10 авг. 2023 г.

257/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչու՞ ենք ապրում, եթե, միեւնույն է, մահանալու ենք.
Առերեւույթ սովորականության վերածված, բայց միշտ անպատասխան մնացած ու բազմաթիվ «գիտական» եւ ոչ գիտական սնահավատությունների առաջացման պատճառ հարցը, որը հնչեց յոթամյա աղջկաս շուրթերից (գուցե նաեւ հենց նրա համար, որ հնչել էր երեխայի կողմից) ամիսներ շարունակ բռնանում էր գիտակցությանս եւ եզակի կպչունությամբ ստիպում պատասխանել։
- Մառա. «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք»։
- Գորշ (խորհում). յուրաքանչյուր հարցի, անկախ բարդության աստիճանից, պատասխանը գիտակցելուց հետո այն այլեւս մեզ թվում է պարզ մի բան եւ առաջ է բերում «Ինչպե՞ս չէի տեսնում» զարմանքը։ Տվյալ պարագայում ճիշտ կլինի նաեւ «Ինչո՞ւ չէի տեսնում»-ը, քանզի իրականում ոչ թե թվում է, այլ ցանկացած պատասխան ինքնին պարզություն է, բարդն այն տեսնելու ընթացքն է (հետո ինչպես պարզվում է՝ պարզապես տեսնելն է) ինչը սխալմամբ վերագրում ենք հարցին եւ պատասխանին՝ իբրեւ դրանց հատկանիշ։ Պատասխանները քողարկվում են որեւէ վերմարդկային բանականության կողմից, թե դասավորվում են ինքնին, երկու դեպքում էլ միանշանակ է, որ դրանք ունեն գտնվելու երկու տեղ՝ փնտրողից դուրս եւ փնտրողի մեջ, այլ իմաստով՝ փնտրողը պատասխանները չի պայմանավորում իրենով, կամ՝ պայմանավորում է, ինչի արդյունքում մարդը, ելնելով ժամանակշրջանի գերակայող փիլիսոփայություններից, պարբերաբար հայտնվում ու երկատվում է երկու ԿԱՄ-երի՝ «Ոչինչ իրենից կախված չէ» եւ «Ամեն ինչ կախված է իրենից», ու երկու դեպքում էլ սխալվում է՝ մի դեպքում հայտնվելով ստատիկ տհասության, մյուս դեպքում՝ դինամիկ ինքնախաբեության մեջ։ Այս երկատումից փրկում եւ երկու ԿԱՄ-երը ԵՎ-ով միակցում է դատողության շարունակությունը.
Անսահմանության մեջ մենք հանդիպում ենք երկու խոչընդոտի՝ (դեռ) ֆիզիկական մահ եւ «ոչինչ հնարավոր չէ փոխել» գիտակցական կողպեք (ինչը, հոգեւոր իմաստով, մահվանը նախորդող մահացում է)։ Առաջինը հաղթահարում ենք հավաքականորեն, իսկ երկրորդից փրկում են անկանխատեսելի աղետները, որոնք ստիպում են դուրս գալ անիմանալիության եւ ինքնախաբեության կենսակերպից եւ ճանաչել ՆՈՐ ՃՇՄԱՐԻՏԸ։ Բայց բախտն անվերջ չի կարող ժպտալ մեզ, բացի այդ, բարենպաստ հանգամանքների մշտնջենակությունն էլ դանդաղ մահվան ընտրություն է, եթե անիմանալիի հորձանուտում համարվի մեր միակ փարոսը, քանզի այն ստիպելու է մնալ «կամակոր աստվածների» գերին, նույնն է, թե մեր իսկ տհասության եւ ինքնախաբեության, ինչը գոյությանը սպառնացող վտանգներում վերջին տեղում չէ։ Հետեւաբար, չկա այլ հուսալի երաշխիք, քան մեզանից դուրս գտնվող հանգամանքների ենթարկումը մեր կամքին, ինչի համար, նախ, պետք է ճանաչել դրանք եւ ճանաչել ճանաչելու հնարավորությունները (նաեւ ստեղծելով դրանք) ինչը համակցության մեջ այլ բան չէ, քան հենց (ինքնա)ճանաչողություն, ապա նաեւ (ինքն)արարում:
Այստեղ, ապագայում ապացուցվելու համոզմունքով, ինձ թույլ եմ տալիս միայն մեկ «հավատալիք» առ այն, որ առաջնորդումից զատ, (ինքն)արարումը սահմանվելու է նաեւ որպես ամեն ինչին նախորդած ճշմարտություն։
Եվ ուրեմն, «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք» հարցը, որին այլ պայմաններում հնչելու դեպքում կարելի էր պատասխանել «Բա խի՞ չապրենք, որ մեկա մահանալու ենք» հակահարցով, իրականում անպատասխան չէ, պատասխանը բարդ չէ, տեսնելն էլ հնարավոր է ու հարցը ինքնին գոյության պատասխան է։
- Մառա. «Բա խի՞ ենք ապրում, որ մեկա մահանալու ենք»:
- Գորշ. «Այդ հարցի համար էլ ապրում ենք»։ Եվ շնորհակալություն ինքնարարման գաղափարի գիտականացմանը նպաստելու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...