28 февр. 2023 г.

61/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնախաբեությու՞ն, ի ծնե մեղավորությու՞ն, մեղքի գայթակղությու՞ն …, դրանք այլեւս ձանձրալի արդարացումներ են, որովհետեւ մենք վաղուց չունենք փրկվելու հնարավորություն, ու այլընտրանքը մնում է վերաիմաստավորումը՝ փրկվելու համար չենք ծնվել, իսկ հետո՝ չե՛նք էլ ծնվել, որ փրկվենք …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



60/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Կամքն՝ առ ազատությունը», որպես բարու բարձրագույն աստիճանի ձգտում և տիեզերական շնորհ, մարդու համար դարձել է մշտնջենական պատուհաս և մեծագույն չարիք, երբ բնությանը գրկվելու փոխարեն՝ ընկալել է իբրև բնությունից անկախանալու հնարավորություն։ 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



27 февр. 2023 г.

59/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Գամահան եւ գերեզմանափոր աստվածների ծնունդը.

Հնարավոր չէ բարձրանալ հոգեւորում՝ շարունակաբար զբաղված լինելով կենցաղի տնտեսական եւ տեխնիկական նորարարություններով, ու եթե դա տեղին է կոչել կատարելագործում, ապա, միայն, հոգու դագաղի, որը, գուցե, մի օր կհասնի զարգացման ինքնաշարժության աստիճանի, բայց դրանից չի փոխվի պարունակությունը։ Միայն այնտեղ, որտեղ բնատուր, կամ հարկադրանքից սեփական կամքի վերածված ինքնազսպման իմաստնությամբ կանգ են առել կենցաղավարության մեջ, կարելի է հանդիպել իրական երջանկություն (գոյության իմաստավորում), ինչն արդեն շատերին անհասկանալի է ճիշտ այնպես, ինչպես նրանց` երջանկություն բառը, որի ծագումն ու կիրառությունն առկա է այնտեղ, որտեղ կա գոյության իմաստազրկում։ Ըստ այն կիրառող լեզուների բազմության՝ եթե ոչ արդեն, ապա մոտ է եզրագիծը, որից այնկողմ կորսվելու է կանգի կետը, որտեղից կարելի է ճախրել հոգով եւ չսողալ ինքնաշարժ դագաղով, ու աստվածների շարքը չհամալրել եւս երկուսով …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



58/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինձ մաղթել բոլոր երազանքների իրականացում նույնն է, թե ցանկանալ ինքնաոչնչացում, քանզի, հաճախ, համակվում եմ երազանքով, որից փրկվելու արտոնություն ոչ ոք չունի։
Բայց և այնպես, այն, ինչ բացարձակորեն բոլորին է վերաբերելի, անկախ բնույթից՝ աստվածային թույլատրելիություն ունի … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




26 февр. 2023 г.

57/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչպես արյունը՝ մարմնի, սիրո համար կարոտն է, որը հեռացումից թանձրանում է, մերձեցումից՝ նոսրանում, ու անհայտ (անգոյ) է առողջության միջնակետը։ Ոմանք մահաբեր հիվանդության զարգացումը դանդաղեցնում են պարբերական դավաճանություններով, ոմանք՝ մահն են դավաճանում հիվանդ գոյակցությամբ, կամ սերը՝ առողջությամբ, ու միայն նրանք, ովքեր գիտակցում են սիրո եւ մահվան հաշտեցումը, հիվանդությունը հաղթահարում են մահափորձերով։ Սերը, որն այս դեպքում մահացումից վերաճում է մահն ընդունման, այլ բան չէ, քան (ինքնա)սպանության փորձ, որը, երբ չի ավարտվում առաջին հաջող մեկով, առավել եւս՝ հաջորդ(ներ)ի բացառումով, այլից զատ եւ ըստ նախորդած ճաշակի, հոգին այլանդակում է սպիներով, բայց, այնուամենայնիվ, այդպես քարտեզագրվում է առեղծվածային մի ուղի, որն այլեւս չի կարող չշարունակել նա, ով մասնակցել է դրա մեկնարկին …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



56/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նպատակներն անվերջ ավելացնել հնարավոր չէ, ու գագաթնակետից մեկնարկող անկումն անխուսափելի է, որտեղ չկա սահուն իջնելու հնարավորություն՝ անիմաստության խորքում հանկարծակի ես հայտնվում. ծայրին հասնելուն պես՝ բուրգը շրջվում է ուղիղ գլխիվայր, որից դուրս գալուն պետք է ավելի շատ պահանջների բավարարում՝ մինչև հույզերի զրոյական տիրույթ հասնելու, ապա՝ նոր բուրգ կառուցելու համար, ու քանի որ յուրաքանչյուր հերթականը ստացվում է նախորդից փոքր, իսկ պահանջների բավարարումը՝ մեծ, վերջացնում ես անիմաստության մեջ ուժասպառ խեղդվելով, կամ՝ զրոյին հորիզոնականորեն հիասթափվելով, եթե ինքնախաբեության բութ հավատը չի համոզում, որ վերջին ամենափոքրը մեծ է առաջին ամենամեծից։
Ըստ այսմ, եթե նպատակ, ապա՝ հիասթափության առանցքով սրտի և մտքի զրոյական տիրույթին հավասարակշռմամբ, այլ ավելին՝ աննպատակ. գիծը փոխարինելով զրոյի միջնակետով՝ դրան տանող անհաշվելի շառավիղներով … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



24 февр. 2023 г.

55/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մնալու հնարավորություն փնտրողներից առավել՝ մերժում եմ իմաստնությունները, որոնք փնտրում, կամ փորձում են հնարել վերադարձի արահետ, քանզի վերադարձողների առաջին շարքերում էլ, ինչպես ամենուր, կանգնած են տականքները։ Ինքս ինձ էլ մերժում եմ այնտեղ, որտեղ, հանկարծ, իմ կարոտով կարող եմ դառնալ նույնի կրկնությամբ եզակին այլանդակողների համար նախաշեմք …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




151/անտիպ

Մարդ ինքնարար. 
Երբ ածականն ինքնարարն է, մեծարանք է մարդուն։ Երբ ածականը մարդն է, անարգանք է ինքնարարին։
Ահա՛, թե ինչպես կարելի է փոքր ինչ պատկերացնել մարդու և ինքնարարի տարբերության մասշտաբը, նաև դրանց միջև առկա անցումային կապը։

© Գորշ



150/անտիպ

Մարդ բանականն էլ մինչև մեծամասնություն դառնալը ինչ-որ ժամանակ իշխել է` իբրև փոքրամասնություն, ուրեմն ինչու՞ չի կարող պատահել, որ հիմա՛ էլ մարդ բանականն է ծառայում մարդու հերթական այլ փոքրամասնությանը։
Բայց այստեղ նկատառումը նրանում է, որ ի վերջո լինելու է տեսակի վերջինը` կոչվելով ինքնարար, ուրեմն ինչու՞ այսօր չլինել նախատիպ` կոչվելով մարդ ինքնարար …

© Գորշ



23 февр. 2023 г.

54/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, ինչ մնում է մահից հետո, ոչ մի եզր չունի նրա հետ եւ չի կարող համարվել նրա նկարագրություն, կամ հատկանիշ. հետոն կյանքի այլ շարունակություն է, որտեղ, գոնե, թերմացքի բարոյականություն չկա, հետեւաբար՝ այն, ինչն ապահովում է դա, այնուամենայնիվ, բարձր ճաշակ է, կամ դրա հատկանիշ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




22 февр. 2023 г.

53/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

(ինքնա)ճանաչողություն.
Հասնել ներկայությանդ, որը կլինի ցանկալի՝ առանց վկաների և/կամ դրանց հորինելու պահանջի։
(ինքն)արարում.
Ոչնչացնել նրան, ում ցանկությամբ հասել ես ներկայությանդ՝ (ինքնա)ճանաչողությամբ ցանկալի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



21 февр. 2023 г.

52/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ո՛չ միայն արդար, նաեւ սու՛րբ է վրեժը՝ օրորոցային դարձած …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



51/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բոլոր մեղքերը չեն, որ գրավում են սերը, քանզի, մեծամասամբ, դրանք մեղք չեն, տգիտություն են, բայց այնտեղ, որտեղ հայտնվել է սերը, անպայման կա մեղք՝ ներման արժանի, հետևաբար բարձրացնող։ 
Նրանցում, ովքեր սիրում են քեզ, պետք է ճանաչես մատաղացուներիդ ու/բայց խղճահարությամբ չփչացնես սրբադասվելու նրանց հնարավորությունը, հպարտությամբ՝ քեզ համար արվող միջնորդությունը, և քանի որ իրական զոհաբերությունն ուրիշի ինքնազոհությունն ընդունելն է, անհնար է մատաղացու ընտրելը. կարելիությունը միայն մատաղն ընդունելի դարձնելն է, որի համար ի՛նքդ էլ պետք է անընտրելի սիրելուն տրվես …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



20 февр. 2023 г.

50/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միտքը սահմանափակված է բառերով՝ լռության մեջ ծնված հարցերը պատասխաններ չեն գտնում, այդչափ ոռնալու շնչառություն էլ չունենք, ու միայն վերջին շունչն է արտահայտում առաջինով կլանածի ամբողջ իմաստը. (ինքնա)ճանաչողության հերթական հարցը վերածվում է հետապնդող ուրվականի՝ զբաղեցնելով տեղը գիտակցության գերեզմանահորում. որտե՞ղ եմ խաբվ(ել)ում …
Միայն ինքնասուզման խորության մեջ, որտեղ գերեզմանափորից վերածվում ես գերեզմանախույզի, իրականությունը երեւակվում է իր ամբողջ այլանդակությամբ. բացարձակ ճշմարտության առաջին շնչումից հետո, որի բախտը, գուցե, ունեցել է միայն առաջին մեկը, արտաշնչում ենք այն հարաբերականացնող սուտը, հետո, այլեւս, շնչում շարունակաբար կիսատվող կիսաճշմարտություններ՝ ավելի ու էլ՝ առաջին արտաշնչումից մինչեւ վերջին շունչ տարածաժամանակային ողջ միջակայքում, միաժամանակ սպանելով նրանց, ովքեր ծնվում են ծառ:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



49/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ֆիզիկական ներկայությունից առավել՝ սերը հասկանալուն ոչինչ չի խանգարում. կենսաբանական անմահությունը (ինքնա)ճանաչողության մեջ կփոխեր միայն այն, որ մահը սպասումից կվերածվեր հակվածության …, պահանջի, տենչի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



48/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

… այնուամենայնիվ, տխուր է … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



149/անտիպ

Երկնային անմահություն գուցե կա, երկրային անմահություն գուցե կլինի, իսկ գենետիկ շտեմարանը հաստատապես անմահություն է բոլորի համար, ու եթե ընտրությամբ, ապա բոլոր անմահությունների փոխարեն կուզեի այդ շտեմարանում արձանագրվել ինքնարարման գաղափարով, դրանով լինել մասն այդ տիեզերականության ու մասնակցել մարդու մահվանը` որպես բանականի և ծնունդին` որպես ինքնարարի։

© Գորշ



18 февр. 2023 г.

47/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնաճանաչողությունը հիասթափությունների արահետ է. բարձրանալով՝ մաղվում են հետապնդող ստերը, ամեն քայլում քեզ հասնում են առավել ուժեղները, համոզիչները, հավատալիները, որոնցից յուրաքանչյուրն իր հետ ցած է գլորում կանգ առնելու, երբեմն էլ, վերադառնալու՝ բութ հավատով ծանրակշիռ դարձած իմաստ, ու ամբողջ ընթացքում, ուր ճանաչողությունդ պարբերաբար խամրում է զգացմունքներից, փարոս է դառնում վերջին հիասթափության ցոլքը. այն մեկի, ամենա-ի, որը ցած է գլորելու ամբողջ Եսդ՝ որին պարտվելու ես՝ իբրև ինքնախաբեություն և հաղթես՝ իբրև ինքնարար ճշմարտություն … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




17 февр. 2023 г.

46/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մերժելով ուրիշի հետ ցանկացած նմանություն, որ տեսնում ես թեկուզ մեկի մեջ, հավանաբար միայն բացարձակ տականքի է հնարավոր վերածվել, բայց, հաճախ, ոչինչ այլ, քան այդ անդորրը, չեմ ուզում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



16 февр. 2023 г.

148/անտիպ

Իրականությունն առավելապես հիասթափեցնում է ազգերին, որոնք պատմագրության մեջ անհամեստ են, ու երազախաբ է անում նրանց, ովքեր ապագային նայում են պատրանքային։
Նրանք, ովքեր անհամեստ են պատմագրությունում, որպես կանոն, պատրանքային են ապագայի հարցում։
Նման ազգերը ծնում են արտակարգ հերոսներ, որոնք, մեծամասամբ, դառնում են իրենց ծնողի անհամեստության ու պատրանքի զոհը։

© Գորշ





45/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հարցին՝ ինչու՞.
Որ վերջնապես իմանամ ինչու, կդադարեմ խորհել, ու սրան հակառակ՝ չիմացությամբ հաստատված հիմարի երջանիկ կյանքի ծայրահեղությունից հասկանում եմ, որ ապրում էլ ենք, քանի դեռ չգիտենք՝ ինչու ենք ապրում, ու մեռնում ենք, որ իմանանք՝ ինչու ենք ապրել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



44/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Եթե երբևէ ստացվի այնպես, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պետք է ներկայանանք Երկրացի, հպարտանալու՞ ենք, թե՞ ամաչելու». հարցը դադարել է մտահոգել, քանզի հպարտության դեպքում էլ անպայման ներկա է լինելու ամոթը, ինչը բախտը չէ, որ տվել է մեզ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



147/անտիպ

Ա՜խ, այդ հուշը և անսպասելի հայտնվելու իր կամակորությունը, որը կարող է գալ երաժշտությամբ, հոտով, ընդհուպ լռությամբ ․․․, փլուզել և պարալիզացնել մի ամբողջ աշխարհ, որը կառուցել ես կուռ տրամաբանության վրա` բոլոր կարոտների թվացյալ հաղթահարումով։
Սրա իմացությունը փոխում է միայն այն, որ մահկանացուն պատահական զոհից վերածվում է ինքնասպանի` ստանալով հնարավորություն մեռնելու նորովի` էլի ու էլի, լի ավելի …

© Գորշ


15 февр. 2023 г.

43/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ճշմարտությունն անկախ է մտքից, այն բացարձակ է գոյությամբ, կատարյալ՝ էությամբ, նրա հարաբերականությունը բացառապես մե՛ր ինքնասահմանումն է, հետեւաբար՝ ճշմարտության բացարձակի ձգտումը ոչ մտքի ընդլայնում է, առավել եւս՝ ոչ էլ նրա խտացում մտքում, դա ինքնաժխտումն է այնտեղ, որտեղ ինքդ քեզ սահմանում ես ինչ-որ ինչ/ով …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



14 февр. 2023 г.

42/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թեկուզ անկեղծ սիրով, բայց գլուխը շոյելն էլ անարգանք է նրան, ում ուսերին կանգնելով ես բարձր. երախտագիտությու՞ն, նայիր վերեւ՝ ձեռքերով եղիր նրան երկայնորդ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



11 февр. 2023 г.

146/անտիպ

Կա՞ այնպիսի բարեմաղթանք, որի իրագործումը բոլորի նկատմամբ չվերածվի աղետի։
Կա՞ այնպիսի արդարություն, որ որոշակի բարեմաղթանք իրականացվի միայն որոշակի անձանց համար ու չվերածվի հանցագործության։
ՉԿԱ։
Ուրեմն ինչու՞ մարդակերպ աստծուն երբեմն չպատկերել տիեզերական օրինաչափությունից գլուխը կորցրած թիթեռ բռնելուց։

© Գորշ



39/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քանի դեռ չես հատել, այն գոյություն չունի, հատելն էլ բացառում է նրա գոյությունը. չկան սահմաններ՝ դուրս գիտակցությունից, գիտակցությունն ինքը սահմանն է, որով նվաճում և պաշտպանվում ենք. նվաճելով՝ սեղմվում թիկունքից, պաշտպանվելով՝ առջևից, ու միայն հողի սառնությունը մեջքով զգալուց է փոխվում շարժման ուղղությունը՝ առ ԱՆսահմանություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



145/անտիպ

Հաջորդ ակնթարթում մահանալու համոզվածությունն իմաստազրկում է (ինքնա)խաբեությունը, ինչպես անմահության իմացությունը։ Սրանից չի՞ հետևում արդյոք, որ մարդիկ(ս), առավելապես, կյանքի վերջավորության իմացության և (բայց) բոլոր հաջորդող ակնթարթներում ապրելու հույսի միջև մոլորված գոյակներ ենք։

© Գորշ



10 февр. 2023 г.

144/անտիպ

Մտածողի տառապանքը նրանում է, որ նա՛ էլ ստիպված է օգտվել այնպիսի հաղորդիչներից, ինչպիսին ուրիշի գիտակցությունն է, որոնք, մեծամասամբ, հանդիպում են արդեն իսկ մեկուսիչ ժապավենով բռնազավթված, բաց հատվածներ գտնելն էլ, հաճախ, ավարտվում է ինքնավնասումով, քանզի բացում է՝ իսկ այնտեղ կարճ միացում է։
Բայց մտածողի տառապանքը չարաբախտություն չէ, քանզի միջոցի այլը չկա ու չկա գոյության իմաստն առանց դրա։

© Գորշ



143/անտիպ

Փորձանքի կապակցությամբ բանականությունը հրավիրեց խորհրդի նիստ.

Բնազդ - փրկվել ամեն գնով,
Տրամաբանություն - փրկվել որոշակի գնով,
Հոգի - փրկվել հույս-հավատով,
Զգացմունք - փրկվել կամքով,
Արժանապատվություն - կան փրկչություններ, որոնց համեմատ նախընտրելի է մեռնելը:
Բանականություն - ինչու եք բոլորդ պնդում, որ ունենք փրկվելու անհրաժեշտություն։

© Գորշ



38/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կամքի և բախտի բարոյականության առաքյալները զարմացած հետևում էին ընկածի հրճվանքին, մեկի՝ «Ինչու՞ չի շտապում բարձրանալ», մյուսի՝ «Ինչու՞ ձեռքս չի խնդրում» «փրկչի» ագրեսիվությամբ նետվող հարցերն անհետևանք բախվում էին նրա՝ կյանքն արհամարհող հանգստությանը. նրանք չգիտեին, որ ընկնելու մեջ վայելքի արժանի հաճույք կա, երբ բարձրացել ես ընդունելով … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



9 февр. 2023 г.

37/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այլից զատ, արվեստի ցանկացած գործ ապրած կրքի մահացած արդյունք է, առավել ևս, երբ պատվիրված է: Դա նույնն է, թե սեր անելուց հետո ժայթքած սերմնահեղուկը ֆիքսել՝ ձեւի մեջ բովանդակությունն արտահայտելու և/կամ այն ընդարձակելու և/կամ նոր բովանդակություն հաղորդելու միտումով, ինչն, անշուշտ, կարող է ճանաչողության միջոց, կամ ազդակ հանդիսանալ, համարվել արժեք, ճաշակ, գեղեցկություն, որպիսին կարող է հանդիսանալ ցանկացած այլ մեռած բան, որը հավասարապես արժանի է ներկայացվել գերեզմանոցներում, որոնք կոչվում են պատկերասրահ, թանգարան եւ այլն: Բայց նա, ով ուրիշի մահը դարձնում է հանգստյան սենյակի բաղադրիչ, ներկայանալու միջոց, ոգեշնչման անսպառ աղբյուր …, չի կարող համարվել ճանաչողության մեջ կենդանի բանականություն:
Երբ արվեստագետին հարցնում եմ՝ արդյոք համարու՞մ է հիմար նրանց, ովքեր գնում են իր գործերը, ուզում եմ լսել՝ ԱՅՈ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



142/անտիպ

Լինում է, չի լինում,
կաս ու չկաս,
գիտեմ-չգիտեմ.
ծնվում ենք հեքիաթով, ապրում` պատրանքով, մեռնում` ճշմարիտ։

© Գորշ



8 февр. 2023 г.

36/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կատարյալը բացառում է ռոմանտիզմը, տեղին է ասել՝ այն մահն է ռոմանտիզմի, ինչը կա իբրև գեղեցիկ բան և այնքան, ինչքան պետք է գեղեցկության պակասը, կամ այն կիսատող այլանդակը հաղթահարելու համար:
Կատարյալը ճշմարտությունն է …
Սերը՝ կատարելության ձգտում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




7 февр. 2023 г.

35/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կենսունակ մնալու/լինելու համար՝ բարությունը ոչ միայն պե՛տք է չարաշահվի, այլ՝ անհրաժեշտաբար տրվի ուրիշների շահագործմանը: Դրանից նեղսրտելը ո՛չ այնքան անշահավետության բողոք է, կամ ցավալու հոգնություն, ինչքան հոգու գոյության խորքային իմացության պակաս. բոլոր դեպքերում՝ դա առվի թունավորում է ակունքից …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ





6 февр. 2023 г.

34/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բարձրացնող տառապանքի և յուրաքանչյուր բարձունքի նվաճման բերկրանքի հատմամբ վեր խոյացող խաչով համբարձվում է Բարձրագույն ԵՍ-ը …, մահը նրա խաչը վերածում է գումարման նշանի՝ իր միջև և Մեծն Առեղծվածի …
Սա, նաև, թե ինչպես լինել Տիեզերքին գումարելի և ինչքան մեծ, ու չլինել ոչինչ չփոխող զրո, կամ հանելի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



5 февр. 2023 г.

33/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երբ մտածում եմ երկար, քան միանգամիցն է, պատասխանում եմ՝ ՈՉ. կորցնում եմ հաճախ, բայց երբեք ձեռք չեմ բերում այն, ինչ իմը չէ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



141/անտիպ

Պատկերացրեք, թե ինչ վիրավորանք կզգար նախնադարում, միջնադարում, կամ թեկուզ մեկ դար առաջ ապրած մարդը, եթե հնարավորություն ունենար համեմատել իր ապրած ժամանակաշրջանը ներկայիս հետ։ Նա, ամենայն հավանականությամբ, իրեն կզգար անհաջողակ և կանիծեր իր բախտը։ 
Նման վիրավորանք սպասում է նաև այս ժամանակաշրջանում ապրողներիս, երբ հեռու ապագայից մարդ ինքնարարները մեզ կոչեն մարդ բանական` նկատի ունենալով մեր հետադիմական գոյությունը։

© Գորշ



140/անտիպ

Երբ գենետիկ ինժեներիան հասնի նրան, որ նախապես որոշվի, թե ով/ինչ պետք է ծնվի, ապա փոխվելու է միայն այն, որ մարդուն ձևավորող «ուրիշի պատկերացումը» ոչ թե հաջորդելու, այլ` նախորդելու է ծնունդին, բայց երկու դեպքում էլ ընդհանուր է մնալու այն, որ մարդու ծնունդը կամքի ազատության դեմ առաջին և ամբողջ կյանքը կանխորոշող բռնությունն է, հետևաբար հաստատումը, որ մարդը (դեռ) այլ բան չէ, քան գիտակցականացված անասուն։
Բայց դա էլ անխուսափելի փուլն է զարգացման այն աստիճանի, երբ յուրաքանչյուրն ինքն է սահմանելու իր ծնունդը, ասել է թե` ինքնարարումը հոգևոր գաղափարից զատ լինելու է նաև կենսաբանական սահմանում, գոյակի ինքնագիտակցում։

© Գորշ



4 февр. 2023 г.

32/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ապագան անորոշ է տարբերակների անսահմանությամբ, թե ինչ շարունակություն կարող է ունենալ ներկան, ապա անցյալն անորոշ է եղած տարբերակների անսահմանությամբ, որոնցից, կոնկրետ պահին, միայն մեկում է կարողանում լինել գիտակցությունը, ինչը, սակայն, չի բացառում նրա անցումն այլ տարաչափություն՝ առանց որևէ պատճառահետևանքային կապի, կամ դրա գիտակցման, ինչպես երազում, որն ապրում ենք ամբողջ նախապատմության իմացությամբ։ Ըստ այդմ, այն ամենը, ինչը պայմանավորվում, կամ պատճառաբանվում է անցյալով, կասկածելի է, հետևաբար՝ լոկ հավատ և ոչ փաստ։ Փաստը զգացողությունն է, որ կարող ես օտարություն զգալ հարազատի նկատմամբ, ով, գուցե, թշնամիդ է այլ տարածականության մեջ, որտեղ ներկա եք ոչնչացնում, և հարազատություն՝ օտարի նկատմամբ, ով, գուցե, սիրելիդ է այլ տարածականության մեջ, որտեղ ապագա եք կերտում։ Այլից զատ, ինչ-որ մի տեղ երջանիկ ես, կամ՝ էլի, ինչ-որ մի տեղ էլ դժբախտ, կամ՝ ավելի, ինչ-որ մի տեղ ծնվում ես սա կարդալուց, ինչ-որ մի տեղ՝ քեզ թաղում են …
Եթե տարբերակների անսահմանություն, ապա յուրաքանչյուր տարաչափության յուրաքանչյուր ակնթարթին հաջորդում, կամ դրանից ածանցվում են անսահման այլ ակնթարթներ ու զարգացման այս ընթացքն անվերջանալի է և հենց դրանով ամբողջացնող ամենը, որտեղ ամեն ինչ մաս է ու ամբողջ, իսկ ժամանակը՝ վերադարձող սկզբնավերջ ակնթարթին՝ ծագումին, արարումին, ինքնածնին …
Եթե անցյալը որոշակի է մեկ տարբերակով, ապա ապագան հայտնի է մեկ լինելիով, ըստ այդմ, մարդը չի կարող չանել այն, ինչ գիտի. նա հենց միայն իմացածն էլ անում է՝ հանկարծահայտ, ասված, ինքնաճանաչ …
…և, ուրեմն, ավելի զվարթ՝ դեպի ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...