Հեղինակի խոսքը, գրական ոճը, որը հաճախ դուրս է համակարգված մտածողությունից, ընթերցողին տալիս է մտածելու և ինքնաբացահայտվելու յուրօրինակ ազատություն։ Ըստ ոճի և փիլիսոփայական կոնցեպցիայի՝ նրան հաճախ համեմատում են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հետ և, իրավամբ, որպես սոցիալական, բարոյական և այլ նախապաշարումներից զերծ «ուժեղ անհատականության» ինքնակայացման տեսություն, Գորշի փիլիսոփայությունը կարող է համարվել «նիցշեականություն», թեպետ փիլիսոփայության գիտակներն ու խորաթափանց ընթերցողները չեն կարող չնկատել էական տարբերությունը, որը կառուցվում է ինքնարարման գաղափարի առանցքի շուրջ։ Միաժամանակ, հեղինակն առաջ է քաշում «մտքի զրոյականացման», «բարձրագույն Ես-ի» և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք, այլից զատ, տալիս են աշխարհայացքների վերանայման ազդակներ։ Հայ փիլիսոփայական մտքի համատեքստում նրա փիլիսոփայությունն աննախադեպ է և կարող է մեծ ավանդ ունենալ դրա հետագա զարգացման մեջ։
6 февр. 2021 г.
Տիգրան Գորշ
Հեղինակի խոսքը, գրական ոճը, որը հաճախ դուրս է համակարգված մտածողությունից, ընթերցողին տալիս է մտածելու և ինքնաբացահայտվելու յուրօրինակ ազատություն։ Ըստ ոճի և փիլիսոփայական կոնցեպցիայի՝ նրան հաճախ համեմատում են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հետ և, իրավամբ, որպես սոցիալական, բարոյական և այլ նախապաշարումներից զերծ «ուժեղ անհատականության» ինքնակայացման տեսություն, Գորշի փիլիսոփայությունը կարող է համարվել «նիցշեականություն», թեպետ փիլիսոփայության գիտակներն ու խորաթափանց ընթերցողները չեն կարող չնկատել էական տարբերությունը, որը կառուցվում է ինքնարարման գաղափարի առանցքի շուրջ։ Միաժամանակ, հեղինակն առաջ է քաշում «մտքի զրոյականացման», «բարձրագույն Ես-ի» և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք, այլից զատ, տալիս են աշխարհայացքների վերանայման ազդակներ։ Հայ փիլիսոփայական մտքի համատեքստում նրա փիլիսոփայությունն աննախադեպ է և կարող է մեծ ավանդ ունենալ դրա հետագա զարգացման մեջ։
Տիգրան Գորշ - ես սեր եմ, մնացածը ես չեմ
(Ինքնա)ճանաչողություն - (ինքն)արարում. սեր՝ առ բարձրագույն ԵՍ-ը …
Ինչու է տիեզերքը մեզ հետ խոսում պատահականության լեզվով.
Ինչպես նյութի կառուցվածքում է գերակշռում դատարկ (չբացահայտված) տարածությունը (ատոմի կառուցվածք), այնպես էլ մեր գիտակցության մեջ՝ անգիտակցականությունը, ինչն իրականում տիեզերական ԱՄԵՆՆ Է՝ ԷՆԻԳՄԱՆ (առեղծվածը), որին կոչում ենք ՈՉԻՆՉ, քանզի առավելագույնը, որին, երբեմն, կարողանում ենք հասնել, հաղորդակցվել, ենթագիտակցությունն է, ինչը, ըստ նյութի կառուցվածքի, համահունչ կլինի ընդամենը մոլեկուլին: Ըստ այդմ, տիեզերքից՝ ԱՄԵՆԻՑ մենք հաճախ կարողանում ենք ճանաչել միայն այն, ինչը ընկալում ենք զգայարաններով, հասկանում՝ գիտակցությամբ, երբեմն էլ ենթագիտակցությամբ՝ ֆիլտրելով պատճառահետևանքային հաստոցով, իսկ այն ամենը, ինչը մնում է այդ համակարգից դուրս, կոչում ենք ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆՇԱՆ), ինչն էլ, ըստ էության, պարզապես ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որը չենք հասկանում:
Ու սրանով, գուցե, միաժամանակ տրվում է տիեզերական լեզվի այբուբենը, որով հնարավոր է կարդալ ու ԲԱՐՁՐԱՆԱԼ՝ ճեղքելով գիտակցություն-ենթագիտակցություն սարդոստայնը, որն իրենց կեղտով գործում են սարդերը՝ մեզ խանգարելու համար, և հարաբերվել տիեզերական առեղծվածին, ու բնավ կարևոր, նաև հնարավոր չէ այն դարձնել մեր լեզվի համար արտահայտելի, բավական է տեսնել, զգալ, ընդունել ՆՐԱՆ, ինչը կոչում են նաև երրորդ աչքի հայացք, որից հետո բոլոր հայտնի, անհայտ զգացումները կամբողջանան մեկում ու կարտահայտվեն միաժամանակ՝ որպես ՈՌՆՈՑ, երբ իսկապես կառերսվես մեկ ճշմարտության հետ, որ այն, ինչ քեզանից դուրս է, քո մեջ է, անգիտակցականությունդ ատոմի մեջի նույն դատարկությունն է, Դու ինքդ ոչինչ ամեն ինչն ես ..., իսկ ոռնոցդ ԱՄԵՆ Է՝ առ Է՜ՆԻ՜ԳՄԱ՜Ա՜Ա՜…
1.
Ներառյալ ժառանգածը՝ սկսած ծնվելու պահից, երբ առաջին դիմակը, որը, գուցե, ձեռք ես բերել բժշկից, ով հերթափոխից զզված դեմքով է ընդունել ծնունդդ, յուրաքանչյուր նորը չի փոխարինում հինը՝ ավելանում է որպես հերթականը՝ ժամանակի ընթացքում սերտաճելով էությանդ՝ հաստացնելով այն թաղող շերտը։ (Ինքնա)ճանաչողությունը, որը, միաժամանակ, վերև վանող հայացք է ուղղված անցյալ, այլ կերպ՝ դիմակաթափման վիրահատություն, չի կարող լինել առանց ցավ և արյուն՝ շերտազատման խորության հետ ուժգնացող ավելի։
Հետևաբար, նրանք, ովքեր երբևէ պիտի ընդունեն բարձրագույն Ես-ի (ինքն)արարմանը ձգտելու գոյության իմաստը, պետք է վարժվեն տառապանքին, ապա՝ տենչան այն՝ որպես ապրելու կիրքը շրջանառող սրտի կծկում։ Պետք է ազատվեն փրկելու հպարտությունից և չսպանելու խղճից, քանզի հերձադանակի շեղբը, առաջին իսկ կտրումից սկսած, սահում է նաև հարազատ դեմքերով՝ հասնելով ծնողներին ու նրանց թողած ժառանգությանը …
2.
… և ոչ էլ արհամարհելով ուրիշների սահմանները՝ անձնահատուկ լինելու համար, առավել ևս, ոչ էլ ենթարկվելով դրանց, պարզապես, ունենալ սեփականը, էլ ավելի լավ՝ չունենալ ընդհանրապես:
3.
Ամբողջ տիեզերքի գոյաձևը մեկ բառով կոչվում է «սեքս», իսկ մենք ապրում ենք «օնանիզմով», ու դա կոչում ենք իմաստնություն մարդկային. հիմարություն է, այդպես չէ՞ :
Իսկ ինչպե՞ս կոչել նրան, ով հիմարությունը հասկանալով է նույն կերպ ապրում. «լավ» մարդ կամ «վատ» անասուն :
4.
Գառը դիմում է գայլին.
- Ո՞ր կտակարանը կարդամ՝ հին, թե՞ նոր:
- Կարդա Նիցշեի «Զրադաշտը»:
- Որ անեմ, ինչ գրված է, կդառնա՞մ աստծո սիրելին:
- Ո՛չ, աստվածանալու՛դ մասին կիմանանք՝ քո խաչվելով …
5.
Ինքնաոչնչացումն ինքնարարման՝ նույնն է թե, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻՆ հասնելու միակ ճշմարիտ ուղին է, բայց ինքնասպանվելը՝ ուղուց շեղում, և, ուրեմն, նույնն ուրիշի ձեռքերով. այսպես ուսուցանեց բոլորիս հայտնի խաչվածը:
6.
Աշնանային ճաշակ.
Իմ դնչին հասնում են միայն հասած պտուղները ու, անպայման, գետնին բախվելուց հետո, քանզի ծառի վրայինները չափից ավել կաշկանդված են տերևներով, այլ պտուղներով, իսկ քամին՝ իմ սիրո բերքաբեր մեղեդին, թրջվա՜ծ ենք …
7.
Սուրբ զատիկ.
Այսօր խաչվելու հրաշալի օր է, ինչը հնարավոր է լոկ մի հայտարարությամբ՝ աստվածատենչ ամբոխի առաջ կանգնել ու ասել՝ ահա՛, ես՝ ձեր աստվածը ...
Ու ոչինչ չի փոխվի, եթե անգամ այն միակ իսկականը հայտնվի, քանզի մարդկանց նա մեռած է պետք, իսկ հայտնությունը կլինի անցանկալի-կասկածելի՝ որպես հիմք իրենց հավատքի:
8.
Կանաչ/կապու՞յտ, ոչ՝ կարմիր հետքերով մոխրագույն, ահա իրական գույնը ներդաշնակության …
9.
Սպիներն են հուշում դեպի սիրտ տանող ճանապարհը …
10.
Դրախտային համակեցություն.
Անատամ գայլ, անդմակ ոչխար. «ներդաշնակություն», որը կոչվում է ռախիտիզմ:
11.
Իսկ նպատակը մեկն է՝ ԲԱՐՁՐԱՆԱԼ.
Հիշվում է միայն չհաղթահարված ցավը, ու ինչքան ունես այդպիսիք, նշանակում է՝ ունես այդքան սանդուղներ, որոնք դեռ նպատակային չես օգտագործել:
12.
Առաջինը լինելու մղումն էլ է պայմանավորված միակը լինելու ցանկությամբ, իսկ վերջինիս համար բնավ պարտադիր չէ շարքում տեղը, ու/բայց վազու՜մ ենք …
13.
Վստահություն, որին հանգում ես հույսի իսպառ բացակայությամբ, ու մնում է առանց սպասումի ապրում՝ ունեցածի, և չունեցածի՝ այդ թվում:
14.
Ասում են՝ հուսահատությունը մի բան է, որը պետք է հաղթահարվի, բայց ձեռքով հենվել, ոտքն անցկացնելը, երբեմն, հնարավոր չէ, ու պառկել, գլորվելու փոխարեն մնում ենք ցանկապատին ճողված, և, առհասարակ, երբեմն ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ՈՉ ...
15.
Թվում է՝ աշխարհի ծռությունից է, որ թարսն ասելով՝ ցանկանում ենք հասկացվի շիտակը, բայց ոչ՝ ուղղակի լռելը տալիս է հույս, որից սկսում ես զրկվել առաջին իսկ խոսքից սկսած և դրան համամասնորեն:
Իսկ լեզուների բաժանումը ճանաչողության դեմ ուղղված հերթական քայլն էր. դրա նախորդը հենց լեզու տալն էր:
16.
Բոլոր կանանց տիրելու տղամարդու միակ միջոցը ձեռնաշարժությունն է, իսկ բոլոր տղամարդկանց տիրելու կնոջ միջոցը՝ լինել անսահման ցանկալի, բայց պատկանել մեկին, քանզի առնանդամը տղամարդու մոլորության պատճառն է, հեշտոցը` կնոջ ընտրության միջոցը:
17.
Պոռնիկն ինքնին է պոռնիկ, սուրբը պոռնիկով է սուրբ. հիմա ո՞վ է ումից կախված, հետևաբար ո՞վ է ումից բարձր:
18.
Հրաժարվելն այնքան հեշտ է, որքան շատը ցանկանալը, դժվարը ցանկությունների կառավարումն է՝ ապրելն այն, ինչ, երբ և ինչքան կա, ու սրանով որոշվում է, թե ինչ չափով է ստացվել հարաբերությունը, և ստացվել է արդյոք, առհասարակ:
19.
Ոչ ոք իր համար չի ապրում՝ այսպիսինն է սահմանված պարտակությունն ամենքիս, բայց կան նրանք, ում համար հատկապե՛ս ես ուզում ապրել և կան նրանք, ովքեր հատկապես քե՛զ համար են ուզում ապրել, ու դրանով երանելի է դառնում ճանապարհը, որը կոչվում է մեռնել ինքդ քեզ համար:
20.
Բնության մեջ միակ արհեստական դարձածը գիտակցությունն է, թեպետ ծագումը տիեզերական է(ր) …
21.
Խոսքը հաճախ ճշգրիտ չի արտահայտում միտքը՝ լինում է ավել կամ պակաս, միտքն էլ, իր հերթին, հաճախ ճշգրիտ չի ընկալում խոսքը՝ երևակայությամբ ավելացնում է կամ պակասեցնում, ու, արդյունքում, հաճախ էլ կանգնում ենք զարմանքի առաջ՝ փոխադարձ հարցերով՝ չէ՞ որ բացատրել էի - չէ՞ որ հասկացել էի, և երկու դեպքում էլ ճշմարիտ հնչող այո-ն երկխոսությունը տանում է փակուղի, երբ չենք գիտակցում վերոգրյալից արված հետևությունը՝ հասկացել ենք ամենքս, բայց ոչ նույնը, որին դեռ կարող ենք ձգտել, ինչն էլ կոչվելու է ՄԻԱՍԻՆ՝ ՄԵՐԸ:
22.
Հալում եմ, սառում, ապա՝ հղկվում, որից հետո նրանք փախնում են սեփական արտացոլանքից. ահա ամբողջ ընթացակարգն ինձ հանդիպող հարաբերությունների:
23.
Սիրո զարգացման ճանապարհին կա մի բարձունք, որն, անշուշտ, վերջինը չէ, բայց առանձնահատուկ եմ սիրում. այնտեղ հանգչում է եսասիրությունը, որի շիրիմին սրճելը և անպայման նրա հետ, ով մասնակիցն է եղել այդ փառահեղ սպանությանը, աներկրային բերկրանք է տալիս ինձ:
24.
Չի լինում պաշտպանություն՝ առանց ինքնազատազրկման, քանզի պարիսպը ներս մտնելուն խոչընդոտելով՝ միաժամանակ դժվարացնում է դուրս գալը, և, ըստ այդմ, վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց ավելի շատ ազատության մասին երազելն է պետք, քան ազատությունն ինքնին:
Բայց անհասկանալի է, թե ինչու են մարդիկ ամաչում բարձրաձայնել բոլորի համար մեկ անհրաժեշտությունը, որի անունն է ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, … ու այլևս անհասկանալին դարձավ հասկանալի՝ ճշմարտությունը գորշ է, իսկ մեզ պետք են գույնե՜ր …
Ինձ էլ են պետք ուրիշներին ցանկալի այդ գույները, որ դրանցից ստանամ մոխրագույնի աննման երանգները …
25.
Վերջապես հասկացվեց նաև այն անհասկանալին, թե ինչու եմ վերջերս մտորումներս ավարտում «հավես չկա ապրել» զգացումով, ու երանելի էր պարզել, որ դա զզվանքը չէ ապրելու հանդեպ, այլ՝ ապրումի ճշմարտության որոշիչը, ու սովորելով սպիտակին սպիտակով գրվածը կարդալ՝ բախվեցի նոր անհանգստության՝ ինչքա՜ն հաճախ եմ այդ մտքով ավարտել …, և երբ եմ դրանից սկսելու սկսել …
26.
Ոչ միայն տխմարները, նաև ճանաչողության մեջ բարձրացած մարդիկ են կորցնում պատկանելիության զգացողությունը՝ նրանց համար մնում է ժամանակավոր քաղաքացիությունը:
27.
Լավատեղյակ, կարդացած, …, բայց առանց ինքնահատուկ մտածողության, նույնն է, թե արհեստականորեն հասունացրած պտուղ, որը ձևով կատարյալ է, բովանդակությամբ՝ անհամ, բայց հանրային ընկալումը, որի ճանաչողության միջոցը միայն տեսողությունն է, նախընտրում է ձևը, ու թե սրանից դու էլ զգացիր անճոռնիությունդ, ողջու՜յն, բանականորեն հասունացող, վերքոտ պտուղ:
28.
Չի լինում այնպես, որ հանկարծ հասկանան՝ սերն ավարտվել է, ուղղակի հասկանում են, որ սեր չի էլ եղել՝ ինքնախաբվելով խաբել են, իսկ թե սրան պետք է առարկեն նրանով, ինչը հաճախ է լինում, ուրեմն ե՛ս եմ հրաժարվում լոկ տիրելու համար կիրառվող «սիրում եմ քեզ»-ից ՝ որպես ձերբազատում միջակությունից:
Հոգու ամբողջականությունը ենթադրում է սիրո մշտնջենականացում և/կամ հակառակը:
29.
Մարդկանց արտաքին միօրինակության մեջ կենդանիների բազմազանություն, կենդանիների արտաքին բազմազանության մեջ բնության միօրինակություն, ու թե այս մուտացիայի կազմակերպչին տեղին է գովել ամենա-ով սկսվող ածականներով, ապա, միաժամանակ, տեղին է անարգել դրանց համապատասխան և համարժեք հականիշներով:
30.
«Իրականության ընկալումը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է պատկերացումը, ինչը սնելու կերն է առավելապես փնտրում մարդու դունչը: Օրհնյալ լինի դաղող ձեռքդ, հիասթափությու՜ն». տնքաց իմաստասերը:
31.
Չի եղել մեկը, որ ինձ չմեղադրի միայնակության դրդելու մեջ, իսկ սփոփանքը, որ այդպիսին կանք ամենքս, չգիտես ինչու, էլ ավելի է բորբոքում կրքերը. դե ինչ, խաչվելուց առաջ արժե նաև արդարանալու հաճույքը զգալ՝ մեղավոր չեմ, որ մարդիկ աղբ կուտակելու մոլուցք ունեն, ու մնում է անպատասխան՝ ինչու՞ են շարունակում պնդել, որ մարդը կաթնասուն է:
32.
Նրանք, ովքեր մշտապես համաձայնում են քեզ հետ, կամ ստում են, կամ՝ հիմար: Ստում են շահի համար, հիմար էլ են ըստ իրենց շահի, ու երկու դեպքում էլ թքած ունեն քեզ վրա:
Իսկ եթե սրանում միայն հանդուրժելու սփոփանք գտար, նշանակում է՝ այդ երկու դեպքերում ընդհանուր է նաև այն, որ դու ապուշ ես՝ դա էլ ըստ քո շահի:
33.
Միայն կրոնից, այդ թվում աթեիզմից, հեռանալով կարող ես մոտենալ աստծուն. ձեռքդ կդնես ուսին, կշրջվի ու Նա Դու ես: Բարև, ԵՍ …
34.
Դու նրանց տհաճ կլինես այնքան, որ քեզ մոռանալ չեն կարողանա, հետո այդ հիշողությունն աստիճանաբար կվերաճի իմացության, որով նրանք կգնահատեն միմյանց խելոքությունը, ու, այդ պահից սկսած, կզգաս քեզ ուղղված նրանց սերը, եթե, իհարկե, դիմանաս խարազանմանը և կրկին չգերադասես երեսպաշտությամբ գնալ հաշտության՝ կրելով նույնացնող դիմակը:
Կճաշակես այդ սերն՝ ըստ քո ախորժակի, եթե, մինչ այդ, վերջնականապես կորցրած չլինես այն:
35.
Անկեղծանալ որևէ մեկի առաջ նույնն է, թե ինքնավնասումից խուսափելու համար՝ նրան զինել միայն քո դեմ կիրառելի դանակով՝ երբևէ հարված չստանալու հույսով, դանակով, որը, սակայն, մի օր անպայման արյունոտվում է …
Վախ, որից ազատվելու միջոցը բնավ ինքնասպանող լռությունը չէ, այլ՝ անկեղծության բացարձակի ձգտումը. այն էլ, որովհետև, հարված ստանալու ուղղությունների բազմազանությունը վերացնում է դրանց սպասումից առաջացող մտահոգությունը:
36.
Գույները մգացնող, թե՞ գունազրկող մոխրագույն. պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք ընդունում ճշմարտությունը մեր կյանքում …, ու դալտոնիզմի պատճառն էլ միայն աչքերում չէ՝ ուղղակի, երբեմն, գույները նուրբ են այնքա՜ն …
37.
Բավական չէ, որ հանդիսատեսը հեռանա՝ ինքդ քեզ մոտենալու համար, քո ձեռքերից էլ պետք է մեկը մնա, որ ծափ չտա. ուստի, ինքնաճանաչում կոչվող այս վատ խաղը կարելի է անցկացնել առանց հատուկ ոգևորության՝ այն պահելով վերջին, ամենազվարճալի վերջաբանին՝ արնաքամող ողջագուրանքին:
38.
Որոշիչները, որոնցով տարանջատվում է մարդու լավն ու վատը, միաժամանակ նույնացնում են նրանում, որ բոլորս էլ փչացած ենք, և, ըստ այդմ, դրանք ամբողջանում են մի բանում, ինչը կոչվում է կշեռք, որով կշռում ու կշռվում ենք, տարբերակվում ու դասակարգվում ենք՝ լոկ ըստ (ինքնա)բացահայտ(վ)ելու քաշի:
Այս անկեղծացումն էլ չբարձրացրեց իմ նժարը՝ այն վաղուց կոտրվել է ծանրությունից և ցանկացած համեմատվողի դարձնում է ԼԱՎԸ:
39.
Ասում են՝ մարդկանց հեշտամարս ստեղծագործություններ են պետք, քանզի մտորումներով ծանրացած են, հոգնած, բայց սա սուտ է, որով շարունակաբար նրանց բթացնում են ու բթության ֆոնին փառավորվում, իսկ ճշմարտությունն այն է, որ մարդիկ դատարկության մեջ վազելուց են հոգնում ու նրանց, իրականում, պետք են «ծանր մտքեր»՝ նստելու, հանգստանալու …
Վազելով, թե կանգնած՝ շարժասանդուղքը բոլորին նույն տեղն է տանում, իսկ տարբերությունը նրանում է՝ փորձեցի՞ր հասկանալ ԻՆՉՈՒ-Ն …
40.
Այն, ինչ կոչում ենք գիտեմ, ընդամենը պատկերացում է՝ հաստատված մեր հպարտությամբ, որից ազատվելու ուղին է իրականում կոչվում ճանաչողություն. երբ համեստ վստահությամբ խոստովանում ես ՉԳԻՏԵՄ-ը և ՈՒԶՈՒՄ ԵՄ-ը դառնում է ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ …, ու արդեն լսվում է այնկողմնային դարպասի ճռռոցը:
41.
Ուժը սխալվելու իրավունքն է, առանց որի՝ ճշմարտությունը վերածվում է վիճակախաղի, անհաջողության դեպքում էլ՝ հուղարկավորության ողբաբառաչանքի:
Սխալն էլ կարելի է ընտրել՝ առանց դրա իրավունքի, որն անպայման ենթադրում է համարձակություն՝ երբեմն արժանացող հերոսացման, հաճախ՝ պարսավանքի:
42.
Նախ` ցանկանում ենք հարաբերություն, որտեղ խոսելն անսպառ կլինի (խակ ենք), ապա՝ հարաբերություն, որտեղ կհանգենք լռության (հասունանում ենք), և միայն այն հետոյում, որը կոչվում է վերջում, տենչում ենք հարաբերություն, որը կսկսվի լռությամբ (հասած ենք անքաղելի շատ). կա՜թու՜մ ե՜նք …
43.
Չլինելու իրավունքի իրացումը, ինչպես կեսարյան հատման նշտար, հանգստացնում է երբեմն տանջող զգացումը, որ մայրդ դեռ հղի է քեզանով …
44.
Ծնվելը մեռնելու սկիզբ և, ուրեմն, ոչ թե «Ինչպես ապրել», այլ՝ «Ինչպես մեռնել» վերնագրով բովանդակություն, ու նոր միայն զգում ես մայրական կաթի իսկական համը՝ հասկանալով մահաբեր թույնի օրհնությունը:
45.
Բոլորն էլ վաճառվում են, իսկ որոշներս անգին ենք, որովհետև անպետք ենք …, ու սա ոչ թե անկեղծացում է, այլ՝ ճաշակի սահմանում:
46.
Ապրեցնողնե՞ր, այո՝ պատահում են, ու երբեմն այնքան հրաշալի, որ ուզում ես երկար մեռնել:
47.
Վերջնակետը գիտակցության գերության և մեկնարկն ազատականացման, որին կարող են հասնել նրանք, ովքեր հասկացել ու պատրաստ են ճանաչողության դիմաց վճարել միակ հնարավոր միջոցով՝ սեփական ես(եր)-ի ոչնչացումով …
… Հիմա ունեմ քեզ՝ առանց ինձ, տիեզերական ՍԵՐ:
48.
Քնած ենք.
Մեղադրելն անիմաստ է, երբ պարզվում է, որ մեղադրվողը քնած է եղել գործողության (անգործության) պահին, որի համար մեղադրվում է. ըստ այդմ՝ մարդիկ անմեղ են, ու/բայց, համաձայն նույն «ըստ այդմ»-ի, բոլոր գովաբանություններն էլ փուչ են:
Արթմնության մեջ կա միայն սեր՝ ինքնին գոյությամբ, անպայման պատկանելիությամբ, և ուրիշ ոչինչ:
49.
Կինն ավելի երազկոտ է, իսկ տղամարդն ավելի կին է …, վերջինս, մեկ անգամ սկսելով, երբեք չի դադարում լինել կրծկեր:
50.
Քան քաոսը, ոչինչ այդքան չի նպաստում մեր իրական բնույթի բացահայտմանը, ի տարբերություն կանոնավորության, որն, ընդամենը, դասավորում է շերտերը՝ Ես-ը վերածելով ՄԵՆՔ-ի:
51.
Ներելն (առանց ինքնաներման) ու պատժելը մարդկային նույն թուլության տարբեր ճյուղերն են, իսկ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը զերծ է և՛ մեկից, և՛ մյուսից. նրան բնորոշ է հետևություն անելն ու առաջ անցնելը. ահա, թե ինչին պետք է ձգտել՝ նեռ-աստված խաղամոլների զվարճալիքը չլինելու համար:
52.
Եթե էլի չհաջողվի վերջնականապես հրաժեշտ տալ այս մոլորակին, ապա հաջորդ ծնունդ-մահ մարդկայնացման ժամանակ, ինչն այս իրականության մեջ նույնական է էշացմանը, արժե դառնալ գիտնական ու ստեղծել հոգին կշռող կշեռք, որ ծանրության մեջ մեղադրողներին թվերով ապացուցվի, թե որն է թեթևությունը:
53.
Աննման սեքս է կյանքին հրաժեշտ տված ապրելը, երբ վերջինս վերածվում է սեռաքաղցով հիվանդ և բացառապես քեզ տենչացող կնոջ, ով պատրաստ է ամեն ինչի՝ երբեմն հետդ քնելու համար, բայց նաև վտանգավոր է, երբ, երբեմն, ծայրահեղ սադոմազոխիստ է:
54.
Իրականում աստված չի լուսավորում՝ լույսերն է անջատում, որ մարդիկ սկսեն իրար սիրել, իսկ ինքնաբավարարման ժամանակ՝ սիրում է համամարդկային օրգիա երևակայել, որովհետև այս իրականությունը նրա երևակայությունն է, նա՝ մարդկանց:
55.
Սուտ չկա.
Երբ գտնում ես հարցի պատասխանը, թե ինչու ասվեց սուտը, այն վերածվում է միջոցի, որով պետք է իմանայիր ճշմարտությունը, ըստ այդմ՝ չկա նաև ճշմարտություն, կա միայն ինֆորմացիա, որը պետք է հասնի քեզ:
56.
Գիտակցության մեջ առկա սարդոստայնի հիմնաքարը ժամանակն է, որի հաղթահարումով հնարավոր է քանդել հնարված արգելքը՝ որպես ինքնին փորձություն, լինել ընտրյալը, ում պետքությունն անհրաժեշտաբար զգում է Մեծն Առեղծված անգիտակցականությունը:
57.
Ինչպես աստղերի գոյության մասին ենք իմանում, երբ նրանք այլևս չկան, այդպես էլ պահի զգացումը կարող է լինել արդյունքը մահացած զգացմունքի ցոլքի, որի վերջին մասնիկից հետո ենք կտրուկ գիտակցում վաղուցվա ՉԿԱՆ:
58.
Երեկվա ստրկությունն ավելի արժանահարգ էր, քանզի բռնությունն ու պարտադրանքն ակնհայտ էր, ի տարբերություն այսօրվա, երբ ինքնակամ ենք ընտրում այն՝ անունն ընտրության իրավունք, ինչը բացառվում է, երբ տարբերակները սահմանում են այլոք:
Ժամանակակից ստրկությունը նաև մի «առաքինություն է» ծնել, որի անունն է «բարեգործությանը վերաբերող էթիկա», այլ կերպ ասած, երբ արյունդ ծծողները ափիդ մեջ թքում են և դու ասում ես շնորհակալություն, իսկ առավել «լուսավորվածները» միաժամանակ ավելացնում են՝ աստված օրհնի զավակներիդ, որ թուքն առատ լինի:
Մարդիկ կասեն՝ տիպիկ հայկական իրականություն, բայց ոչ՝ համամարդկային իրականություն, որտեղ, գուցե, կպարզվի, որ նրանք, «ազատները», ավելի շատ են ուղտի գերի, քան մենք՝ դեռ մի քիչ ծեծվողներս:
59.
Եթե մի պահ պատկերացնենք, որ մեզ հանդիպող մարդիկ մեր ԵՍ-երն են կամ դրանց մարմնացումները, կհասկանանք, թե ինչքան չենք սիրում ինքներս մեզ, և ինչքան կեղտամարս պետք է դարձնենք մեր ի սկզբանե կաթնասուն ստամոքսը, որ հաշտություն գտնենք բոլորի կամ, գոնե, մեկի հետ:
Ու, գրողը տանի, սրանում ճշմարտություն կա, որից հետևում է, որ մաքրակյաց պիտի կոչվի միայն նա, ով մահից ընդունել է նշանադրվելու առաջարկը և կրում է նրա մենակություն մատանին:
60.
Տիեզերքը սնվում է ինքն իրենով և կարող է պարզվել, որ դու, ընդամենը, մարսողության արդյունքում հետանցքից մղված գազի մասնիկ ես, ում նա կրկին շնչելու է. վայելիր ճանապարհորդությունդ և, գուցե, մի օր էլ մասը կազմես նրա ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ: Ահա կոնտեքստը, որում ունես ընտրություն …
61.
Եթե չլինեին խանգարողներ, ապա վաղուց փլուզված կլիներ անդրաշխարհայինից սահմանազատող պատը և, գուցե, հասած կլինեինք ներդաշնակ համակեցության. ուրեմն, եթե հեղափոխություն, ապա լրիվ այլ կառավարիչների դեմ, որոնց ոչ մի կերպ չի կարողանում հատկորոշել սոցիալական համակեցությամբ բանտարկված մարդուկներիս ուղեղը:
62.
Նրան, ում կոչում ես բռնակալ, քո նման վախով տառապող մեկն է, ավելին՝ նրանում հենց դու ինքդ ես, ում վախը դարձրել է բռնակալ, իսկ քեզ՝ նրան այդպիսին ընդունող: Բոլորս էլ նույն տերերի եզներն ենք, որ վարում ենք նրանց դաշտերը՝ կատարելով ներուժին համապատասխան աշխատանք:
Էլ ինչ առյուծ, աղվես, գառ …, եզների դիմակահանդե՜ս …
63.
Մարդակերություն.
Մեր հոգին, ինչպես մարմինը, անհրաժեշտություն ունի սնվելու, բայց, ի տարբերություն մարմնի, մենք, բացի մեր մարդկային դասից, բնության մեջ դեռևս ոչ մի այլ տեղ չենք կարողացել գտնել այդ սնունդն ու շարունակում ենք սնվել մեկս մյուսով: Հենց այդ քաղցն է հաճախ (գուցե միակ) պատճառը հարաբերությունների մեջ մտնելու, անգամ երեխաներ ունենալու՝ նման սննդի ձմեռային պահածոյացման, բացի այդ, սովորել ենք ուրիշների հոգիները վարել, ցանել, պտուղները քաղել կամ տնային կենդանիների նման բուծել և սննդի անհրաժեշտ պաշարն ապահովել:
Ու սրանով չի ավարտվում մեր յուրահատկությունը. մենակությունից (սննդի բացակայությունից) մենք ստիպված ուտում ենք ինքներս մեզ, այդպիսի ընտրության է մղում նաև (ինքնա)ճանաչողությունը՝ տարբերությամբ, որ միայն այս դեպքում է մարդասիրությունը դադարում լինել սեր՝ առ կերը:
64.
Մարդիկ փնտրում են հեռադիտակով. ցանկալին մոտեցնելու համար մեծացնում են օբյեկտիվը, անցանկալին հեռացնելու համար` շրջում հեռադիտակը, ու երկու դեպքում էլ սխալվում են, երբ արդյունքը շոշափելու համար ազատում են ձեռքերը և հասկանում` իրերի իրական տեղն ու չափերը։ Ըստ այդմ` եթե ճշմարտություն, ապա միայն անզեն աչքերով` օբյեկտիվը կարգավորելով բացառապես սեփական ոտքերով:
65.
Ո՛չ նրանք, ովքեր փարատում են և ո՛չ էլ նրանք, ովքեր զգալի են դարձնում, այլ ՆԱ, ով դառնում է մենակությունդ, կարող է համարվել ԱՐԹՈՒՆ ՍԵՐ, քանզի առաջին դեպքում քնած ես դու, երկրորդում` նրանք. այսպիսինն է հուշումը մեկ ճշմարիտ գոյաձևի, որ կոչվում է` ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ։
66.
Մահը պոռնիկ է, ում սիրահարվելով` ստիպված ես տանել խանդդ, մինչև հասնի հերթդ։
67.
Մարդկության գոյաձևը փաստում է, որ մեզանից յուրաքանչյուրն, ընդամենը, բջիջն է սերմնահեղուկի` ժայթքվ(ող)ած պահպանակի մեջ, և նրանք, ովքեր դա հասկանում են, ճեղք են փնտրում` առաջ վազելու փոխարեն. նրանց մեկ նպատակն է տիեզերքն իրենցով հղիացնել։
68.
Ես սեր եմ, մնացածը ես չեմ. բարձունք, որին հասնելուց հետո դառնում ես միակ տերը, որը մեկ ուրիշի ստրուկը չէ, կամ միակ ստրուկը, որը մեկ ուրիշի տերը չէ. մի դեպքում խոցվում ես որպես սիրտ, մյուս դեպքում խաչվում՝ որպես խիղճ, ու, երկու դեպքում էլ, տիեզերական ազատություն է ստանում Սերը, ինչի համար արժե թափել արյունը:
Իսկ եթե առանց արյուն, ապա՝ Սերը ծնվել է՝ պիտի որբանա, հասունացել է՝ պիտի անժառանգ մնա, որ չստրկանա ու բռնակալ չդառնա:
69.
Նա` որպես սեր, կամ Սերը` որպես նա, ծորաց աշխարհի վրա դրախտն ու դժոխքը միակցող խողովակի ճեղքից՝ իր իսկ ծնվելու տեղից …
70.
Պահպանակից փախած սերմնաբջիջը տիեզերական սիրո մարտիկ է՝ որպիսին կայանում է, եթե հասցնում է գտնել իր մարմնանալուն անհրաժեշտ արգանդը:
71.
Սեփական գլուխ. ամենամոտ, ամենաբարձր, ամենադժվար հաղթահարելի բարձունք, այլ կերպ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի հանգրվան, որը ծնվելուց սովորաբար առաջինն է դուրս գալիս,
Սեփական ոտքեր. բարձրանալու միակ հնարավոր միջոց, այլ կերպ՝ միակ անկեղծ օգնականներ,
Սեփական իրան. կեղտով լցված փորձատեղի, որտեղ բանտարկված է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը,
Սեփական ձեռքեր. աստված և նեռ փորձարկուներ, որոնք ծնվելուց հաջորդում են գլխին և միանգամից իշխում ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ին:
Ըստ այդմ՝ միայն այն դեպքում, երբ սեփական ոտքերով կկարողանաս կանգնել սեփական գլխիդ, ձեռքերդ կկորցնեն իրենց իշխանությունը քեզ վրա և կվերածվեն ծափահարելու միջոցի, որով վերջին հրաժեշտդ կտաս աշխարհ կոչվող այս կատակերգությանը, ու կմեկնարկի տիեզերական թռիչքդ:
72.
Քնածներին ձեռք չեն տալիս, նրանց միայն օգտագործում են, ու եթե արթնացել ես, պատրաստվիր քո դեմ պատերազմին՝ անողոք երբևէ տեսած, լսածից, իսկ միակ զինակիցդ սերն է ու մեկ փամփուշտը՝ նախատեսված քեզ համար, որոնց կարող ես անմնացորդ վստահել. հաղթել կամ երբեք չպարտվել:
73.
Քեզ հանդիպում են այն ինչերն ու ովերը, որոնց հետաքրքրող ԵՍ-երը կրում ես քո մեջ, ըստ այդմ՝ ճանճերի դեմ պայքարելու փոխարեն, ճիշտ է ներսիդ կեղտից ազատվել, իսկ էլ ավելի՝ մաքրվել ամեն ինչից, քանզի ոչնչից բացի չկա ոչինչ, որ գրավի միայն մաքուրը, և միայն նա, ում հետ ստացվում է միմյանց մաքրելու այս (ինքնա)սպանությունները, պիտի կոչվի ՍԵՐ, ու թող ձեզ մոխրացնի (ինքնա)ճանաչողության կիրքը, որից ազատվելու ես Դու և Նա, ով էլի կոչվելու է Դու:
74.
Երբ մարդուն հեռացնում ես փորձանքից, որում նա դեռ չի հայտնվել, արժանանում ես զրկանք տվողի մեղադրանքի, որում, անշուշտ, կա ճշմարտություն՝ հաշվի առնելով այն, որ լավ դասը վատ փորձն է: Ըստ այդմ՝ ճիշտ է, անկախ սրտի պահանջներից, պահպանել դիտորդի կարգավիճակ և բուժել արդեն ստացած վերքերը. զսպում, որը, երբեմն, պահանջում է ինքնախարազանում, երբ տեսնում ես հարազատիդ հետագծից գնդվող գունդը, որը հետո տրորելու է իրեն:
75.
«Սերը կփրկի աշխարհը» արտահայտությունը դեռահասության շրջանի ռոմանտիզացումից անցնում է հասունության շրջանի անլրջացման միջով, մինչև զառամության շրջանի հաստատում՝ որպես բացարձակ ճշմարտություն, ինչի համար էլ այն մնում է անդունդի եզրին աշխարհի հավասարակշռման միջոց, և միայն այն դեպքում, երբ ճշմարտության ընկալումը կտեղափոխվի հասունության շրջան, չարը կծնկի, իսկ դեռահասության շրջան հասնելու դեպքում՝ վերջնականապես կհաղթահարվի:
Ու/բայց այս միտքն էլ ընկալվելու է համապատասխան երեք ձևով՝ ռոմանտիկ, անլուրջ, ճշմարիտ, ուստի և շարունակելու ենք հավասարակշռվել անդունդի եզրին:
76.
Կոնֆլիկտը ճշմարտության բացահայտման միջոց է, դրան հաջորդող հաշտությունը՝ այն ընդունելու, հակառակ դեպքում՝ ընդամենը հարաբերություն է լոկ հպարտության և խղճի վրա հիմնված, որտեղ նույնն է եսասիրությունը, տարբեր՝ կարգավիճակները, որն ընդգծվում է հակասության դեպքում և ավարտվում՝ մեկի հաղթանակով, մյուսի՝ պարտությամբ, կամ դադարով, ինչից ոչինչ չի փոխվում ու արդեն ընդհանուր է մնում այն, որ երկուստեք չկարողացան տիրել ճշմարտությանը: Ըստ այդմ՝ հարաբերության մեջ, որը միտված է (ինքնա)ճանաչման և վերնագրված է ՍԵՐ, նախ պետք է ոչնչացնել հպարտությունն ու խիղճը. ընդ որում՝ միասին ու միաժամանակ. ինքնահաղթահարում, որը դառնում է իրական հավասարության հիմքը ու այլևս հաջորդական սկսում են ընկնել բոլոր ես-երը՝ ամեն կոնֆլիկտից ավելի ու էլ …, ու ամեն տիրած ճշմարտություն համալրում է կառքի ձիերի շարքը՝ արագացնելով մեկ ԵՍ-ի սլացքը՝ առ ՄԵԾՆ ԱՌԵՂԾՎԱԾ:
77.
Գինը, որը պետք է վճարես կորցրած ազատությունը վերագտնելու համար, ամփոփվում է անվանակոչումների մեջ, որոնք հնչելու են ետևից ու առջևից՝ անասուն և աստված, կամ շարունակում ես առաջնորդվել մարդայնացման հարմարվողականություն սկզբունքով ու ինքդ ես ամփոփվում միջակության մեջ, որը կոչվում է մարդ. ըստ այդմ էլ ունենում ես լավ ու վատի ընտրություն՝ լինում ես ուտեստ կամ ուտում ես ինքդ, կամ գտնվում ես ավելի ճարպիկ և, ըստ հանգամանքների, լինում ես մեկը կամ մյուսը, կամ երկուսը մեկում ու միաժամանակ՝ կոչվելով կյանքում ինչ-որ բանի հասած մարդ:
78.
«Այն, ինչ անում եմ, հեռվից ծիծաղելի է և ծաղրելի, մոտիկից՝ վախենալու և անտանելի, ու միայն ներսից է հասկանալի և երանելի, որտեղ, սակայն, հանդիպում եմ միայն հյուրերի». այսպիսի ինքնադիտարկում նրանից, ով այլոց մեջ եղել է երկկողմանի հայելի:
79.
Տխրության մեջ եփվելուց ստացված ուրախությունն եմ սիրում, որից սեր է ճառագում, ի տարբերություն ներմուծված ուրախության, որն անզգա է դարձնում:
80.
Պարանի (հարաբերության) կտրվելուց առաջացած գահավիժումից փրկվելու համար՝ արագ կապվում ես համանման մեկ այլ պարանով, ինչը ևս անպայման կտրվում է, ու, մի քանի փորձից յուրացրած հմտությամբ, արդեն նախապես ես ապահովագրվում այլ պարաններով (մարդու մոդել), բայց անխուսափելի է իրականության հետ առերեսումը, ինչից հասկանում ես, որ պարանով չէիր բարձրանում՝ իջնում էիր, հետևաբար կտրվելով չէիր գահավիժում՝ բարձրանում էիր (կյանքի մոդել), ու բայց …
81.
Տարբեր համայնքների բաժանված մեկ ժողովուրդ, և մեկ համայնքի պատկանող տարբեր իշխանություններ, ու այլևս համամարդկային խռովության վերջը կարելի է ակնկալել համաշխարհային աղետից…, իսկ նոր տողը նրանցն է, ովքեր անդին են այս բաժանումից:
82.
Մահն է անկասկածելի դարձնում հաղթանակը, և մահվան արժանապատիվ ընդունումն է հաստատում, որ պայքարել ես ճշմարտության մղումով, իսկ հիմա համատարած է միայն սպանելու փորձն ու սպանվելու իմիտացիան, ըստ այդմ՝ եթե անգամ եղել են հանուն արդարության պայքարներ, ապա մոռացվ(ող)ած անցյալում:
Հիմա կա միայն առևտուր …, և վրեժխնդրություն, ինչը, երբեմն, արդար է …
83.
Ոչ մի հատկանիշ գոյություն չունի առանց իր հականիշի, ըստ այդմ. օր.՝ եթե մարդասեր ես՝ անպայման կրում ես մարդասպանին. արթուն պահած հատկանիշը սնվում է իր ատամներով, քնեցրածը վերջինիս մարսածից քաշում է ծծակով, ինչից այլանդակվում ես էլ ավելի, ու քանի որ սա էլ ընտրություն է՝ ըստ հանգամանքից դրդված շահի, հետևաբար կարող են ձեռքերդ արյունոտվել ամեն հաջորդ ակնթարթին: Եվ, ուրեմն, եթե անկեղծություն, ապա երկուսն էլ պետք է սնվեն սեփական ատամներով ու լինեն տեսանելի, իսկ եթե ինքնամաքրում, ապա երկուսն էլ պետք է տեղափոխվեն կաթիլային ներարկման, հետո անջատվեն համակարգից՝ առհասարակ, և միայն վերջին դեպքում ես բարձրանում այնքան, որ այլոց համար անորոշ դարձած էությունդ մարմնավորում ես փարաջայով, որով իրականում ծածկում ես էլ ավելի անհասկանալի քայլվածքդ, քանզի առաջ, թե ետ-ետ, երկու դեպքում էլ ծնկներդ ծալվում են առաջ:
84.
Ոչինչ այնքան զոհաբերություն չի պահանջում, ինչքան (ինքնա)ճանաչողությունը, իսկ բարձրագույնը միշտ ուզում է առավելագույնը. ոչնչանալ, երբ տենչում ես ապրել, բայց ... ու քանի դեռ կառչած ես կյանքից՝ սնվում ես նույն գոմի կեղտից, և ոչինչ չի փոխվում մաքրության ներշնչանքից՝ բոլորի արյան մեջ կա հուդայական բոզությունից:
85.
Հպարտությունը խոցում է, խիղճը վերքն է բաց պահում, ու ոչ մի տեղ չկա այդ երկու աղբից մաքուր այն սերը, որը կբուժի կամ կսպանի՝ կողմնորոշվելով ըստ վերքի խորության չափի:
86.
Եթե մեկը մյուսի համար մի քիչ մեռնի, բոլորն էլ կապրեն, բայց ... ու երկու կամ-ում էլ գերակշռում է շատը. ըստ այդմ՝ մեռնում և ապրում է փոքրամասնությունը, իսկ մեծամասնությունը խորը քնած է:
87.
- Ես թքած ունեմ քեզ վրա,
- Ես էլ քեզ վրա,
Այս անկեղծացումը կառողջացներ նրանց մտերմությունը, եթե չխանգարեր հպարտությունը, բայց … ու կասկածելի են մնում սրա միջով չանցած բոլոր հարաբերությունները:
88.
Կրքի զսպումը սրում է արթուն հատկանիշների ակտիվությունը, երբեմն էլ՝ պասիվներին է արթնացնում. ըստ այդմ՝ կարելի է որոշել, թե ինչն է նրանում գերակշռում՝ մարդ, թե անասուն:
89.
Ինչքան քիչ ենք իմանում, այնքան շատը իմանալու պատկերացումով ենք ապրում ու մեր լուցկու տուփը տիեզերք պատկերացնում՝ չիմանալով, որ նման տիեզերքներից ավելի մեծ տուփեր և արկղեր են կազմվում, մեզ էլ հաստոցի տակ դրած միօրինակ կտրատում ու գլուխ են կպցնում:
Թեպետ, իմանալուց էլ ոչինչ չի փոխվում. մեզ վառողին հրդեհելու փոխարեն տենչում ենք կեսից հանգչել՝ փչվելով կամ թքոտված երկու մատով, իսկ ազատներիս մեջ առավելապես նրանք են, ովքեր, որպես «անորակ», արհամարհաբար նետվել են:
90.
Ծնողական վախը քնեցրել է այնքա՜ն արթուն հոգիներ ու է՛լ ավելի՝ փրկել է կյանքը չարոգիների, որոնք դեռ չոչ անելուց պետք է վերանային:
91.
Մտածողներին.
Գոլ ջուր խմեք և ինքնաներշնչանքով ստամոքսներումդ թանձրացրեք, ու մխիթարվեք հույսով, որ մի օր ձեզ էլ կպատկերեն մի բանի վրա, ինչը ձեզ ծայրահեղ պետք է եղել, բայց չեք ունեցել, կամ գտնվեք առավել իմաստուն և այդ մխիթարանքից էլ հրաժարվեք, ինչն իրականում ծաղր է՝ ուրիշ ոչինչ:
92.
Ուզում եմ դառնալ քո մենությունը ու լքել քեզ. ահա, թե ինչ եմ ուզում նվիրել. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ …
93.
Հաճախ ենք ասել՝ սիրում եմ քեզ, երբ ուղղակի չգիտեինք՝ ինչ ասել, և հաճախ էլ հասկացել ենք, որ, ընդամենը, չգիտեինք պահի ճիշտը ոնց ասել, ու սա, ցանկացած լեզվով հեշտ ուսանելի, համամարդկային ամենաստերից է՝ նաև:
94.
Գիշերասեր.
Երբ բոլորը քնած են, սեր եմ ապրում նրանց հոգիների հետ միասին, իսկ առավոտյան չեմ կարողանում հանդուրժել նույն այդ հոգեառներին, ու անհասկանալի է մնում՝ ինչու՞ են մարդիկ լուսաբացին մահանում:
95.
Սիրում եմ քեզ. սրանում ինչքան ցավ, վրդովմունք, մեղադրանք ու անգամ մուննաթ կա …, բայց մենք այն մեկնաբանում ենք միակ անիրական ձևով՝ իբր տալիս ենք դա արտասանելով:
96.
Ժամանակ, երբ ուզում ենք գնա անցանկալին,
ժամանակ, երբ սպասում ենք ցանկալին,
ու միայն այն դեպքում, երբ ապրում ենք հույզը, չկա ժամանակ, ըստ այդմ՝ ժամանակի զգացողությունը վկայում է, որ դու մահացած ես:
97.
… կյանքի կախվածությունից ազատ լինել.
Ինձ ամեն ինչ կարելի է՝ ցանկացած մեղք և անմեղություն. իրավունք, որի գինն արժե ամբողջ կյանք, իսկ թե ստացվել է այնպես, որ վաղ ես վճարել, նշանակում է սկսել ես վերջն անց ապրել, այլ կերպ ասած՝ նոր ես սկսել ապրել, բայց և շարունակաբար սպանվել …
98.
Հասկացված լինելու ԵՍ, վերջապես ինքնամաքրման դանակս քո կոկորդին էլ հասավ. հիմա խռխռոցդ եմ վայելում, հետո՝ հոտելդ, ու այսուհետ միայն շփում, բայց ոչ երբեք հարաբերություն. ոչ մի խոչընդոտ՝ առ (ինքնա)ճանաչողություն, (ինքն)արարում …
99.
Կյանքի ու մահվան սահմանը գիծ կամ ակնթարթ չէ, այն ունի չեզոք գոտի, որում կարող ես լռվել՝ դժոխքին տալով երանի, իսկ դրանում հայտնվելն անխուսափելի է, եթե ընտրել ես ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ին հասնելու ուղին:
100.
Սուտը ցավ չէ՝ անգամ, երբեմն, այն մեղմող է, ճիշտն էլ ցավ չէ՝ այն կանխող է, եթե ժամանակին ասված է, բայց և էլի ցավ չեն, եթե նույնիսկ ժամանակավրեպ են. ցավը գոռալու ենթակա ճշմարտությունն է, որը չասված է. ցավը լռեցվածն է …
101.
Արդարություն գոռալու մեջ էլ կա անբարոյականություն՝ արտահայտված նուրբ երանգով. երբ ոտքերիդ ուժ տալու փոխարեն՝ ցանկանում ես կանգ առնեն ուրիշներինը, ու բնավ չունի նշանակություն՝ նրանք դոպինգով են, թե որևէ այլ ստով. դիրքերի տարբերությամբ՝ դու նրա տեսակն ես, ում դեմ այդպես պայքարում ես, իսկ եթե ոչ, ապա փակիր բերանդ ու թափիր արյուն(դ)ը:
102.
Եթե անցյալդ դանդաղ բացվող պարան է, որը կանգնեցնում, երբեմն էլ մեջքի վրա տապալում է, երբ արագանալովդ ձգվում է, ուրեմն չես դադարեցնում արագացումը՝ կտրում ես պարանը:
103.
Մենք ուրիշի հասկանալը չենք ուզում, այլ նրա վկայությունն ինքներս մեզ հասկանալում, կամ չհասկանալում՝ սա էլ բավականաչափ գրավիչ դեր է, որը սիրում ենք խաղալ:
104.
Նախքան ստի մեջ մեղադրելը, արժե երկկողմանի հարց հնչեցնել՝ ինչու՞ չկարողացավ ասել ճիշտը. հարց, որի պատասխանը միակ, երբեմն էլ, վերջին օգուտն է, որ կարելի է քաղել այդ ստից:
105.
Մշտապես անկեղծ լինելու մասին գոռա շշուկով. մարդն անգամ իր մենակությանն է վկաներ փնտրում:
106.
Ի տարբերություն մշտապես ճիշտ լինելու դժբախտության՝ մշտապես սխալ լինելու դժբախտության մեջ զվարճանք կա. ըստ այդմ՝ երբ երգդ տխուր է, կարելի է վայելել դրա ուրախ ռեմիքսը:
107.
Արյունովդ արբենամ, հետո սթափվեմ ու գժվեմ, որ էլ չկաս. սեր, որն ունենալու համար խանդում ես ինքդ քեզ:
108.
Հոգու մերկության հասնելու համար անպայման պետք է հետույքդ էլ մերկանա, ու «անհաջողակ ես» կրկնակի, եթե այն մազոտ է. սեռային, ազգային, ռասսայական … խտրականություն ճանաչողության մե՞ջ՝ այո և ոչ, ու կարևոր չէ, երբ հոգիները համատարած փաթեթավորված են չադրաների մեջ. սեռային, ազգային, ռասսայական … միաձուլում անգիտության մե՞ջ՝ այո և այո, ու կարևոր չե՛ք …
109.
… լռելու չափ ասելիք չունեն.
Դիմացինի որպիսությունից հարցնելն ամենատարածված նախաբանն է՝ սեփականը ցույց տալու, ու թե ինչքան ասելիք, այդքան էլ հնչեցրած հարցի պատասխանը լսելու համբերություն ունեն, իսկ լռությունը լսելու համբերություն ունե՞ն …
110.
Անկեղծ զրույցը մտերմացնում է, անկեղծ ապրելը՝ վանում, իսկ զվարճալին այն է, որ սրանց սահմանագիծ համբույրին հասնելու համար` տրվում է հավերժության խոստում, ու պարզվում է՝ ամենաանկեղծը վերջում հնչող հայհոյանքն է:
111.
Ապրումի մեջ մենակ մնալն է մարդուն դարձնում էգոիստ, երբ չի վերաճում իմաստնության. ըստ այդմ՝ ոչ միայն անհոգությունը, նաև տառապանքն է հանգեցնում դրան, և, գուցե, վերջինս առավել, քան …
112.
Վճիռ արտագրող դատավոր,
Ոսկոր կրծող մեղադրող,
Ճշմարտության դեմ իրավացի լինելուն պատրաստ պաշտպան,
Զոհի կարգավիճակից օգուտ մուրացող տուժող,
Մտրակի ահից խոսացող կամ շողոքորթ վկա,
Ու մեղքի արժեքը չհասկացած մեղադրյալ.
Ես-եր, որոնց պետք է ոչնչացնել մեկ, արտադատական դատավարությամբ, ընդ որում՝ Ես-եր՝ միշտ և ամենքում նույնական:
113.
Հանցագործներ, հիվանդներ, տկարամիտներ, ու պետք է որոշես, որ դասին պատկանես՝ շատ ունենաս, ուրիշի մանրով գոյատևես, թե անհոգ լինես, իսկ երբ ցանկանաս այս ժանտախտից փախչել, կհասկանաս՝ սարերն էլ ենք փոքրացրել. ըստ այդմ՝ կարող ես լինել երեքից մեկը (նաև երեքը մեկում), կամ` մեկ ոչինչը …
114.
Դու կարծում ես մենակությունն այն է, երբ տխրությանդ պահին չկա մեկնված ձե՞ռք, սփոփանքի խո՞սք. ոչ՝ մենակությունն այն է, երբ չկա մեկը, ով կգա և լուռ կնստի կողքիդ. ըստ այդմ՝ ավելի շատ են մենակները, նրանց մեջ էլ՝ այդ մասին չիմացողները, ու երանի դրանց …
115.
Գնալու տեղ չունենալու առավելությունը նրանում է, որ կարող ես գնալ ուր ցանկանաս, ուստի, եթե…, ապա՝ գուցե ձախողակի փոխարեն պիտի կոչվես ճանապարհո՞րդ:
116.
Քանի կաս, բախտավոր ես, բայց երբ բախտը ժպտում է միայն անդունդի եզրին ու այնքան, որ չգահավիժես, հասկանում ես՝ բախտավոր են նաև նրանք, ովքեր էլ չկան, իսկ դու սահմանային լարախաղաց ես:
117.
Փոքր ժամանակ մեծ էիր, մեծում՝ փոքր ես. նշանակում է՝ ունես մեկ տարիք, որը երբեք չի փոխվել(ու):
118.
Տված դասերը սովորել՝ չծուլանալ, պարգևները վայելել՝ չկաշկանդվել, պատիժներն ընդունել՝ չվախենալ. երեք կանոն, որոնցից ցանկացած շեղում անցյալը լցնում է փորձություններով, որոնք վերադառնալու են ապագայում, ուստի նաև՝ ինչ էլ բաց է թողնվել, ետ հայացքով պետք չէ ճանապարհել՝ պետք է դիմավորելուն պատրաստվել, իսկ է՛լ ավելի լավ է՝ գրողի ծոցն ուղարկել այսօրով վաղվա ստեղծումը ու ոլորաններով չանցնել. ուղղահայաց գլորվել և/կամ մագլցել. կրկնություններով երկարն անկրկնելի կարճով փոխարինել ու մարդկային գոյաձևը լքել՝ մարդուն հաղթահարել:
119.
Մահվան անխուսափելիությունը ապրելու լրացուցիչ կիրք է տալիս. այն, ինչպես օրգազմը սեր անելում, առանց որի մշտնջենական գրգռվածությունը հաճույքից կվերածվեր անտանելի տառապանքի:
120.
Աստծուն չեն բացահայտում՝ որպես դատավոր, նրան բացահայտում են՝ որպես վկա, որի ցուցմունքների իսկությունը ստուգելու և պատկերն ամբողջացնելու համար՝ պետք է նաև նեռին հարցաքննել, ինչ վերաբերում է դատավորի ինքնությանը, ապա՝ այդ ամենաանհայտ հայտնին ինքնին է բացահայտվում, երբ հասկանում ես ճշմարտությունը, որ կա միայն մեկ արդարադատություն՝ ինքնադատություն, հետևաբար մեկ բացահայտում՝ ինքնաճանաչողություն, և մեկ արարում՝ ինքնարարում …
121.
Ակնկալիքը ստիպում է փնտրել, իսկ այն, ինչ գտնված է, սուբյեկտիվ, հետևաբար ճշմարտությունից շեղված է, ըստ այդմ՝ սպասողների մեջ պատահում են այնպիսիք, ովքեր ուղղակի հավակնում են միայն օբյեկտիվ գնահատման՝ մի բան, որը երբեք չի լինելու, բայց և այնպես, նրանց այդչափ միամտությունը հոգի է շոյում, ինչի համար, գոնե, չարժե նրանց ծաղրաբար խրատել՝ ասելով՝ հիմարություն է լինել սպասող:
122.
Խավարում արտացոլվում է մարդու ներքինը. ոմանք այդ ինքնառերեսումից ինքնամոռաց փախչում են, մյուսներն ինքնասիրահարվում են ու մնում, բայց կան նաև նրանք, ովքեր խաչվում են երկու հարթություններում. հենց այս տեսակն է տանելի դարձնում մեր՝ մարդկային գոյությունը:
123.
Մենակությունն ամենաանխիղճ ճշմարտախոսն է, տեղին է ասել, որ դրանում նա անկրկնելի ցինիկ է, որից դառնանում, բայց նրան չհամակրել չես կարողանում:
124.
Գժվելն արվեստ է, ու այս վերնագրի տակ ամփոփվում, կուզեք՝ հաշտվում են բոլոր արվեստները:
125.
Երեխաներին պետք է սովորեցնել, իսկ ավելի ճիշտ՝ պետք չէ խանգարել լինել խենթ, որպեսզի նրանք ապրեն՝ որպես երջանիկ տառապյալներ և չձգտեն դժբախտ անհոգության, ու եթե անգամ խենթությունը նրանց ձեզանից անդառնալի տանի, կարոտի վիշտը պետք է սփոփել մտքով, որ նրանց տարավ ավելի մեծ սերը ու չպահեց խղճահարությունը:
126.
«Ներկայիս իմացությամբ ավելի երիտասարդ լինեի» միտքը, որից, գուցե, զերծ չի մնում ոչ ոք, լավագույնս է հիմնավորում այն, որ մարդիկս ներքուստ հակում ունենք դեպի տառապանքը ու հենց այդ իսկականի բացակայությունն է շատերին թողնում անբավարարված:
Ու սրանով ինքս էլ պատասխանում եմ հարցին, թե ինչում եմ ավելիին ձգտում …
127.
Հերոսությունը պետք է ընկալվի որպես լրացուցիչ առաքինության ստանձնում, ոչ թե՝ անառականալու արտոնություն, բայց … ու հերոսները, հաճախ, որպես անարատ մնալու վերջին հնար, հեռանում են՝ շքանշանները թողնելով անառակներին:
Ու եթե գրքերում առավելապես հիշատակվում են շքանշանակիրները, ապա տեղին է սահմանել շքանշաններից հրաժարվածներին տրվող շքանշան:
Այս ամենում միակ սփոփանքը մնում է այն, որ պատմությունը, նման կենդանի օրգանիզմի, ունի ինքնամաքրման գորածառույթ, որին ամենքս մասնակից ենք մեր հիշողությամբ:
128.
Ի՞նչ կարող է պատկանել մեզ, եթե անգամ ինքներս մեզ չենք պատկանում, բայց և այնպես, ժամանակ առ ժամանակ, պետք է տրվենք ինչ-որ մեկին. մեզ վստահվածը կորցնելու վտանգով ուրախություն պարգևելու մեջ ադրենալինի հսկայական չափաբաժին կա:
129.
Բոմժի օրորոցային կամ՝ երգ առանց երաժշտության.
Դատարկ ստամոքսիդ մի կում ջուր արա,
Ծանր մտքերիդ թեթև ժպիտ արա,
Ճամպրուկիդ էլ անիվներ մի դիր,
Ճիշտ հակառակը՝ դրանից ազատվիր:
Ապրելը սկսվում է հրաժեշտից,
Սե՛րը սկսվում է հրաժեշտից:
Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ անդինը չափումներից,
Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ չափումն անդինից …
130.
Կյանքն առանձնապես կառչում է նրանցից, ովքեր կառչած չեն իրենից և ամեն հաջորդ ակնթարթը պատրաստ են ընդունել որպես վերջինը, ու սա ոչ այլ ինչ է, քան նրա կարիքը՝ անկեղծ ապրողների, որոնց ներկայությունն ապահովելու համար, հաճախ, ստիպված է դիմել բռնության:
131.
Երբ ձեռնոց են նետում աստվածներին.
Աստվածները հարգում, բայց չեն ներում նրանց, ովքեր (ինքնա)ճանաչմանը տրվելով՝ նյութականում բավարարվում են քչով կամ չեն ձգտում ավելիին, քան ունեն, քանզի այդպիսիք նրանց համար՝ ինչպես փայտը մխրճված իրենց անիվի մեջ: Որպես արժանի մրցակիցների հարգում, բայց իրենց կարգավիճակին՝ բարձրագույն ԵՍ-ին ձգտելու համար չեն ներում, իսկ տիեզերքը անկողմնակալ է դատավարում:
Ըստ այդմ՝ մարդուն հաղթահարողները կարող են աստվածանալ, իսկ պարտված աստվածները՝ մարդանալ, ինչպես եղել է ու լինելու է …
Ահա, թե ինչ էր իրականում փորձում հասկացնել բոլորիս հայտնի խաչվածը:
132.
Հաճախ կարծում ենք, որ մենք ենք այն արգանդը, որտեղ պետք է հասունանա ու ծնվի ճշմարտությունը, բայց հաճախ էլ կանգնում ենք փաստի առաջ, որ, ընդամենը, սերմն արգանդին հասցնող խողովակ ենք:
133.
Երբ դրախտում գայլին գլխատեցին, նա, իր վերջին խոսքով, բացականչեց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ չընդունելով տիրոջ հեղինակությունը, իսկ վերջինս չգիտեր, որ իր հարսը հասցրել է հղիանալ գայլից. ըստ այդմ՝ դեռ հույս կա իսկական արդարադատության՝ այս անգամ կրակահեղեղով, որում, ի տարբերություն ջրի, վիրուսներ չեն մնում:
Իսկ դժոխքի դռները փակ էին՝ տան տերը պատվավոր հյուր էր վերը նշված պատմական խրախճանքին:
134.
Ինքնասպանություն կամ դրա փորձ արածներին հանրային կարծիքը կոչում է հիվանդ, և, գուցե, չի սխալվում, ու պատկերը չի փոխվում, երբ զուգահեռները տանում ենք ինքնաճանաչմանը՝ նույնն է, թե կուտակվ(ող)ած ԵՍ-երից ինքնամաքրմանը, քանզի վերջինս, նման առաջինի, անկարելիի սահմանն անցնելու փորձ է, որը երբեք չի ընդունում համընդունված չափանիշներով խելամտությունը:
Իսկ նույն վերջինն, ի տարբերություն առաջինի, երբեք չի ավարտվում մեկ դրվագով՝ այն մշտնջենական ինքնասպանություն է: Այս վերջակետից հետո, գոյության ձայնը հուշեց, որ դա, միաժամանակ, վերածնունդ է, ու սրա հետ հնարավոր չէ չհամաձայնել, բայց միաժամանակ պարզ է դառնում այն, որ վերածնվածի լեզուն այլ է՝ թեկուզ առավելապես սեր է, բայց անհասկանալի է. ըստ այդմ, միևնույն է, համաձայն «շատը ճիշտ է» սկզբունքի՝ այդպիսինը հիվանդ է:
135.
Մարդանալով՝ հասնում ենք բնության և տիեզերքի սահմանագծին. ահա, թե ինչու է ասվել՝ մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի (Նիցշե), ու դրա համար մեզ տրվում է ոչ մեկ հնարավորություն, որից հետո ետ ենք շպրտվում կամ անցնում ենք էլ ավելի բարձր գոյաձևի տիեզերքում (գերմարդ կամ բարձրագույն ԵՍ):
136.
Մենք հարաբերվում ենք մեզանից դուրս ու դիմակները, որոնց գործուղում ենք հաղորդակցվելու, կախված արդյունքից՝ դառնում են մեր հպարտությունը կամ ամոթը, իսկ իրար մասին իրականը, որին երբեմն հասնում ենք, չենք կարողանում ընդունել, քանզի մեր ճաշակին վաղուց խորթ է տաք արյան համը:
137.
Ճանաչողության արդյունքում ստացվող սյուները, դրսի հարվածներից՝ գամերը. ահա այն ամենը, ինչ պետք է «բաբելոնյան» աշտարակդ կառուցելու համար, և ոչ ոք դրան խանգարել չի կարողանա՝ ոչ տակից, ոչ վերևից, երբ հանգես ճշմարտության, որ ազատությունն ընտրություն է կատարելության, ու բնավ կարևոր չէ ինչքան կհասցնես, դու արդեն ընտրյալ ես՝ առեղծվածի պարընկերն ես …
138.
Մենք երբեք ոչ մեկին չենք կորցնում, մենք կորցնում ենք հարաբերությունը, որը ունեինք գնացածի հետ, իսկ հարաբերությամբ միայն ինքներս մեզ ենք ձեռք բերում կամ կորցնում. մենք միշտ ինքներս մեզ ենք փնտրում, և երբեք չենք ունենում ուրիշ մեկին …
139.
Ապրում ես ուրիշ(ներ)ի, մեռնում՝ քեզ համար, ու վերջինիս մասին մտորումները ուղեկցվում են քննադատությամբ՝ գժվե՞լ ես, բա մեր ստանալիքը …
Իհարկե, այդ դժգոհությունը քողարկվում է կարեկցանք կոչվող դիմակով, որից վստահաբար կարելի է ազատվել՝ նկատի ունենալով, որ մեռնելը մեկնարկում է ծնվելով:
140.
Ամոթ է բառը ավելի շուտ ենք սովորում, քան այն, թե ինչն է ամոթ, ու հետո գործում ենք լիքը հիմարություններ՝ բառն անբովանդակ չթողնելու համար:
141.
Եթե մեղքը կարող է երբեմն ինձ մարդուց վանել, ապա անմեղ մարդը վանում է միշտ, ընդ որում՝ ինքս ինձ եմ վանում նրանից, երբ չեմ գտնում նրա նկատմամբ հավատարմությունս ստուգելու որևէ առիթ:
Բացի այդ, մեկ ընդհանուր մեղքը մարդկանց կարող է մտերմացնել առավել, քան բազմաթիվ առաքինությունները, որի կրումը, վերջին հաշվով, դառնում է նրանց հարաբերության գլխավոր առաքինությունը:
142.
Կյանքն անչափ ցանկալի պոռնիկ է և նույնչափ էլ թանկ, դրա համար էլ, հաճախ, ստիպված ենք բավարարվել օնանիզմով, ու եթե մենք աշխարհի մաս ենք, ապա մեր երևակայությունն էլ իրավունք ունի կոչվելու իրականություն:
143.
Վերջին հաշվով՝ կա մեկ ամբողջական ցավ, երբ մարդկային կյանքին նայում ես ժամանակի հարաբերականությունից անկախ, այն է՝ հոգին պետք է տարանջատվի մարմնից, ինչը, համամասնորեն, կարող ես բաժանել ծնունդ-մահ ժամանակահատվածի վրա և անցնել մաս-մաս, կամ՝ ցավը վերցնել մեկ ընդհանուր չափաբաժնով և անցնել միանգամից:
Ինչ վերաբերում է երանությանը, ապա այն ցավին զուգահեռ է ժամանակում, նույնական՝ ժամանակից դուրս:
144.
Կենդանիները մարդու պաշտպանության կարիքը չունեն. նրանք կարիք ունեն արդար պայմաններում մարդու հետ պայքարելու՝ հանուն գոյության, ինչից զատ՝ ցանկացած վերաբերմունք՝ լինի փաղաքշանք, թե մտրակ, դեմ է նրանց բնությանը, հետևաբար, նաև, բռնություն է նրանց հանդեպ:
145.
Անհատելի սահմաններ չկան, կա անհրաժեշտ կրքի պակաս։
Սահմաններից դուրս գեղեցիկը կարող է այլանդակվել, իսկ սահմանների մեջ այն անպայման խամրում է …
146.
Էշն իր ազատությունը պարտականությունների արագ կատարման մեջ է տեսնում, ինչից միայն էշատերն է շահում, իսկ նրա բաղձալի ազատությունը վրա է հասնում ծերությամբ կամ գիշատչի ատամներով, և միայն վերջին դեպքում է նա զգում ապրելու կիրքը:
147.
Մտերիմներիս հաճախ եմ տեսնում վիրավոր, իսկ մեղավորին ճանաչում եմ վերք հասցրած ատամների հետքերով, հետո հիշում եմ դեպքը՝ նրանք էլի փորձում էին ինձ հաշտեցնել ինձ հետ, ու, հաշվի առնելով հետևանքը, հեռու չէ առանց հաշտարարի վերջին մենամարտը, որում ոչ մի դեպքում չի հաղթելու նա, ում ստեղծ(ել)ում են իմ ոչնչին դեմ:
148.
Ներելն աստծո` պարապությունից ցրվելու ամենասիրելի զբաղմունքն է, ու ես էլ եմ նրան զերծ պահում տանջալի ձանձրույթից՝ միաժամանակ խաղի մեջ նորարարություններ անելով:
149.
Ստրկատերն էլ իր իշխանության ստրուկն է, բայց սա, ստրուկի մխիթարանք և ստրկատիրոջ դատապարտում լինելու փոխարեն, պիտի լինի հուշում, որ ազատությունը մեկնարկի հակառակ կողմում է, ընդ որում, առանց տարբերության՝ վազելով կգնաս, թե քայլելով, հետևաբար՝ կարելի է նաև պարելով: Ինչ վերաբերվում է մեկնարկից առաջ գնալուն, ապա, անշուշտ, դա միակ ուղին է՝ ապահովության զգացում գտնելու, որին, երբեմն, բոլորս ենք ուզում զիջել մեր ազատությունը, երբ հոգնում կամ վնասվում ենք դրա պարտադիր բաղադրիչ անորոշությունից, բայց նաև պարզվում է, որ ոմանց համար պարզապես նախատեսված չէ անդորր, պարզապես չի լինելու …
150.
Հաշվի առնելով զավակների և ծնողների միջև կոնֆլիկտների բնույթը՝ զարգանալու (արթնացման) հույսը մնում է որբերի վրա:
151.
Դեռահասության ժամանակ բուռն են մահվան մասին մտքերն ու սիրահարվածությունը, հետո վրա է հասնում հասունությունը և հասկացնում կապը. մահն իրավունք է, սերը՝ դրա իրացման տեսակ, իսկ սիրելին՝ ընտրություն, թե ում ես ուզում, որ քեզ օգնի դրանում:
152.
Նկատի ունենալով իրենց ժամանակում հասկացված լինելու պրոբլեմը՝ մտածողները շարունակ(ել)ում են երկխոսել ապագա սերունդների հետ, որոնք այդպես էլ չեն հայտնվում …
153.
Հոգևորը նույնացնել կրոնի հետ, նույնն է, թե ասել բանջարեղեն ու հասկանալ միայն վարունգ՝ ընդ որում ջերմոցային, ըստ այդմ էլ, մեծամասամբ, մարդկանց մի խումբն արհամարհում, մյուս մասը վարունգակոխ է լինում՝ միասին կազմելով վիտամինների պակասից հիվանդ ամբոխ:
154.
Մտածողը տառապում է միտքը ճշգրիտ արտահայտելու մեջ՝ դրանում ձգտելով հասնել կատարելության՝ այդ կերպ դառնալով անհասկանալի, գրողը փորձում է բառակույտը վերածել մտքի՝ այդ կերպ հեռանալով կատարելությունից, բայց մնալով հասկանալի. ըստ այդմ՝ մտածողների համար ցավալի է նույնացվել գրողների հետ, իսկ գրողներին՝ այս ճշմարտության:
155.
Ամբողջը տեսնելու հնարավորությունն աչքերում կամ ոտքերում չէ, այլ դիտակետում, որը գտնվում է մեր մեջ. ըստ այդմ, դրանում մեկ անգամ հայտնվելով՝ կարող ես, օրինակ, ընդմիշտ մնալ նկուղի մի անկյունում:
156.
Այն, ինչ հաճախ մոռանում ենք.
Տիեզերքն ունիվերսալ է նրանով, որ ամենքի շուրջը պտտվում է որպես իր անհատականը, ու ուրիշ ցանկացած ինչ և ոք դրանում լոկ մասնիկ է:
157.
Ով-ը աշխարհիկ հարց չէ. այստեղ կանք որպես ինչ-եր, ու դրա վերագրումը մեզ ընդամենը հուշն է նրա, որ երբևէ այն վերաբերվել է մեզ, ինչից մնում է միայն հույսը, որ դեռ էլի …
158.
Երբեմն, ԱՄԵՆը ընկալվում է ամբողջական՝ հասցնելով խելագարվելու եզրին, և եթե պրոցեսը տևի ակնթարթից ավելի, անդինի սահմանագիծն անդառնալի կհատվի, ու ես չգիտեմ՝ ավելի շատ վախենում եմ դրանից, թե տենչում եմ դա, իսկ ավելի ճիշտ՝ վախենում եմ, որ դեռ տենչում եմ …
159.
Մտածողը.
Թվում է՝ հաշտ լինելով յուրաքանչյուրի հետ՝ նեղացած է ամենքից, և նույնիսկ սիրո մեջ վերք ունի՝ կարծես ստացած սիրելիից, ու անհասկանալի է հնչում նրա պնդումը, որ երբևէ չի նեղանում ոչնչից և ոչ մեկից:
Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի հետ. հավաքականի, ամբոխի, որն արդեն մարդիկ չեն՝ մարդուն կլանող համակարգ ու ծրագրված գիտակցություն է. մարդու՝ ինքն իրեն հասնելու արգելք է:
Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի ու, նախ, ինքն իր հետ ...
160.
Խորհելու.
Բազմաթիվ են դեպքերը, երբ տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ նշանները հայտնաբերվում են ավելի խորը անցյալում, ու, որպես կանոն, դրանք բացահայտվում են առավել խոշոր դեպքերի կապակցությամբ: Համընկնումների ճշգրտությունը տեղ չի թողնում կասկածի, որ այս ամենում չկա պատահականություն, առավել ևս, երբ երևույթները դիտարկում ենք փիլիսոփայական այն ճշմարտության լույսի ներքո, որ երբեք չի լինում պատահականություն կամ պատահականությունը չգիտակցված անհրաժեշտությունն է:
Ըստ այդմ՝ խորհում.
- Եթե նշանները տրվում են, որ կարողանանք իրադարձությունների վրա ազդել, ապա նախ՝ սա վկայում է, որ կա վերմարդկային մակարդակում հակադիր երևույթների պայքար ու շատերս չենք գիտակցում, որ պատկանում ենք դրանցից մեկի «զորախմբին», կամ շատերը լոկ միջոց են, ինչպես բնության ցանկացած այլ տարր, իսկ քչերն, ըստ իրենց արթուն լինելու չափի, ընտրվում են այդ երևույթների կողմից, ինչն էլ կամ՝ ըստ արժանիքի կարգավիճակի շնորհում է, կամ՝ շահով ներգրավում (վերբովկա), և երկրորդ՝ կարելի է ենթադրել, որ, ուրեմն, մինչ օրս կանխվել են բազմաթիվ ու էլ ավելի հզոր աղետներ, քանզի հասարակ միտքը, թե օրվա մեջ ինչքան մեծ է մահանալու հավանականությունը, ցրում է կասկածը, որ միայն մեր կամքը երկարակեցության համար բավարար նախապայման չէ:
- Եթե նշանները տրվում են, բայց միևնույն է ոչինչ փոխել հնարավոր չէ և որոշված իրադարձությունների վրա հասնելն անխուսափելի է, ապա սլաքները կրկին թեքվում են առ այն միտքը, որ նշաններով կատարվում է ընտրություն՝ ըստ դրանց հատկորոշվում են արթունները, իսկ եթե կա նման ընտրություն, նշանակում է՝ վերմարդկային մակարդում կա առաքելություն, կամ դիրք, որին կարելի է հասնել (օր.՝ լինել գերմարդ, բարձրագույն ԵՍ …):
- Եթե …
161.
Եթե, օրինակ, տասը օր ոչինչ չի փոխվել, նշանակում է՝ տասն օր առաջ մահացել, բայց մնացել ես վերջին օրվա կրկնության մեջ:
162.
Հետաքրքրությունն ամբողջն իմանալու ձգտում է, որն առաջանում է դրա մի մասի իմացությունից, ուստի՝ մասի հանդեպ անտարբերությունը կարող է պատճառ լինել ամբողջի իմացության, որն, ի տարբերություն մասի, ընկալվում է զգայաբար, ու «գիտեմ»-ն արտահայտվում է «չգիտեմ»-ով, երբ հնչում է հարցը, անգամ, երբ տալիս ես ինքդ քեզ:
163.
Հարցի ճիշտ ձևակերպումը միշտ է ճիշտ պատասխանի նախապայման, իսկ ճիշտ պատասխանը, երբեմն, ճշմարտություն է:
164.
Եթե չեն տեսել, ապա ինչպես էլ նկարվի, միևնույն է, իմացությունն ավելի շատ պատկերացում է, քան իրականություն, որում նկարն, ընդամենը, պատկերացնելու միջոց է. ըստ այդմ՝ փոխվում է հարց-պատասխանը՝ ճանաչում, թե պատկերում ենք իրար, ու, բացի այդ, եթե հնարավոր չէ իրականությունը, ապա, առավել ևս, թող պատկերեն իրենց ներկերով:
Գուցե հենց այս դեպքում կարող են լինել տեսնողներ …
165.
Երբ լռությունն է դառնում արտահայտվելու միջոց, ամեն ինչն է վերածվում երկխոսելու ընկերոջ, իսկ խոսուն ով-երը սկսում են լքել ընկերության շարքերը …
166.
Ապրելու միջին տևողությունը չափազանց կարճ է գոյությունը հասկանալու համար և անչափ երկար, երբ սկսում ես այն զգալ, իսկ սպասելու ձանձրույթը հաղթահարվում է քաոսի խելահեղ ներկայացումներին հետևելով, որոնք կատարյալ գեղեցիկ են, երբ ինքդ դադարի մեջ ես:
167.
Ինչպես իրերի պետքությունն ու գեղեցկությունն է ամբողջական դառնում իրենց համապատասխան վայրում, այդպես էլ մարդկանցը՝ իրենց համապատասխան միջավայրում: Իրերի պարագայում հարցը թվում է ավելի պարզ, քան մարդկանց, բայց, իրականում, մարդկանց դեպքում էլ չկա իր տեղն իմանալու դժվարություն և ամեն ոք իր ներսում գիտի որն է իր տեղը, այլ բան է, թե որքանով ենք առաջնորդվում մեր ցանկությամբ և արդյոք ունենք դրա հնարավորությունը: Հնարավորության բացակայության պարագայում էլ առկա է մեր ցանկությունը, տարբերությամբ, որ այս դեպքում այն սերված է ոչ թե մեր էությունից, այլ՝ միջավայրից: Մի դեպքում մեր իսկականը խեղդվում է ամոթի, մյուս դեպքում՝ պատկերացման տակ. մի դեպքում ազդում է նվաստացումը, մյուս դեպքում՝ հպարտությունը. երկուսն էլ միջավայրի ծնած բարոյականություն կոչվող հրեշի ձեռքերն են, որը տեղից տեղ տարբեր է, բայց էությամբ՝ անփոփոխ:
Նրանք, ովքեր խեղդվել են նվաստացումից, որպես սփոփանք օգտագործում են «ծաղիկն աղբի մեջ էլ է ծաղիկ» միտքը, բայց լռում են նրանում, որ գրեթե ոչ ոք աղբաման նետված ծաղիկը չի վերցնում՝ այն այլևս անպետք է, բացի այդ, դրանով նաև գերեզմաններ են զարդարում՝ դե, իհարկե՜, ծաղիկը հենց դա էլ երազել է միշտ …: Իսկ նրանք, ովքեր խեղդվել են հպարտությունից, սփոփվում են «կեղտը նաև ուտեստ է՝ պայմանավորված մատուցելու ձևից» մտքով, բայց լռում են նրանում, որ իրենք, առանց դեղահաբերի, այլևս ինքնուրույն ոչինչ մարսել չեն կարողանում:
Գուցե, ոչ էլ սրանում է ընդհանուր, հայտնի իրականության բացատրությունը, բայց այդ դեպքում հարցական է մնում այն, թե ինչու են այդքան շատ անհատական, գաղտնի իրականությունները, որտեղ թագավորն առանց նվաստացումի նախանձում է մուրացկանին, իսկ մուրացկանն առանց փառասիրության խանդում է թագավորին …
Բայց թողնենք մարդկանց, մտորումը ծագեց նրանից, որ քաղաքի պանելներով խեղդված կածաններ կան կարճ-կարճ, որոնցով հաճույքով կզբոսնեինք, եթե նրանք լինեին անտառում կամ, գոնե, այդչափ կտրված չլինեին բնականությունից:
168.
Գիտակցականում այն, ինչ կոչվում է մենակության հանդեպ վախ, ենթագիտակցականում համարվում է մենակությունը կորցնելու վախ. ահա, թե ինչու ենք ձգտում հարաբերությունների. դրանցով մենակությունը զգալի է դառնում, երբեմն էլ՝ հարություն առնում, բայց քանի որ գիտակցությունը հաճախ ծուռ հայելի է ճշմարտության առջև, արդյունքում խելամիտները փախչում են իրենցից, խենթերը՝ ձգտում գտնել իրենց: Վերջիններիս մեջ շատ հայտնի անուններ կան՝ Հիսուս, Նիցշե, ..., իսկ անհայտների մեջ կարող է լինել կարդացողիդ հարևանը, ընկերը …, կամ հայելու միջից քեզ նայողը, որին, գուցե, մի օր կնկատես, երբ նայելիս լինես ինքդ քեզ:
169.
Ապոկալիպսիս.
«Նոր մարդկություն՝ նոր աստվածների համար» ծրագիրը փուլ առ փուլ իրականացվում է և մարդկանց զոմբիացումն այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, ու ճշմարտությունը, որ ոչինչ գոյություն չունի առանց հակակշռի, առիթ է տալիս երևակայելու ապագա, որում տեղի են ունենում պատերազմներ, որոնց համեմատ մեզ հայտնի պատմության մեջ եղածները խաղ են թվում. կրակի հեղեղն աշխարհում լինում է այնքան շատ, որ այն նույնացվում է «աստվածաշնչյան ջրհեղեղի» հետ, իսկ հետոն՝ դրան հաջորդող կամ, գուցե, դինոզավրերից սկսվող նույն սցենարով:
Դե ինչ, ի կատա՜ր …
170.
Ամենակրքոտ համբույրը գոյից ստանում ես հատվածում, երբ այն ճյուղավորվում է կյանքի ու մահվան, բայց չես ընտրում դրանցից ոչ մեկը՝ անցնում ես ուղիղ, ու գոյությունդ դառնում է առեղծվածային, մինչև տված թույնը հասնի սրտին …
171.
Առողջ սիրտ ունենալը չի ուրախացնում, երբ հոգին արդեն ՄԵԿացել է կրծքավանդակում …
172.
Ցավն անհատին, խրախճանքն ամբոխին. վերնագիր, որի տակ ամփոփվում է մարդկային պատմությունը: Իհարկե, առանձին մարդն էլ կարող է խրախճանել՝ ամբոխը վաղուց գիտակցության տեսակ է …, իսկ խնջույքին յուրահատկություն տալուն անհրաժեշտ ցավագարներին հատկորոշելու և տեսակավորելու համար՝ հորինվեցին արվեստի ճյուղերը, բայց մարդ-ամբոխներն անգամ այդ սուտը շատ համարեցին նրանց …
173.
Երբեմն քեզ բռնում ես մտքի վրա, որ ուրիշին ասում ես ցավդ տանեմ, բայց ինքդ քոնը տանել չես կարողանում, ու թվում է, որ, ուրեմն, կեղծում ես նրան և ինքդ քեզ, բայց ոչ՝ ուղղակի հենց այդպես էլ կա. երբեմն, ուրիշի ցավը տանում ես դու, իսկ քոնը տանում է քեզ …
174.
Մահը ցրում է մտահոգությունը, որ, երբևէ, որևէ մեկը կարող է մնալ որբ …
175.
Երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման ոչ պատահական, զգում ես՝ կարծես ոչ մեկին չես սիրում, հետո հասկանում ես, որ, ուղղակի, երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման անհրաժեշտաբար, անհասցե սիրում ես ամենքին:
Ըստ այդմ էլ պարզվում է, որ երբեմն անասուն ես, հաճախ՝ մարդ, երբեմն էլ աստված, ու երբ սա պարզում ես, երկու երբեմները մեկտեղվում են …, ու, որպեսզի խուսափես գժանոցից կամ խաչվելուց, թաքնվում ես փիլիսոփայի դիմակի տակ:
176.
Հոգին լռությամբ է լսելի, իսկ լռությունը ձայնի բացակայություն չէ, այլ՝ համրանալու աստիճան ասելիքի կուտակում:
177.
Անցյալը մասնատել է ամբողջությունը, որն ունեցել ենք ապագայում, բայց քանի որ արդեն հասկանում ենք առերևույթ այս թարսի ճշմարտությունը, ուրեմն էլ չկա նույնը կրկնվելու մտահոգություն. ժամանակից դուրս է մեր ընտրած ուղղությունը …
178.
Չի լինում առաջնորդում առանց փառասիրության, ու չի լինում հետևորդություն առանց սեփական շահի հաշվարկման, բայց լինում են այնպիսիք, որոնցում դրանք քողարկվում են երեսպաշտությամբ, ինչն էլ, վերջին հաշվով, արժեզրկում է ցանկացած լավ բան, որը ձեռք է բերվել պայքարի արդյունքում: Ըստ այդմ՝ ցանկացած ոգեշնչում, որը սկսվում է «Հանուն ձեզ»-ով, ու ցանկացած մեծարում, որը սկսվում է «Հանուն քեզ»-ով, արդեն իսկ ազդանշան են սպասվելիք հուսախաբության: Ուրեմն, ինչու՞ անկեղծ չեն նրանում, ինչը ստանալու են հաջողության դեպքում և կրելու են հպարտությամբ, ու, փաստորեն, ահա այս վերջինն է ստիպում դիմել երեսպաշտության, որ չվնասվի անհաջողության դեպքում:
179.
Ինքնավստահ է պատառոտված շորերով, գուցե, որովհետև, սիրուն մարմին ունի,
Ինքնավստահ է վնասված մարմնով, գուցե, որովհետև, սիրուն հագուստ ունի,
Իսկ երբ անկախ այս որովհետև-ներից, անկասկած է՝ սպիներով լի հոգի ունի …
180.
Կասկածել-գիտենալ բանաձևով ճանաչողությունն ի վերջո հանգում է հավատում եմ-չգիտեմ ճշմարտությանը, ինչը, սակայն, խիստ սուբյեկտիվ իմացություն է, ուստի երբեք չի փոխանցվում որպես պատրաստի արդյունք և ամեն ոք պետք է անցնի ինքնուրույն, բայց քանի որ մարդիկ մեծամասամբ փնտրում են պատասխաններ և ոչ՝ ճշմարտություն, արդյունքում՝ ավելի շատ հանդիպում են վստահ եմ-գիտեմ բանաձևով մոլորյալներ:
Թեպետ, մյուս կողմից էլ, ճիշտ է կյանքը խաբված ապրել …
181.
Քանի դեռ չես քնել, օրը չի փոխվել, իսկ օրվա երկարացումը կրճատում է դրանց քանակը շաբաթում, ամսում, տարում. ադյունքում՝ կյանքն է կրճատվում, քանզի բնավ ուրախությունը չէ, որ օրերն իրար է զոդում …
182.
Կյանքն ինձ համար՝ ինչպես անչափ ցանկալի պոռնիկ. խանդս թույլ չի տալիս ընդունել որպես կողակից, կիրքս՝ հրաժարվել նրանից, ըստ այդմ էլ՝ հաճախ ուրիշների, երբեմն՝ իմ պոռնիկ …
Իսկ թե նա ինչ է իմ հանդեպ զգում, սուր արտահայտվում է, երբ մահն է ֆլիրտ անում. ըստ այսմ էլ՝ ինքս եմ, գուցե, սրանց համար՝ ինչպես անչափ ցանկալի պոռնիկ …
183.
Վաղվա մասին անկասկածելի է միայն այն, որ մի օր չի գալու, իսկ բոլոր հաստատներն այսօրվա՝ այս պահի մեջ են …
184.
(Ինքնա)ճանաչողության մեջ կա մի սահման, որից այնկողմ հայտնվում ես ընդհանուր երթևեկությանը հակառակ շարժման մեջ, ու եթե անգամ հնարավոր լինի վերադառնալ, միևնույն է՝ չի լինելու այնպես, ինչպես մինչ այդ էր, քանզի արդեն անդառնալի փոխվում ես ինքդ, ուստի՝ մնում է շարունակության բովանդակությունը որոշել վերջի ձևի ընտրությամբ. երկար ու ձանձրալի, թե կարճ և հույզերով լի, ըստ այդմ՝ գերադասելի է վերջինը. արգելակների մասին մոռանալով՝ սլանալ մինչև, օրինակ, կհանդիպես անհաղթահարելի շրջադարձի կամ մի անմեղ ոչխարի ու վերջ …
Թեպետ կա նաև երրորդ տարբերակը. երթևեկությանը հակառակ, բայց ճանապարհի եզրով, ու երջանիկ է ապրում տականքի նաև այս տեսակը:
185.
Հաշտարար մի եղիր այնտեղ, որտեղ կա ինքն իր հետ կռիվ. սիրում ես՝ ապտակիր, ոչ՝ հեռացիր:
186.
Երբ ավագ սերունդը երիտասարդ սերնդին մեղադրում է անբարոյականության մեջ, տեղին է հնչեցնել հռետորական հարցը՝ իսկ ո՞վ է մեղավոր նախամարդու բարոյականությունը պղծելու համար և սերունդներիցս ո՞րն է դրան ավելի մոտ գտնվում:
187.
Մարմնին հաճելի է արագությունը, բարձրությունը, թռիչքը …, քանզի այդ կերպ որոշակի բավարարվում է հոգուն հասնելու գիտակցության տենչը: Այդ խանդը մարդուն դրդում է կատարելագործման, կամ գիտակցությամբ հոգու բանտարկության, իսկ վերջիններիս միջև հաշտություն գուցե և լինում է՝ այնքանով, ինչքանով հնարավոր է բացարձակի և հարաբերականի միջև …
188.
Առանց պատճառ թախիծ կամ ուրախություն, գուցե, որովհետև, հենց այդ ժամանակ են քեզանից տանում կամ տալիս քեզ՝ ՎԵՐԵՎԻՑ, ու սա իմանալով՝ կարող ես առաջինից պաշտպանվել միտքդ շեղելով, և ավելի շատ ստանալ երկրորդից՝ կենտրոնանալով, իսկ էլ ավելի լավ, երբ պաշտպանության փոխարեն՝ անցնում ես հակահարձակման և հակառակորդից էլ ես վերցնում, քանի դեռ բաց է հետախուզման միջանցքը:
189.
Մարդիկ նման են իրար՝ որպես հանքավայր և տարբեր՝ որպես հանքանյութ, ու առավելապես մնում են չբացված՝ ըստ այդմ էլ իրար այնքա՜ն նման, իսկ հատկանիշները, որով միամտաբար տարբերակվում են որպես անհատականություններ, ընդամենը տարբերությունն է հանքավայրերի մակերևույթի՝ ըստ կլիմայի, տեղանքի …
190.
Մարմնական, հոգևոր կամ գիտակցական արատ չունենալն էլ, երբեմն, ըստ հանգամանքների, կարող է կոչվել խոչընդոտ, երբ հաշվի ես առնում հաջողությունները, որոնց հասնելու հնարավորությունը չէր տրվելու, եթե չլիներ արատ: Ըստ այդմ՝ պետք է նկատի ունենալ, որ քեզանիզ կարող են կտրել ամբողջանալուդ և տալ՝ ամբողջացումդ խաթարելու համար:
191.
Ամեն ինչին զուգահեռ՝ զգում ես, որ ոմն ինչի ստրուկն ես, իսկ ազատականանալու գաղափարը, որը ծագել է մեջդ, խանգարում է հաճույք ստանալ ստրկությունից, ինչն այնքան հաջող ստացվում է շատերի մոտ: Ընտրությու՞ն. միթե՞ դա մեր ազատությունն է, երբ ընտրելին մեզանից դուրս է ստեղծվում, առաջարկվում …, բայց և այնպես, ազատության գաղափարն էլ պատահական չի տանջում, ինչը հաճախ ստիպում է հակառակվել ամեն ինչին՝ լավին վատով, վատին լավով, միայն թե զգաս, որ ենթակա չես, արդյունքում՝ վերածվում ես համակարգից աքսորվածի և, գուցե, հենց դա էլ ազատությունն է, որը ձեռք ես բերում այնտեղ, ինչը դուրս ու բարձր է համակարգից, հետևաբար, նաև, մերժված դրա կողմից:
192.
Ստրկավարձ, թե աշխատավարձ, կամ քեզ դիմում են Դուք-ով, թե արա-ով. ինչ տարբերություն ինչպիսինն է ընթացքը, երբ ապրել ու մեռնելդ չես որոշում ինքդ: Եթե միայն մարդիկս հասկանայինք, թե ինչքան ենք խաբվում, երբ միասին պայքարելու փոխարեն՝ իրար դեմ պայքարելու մեջ ենք ճշմարտություն փնտրում:
Գիտակցված լինել էշի քուռակ, թե անգիտակցաբար. վերջինիս դեպքում, երբեմն, կարող ես ստանալ էշատիրոջ թվացյալ զգացողություն, իսկ առաջինի դեպքում կարող ես ազատականանալ՝ արձակված գնդակը բաց կրծքով ընունելով:
193.
Ցավը, զգայականից հետո, շարունակում է հիշողության մեջ ապրել, ու սղոցող «ինչպես ես» հարցը դադարում է տհաճ լինել, երբ կենտրոնանում ես ցավը մեղմանալու հաճելի զգացողության վրա, ու երբ հասկանում ես, որ քան վերջինս, չկա էլ հաճույքի առավել մեծ տեսակ, սկսում ես տենչալ հեշտանք՝ ավելի ու էլ …
194.
Ով ինձ հետ է, հարվածի տակ է. ով միայն զգացմունքով է անտեսում այս ճշմարտությունը, միամիտ է, ով գիտակցաբար՝ խենթ է, ու սա ասելով՝ ինքս էլ միամիտ եմ և/կամ խենթ:
195.
Յուրաքանչյուր գիտություն, ուղղակի կամ անուղղակի, կապված է ՄԵԾՆ ԱՌԵՂԾՎԱԾԻՆ, և յուրաքանչյուր մասնագիտություն լոկ միջոց չէ սոցիալական կեցության ապահովման, այլ՝ մեկ ընդհանուր նպատակի մաս է՝ որպես առեղծվածի ճանաչման և բացահայտման միջոց: Ըստ այդմ՝ անմտություն է գերակայություն տալ դրանցից որևէ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի ճանաչում է ապահովում, քանզի յուրաքանչյուրն անօգուտ է, երբ բացառվում են մյուսները, ուստի՝ դրանք տարբեր են՝ ըստ գործառույթի, հավասար՝ ըստ նպատակի: Ու ամբողջ բազմազանության մեջ կա մեկը, որն ապահովում է մնացածի կապը և ընդհանուր գործառնությունը, որը, սակայն, անտեսված է առավել, քան որևէ այլ մեկը. փիլիսոփայություն՝ գիտությունների գիտություն և/կամ արվեստների արվեստ, կամ, ուղղակի, (ինքնա)ճանաչողություն, մտածողություն, որով յուրաքանչյուր մասնագիտության մեջ հնարավոր է ձգտել կատարելության՝ ավելի ու էլ, որով գիտություն կրողից ամեն մարդ կարող է վերածվել այն արարողի՝ մարդկությանը մոտեցնելով սահմանագծին, որից այնկողմ վերջապես կհաղթահարվի մարդը: Բայց …, ու համատարած է արհամարհանքը գիտությունների միջև, և բնավ պատահական չէ, որ փիլիսոփայությունը նվաստացվում է սոփեստության պիտակով, իսկ մարդիկս ձևի մրցավազքում մոռանում ենք բովանդակության մասին, քանզի գոյություն ունի նաև այն, ինչը դեմ է մեր բարձրացմանը:
196.
Կաս ու չկաս.
(Ինքնա)ճանաչումդ արդեն շոշափում է ՈՉԻՆՉԴ, երբ մշտական է դառնում զգացողությունը, որ այն չես, ինչում որ կաս, ուղղակի քեզ տրված է աշխարհը տեսնել նրան(ում)ով, ում միջով քեզ հետ հաղորդակցվում է աշխարհը, ու տանջում է հարցը՝ ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ, վերջապես՝ ինչու՞ եմ ես սրանում և ոչ նրանում. ըստ այդմ էլ հետևություն՝ ՈՉՆՉԻՆ ճանաչելն, ընդամենը, վերջն է մեկնարկին հասնելու …
197.
Մաքուր չենք ընկալում իրականությունը, հիշողության մեջ էլ ֆիքսում ենք պատկերացմամբ, ապա վերարտադրում ենք՝ փոփոխված ըստ ցանկալի արդյունքի, որն ակնկալում ենք ստանալ այնտեղ, որտեղ պատմում ենք եղածը. ըստ այդմ՝ միասին ձևավորում ենք հորինված միջավայր, որը թվում է իրական լոկ նրա համար, որ նրանում բոլորս ենք: Իսկ իրականությանն այլ բան չի մնում, քան մեր ճանաչողությանը սպասել այնտեղ, որտեղ մեզ տանում է ցավը, հիասթափությունը, այնտեղ, որտեղ հայտնվում ենք բացառապես անհատապես, ու մենակությունը, հաճախ, ստիպում է դրանից փախչել՝ այն կոչելով սեփական երևակայություն:
Արդյունքում՝ իրականություն ենք կոչում հավաքական երևակայությունը, երևակայություն՝ իրականության անհատական ընկալումը:
198.
Ինքներս մեզ հրաշալի տեսնում ենք անցյալում կամ ապագայում, իսկ պահին, երբ իսկապես բռնում ենք մեզ ներկայում, ըստ իրավիճակի միայն կարողանում ենք գոռալ ՝ գրողը տանի, ինչու՞ եմ ես այստեղ, կամ՝ վայե՜լք, ինչ լավ է, որ այստեղ եմ: Ըստ այդմ՝ շատերն առավելապես բացակայում են այնտեղ, որտեղ կան ֆիզիկապես, իսկ նրանք, ովքեր սովորել են տեսնել իրենց ներկայում, անբացատրելի տխրում են և/կամ անհասկանալի ցնծում …
199.
Խելամտության ձանձրույթից փրկում են միամտությունն ու խենթությունը, և ոչ միայն ձանձրույթից, նաև մարդու մեքենայացումից …
200.
(Ինքնա)ճանաչողության դինամիկա.
Մարդ ես, տարօրինակ մարդ ես, տարօրինակ է, որ դեռ մարդ ես …
201.
Տպավորություն է, որ տիեզերքն ինքն իրեն հասկանալու համար է մարդուն ստեղծել, բայց հաշվի չի առել, որ վերջինս էլ կարող է ինքն իրեն հասկանալու տենչով տառապել, կամ հաշվի է առել, բայց թքած է ունեցել, ու քանի որ երկու ճանաչելիների փոխպայմանավորումով է շղթայել, մարդը չունի այլընտրանք, քան ամբողջը ճանաչել:
202.
Իշխանասիրությունը միշտ չէ, որ պատասխանում է հարցին, թե ինչու ենք փորձում իրար փոխել, քանզի, հաճախ, ուրիշից փորձում ենք ստանալ նրան, ում միջոցով կմարմնավորվի ու այդ կերպ կբավարարվի ինքներս մեզ հասկանալու, հետևաբար՝ ինքնաոչնչացման տենչը: Ըստ այդմ, այդ փորձերը չեն բացառելու վիրավորանքը ոչ մի հարաբերության մեջ, քանի դեռ չի ընկալվել սիրո այն իսկականը, որն ավարտվում է մեկը մյուսի սպանությամբ, իսկ, մինչ այդ, ընդամենը սեր, որում ինքնասպանվում են նույն տեղում, և միասին՝ լավագույն դեպքում:
203.
Անապատում գտնվող ջրհորի միակ ուրախությունը երբեմն հանդիպող ծարավներն են, ու, նաև, նրա գոյության միակ իմաստը …
204.
Գոյության երեք սյուները.
Երկուսն էլ սխալ չեն, բայց ճիշտը նրանց հաշտությունն է, որին չեն հասնում, երբ ակտիվ է երրորդը: Այս եռանկյունին տիեզերական մշտնջենականություն է, որը մնում է անփոփոխ՝ նույնիսկ, երբ խաղացողների քանակը ավելանում է, քանզի պայքարը միշտ պարտադրում է համագործակցություն, ինչը ցանկացած թվով մասնակիցներին միշտ դասավորում է երեք կողմում, հետևաբար՝ հաշտությունն առկա է, երբ պասիվաց(վ)ել է երրորդը, ըստ այդմ էլ՝ այն միշտ ժամանակավոր է, քանզի ոչ մի կողմ վերջնական չի պարտվում, որովհետև բոլորն էլ սխալ չեն:
Մաթեմատիկորեն ասած՝ սա մի բան է, երբ բոլոր ժամանակավոր թվերից միշտ ստացվում է հավերժական երեքը՝ մատրիցա, մատերիա, անտիմատերիա, ու սրանում, նաև, արտահայտվում է մեր ընտրության ազատությունը և, միաժամանակ, դրա անազատությունը՝ որպես մեր կամքից դուրս ընտրելիների ստեղծում/առաջադրում:
205.
Լինել հակահրեշ՝ հրեշի վերածվելով.
Խորթ է ցանկացած ուրախություն և տխրությունն էլ չի հագեցնում, երբ ներսդ բացվում է ճանաչողության սև անցքը՝ իր մեջ կլանող բոլոր հիմնարար ճշմարտությունները, ու հրեշին, որ հսկում է մուտքը, էլ չես կարող կշտացնել ոչնչով, ըստ այդմ՝ մնում է ընտրություն՝ լինել նրա վերջին ուտելիքը, կամ արժանի հակառակորդը, և հաղթահարել նրան՝ վերածվելով հրեշի, ու մեկնարկել ազատ անկումը վերև …
206.
Արթունների որսի սեզոն.
Գայլերի միավորման ձմեռը մոտենում է, ու եթե ոհմակը ստացվի, գարունը կբացահայտի արյան շատ լճեր …
Ուստի՝ եթե գայլ ես, ատամներդ սուր պահի, խղճից էլ ազատվի, որ չխանգարի, ու հպարտությունից, որ դուրս չմնաս ոհմակի մարտավարությունից:
207.
Իրար սիրելուց բացի, կան էլի շատ կարևոր բաներ, որ պետք է միասին սիրենք, բայց …, ու առաջինում էլ ենք թերանում, քանզի չենք հասկանում, որ այն ուղղակի փոխպայմանավորված է երկրորդով, և համատարած է անհաջող, նաև հաջողված սիրո ողբաբառաչանքը:
Նույնը նաև ատելության հարցում, որի իսկականին չարժանացած՝ ընդամենը անդուր կռկռում ենք:
208.
Անիմաստ է լոկ երեխա ունենալու համբույրը, և սիրովն էլ ամբողջական չէ, երբ չի ավարտվում արարումով, ինչը կարող է արտահայտվել նաև ոչ մարդու կերպարանքով. առնվազն, գոնե, ինքնարարումով:
209.
… ու գնալով շատանում են հայացքները, որոնցում կարդում ես ոստիկանի և/կամ բժշկի կանչ, բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ փոխարենը անհրաժեշտ է մարդասպանի միջամտություն, կամ հասկանում, բայց այն երկուսի անզգուշությանն են թողնում …
210.
Իրավունքի փիլիսոփայություն.
Մարդկությունը լուռ հաշտությամբ անտեսում է ճշմարտությունը, որ տրված չէ մարդ հասկացության ճշգրիտ սահմանումը: Գաղափարական բոլոր համակարգերը, սկսած փիլիսոփայական սկզբունքներից, հիմնազուրկ են՝ ոչինչ հնարավոր չէ վերագրել մարդուն, համարել մարդկային, քանի դեռ պարզ չէ՝ ով/ինչ է մարդը:
Ցանկացած սահմանման դեպքում՝ ոչ միայն շատերը դադարում են համարվել մարդ (արատով, հիվանդությամբ, էությամբ …), այլ, նաև, շատ այլ կենդանիներ համարվում են մարդ:
Խնդիրն ավելի սուր է օրենքի դաշտում, հատկապես, երբ աշխարհը խմորվում է իրավունքների պայքարում․
Երեխայի, տղամարդու, կնոջ, այսօր նաև դրանց տարատեսակների, առհասարակ մարդու իրավունքներ …՝ սին են բոլորը, քանզի եթե երեխան սահմանվում է անձ/ոք՝ ըստ տարիքի, կին/տղամարդը՝ ըստ սեռի, բացի այն, որ կա նաև սեռային ինքնագիտակցման մոդայիկ խնդիր, բայց չկա անձ/ոք/ մարդ սահմանումը՝ ներառյալ իրավական, հետևաբար հիմքը՝ մնացած այլի իրավական սահմանման, հետևաբար իրավունք/պարտականությունների վերաբերելիության:
Մարդու իրավական սահմանման բացակայության պարագայում անպատասխան է մնում ֆունդամենտալ հարցերից մեկը՝ մարդ լինելը իրավու՞նք է, թե՞ պարտականություն.
- Եթե իրավունք է, ապա կարո՞ղ եմ արդյոք դրանից հրաժարվել՝ հրաժարվելով բոլոր իրավունքներից և պարտականություններից՝ բավարարվելով «արգելվում է կենդանիների նկատմամ դաժան վերաբերմունքը» ապահովությամբ …: Համենայն դեպս այն ինչ արգելված չէ, թույլատրելի է...
- Եթե պարտականություն է, ապա ո՞ր իրավական ակտով և ի՞նչ պատասխանատվություն է սահմանված՝ մարդ լինելուց հրաժարվելու համար …: Համենայն դեպս, պարտականություն հռչակվելու դեպքում, պետք է սահմանվեն բոլոր պարտավորությունները, դրանց իրականացման ձևերը, ժամկետները և այլն՝ մարդ լինելու պարտականությունը կատարված համարելու համար …
Վարչապետ, դատավոր, հանցագործ, փաստաբան …, ցանկացած սուբյեկտ կարող է գործել պատշաճ՝ այդպիսին ներկայանալու իրավական հիմքով՝ սահմանումով, թե ով է վարչապետը, դատավորը, հանցագործը, փաստաբանը …, այլից զատ, առնվազն փաստ է, որ այդպիսին կարող են լինել միայն մարդիկ, որի սահմանումը չկա …, կամ՝ ըստ էության ստացվում է, որ այդպիսին կարող է լինել ցանկացած անասուն, բույս …, ըստ մեկ այլ էության՝ այդպես էլ կա …
211.
Քայլերի անզգուշությունը, դրայվի հետ մեկտեղ, մեծացնում է մեռնելու հավանականությունը, իսկ չափից ավել զգուշավորությունը դանդաղ մահվան ընտրություն է: Կմտածես ինչպե՞ս պահպանել չափավորություն. դու լավ գիտես, երկարակյաց միջակություն …
212.
Սոկրատեսյան կայֆ.
Ձանձրալի է այն ինքնադատումը, որն արդարացումով է ավարտվում, ու միամիտ է այն դատապարտյալը, ով պատժի առավելագույնն ու դրա հաճույքը մինչև վերջ չի վերցնում …
213.
Շատ են քեզ համար մտահոգվող ուղեղները, ովքեր ասում են մի գժվի, ու գրեթե չկան սրտերը, որ ասեն՝ վստահ գժվի, խելամտություն պահանջող խնդիրներդ մենք կլուծենք:
214.
Տիեզերքի անսահմանությունը նրանում է, որ նրա ծագումը դեռ շարունակվում է, ու եթե «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ» կանոնը բացառություններ չունի, նշանակում է՝ լինելու է նաև նրա ոչնչացման անսահմանություն, և, գուցե, ոչ առաջին անգամ …
215.
Անսահման է այն, ինչը դեռ ձևավորվում է, իսկ ինչը դեռ ձևավորվում է, նշանակում է ապրում է: Ապրում կա նաև այնտեղ, ինչը մահանում է. այս դեպքում ձևավորվում է այն, ինչը ոչնչացումից է սնվում. կյանքն անսահման է:
Մի կողմ թողնելով բարձրագույն երևույթները, ըստ սրա կարելի է որոշել նաև մարդու կեցությունը. որդերի սննդի ես վերածված նրանում, ինչում քեզ կայացած ես համարում …
216.
Լավը բացառիկ է, երբ, միաժամանակ, ճշմարիտ է …
217.
Ճշմարտությունը զոհն է մեր շտապողականության՝ կրկնելու լսածը …
218.
Իրականում, աշխարհիկ բոլոր պայքարներն ածանցված են մի ընդհանուր պայքարից, որը բացառապես հոգևոր է՝ վեճի առարկան էլ հենց հոգին է, իսկ մարդը դրա ամենաստացված ինկուբատորն է, հետևաբար՝ մեկ թիրախը, միջոցը, վտանգը …
219.
Գիտակցությամբ կարողանալ լինել երազում ու հիշել. ի՜նչ գայթակղիչ, բայց և վտանգավոր ամենազորություն. վտանգավոր, քանի դեռ գայթակղիչ է, իսկ, երբեմն, ուղղակի անխուսափելի է, երբ սահմանը հատված է:
220.
Ի՞նչ է նախընտրում հասարակությունը՝ իրեն ուղղված ծաղր, թե՞ ճշմարտություն. կարևորը՝ մատուցվի ծիծաղելի. ըստ այդմ՝ իշխանությունները, հաճախ, գործում են դրանց համադրությամբ՝ ճիշտ նրանում, որ հասարակությունը հիմարացվում է, ծաղրը նրանում, որ իրենք մեղավոր չեն դրանում, ու քանի որ տևական ժամանակ ոչինչ չի փոխվում, նշանակում է՝ կամ վերմարդկային գիտակցության ենք հասել, կամ լեշակերի ճաշակ ունենք, քանզի ոչ մի այլ դեպքում ծիծաղելի ոչինչ չէր կարող լինել:
221.
Ժամանակավոր հանդիսատես, ով վճարում է, թե՞ ժամանակավոր դերասան, ով վաստակում է. գերադասելի է մայթեզրին մխալը, քան այս կամ այն կերպ թատրոնի կայացմանը մասնակցելը. նա, ով սրանում տեսավ իր ազատությունը, ուշ հասկացավ, որ թատրոնն, ընդամենը, ֆիլմում դրվագ էր, բայց, գոնե, հասկացավ …
222.
Երբ պատկերացնում ես աշխարհը, օրինակ, լուսնի դիտակետից, նրանում տեղի ունեցող ոչինչ չի պատասխանում կյանքի մեկ նպատակ հարցին, և սա, առնվազն, պետք է հուշեր, որ մենք իրար հոշոտելու խնդիր չպետք է ունենանք, եթե անգամ չմտածենք այդ մեկ նպատակի մասին, բայց …, որովհետև մեր հիշողությունից ջնջել են թռչելու ունակությունը:
Իսկ մենք դեռ թևեր ունենք …
223.
Քոնը այն է, ինչը չես կարող չանել, ու եթե անգամ պարզվի, որ քոնը սպանելն է, անկեղծ եղիր դրանում, քանզի քո հաշվով էլ ծրագիր կա համագոյում, իսկ որևէ պատճառով հարաբերականում թերանալը՝ արդարանալու փաստարկ չի դառնում բացարձակում:
224.
Հարգանքը, հաճախ, լինում է և այնքան, քանի դեռ կա իրար իշխելու ձգտում, ինչն ավարտվում է մեկի իշխանության հաստատումով՝ «ստացված հարաբերություն», կամ բաժանումով, ինչից, երբեմն, կենդանի է մնում հարգանքը, ու հազվադեպ է լինում, որ հարգանքն անընդմեջ ուղեկցի հարաբերությանը, քանզի մարդիկ հազվադեպ են մտերմանում՝ պահպանելով օտարությունը:
225.
Մասսայականությամբ ինքնահաստատվածն առիթը բաց չի թողնում նվաստացնել նույն մասսային՝ գիտակցելով էժան բանից իր կախվածությունը, որը հենց ինքն է հեղինակել, բայց դա հաճախ բացատրվում է (արդարացվում) «տաղանդին» բնորոշ «տառապանքով», ինչն, իրականում, տվյալ մասսային պատկանելու վիրավորանքը քողարկելու առանձին մարդկանց փորձ է:
226.
Երբեմն, մենք հեռանում ենք, որ տեսնենք ամբողջն այն ամենի, ինչը չափազանց մեծ է մեր տեսադաշտի համար մոտիկից, հետևաբար՝ անսահմանության համար կպահանջվի անվերջ հեռանալ, իսկ դու՝ իմաստասեր, միաժամանակ ճանաչելին ու ճանաչողն ես, իսկ կարոտը՝ վճարելու ենթակա գինը՝ մեծացող ավելի ու էլ …
227.
Այն, ինչ կոչվում է ընտանիք, ունի մայր և զավակ(ներ) կառուցվածքը, իսկ հայրը ներկա գտնվող աքսորվածն է: Սրա բնազդային ընկալումից հիմար տղամարդը վերածվում է բռնակալի, խելամիտը՝ տղա-մամայի, իսկ իմաստունը, առնվազն, ձգտում է չայլանդակել գեղեցիկը, որի ստեղծմանը մասնակցել, բայց մաս չի դարձել:
228.
Ինքնաբավությունը, այն իմաստով՝ որպիսին հաճախ ընդունված է խրախուսել, հազվադեպ է պատահում, որ, միաժամանակ, չկոչվի լկտիություն, իսկ իսկականն, ընդամենը, պահանջում է, որ շքամուտքից զատ՝ բաց պահես նաև ետնամուտքը:
229.
Մեկն իր ազատությունն արտահայտում է ամեն գնով կյանքից կառչելու կամքով, մյուսը՝ դրանից ամեն պահ հրաժարվելու, իսկ ես, գուցե ամենաքիչ ազատս, ուզում եմ, որ ըստ իմաստնության ավանդույթի լինի՝ մահվան հետ փոխադարձ սեր լինի ու կյանքը մեր միությունն օրհնի …
230.
Երանի քեզ, մեկօրյա կյանք ապրող թիթեռ, որ տեսնում ես մեկ արևածագ և մեկ մայրամուտ, ու ոչ մի կրկնություն …
231.
Մարդու դժբախտության զգալի բաժինը նրանում է, որ նա ձգտում է կրկնել այն, ինչը լոկ մեկանգամյա կիրառմամբ է երանելի:
232.
Գանգի կոշտությունը երաշխիք չէ, որ դրա ներսում ազատ ես, քանզի քան մտքերը, ոչինչ այդչափ կպչուն չէ, ու տես, որ բնավ դու չես դրանց միակ տերը, և, հաճախ, բացի քեզանից, ով ասես տեր է, իսկ մտածողությանդ «ազատությունը» լոկ սրա չիմացությունն է, որի բացահայտումից հետո՝ ինքնասուզումը դառնում է միակ միջոցը, գոնե, երբեմն, այդ ստրկացումից ձերբազատվելու՝ ինքնի՛ն լինելու …
233.
Ինչու՞ հատկապես սիրելիները, երբեք չեն ասում, օրինակ, որ այո, ճիճու ես, միթե միշտ վեհ ենք այդչափ …, ուղղակի այդկերպ կպարզվի, որ իրենք էլ ավելին չեն նրանից, ինչ սիրում են, ու աստվածացնում են, որ իրենց զգան աստվածային, իսկ ճշմարտությունն այն է, որ, երբեմն, ճիճուից ոչ միայն ավելին չենք, այլ՝ անպետք ենք, երբ պահի զգացումից փախչում ենք …
234.
Անվտանգությու՞ն, ո՜չ, սահմաններով ընդամենը որոշում են, թե ինչից, որտեղ, ինչքան պետք է լինի. հավասարակշռու՞մ, այո՝ գաղութների տեղաբաշխում …
235.
Անիմաստ է գեղեցիկը, որը երբեք տեսանելի չի լինելու, ու եթե անգամ առաջին հայացքն էլ է նրա համար մահացու, միևնույն է, մահը գերադասելի է երբևէ չծնվելուց:
236.
Հպարտություն, խիղճ և սրանցից ծնված ու սրանց ծնող վախ. ահա բաղադրությունը վիրուսի, որը ներարկելով մեր մեջ՝ փչացնում, ապա իշխում են մեզ:
237.
Գաղտնիքը մի բան է, որի գոյության մասին իմանում ենք դրա մահով. այդպես էլ մարդկանց մասին, ովքեր վաղը կոչվելու են առեղծված, բայց ի տարբերություն առաջինի՝ երկրորդում, հաճախ, մահանում են նաև պատճառները …
238.
Կասկածելի է բոլորին և ամեն ինչ ներելու բարձունքի նվաճումը, քանի դեռ քեզանում չես տեսնում (ստեղծում) ինքդ քեզ ամենախիստ պատժողին:
239.
Եթե ճանաչողությունը կարելի է դասակարգել հրաժեշտի և ողջույնի, ապա ես երբևէ սկսել ու շարունակել եմ ապրել հրաժեշտի օրերով …
240.
Ուժի բթությունը նուրբ տեղեր չի կարող թափանցել, ըստ այդմ՝ նուրբը հզոր է առավել …
241.
Այսօրն ամբողջական չենք ապրում՝ վաղվա պատճառով, իսկ վաղվանից ակնկալում ենք չապրածի ամբողջացում. իրարամերժ է, այդպես չէ՞, այո՝ մենք շփոթված ենք …
242.
Թեպետ պիտիները պայմանավորում են մեր գոյությունը, բայց դրանցում անդուր բան կա՝ թույլ չեն տալիս ամբողջական ապրել պահերը, որոնցից էլ, վերջին հաշվով, կազմված է կյանքը:
243.
Երբեմն, մարդ լինելու խնդիրը, արժեքը, նպատակը այնքան վեհ ու ցավագին է ներկայացվում, քիչ է մնում հավատաս, որ այլ բան ես ծնվել ու դեռ պետք է մարդանաս, այն դեպքում, երբ մարդը հենց այն է, ինչ կանք, իսկ լավն ու վատը չի կարող հաստատել կամ ժխտել դա: Մյուս կողմից էլ՝ եթե սա է մարդը, ապա ինչու հազարամյակներ շարունակ չենք կարողանում ընդունել ինքներս մեզ, և արդյոք սա ևս չի վկայում, որ Նիցշեի «Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի» միտքը գերճշմարտություն-հաղորդագրություն է, որն ինքնին այնքան ամբողջական և ինքնուրույն է, որ դուրս է անգամ իր իսկ արտահայտած կոնտեքստից:
244.
Իմացություն VS ճանաչողություն.
Իմացությունը կապվում է ճանաչողությանը այնտեղ, որտեղ միջոց է դրա համար, բոլոր այլ դեպքերում ոչ միայն տարբեր, նաև դեմ է: Այն, ինչ հանրային ընկալումը կոչում է կրթվածություն, առավելապես հիշողության բեռնում է. ըստ այդմ՝ մարդիկ, առավելապես, կամ դատարկ են, կամ ուրիշներով բեռնված: Վերջիններս, ի տարբերություն առաջինների, առանձնահատուկ տհաճ են, քանզի դրանց հետ երկխոսելուց ում ասես հանդիպում ես՝ հին, միջին, նոր ու նորագույն ժամանակների մտածողներից մինչև դաշտանին հրաժեշտ տված, բայց դեռ կույս մնացած հարևանուհու «իմաստնությանը», սակայն ոչ իրենց: Սրանք տեսակ են, որոնց մեծամտությունն իրենցից այնքան առաջ է հայտնվում, որ համբերությունդ չի հերիքում սպասել իրենց հնարավոր հայտնվելուն: Սրանք օրվա մեջ պաշտպան, մեղադրյալ ու դատավոր են, լրագրող, քաղաքագետ ու օրենսդիր են, ապա մշակութային երեկոների աթոռ զբաղացնող, որոնք իրենց միշտ զգում են հյուր, երբեմն՝ տեր, ընդ որում հնարամիտ այնքան, որ միաժամանակ լինում են մի քանի տեղերում: Բայց, այսքանից զատ, առավել անտանելի է սրանց գիշերային դիմակավորումը, երբ օրն ավարտում են որպես դարի մտածող ու բութ քնից առաջ՝ օրվա մեջ կեղտով լցրած վարտիքը նետում են այնտեղ, որտեղ մի քանի միամիտներ փորձում են տարածել (ինքնա)ճանաչողության մաքուր օդը:
245.
Այո, յուրաքանչյուրը խորքում ունի հրաշալին, զարմանալին, աստվածայինը, բայց անտանելի է ամեն անգամ լինել գերեզմանափոր՝ դա տեսնելու, իրենց էլ ցույց տալու համար:
Այլևս ուզում եմ հանդիպել շքամուտքում, այգում, կամ, գոնե, թփուտներում, իսկ եթե ամեն դեպքում միակ միջոցը մնում է բահը, միևնույն է, ես այն վայր եմ դնում:
Կամ, գուցե, չափից ավելի խորն եմ ճանկռել սեփական հորը …
246.
Ժամանակն, ընդամենը, քարտուղար է՝ ոչինչ չի որոշում, միայն արձանագրում է, ու մենք էլ, հաճախ, որոշողը չենք (եթե, երբևէ …), բայց միշտ ենք կատարողը:
247.
Պատահում է պատահածը, կարծես անցնում ենք անցյալի վրայով. մգացնում ենք գույները, թե՞ գունազրկում ենք եղածը …, համենայն դեպս սրանում զգացվում է հնարավորություն, որ կարող ես մգանալ ինքդ՝ ջնջելով ճակատագիրդ:
248.
… նա մի բան է՝ մշտապես ներկա և ուղեկցող.
Հաճախ, երբ չկա այն, ինչ կուզենայինք ապրել, ապրում ենք դրա բացակայությունը, ինչը հենց մահանալն է, իսկ մենք շարունակում ենք կարծել, թե մահը մի բան է՝ հեռվում սպասող …
Անկախ ամեն ինչից, սրանում դրական է գոնե այն, որ հնարավորություն ունենք պատրաստվել մշտնջենական ՈՉԻՆՉՆ ընդունել/ապրելուն:
249.
Պատահում է՝ հայհոյում ես բոլորին և ամեն ինչ, վերջում էլ ինքդ քեզ, հետո հասկանում ես՝ տեղինը միայն վերջինն էր, որն ամփոփում է ամբողջը …
250.
Ո՞վ մեզ ստեղծեց կաթնահյութից, ո՞վ մեզ սարքեց առաձգական, ո՞վ մեզ խաբեց երկարակեցությամբ՝ մեկ անգամյա օգտագործման համար, և ինչու՞ է վերջին դժբախտությունից փրկում ի սկզբանե «անորակ» լինելը:
Ո՞վ ես դու, այ առնանդամ …
251.
Մանկահասակ երեխայի մահվան մեջ լույսի շող կա՝ թանձր մառախուղում դժվար նկատելի. նա հեքիաթով է ավարտում այս գոյաձևը …
252.
Մենք մեր վերջն ենք. ով միանգամից է ինքնասպանվում՝ խնայում է ինքն իրեն:
253.
Յուրաքանչյուր ոք ինքնին ամեն է. Հիսուս, Բուդդա, Զրադաշտ է …, իսկ ով դեռ չի հասկանում, ընդամենը ոք է:
254.
Չցանկանալ ոչինչ կամ ցանկանալ ոչինչը. գրեթե անհնար, բայց միակ առավելագույն միջոցը՝ ունենալու ամեն ինչ:
255.
Մտրակի և հետույքի միջև, ի վերջո, փոխձգողականություն է առաջանում, երբ հաճախակի են առնչվելու առիթներ ունենում, իսկ հետևանքը, պատահում է նաև, կոչվում է սեր:
256.
(Ինքնա)ճանաչողությունը միակողմանի տոմսով տիեզերական թռիչք է …
257.
Անմահություն երազելու և երկարակեցություն տենչալու փոխարեն, արդյո՞ք ավելի հեշտ չէ մտածել՝ ինչպե՞ս է պետք ապրել, որ մահը զրկանք չթվա, ու, միաժամանակ, արդյո՞ք ճշմարիտը դա չէ, երբ մահն իր անհրաժեշտությունն անկասկածելի հիմնավորել է:
258.
Ոչ ոք չի կարող սովորեցնել, քանզի իրականում ոչ ոք չգիտի ոնց ապրել, ամեն ոք ընդամենը գիտի, թե ոնց է ապրել …
259.
Ոչ ոք հաստատ չգիտի` ինչ պետք է անել, ցանկացած արարքում հաստատ է միայն ստացվելու հույսը, հետևաբար, նաև, չստացվելու կասկածը, իսկ դա չի կոչվում իմանալ, կոչվում է փորձել …
260.
«Դասից փախի ու ապրի». ով ժամանակից շուտ կիրառեց այս ճշմարտությունը, ապրեց առանց հասկանալու, ով ժամանակից ուշ՝ հասկացավ, բայց չապրեց, ու միայն նա հասկանալով ապրեց, ով կռահեց, որ ժամանակ գոյություն չունի:
261.
… ոչ էլ կեսը. կին-տղամարդ հարաբերությունը, որպեսզի կոչվի ստացված, պետք է լինի, առնվազն, 1:3 հարաբերություն (երկրային հարաբերություն), եթե իրար համար ամբողջություն չեն (տիեզերական հարաբերություն):
Կնոջ մեկն «ինքնարժեքն է»՝ այն և այնքան, ինչ և ինչքան կինը ներդնում է ինքն իր համար (նյութական, ժամանակ, ճանաչողություն…), որով, նաև, սահմանվում է նրա ազատությունը, ինչին, առնվազն, եռապատիկ ավելացնելով, տղամարդը նրան կարող է ներառել իր իրավունքի տիրույթ՝ այդչափ էլ տրվելով:
Ըստ այսմ՝ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե իրականում ինչ կարող է ակնկալել և ինչ է պետք անել՝ ցանկալին ունենալու համար, ու նաև հասկանալ չստացված հարաբերությունների պատճառները, որոնք ամբողջանում են մեկում. մեզանից դուրս կեղծում ենք՝ երբեմն այնքան, որ այն վերաճում է ինքնախաբեության:
262.
Կրոն. պարկեշտության շպար՝ լկտի դեմքին …
263.
Յուրաքանչյուր անցողիկ բան իրենից հետո թողնում է մշտնջենականի մասնիկ, յուրաքանչյուր հարաբերական՝ բացարձակի. ահա, թե ինչին է միտված այս գոյաձևը …
264.
Երջանկության բացարձակն առանց պայման ապրելն է, ու երջանկանալու ձգտումն էլ ինքնին այն բացառող պայման է …, իսկ առանց պայման միայն մեկ բան կարող ես ունենալ՝ ինքդ քեզ, ԵՂԻՐ/ԿԱՍ:
265.
Այն, ինչ արվում է հանունով, միշտ հակասում է ցանկությանը. դրանով քողարկվում է իրականությունը, կամ կատարվում է իրական ցանկությանը չհամապատասխանող ընտրություն, որն անում ենք մեզ կարևոր անձի, երևույթի համար դրական արդյունք ստանալու միտումով:
Ուստի՝ հանուն մեկի կամ ինչի խոսել, գործելուց առավել բարձր է, երբ սովորում ես նաև լռել հանուն, իսկ բարձրագույնն այնտեղ է, որտեղ չկա հանուն՝ կա ինքնին:
266.
Հավատում են նրան, ինչ չունեն, ու նաև կասկածում են նրան, ինչ չունեն, իսկ ունեցածը զերծ է այդ սուբյեկտիվ վերաբերմունքներից, այն ուղղակի կա:
267.
Ճշմարիտ ներդաշնակություն փնտրիր այնտեղ, որտեղ կա հակասություն. հենց գտնես՝ տեսադաշտդ փոխիր ու տես …
268.
Երբեք չի (եղել) լինում միաստվածություն՝ որպիսին ընդունված է քարոզել. մարդը կամ աստծուն բացահայտում է ինքն իր մեջ՝ որպես ինքնադիտում, կամ մնում է բազմաստվածության ստրուկ:
269.
Երբեմն, ճահճում խորտակվելուց փրկում է նաև չոր ու բարակ շիվը, այդպես չէ՞.
Իրականում կհամոզվես, որ ոչ, եթե կրկին ստուգես շիվի ամրությունը. ուղղակի այն դառնում է այն հույսը, որի վրա կենտրոնացնում ես սեփական ուժերի հանդեպ հավատը՝ բացահայտելով, որ նաև թռչել գիտես:
Բայց, երբեմն, չկա նաև այդ շիվը, ու ինչքան էլ քեզ համոզեն, որ ամեն ինչ միայն ինքդ, միևնույն է՝ տիեզերքը համոզում է հակառակը …, ու նաև՝ շիվն էլ իրավունք ունի ընտրություն անել քո և իր անվտանգության միջև …
270.
Երբ հաղթահարում ես ձգողականության դաշտը և կանգնում է շարժիչդ, այլևս տիեզերքն է որոշում արագությունդ, ուղղությունդ, ինչը կոչվում է պատահականություն, ու միայն այս դեպքում ես առավելագույնս զգում ԱՌԵՂԾՎԱԾԻ հետ կապը և հասկանում, որ այդ պատահականությունն ամբողջ գոյության հիմքն է՝ որպես գիտակցությանդ անհասանելի ՄԵԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ինչը լիովին չես բացահայտելու, քանի դեռ այս ճաղատացող գանգի մեջ ես:
Իսկ առեղծվածը զգալու (ձգողականության դաշտը հաղթահարելու) համար պետք է վճարես պահանջվող գինը, որը հնչում է պարզ բառակապակցությամբ. ԱՄԵՆ ԻՆՉ:
271.
Կփոխվեն միայն սրճարանի հաճախորդները, գուցե, նաև, այնտեղի երաժշտությունը, բայց նույնն է մնալու դիմացի մայթեզրին իմ ու քո տեղը, և ոչ նրա համար, որ չեն լինում լավ երկրներ, ուղղակի չկան անհատականությանը ներդաշնակ հանրային կատեգորիաներ:
272.
Ամբոխը հզոր միջոց, բայց անհուսալի հենարան է …
273.
Այլից բացի, ազատասերի դեմ ուղղված բռնություն է նաև իրեն ուղղված պաշտամունքը:
274.
Մեկին հերոսացնելով՝ մարդիկ, միաժամանակ, նրան բարձում են պարտականություններով, որոնք իրենցն են, բայց ինքնուրույն տանել չեն կարողանում և/կամ չեն ուզում:
275.
Երբ կերը վերջանում է, ամբոխն ուտում է իր կերակրողին, իսկ կերն անպայման վերջանում է:
276.
Առաջնորդը, ով իր հետևորդներին ուղղորդում է (թեկուզ մտրակով) քայլել ինքնուրույն, միաժամանակ կոչվում է ՈՒՍՈՒՑԻՉ. կոչում, որը ձեռք է բերվում ժամանակի մեջ, պահպանվում՝ ժամանակից դուրս:
277.
Այնտեղ, որտեղ հաճախակի են ծնվում հերոսներ, որպես կանոն՝ արդարությունը կաղում է:
278.
Արդարությունն ինքնին ենթադրում է անհավասարություն, իսկ հավասարությունը դրա արդարացի դրսևորման հնարավորությունն է:
279.
Անիմաստ են կանխատեսումներն ու բանավեճերը, երբ կրակոցն արդեն արված է ու գնդակը դեռ սլանում է: Այդպիսով, մարդիկ հաճախ են պարտվում՝ թիրախը խոցելով, բայց դրանից առաջ …
280.
Արծվին ուղղված մեծարանքը վկայում է, որ մարդիկ, առավելապես, չեն կարող բարձրանալ ավելին, քան իրենց հպարտությունն է՝ այդ կերպ, ընդամենը, առանձնանալով որպես անասունի տեսակ, որն օժտված է եսասիրությամբ։
Իսկ ագռավը կարող է կտցահարել արծվի մեջքը …
281.
Ոմանք պոռնկանում են միայն սիրո կորստից հետո, որովհետև, ընդամենը, փնտրելու արդարացման փոխարեն՝ նախընտրում են վաստակած իրավունքը։
Քչերն են իրականում բացահայտում, որ փնտրելի կամ վաստակելի չէ այն, ինչը գոյությամբ ինքնին է, չափումով՝ այնկողմնային. այդպիսիք, նույնիսկ իրենց այլանդակման մեջ, բարձր են մարդկային բոլոր սրբերից …
282.
Հաղթանակի հպարտությունն արագ պետք է վերափոխվի հաշտության խղճի, հակառակ դեպքում՝ հետո էլ ինքն է պարտվելու:
283.
Երբ պաշտպանության բոլոր մասնակիցները ձգտում են դառնալ տեր, արդյունքում տիրում է անտերությունը:
284.
Օրենքը վեր մի դասեք ողջամտությունից, ողջամտությունը՝ սիրուց. մենք սեր ենք …
285.
Զարմանում եմ՝ ոնց են մարդիկ իրենք իրենց այդչափ սիրում. ինչպես կարող ես սիրել այն, ինչում քեզ բանտարկել են …, ու որքան էլ սա ինձ համար լինի հոգեկան անառողջության ախտորոշման առիթ, միևնույնէ՝ այդ սիրո արտահայտման մեջ էժան մի բան կա, դրան վկա լինելու մեջ՝ վանող …
286.
Նա, ով ճանաչում է ինձ հետ, հետո ճանաչածն ապրում է ոչ ինձ հետ, որովհետև այլ կերպ չի լինում, որովհետև …, ցավոք:
287.
Իրականում մեզ բանտարկում է ոչ թե անցյալը, այլ՝ ապագան …, իսկ բանտախուցը մնում է անփոփոխ ներկան, հետևաբար, նաև, ազատականանալու միակ հնարավոր վայրը:
288.
Արթնացած ամբոխին պետք է կրթել կամ կրտել, հակառակ դեպքում ամեն ինչ մնում է նույնը՝ ավելանում է միայն աղմուկը։
289.
Արևն անարդար չէ, որ ջերմացնում է նաև կեղտոտ հետույքները, ուղղակի նա փորձում է չորացնել դրանք, իսկ սրանք գտել են խոնավ պահելու միջոցը՝ լեզուն դարձնելով փոխհարաբերվելու իրենց միջավայրի առանցքային օրգան:
290.
Երբ մարդուն ես դիտարկում երևույթի մեջ, հանգում ես ճիշտ/սխալ հարաբերական մսաղացին, որից անվնաս ոչ ոք դուրս չի կարող գալ, իսկ երբ երևույթն ես քննարկում մարդու մեջ, պատճառները վերածվում են հետևանքի՝ մսաղացը վերածելով աղացի, որում, մարդու փոխարեն, աղվում են գաղափարները: Ու միայն այն դեպքում, երբ կարողանում ես հասնել երևույթից մարդու ՏԱՐՐանջատմանը և այդ կերպ նրանց նույնացմանը՝ որպես գոյ, բացառվում է նաև աղացը ու հայտնվում ես հարաբերականից անդին տարածվող բացարձակում, որտեղ, որպես դիտարկող և դիտարկվող, մնում ես բացառապես ինքդ՝ ուրիշ ոչ ոք և ոչինչ:
291.
Սեքսը մոլորեցումից վերածվում է (ինքնա)ճանաչողության, երբ ինքնաբավարարման փոխարեն՝ այն ապրում ես որպես ինքնահաղթահարում:
292.
Մարդիկ, իրականում, չունեն լսելու և/կամ հասկանալու խնդիր. նրանք սեփական ականջներ ունենալու խնդիր ունեն՝ միմյանց հանդեպ խուլ չլինելու համար, իսկ երբ մեկ նպատակը երկարակեցությունն է, ապա սա այլևս խնդիր չէ՝ առողջություն է, ու, գնահատելով ըստ մեծամասնության սկզբունքի, պարզվում է՝ հիվանդը սեփական լեզվով խոսող համրերս ենք:
293.
Աննկատ ճշմարտություն կա հայտնի հումորի մեջ, երբ խեղդվողը երեք անգամ հրաժարվում է բարձրանալ նավակի վրա՝ ասելով, որ աստված կօգնի, քանզի վերջինս մարդուն զրկել է տիեզերքը զգալու ունակությունից. նեղացնելով նրա տեսահորիզոնը և մեջտեղում տնկվելով՝ կյանքը պատկերել է կնոջ սեռական օրգանի պատկերով, որին մարդը ձգտում է՝ որպես իրեն ծանոթ ուղղություն, ցանկացած դժգոհություն մխիթարելով ախմախ կարգախոսով՝ իբրև որտեղից եկել ենք, այնտեղ էլ պիտի գնանք՝ կասկածի առիթ չդարձնելով գոնե այն ակնհայտը, թե այդ դեպքում ինչի՞ համար է ետնամուտքը և/կամ ելքը, եթե չկա այլ ընտրություն:
Բայց և այնպես, սա էլ մարդուն չի ազատում արդարությունից՝ համաձայն որի, նա պիտի կոչվի տխմար կենդանի:
294.
Սերը ապրելու ցանկությունն է (Մաքսիմ Գորկի), միաժամանակ մեռնելու պատճառ է (Տիգրան Գորշ), ու սրանով հնարավորինս մոտ է մեկնաբանվում սիրո առեղծվածային բովանդակությունը:
295.
(Ինքնա)ճանաչողություն.
Ինքնասպանվում ես՝ որպես մարդ, ինքնարարվում՝ որպես հրեշ, ով մանկան լաց ունի բոլորից գաղտնի, ու,նաև, մանկան ծիծաղ՝ էլի գաղտնի …
296.
Մայրական արգանդից դուրս գալը դեռ հղիության ընթացք է, իսկ ծնվելը այն է, ինչ կոչվում է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի (ինքն)արարում. ըստ այսմ՝ մարդկանց կյանքը, մեծամասամբ, ընդհատվում է հղիության ընթացքում:
297.
Կանանց մեջ անպայման հանդիպում է մեկը, ով այնքան է նպաստում ինքնարարմանդ, որ նրան էլ ես ուզում կոչել ՄԱՅՐ (և, գուցե, ավելի իսկական, քան ընդունված է համարել՝ նրանում ամբողջացնելով սերն ու կիրքը): Ու առեղծվածային է մնում հոր էությունը (ինքն)արարման մեջ՝ նման աստվածաշնչյան պատմությանը, ինչը, տիեզերական բազմաթիվ հաղորդագրություններից զատ, ակնարկում է ևս մեկ ճշմարտության մասին. բարձրագույն ես-ին հասնելը տրված է միայն տղամարդուն, իսկ կինը կարող է ինքնին հայտնվել էլ ավելի բարձր դիրքում՝ որպես այդպիսինի ՄԱՅՐ:
298.
Բարեգործությունը գրեթե սեքսին համարժեք ինտիմ երևույթ է. առանց վկաների երբեմն սեր է, վկաներով՝ միշտ շնացում:
299.
Քեզ ասում են՝ ազատ ես անելու ամեն ինչ, գրեթե…, բայց այդ գրեթեն գերազանցում է ամենը, ու եթե մեծամասնության նման լսում ես միայն մինչև բազմակետերը, ապա նախանձում եմ քեզ. գոնե թվացյալն ունես, թվացյալն ապրում ես, … ապրում ես:
300.
Մարդիկ սովոր են սեր համարել միայն կերակրելը, իսկ ես կարծում եմ՝ սերը, նաև, կեղտը մաքրելը կամ, գոնե, դրանից չզզվալն է. չէ որ, վերջին հաշվով, առանց նյութափոխանակության սնելն էլ սպանության ձև է:
301.
Մեկ ուժեղ, մեկ էլ թույլ տղամարդն է ունենում տիրուհի, առաջինը տրվում է՝ որպես ինքնությունը գտած տիրակալ, երկրորդին տիրում են՝ որպես ինքնությունից հրաժարված ստրուկի, իսկ նրանք, ովքեր այս ծայրահեղությունների մեջտեղում են, սեփական ինքնությունը հաստատելու փորձերի մեջ մոլորված միջակներ են:
Ու առանձնապես դժբախտ են նրանք, ովքեր չեն համապատասխանում նշված ոչ մի չափմանը:
302.
Երանի քեզ, որ սիրտդ ցավում է հիասթափությունից, քանզի դա միաժամանակ վկայում է, որ երբևէ հավատացել ես, երբևէ վստահել ու ինքնավստահ ես եղել, հետևաբար՝ երբևէ ապրել ես աշխարհիկում, ու շնորհակալություն սրտիդ, որ ցավելով քեզ հուշում է տիեզերական ճշմարտությունը գտնելու ուղին, որով աշխարհիկ կյանքի բովանդակությունը «ինչպես ապրելուց» փոխվում է «ինչպես մեռնելու» սահմանման՝ հնարավորություն տալով ապրել հոգևորում, մշտնջենականում. անկախ տևողությունից, անդին ժամանակից, որտեղ, մարմնականում օտարացած բարեկամս, քո ողջույնին պատասխանում եմ՝ ջա՜ն-հոգի …
303.
Շնչառությունս հուշում է, որ արդեն դժվարությամբ եմ կատարում գործառույթս՝ որպես ծառ, ու թթվածնաստեղծ օրգանիզմից ինձ մնում է լինել միայն թռչունների, միջատների բնակատեղի, որոնք ևս ինձ կլքեն՝ որպես մահացած օրգանիզմի. մեղավոր եմ ես, թե՞ մեղավոր է չափից ավել աղտոտված միջավայրը, կամ, գուցե, մեղք չկա, քանզի արդեն ժամանակն է, որ հպարտությունս էլ վերածվի հումուսի …
304.
Զգուշավոր է պետք մոտենալ բոլոր մտքերին, գործողություններին և, առհասարակ, (ինքնա)ճանաչողությանը, որում կա կնոջ գործոնը, ու/բայց պետք է անտեսել այն ամենը, որում այն ընդհանրապես չկա, որովհետև, թեկուզ որպես պրիմիտիվ պատճառ, առանց կնոջ միջավայրում գյոթություն է ծնվում:
Նույնը, հակառակ ձևակերպմամբ, կնոջ կապակցությամբ չի լինում, որովհետև բոզությունն էլ է տղամարդով լինում:
305.
Անկեղծանալու խնդիրը ոչ այնքան անկեղծացողինն է, ինչքան նրանը, ում առաջ պետք է անկեղծանալ, ու, հաճախ, վերջինիս կամքն առավելապես նման է նռնակը պայթեցնելու ցանկության՝ դրա պայթելու հավանականության վախից ազատվելու համար, ու հազվադեպ է պատահում, որ կամքը լինի պայթեցնելով միասին վերածնվելը, կամ նռնակը պահող ձեռքը բռնելը:
306.
… առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը
Նույնիսկ ամենավերջին տականքը սրանցից որևէ մեկում լավն է լինում, իսկ ես չեմ եղել լավ թոռ, չկամ՝ որպես լավ զավակ, եղբայր, ամուսին, հայր, ընկեր …, արդյոք ես դեռ կոչվու՞մ եմ մարդ, հարց, որի պատասխան ԱՅՈ-ն ավելի ցավալի կլինի տանել, քան տարել եմ հարցի ծագման պատճառները, քանզի դրանով կպարզվի, որ (ինքնա)ճանաչողություն կոչվող «մսաղացում» (ինքնա)ոչնչացվել, բայց դեռ չեմ (ինքն)արարվել …
307.
Ինչքան էլ զարմանալի թվա, բայց, իրականում, մարդիկ ավելի շատ հակված են ներել, քան մեղադրել, ու վերջինս, ընդամենը, կիրառվում է՝ որպես դրա նախահիմք, քանզի երբ որևէ մեկին ներում ես, այդ կերպ նրան զրկում ես ինքն իրեն ներելու հնարավորությունից՝ միակ ճշմարիտ քավությունից, ինչը կոչվում է՝ մաքուր ձեռքերով սպանություն, կամ դրա փորձ:
Իսկ այնտեղ, որտեղ հաճախ եմ լինում, որպես մարդասիրություն՝ սովորեցնում են չներել, բայց ինքնաներվածին հարազատաբար գրկել:
308.
Ե՞ս եմ հաղթել, թե՞ մայրս է իր արգանդում մնացածին սպանել, որ ես ծնվեմ, չգիտեմ, բայց դափնեպսակը կրող իմ գլխում են, որպես ուրվականներ, նրանց ճակատագրերն ապրում …, ու մեղքի բոլոր սլաքներն ինձ վրա եմ թեքում, երբ դանակը որովայնիցս ետ եմ քաշում՝ ընդունելով տրված կյանքը, կամ չկարողանալով հրաժարվել դրանից:
309.
Երջանկի փառասիրությունից ազատվելով՝ հայտնվեցի տառապողի «փառասիրության» մեջ. ըստ ամբոխի ցանկության՝ վրաս բացում եմ նոր վերքեր, խորացնում՝ եղածները, այդ կերպ, միաժամանակ, նվագապետի նման կառավարում նրանց բացականչությունները, ու ստացված երաժշտությունն ինձ հասցնում է անդինի սահմանագծին …, իսկ դանակի վերջին շարժումով, երբ ՄԱԵՍՏՐՈ գոռալով բոլորը բարձրացնեն իրենց արյունոտված ձեռքերը, անէանալու եմ ԱՌԵՂԾՎԱԾՈՒՄ, որ չընդունեմ աստծո ձանձրալի կոչումը …
310.
Հանարավոր չէ պատրաստ լինել ամեն ինչի և (ինքնա)ճանաչողության ուղին անցնել առանց հուսահատության, քանզի դա նաև կնշանակի, որ չես ճանաչում նորը, կրկնում ես իմացածը. չես ապրում, ընդամենը մնում ես կենդանի:
311.
«Գիտեմ»-ը ճանաչելու վերջն է, հետևաբար՝ վերջն է քեզ ունենալու …
312.
Քանի դեռ մարմինը ունակ չէ հետևել հոգուն, նրանք սկսում են կառուցել մեր գիտակցությունը (կալանավայրը)՝ օրորով, մտրակով, կաշառելով …, իսկ հասունանալուն պես գործի են դրվում նոր՝ տնտեսական, սոցիալական լծակները, որոնց ազդեցությունն անմիջական ենք զգում՝ առանց ծնողի և դաստիարակների միջամտության:
Բայց ժամանակ առ ժամանակ ու անպայման երևույթներով, որոնք գիտակցությունը կոչում է ողբերգություն, տառապանք, աղետ … հոգին ազդակ է ստանում ազատականանալու և, ինչպես ազատության ցանկացած պայքար, ելքը ստացվում է երեք հնարավորներից մեկով՝
- հոգին ճեղքում է գիտակցությունը, վերջինիս ստիպելով հետևել ու հասնել իրեն՝ որպես մարմնական գոյության իրական իմաստի իրագործում. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ:
- հոգին չի կարողանում ճեղքել գիտակցությունը, բայց նաև էլ չի հանդուրժում կալանավորումը ու վերջինիս դրդում է ինքնասպանության. ազատականանում է՝ մարմնական գոյության իրական իմաստի իրագործումը կիսատ թողնելով. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԵՂՎԱԾ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ:
- հոգին չի կարողանում ճեղքել գիտակցությունը ու շարունակում է հանդուրժել կալանավորումը. ՄԵՌՅԱԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ:
Հ.Գ.
Առաջին երկու տարբերակով փրկվածներին՝ երրորդ տեսակի մեծամասնությունը կոչում է հիվանդներ …
313.
Մենք՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ին ձգտողներս, մարդկանց մեջ նման ենք Նիցշեական անդունդին. «Երբ չափազանց երկար ես նայում անդունդի մեջ, ապա անդունդն էլ սկսում է նայել քո մեջ…» ։ Այս ինքնառերեսման արդյունքում ոմանք ճզմվում են իրենց մակերեսայնությունից, ոմանք սարսափում են իրենց մեջ հայտնաբերված խորությունից, ոմանք էլ դրանից գայթակղվում են այնքան, որ իրենք էլ, ՄԵԶ պես, տրվում են նետվելու ԿՐՔԻՆ։ Վերջինս, որպես (ինքնա)ճանաչողության միակ բացարձակ դրսևորում, ավարտվում է անդունդի հատակին ջախջախվելով, մինչ այդ սիրտը ճաքելով, կամ կտրուկ թռչել սովորելով, բայց ոչ երբեք վերադառնալու որևէ այլ տարբերակով։ Համընդունված դատողականությունը կարող է պնդել, որ դրանցից առավելագույնին հասնում է թռչողը, բայց և այնպես, ճշմարտությունն էլ շշնջում է, որ ոչ միայն թռչելուն է մեծագույն ազդակ տալիս վախը, այլ, նաև, շատ դեպքերում՝ փետուր աճելուն, իսկ այնտեղ, որտեղ առկա է վախը, ինքնին առկա է զգուշավորությունը, ինչը ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի ամենաչսիրած անհարմարություններից է, բացի այդ՝ մեկ այլ պարզ ճշմարտությունն էլ կայանում է նրանում, որ անդունդի խորքից աստղերը տեսանելի են, իսկ հակառակը՝ ոչ, հետևաբար պարզ է, թե որ ուղղությամբ է պետք ՃԱԽՐԵԼ՝ ԱՄԵՆԸ տեսնելու համար, հարաբերականներով որտեղ է պետք ԻՆՔՆԱՍՊԱՆՎԵԼ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԻ համբարձման համար։
Մեզ՝ բարձրագույն ես-ին ձգտողներիս համար, սիրտը ճաքելու «բախտը» շրջանցելուց հետո, առավելապես մնում է հատակը համբուրելու տենչանքը …
314.
Եթե չենք մտերմանալու ներդաշնակության, ապա օտարանանք չթշնամանալու չափ …
315.
Ամեն ինչի բացարձակն անդինում է, որին ձգտելուց բացի, մարդու գոյությունն այս հարաբերականում լինելու որևէ այլ պետքություն չունի. լոկ նյութափոխանակություն ապահովելու համար՝ անիմաստ է նման արարածի գոյությունը տիեզերքում, և, ի տարբերություն այլի, այսքան վնասակար բնության համար:
Բարձրագույն բանականությունը չէր կարող այսչափ անմիտ գտնվել …
316.
Անճանաչելի է այն, ինչի դիտարկումը չի ավարտվում սահմանումով. ըստ այդմ, երկու բան կա տիեզերքում, որոնց սահմանմանը մենք երբեք չենք հասնելու, քանի դեռ մարդկային գոյության մեջ ենք. ինքնաճանաչողություն և սեր, ու ինչքան խորն ես գնում սրանց մեջ, այնքան տեսանելի է դառնում դրանց նույնությունը, իսկ մեկացումն այնտեղ է, ինչն այստեղ կոչվում է ՈՉԻՆՉ, անդինում՝ ԱՄԵՆ:
317.
Գայլ չլինելուց (չմնալուց) հետո, երկրորդ դժբախտությունը նրանում է, որ աշխարհը վաղուց այնպիսինն է, որ անտեր շունը չի կարող երկար գոյատևել. կենսական անհրաժեշտ պայմանների փոխարեն նրան մնում է միայն ազատությունը, ինչն էլ, վերջին հաշվով, ամփոփում է նրա սատկելու բոլոր պատճառները: Այլ կերպ ասած՝ ազատությունը մեռնելու պատճառ է, դողիկը՝ գոյատևելու պայման, ու ազատասերները դատապարտված են, եթե բախտ չի վիճակվում հանդիպել ձեռքին, որին սիրով կտան և որը սիրով կվերցնի իրենց դողիկը, ինչը մնալով նրանց վզին՝ երբեք չի ձգվի, միշտ թույլ կճոճվի …
318.
Ինքնաճանաչողությունը անդունդ է, որում չեն հայտնվում ինքնակամ, ուրիշի հրելով կամ սայթաքելով, ուղղակի հանկարծակի հասկանում են, որ արդեն վայրէջքի մեջ են: Բայց և այնպես, անգամ այդ ուղին խրախուսելուց էլ ձգտում եմ լինել զգուշավոր, ու ոչ խղճի, այլ՝ ցավից մարդկանց գոռալուց առաջացող աղմուկի անհարմարության պատճառով, քանզի դա ուղի է ինքնաոչնչացման, որտեղ կորցնում ես սոցիալական գոյության համար ընդունելի բոլոր կեղծ ԵՍ-երը, իսկ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը, որպիսին պետք է ինքնարարվես, շարունակում է մնալ անտես, բայց/որովհետև, էլի ուղղակի, հանկարծակի է հասկացվելու, որ վայրէջքի չէ, ճախրանքի մեջ ես, հետևաբար անդունդ չէ, սև խոռոչն է, իսկ դու այլևս չես սիրում, դու ինքնին սերն ես …
319.
Աղոթք և սեր անել.
Աղոթքը խիստ անհատական երկխոսություն է՝ աստծուն իրենցից դուրս և ինքնասուզում՝ իրենց մեջ տեսնողների համար, հետևաբար՝ աղոթատեղին էլ խիստ անհատական սրբավայր է, ինչը եկեղեցու վերածելը շեղում և/կամ կեղծում է աղոթքի ճշմարիտ իմաստը: Բացի այդ, աղոթքը բացառապես (ինքնա)ճանաչողության պատճառ/հետևանք է և դրա ձևն ու բովանդակությունը ստեղծվում է ևս խիստ անհատական. ամենքինն առանձնահատուկ՝ ըստ իր ներքին բառարանի և իմաստնության: Ըստ այդմ, մեկը, օրինակ, կարող է աղոթել պոեզիայով, մյուսը՝ հայհոյանքով, պայմանավորված նրանով, թե ում երկխոսությունը (ինքնասուզումը) ինչպես է կառուցվել աստծո հետ, ու բնավ մեկը մյուսին ոչնչով չի զիջում, երբ առանցքը բացարձակ հավատն է (ուզելը փոխակերպված ընդունելուն, բռնելը՝ բաց թողնելուն): Ինչ վերաբերվում է եկեղեցուն (խմբակային այլ աղոթատեղիներ), ապա արդեն հասկանալի է դրա իրական նպատակը. հոգեորսություն՝ ուղղակի և ածանցյալ բոլոր իմաստներով, մարդուն ինքն իրենից խլում, ինչը ստրկացնելու մեկ պայմանն է, ու այս ամենը դրսևորվում է նախ՝ աղոթքը համընդհանուր ձևի և բովանդակության վերածելով, ինչով բացառվում է սեփականի ստեղծումը, հետևաբար, նաև, դրա լսելիությունը, երկրորդ՝ հանրային աղոթատեղիների բազմացումով, ինչով նվազեցվում է աստվածայինի հայտնաբերման վայրը, քանզի «աստված ամենուր է» ճշմարտությունն իրականում մեկնաբանվում է «աստված այնտեղ է, որտեղ միակ վկադ ինքդ ես» բացվածքով:
Ինչ վերաբերվում է սեր անելուն, ապա դա էլ սիրո մեջի աղոթքն է՝ խիստ անհատական երկխոսություն, կամ ինքնասուզում՝ նրանց համար, ովքեր ԴՈՒ-ն ընկալում են որպես ԵՍ, հետևաբար՝ սիրելին էլ խիստ անհատական սրբավայր է, ու սրա ճշմարիտ իմաստից շեղում և/կամ կեղծումն էլ արտահայտվում է սիրուց դուրս սեր անել սովորեցնելով (պոռնո) և սրբավայրերը հանրայնացումով ոչնչացնելով (հասարակաց տներ, բաց վարագույրներով սեր անել, արածի մասին պատմել … և այս ամենը խրախուսել):
Իսկ թե որտեղ և ինչքան են մեկանում սեր անելն ու աղոթքը, բավական է տեսնել, որ երկուսն էլ միտված են ՍԻՐՈՒՆ, չէ որ աստված սեր է նրանց համար, ովքեր նրան իրենցից դուրս են տեսնում և ինքնին սեր են նրանք, ովքեր աստծուն իրենց մեջ են տեսնում: Ու այս մեկացումը հուշում է նաև դրանց պարտադիր ու համատեղ ապրելու անհրաժեշտությունը, և անկասկածելի է, որ աստվածաշնչյան Մարիամն էլ ինքնին սեր անելու այնպիսի բարձրության հասած կերպար է (անիրական/իրական), որ նրան, որպես սիրելի, կարող էր համապատասխանել միայն ԱՌԵՂԾՎԱԾԸ:
Հավելում/նպատակ՝ միայն այս ճշմարտության ընդունումը կարող է մարդկությանը փրկել մարմնական և հոգևոր անառակությունից, հետևաբար՝ փրկել առհասարակ …
Ակնարկ/զգուշացում՝ բազմաստվածությունն այս կոնտեքստում կդիտարկվի որպես անհաջող խորամանկության դրսևորում …
320.
Աստված/սատանա VS բարձրագույն ԵՍ.
Աստվածն էլ է ուզում մեր հոգին, սատանան էլ, ու երկու դեպքում էլ չգիտենք, թե իրականում ով ուր է տանում, ու դրանց մրցակցության մշտնջենականությունը հաստատում է իրենց հավասարությունը, նաև՝ ընկերությունը, ովքեր գարեջրի շուրջ իրար պատմում են, թե ով քանիսին է իր անկողին տարել, իսկ միջոցները պրոեկտված հստակ արտահայտվում են մարդկանց մեջ՝ մեկը սիրո խոստովանությամբ է անկողին տանում, մյուսը՝ վճարելով:
Հետևաբար՝ կամ երկուսին էլ պետք է օգտագործել «Հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը» սկզբունքով («Խառնարան» 247) և ավարտել՝ որպես մարդուկ, ինչն ամենատարածվածն է, կամ երկուսին էլ մերժել՝ (ինքնա)ճանաչողություն առ բարձրագույն ԵՍ-ը:
Ակնարկ. նրանց քո մեջ ես ընկալում, թե քեզանից դուրս, հետևանքը նույնն է՝ նրանք կերակրում են մարդուկին, ընկերակցում՝ բարձրագույն ԵՍ-ին …
321.
Դու ինձ հանդիպում ես այնտեղ, որտեղ միայնակ ես. ոչինչ չի փոխվում, պարզապես ապրում ես ինձանով մարմնավորված քո միայնակությունը՝ դրանում առկա ողջ սարսափելին ու երանելին, այլանդակն ու սքանչելին, ու երբ կարողանում ես դուրս գալ քո միայնակության (իմ) հանդեպ ատելությունից և պաշտամունքից՝ մեկացնելով դրանք ԱՄԵՆՈՒՄ, աշխարհիկ գոյությունդ ավարտում ես ծնվելով, իսկ եթե ոչ, ապա ես ինձ հետ տանում եմ ինքնաներման անկարողությունից առաջացած մեղադրանքդ, և դու ավարտում ես գոյությունդ հղիության ընթացքում՝ չծնված։
322.
Մարդկությունը վաղուց հաղթահարած կլիներ գոյության պայքարով մեկնարկած «մարդակերությունը», եթե հորինած կամ ընդունած չլիներ սեփականություն կոչվող մեծագույն սուտը, որը հիմքն է աշխարհում առկա բոլոր, ընդհուպ մինչև մարդու՝ ինքն իր հետ, անհաշտության: Ու դա էլ հաղթահարած կլիներ, եթե, որպես դրա ապահովագրում, հորինած կամ ընդունած չլիներ ժառանգության իրավունք կոչվող երկրորդ մեծագույն սուտը, ինչն էլ ավելի է մեծացնում սեփականն ունենալու/պահելու պատրանքը՝ այն հասցնելով մահից հետո հնարավորության, այն դեպքում, երբ «սեփական» անունից սկսած ոչինչ չի պատկանում մեզ, և ոչինչ մշտական չէ, քանզի ինքներս մնայուն չենք:
Ու սա ոչ միայն շեղում է գոյության իրական իմաստը հասկանալուց, նաև՝ դրա այնչափ այլանդակում է, որը մարդկությանն ավելի ցածր է դասում աշխարհում առկա ցանկացած այլ կենդանուց և բույսից, որոնք, գոնե, կատարյալ են կիրառում գոյության պայքարի սկզբունքը. նրանց յուրաքանչյուր սերնդի անդամները ևս կյանքը մեկնարկում են անհավասար հնարավորությամբ, բայց, ի տարբերություն մարդկանց, հավասար պայմաններում՝ արդար …
323.
Ժամանակը չի բերում, տանում է, և, որպես հասկացություն, միայն անցյալին ունի կապակցություն, ու եթե պատմություն գրող չես, այլ՝ ապրող, ապա այն ընդհանրապես չունի որևէ նշանակություն:
324.
Որպես տիեզերական ամբողջության մասնիկ, հետևաբար, նաև, որպես տիեզերքի հետ/մեջ ինֆորմացիոն շրջանառության մասնակիցներ, մարդիկ դասակարգվում են՝
1. Հաղորդագրություն բերողներ,
2. Հաղորդագրություն կարդացողներ (մեկնաբանողներ),
3. Կիրառողներ,
Յուրաքանչյուր տեսակին պատկանողներն իրենց հերթին դասակարգվում են ըստ ենթադասերի՝ նրանք, ովքեր ինքնաբացահայտել են իրենց հատկությունը և նրանք, ովքեր անգիտակցաբար են իրականացնում գործառույթը:
Օրինակ՝
1. Հաղորդագրություն բերողը, ով բացահայտել է իր հատկությունը, կարողանում է հասցեական ուղղորդել հաղորդագրությունը, իսկ անգիտակցաբար գործողը ուղղակի արտահայտում է հաղորդագրությունը, որի այդպիսին լինելը ընկալվում է կարդացողի (մեկնաբանի) կողմից:
2. Կարդացողների (մեկնաբան)՝ որպես այդպիսին ինքնաբացահայտվածի տեսակ են իմաստասերները, (ինքնա)ճանաչողության միտվածները ..., իսկ անգիտակցաբար գործողների տեսակ են այն գրողները, նկարիչները և այլն, ովքեր պարզապես ստեղծագործում են՝ ըստ իրենց անհասկանալի ներշնչանքի:
3. Կիրառողների գիտակցող տեսակ են նրանք, ովքեր սրան հավատալով՝ նպատակային օգտվում են առաջին երկու խմբերի հատկություններից, իսկ անգիտակից գործողները, որոնք նաև մեծամասնություն են կազմում, տեսած/լսածով, ընդհանրական ասած՝ համընդունված դատողություններով առաջնորդվողներն են:
Ճիշտ է՝ յուրաքանչյուրի մեջ առկա են նշված բոլոր հատկությունները, բայց դրանցից մեկն անպայման լինում է առավել ընդգծված և գերակշռող:
Ինչ վերաբերվում է մարդու կողմից ինֆորմացիա ստեղծելու հնարավորությանը, ապա դա, միաժամանակ, կհիմնավորեր մարդու աստվածանալու հնարավորությունը, որին ինքս հավատում և դրան հասնելու ուղին կոչում եմ՝ առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը:
Ինքս ինձ առավելապես տեսնում եմ երկրորդ խմբում:
325.
Գեղեցիկ, թե՞ իմաստուն.
Ամեն դեպքում գեղեցիկի մեջ համընդհանուր ձգողականություն կա, որին ոչ մի կերպ չի կարողանում հասնել իմաստնությունը։ Ճիշտ է՝ սրանք կատարյալ դուետ են, բայց, ցավոք, այն ստացվում է, երբ գեղեցիկի վրա սպիեր են առաջանում, որոնք այն ձեռք է բերում աշխարհն իրենով գեղեցկացնելու մոլորության պատճառով, և բոլորին տիրելու նրա երազանքը վերափոխվում է իմաստնությանը (ՄԵԿԻՆ) տրվելու ցանկության, աշխարհը փրկելու անկարողությունը՝ տիեզերքն ունենալու հնարավորության:
Գեղեցիկ, թե՞ իմաստուն.
Մեկն առանց մյուսի ավարտում է պարտությամբ. առաջինը մնում է ամուլ, երկրորդը՝ որբ …
326.
(Ինքնա)ճանաչողության միտված հարաբերության և, մասնավորապես, երկխոսության մեջ գործում է 1:3 բանաձը, այն է՝ մտքերը, երևույթները, իրողությունները և այլն պետք է դիտարկել դրանք արտահայտողի (ցույց տվողի), դրանք լսողի (տեսնողի) վերաբերմամբ և համընդհանուր, ինչի արդյունքում ապահովվում է փոխպայմանավորված միմյանց ու միասին ճանաչելը, հակառակ դեպքում՝ չի իրագործվում դրանցից ոչ մեկը, իսկ հարաբերությունը, երկխոսությունը ավարտվում է իրար և համընդհանուրի մասին պատկերացումով, ինչը, լավագույն դեպքում, իրականությանը մոտ նկար է, բայց իրականությունը չէ:
327.
(Ինքնա)ճանաչողության միտված հարաբերության մեջ լքում է նա, ով կանգ է առնում, ու, այլից բացի, սերը միակ հարաբերությունն է, որն առանց (ինքնա)ճանաչողության գոյություն չունի:
328.
(Ինքնա)ճանաչողության անբաժանելի և մեծագույն մեթոդներից մեկը, որը փոթորիկի նման քշում է ամեն կեղծիք, հավատ-կասկածից անդին դիտարկումն է, բայց այն կիրառել չի խրախուսվում նրանց, ովքեր ունեն մերկանալու ամոթխածություն և մենակ մնալու մտավախություն:
329.
Թշնամու ձեռքով սպանվածների մեջ զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր հոգնել էին բարեկամների ձեռքով մեռնելուց:
330.
Եթե տեղին է հաջողություն կոչել ժամանակին մահանալը, ապա մահն էլ անպայման պետք է դասել հաջողությունների շարքին, որոնք, երբեմն, բաց ենք թողնում, ու եթե քեզ այցելում է նման մտածմունք, ուրեմն խորհուրդ է տրվում առաջնորդվել «առանց կրակի ծուխ չի լինում» ասույթով և սպասել կրակին …
Իսկ որ ժամանակին մահանալը հաջողություն է, բավարար հիմնավորում է այն, որ ապրելու համար՝ կյանքի միջին տևողությունը պարտադիր չի համարվում:
331.
Մեծամասամբ հարաբերություններն (ինքնա)խաբեություն են՝ բնորոշ քնածներին, բայց դրանց, երբեմն, հասկանալով տրվում են նաև արթունները, ովքեր (ինքնա)ճանաչողության սառնությունից փրկվելու ջերմություն ոչ մի տեղ չեն հանդիպում:
332.
Կիրքը՝ բարձրագույն ԵՍ-ին հասնելու գլխավոր զարկերակ.
(Ինքնա)ճանաչողությունն առանց հարաբերության անհնար է, իսկ ամենաերկարը ստացվում է քայլել նրա(նց) հետ, ում հանդեպ (հետ) կիրք ունես, քանզի ճանապարհին առաջանում են արգելքներ, որոնք միայն կիրքն է ստիպում հանդուրժել, ապա՝ հաղթահարել: Ըստ այդմ, (ինքնա)ճանաչողական հարաբերություն առավելապես հնարավոր է կին-տղամարդ հարաբերությամբ, իսկ համասեռամոլությունը սրան հակափաստարկ չի կարող լինել, քանզի կան ամբողջացումներ և արարումներ, որոնց բնատուր տարբերությամբ է հնարավոր հասնել:
333.
Բարձրագույն Ես-ի սիրո խոստովանությունը.
Ինձ պետք չէ ունենալ քեզ տաս, քսան, երեսուն տարի, ես ուզում եմ կյանքիս վերջին հայացքով տեսնել քեզ …
Ըստ մեկ այլ սահմանման՝ բարձրագույն ԵՍ-ին ձգտումը` (ինքնա)ճանաչողությունը սահմանվում է՝ որպես մահն ընդունելու հասունացում («ԱՄԵՆ» 3), իսկ տիեզերական սեր ունեցողը, որպիսին ես եմ ընկալում, ապրելուն անհրաժեշտ ցանկություններից զատ, պետք է կարողանա սիրով նաև մահ ցանկանալ սիրելիի համար,երբ նա հասել է այդ բարձրագույնին, քանզի դրանից հետո անտանելի է մարմնական գոյությունը: Նույն մաղթանքի ներուժը տիեզերական սեր ապրողները, որպես իրենց համար նախատեսված վերջին փամփուշտ, պետք է ստեղծեն ու կրեն գոյության ողջ ընթացքում, որով պետք է փրկվեն հարկադրված բաժանումից (գերությունից), ու բնավ նշանակություն չունի, թե կրակելուց հետո երբ վրա կհասնի մահը, քանզի նման սիրուց դուրս մեռնելու ընթացքը միայն կարող է համարվել գոյության իմաստալից շարունակություն: Փամփուշտը կարող է երբեք էլ չկրակվել՝ վերածվելով հուշանվերի ԱՄԵՆՈՒՄ, բայց դրա գոյությունը միակ երաշխիքն է՝ հաղթելու կամ երբեք չպարտվելու, հետևաբար, նաև, ուժը՝ միայն առաջ գնալու՝ բարձրանալու:
334.
Մարդը «տիեզերական սահմանադրությունից» վեր է դասել «բնության պայքար» օրենքը, որը մեկնաբանում է «նպատակը արդարացնում է միջոցները» կեղծ սկզբունքով՝ այդ կերպ ոչ միայն վեր չկանգնելով կենդանիներից, այլ՝ նրանց համեմատ ավելի այլանդակվելով, քանզի կենդանիները, գոնե, ուժի արդարությամբ են գործում, իսկ երբեմն, նույնիսկ, խղճի այնպիսի դրսևորմամբ, որն անհասանելի է մեր գիտակցությանը …
335.
Հավատ/կասկածից անդին.
Երբ կասկածը ճանաչողության միջոց չէ, այն վերածվում է անկուշտ երախի, որը առաջին իսկ անպատասխան մնացած ցանկացած «ինչու»-ից սկսած խժռում է այն ամենը, ինչը կարելի է (պետք է) հասկանալ, ապա՝ ընդունել, արդյունքում՝ (ինքնա)ճանաչողությունը վերածվում է (ինքնա)լափելու:
Նույն հետևանքին, բայց որպես ախորժակի կորուստ, հանգում է նաև հավատը, երբ այն նպատակ չէ՝ արտահայտվելով ինքնասպառմամբ:
336.
Ինչքան բնության մեջ նվազում է այն ամենի քանակն ու տեսակը, ինչի համեմատ կարելի է կոչվել մարդ, մարդիկ իրենցից են բուծելով շատացնում դրանց անուններին համապատասխան էակների, որպեսզի չունենան համեմատության վրա հիմնված ինքնության կորուստ, հակառակ դեպքում՝ պետք է վաղուց ընդունած լինեին իրենց, ապա դառնային ավելին մարդու համեմատ՝ շատանալով տիեզերքում …
337.
Անկեղծությու՞ն. փորձիր արտաքուստ կրել այն, ինչը շատերը քողարկում են իրենց ներսում. միանգամից կստանաս նրանց ինքնարդարացումից ծագող այլանդակի մեղադրանքը, իսկ երբ փորձես այդ մեղադրանքն էլ ցույց տալ՝ որպես նրանց ինքնախոստովանություն, քեզ կաքսորեն առանց դատավարության:
Ինքնամաքրու՞մ. ուրեմն անպայման աքսորավայրի միջով …
Ու ՍԵՐ, երբ ունես պատիժդ կիսող կամ, գոնե, դիմավորող:
338.
Տրամաբանության պատկերած «իդեալական համակեցության» մեջ միայն մեկ ցանկություն կարող է առաջանալ՝ ինքնասպանվել, ու եթե այս անցումային միջակությունից չենք թեքվելու դեպի երրորդ ճշմարիտը, ապա նախընտրելի է «վայրի ամբողջականության» վերադառնալ՝ սպանել ու սպանվել …
339.
Գայլը հասկացավ իր մեղավոր գոյության տիեզերական իմաստը, երբ ոչխարներին տեսավ խոզերին ուտելուց …
340.
Արդյոք մենք կունենայի՞նք նույն ձգտումները, եթե լինեինք առանց վկաների, և արդյոք մեր ունեցածը, նաև չունեցածը, փոխադարձաբար չե՞ն բնորոշում մեր վկաներին, ու եթե ընտրություն, ապա հենց վկաների կապակցությամբ, քանզի, ինչպես պարզվում է, նրանք ոչ միայն ակտիվ մասնակից են, այլ նաև բեմադրողն են ներկայացման, որում մենք ստանում ենք մեր դերը, ըստ որի, առավելապես հանդիպում են խոզեր, ոչխարներ, կապիկներ …:
Իսկ ես սիրում եմ նրանց, ում առջև կարող եմ չխաղալ՝ լինել գայլ …
341.
Նախ՝ աչքերը սկսեցին խաբվել, հետո՝ քիթը, արդյունքում, որպես իրար ճանաչելու միջոց, մնաց կծելը, ինչն էլ, երբ ճաշակելիքն անկշտանալի ցանկալի է, վերաճում է հոշոտման՝ կոչվելով սեր:
342.
ԱՄԵՆ՝ ԱՆԱՆՈՒՆ
Մեծամասամբ, մարդկային սերը, ըստ բովանդակության, բաժանվում է երկու տեսակի՝ խղճի դրսևորմամբ և հպարտության: Այս փոխհագեցնող երկու տեսակները միասին ավելի երկար են գոյատևում, քան տեսակը տեսակի հետ միավորումները, ու երկու կարգի հարաբերություններում էլ այն, ինչ պարզում է (ինքնա)ճանաչողությունը, իրական է մնում միայն գոյատևելը՝ վերնագրվող եսասիրություն:
Ուստի, եթե իրական ՍԵՐ, ապա առանց խղճի և հպարտության, կամ՝ դրանց հաղթահարմանը միտված, որպիսին բնորոշ է բարձրագույն ԵՍ-ին. հանրայնացմամբ արժեզրկված անվանակոչման փոխարեն՝ վերնագրվող ԱՄԵՆ՝ ԱՆԱՆՈՒՆ:
343.
Շատերն անմեղ են՝ համապատասխան օրենքի բացակայության, իսկ ոմանք մեղավոր են՝ իրավունքի անճանաչելիության պատճառով:
344.
Եթե չկա (ինքնա)ճանաչողություն, ապա ի՞նչ է խելացիությունը, եթե ոչ հիմարության (դրական) աստիճան:
345.
Փիղն անկարելի փոքր է՝ մրջյունների միջավայրում ապրելու համար ...
346.
Հակառակ ուղղությամբ վազողները անհասանելիության ինքնավստահությամբ հեգնում են բարձրացողներին …
347.
Սիրո մեջ ծայրահեղությունները շատ են, քանզի այն բացարձակին միտված (ամենա)միջոցն է՝ հարաբերական գոյության ընթացքում տրված մեզ, ու նրանում (ինքնա)ճանաչողությամբ լինելը նույնն է, ինչպես երազում՝ գիտակցությամբ ինքնակառավարվելը, որտեղ ծայրահեղականությունը փոխվում է խենթացման …
348.
(Ինքնա)ճանաչողությունն իմացություն չէ, գոյաձև է.
Երբեմն, ինձ խրատում են ասելով՝ միևնույն է ճանաչել ես, բարձրացել ես, հասել ես …, վերադարձիր և սովորիր շատերի նման (մեջ) ապրել սոցիալական միջավայրում, ինչին ի պատասխան, հատկապես երբ խրատողը պարկեշտ մեկն է, սիրում եմ օրինակը՝ դա նույնն է, թե էությամբ առաքինի լինելուց տուժածին առաջարկել, որ սկսի լինել անառակ, քանզի արդեն գիտի, թե ինչ է առաքինությունը: Ի տարբերություն վերջինիս, ես իմ (ինքնա)ճանաչողական անառակությամբ համաձայնում եմ, բայց, ցավոք, խրատողները ոչ միայն սովորեցնողներ չեն դառնում, այլ ընդհանրապես դադարում են լինել …
349.
Եթե աշխարհային գոյությունը դիտարկենք որպես ավելի բարձր մակարդակում գոյության արտապատկերում, ապա մարդկային լինելիությունը կարող է համարվել վերացող տեսակի (հոգու) արգելանոցային բուծման արդյունք, ու մեզ հետ էլ կատարվում է այն ամենն, ինչ մենք անում ենք կենդանական աշխարհի հետ՝ նրա(նց) նման, ում պատկերմամբ կանք (արարվել ենք):
Նախագիծը գնում է ձախողման …
350.
Անկեղծանում ես ու արձագանքից, հաճախ, հարց է առաջանում՝ լավի մասին անկեղծանալը ո՞րն է …
351.
Լռեցված կարծիքս վանում է ինձ, արտահայտելը՝ նրանց, ու թեպետ պատասխանը գիտեմ, բայց, մշտապես, ինչպես հանելուկ եմ ընդունում մտերիմների մեծ շրջապատ ունենալու ունակությունը:
352.
Իմ ու ինձ «օգտագործելու» տարբերությունը նրանում է, որ ես հավերժականին միտված արդյունք եմ ստանում:
Իմ խղճի բացակայությունը մի օր կոչվելու է ՍԵՐ …
353.
Սերը՝ որպես պատրա՞նք, Սերը՝ որպես իրականությու՞ն, թող ապրեմ այն, մի՛ տուր տարբերակված նշանակություն, չէ որ, գուցե, վերջը մոտ է, որովհետև միշտ ներկա է …
354.
Մարդկային ցեղերի մեջ կա ևս մեկը և, գուցե, մինչ օրս միակ չհատկորոշվածը, ինչը բացատրվում է դրա անդամների գոյության ձևով և բովանդակությամբ, որոնք ամփոփվում են անվանման մեջ. այն կոչվում է «Մենակների ցեղ» …
355.
Չեմ սիրում ինձ աստվածացնող միամիտներին՝ հոգնեցուցիչ ակտիվություն ունի սրանց եսասիրությունը, ու, նաև, ինձ անասուն համարող խելամիտներին՝ սրանց նույնն էլ ձանձրալի է:
Թեպետ, սա ոչ այնքան իմ, որքան հանրային այդ տիտղոսները կրողների վերաբերմամբ է …
356.
Ինքդ քեզ ընդունես՝ հասարակությունն ի վերջո կհարմարվի, ձգտես ընդունելի լինել հասարակության կողմից՝ ինքդ քեզ երբեք չես հարմարվի:
357.
Մեզ թվում է՝ հավերժ ոչինչ չկա, որովհետև ինքներս մեզ համարում ենք անցողիկ, և ունենալուց էլ ոչ թե կորցնում ենք, այլ, որպես ժամանակավոր, հավերժականից մերժվում ենք, … իսկ ՍԵՐԸ, թեկուզ որպես ուղեղին քիմիական ազդակ, ճեղքում է գիտակցական պատնեշը, որ տեսնենք՝ ԿԱ, ԼԻՆԵՆՔ …
358.
(Ինքնա)ճանաչողությանը լավը բարեկամ չէ, վատն էլ չարակամ չէ, նրա հակառակորդը այդ երկու հարափոփոխ գումարելիներից ստացվող անփոփոխ գումարն է:
359.
Երբ ուրիշից վերցնում ես իր տանելիքը, նրան չի հասնում իր ստանալիքը …, ու սա պետք է նկատի ունենալ, երբ ցանկալիից առավել՝ կարևորում ես ունենալ քոնը: Իսկ ուրիշի(ց)նն այն դեպքում և այնքան, երբ և որքան դրանում տեսնում ես քո տանելին (ստանալին), ինչը դադարում է համարվել ուրիշինը, համարվում է՝ ուրիշով քեզ տրվածը, ու սրանով, միաժամանակ, ժխտվում է հանրային կեղծ կատեգորիան, որը կոչվում է օգնություն:
360.
Սերն ինքնարար է …, անգամ պլատոնականն «անժառանգ» չէ …
361.
Ուզելով հնարավոր է ունենալ ցանկալին, որը, գուցե, քոնը չէ, ընդունելով՝ անկասկածելի քոնը, որը, գուցե, ոչինչն է …
362.
Ի՞նչ ունես դու, բացի մարմնավորված մենությունից, երբ ունեցածդ շարունակաբար ինքնաոչնչացվողս է …, ու/բայց ի՞նչը կարող է ավելին լինել մենականացման անսահմանությունից …
363.
Քաղցածը դեռ կարող է փրկվել, ինչպես նաև կուշտը, իսկ ինչպե՞ս փրկվի նա, ով ախորժակն է կորցրել …
364.
Չգիտեմ, լավատեսները երբեմն են կուրանում, թե՞ բնույթով են այդչափ ինքնահավան, որ չեն տարբերակում սահմանը հատածին և այնպես են հարձակվում վրան, որ հոգեդարձ են անում նրան՝ ենթարկելով սահմանագծային տառապանքի:
365.
Երբ զզվում ես յուղոտ և դրանց լոզոտ նայող բերաններից, արդյունքում քաղցդ սկսում է հագեցնել միայն այն, ինչը դանդաղ սպանում է քեզ … (ինքնա)ճանաչողություն(ՍԵՐ):
366.
Անցյալը մայրդ է, ապագան՝ կին, որն էլի դառնալու է մայրդ, իսկ քեզ մնում է որոշել՝ լինել պոռնիկի զավակը, թե ինքդ քո հայրը …
367.
Եթե չսկսես որսալ աստվածներին, «լոմկան» քանդելու է հոգիդ՝ խժռելու ես ինքդ քեզ, երբ արդեն նա ես, ով վարժվել է ցավից երանություն ստանալուն, որովհետև գալու է պահը՝ մարդկանց մեջ չես գտնելու անհրաժեշտ ցավաբաժինը, որ ներարկես միտքդ՝ արագացնես սիրտդ՝ ճեղքես գիտակցությունդ, քանզի նրանց հպարտությունն անգամ՝ գիշատչի մորթի հագած զոհ է …
368.
Ապրելու ամբողջականության մասին.
Յուրաքանչյուր ակնթարթ լիիրավ է` լինել վերջինը …
369.
Ինքս ներկայում եմ վերջացնում լինելս …, և հաջորդող ցանկացած հանդիպման ժամանակ՝ համարվելու եմ ինձ հանդիպողների ապագան, նրանք՝ իմ անցյալը …
© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ https://tigrangorsh.wixsite.com/website/love
Սրբագրիչ՝ Նառա Խոստեղյան
Տիգրան Գորշ (2019)։ Ես սեր եմ, մնացածը ես չեմ (գիրք II - Թեոսոֆիա)։
Երևան: Ասողիկ։ ISBN 978-9939-50-455-1
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...