ



65/անտիպ

Մեռցրու՛ խղճահարությունդ` հարգի՛ր մերձավորիդ ինքնը, բայց, նաև, հպարտությունդ մեռցրու, որ ուրիշինը չանարգի քոնը։

© Տիգրան Գորշ / անտիպ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...