31 авг. 2023 г.

290/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կյանքն իբրեւ թատերական բեմականացում դիտելու դեպքում՝ բոլորն ամեն բան կհասկանային, բայց կյանքն իրականություն է, բեմականացումը՝ կենդանի, ուստի եւ այն մնում է բոլորին անհասկանալի՝ իբրեւ խրթին դրամա ու վերաբերելի՝ իբրեւ ողբերգություն։ Սրանից զատ ու այս համատեքստում՝ մարդիկ սովոր են իմաստուն համարել, ապա եւ հետեւորդ լինել նրան, ով ապագայի հանգամանք է գուշակում։ Բայց ճշմարտությունն այն է, որ ցանկացած հիմարություն էլ, ինչպես անսարք ժամացույցի կողմից օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամ ցույց տալու հայտնի ասույթը, կյանքի որոշակի շրջափուլում համընկնում է իրողությանը, ու թե շատերն այն կոչում են մարգարեություն, մենք այդ կոչման տակ հիշատակում ենք հնչեցված իմաստնության ու այն առաջադրողի վախճանը։ Եվ ուրեմն, մեզ տրված չէ լինել երկնքում փայլատակող աստղ ու անկարելի է լինել այդպիսին նրանց համար, ում ապագան այլ բան չէ, քան վերադարձող անցյալ, իսկ ներկան՝ դրա ակնկալվող սպասում, մեզ նաեւ անպատվաբեր է նույն շուրթերից կոչվել իմաստուն, մտածող, առավել եւս՝ հերոս։
Սրա փոխարեն՝ մեզ նախընտրելի է արիական պատվասիրությամբ բյուրեղանալ խավարում եւ ինքնարարների անհատական գոյությունից դուրս հորդել իբրեւ տեսակ, երբ այլեւս ոչինչ ի զորու չի լինի բանականությունը սահմանափակել զսպաշապիկի մեջ, որը կոչվում է մարդ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



289/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հավասարությու՞ն, այո՛, լինում է, բայց կենդանաբանական այգում, որտեղ տարբեր տեսակների հավասարությունը վանդակն է, կառավարիչն էլ նրանց անազատության սպասավորն ու գերին է։
Իսկ թե ինքնարարն ո՞վ է այս ամենում, ապա, ինչպես արդեն բնութագրվել է, դարանակալած վարակ է, որը սպասում է լեշի հետ դուրս գալու իր հնարավորությանը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



288/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միամտություն է կարծել, թե առաջատար կրոններն ի զորու չեն վերացնել աղանդները։ Ընդհանուր նպատակը նրանում է, որ վանդակից դուրս եկողը հայտնվի մեկ այլ վանդակում, իսկ վանդակները լինեն դասավորված, ինչում անգամ էսթետիկ կարգ կա։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



287/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ընդհանուր առմամբ, մարդ բանականի պատմությունը ամփոփվում է երկու ժամանակաշրջանում՝ կռապաշտությունից կրոն, կրոնից աղանդ, որոնց միջակայքում գիտությունն ընդամենը հասցրել է փախցնել փոքր պատառն իր ազատության՝ մինչեւ հայտնվելը մեկի, ապա մյուսի իշխանության տակ։ Հաջորդն ու միակը, որն իրապես կարող է համարվել գիտակցական զարգացում (ազատականացում), մարդ բանականից անցումն է մարդ ինքնարարի՝ առաջինում թողնելով նախորդած ողջ անասնականությունը եւ ձախողելով դրանց համակցված գոյության բոլոր փորձերը։ Հենց այս նպատակի համար՝ ինքնարարները չպետք է դրսեւորվեն իբրեւ հերոսներ եւ լինեն հիմար այնտեղ, որտեղ (դեռ) պետք է լինել դարանակալած վարակ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



286/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Պաշտելն ու ատելը խիստ անձնական են՝ անհատական նվաճման եւ/կամ կործանման երեւույթներ, որոնք ավելի շատ «հիգիենայի» տիրույթից են, քան բանականության։ Հետեւաբար, բոլորի նկատմամբ` իբրեւ բարձր ճաշակի դրսեւորմամբ վերաբերմունք, կա միայն հարգալից վարվեցողության (հեռավորության պահպանման) պահանջ, ուրիշ ոչինչ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



30 авг. 2023 г.

285/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ավելի հասարակ, ապա.
Սերը ոչ հավատամք է, ոչ էլ, առավել եւս, կրոն, այն մատաղացու է հավատամքի մեջ։ Հանուն ինչի, ինչպես եւ երբ զոհաբերեցիր, զոհաբերեցի՞ր արդյոք, թե՞ մեռցրիր ծերացմամբ, կամ ուրիշի երախում, ըստ այդմ էլ սահմանվում է՝ ով ես դու եւ ինչպիսինն է ճաշակդ։
Իսկ ի՞նչը կարող է ավելի բարձր լինել Բարձրագույն Ես-ի ինքնարարումից եւ ուրիշ որտե՞ղ կարող է ավելի նրբաճաշակ զոհաբերվել սերը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



284/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որպես կանոն, մարդը մարդուն չի հավատում եւ հավատի մասին բոլորին ուղղված հարցադրումները, թեկուզ պատկերացումների տարբերությամբ, բայց ամփոփվում են ընդհանուր մեկում՝ մարդը հավատում, կամ ձգտում է հավատալ մի բանի, ինչը դուրս եւ բարձր է մարդկայինից, եւ եթե անգամ հանդիպում է դեպք, երբ մի մարդ հավատում է մեկ ուրիշ մարդու, ապա նրա հավատին ուղղված հարցադրումները եւս հանգում են նույն բանին. նա նրանում տեսնում է իրենից դուրս եւ բարձր ոչ մարդկայինը։ Նույն համոզմունքով՝ բոլորն իրենց ուղղված հավատն էլ տեսնում, կամ փորձում են տեսնել մի բանի կողմից, ինչը դուրս եւ բարձր է մարդկային լինելուց՝ ըստ այդմ, իրենք իրենց զգալով դուրս եւ բարձր մարդկայինից։
Համակցությամբ սա այլ բան չէ, քան հիմնավորումը նրա, որ մարդու «աստվածանալու» փառասիրությունն ունի օբյեկտիվ հիմք՝ ներուժ, ինչը, սակայն, նրա բանականությունն ամբողջությամբ չի կարողանում բացահայտել, որովհետեւ բանականությունն ի սկզբանե դրված է ՄԱՐԴ ինքնասահմանման փականի տակ, որից այնկողմ նա կարողանում է դուրս գալ միայն սնոտիապաշ-
տությամբ։
Այս իմաստով՝ ինքնարարումը, այլից զատ, կարող է կոչվել բանականության
ազատականացման իմացաբանություն՝ առ մարդկայինից դուրսն ու բարձրը՝ առ ինքնարարը՝ Ես-ի Բարձրագույնը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



283/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչպես որ պատրանք էր շատերի գիտակցության մեջ նստած (իսկ ավելի ճիշտ՝ նստեցրած) համոզմունքը, որ աշխարհում այլեւս հնարավոր չէ, որ մի երկիր հավակնի ֆիզիկապես նվաճել մեկ ուրիշի, որովհետեւ, իբրեւ թե, մարդն արդեն հասել է այդ անմարդկայնությունը մերժող բարձր բանականությանը, այնպես էլ պատրանք է ընդարմացումը, որ էլ չի կարող ստեղծվել աշխարհը նվաճելուն հավակնող հավատամք։ Ըստ այսմ, ինքնարարությունը ոչ միայն լիիրավ է լինելու այդ հավատամքը, այլ՝ միակն է, որ իր ձգտման մեջ ներդաշնակում է մարդկային լինելիության այդ բոլոր հակասականությունները՝ նվաճում, բարձր բանականություն եւ անմարդկայնություն, որովհետեւ այն հենց մարդկայնությունն էլ մերժում է՝ իբրեւ իրեն նախորդած անսեր կենդանականություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



282/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թե որ ուզես իմանալ՝ ու՞մ կամ ի՞նչ գաղափարի ծառա է հիմարը, տես, թե ով է նրա ստամոքսը լցրել եւ տվել ճոխ հուղարկավորության խոստում, քանզի հիմարի մարմնականից մինչեւ հոգեւոր սահմանը հենց դրանով էլ չափվում է, ու նրա միակ հիասթափությունն էլ այդ երկու հանգամանքում է, ինչը նա երբեք չի ներում նրան, ով հիասթափեցրել է։
Մեր նպատակի համար՝ հիմարը եւ/կամ դրա հոգնակիացված ամբոխը չեն կարող լինել միջոց, քանզի մենք հենց հիասթափություն տալով էլ մեկնարկում ենք բանականության նվաճման մեր փառահեղ ուղին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



281/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե անգամ ստիպված ենք մարմնով տրվել, գերեվարվել, սպանվել՝ թիրախի գիտակցությանը հասնելու համար, տրվենք, գերեվարվենք եւ սպանվենք հաղթողի հանգստությամբ ու տիրողի փառքով վեր բարձրացրած ձեռքերով, քանզի, տիրելով նրանց գիտակցությունը, տիրեցինք նրանց սերունդներին ու ապագան, որից բացի՝ գոյության այլ տիրույթ չունի հաղթանակը՝ այն հենց ինքնին ապագայի հասկացություն է ու հենց ինքը ապագան է, որն այդուհետ եւ հավետ մերն է՝ ինքնարարներինը։ Թող մեզ մխիթարի ճշմարտությունը, որ պարտությունն անցյալի հասկացություն է, միջակությունից սթափեցնի իմացությունը, որ հաղթանակն ու պարտությունը ներկայում ընդամենը հաջողություն եւ անհաջողություն է, իսկ մենք կոչված չենք լինել միջակություն, քանզի մեր ձգտումն ամենն է, թիրախը՝ ամենայն բանականը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



29 авг. 2023 г.

280/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չարն ու բարին կերպարանք են ստանում՝ ըստ մարդկանց սնոտիապաշտության, որում մարդկային երեւակայության այլանդակությունն անգամ դրանց արարիչների զարմանքն ու զայրույթն է շարժում, թե ինչ տարատեսակ անասունների են ստիպված վերածվել՝ բանական արարածին հասկանալի արտահայտվելու համար, ինչում նրանց հիստերիկ նոպայի մեջ է գցում հատկապես այն, երբ ստանում են մարդկային շուշտանդամ կերպարանք, ու նրանք արդեն ինքնակամ են զուգակցվում ինքնարարներում՝ իրենց իսկ էությանն անդիմակ առերեսվելու՝ ինքնին ու, որ ամենակարեւորն է, փոխադարձ կրքերում ազատ լինելու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



279/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Խցանված բանականությամբ մարդը ոչնչով չի տարբերվում ինչպես անբանական կենդանիներից, այնպես էլ բույսերից (այդպիսիք հենց որպես կենդանի, կամ բույս էլ գոյություն ունեն) իսկ խցանման մեջ ձեւի ցանկացած նորարարություն այլ բան չէ, քան այլ կենդանիների, բույսերի կենսակերպում վարքագծի նոր տարրերի հայտնվելը, որոնք ոչինչ չեն փոխում եւ նրանց իրենց էությունից ավելին չեն դարձնում։ Բացի այդ, մտքերն էլ, որոնք ինքնին, անկախ իրենց արտահայտման ձեւից (հաղորդակցությունից մինչեւ ստեղծագործություն) գտնվում են գոյության «բնական» մրցակցության մեջ, դադարել են լինել հետագա աճման ներուժով սերմեր՝ դրանք առավելապես ի հայտ են գալիս իբրեւ արդեն բազմացմանը ոչ պիտանի հասվածությամբ, էլ ավելի հաճախ՝ արդեն նեխած, կամ չորացած պտուղներ, որոնք օգտագործվում են մեկանգամյա սպառման համար եւ իրենց հարատեւությունն ապահովում են բազմակրկնությամբ՝ այդ կերպ, միաժամանակ, դառնալով նորի աճման վնասատուներ, ու սրանում կա ինչպես իշխելու դիտավորություն, այնպես էլ տգիտության ինքնաբավարարման միտում։
Հետեւաբար, նորը, որպեսզի զարգացման հնարավորություն տա, բավարար չէ, որ լինի աճման ներուժով սերմ ու հանգամանքների բերումով հայտնվի գիտակցական բերրի միջավայրում (այդպիսին էլ չկա) այն, միաժամանակ, պետք է կրի վնասատուներին դիմակայելու եւ միջավայրը դրանցից ազատականացնելու անխղճություն, ըստ այդմ՝ իր ձգտման մեջ երբեք չպետք է դադարի լինել անողոք, իսկ այդպիսի նորն արդեն կա, որը կոչվում է ինքնարարչություն, եւ դրա ձգտումն է մարդուն բանական կոչվելու խցանումից ազատելը եւ սահմանելն ինքնարար՝ առ Բարձրագույն Ես-ը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



278/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Օգնության կանչն առաջնահերթ գրավում է թշնամիների ուշադրությունը, … անակնկալի բերող, հետեւաբար եւ փրկվելու հնարավորություն ստեղծող միակ հանգամանքն այն է, որ առաջինը հասնելու դեպքում՝ նրանք հանդիպեն մահապարտի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



277/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա ո՛չ ընդհանուր դժբախտություն, ո՛չ էլ, նամանավանդ, ընդհանուր երջանկություն։ Նույնիսկ այն պարագայում, որ մայրամուտն ու արեւածագը բոլորի համար են, դրանց ապրումն ըստ ամենքի է ու մեկինը երբեք ուրիշինը չէ։ Բայց եթե, այնուամենայնիվ, կա ինչ-որ ճղճիմ մխիթարանք նրանում, թե իբր կա ընդհանուր դժբախտություն եւ այն միավորում է մարդկանց, ապա ճշմարտությունն այն է, որ ընդհանուր դժբախտությունն ընդամենը բացահայտում է, թե ինչքան անջատ եւ հեռու ենք իրարից, ու թե ինչքան առնչություն չունենք մեկս մյուսին։
Հատկապես այն ժամանակ, երբ միավորելու համար (թեկուզ անկեղծ միտումով) բեմահարթակի դեմագոգներ են դառնում սերը, հայրենիքը, «հանունով» մնացած այլերը, մահը զվարթ քամահրանքով ծիծաղում է, քանզի այն, ինչ չի հաջողվել իրեն, չի կարող ուրիշ մեկին հաջողվել, իսկ ընդհանուրի իմաստով՝ անգամ աստվածներն են իրեն զիջել։
Այս ճշմարտությունը մեկին դարձնում է գիշատիչ, մյուսին՝ զոհ, որոնց փոխադարձ սերն իրավամբ ավելի անկեղծ է, քան երբ լինում է տեսակի առանձնացված համայնքի ներսում, բայց կա եւ ճշմարտությունից սերվող երրորդ մեկ ուղղությունը, որտեղ միավորում է հենց անջատն ու հեռուն, որտեղ մահն էլ է լուրջ հետաքրքրությամբ հետեւում, այն, իհարկե, կոչվում է առ Բարձրագույն Ես-ը ինքնաճանաչողություն-ինքնարարում, ու մահն է՛լ չի ծիծաղում, մխում է այնպես, ինչպես հեշտանքից հետո …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



276/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Պատահականությունը՝ իբրեւ աստծո կեղծանուն, կամ անստորագիր գործելու միջոց, կամ արտահայտվելու մեթոդ (եւ այլն) համարելու փոխարեն՝ ավելի ճիշտ է նրան հենց որպես պատահականություն էլ սահմանել, այլից զատ, որի ներքո կարող էին հաշտվել բոլոր կրոնները, բայց կրոնը հո հաշտության համար չէ՞. այն պատահականությանն ամենամոտ կանգնած կանխամտածված չարիքն է։
Միակ խաղը, որտեղ աստված բացակա է, ճատրակն է, ու այստեղ միտքը ոչ այնքան կամքի (բանականության) ազատության խորհուրդի մասին է, որքան մարդու ինքնարարման, եւ խաղը լավագույնս է պատկերում բարձր բանականության անարատությունը խղճից եւ հպարտությունից, ինքնարարման ընթացքն իր ողջ հմայքով` զոհաբերությունից մինչեւ սպանություն, ինքնազոհությունից մինչեւ վերածնունդ, որտեղ նախասահմանում, ապա եւ առաջնորդում է բացառապես սերը՝ առ Բարձրագույն Ես-ը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



25 авг. 2023 г.

275/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բարձրագույն Ես-ը հանրակեցության կազմակերպիչ.

Ճորտի համար արդարամտության դրսեւորման օրինակը վարակիչ լինել չի կարող, գուցե նրա հիացմունքը շարժում է, բայց դա էլ ներծծված է նախանձով, իսկ տեսնելով, թե արդյունքում ինչ պետք է հաղթահարի, սարսափած ավելի է խորանում ստրկության մեջ։ Ընդ որում, կես բահ խորությամբ շերտն է նրան պարտադրվում, մնացածն ինքն է իր համար ճանկռում, ու այնքան խորը, որ որեւէ աստված չի կարող փրկության ձեռքն այդչափ երկարացնել։
Կեղծիք է նաեւ՝ արդարությունը պայմանավորել խղճով։ Խիղճը հենց այն փտախտն է, որն այլանդակում է արդարությունը, հետեւաբար՝ ամեն բան։ Արդարությունն այլ բան չէ, քան համաձուլվածքը բարձր բանականության եւ ամուր կամքի, հետեւաբար նա, ով հավակնում է դրսեւորել հանրային աստիճանի արդարամտություն, պետք է դաժանությունը դարձնի իր սիրո առհավատչյան եւ բահը վերցնելուց հետո իսկ ճորտերին թաղի իրենց հորում՝ հնարավոր սողանքների պատճառով նրանց ազատականացումը կանխելու համար, քանզի իր կամքից անկախ ազատություն ստացած ճորտը չի կարող անել ոչինչ, քան միայն գարշանք տարածելն է, իսկ ճորտի կամային ազատականացում երբեք չի լինում՝ Ես-ը կամ ինքն իրեն տեր է, կամ՝ ուրիշի ճորտ, մնացածն ընթացիկ հարաբերականություններ են։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



274/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչու՞ իմանալ ճշմարտությունը, ինչու՞մն է ճշմարտության նպատակայնությունն առհասարակ,
թեկուզ միայն նրա համար (նրանում) որ զսպանակն ուղղվի կամ, գոնե, թուլանա, անցյալին հենված, բայց միշտ ներկայում խտացող չիմացությունը չբացվի հանկարծակի ու չճզմի ապագայի անորոշություն պատին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



24 авг. 2023 г.

273/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

- Ի՞նչ անել համատարած հրդեհի պայմաններում, երբ անհատապես է՛լ ոչինչ անել չես կարող։
- Չնմանվել ոչ նրանց, ովքեր աղերսում են փրկություն, ոչ էլ, նամանավանդ, նրանց, ովքեր մորթապաշտորեն են փրկվում։
Նույն կրակից վառել վերջին ծխախոտը ու իրողությանը հետեւել՝ իբրեւ արվեստի հանճարեղ գործի, չէ որ, վերջին հաշվով, այդպիսիք հենց ողբերգություններն են։
Մոխրանալ քահ-քահ ծիծաղով ու չլինել ամենքի պես մորթապաշտ եւ/կամ աղերսող։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



272/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իրար ատող անտիպոդնե՛ր, ձեր փոխադարձ պետքությունն անշուշտ մեծ է, ձեր փոխադարձ սերն իրապես անկեղծ է, ինչպես որ սերը գիշատչի եւ զոհի միջեւ, եւ դուք անկասկած խելամիտ եք ձեր սիրո մեջ, երբ միանգամից չեք հոշոտում ու հոշոտվում՝ սպառվելու փոխարեն նախընտրում եք իրար պայմանավորող տեւականությունը, ու սրանով, խելամիտ լինելուց զատ, ձեր սերը նաեւ ուտելու եւ ուտվելու ճաշակ, էթիկա, էսթետիկա ունի։ Դուք նաեւ հանճարեղություն ունեք ձեր սիրո մեջ, երբ նույնն անում եք՝ ըստ տեսակով առանձնացած համայնքների, համայնքների ներսում՝ առանձնացված տարատեսակի, ինչը չի կարողացել անել բնությունը կենդանականության իր հանկարծաստեղծության մեջ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



271/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սերը բարձր բանականություն է, սիրել՝ կնշանակի ձգտել բանականության բարձրագույնին, սիրել միմյանց՝ կնշանակի ձգտել միասին։
Բայց այստեղ բանն այն մասին է, որ ցածր ինտելեկտը, առավել եւս հիմարը, ընդունակ չէ սիրել, եւ այն, ինչ հասարակացված բառի ներքո հաճախակի լսվում է (թեկուզ անկեղծ) այլ բան չէ, քան գիտակցականորեն ձեւափոխված դրսեւորում նույն կենդանականության, որպիսին բնազդային մակարդակում կրում են այլ կենդանիները, ու սրանց մոտ էլ, վաղուց ոչ զարմանալիորեն, արձանագրվում են հատկանիշներ, որոնք վերացնում են դրանց առանձնահատուկ մարդապատկան լինելը, որոնցով մարդիկ սովոր են բնութագրել սերը, համարվել սերը ճանաչող եւ սիրող։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



22 авг. 2023 г.

270/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Էլի փորձանք թակեց դուռդ, որ արթնացնի,
իսկ դու նորից ննջեցնող «փրկչի» ձեռքը բռնեցիր 
Բայց լուր ունեմ ապագայից քեզ համար,
որ պետք է լսես ամոթահար,
քանզի խոսքն է ժառանգիդ՝
թողածովդ լծակիր.
«Արթնանալդ ընտրելիք չէր, հա՜յր,
բախտդ էր արեւագիր,
ու այս խոսքից էլ բացի,
մեզ ոչինչ կապող չկա,
քանզի (երբ) քո՛ փոխարեն՝
ես դարձա ինքնարար,
վարդապետի փոխարեն՝
դեռ (միայն) նախահայր»։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



269/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սեփական վեհության ստվերում խեղճացել ես, բայց արեւիցդ շեղող մահիկը եւս գոյություն ունի արեւովդ։ Մահաբեր օղակից դուրս գալու համար՝ պետք է մեռնես, պետք է վերածնուդդ հետաձգող փրկչությունները մեկ անգամ մերժես, կիսախավարում հայտնվելու (մնալու) փոխարեն՝ մեկ անգամ ինքդ խավարն ընտրես՝ թանձր այնքան, որ մահիկն էլ մահանա, մոլորությունդ էլ արեւից՝ քավություն ստանա։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



21 авг. 2023 г.

268/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնպիսի բարոյականության միջավայրում, որտեղ ընտրությունը «պառաված կույսի» եւ «կուսացած պառավի» մեջ է, սերը, որպես բարձր բանականություն, նախընտրում է «պոռնկատանը» ինքնամոռացվել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




267/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչպե՞ս կարող է բարձր եւ բարձրացնող լինել սերը նրա, ում կրոնը փրկության աղերս է, պատմությունը՝ փրկվելու փորձարարություն, քաղաքական գիտակցությունը՝ փրկելու խոստումների կշռում, 
Ինչպե՞ս կարող է ցածր եւ ցածրացնող չլինել սերը նրա, ում գրականությունը ողբաբառաչանք է հուսախաբության՝ աղերսանքում, փորձարարության մեջ ու խոստումներում, 
Բայց, նաեւ, ինչպե՞ս կարող է այսչափ ինքնաոչնչացման հակված սերն այսքան երկար մեռնել 
 այսքան մեռնել ու չգիտակցել, որ ոչ թե փրկվելու, այլ՝ ինքնարարման համար է ստեղծվել։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 авг. 2023 г.

266/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

 որովհետեւ միշտ կիսատ ենք մեռել
ու վեր չենք հառնել մոխրից,
փտած բնին շիվ ենք աճել
ու արմատ չենք բռնել հողից։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



265/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն աղետից, որը սովորեցնելու համար է, ոչ մի ուսուցչություն չի կարող փրկել։ Կան արթնացումներ, որոնց համար անձամբ նեռին է պետք հրավիրել …, ու այնպիսիք, որոնց համար պետք է նեռ լինել։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



264/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տխրությունից առավել, անտանելի է այն տեւականորեն կորցնելը։ Ոչինչ եւ ոչ ոք չկարողացավ տալ ինձ ինքնադիտման այդ հայելու կայունը՝ բոլոր դեպքերն ավարտվ(-եցին)ում են իմ փշրող հռհռոցով, ու դա մնաց միակ կայուն իրողությունը, որը ներարկեցի տխրությամբ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



263/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ժպտում եմ շտապողներին, նաեւ ակամաներին, երբ պատկերացնում եմ իրենց ծնվելուն սպասողների շարքն ու նրանց պատասխան ակնկալող ագահ հայացքները, ու միայն երկրորդներին՝ ըմբռնման թանձր տխրությամբ, իսկ առաջիններին՝ … նրանց ոչինչ էլ չի փրկի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



190/անտիպ

Նյութական աշխարհում վճարման (փոխանակման) ձևերը լոկ պայմանականություններ են, բոլոր դեպքերում միջոցը հաստատապես նույնն է` ապրելու ժամանակը։ Այլ կերպ, վճարել` նշանակում է ուրիշին զիջել ապրելուդ ժամանակից։

Ստրուկ են նրանք, ովքեր վճարում են նաև վճարման միջոց վաստակելու համար, ազատ են նրանք, ովքեր երբեք չեն վճարում և վճար չեն ստանում, իսկ տերերը նրանք են, ովքեր վճարման միջոցը վաստակում են ուրիշներին տված վճարման միջոցի տոկոսներից։ 

© Գորշ



189/անտիպ

Երկու տարեթիվ տապանաքարին` փոշիացող դարում։ Ահա՛ ամբողջ հիշողությունը գոյությանդ մասին։

© Գորշ



10 авг. 2023 г.

262/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քանի՜ անգամներ է թվացել, թե ահա՛, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկում երեւակվում է կյանքի սահմանումը, բայց իրականում, ընդամենը, եղել է մահվան տեսակների հերթական համալրումը, եւ դասակարգումը լոկ ըստ անվանումների, թե ով ինչ է սիրել, նաեւ, թե ով ինչքան ինքն իրեն չի սիրել՝ չի՛ ճանաչել, չի՛ սպանել ու չի՛ (ինքնա)սպանվել. մահացել, բայց չի՜ ծնվել` ինքնարարմամբ չի՛ սահմանվել։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



261/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չեմ սիրում, նաեւ, ինձ ուղղված ներողությունը. հայտնողին փոքրացնում է այն շատի համեմատ, որ կարող էր ինձանից վերցնել։ Սիրում եմ ինքնաներումը՝ այն շատի, ընդհուպ «ինք»-իս անխնա յուրացումը։
Ինքս մեղքում մեծ եմ այնքան, որ մեկ խոցվողը երբեք չի դադարում կողոպտվել, բայց արդեն նաեւ, որպես իր արարման լիությունից հոսելու տեղ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



260/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդը, կամ ինքն իրեն ընկալում է գիտակցականի բովանդակությամբ՝ կոչվելով առողջ բանականություն, կամ ենթա(ան)գիտակցականի՝ կոչվելով հիվանդ բանականություն, որպիսիք, կայուն դրսեւորմամբ, ամենայն հավանականությամբ հանդիսանում են միայն հոգեկան հիվանդները։ Ընդ որում, ինքն իրեն ընկալելը հեռու է նրանից, որ կոչվի ազատ կամքի դրսեւորում, այն առավելապես պարտադրված (ակամա) հանգամանք է, որում հայտնվել է։ Ու սա այն բանի համար, որ որոշումների մասին գիտակցությունն իմանում է հետո, քան այն կայացվում է (միշտ) ենթա(ան)գիտակցականում, ու սրանց միջեւ առկա տիրույթում եւ ժամանակում հայտնվելն անհաղթահարելի խոչընդոտ է սովորական (առողջ) բանականության համար, քանզի դրանց տարածաժամանակային չափումներն անհամադրելի են. առողջ գիտակցությունը չի կարողանում ընկալել կետի տարածականությունը, ակնթարթի՝ ժամանակայնությունը, առավելագույնը, որ նրան հաջողվում է, երբեմն զարմանքով արձանագրել որոշման եւ կատարման համընկնում (անգամ որոշման մասին իմացության հաջորդում կատարումին) ինքն իր որոշմանը ընդդիմացում, բայց չանելու անկարողություն, իր իսկ կատարումին անհամաձայնություն, …, վերջապես ինքնահակադրություն, ընդ որում, գիտակցությունն ընկալում է ենթա(ան)գիտակցականից հաղորդվողի միայն այն մասը եւ ձեւը, ինչքանին եւ ինչպես ունակ է իր սահմանափակվածությամբ, հետեւաբար, ստացածի ճիշտ ընկալու՛ մն էլ անժխտելի չէ («արդյո՞ք»-ը միշտ կա)։ Ըստ այդմ, առողջ գիտակցությունն իրականում միայն կատարող է (կամայնությունը թվացյալ է) հիվանդը՝ առանց կատարողի անպետքություն։
Առանձնահատուկները, որոնք առողջ բանականության համեմատ համարվում են հանճարեղ, պարզապես անկայուն առողջներն են, ովքեր պարբերական հիվանդացմամբ բախտ/դժբախտություն են ունենում հայտնվել ենթա(ան)գիտակցականի եւ գիտակցականի միջեւ առկա տիրույթում՝ կատարողով (գիտակցությամբ) հաղորդակցվելով ան(ենթա)գիտակցականում առկա անսահման իմացությանն ու որոշումների կայացմանը՝ կոչվելով արարող, բայց ոչ ինքնարար, քանի դեռ այստեղ էլ չկա ազատ կամքի գոյություն, կա ակամա հանգամանք (կոչվող բախտ/դժբախտություն, տաղանդ, շնորհ …) ինչի կամայնությանը ձգտելուն ու վերածելուն կոչված են բացառապես ԻՆՔՆԱՐԱՐՆԵՐԸ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...