24 янв. 2024 г.

225/անտիպ

Ի տարբերություն մտքի իսպառ բացակայությամբ տգետի, որին կարող ես նմանեցնել բնության մեջ առկա որևէ անասունի և ունենալ համարժեք վերաբերմունք` ընդհուպ համակրանք, առավել անտանելի է ուրիշի մտքերով լցոնված տգետը։ «Գրքասեր» այս տականքը, ում հաճախ կարելի է տեսնել գիրքը ձեռքին, կոչված է փչացնելու մտքի բարձրը և տարածելու դրա միջակն ու ցածրը։

© Գորշ



19 янв. 2024 г.

224/անտիպ

Զոհը, հենց միայն այն բանի համար, որ զոհ է, չի կարող անմեղ լինել։ Բայց և անկախ սրանից էլ` երբ արդեն համարվել է զոհ, էլ ոչ մի նշանակություն չունի որոշելը` անմեղ է, թե մեղավոր։

© Գորշ



223/անտիպ

Արարիչները ծնվում են այնտեղ, որտեղ մահանում են աստվածները
Ինքնասուզման այն խորությունից, որտեղ վերջանում է նմանությունը մարդկանց, մեկնարկում է աստվածների թագավորությունը։ Աստվածների թագավորության վերջավոր լինելը տրված է ճանաչել նրան, ով ունակ է մերժել աստվածանմանության բոլոր գայթակղությունները՝ իր մեջ ոչնչացնելով մարդուն։ Ապա մեկնարկում է ինքնարարների տարածաժամանակային անընդհատությունը 

© Գորշ



17 янв. 2024 г.

222/անտիպ

Սեփական գիտակցության հետ հնարավոր է միայն խորքային հաշտություն, իսկ մակերեսին այն անընդհատ ենթակա է միջավայրի (ուրիշի) ազդեցությանը՝ թեկուզ երբ կա միայն երկրորդը։ Հաշվի առնելով ուրիշի ազդեցության միջոցներն ու ծավալները, բոլոր այն դեպքերում, երբ չես գտնվում ինքնասուզման մեջ, առաջնահերթ հենց սեփական գիտակցությանդ պետք է վերաբերվես այնպիսի վերապահումով, ինչպիսին կարող ես ունենալ դաշնակցային առաջարկ անող թշնամուդ նկատմամբ։
Իսկ պարզելու համար, որ սեփական (մակերեսային) գիտակցությունդ կարող է լինել (ու կա) մեկ թշնամիդ, բավական է փորձել հրաժարվել որևէ վնասակար սովորությունից։

© Գորշ





221/անտիպ

Խորհուրդ, խրատ, կարծիք։ Նա, ով չափազանց հաճախ է ապավինում բարոյականության այս առաքյալներին, ի վերջո վերածվում է մտքի ինքնուրույնությունն իսպառ կորցրած պոռնիկի՝ պարզելով, որ ի դեմս առաքյալների՝ թույլ է տվել իր կյանք մտնել կավատների։

© Գորշ


12 янв. 2024 г.

220/անտիպ

Մարդիկ ավելի հեշտ են տանում սիրելիի մահվան լուրը, քան իմացությունը, որ անհետանալը նրա լավ լինելու գրավականն է(ր)։ Բոլոր բարեմաղթությունները վերծանելով հպարտության «լույսի» ներքո, չի պատահում մեկը, որ չհամարվի հայհոյանք։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...