31 июл. 2023 г.

247/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ժամանակակից աշխարհում մարդիկ շարունակում են տրվել կրոնին՝ իրենց կրոնականությունից ազատվելու համար՝ իրենց ոչնչությունից ինչ-որ բանի վերածվելու զգացողության համար։ Ըստ իս, անտիկ ոչնչությունն ավելի հարգի էր՝ անկեղծությամբ (իմացության անհնարինությամբ) արդարացված։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




246/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնասուզումն արթնացնում է ցանկացած «օրորոցայինի» քնեցումից։ Ու (ապա) միայն այնտեղ է հայտնաբերվում հավերժական արթմնությունը տանելի դարձնող իսկականը՝ օրորոցայինն ինքզինքը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



28 июл. 2023 г.

245/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ու կա հիմարի մի տեսակ, որ տենչում է փրկել նրանց, ովքեր համառորեն ուզում են (արժանի են) կործանվել։ Խղճի դափնին կրող այս «պայծառագլուխների» ի հայտ գալուց առավել, ոչինչ չի հատկորոշում միջավայրի անասնականացումը, ու ոչինչ այնքան չի վնասում մարդու ինքնարարմանը, ինչքան սրանց ժամանակյա հաջողությունը, կամ սերմանած, անասնապաշտություն ծնող հույսը։
Ինձ առանձնապես զվարճացնում է նմանների գոյության այն հատվածը, երբ իրենց հպարտությունը խժռում է իրենց թագը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



244/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, որ Հիտլերն ինքնասպան է եղել, վկայությունն է այն բանի, որ նրա մղումների հիմքում էլ եղել է անկեղծ սերը։ Եթե, այնուամենայնիվ, ինքնասպան չի եղել, նշանակում է՝ նա դավաճանել է այդ սերը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



27 июл. 2023 г.

243/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հրապարակից դուրս ու իշխանությունից այնկողմ՝ կա երրորդ-ՄԵԿ-ով հղի, անտերունչ մի այրի, անունը՝ ՀԱՅՐԵՆԻՔ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



242/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Աստծո վերջին հանգրվանը հավատքը չէ (որտեղ զոհաբերվել է) եւ ինքն էլ հավատամք չէ, նա կախված է մարդու ինքնատիրապետման անկարողությունից, ու այստեղ է, որ նրա ինքնասպան ներկայությունը մշտնջենական է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



241/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

… այնուամենայնիվ, ծերության մեջ ամոթալի բան կա ինքնարարի՝ բարձր ճաշակին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26 июл. 2023 г.

240/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինձ չեն սիրում ավելի շատ ոչ այն բանի համար, որ չեն կարողանում դարձնել ծառա, այլ՝ իմ ծառան լինելը մերժելու։ «Տերերին» հատուցում եմ (ոչ կանխամտածված)՝ ինձ ընկերանալու նրանց հետագա փորձն արհամարհելով, իսկ «ծառաներին» հատուցելու ոչինչ չկա՝ նրանց անսերությունն անհատուցելի բերկրանք է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



25 июл. 2023 г.

188/անտիպ

Սերը, իրականում, չափազանց անձնական է՝ խոստովանելու համար, անգամ նրան, ում սիրում ես։

© Գորշ




239/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որ (ինքն)արարվել եմ, վկայությունն է այն բանի, որ կա(ն) տիեզերական սեր կրող մարդ(իկ)։ Բայց որ դեռ ապրում եմ, վկայությունն է այն բանի, որ դրանում նա (նրանք) դեռ կիսատ է(են):

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



24 июл. 2023 г.

238/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տառապանք է նաեւ (գուցե հենց ամենան), երբ մեծ ողբերգությունների համար հասունացած (արարված) հոգին ստիպված է ապրել մանր իրադարձություններ։ Այդ տառապանքը նրան, ինչպես մայրական պտուկին փոխարինող ռետինե ծծակը երեխային, միայն զբաղմունք է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




21 июл. 2023 г.

237/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բութ կամքը, որպիսին կա «ամեն ինչ տանել կարողանալու» բարոյական խրատը, չի կարող կոչվել բարձրի հատկանիշ (ինչպես եւ խելամիտ` անկամությունը) քանզի նրա բծախնդիր արժանապատվությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել ցանկացած պայման, անգամ, երբ սահմանողը բնությունն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



236/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Համեստությունն անգամ չարիքին է հմայք տալիս …
Համեստությունը բարձր ինտելեկտն է, առանց դրա՝ խեղճությունն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



235/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որ այն նախորդած բազմաթիվ հանգամանքների (այդ թվում իր մասնակցությամբ) համակցությունն է՝ իր վրա որոշիչ ազդեցությամբ, բայց ինքը կամովին ընդգրկված չի եղել դրանում, գիտակցությունը պատահականությունը վերլուծելու անհարմարություն է զգում եւ նախընտրում է դրանից արագ ազատվել «պատահական ոչինչ չի լինում» սահմանումով, կամ համակցությանը տալով էություն եւ իր կամքը ստորադասելով դրան (որտեղ, թեկուզ սխալ պատկերացմամբ, շոշափում է ճշմարտությունը, որ ցանկացած համակցություն (թեկուզ անշունչ) որն ունի դինամիկա, կարող է համարվել բանականություն)։
Փոխարենը, գիտակցությունը վերլուծությամբ ավելի շատ լինում է անհրաժեշտություններում, որտեղ, սակայն, ստիպված է ավելի շատ բացահայտել իր խաբված լինելը, եթե առաջնորդվի անկեղծ ինքնադիտմամբ։
Բարձր (ինքնարար) բանականությունը «պատահական ոչինչ չի լինում» ճշմարտությամբ ավարտելու փոխարեն՝ մեկնարկում է պատահականության ընկալումը՝ պատճառահետեւանքային հաստոցը (նախորդած համակցություն) վերագործարկելով ապագային միտված։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



20 июл. 2023 г.

234/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հիվանդացած մարմնին, կամ հոգուն կողմնակի ոչինչ չի կարող բուժել, երբ այն կորցրել է ինքնաբուժման ունակությունը։
Առավել նրա նկատմամբ, ով գիտակցությամբ է հասել եզրագծին, անպետք են «հանունով» ձեւակերպված բոլոր պատճառները, այդ թվում հարազատ դեմքերի մատնանշմամբ, որովհետեւ, այդուհանդերձ, դրանց առկայությունը բավարար պայման չեն եղել նրա չհիվանդացման, կամ եզրագծին չհասնելու համար։
Եթե կարող է կոչվել օգնություն, ապա միայն ցույց տալով, կամ լինելով ապրելու կամքն արթնացնող, հետեւաբար՝ ինքնաբուժման ունակությունն ակտիվացնող այն ավելին, ինչը դուրս էր նրա իմացությունից, կամ ուղղակի ընդունել նրա հասվածությունը եւ տալ զվարթություն անցման մեջ, կամ նախորդող երկու կամերից այլ իմաստնությամբ պապանձվել ու, գոնե, չձանձրացնել։
Սրան հակառակ, արհամարհանքի է արժանի այն հիվանդը, ով, միաժամանակ, կորցրել է արժանապատվությունը եւ չի կտրում խրատով, խորհուրդով, կամ «հանունով» մեկնված ցանկացած ձեռք ու անցման հանգրվան է ընտրում (ինքնա)խղճահարությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



19 июл. 2023 г.

233/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ցածրին հաղթելը երբեք բարձրություն չէ, իսկ նրա անհարմարությունից ոչինչ այնքան հեշտ ու արդյունավետ չի ազատում, ինչքան նրան գամելը իր տիրույթին՝ թույլ տալով զգալ, որ այնտեղ ինքը հաղթել է, էլ ավելի՝ հավատալ, որ անպարտելի է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 июл. 2023 г.

232/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնարարությունն ընկալել գոյության պայքարի, առավել եւս, սոցիալական մրցակցության համատեքստում, այն համարել գոյատեւելու եւ մրցակցելու միջոց, ուղիղ շեղում է դրա էությունից։ Բայց անգամ շեղ հայացքին, թեկուզ անհասկանալի, բայց տեսանելի է ինքնարարի հաղթանակած զվարթությունը նաեւ այնտեղ, որտեղ նա երեւակվում է պարտված։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



14 июл. 2023 г.

231/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Անհնար է ԲԱՆՆ ապրել ամբողջական, երբ ապրումիդ կա թեկուզ մեկ վկա, անգամ, երբ այդ վկան ինքդ ես։
Կարոտանք կա՝ պահանջում է մարդակերություն, անկարելիությունից ստանալով դրա վերապրուկային դրսեւորումներ, երբ ԲԱՆԸ մեկի, կամ երկուսի միմյանց լինելիությունը, էությունը, … ամենն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



230/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն ամենում, ինչը համարվում է չարիք, այլանդակություն …, պատահում է միայն այն բանի համար է համարվում, որ բարձր բանականությունների հասած ճանաչելիները միջակությունը կիրառ(ում)ել է՝ առանց ընկալելու դրանց էությունը, առավել եւս, առանց հասնելու դրանց լրիվ խորությանը։ Նույնը պատահում է այն ամենում, ինչը համարվում է բարիք, գեղեցկություն …։
Վերջապես, այն ամենում, ինչը դասակարգվում է ԼԱՎ ու ՎԱՏԻ, կա միայն էության միջակ ընկալում, միջակի դասակարգում՝ միջակության տիրույթում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



229/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Փոխադարձությունը հարաբերության ցուցիչ է, փոխադարձության ներդաշնակությունը՝ գերադրական աստիճանը հարաբերության ստացվածության, ինչը, սակայն, երբեք ինքնաճանաչողության, ապա եւ ինքնարարման չէ։ Ճիշտ հակառակը՝ սրանում ամենաշատն է փոխադարձության աններդաշնակությունը, քանզի հանգամանքում մեկը մյուսին կարող է կլանել անմնացորդ (որտեղ, սակայն (երբ) կլանվողը անհանգստություն չի զգում) հետեւաբար՝ չի մնում հաշվելի, …` փոխադարձելու ոչինչ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



228/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չի փոխում այն (48) ինքնարար(ություն)ը միայն պարզեցնում է իրեն բովանդակող տխրությունը (ինչը հակառակ չէ իր զվարթությանը …, որտեղ խռովքը դեմ չէ անդորրին, … ) այն մաքրում է ինչպես կպչունությունից, այնպես էլ վանող տհաճությունից, հղկում է մինչև այնպիսի ողորկության, որին սայթաքում են բոլորը, ովքեր փորձում են ներս գալ խղճի և/կամ հպարտության «ոտնամաններով»։ 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



12 июл. 2023 г.

227/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երբ չունի ներկայից ապագա տանող բովանդակություն, անկախ նրանից ներկան հաճելի է դարձնում, թե՝ ոչ, պարզաբանում է այն, թե՝ խճճում, հուշն այլ բան չէ, քան միայն քնարան՝ ծանոթ երազի բովանդակությամբ, հանկարծահայտից էլ անպետք։
Սա՝ հուշագրության համար (բավարարման կյանք) եւ հուշերով (քնած կյանք) ապրելու անիմաստության ու արթմնի ապրելուն (ինքնարարմանը) հիշողության պիտանելիության մասին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



11 июл. 2023 г.

187/անտիպ

Մինչ փորձարկվող անասունը հպարտանում է իր նվաճումներով, փորձարկողը ճշգրտում է իր հաշվարկները, իսկ այն ճերմակ ձեռքերը, որոնց ապավինում է՝ իբրև աստվածային հովանավորչության, ընդամենը ռետին է ձեռնոցներ են, որոնք, որպես կանոն, արյունոտված հայտնվում են աղբամանում։ Ահա՛ այն մտապատկերը, որն այցելում է ինձ, երբ ինչ-որ մեկը հպարտանում է իր ձեռքբերումներով, իսկ նրանք, ովքեր փորձում են իրենց փորձը վերածել տեսության և կարգվել ուսուցիչ կամ առաջնորդ, առաջացնում են միայն մեկ զգացում՝ հարգանք իրենց փորձարարների հանճարեղության հանդեպ։

© Գորշ



226/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնարար գիտակցությունը հարգանքի տիրույթ ներս չի թողնում, ներսից էլ միանգամից է դուրս շպրտում նրան, ով փորձում է հանդես գալ` իբրեւ հեղինակություն, իսկ երբ «հեղինակությունը» ներկայացված է, նրա
հետ նաեւ ներկայացնողներին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



10 июл. 2023 г.

225/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հոգատարություն ստանալուց առավել՝ հիվանդին հաճելի է իր խնամատարին արհամարհելու «արտոնությունը»։ Բայց գործարքն արդարացի է, քանզի խնամատարն էլ ստանում է իր բարոյական շահը «առաքինի գործից»՝ իբրեւ արհամարհանքի «հաղթահարում»։
Ես տեսե՛լ եմ խնամատարության առաքինի դրսեւորում՝ այնտեղ խնամատարը ծեծում էր հիվանդին, իսկ հիվանդը երախտազգաց էր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



7 июл. 2023 г.

186/անտիպ

Ամբոխն արդարությունը պատկերացնում է կախաղանի տեսքով։ Տիրում է նա, ով կարողանում է ամբոխին տալ այդ պատրանքը և այնքան, քանի դեռ կարողանում է խուսափել իրագործումից։ Նա, ով չափազանց երկար է խաղում այդ խաղը, այն ավարտում է կախաղանի վրա։

© Գորշ



224/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կիսատ է արեւայինների եւ անխռովների իմաստնությունը, ու կասկածելի են նրանց բացարձականացված ճշմարտությունները, հետեւաբար նրանց սերն՝ առ լույսը, քանզի ճանաչելիներ կան, որոնք տեսնելու համար հոգիդ պետք է անխնա խոշտանգես։
Իսկ թե ճշմարտությունները միայն հարաբերական են, դա միայն դրանց ընկալումից հեռու գտնվող «իմաստնության» արդարացումն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



223/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Պետք է հաղթահարվի, որ «վերադառնա» ու պատկանի անպայմանական՝ որպես Բարձրագույն (ինքնարար) Բանականություն (146

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



222/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կիրքն ավելի շատ վստահություն է փնտրում, քան՝ սեր, կամ վստահություն
ավելի շատ (եւ գիտակցությանը իր ծագմամբ ավելի շուտ) կիրքն է փնտրում, քան՝ սերը։
Ի տարբերություն գիտակցման ցածր շրջանակի սիրո, որը բավականին հաջող ապրում են առանց լրիվ ինքնաբացահայտման (անգամ փակ) առանց բացահայտելու հրեշի էությունը, առավել եւս, դրա իմաստավորումը) կիրքը, անկախ գիտակցական շրջանակից, ունի միայն լրի՛վ ինքնաբացահայտման մղում, ու քանի որ այն երբեք չունի (չի կարող ունենալ) իր լրիվությանը համապատասխան սոցիալական միջավայր (ինչը նաեւ զերծ է պահում «անարխիզմից», քանզի հավաքական գիտակցությունը կառուցված չէ ազատության համար) ինքնաբացահայտման համար այն ձգտում է վստահության լոկալ միջավայրի, իսկ երբ չի հանդիպում, վստահություն է գտնում ինքնավնասող ինքնամեկուսացման մեջ, կամ կրողին դարձնում «անարխիստ»՝ հասցնելով պոռնկության։
Կրքի մղմանը սերը ներդաշնակվում է միայն, երբ ինքն է վերածվում վստահության միջավայրի, որտեղ սպառնացող վտանգը կույր հավատի վստահությունն է, ինչն անպայման ի հայտ է գալիս իբրեւ մոլորություն (ապա` նաեւ հիասթափություն) երբ սերը ինքնաճանաչողության եւ ինքնարարման
(«տիեզերական սեր») չէ։
Անկախ ի սկբանե առանձնացվածության եւ գիտակցման հաջորդականության, «տիեզերական սերը», այնուամենայնիվ, կիրքն ապրելու միակ բարձր միջավայրն է, իսկ միայն վստահությունը՝ ճշմարիտ բնականը։ Եվ նույն հակադարձությամբ, առանց կրքի սերը երբեք չունի հնարավորություն հասնելու ինքնաճանաչողության այն բարձրությանը, որին կարող է հասնել կրքով, այնուհետեւ, միաժամանակ, լինելով ինքնարարման։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



6 июл. 2023 г.

221/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որ բնությունը դեռ զարմացնում է (նաեւ մարդուն ինքն իր մեջ, գիտակցությանն՝ ինքն իր դեմ) ուղիղ վկայությունն է մինչ այս եղած ճանաչողության սահմանափակվածության՝ ներառյալ երեւակայությամբ, որպիսի պայմաններում էության երկատում է ստացել իմաստասիրությունը (բոլոր տեսությունները) որը, չգիտես ինչու, ամենի սկզբում եւ վերջում փնտրում է ավելի մեծ մի բան, քան կա կենտրոնում (որում է, առնվազն, ժամանակին ներկայով հարաբերվելով) ու հետո ընկճված կառչում է որեւէ վարկած(ներ)ից՝ իբրեւ հավատ, ապա հույսը հռչակում մարգարեություն, ինչից բանականությունը շարունակում է մնալ հուսահատության պարանոյիկ շրջանի մեջ։
Որ կամուրջը կետից կետ անցման է նախատեսված, չափազանց տրամաբանական է (հասու կենդանական բնազդին) վերմարդկային ճշմարտության ուղի լինելու համար, վերջապես, թե ինչպես եմ ծնվել եւ ինչպես եմ մեռնում (շնչել եմ հողում եւ արտաշնչելու եմ դրախտում կամ դժոխքում) իմացությունը ոչինչ չի փոխում նրանում, թե «ո՞վ եմ» այսօր ։
Ոչինչ (առնվազն) չի բացառում իմաստը, որ կամուրջը ոչ թե անցման, այլ՝ թռիչքի ուղի է, ցանկացած հաջորդ քայլը հենակետի վերածելու հնարավորությամբ, որից ստացված եռանկյունը, այլից զատ, ըստ գտնվելու անկյան, կարող է բացահայտել նաեւ մյուս երկու անկյունների («սկիզբ» ու «վերջ») իմացությունը՝ ըստ բացահայտող անկյան գտնվելու վայրի։ Բայց որ կամուրջը գոյության իմաստ չէ (մարդն ընդամենը անցում է) կասկած-հավատից անդին ճշմարտություն է, որի պարզությունը հենց իրարամերժ տեսությունների առատությունն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



4 июл. 2023 г.

220/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Անսեր կրքում ավելի շատ մաքրություն կա, քան՝ հակառակում, թեկուզ, երբ սեր է սրբադասված, որի (դասի) ընդհանուր հատկանիշներում «պատահականորեն» միշտ ներկա է անկենդանությունը։ Ի վերջո, սուրբ է համարվել այն, որտեղ ամենաշատն է եղել խոզություն։
Առանց բովանդակության լրիվության էլ, միայն հանգամանքով, որ անգամ համակարգն է կրքի դեմ մշտապես պայքարում (արգելքով ու այլասերմամբ) սուրը ճոճելով «սեր» հիմնավորումով, ամբողջի դեմ՝ մասով մյուսին հակառակ պայքարի պայմաններում հակված եմ նրան, որում կա կենդանություն (թեկուզ, կոչումով կենդանականություն):

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



3 июл. 2023 г.

219/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կա «ճշմարտություն», որով ամենաշատն են էշի քուռակին նախապատրաստում «մեծ» կյանքին, թե իբր «ամեն ինչ տրվում է դժվար, կամ թե դժվարությամբ տրվածը հատուկ իմաստ ունի, ընդհուպ, որ ամեն ինչ պետք է տրվի միայն ու միայն դժվարությամբ», այդ կերպ հեշտին տալով պղծվածության հատկանիշ։
Այն, ինչն իրականում ինձ պետք է եղել (իսկ որ ունեցածս հասարակ ցանկալին չէ, բավական է, որ դրա համար անթիվ են արյամբ քրտնողները) երբեք դժվարությամբ չի տրվել, բայց, որովհետեւ, երկար ճանապարհն անպայման նշանակում է, որ կա նաեւ կարճը (ինքնինն ու ինքնաբուխը, «պատահականը») ու ինչը որ վտանգավոր է, անպայման դժվարը չէ, դժվարության մեջ, վերջի վերջո, կա ձեռքբերումն էժանացնող բան, ձեռքբերողին՝ ցածրացնող, ու հաղթահարած դժվարություններով ինքնարժեքը մեծացնելու համընդհանուր սովորությունն ավելին չէ, քան շուկայական հնարք, շուկայի ճշմարտություն։

Մտրակով մարզված սովորությունը երբեք չի կարող համարվել բարձրի հատկանիշ։


Երկար քայլող մարդու մեջ նրան չորքոտանուց տարբերող քիչ բան է մնում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



218/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ապրելն առանձնահատուկ հեշտ չի տրվում, որովհետեւ ֆիզիկապես ունակ չես, անհոգ եղիր՝ առջեւում մահ կա,
Եթե առանձնահատուկ հեշտ չի տրվում, որովհետեւ ընկճված ես, անհոգ եղիր՝ առջեւում մահ կա, 
.............................................
.............................................
Եթե ապրելը հեշտ չի տրվում ու հանգամանքն ընդհանուր է, անհոգ եղիր՝ առջեւում մահ կա:
Եթե … ու հանգամանքը չկա, ցնծա՝ ինքնարարի «ախտանիշ» ունես ու ապրելուդ այլը չկա։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...