31 янв. 2023 г.

27/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մեզ սովորեցրել են նրան պատկերացնել այլանդակ և լկտի, ինչը, անշուշտ, նրա իմացությունն է մեր մասին, բայց այն, թե ինչ է ինձ հետ կատարվում պահերին, երբ համակրում եմ Նեռին, ստիպում է հույզի հրաբուխներ փնտրել համեստ մարդկանց մեջ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նեռի հարատևությունը վկայությունն է Աստծո անկարողության՝ ներելու ամեն ինչ և ամենքին, կամ, այնուամենայնիվ, կա մի բան, ինչում Նե՛ռը պետք է Աստծուն ների …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



30 янв. 2023 г.

136/անտիպ

Փրկչությունից առավել` մեծ քաջություն է պահանջվում, որ  անվրդով թույլ տաս ոչնչանալ ամենը, ինչը պե՛տք է ոչնչանա` ներառյալ ինքդ քեզ։

© Գորշ




25/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մենակությունը տաղտկալի է նրան, ով երբեք չի տարվել փակ կոպերի գունային խաղով …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



29 янв. 2023 г.

135/անտիպ

Ամենից, ինչը կարող է ստիպել կարոտ զգալ, առավել սուր է հանկարծահայտ ակնթարթը, երբ հիշողությամբ հայտնվում եմ անցյալի այն պահում, ուր նույն զգացողությամբ գտնվում էի ապագայում։ Կարոտ, որը սարի քամու հոտ ունի, եղյամի նուրբ հպում ու մայրամուտի գունագեղություն: Կարոտ ինքզինքը, որում ոչ կարոտողն է մարդ, նամանավանդ ոչ էլ այն, ինչին ուղղված է։

© Գորշ



24/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երկաթե կողպեքով փայտյա դուռը դիպուկ է նկարագրում, թե ինքնամեկուսացողն ինչ է սպասում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



28 янв. 2023 г.

134/անտիպ

- Բարև՛, Սե՛ր, ի՞նչ ես անում այդքան եռանդուն։
- Բարև՛, ինքնարա՛ր, գերեզման եմ փորում։
- Ինչու՞ այս տափաստանում։
- Սա սովորական տափաստան չէ, այն ինքս եմ ստեղծել` հպարտության ժայռը շրջելով խղճի անդունդը։
- Իսկ ու՞մ, կամ ինչի՞ համար է այդքան խորը գերեզմանափոսը։
- Այն բոլորի և ամենի, ում և ինչին երբևէ պատկանել եմ։
- Այսուհետ ինքդ ինչպե՞ս ես ապրելու։
- Մոտեցիր, բահս վերցրու …

© Գորշ



23/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իշխաններն անցողիկ են, ծառա լինելու տգիտությունը՝ հավերժ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




133/անտիպ

Զգու՞մ ես`
Միտքդ ունի մեկ հասցեատեր, բայց ստիպված ես անհասցե արտահայտվել,
Հոգիդ ուզում էր մեկ տեր, բայց տերը գտել է նոր զվարճանքներ,
Սիրտդ կորցրել ես մեկում ու չես գտնում հազարներում,
Ուրեմն, 
ժամանակն է, որ ևս մեկ ինքնարար որբ ավելանա աշխարհում։

© Գորշ




27 янв. 2023 г.

132/անտիպ

Այնտեղ, որտեղ առաջնորդում է «Գոյության պայքար» սկզբունքը, ցանկացած տականք ևս լիիրավ է ոչ միայն գոյատևելու, այլ՝ լինելու գոյության ճարտարապետ։ Նման դաստիարակությունը տականքի և բարձրակարգի հնարավորությունները հավասարեցնում է սոցիալական միջակության մեջ, որտեղ, ի վերջո, հաղթում է տականքը։

© Գորշ



22/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բարձրագույն Ես-ի աջակիցները դրախտից և դժոխքից դասալիք երկու հրեշտակներն են, որոնց հաշտեցրել է մարդկության դեմ նրանց առաջնորդների դավադրության գիտակցումը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26 янв. 2023 г.

21/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Անշուշտ, դուք կդադարեք հանդիմանել նրան, ով ստիպված է խավար փնտրում, որովհետև լույսը վնասում է նրա առողջությանը, եթե չարդարանաք չիմացությամբ, որ այդպես չի լինում, բայց նորահայտ կարեկցանքն ու հնացած անգիտությունը, ընդամենը, ձեզ խղճուկ է դարձնում ճշմարտության մեջ, որ ավելի շատ ապականել եք այնտեղ, որտեղ ուրախությամբ եք հայտնվել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



131/անտիպ

Թեպետ, առավելապես, հանդիպում են անբնակ տափաստաններ, բայց ուրիշի մենակությանը մի՛շտ պետք է մոտենաս արարչի հանդիպելու զգուշավորությամբ ու պատրաստականությամբ, որ նա դեռ չունի «ինքն»-ի գիտակցում։

© Գորշ



25 янв. 2023 г.

20/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

(Ինքնա)ճանաչողության (սիրո) մեջ հպարտությունից ազատվեցի՝ նաև որպես ճիճվաթափություն, խղճից՝ որպես դատարկ առողջություն, հիմա սիրտս լցնող ցավով եմ (ինքն)արարվում՝ մինչև մահվան հետ նշանադրությունը հասունանա ամուսնության ու վերջ տրվի սոցիալական գոյությանը, որտեղ ստիպված ենք լինել մակաբույծ, միաժամանակ, դրանց կեցության միջավայր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



24 янв. 2023 г.

130/անտիպ

Իրականում քչերն են հասցնում ընդհանուր շտեմարանում նոր բան ավելացնել, առավելապես ծնվում ու մահանում են(ք) իբրև ինֆորմացիայի կենսաբանական կրիչներ, ընկալող-հաղորդող սարքեր։ Այն, ինչը հասարակ իմաստով ընդունված է համարել (ինքնա)ճանաչողություն, այլ բան չէ, քան սովորելը գիտեցածի, այլ կերպ՝ իմանալ, թե ինչ գիտես։ Մարդու մեքենայացումը մտահոգիչ չէ, մարդը հենց կա մեքենա, որը ինքնարարմանն այլընտրանք չունի, քանզի դրա հակառակը կնշանակի բնությանն անդառնալի վերադարձնել վերցրածը՝ ընդհուպ ինքզինքը …

© Գորշ



19/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Առանձնահատուկ տհաճ են նրանք, ովքեր ամեն ինչ պայմանավորում են ընտրությամբ, թեկուզ եթե ինձ են ընտրում. այդպիսիք, ի տարբերություն հանգամանքին անգիտակից տրվողների, ընդամենը հիմնավորում են իրենց ապագա դավաճանությունը, իսկ այնտեղ, որտեղ, հանկարծ, կարող եմ կոչվել ամենաընտրելի, ընտրողները պետք է համարվեն տիեզերականության մասին ճիճուների՛ց էլ քիչ պատկերացում ունեցող մակաբույծներ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



23 янв. 2023 г.

18/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ներման կարիք չունես, երբ բոլոր դիտավորություններում միամիտ ես, թեկուզ եթե հաճախ, կամ միայն ավերում ես, քանզի արդարացված ես, երբ նպատակիդ էությամբ բարեմիտ ես».- սարսափ երազում Նեռը լսում էր Աստծուն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



22 янв. 2023 г.

17/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սերը համարել ընտրելի նույնն է, թե վրադ լցված լավայից չայրվելը պայմանավորել կամքով, ուստի, նրան, ով հնչեցրել է նման միամիտ ախմախություն, կամ կանխամտածված երեսպաշտություն, ճանաչի՛ր՝ իբրև քեզ հանդիպած մեծագույն սուտ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




16/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Օրինականությունն ու արդարությունը հարաբերվում են, ինչպես բարոյականությունն ու սերը, և նա, ով հնարավոր է համարում դրանց ներդաշնակումը, կամ նույնացումը, բարձրակարգ բարոյականի հետ մեկտեղ՝ հավակնում է կոչվել մարդկության դեմ գործող առաջնակարգ տականք, եթե, իբրև անսեր անասուն, չունի անմեղսունակի արդարացում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



20 янв. 2023 г.

15/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ճիշտ ես ընկալել հարցը (ինքնաճանաչողության), ապա, թե ինչպե՞ս գտնել այն, ինչը գոյություն չունի, պատասխանն է՝ պետք է (ինքնարարմամբ) անհետանալ … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



19 янв. 2023 г.

18 янв. 2023 г.

129/անտիպ

Անտարբեր լինել ցեղակցի (չ)ապրելուն ու ցանկանալ ցեղի ապրելը. այդպես գոյատևում է միայն հոտը՝ անգիտակից մարդկանց և անասունների։

© Գորշ



17 янв. 2023 г.

13/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երբ այլևս անկարող եք պատվել մահն իրար սիրելով, բաժանվե՛ք, որ, գոնե, խոստովանեք՝ ինչու եք ապրել միասին:
Երբ այլևս անկարող եք բարձրանալ մեղքով, գահավիժելուց փրկվե՛ք (ինքնա)ներումով…

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




128/անտիպ

Արդարության ուրվականը զրկում է մարդուն անասնական երջանկությունից ու փոխարենը՝ տալիս ոչինչ։

© Գորշ 



16 янв. 2023 г.

12/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բոլոր սպասումներում սպանվում են հավերժություններ, ու թե ինչքան, հաշվարկն ըստ րոպեի՝ մեկում վաթսուն հավերժություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



15 янв. 2023 г.

11/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ակնթարթի մահվանը նախորդող վերջին ինքնախոսություն. «Ես ոչինչ չեմ հասկացել, ես միայն փորձել եմ հասկանալ»։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




13 янв. 2023 г.

10/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տուր մարդուն իր կենցաղը հրապարակային դարձնելու հնարավորություն և նա, մեծ հավանականությամբ, կփտեցնի ունեցած ցանկացած տաղանդ, նա ուղղակի կմսխի փառասիրության պոտենցիալը՝ լինել ավելին, քան կա, թեկուզ որպես մեծանուն չարագործ, բայց ոչ միջակություն:
Այսօր ամենաշատն է տրված այդ հնարավորությունը ու հենց այդ նպատակով, որ լինի միջակություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



9/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սահմանազանց բարեգթությունն էլ անառակություն է, իսկ սահմանը բարոյական ընկալումից դուրս է, որովհետև բարոյականության միակ շահառուն հասարակությունն է … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



11 янв. 2023 г.

8/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ժամանակի աղիներով շարժվել առո՞ղջ, թե՞՝ ոչ, այո, այդտեղ ընտրություն կա, բայց կա նաև երրորդը՝ նրան զրկել քեզ կրկին ուտելու ախորժակից 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




10 янв. 2023 г.

7/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տվե՛ք մարդուն անմահություն և, բոլոր փորձերն ապրելու վերջում, նա, անպայման, կտենչա լինել մեկօրյա կյանք ապրող թիթեռ, որի անհնարինությունն էլ կդառնա նրա դժոխքը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ






9 янв. 2023 г.

6/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե չի ստացվել այնպես, որ լինես աղբյուր, ամպ, կամ, գոնե, ցող, ում կխմեին մարդիկ, հրեշտակները, կամ, գոնե, ուրվականները, առավել ևս, եթե ստացվել է այնպես, որ եղանակից կախված ջրափոս ես, ուրեմն, քանի կաս, պետք է ցանկացած պատահած անասունի շուրթերին տրվես, որ չլինելուն պես ճանաչես՝ կյանքը հենց դա էր և դու ապրել ես, մնացած բոլորը մեռյալ պատրանքներ են …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



5/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Շրջանը հավերժություն է թվում նրան, ով չի հասցնում կատարել մեկ ամբողջական պտույտ։ Նա, ով գիտակցում է մարդու բանտարկված գոյությունը, ձգտում է անիմացության շառավիղը կրճատել մինչև անչափելի միջնակետ ու դառնալ նոր մեկնաբանության միջակետ 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




8 янв. 2023 г.

4/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, խավարածին և խավարից ծնված խոհերս առավելապես գրավ(ում)ել են լուսավոր մարդկանց, ու նրանցից քչերն են գտնվել փրկչի խղճահարությամբ առաջնորդվող փառասերներ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




3/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Անշուշտ, ամեն ոք Բարձրագույն Բանականության ընտրյալ չէ, բայց բոլորի նկատմամբ դա ժխտելու դատողությունն էլ մտքի կոշտություն է, եթե ոչ առանձնահատուկ ընդգծվելու քողարկված դիտավորություն։ Նման ուսուցչությունը կարող է ապահովել սոցիալական ներդաշնակ կեցություն, որով մարդը, ընդամենը, կարող է կոչվել ցեղի ներսում խռովությունը հաղթահարած անասուն … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



6 янв. 2023 г.

2/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կրկին հանդիպելու համար՝ պետք է գնաս, որ չմնաս անվերջ հեռացող, ու նորանալու համար՝ պետք է եփվես մեղքում, որ չընդունվես անմեղ՝ հնացող սովորություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




2 янв. 2023 г.

1/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նրբաճաշակ փառասիրություն է անհայտությամբ փառքի ձգտումը, բարձր ավելի, քան այն ընդհանրապես ժխտող բռիությունն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...