27 июн. 2021 г.

21/անտիպ

- Բարև, չարիք, ինչու՞ ես ստացել նման այլանդակ կերպարանք։

- Բարև, բանական արարած, կերպարանքս ստեղծում է քո սնոտիապաշտությունը։ Տարօրինակ է չէ՞, թե քեզ հասկանալի արտահայտվելու համար՝ ինչ անասնատեսակների եմ ստիպված վերածվել։

- Իսկ բարուց լուր ունե՞ս։

- Ըհը, էն նույն որբանոցում է, ոնց միշտ ստեղծել ես։

© Տիգրան Գորշ / անտիպ

25 июн. 2021 г.

20/անտիպ

Այնուամենայնիվ, չի ընկալվում ճշմարտությունը, որ ցանկացած կոնֆլիկտ ընդամենը հետևանքն է հոգևոր պայքարի (կուզեք՝ տիեզերական պատերազմի), ու դրանում նյութը միայն միջոց է։ Կարծել, թե բուրգի գագաթին տենչում են է՛լ ավելի մեծ նյութական հարստություն, առնվազն մոլորություն է, այն պարզ պատճառով, որ եթե անգամ …, ապա այն կրողները վաղուց հագեցած պետք է լինեին։ Նրանց դիտարկել տեղային հարուստների օրինակով՝ հիմարություն է, քանզի հայտնի ցանկացած տրամաչափի հարուստ այդ համակարգում չնչինություն է՝ գործիք, որն ունի օգտագործման վաղեմություն։ Բայց սա մեծամասնությունը չի հասկանալու (նաև պետք չէ, որ հասկանա), քանզի այո, մարդը հոգևոր էակ է, բայց մարդկությունը՝ ոչ, և ոչ թե մարդն է մարդկության համար, այլ մարդկությունն է մարդու համար՝ իբրև միջոց՝ առ հոգևոր (բանականության) բարձրագույն նվաճում։

Սրա մասին ակնարկվում է լոկ այն բանի համար, որ ոչինչ դեռ վերջացած չէ, չի վերջանալու, ու պայքարի մեջ մտնելու են երրորդ-ՄԵԿեր ինքնարարները։

© Տիգրան Գորշ / անտիպ

24 июн. 2021 г.

19/անտիպ

- Ի՞նչ անել համատարած հրդեհի պայմաններում, երբ անհատապես էլ ոչինչ անել չես կարող։

- Չնմանվել ոչ նրանց, ովքեր աղերսում են փրկություն, ոչ էլ, նամանավանդ, նրանց, ովքեր մորթապաշտորեն են փրկվում։

Նույն կրակից վառել վերջին ծխախոտը ու իրողությանը հետևել իբրև արվեստի հանճարեղ գործի, չէ որ, վերջին հաշվով, այդպիսիք հենց ողբերգություններն են։

Մոխրանալ քահ-քահ ծիծաղով ու չլինել ամենքի պես մորթապաշտ և/կամ աղերսող։

© Տիգրան Գորշ / անտիպ

20 июн. 2021 г.

18/անտիպ

Քաղաքականությունն ու շախմատը տարբեր են այնքան, ինչքան տարբեր են երկու բան, որոնցից մեկում աստված ներկա է, մյուսում՝ ոչ, ու մինչ մոլորվում ես երկու հիմարություններում՝ «քաղաքականությունն անբարոյականություն է», հետևաբար աստված այնտեղ ներկա չի կարող լինել և «պետությունն ընտանիք է», հետևաբար՝ չի կարող ներկա չլինել, ճշմարտությունն այն է, որ աստված բացակայում է միայն շախմատում։

Իսկ պետության և ընտանիքի համեմատության մեջ, թեկուզ հենց բարոյականության իմաստով, արժեզրկվող կողմը պետությունն է։


© Տիգրան Գորշ / անտիպ

19 июн. 2021 г.

17/անտիպ

Իրար ատող անտիպոդներ, ձեր փոխադարձ պետքությունն անշուշտ մեծ է, ձեր փոխադարձ սերն իրապես անկեղծ է, ինչպես որ սերը գիշատչի և զոհի միջև, և դուք անկասկած խելամիտ եք ձեր սիրո մեջ, երբ միանգամից չեք հոշոտում ու հոշոտվում՝ սպառվելու փոխարեն նախընտրում եք իրար պայմանավորող տևականությունը, ու սրանով, խելամիտ լինելուց զատ, ձեր սերը նաև ուտելու և ուտվելու ճաշակ, էթիկա, էսթետիկա ունի։ Դուք նաև հանճարեղություն ունեք ձեր սիրո մեջ, երբ նույնն անում եք ըստ տեսակով առանձնացած համայնքների, համայնքների ներսում՝ առանձնացված տարատեսակի, ինչը չի կարողացել անել բնությունը կենդանականության իր հանկարծաստեղծության մեջ։

© Տիգրան Գորշ / անտիպ



15 июн. 2021 г.

16/անտիպ

Չոր անտարբերությունն արյամբ փափկեց և դուրս հորդեց մի համատարած զվարթ տգիտություն։

Թանձր տխրություն, չէ, ինչպես որ իմաստնություն, չ կ ա …


© Տիգրան Գորշ / անտիպ

12 июн. 2021 г.

15/անտիպ

«Ծովից ծով»-ը, նախ և հիմնավորապես, հոգևոր չափում է, ապա նոր միայն դրա աշխարհագրական հետևանք, ընդ որում՝ պայմանական այնքան, որ «Ծովից ծով» հոգևոր չափմամբ էական չէ, թե ֆիզիկական ինչ մարմին ես տիրապետում, այն այլևս չի պայմանավորում լինելիությունը ոչ ժամանակով, ոչ՝ տարածությամբ։

Բայց քանի որ հոգևոր չափմամբ դու դեռ «ջրհոր ես», բարեկամս, այն, ինչն ինձ համար (ինքն)արարման ձգտում է, քո շուրթերից հնչում է չոր կերը փափկացնող, նողկալի կենաց, որը ոչ միայն վիրավորում է ամենայն հոգևորը, այլ մեր լինելիության մարմինն է էլ ավելի կիսատում՝ դարձնում հաշմանդամ։ Նաև սարսափում եմ կենացներդ պատահաբար իրականություն դառնալու պատկերացումից, քանզի առկա հոգևոր չափմամբ՝ հետևանքը չի լինի այլ բան, քան ինչպես «ջրհորը» անեզր անապատում, որը չի ունենա այլ նշանակություն, քան էլ ավելի մեծ թվով անասունների ծարավը հագեցնելն է, ու, դրա հետ մեկտեղ, մենության մեջ մահ՝ իբրև բաղձալի փրկություն գովերգելը։

© Տիգրան Գորշ / անտիպ

10 июн. 2021 г.

14/անտիպ

Գուցե պատմությունը չի հիշատակում բոլոր նշանակալի անձանց և/կամ ոչ ամբողջական է հիշատակում նրանց ու դա նրա միակ թերությունն է, բայց և նշանակալիություն էլ ոչ մեկին չի հաջողվել գնել՝ պատմությունը բոլոր անուններն արձանագրում է ըստ արժանվույն, և ինչքան էլ ստոր ու տգետ լինեն հանգամանքների բերումով պատմության մեջ հիշատակվելու իրավունք ստացած անձիք, միևնույն է, նրանք մի օր անպայման հասկանում են սա ու նրանց սկսում է հետապնդել ժամանակի ուրվականը՝ մինչև բանտարկելը հավերժական նսեմացման։ Իսկ մինչ այդ, որպես կանոն, ուրվականից սարսափածներն իրենց վախը թմրեցնում և հոգու դատարկությունը լրացնում են որկրամոլությամբ, բռնությամբ և այլ անասնականություններով, իսկ մաքրագրության հնարավորություն տրված չէ, լավագույն դեպքում՝ միայն քավություն։

Այլից զատ, մեր ներկան բազմաթիվ անձանց, գուցե և բոլորի(ս), մաքրագրության անհուսալի փորձ է, քավության հույսն էլ թանձր մառախուղի տակ է …


© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...