28 апр. 2023 г.

173/անտիպ

Բարու և չարի շնատամներով հարաբերականություն երախին անհաս է միայն այն, ինչն ինքնարար է: 

© Գորշ



155/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մինչդեռ հավատացյալն ու անհավատը երկուստեք չգիտեն, որ աշխարհը Աստծո եւ Նեռի հանդիպման անկողին է, Աստծո մեջ ձեւավորվող ու/բայց Նեռի արգանդում հասունացող ճշմարտությունների որբատուն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



154/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նրանք, ում երբեւէ համակրել եմ, ի վերջո պետք է իմանան, որ մարդու մեջ ինձ միշտ գրավել է անմարդկայինը, որն ինձ համար հակիմաստ է մարդկայինին՝ միայն իբրեւ վեր, կամ դրա ներուժ։ Եթե այստեղ տեղին է տեսնել գնահատանք, ապա, առավելապես, իմ հիասթափության։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



153/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնտեղ, որտեղ ինձ ֆիքսում են զգայարաններով, ես բացակայում եմ ինքս ինձանից, ու եզակի դեպքերում, երբ կա հարազատություն, բացակայությունս ինքնազոհություն է՝ արհամարհանքի փոխարեն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



152/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ունենալ այն, ինչ ունի երկրորդը, ընդհուպ մինչեւ երազանք/երեւակայություն, արժեզրկում է ունեցածը, կրկնելիությունը՝ ունեցողի գոյության իմաստը։
Ոչ էլ ինքդ քեզ սիրելով, այլ՝ ինքդ քեզ ծնելով, որպեսզի լինի մաքուր մեկը, որը չի պղծվել երկրորդի սիրով, հետեւաբար՝ անկրկնելին։ Ինքնարարման համար, սակայն, պղծվելը ոչ միայն իմաստ, նաեւ անհրաժեշտություն ունի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



27 апр. 2023 г.

151/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երազելուց բացի, ըստ հարկի, պետք է կարողանալ թաղել այն՝ անկախ նրանից, թե ինչքան է մեծ եւ ով կա նրա մեջ, որ երազանքը չստրկացնի, ու ոչ միայն թաղել, նաեւ կոխոտելով քարացնել եւ մինչեւ փսխելը վրան խմել, որտեղ, այլից զատ, հենց միայն նա, ով այդ պահին շփում է մեջքդ, կա՝ իսկական ընկեր։
Իսկ հարկավորության պահը հատկորոշելու համար՝ պետք է ընդամենն իմանալ, որ այն չկա, պետք է թաղել առանց դրա, որ հայտնվի ընդունելու անակնկալ, կամ, իբրեւ հյուծող ակնկալիք, անհետ մնա։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26 апр. 2023 г.

150/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդու եւ ժամանակի միջեւ ստացված ամենամեծ փոխադարձությունն իրար սպանելն է, որտեղ ժամանակը հանդես է գալիս փոխադարձող, մարդը՝ հետապնդող ուրվականից պաշտպանվող։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



25 апр. 2023 г.

149/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ճակատագիրն այլ բան չէ, քան միայն այն, որ ցանկացած ընտրություն տանում է ինքնառերեսման։ Դրա անխուսափելիությունից չի կարող շեղել ոչ մի ընտրություն՝ անգամ ապագայի իմացությամբ, կամ անցյալում կրկին հայտնվելու հնարավորությամբ արվածը, ինչից չի փոխվի ոչինչ,բացի անգիտակցականության մեջ առկա իրողության գիտակցումից՝ այն դարձնելով արդեն ցնորուն կրկնություն։
Ճակատագիրը կարող էր լինել անասնական անհոգության տրվելու լավագույն փաստարկը, եթե չլիներ պարադոքսալ ճշմարտությունը, որ անփոփոխելին հնարավոր է փոխել այն ընդունելով, հետեւաբար, այն ինքնարարման ունակության մեկ փաստարկն է ու, նաեւ, դրա հնարավորությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



148/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Դեպի ինձ առաջին կուսական մաքուրի ձգտումից սկսած, երբ ես արդեն հրեշ էի, Նեռը պլանավորեց ինձ մատուցել իբրև հաղթական փաստարկ Աստծո դեմ, բայց նրանց քանակն արագ դարձավ նրա հուսախաբությունը, ինչպես առաջինի մոլորեցման վարկածը՝ Աստծո չարդարացված մխիթարանքը։ Նրանք տարակուսանքի մեջ են՝ ինքնարարման արթնացումը սպառնում է վերաճել
համավարակի … 

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



21 апр. 2023 г.

172/անտիպ

Ուրիշի հանդեպ սերը սկսվում է համակրանքից, սեփական անձի հանդեպ սերը՝ հիասթափությունից։ Բայց, նաև, քանի դեռ ճշմարիտ չէ սեփական անձի հանդեպ սերը, մոլորություն է ինչպես սերն առ ուրիշը, այնպես էլ համակրանքը, հետևաբար և դեպի սեփականը տանող հիասթափությունը։
Ով չի հաջողացնում իր մեջ լուծել այս պարադոքսալ առեղծվածը, սիրո մեջ մնում է համակրանքի և հիասթափության պարանոիդ պարբերականություն ապրող բիճ։

© Գորշ



171/անտիպ

Մարդու ամբողջ կյանքը, առավելապես, վրեժխնդրություն է առաջին ստացած հիասթափության, որն անգամ չի էլ հիշում, իսկ շատերի մոտ այն նույնն է` պտուկի անսպասելի դուրս պլստալը շուրթերից։
Գտի՛ր «պտուկդ», ո՛վ «աբիժնիկ» …

© Գորշ



147/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միայն, երբ ինքնասուզման մեջ հույզերից եւ ակնկալիքներից մաքրված մտքերում հանդիպեց անուն(ներ), հասկացա, որ աղոթքը հենց դա է ու երբեք այլ բան չէ։ Հիմա իմ հայացքը փնտրում է անտես(ներ)ին, ում ինքնահերքման մեջ հանդիպել է իմ անունը, քանզի տեսանելիները չեն բավարարում պատասխանին հարցի, թե ինչու եմ դեռ ապրում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



146/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սերը սրտին վերագրելն անասնականություն է. դրան անհաս մարդկային գիտակցությունը, ինչպես իրեն անհասկանալի ամեն ինչ, շղթայում է հույս/հավատով եւ տեղափոխում գլխից ներքեւ։ Այն, ինչ զգում են իբրեւ սեր, ընդամենը կրծքավանդակում փքված հպարտություն է եւ/կամ որովայնում նեխած խիղճ, ու հենց միայն նրա համար, քանի դեռ զգայական բան է, դրանից պետք է ազատել միտքը, ինչպես կեղտից մարմինը։
Իսկ սերն այլ բան չէ, քան, միայն, Բարձրագույն (ինքնարար) Բանականություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



145/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ես հասել եմ այն անկեղծությանը, որ ինձանում կեղծիք տեսնելը միայն սեփական կուրության ախտորոշում է։ Ես այնքան ու այնպես եմ պատժել ինքս ինձ, որ ուրիշի պատժելն ինձ ինքնին հանցանք է։ Ես հասել եմ այն ինքնաներմանը, որ ուրիշի չներելն ինձ ինքնին մեղք է։ Վերջապես, ես արարել եմ ինքս ինձ …, բայց, որովհետեւ, ուրիշից դուրս, մարդուց այլ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



20 апр. 2023 г.

144/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հիասթափութուն է նաեւ, երբ վրա հասած ողբերգությունը տանում ես ավելի հեշտ, քան ակնկալվում էր դրա պատկերացմամբ։
Ես, իմ ակնկալիքներով, հասարակացրել եմ ցանկացած հնարավոր ողբերգություն, որն իմ պատկերացումը չի (համա)հեղինակել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



19 апр. 2023 г.

170/անտիպ

Սին են հույսերը և բութ են հավատները բոլոր, 
եթե չկա ինքնահաղթահարում,
Անպետք են իմացությունները հնի և նորի, 
եթե չկա ինքնաճանաչողություն,
Ունայն է ապագան մարդու և մարդկայինի, 
եթե չկա (չլինի) ինքնարարում։
Կա (կմնա) միայն հետապնդող ամոթ, որ մարդը անասունից ոչ թե բարձր է, այլ՝ նույնի ավելին։ 

© Գորշ



143/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե գնացել է ցամաքով, վերադառնալու համար պետք է ստիպված լինի լողալ։ Եթե գնացել է ջրով, վերադառնալու համար պետք է ստիպված լինի թռչել։ Ի վերջո՝ պետք է ստիպված լինի դառնալ այն, ում հայտնվելը կմնա առեղծված։
Եթե գնացել է անվերադարձ, անհետացել, կամ չի էլ հայտնվել, միեւնույն է, երբ ճանապարհն անպայմանական է ու բացառապես ինքնարարման է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 апр. 2023 г.

142/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իրենց իսկ բնորոշմամբ՝ երջանիկ ու դժբախտ մարդկանց շատ եմ տեսել, կարելի է ասել՝ բոլորին եմ տեսել երջանիկ ու դժբախտ, բայց հենց միայն նրա համար, որ տեսել եմ, կիսատ է եղել ինչպես նրանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, իսկ չափը ճիշտ համապատասխանել է ուշադրությանը, որը նրանք փնտրել ու ինձանից միշտ մերժվել են։
Այն, ինչը բացահայտվում է միայն ուշադրության ինքնամերժմամբ, իր ամբողջականությամբ լռեցնում է եւ ուրիշների մեջ էլ, այո՛, հայտնաբերվում է՝ միայն, ու հենց միայն լռություն էլ կոչվում է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



141/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որպեսզի բացարձակորեն տիրես, պետք է ոչնչացնես, որ չմնաս գերին նրա, ինչ ստեղծել ես, կամ գերադասես ստեղծածիդ անպայմանական գոյությունը՝ նրանից հերքես ինքդ քեզ: Մնացած բոլոր դեպքերում՝ կա միայն տիրելու պայմանականությամբ արարչության կիսատություն, քանզի այն, ինչ ստեղծում ես, ստեղծում է քեզ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



13 апр. 2023 г.

140/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Առերեսում բնության հետ.

Քո առաջ, առավել եւս քո դեմ, սին են բոլոր մտքերս, եւ դու, ընդամենը ինձ մենակ բռնացնելով, կարող ես մտածողությունս անէացնել մինչեւ զրոյականություն, բայց քո՝ իբրեւ անպարտելի բնության ծնկի բերող այս
հաղթանակի դեմ կա հավասարակշռող մեկ փաստարկ՝ դու չես կարող ինքդ քեզ վայելել այնպես, ինչպես ես եմ քեզ վայելում, հատկապես, երբ պարտվում եմ քեզ, ու մինչ դու շարունակում ես ինձ հերքելու փորձերդ, տիեզերքը փաստարկիս շուրջ հետեւություն է անում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



139/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչ եմ ուզում, երբ այլեւս անհնար է ոչնչացնել մեկնարկը, թերեւս այն, ինչ արարիչները, եթե հնարավորություն ստանային սկսել նորից՝ տեսնելով իրենց արարումների իրական կիրառումը: Նրանք, իհարկե, չէին կարողանա զսպել ստեղծելու կիրքը, բայց, անպայման, կձգտեին դրանք հասցնել աստիճանի, որից
ոչ ոք չէր փրկվի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



138/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հեշտ է ինձ իմ դեմ օգտագործելը, հետեւաբար, նաեւ հաղթելը, բայց անգամ նա, հաղթանակած հայացքը հպարտությունից շեղելով, իրեն չի կարող հայտնաբերել այլ տեղ, քան տիրույթում, որն արարման հիմքով ծագած իրավունքով՝ բացարձակորեն ինձ է պատկանում, միաժամանակ բացահայտելով, որ մեկնարկում էլ չի ունեցել ինձանից անկախ նախաձեռնություն։
Ուզում եմ, երբեւէ, ինքնահակասություններս մատուցել նրա՛ բարձրացմանը, ում, այլ տեղ, քան տիրույթիս բարձրակետին իր հասնելը, չեմ ցանկանա պարտվել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



12 апр. 2023 г.

169/անտիպ

Ճշմարտությունը պատկերում են սուր ու վահան, այնինչ այն ավելի շատ նման է բույսի, որը կարող է ճեղքել քարը, բայց կոտրվել երկու ստի թեթև սեղմումից։ Իսկ արդարությանը, առհասարակ, արժե շնորհել «խեղճերի աստված» տիտղոսը` ճիշտ այն մեկ խաչվածի պես, ու ճիշտ նրա պես ուղարկել անբանության։
Ուրեմն, եթե ճշմարտությունն իբրև սուր ու վահան, ապա միայն ինքնաճանաչողության` ինքնաքանդման և ինքնախաբեությունից պաշտպանության։

© Գորշ



137/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նա, ով սովոր է նայել ուղիղ, վարժվում է բարձրացող տեսադաշտից դուրս մնացողների, վերջիվերջո, բոլորի արհամարհանքին։ Այն, ինչ մյուսներին թվում է փոխադարձություն, նրա ինքնաժխտումը բացահայտում է իբրեւ ինքնադիտում, որից տեսնողն ինքնարարվում է, կույրը՝ անծին մնում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



136/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ ոճը հանրայնացումից պաշտպանում է բովանդակությունը՝ հասարակ լեզուներին հայտնվելն ու մաշվելը՝ մինչեւ սովորականություն։ Ես ընկալվում եմ միայն անդնդախոր հոգիների կողմից, բայց անգամ նրանք, ինձ ճիշտ մեջբերելու համար, չեն կարող ապավինել հիշողությանը։
Ես չեմ դասակարգվելու ու չեմ հայտնվելու որեւէ նախընտրանքում, հավաքածուները ինձ չեն հերթագրելու, չեմ մեկնաբանվելու ու նկարագրությամբ չեմ փոխանցվելու, ինձանից հիշվելու է միայն անունս՝ իբրեւ ինքնախոսության կողմ եւ ինքնասուզման հակվածություն նրա, ով զգացել է ինձ հարազատ, բայց գիտակցականորեն չի հասկացել՝ ինչու, ու ինքնարարման մեջ ժխտել է հարցը։ Անվամբ գրավելու եմ բոլորի իմացությունը, բայց ինձ ներծծելու են միայն բարձր էությունները, որոնցից յուրաքանչյուրի համար լինելու եմ իր սեփականը՝ գոյությամբ կամ ու չկամ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



10 апр. 2023 г.

135/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, որ աղոթատեղիներին սովորներն իրենց պաշտամունքի կերպարի մարմնանալու դեպքում նրան արհամարհելու, կամ դրամով նվաստացնելու են, ինչպես իրենց ուխտի ճամփին հանդիպող անտերունչի, բայց երբեք նրա կողքը չեն նստելու զրույցի, գիտի նաեւ նա, ում այլանդակել են ծեսերում, ուստի, երբեւէ որեւէ հիմարի, կամ հանճարեղ ծրագրողի կողմից կրոնի վերածվելու փոխարեն՝ նախընտրում եմ մնալ ինքնարարման համաճարակի՝ իր խրախճանքին սպասող, դարանակալած վարակ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



134/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միամտություն է, միայն նրա համար, որ իշխանությունը կազմված է հայրենակիցներից, համարել լավը օտարակալությունից, իսկ ճշմարտությունը նրանում է, որ իշխանությունների միջեւ դա միակ տարբերությունն է, ու, անկախ պատմագրության մոլորեցումից, իրականությունն այն է, որ իշխողը երբեք ընտրող չէ, նա միշտ ընտրյալն է հպատակի, հակառակ դեպքում՝ անհասկանալի կլիներ, թե ինչու՞ մահն ամենաիրացված իրավունքը չէ։
Հենց միայն նրա համար, որ մեռնելը շարունակի համարվել պարտականություն, հպատակին նախընտրելի է հայրենակցի, էլ ավելի՝ արյունակցի իշխանությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


7 апр. 2023 г.

133/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Առաջինը, ինչ փնտրում եմ սեր, մարդասիրություն քարոզողներին նայելիս, գամերի թողած սպիներն են նրանց ափերին, ու ինքս ինձ էլ, առանց հարության խոստման, վաղուց թաղել եմ՝ դրանց անգոյությունը չխախտելու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



132/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Առնվազն, դահիճներից փրկվելու համար՝ արժե լինել այլ բան, քան մարդն է, բայց եւ քեզ սպանելու առաջին փորձը ձախողած որսորդին էլ պետք չէ կրկին հանդիպել, քանզի նրա ձգտման մեջ, այդուհետեւ, գերիշխում է հպարտությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


131/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հանկարծահայտը, պատահում է, թվում է փրկություն՝ մինչեւ առաջին կրակոցը, ինչից պարզվում է՝ դարանակալած որսորդ է, ում վրիպման դեպքում էլ, սակայն, ստիպված ես բացահայտել, որ նրա թիկունքում գտնվող բնությունը վաղուց պղծված է բարձր գոյությանդ համար։ Դրանից հետո որսորդը դառնում է բաղձալի հրաշքի միակ պատկերումդ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



168/անտիպ

Բուն էությամբ` երկխոսությունը երբեք երկու անձի զրույց չէ, այն առավելապես երկու անձի մենախոսություն է, որում մեկը մյուսի համար լոկ վկա է, կամ, հազվադեպ, ինքնասուզում է, որտեղ մեկը մյուսի մենակության մարմնացում և ինքնահաղորդակցում է։
Ուստի եթե երկխոսություն, ապա միայն ինքնասուզման, և կորչեն բոլոր վկաները …

© Գորշ




5 апр. 2023 г.

167/անտիպ

Դեռ ոչ մի գիտակցություն չի հաջողացրել ճողոպրել բարոյականության կողմից բռնաբարվելուց։ Փախուստի ցանկացած փորձ միանգամից կանխվում է օրենքի, կրոնի, սովորույթի կողմից, ինչին ապա հաջորդում է խմբային բռնաբարությունը։ Ու ինչքա՜ն բճեր են ծնվում արվեստում, որոնք շատերին սիրելի են դառնում միայն այն բանի համար, որ դրանցում արտահայտվում է յուրաքանչյուրի կուսազրկումից մինչև փչացում հուզական ողջ կենսափորձը։
Հանգամանքներում, երբ գիտակցությունն իրապես ինքնարար է, նա անպայման (առանձնապես սիրո մեջ) անամոթ է, բայց ոչ անհամեստ, քանզի լկտիությունն էլ փոխադարձ բռնաբարության ծնունդ է։

© Գորշ



3 апр. 2023 г.

166/անտիպ

Յուրաքանչյուրը պատկանում է ամենին, իսկ յուրաքանչյուրին պատկանում է ոչինչը. անհատական աստվածների հավաքական ոչնչություն։ 
Նա, ում պատկանում է ամենը, ինքը` ոչնչին, կա ինքնարար։

© Գորշ



130/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միամտությունս, ճիշտ Աստծո պես, անկախ բռնաբարվելու կոշտությունից եւ քանակից, մնացել է կույս, բայց, նաեւ, ճիշտ Նեռի կեցության պես, անկախ մեծ մեղքերի զրպարտանքից՝ հավատարմությունը դիտարկում է մանրուքներում եւ չի սահմանում դրանցից դուրս։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



129/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

 Ո՞վ ես դու.

Վաղուց հակված չլինելով խնայել ինձ՝ անտեսում եմ սթափեցնող եթե-ի խելամտությունը, որի դեպքում անգամ սեփական հայացքս չի կարող դիմանալ խենթացմանն այս ծավալի մեղքերի, որոնք քո հայտնությամբ մեկտեղվում են իմ խառնարանում ու դուրս գալիս դրանից մեկացած՝ անմեղությամբ՝ ամեն, ու քո բովանդակությունը բացահայտելուն ուղղված հարցով ճանաչվում՝ արարվում է իմը՝ հարցիս մեջ փոխելով միայն այն, որ դու-ն վերածվում է ես-ի՝ առանց հարցականի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


128/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մեծ հավատին պետք է նախորդի մեծ հուսահատությունը. իր մահով այսպես ուսուցանեց հայտնի խաչվածը, բայց, միաժամանակ, վերածվեց փոքր հուսախաբության, երբ խոստացավ վերադառնալ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



127/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ամրաձույլ սանդուղքի անխուսափելի փլուզումից չվնասվելու համար՝ ճիշտ է թղթից կառուցել, էլ ավելի՝ յուրաքանչյուր նախորդ սանդուղն այրել …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...