27 дек. 2023 г.

219/անտիպ

Լիաթոք ծիծաղում է մեկ նա, ով երբեք չի տարվել «ապրելու իմաստը» ինքնահարցադրմամբ, մեկ էլ նա, ով տարվել է չափազանց լուրջ։ Մեկը բավականաչափ ապուշ է, որ լինի երջանիկ, մյուսը նույնչափ հանճարեղ, որ խելագարվի, իսկ մնացածը պարզապես խելամիտ են` ծիծաղով կեղծ ու կիսատ։

© Գորշ



218/անտիպ

Սիրեցե՛ք իրար, սիրեցեք այնպես, որ ձեզանից մնա ոչ ոք 

© Գորշ



18 дек. 2023 г.

217/անտիպ

Գայթակղիչ կին` գեղեցիկ ծաղիկների փունջը ձեռքին։ Այսպես եմ պատկերում իմ ու կյանքի այն հանդիպումը, որտեղ նա խոստանում է երբեք չներել ինձ միայն այն բանի համար, որ համարձակվել եմ իր հարցերի փունջը համարել անշունչ և իրեն խիստ սազական։

© Գորշ



216/անտիպ

Տխրությունն անշուշտ նմանեցնում, բայց չի հաստատում, որ տեսածդ հոգևոր էակ է և ոչ մարդատիպ անասուն։ Նա, ով շտապում է փարատել ուրիշի տխրությունը, այդ կերպ բացահայտում է իր ոչ հոգևոր էությունը։ Հոգևորը երբեք չի բացառում պահի ինքնասուզումը և զգուշավոր է մոտենում ուրիշի տիեզերազգացությանը։

© Գորշ



14 дек. 2023 г.

215/անտիպ

Նախաճաշել այն ամենի սպանությամբ, ինչը ստեղծել է քեզ: Ճաշին վայելել սպանությունն այն ամենի, ինչը ինքդ ես ստեղծել։ Ընթրել ամենից մնացած հուշերով ու մինչև կեսգիշեր արբենալ դառնահամ կարոտով` առ ոչինչը: Հասնել այնպիսի դատարկության, որ ներսդ մահն իր քունը գտնի անգամ 

© Գորշ



11 дек. 2023 г.

214/անտիպ

Եթե կարողանաս հիմարին համոզել, որ, օրինակ, հինգ տարի հետո ինքն ավելի լավ է ապրելու, նա պատրաստ կլինի մեռնել ևս հինգ տարի։ Հասարակությունները հենց այս տրամաբանությամբ էլ կառավարվում են։

© Գորշ



213/անտիպ

Հերոսացրու հիմարի մեռնելը և նա ոչ միայն կմոռանա ապրելու մասին իր բոլոր դժգոհությունները, այլ իր հետ կմեռցնի բազմաթիվ ուրիշ հիմարների։ 

© Գորշ



212/անտիպ

Պատկերացնելու համար, թե ինչ նկատի ունեն մարդիկ՝ արդարություն ասելով և ինչ են ակնկալում՝ արդարադատություն պահանջելով, բավական է նկատի ունենալ, որ գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում, առավել ևս ոչ ոք չի վիճարկում վճռի ներածական և պատճառաբանական մասերը, երբ եզրափակիչ մասն օգուտ իրեն է։

© Գորշ



5 дек. 2023 г.

211/անտիպ

Կիսախավար գոյություն, կամ ստվերների թվականություն
Երբ ոչ խավար է թանձր, որ չտեսնես, ոչ էլ այնքան լույս, որ աչքերիդ չկասկածես, չես կարող վստահ լինել` տեսածդ գոյա՞կ է, թե՞ ստվեր, ինքդ դու՞, թե՞ ուրիշի ուրվական ես։

© Գորշ



210/անտիպ

Յուրաքանչյուրը բանտարկված է իր իմացության սահմաններում։ Մեկը հիմար է իր անգիտության չափ, մյուսը՝ իր գիտունության։ Նա, ով հասկացել է գիտելիքի այս վտանգավորությունը, ճանաչողության հետ պետք է իր մեջ վարժեցնի փակ կոպերի գունային խաղին հետևելու սովորությունը։

© Գորշ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...