30 авг. 2022 г.

101/անտիպ

Երբ հասարակությունն անհատականության գերեզմանոց է, միամտություն է կարծել, որ այն երբևէ կարող է վերածվել բարեբեր հողի, եթե նրանում բավականաչափ առանձնյակներ թաղվեն։ Մարդկանց ձգտումներն այստեղ այլ բան չեն, քան տապանաքարերի մրցատենդ` ըստ նկատելիության, շքեղության, երկարակեցության, որոնց միջով անվերջ շրջում է մարդկային երազանքի մի ուրվական. ձեռք բերել անմահություն գերեզմանոցում։
Նրանք, ովքեր երբևէ տարվել են հասարակությունն անհատականությունների պարտեզի վերածելու մտքով, ի վերջո հանգել են այն իսպառ ոչնչացնելու ցանկության, եթե չեն մոլորվել` իբրև հումուս ինքնազոհաբերվելու կեղծ բարոյապաշտությամբ։

© Գորշ / անտիպ 



27 авг. 2022 г.

100/անտիպ

Ընդհանրապես, լռությունը հակառակորդի համար ավելի մեծ անհանգստություն է, քան վրեժ լուծելու մասին գոռալը։ Իսկ «գրական ողբաբառաչանքը», որով իբրև ցավ են ապրում, նախ գրավում է գիշատչի ուշադրությունը, ապա` փրկչի, բայց նրանցից որն էլ առաջինը հասնի, վերջը նույնն է։
Վիրավո՞ր ես` լեզուդ արնաշաղախ արա …

© Գորշ / անտիպ

20 авг. 2022 г.

99/անտիպ

Հիերարխիայի այլընտրանքն անարխիան է։ Մարդը սրա այլընտրանքը չի գտել, ուստի անգամ հանցավորը նախընտրելի է հիերարխիայի ի սպառ բացակայությունից, որպեսզի մարդը, գոնե, պահպանի հավասարությունը իր և անասունի միջև ու չլինի ավելի անասուն, քան անասունն է։

© Գորշ / անտիպ 



15 авг. 2022 г.

98/անտիպ

Ճշմարտությունը հատկություն ունի անցնելու անհամեմատ նեղ բացակներով, քան կարող է փակել գիտակցությունը, դրա համար էլ, անկախ ապահովության աստիճանից, որին անվերջ ձգտում են մարդիկ, նրանց հայացքում ընդհանուր է տագնապը, որ ահա՛, ամեն ինչ ցանկացած հաջորդող պահին կարող է փլվել։ Անգամ նա, ով հայտնվում է փլատակների տակ, շտապում է այն վերածել ամրոցի։

Անխռով նստած է մեկը փլատակների վրա, ու այն, ինչը կարող էր նրան նմանեցնել մարդուն, թաղել է փլատակներում։

© Գորշ / անտիպ 

Գորշի եռանկյուն


13 авг. 2022 г.

97/անտիպ

Թե չընկալես զգացմունքի այն հաճախականությամբ, որով հաղորդվել է, ինչպե՞ս իմանաս մտքիս ամբողջականությունը, երբեմն դրանում առկա չարությունս ու չարությանս ողջ բարությունը։
Ու ինչպե՛ս ընկալես անհույզ մտքիս տիեզերականությունը …

© Գորշ / անտիպ 



11 авг. 2022 г.

96/անտիպ

Քանի որ բոլորի դեմ լինելն արտոնում է անել ցանկացած բան, միայն այդ դեպքում է պարզվում անհրաժեշտի իրականը, քանզի հարաբերականությունից ազատող միակ հանգամանքը դա է, ու քանի որ ազատության հետ ձեռք ձեռքի գալիս է նաև մեռնելու սպառնալիքը, բոլորի դեմ լինելը, միաժամանակ, կամքի իրականը պարզելու միակ հանգամանքն է։
Սրանում մեկ անգամ հաջողացրածը չի կարող հրաժարվել այդ արտոնությունից. եթե անգամ բոլորը հաշտության ձեռք են մեկնում, նա իր մեջ շարունակում է կրել բոլորի իրեն դեմ լինելու հանգամանքը, ու նաև ինքն է ստեղծում այն` լինելով բոլորին դեմ։ 
Սա, միաժամանակ, ինքնասպանություն է` նկատի ունենալով, որ սպանվելն անխուսափելի է, բայց նաև միակ դեպքն է, երբ մահն ավելի մեծ բանի ազդարար է, քան հասարակ մարդու մահն է։

© Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

 

10 авг. 2022 г.

95/անտիպ

Եվ թող բանե՛ն ավանակները, քանզի նրանց խոստացված է ամենասիրունը։
Իսկ դու, ինչպես ցանկացած արարիչ, պատվո՛վ կրիր այլանդակի պիտակը, և, որպես ինքնարար, եղի՛ր ամենաայլանդակը։

© Գորշ / անտիպ 



7 авг. 2022 г.

94/անտիպ

Մտքերի ընկալման գործում ամբոխն անատամ պառավ է. նրան պետք են դյուրամարս և հեշտ ծամվող դատողություններ։ Նրա համար միանշանակ է կարծր ամեն բան, քանզի նա ատամ չունի՝ հասկանալու համար, որ որոշները, պարզապես, պտղապատյանով են։ Նա նաև բկլիկ է ու քաղցրակեր՝ բերանն առնում է ամեն բան, ինչն արտաքնապես ախորժալի է ու քաղցր, ինչն օգտագործելով էլ նրան հաճախ թունավորում են, երբ առանց կոտրելու կուլ է տալիս քաղցրը, իսկ միջուկը պարզվում է՝ թույն է։
Ուրեմն, քանի որ միայն կարծրությունը չի երաշխավորում պառավի բերանում հայտնվելուց խուսափելը, որից հետո նա լմլմացնելով և թքելով, կամ աղիներով անմարս շրջանառելով փչացնում է ամեն բարձր բան, անհատականություններին ուղղված դատողությունը ոչ միայն և ոչ այնքան կարծր պտղապատյանով պետք է պատվի, այլ՝ փշերով ու դառը համով։ Էլ ավելի լավ, երբ նույնն արվի բարոյականությանն անընդունելի, քանզի ինչպես պարզվում է բարոյականությունը պառավ է, ամբոխինն էլ պառաված կույսի է։

© Գորշ / անտիպ



5 авг. 2022 г.

93/անտիպ

Կտակը միջոց է հաղթահարելու գոյության իմաստը չգտնելու վախը, ուրիշ ոչինչ։ 
Այն, ինչն ավագը փոխանցում է կրտսերին` կիսատ գործը շարունակելու խրատով, ընդամենը մահին հանձնվածի կողմից կյանքից կառչելու անհույս փորձ է։
Սեփական սահմանման մեջ խճճված գոյակը փորձում է դուրս գալ իր ժամանակի սահմաններից` չընկալելով, որ ինքնարարումից զատ չկա այլ իմաստ, հետևաբար չի կարող լինել նպատակի ժառանգություն։ 
Վերջապես, հենց միայն ինքնարարումը կարող է անհատական ձգտումից վերաճել համընդհանուրի և, իբրև այդպիսին, համարվել տեսակի գոյության ու, առհասարակ, նպատակ։

© Գորշ / անտիպ 



4 авг. 2022 г.

92/անտիպ

Այլից զատ, ինքնարարներն իրենց մեջ պետք է կրեն մարդ բանականի «ցեղասպանության» երազանքը և օրերից մի օր պետք է իրագործեն այն։ Իսկ մինչ այդ, նաև իբրև մեծ գործին պատրաստվելու վարժանք, առանձնաբար «սպանելու» նախասիրությամբ պետք է զբաղվեն բավականության մեծագույն զգացումով։

© Գորշ / անտիպ 



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...