29 мая 2021 г.

13/անտիպ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱԿԵԴՈՆ

Հայի/Հայաստանի «Սև խոռոչը» այնքան տարողունակ է, որ ունակ է կլանելու անհաշիվ շատ ու անչափելի մեծ ողբերգություններ, որոնց ունակ չէ ուրիշ մեկը, բայց ոչինչ չի անհետանում և չկա էներգիայի անվերջ խտացում, ու դարերով ուղեկցող կիսափրկչության նպատակը այդ էներգիայի հակադարձ շարժման՝ ընդարձակման կառավարելն է (նաև), որ չլինի «Մեծ պայթյուն», բայց հաշվի առնելով, որ կառավարելիության հավասարակշռությունը վաղուց խախտված է և կլանվողն անհամեմատ շատ է արձակվողից, «ԱՐՄԱԿԵԴՈՆ» լինելու ա 

© Տիգրան Գորշ / անտիպ

28 мая 2021 г.

12/անտիպ

Գուցե և մեղավոր չես, որ շատ որդիք ունես պանդուխտ դարձած, բայց մեղավոր ես ընտրանքումդ, երբ տանդ մի մեխ խփող որդուդ չես նկատել, փոխարենը մեծարել ես օտարի տունը շենացնողին`լոկ միայն նրա համար, որ անունը եղել է հնչեղ, փառքը՝ մեծ,

անգամ օտարին ես հպարտությանդ համար զավակ կոչել ու չես էլ նկատել, թե տանինդ ոնց է որբացել։

Գուցե և մեղավոր չես, որբդ է անհանճար,

բայց, միևնույնն է, նա է քեզ համար անելու հոգ ու ճար 

© Տիգրան Գորշ / անտիպ


26 мая 2021 г.

11/անտիպ

Սերը բարձր բանականություն է, սիրել՝ կնշանակի ձգտել բանականության բարձրագույնին, սիրել միմյանց՝ կնշանակի ձգտել միասին։

Բայց այստեղ բանն այն մասին է, որ ցածր ինտելեկտը, առավել ևս հիմարը, ընդունակ չէ սիրել, և այն, ինչ հասարակացված բառի ներքո հաճախակի լսվում է (թեկուզ անկեղծ), այլ բան չէ, քան գիտակցականորեն ձևափոխված դրսևորում նույն կենդանականության, որպիսին բնազդային մակարդակում կրում են այլ կենդանիները, ու սրանց մոտ էլ, վաղուց ոչ զարմանալիորեն, արձանագրվում են հատկանիշներ, որոնք վերացնում են դրանց առանձնահատուկ մարդապատկան լինելը, որոնցով մարդիկ սովոր են բնութագրել սերը, համարվել սերը ճանաչող և սիրող։


© Տիգրան Գորշ / անտիպ

25 мая 2021 г.

Մարդ ինքնարար.

«Մարդ բանական» սահմանումը, ներառյալ դրանով ամփոփովող բոլոր տեսական, գիտական, կրոնական և այլ «հոգևոր» կոնցեպցիաները, այլևս լճացում են և չեն ապահովում մարդու զարգացումը, ու արդեն նախանշվում է նորի հայտնությունը, որի «վարակը» ինքս տարածում եմ (եթե ոչ միակը), ապա առաջիններից մեկը։ Այն բռնկվելու է նախ իբրև շարժում, «համաճարակ», ապա կլանելու է բոլոր ազգերին, մարդկային մտքի բոլոր ոլորտները՝ հասնելով գիտական ընդունումից մինչև սոցիալական էտալոն՝ վերակառուցելով ընդհուպ հանրակեցության տնտեսական ու քաղաքական համակարգերը։ Այն հակադրվելու է բոլոր ուսմունքներին, որոնք ենթադրում են հետևորդություն, ըստ այդմ բոլորին՝ ներառյալ կրոններ և դրանց ճտաճյուղեր, բայց ոչ որպես թշնամանք (ամեն ինչ նրան հումք է), թեպետ դրանցից ստանալու է հալածանք՝ որպես ճշմարտությամբ իրենց սպառնացող վտանգ ու հենց այդ հարվածներն էլ ավելի են արագացնելու շարժման զարգացումը մինչև համամարդկային ընդունում առ այն, որ մարդը ոչ թե բանական, այլ (արդեն) ԻՆՔՆԱՐԱՐ էակ է, որի համեմատ «մարդ բանականը» հնացած ու անգամ անասնականություն խորհրդանշող սահմանում է։ 
«Մարդ ինքնարար» գաղափարն արդեն իր արտահայտումն է գտնում առանձին մտածողների մոտ ու ավելի ընդգծվում հոգեբանության մեջ, սակայն որևէ առանձին գիտություն ի զորու չէ այն ամփոփել իր մեջ՝ այն նախատեսված է նվաճելու ԱՄԵՆԸ։
Այս անսահմանորեն տարողունակ ու կլանող սահմանման (գաղափարի) ակնարկն արվում է այն բանի համար, որ այն դեռ հնարավորություն ունի անհատական ծագումից վերածվելու ազգայինի ու առաջադրվելու աշխարհին՝ այն նվաճելուց հետո ազգին ապահովելով ուրույն բարձր դիրքը համամարդկայինի կոնտեքստում, իսկ Հայաստանը դարձնելու գաղափարի «Արարատը», «Երուսաղեմը», «Վատիկանը» ...՝ այդ կերպ ապահովելով դրանից բխող ամբողջ դրականը, որի դեմ անզոր կլինի ցանկացած զենք, ու կլինի առաջին դեպքը, երբ որպես իմաստուն ազգ, աշխարհին առաջարկում ենք համընդհանուր փիլիսոփայություն, միաժամանակ՝ ամենան մինչ այդ եղածներում, թեպետ քթի չափով կրճատած մեր տեսողությունը քիչ հույս է տալիս, որ կարող ենք տեսնել բարձրն ու դարի հեռավորությամբ երևակվողը, բայց ...
Հակառակ դեպքում այն ծագելով այստեղ, բայց գալու է որպես նվաճող հյուր ու մնալու է միայն հպարտությունը շոյող հերթական հիշատակումը, որ այն ծագել է ՀԱՅԻՑ (արցախցուց) ու վերջ, ինչպես շատ այլնի դեպքում է։ 
«Ինքնարարման» գաղափարով արշավելու համար ընդամենը պետք է որ ամեն ոք, թեկուզ դեռ առանց գիտականացման, ուղղակի զգա գաղափարի ճչացող և կլանող ճշմարտությունը ու առօրյայից մինչև հոգևոր ինքնադիտում գիտակցության մեջ կրի անեզր առաջնորդող «ինքնարար եմ» ինքնասահմանումը՝ թույլ տալով մտքի նյութականացումը, կենդանությունը, ապա և՝ մնացածն ինքնին՝ առ անսահման արթմնություն, տիեզերականություն ...

Տիգրան Գորշ

23 мая 2021 г.

9/անտիպ

Էլի փորձանք թակեց դուռդ, որ արթնացնի,

իսկ դու, նորից, ննջեցնող «փրկչի» ձեռքը բռնեցիր 

Բայց լուր ունեմ ապագայից քեզ համար,

որ պետք է լսես ամոթահար,

քանզի խոսքն է ժառանգիդ՝

թողածովդ լծակիր.

«Արթնանալդ ընտրելիք չէր, հԱ՜յ(ր),

բախտդ էր արևագիր,

ու այս խոսքից էլ բացի,

մեզ ոչինչ կապող չկա,

քանզի (երբ) քո՛ փոխարեն՝

ես դարձա ինքնարար,

վարդապետի փոխարեն՝

դեռ (միայն) ինքնարարների նախահայր»։  


© Տիգրան Գորշ / անտիպ

22 мая 2021 г.

8/անտիպ

Կռվի տարրական մաթեմատիկա, կամ՝ խեղճը չի կարող լինել առողջ.

Խեղճանալը կարող է փրկել ապտակից, որն անպայման վերածվում է քացու խեղճացողի հետույքին։

Ըմբոստությունը կարող է ավարտվել պարտությամբ, բայց անպայման չէ, որ ըմբոստացողի ու անպայման ո՛չ քացիով հետույքին։

Անպայմանի և ոչ անպայմանի միջև առողջ կամքը ընտրում է չպարտվելու հնարավորությունը, ապա և (եթե …)՝ պարտության արժանապատիվը։

© Տիգրան Գորշ / անտիպ



7/անտիպ

Սեփական վեհության ստվերում խեղճացել ես, բայց արևիցդ շեղող մահիկը ևս գոյություն ունի արևովդ։ Մահաբեր օղակից դուրս գալու համար պետք է մեռնես, պետք է վերածնուդդ հետաձգող փրկչությունները մեկ անգամ մերժես, կիսախավարում հայտնվելու (մնալու) փոխարեն մեկ անգամ ինքդ խավարն ընտրես՝ թանձր այնքան, որ մահիկն էլ մահանա, մոլորությունդ էլ արևից՝ քավություն ստանա։

© Տիգրան Գորշ / անտիպ

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...