12 нояб. 2024 г.

25/անտիպ

Ով իր հանդեպ վստահություն է պահանջում, ակամա բացահայտում է խաբելու իր մտադրությունը։ Ով առաջնորդվում է դիմացինի հանդեպ վստահությամբ, ակամա տալիս է խաբվելու իր հոժարությունը։
Այս վախերից ազատ է նա, ում առաջնորդում է (ինքնա)ճանաչողությունը։

© Գորշ



22 окт. 2024 г.

24/անտիպ

Երբ ճանաչելն արգելված էր, շատերը ձգտում էին ճանաչողության։ Երբ արգելված էր սիրելը, ձգտում էին սիրո։ Ի վերջո, մարդ լինելը շատերի նպատակն էր, երբ արգելված էր։ Հիմա, երբ թույլատրված է այդ ամենը, շատանում են տգետ ու անսեր անասունները։

© Գորշ



29 авг. 2024 г.

23/անտիպ

Որտեղից է այս համատարած դիահոտը փչում
Իրականությունը «վերջանում է» այնտեղ, որտեղ դադարում է նրա հարաշարժության ընկալումը, այդուհետ նրանում մնում են երևակայություններով, երազանքներով, հուշերով ու մղձավանջներով տարբերվող ուրվականներ, բայց նույնական՝ իբրև մեռած հոգիներ։ Մեռած հոգիների «իրականություն»։

© Գորշ


28 авг. 2024 г.

22/անտիպ

Սիրում ես, որովհետև ճանաչու՞մ ես, թե՞ սիրում ես, որ ճանաչես։ Այս ինքնահարցադրումից զատ, որը յուրաքանչյուրը սիրո (ճանաչողության) մեջ պետք է տա ինքզինքը՝ ինքնավերլուծության համար, սերը (ճանաչողությունը) միմյանց առաջադրելու մեկ հարցադրում ունի՝ փրկե՞մ, թե՞ հավերժանաս։

© Գորշ




19 авг. 2024 г.

21/անտիպ

Բոլոր կռիվները, որոնք արվում են հայելու առաջ, չեն կարող ավարտվել այլ կերպ, քան ոչ ոքի, իսկ հաշտությունը, եթե անգամ պատահում է, այլ չէ, քան այն, որ կարող է լինել մեռյալների միջև։ Առհասարակ, ինքնաճանաչողության, ապա նաև ինքնահաղթահարման համար կոպերն ունեն ավելի մեծ կարևորություն, քան աչքերը։

© Գորշ



20/անտիպ

Անբարոյական ճշմարտություններից մեկն էլ, որի մասին սակայն, մենք, «այլանդակներս», մեզ չենք արգելում խոսել, անկախ հանգամանքից, որ այն բնասերներին և բարոյասերներին ցույց է տալու կիսատությունը, կեղծիքը, շեղվածությունը իրենց «սիրո» մեջ, բայց խոսելով մեր ավանդն ենք դնում բնական և հումանիտար գիտությունների հաշտեցման մեջ` որպես մարդու  ապագայի պայման,  կայանում է նրանում, որ ծերությունը մարդու համար հակաբնական, բնության կողմից չնախատեսված վիճակ է։ Նախքան սոցիալական գոյակցության ձևավորումը, մարդը, ինչպես ցանկացած այլ կենդանի, «դատապարտված էր» երիտասարդ մահվան, իսկ ավելի ճիշտ է ասել` սպանվելու: Մարդուն տրված չէր մահվան «բնականը» և այդ իմաստով դա ևս հակաբնական է։ Մարդուն տրված էր սպանվել գիշատչի կամ ցեղակցի կողմից, իսկ եթե անգամ հաջողացնում էր հասնել որոշակի հասունացման` կորցնելով երիտասարդական ավյունը կամ կրում էր որևէ հիվանդություն կամ ստանում վնասվածք, ապա անպայման լքվում էր ցեղակիցների կողմից, այդ կերպ նաև արագ մահանում, ինչը ևս ինչ-որ իմաստով կարելի է համարել սպանություն։ Բոլոր դեպքերում մարդուն տրված ու հասանելի չի եղել ծերություն ապրելը, չէր կարող լինել։
Հիշողության ապահովման և դրանով իսկ «մարդայնացման» գործում անշուշտ դա ունեցել է մեծագույն նշանակություն, բայց անխուսափելի է ծերության հաղթահարման մարտահրավերը, որի առաջ մարդը կանգնելու է` որպես ապագայի խոչընդոտ ու ստիպված է լինելու ընտրություն կատարել` բնական փորձին վերադառնալու և հակաբնականի կատարելագործման միջև, ու երկու դեպքում էլ ընտրությունը հաստատելու է ճշմարտությունն առ այն, որ ապագան ինքնարարմանը այլընտրանք չունի։

© Գորշ



9 авг. 2024 г.

19/անտիպ

Ի - դու այնքան համոզիչ ես սեփական առաքինության մասին խոսույթում, որ ես չեմ կասկածում քո անառակությանը։
Մ - ուրեմն գնահատիր թափանցիկությունս, չէ որ դա էլ է առաքինություն։
Ի - այո, դրանում դու անգերազանցելի պոռնիկ ես։

© Գորշ



18/անտիպ

Ա - բարև, հրեշ, ինչու՞ ես այդքան այլանդակ և սարսափազդու կերպարանքով։
Հ - բարև, անապատական, ես քո ինքնաճանաչողության ծնունդն եմ։
Ա - բայց միթե սերը ...
Հ - այո, հենց սերը, որում դու չափազանց իսկական ես։
Ա - բայց չէ որ սիրո այլը չի լինում։
Հ - այո, ինչպես և իմ այլը։
Ա - ապա ի՞նչ մեղք ունեն մաքրամաքուրները, որոնց դարձնում ես քեզ կեր։
Հ - մինչ այս այնքան կոշտ կերերով եմ սնվել ու այնքան է մաշվել ստամոքսս, որ այն այլևս չի կարող ուրիշ բան ընդունել, քան մաքրամաքուրն է, իսկ հիմա նաև միայն նրբագույնը։
Ա - ուրեմն դու ստիպված ես երկար սպասել ու քաղցել։
Հ - դու արդեն այստեղ ես։
Ա -

© Գորշ



17/անտիպ

Այդ հպարտությունն է, որ բարձրանում է` ներքև նայելու համար։ Մեզ, ինքնարարներիս, ներքև նայելու համար բարձրանալու կարիք չկա ու նաև կարիքը չկա ներքև նայելու։

© Գորշ



5 авг. 2024 г.

16/անտիպ

Իմ փիլիսոփայությունն իմ սոցիալական գոյության մեջ
Այսօր ինձ ցանում եմ որպես սերմ ու այնքան խորը, որ այն անժամանակ չբուսնի։ «Եդեմական ծառը», ինչպիսին աճելու է իմ փիլիսոփայությունն ինձանից էլ անկախացած (այն ինձ չի էլ պատկանել, այդ ես եմ պատկանել), իր շվաքի տակ է առնելու բազմաթիվ անապատական նժդեհների, որոնց գայթակղելուն, ի տարբերություն հազարամյակների հայտնի ստի, օձի հետ մասնակցելու են նաև ագռավն ու գայլը, սակայն պտուղները հասու են լինելու միայն նրանց, ովքեր չեն վերածվելու իմ հետևորդի ու դրանով իսկ հաստատելու են դրանք համտեսելու իրենց արժանիքը։ Ու միայն նա, ով լքելուց առաջ կտրելու է ծառը` այդ կերպ պատվելով իմ անհիշատակությունը, այլևս ի՛ր երեք հավատարիմ վայրիների ուղեկցությամբ իջնելու է բարձունքից` որպես ինքնարարների նահապետ` կրելով իմ նահապետությունը։

© Գորշ





15/անտիպ

Բանականության համար ամենավտանգավորը հույսն է, որով մարդիկ ախտահարում են իրար, իսկ հավատը հիվանդության այն բարդացումն է, որից քչերն են հաջողացնում ինքնաբուժվել։

© Գորշ



14/անտիպ

Սեփական օրինակով դաստիարակները բաց են թողնում այն կարևոր պարագան, որ իրենց դաստիարակներն էլ եղել են ուրիշները։ 

© Գորշ




13/անտիպ

Կոնկրետ հանրույթում հաճախ հանդիպող մտածողության բոլոր նմուշները իմանալով` կարելի է կանխատեսել գրեթե բոլորի վարքը։ Բացի այն, որ մարդու մեջ սեփական կամ ընդօրինակված փորձով կարծրանում են նմուշներ, որոնք պայմանավորում են նրա վարքը համանման հանգամանքներում, դրանք վաղուց նաև ներմուծվում են (արվեստով, հեղինակությամբ, գրով, սրով և այլն) կառավարում ապահովելու համար։ Եթե իրապես կամքի ազատություն, ապա այն հնարավոր է, այն էլ որոշակի վերապահումով, դիտարկել խենթերի մոտ, որոնք նույն նմուշային մտածողության կողմից մեկուսացվում են իբրև համակարգին սպառնացող վտանգ։
Մարդը սովորութային կենդանի է` մտածողությամբ, վարքով, ընդհուպ բնավորությամբ ու նամանավանդ բարոյականությամբ։ 
Այս համատեքստում կամքի ազատությունը բացահայտվում է իբրև հանճարեղ սուտ` հպատակությունն ինքնաշխատության հասցնելու համար։

© Գորշ




12/անտիպ

Կա անձայնություն, որովհետև լսողությունն է սահմանափակ։ Կա անտեսանելիություն, որովհետև տեսողությունն է սահմանափակ։ Կա անիմացություն, որովհետև իմացությունն է սահմանափակ։ Ու կա նաև պատրանք` լսածի, տեսածի ու գիտեցածի։ Ահա՛ միակ ճշմարտությունը, որն ի չիք է դարձնում ստվերները, որոնք փորձում են հաստատվել իբրև մարմին` ընդհուպ սեփական։ Մարդու մինչ օրս ճանաչած բոլոր «ճշմարտությունները» ստվերներ են։

© Գորշ



11/անտիպ

Մեզ չեն սիրում միայն պատճառով, որ մենք չենք կրում այն, ինչը կարող է սիրել հպարտությունը և խիղճը` մենք չունենք այդ լեշակեր բարոյականությունը, այդ իմաստով մենք անբարոյական ու հակասոցիալական ենք, ամոթը մեզ գրավում է մեկ ինչպես գանձախույզին փայլը, մեկ ինչպես գայլին գառը։ 
Մենք, ինքնարարներս, սիրում ենք նրանց չսիրելը ու բավականաչափ անհամեստ ենք` մեր սիրո մեջ անկեղծ լինելու համար։

© Գորշ



2 авг. 2024 г.

10/անտիպ

Նույն սխալը կրկնելը, եթե դա չի արվում գիտական նպատակներով, հիմարություն է։ Ուրեմն պետք է համարել, որ նման հիմարությունը (հիմարության այլը չի էլ լինում) դիտավորություն է։ Իրավագիտության մեջ հանցագործության (զանցանքի), իսկ բարոյականության մեջ դատապարտելի արարքի օբյեկտիվ գնահատման նպատակով` հիմարությունն անհրաժեշտ է  ներմուծել «ենթագիտակցական դիտավորություն» հասկացությամբ` որպես մեղքի դրսևորման տեսակ, ընդ որում առավելապես կիրառելի տուժողի և զոհի վարքը գնահատելու համար։

© Գորշ



31 июл. 2024 г.

9/անտիպ

Գոյության իմաստի և նպատակի դատարկությունը, որը մինչ այս պահը լիովին չի լրացրել «կամք առ ճշմարտություն»-ը, «կամք առ ոչինչ (աստված)»-ը, «կամք առ իշխանությունը», լրացնում է «կամք առ ինքնարարում»-ը, որի շուրջ, որպես առանցքի,  մյուս երեքն էլ համապատասխանաբար ձևավորում են ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում (նույնն է` ինքնաոչնչացում) և ինքնարարում եռամիասնությունը, որն ի դեպ արտահայտված է Գորշի եռանկյունում` որպես խորհրդանիշ, որը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ (գիրք «Խոսք` բարձրագույն եսի», 2022թ.)։

© Գորշ



30 июл. 2024 г.

8/անտիպ

Մարդը սոցիալական հարաբերություններում
Անկախ նրանից, թե ինչ կենդանի է նետվում վանդակը, այնտեղից, այդուհետ, դուրս է գալիս կապիկը։

© Գորշ



7/անտիպ

Եթե բարոյականն էլ իր առաքինությունները վաճառեր նույն կերպ անկեղծ, ինչպես պոռնիկն է վաճառում իր մարմինը, ապա նրա հայացքում մշտապես ներկա չէր լինի թերի վճարման դժգոհությունը։ Պոռնիկը, ի տարբերություն բարոյականի, նաև վաճառելու առաքինություն ունի` նախապես է պահանջում վճարման գինը ու չի որոշում վերջում։

© Գորշ



6/անտիպ

Անշուշտ, ոգու դժոխքի դարպասների մեջ իրենց ուրույն, թերևս ամենաբարձր տեղն ունեն կրոնները, սրանց մեջ էլ քրիստոնեությունը, իսկ աղանդները դարպասների վրա բացվող փոքր անցքերն են` սովորաբար նախատեսված ընտանի փոքրամարմին կենդանիների համար։ Նման հանճարեղ ճարտարապետությունն արդեն իսկ բավական է նեռի գոյությունն ընդունելու համար, ու քանի որ ոգու ազնվությունից է բխում հարգել ամեն հանճարեղը, արժե ժամանակ առ ժամանակ չխնայել մոմի վրա։

© Գորշ



5/անտիպ

Մերկությամբ արհամարհեմ ամենայն մարդկայինը ու հարգանքի տուրք տամ վայրիին. ահա՛ միակ ծեսը իմ հավատամքում։

© Գորշ



26 июл. 2024 г.

4/անտիպ

Ազատության մասին դատողություններում շատերը ձևանում են վայրի, այնինչ սովորական գոմաբնակ են։ Բայց մի բանում նրանք բնազդաբար ճիշտ են` ազատությունն իսկապես վայրի է, դրանից զատ նաև գիշատիչ է, որի ժանիքներն անկեղծությունն է։ Այն, ինչ հանդիպում է գոմի «ազատների» մեջ (եթե հանդիպում է), ժանիքները թափած վայրի է, որն իրենից ոչ մի վտանգ, հետևաբար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։

© Գորշ



3/անտիպ

Իմ համբերությունը բազմաթիվ պղտոր գետեր է պարզեցրել ու հազվադեպ է պատահել, որ լինի հեղեղ, ինչն իրականում սպասել եմ, բայց սրանց մեջ էլ չի եղել մեկը, որ կարողանա ինձ կլանել, ինչն իրականում ցանկացել եմ։ 
Վերջին մեկին ինքս եմ ավելացնում ամբողջս, որ հեղեղը նաև «աղետ» լինի, ինչին իրականում ձգտում եմ։

© Գորշ



2/անտիպ

Որևէ սեր, որին հայել է ամբոխը, չի հաջողացրել փրկվել սովորականությունից։

© Գորշ




25 июл. 2024 г.

1/անտիպ

Ամենուր կրքի արհեստական ավազաններ ու խանդակներ են, այնինչ այն տրված է ինքնահոսությամբ կյանքը սնուցելու համար։ 
Ամոթի մտրակը, որը ծնված օրվանից և դրանից էլ առաջ հետևում է մարդկանց, այնքան խորը հետք է թողնում նրանց ենթագիտակցությանը, որ անգամ մենակության մեջ նրանք չեն կարողանում իրենց վայրիի (անմեղության) հետ առանձնանալ բարոյականության վկայությունից ու իրենց չզգալ մեղսավոր, երբ իրականում հենց հակառակում է մեղքը` ընդդեմ բնության և տիեզերքի։ Նրանց անգամ հեղեղումները չեն կարողանում արթնացնել, քանզի քշվում են ինչպես դիակներ, կամ շտապում են վերադառնալ քաղաքակրթական համակարգ, որտեղ գոյատևելը չապրելու գինն ունի։

© Գորշ




ԱՆՏԻՊ (2022-2024)

Տիգրան Գորշ

անտիպ







խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու (2022-2024)

Ներբեռնել

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...