30 нояб. 2023 г.

209/անտիպ

Նրանք, ովքեր քեզ գիտեն, մահանալու են։ Մահանալու են նաև նրանք, ովքեր քեզ իմանալու են։ Ի վերջո, մահկանացու են բոլոր նրանք, ովքեր քեզ կարող են իմանալ, ու եթե անգամ կա հավերժական հիշողություն կրող գոյակ, ապա նրան էլ, վստահաբար, հետաքրքիր չէ մահկանացությունդ։ Ուրեմն հիշողության տապանաքարը, որի կառուցման համար ներդնում ես ամբողջ կյանքդ, ավելին չէ, քան փոքրիկ հուշում՝ հերթական չապրած հիմարի մասին։

© Գորշ



22 нояб. 2023 г.

208/անտիպ

Որպեսզի մարդն ունենա ֆիզիկական հավերժություն, պետք է բացարձակորեն անկախանա բնությունից, ապա նաև գոյության մեջ առկա՝ իրենից դուրս ցանկացած հանգամանքից, բայց այն, ինչ պատկերվում է արդյունքում, ոչ թե մարդու, այլ նոր էության մասին է։ 
Բոլոր զարգացումներում մարդը վերանում է …

© Գորշ



207/անտիպ

Հետո էլ, ինչպես միշտ, շատը պետք է ծառայի քչին, բայց միջակը բարձրին, բարձրը բարձրագույնին։ Ապա շատը պետք է վերանա, որ սկիզբ դրվի նոր գոյակի և գոյի թվականության՝ ինքնարարի և ինքնարարության։

© Գորշ




9 нояб. 2023 г.

206/անտիպ

Ծնվեց մարդ ու մարդ մեռավ. ահա՛ ամենաօրինակն այն բանի, թե ինչպես կարելի է բոլոր ճակատամարտերը հաղթել և պարտվել պատերազմը։

© Գորշ



205/անտիպ

Այո՛, սերը կփրկի աշխարհը` մարդուց։ Սերը` առ մարդու ոչնչացում, ինքնարարի` հայտնություն։

© Գորշ




8 нояб. 2023 г.

204/անտիպ

Մեկի մենակությունը չոր տափաստան է, մյուսինը՝ սաղարթախիտ անտառ, պատահում է օվկիան է, բարձր լեռ է, կամ խորը քարանձավ, …, բայց բոլորի մոտ ընդհանուր է այն, որ ցանկացած մենակություն մեռյալների բնակավայր է։ Ուստի, մարդուն իր մենակության մեջ ճանաչելու համար, այլից զատ ու առավել, պետք է գերեզմանափոր լինել։

© Գորշ





203/անտիպ

Հանգստացող ցավի հեշտանքը, որով արբենում են իմաստունները՝ զվարթ (ինքնա)ճանաչողության համար, միջակ մահկանացուն օգտագործում է հասարակ ինքնաբավարարման համար։ Արդյունքում, հայտնի մոլություններից առավել՝ մարդիկ ախտահարված են ցավամոլությամբ ու, ի տարբերություն այլի, համընդհանուր և անբուժելի։

© Գորշ



202/անտիպ

Ընդհանուր առմամբ, աշխարհում կան երկու տեսակի մարդիկ՝ ստեպ-ստեպ հանդիպող նրանք, ովքեր հանդիսանում են մարդու հաղթահարման հիմնավորումը և սակավադեպ հանդիպող նրանք, ովքեր հանդիսանում են մարդու պահպանման արդարացումը։ Բայց ինչքան էլ սքանչելի է վերջիններիս գոյությունը և հոգեգրավ` նրանց հանդիպելը, այնուամենայնիվ, մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի։

© Գորշ



6 нояб. 2023 г.

201/անտիպ

Թե որ սիրում ենք այն, ինչը մեզ սպանում է, արդ ի՜նչ ճշմարտություն ես, ՎԵՐՋԻՆ ՄԵԿ …

© Գորշ



200/անտիպ

Երբ միտքը ձևակերպվում է որպես դառը ճշմարտություն, բացի այն, որ հասկանում եմ այն արտահայտողի ինքնուրույնության բացակայությունն արտահայտվող մտքում, նաև հասկանում եմ, որ նա չունի միտքն ընկալելու «համի» զգացում, քանզի ճշմարտությունը կա մաքուր օդ և կա մաքուր ջուր, ու անկախ նրանից, թե ով ինչ է ցույց տալիս ու անկախ յուրաքանչյուրի (ինքնա)խաբեության չափից, բանականությունն ապրում է ճշմարտությամբ և մեռնում՝ դրա պակասից։

© Գորշ



199/անտիպ

Ազատվելու միտքն ավելի հաստատուն է դարձնում այն միտքը, որից ցանկանում ես ազատվել, ու չկա ավելի վտանգավոր միտք, քան բոլոր մտքերից ազատվելու միտքն է, որը կպչուն ժապավենի նման իր վրա է հավաքում ամբողջ պայմանականը, ներմուծվածը, ուրիշինը։ Հետևաբար դրանցից ու, առհասարակ, ինքնահերքման և ինքնահաստատման պարանոյիկ շրջանից ազատվելու այլ ձև չկա, քան ընդունելը, որի բացարձակը ենթադրում է ընդունել ինքզինքը, ու նոր միայն մեկնարկում է մտքերի ինքնինը, անպայմանականն ու ինքնարարը։

© Գորշ



3 нояб. 2023 г.

198/անտիպ

Անձնական խնդիր չկա նրանում՝ կյանքը շոյում, թե դաղում է հետույքդ, քանզի վերջինս քեզ բաժին է հասել խիստ պատահական։ Այն, ինչ պատկանում է քեզ, ուղեղիդ հասնող ազդակն է և, ինչպես պարզվում է, մտրակով սեքսն էլ ճաշակի հարց է ու կյանքի պոռնոկրատիայում գոյատևելու ամենավատ տարբերակը չէ։

© Գորշ



2 нояб. 2023 г.

197/անտիպ

Մարդու իմացությունը կյանքի և մահվան մասին լոկ պատկերացում է ըստ հետևանքի, իսկ պատճառների հարցում նա գուշակ է, զեղծարար, վաշխառու …, ի վերջո, հավատացյալ է։

© Գորշ



1 нояб. 2023 г.

196/անտիպ

Տե՛ս` նրանք տակավին չեն էլ ծնվել, բայց ունեն կյանքի համոզմունք։ Քիչ հեռվից այդ առանձնյակներից ոչինչ չի մնում, միայն սովորույթների մի մեծ կծիկ։

© Գորշ


Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...