19 сент. 2021 г.

ԹԵՈՍՈՖԻԱ

ես սեր եմ, մնացածը ես չեմ 

- գիրք II - 

ԹԵՈՍՈՖԻԱ















(Ինքնա)ճանաչողություն - (ինքն)արարում. սեր՝ առ բարձրագույն ԵՍ-ը …

ԹԵՈՍՈՖԻԱ








1.        

Ձեր աստվածը խնդրում է փոխանցել, որ ձեր պաշտամունքով՝ նրա մոտ ավելի եք խորացնում այն, ինչից նա տենչում է ազատվել ..., նա ընկեր է փնտրում ...

 

2.        

Հասարակական համակեցության նպատակը պետք է լիներ բոլոր կրքերի կենտրոնացումն ու ուղղորդումը Մարդու (ինքնա)ճանաչողությանը և ոչ՝ դրանց բավարարման միջոցների մոդիֆիկացմանը ..., ու հասկանալու համար, թե ինչքան ենք դանդաղ(ել)ում, բավական է պատկերացնել, որ մեր սերնդի համար, առնվազն, տիեզերանավը պետք է համարվեր հանրային տրանսպորտի տեսակ ...

  

3.        

(Ինքնա)ճանաչողությունը համարժեք և նույնական է մարդու մտածողությանը հայտնի բոլոր գիտությունների, արվեստների, կրոնների, արհեստների, փիլիսոփայության ճյուղերի ... հավաքականությանը, բայց, միաժամանակ, ինքնուրույնաբար տարբերվում է դրանից՝ որպես կարևորագույն տարր կրող, որը թելի պես անցնում է յուրաքանչյուրի միջով, որի գոյության մասին գիտենք, որին ենթակա ենք, բայց չգիտենք դրա կոնկրետ գործառնությունն այնպես, ինչպես գիտենք մնացածինը:

Իմ խորին համոզմամբ, այդ տարրն այն է, ինչը կոչվում է ՍԵՐ, և դա նույն այն է, ինչը կոչում ենք ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ՝ ԱՆՀԱՅՏ ՉԱՓՈՒՄ, ԱՄԵՆԻ բացահայտման, նաև կործանման ԲԱՆԱԼԻ ...

 

4.        

Կախվածությունից ազատ լինելն (ինքնա)ճանաչողության կարևորագույն ձեռքբերումներից ու արթուն լինելու որոշիչներից մեկն է, ինչը նշանակում է ոչ թե ամեն ինչ և ցանկացած պահի լքելու, այլ՝ լքողից չկառչելու ունակություն, թեկուզ, երբ դա կյանքն է ...

 

5.        

Լքվելը միշտ չէ, որ արտահայտվում է գնալու (կորցնելու) ոտնաձայներ լսելով, իսկ լքելը միշտ է կախվածություն ենթադրում, քանզի ավելորդությունից հրաժարվել չկա՝ կա չեղածը գիտակցել, իսկ անհրաժեշտությունից հրաժարվելը հարկադրանք է, հետևաբար՝ կախվածություն հարկադրող այլից:

 

6.         

(Ինքնա)ճանաչողության սուրբ երրորդություն.

Չուզել - Ընդունել

Չշտապել - Համբերել

Չտիրել - Տրվել

 

7.        

Սերը՝ որպես (Ինքնա)ճանաչողության միջոց և նպատակ.

(Ինքնա)ճանաչում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ. ինչ-երի խառնարանից ազատականացում՝ որպես ոչինչ, ոչնչից (ինքն)արարում՝ որպես ԱՄԵՆ՝ ՍԵՐ:

Այլ կերպ. միջոցը՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ, նպատակը՝ ԵՍ ՍԵՐ ԵՄ, ՄՆԱՑԱԾԸ ԵՍ ՉԵՄ


8.         

Երբ դիտարկում ես ուրիշին ներելու, կամ ներել չկարողանալու պատճառները, կրկին հանգում ես ինքնաներման խնդրին։

 

9.        

Ամբոխային մտածողություն.

Մարդիկ, մեծամասամբ, ունեն «սեզոնային մտածողություն». խոտհունձի ժամանակ աննորմալ են համարում նրան, ով ծառ է ջրում, առավել ևս՝ ով ծառի հովին խնձոր է ուտում ...

  

10.      

Հնարավո՞ր է արդյոք սպանել հրեշին՝ հրեշի չվերածվելով ...

Ու նրանց տարբերությունը հեքիաթի շարունակության մեջ է, որի մասին ոչ ոք չի ասում. ճշմարտության համար հրեշի վերածվածը կնմանվի նախորդին իր գոյության ցանկացած այլ շարունակության դեպքում, եթե այն չավարտի ինքնաոչնչացումով, այդ կերպ, միաժամանակ, նրան(ց) ազատելով իրեն սպանելու մեղքից, ում համար (ինքնա)ճանաչողաբար որոշել էր վերածվել հրեշի ...

 

11.     

Որևէ ով կամ ինչ երբևէ չի կարող լքել սերը, բայց վերջինիս կողմից կարող է լքվել, որովհետև ԿՅԱՆՔԻ ու ՄԱՀՎԱՆ հետ ԵՌԱՉԱՓՈՒԹՅԱՄԲ գոյություն ապահովելն է ՍԻՐՈ մեկ առաքելությունը ...

12.      

Նորմալը սովորաբարն է, սովորաբարը՝ իրականությունը, որից միշտ բացակա եմ ..., հետևաբար՝ ինքս երբեք, բայց իմ ֆանտաստիկան մի օր կոչվելու է իրականություն:

 

13.      

Մենակությունը կարող է երկխոսություն ստեղծել անգամ բոլոր չարիքների արարչի հետ, իսկ տևականությունը՝ այն հասցնել փոխադարձ հարգանքի ...

 

14.      

Ունեցածին ամբողջությամբ արժանանում են միայն այն կորցնելու (ինքնա)գիտակցմամբ, բայց ես կրկին չեմ պատկանում ոչ թե կորցվելու, այլ՝ գրողի ծոցում ավելին դառնալու պատճառով։

 

15.     

(Ինքնա)ճանաչողություն(սեր).

Երբ նայում ես առաջ, երբեմն՝ ետ, հազվադեպ՝ շուրջդ, ի վերջո ուղղահայաց դուրս ես մղվում սոցիալական շրջապտույտից և ուղիղ գնալդ դառնում է բարձրացում, ու երանի, եթե կա մեկը, ում հետ կարող ես ստեղծել թռիչքին պտույդ հաղորդելու առանցք ...

 

16.      

Հաշվի առնելով, որ շրջապտույտի համար նման գիտակցության արարումն անիմաստ կլիներ, իսկ երկրագնդի ցանկացած կետից հորիզոնական և ուղղահայաց ուղղությունները նույնն են, ուստի մարդը չունի այլ առաքելություն, քան բարձրանալն է ...

 

17.      

Անցյալամույն գիտակցություն.

Ապագայում մեզ առավելապես սպասվում է ներկայում եղածի գիտակցումն ու դրանով, միաժամանակ, ուշացած լինելու հուսահատությունը, ու այս օրինաչափությունը խորատեսներիս վերածում է հեռատեսների, ովքեր, ընդամենը, այսօր գիտեն, թե վաղը ինչում են զղջալու ...

Երբեմն, նախանձում եմ այն կարճակյացներին, ովքեր անգիտակցաբար առաջ են անցել ժամանակից ու չեն սպասել մահվան արարողակարգային ընդունելությանը:

 

18.     

Երբեմն, սպիներ ենք ձեռք բերում այնտեղ, որտեղ չպետք է ձեռք բերեինք, երբեմն էլ՝ ողջ ենք մնում այնտեղ, որտեղ մահն անխուսափելի էր, ու այս ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ քողարկված ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ հասկանալուն ուղղորդում է մեկ այլ անհասկանալին. երբեմն, հոգով բացակայում ենք այնտեղից, որտեղ կանք գիտակցությամբ, երբեմն էլ՝ հոգով զարմանում ենք,թե որտեղ ենք հայտնվել գիտակցությամբ, ու այս ամբողջը հուշում է, որ հոգին այլ (անդին) հարթության մեջ լինելիություն ունի, նպատակ ունի, կռիվ ունի, որի միայն հետևանքն ենք անգիտակցաբար կրում, քանի դեռ գիտակցությամբ նրան չենք միանում ...,

… իսկ մարդկանց զոմբիացման ծավալները հուշում են, որ հակառակորդը կիրառում է թիկունքը ոչնչացնելու մարտավարություն …

 

19.     

Աղետները մեծապես կնվազեին (գուցե կվերանային), եթե մարդը չծուլանար խաղաղ պայմաններում էլ վերև նայել այնքան, ինչքան նայում է դրանց ժամանակ, բայց ... ու աղետը մնում է մեկ միջոցը, որը մարդուն դրդում է ԲԱՐՁՐԱՑՄԱՆ՝ (ինքնա)ճանաչողության:

 

20.     

(Ինքնա)ճանաչողության նպատակով, որից մարդկությունը շեղվել է երկու բևեռների, ապրում են բացառիկ անհատականությունները, ովքեր կազմում են անտեսանելի այն երրորդ սյունը, որի վրա հենված է մեր լինելիությունը, ու միայն դրա շնորհիվ է, որ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՄ դանդաղելը դեռ չի կոչվում ուշացած ...

 

21.     

Ցանկացած կոնֆլիկտ, պատերազմ, աղետ, անկախ առերևույթ պատճառներից, բացառապես մեկ հիմնարար՝ հոգևոր պայքարի արդյունք են, որը միայն այսկողմնային աշխարհով չի սահմանափակվում, ինչում ինքս համոզվում եմ հարվածներից, որոնք ստանում եմ (ինքնա)ճանաչողությանը զուգահեռ՝ ուժգին այնքան, ինչքան ..., ու քանի որ շատերը սա համարելու են էպոսային մտորում, ասեմ նաև, որ այս «էպոսում» նրանք, առավելապես, օգտագործվում են որպես հարվածելու գործիքներ, ուրիշ ոչինչ ...

 

22.     

Հակառակորդների հարվածներն անսահման ուժգնանում են՝ ճիշտ (ինքնա)ճանաչողությանդ չափ, բայց երբեք սպանելուն չեն հասնում, երբ նրանք գիտեն ուրիշի ձեռքով ինքնասպանությամբ բարձրագույնին հասնելու ձգտմանդ մասին («Ես սեր եմ, մնացածը ես չեմ» 6), ուստի նրանց ամեն ինչի դեմ քեզ մնում է չանել մեկ բան՝ սեփական ձեռքերով չինքնասպանվել, ինչին դրդում են, և, որպես ուրիշի ձեռք, ունենալ տիեզերական սերը ...

 

23.      

Մեր գոյության այնկողմնային շարունակության բացառումը իմ մեջ ոչ թե ոչնչանալու վախ, այլ՝ մարդ լինելու ամոթ կառաջացներ, ճիշտ այնպես, ինչպես ամոթալի եմ համարում չբացառելը, բայց լոկ որպես կենդանական դասի ապահովման տարր ապրելը:

 

24.      

Սպանվածն անզենությամբ է զինված՝ տրվումով՝ ուր կտանի պահը ..., ու չկա ազատանականացման այլ սահմանում։ 

 

25.     

Դու կաս ոչ միայն նախածննդյան, նաև՝ որպես մահից հետո իրողությունների արդյունք։

 

26.     

Երեկ եղել է, վաղը պետք է լինի, ուստի ապրելը կա միայն այսօր, իսկ օրը չի կարող կոչվել ԱՅՍ, ինչպես առանց երեկվա, այնպես էլ առանց վաղվա, հետևաբար՝ մահից հետոյին վերաբերող մտորումներն անիմաստ համարելը նույնն է, թե իմաստազրկել հիշողությունը, առանց որի՝ ամեն օրը կսկսվեր մանկան ճիչով և կավարտվեր զառամյալի հոգնությամբ, իսկ միջակայքում՝ միայն չոչ։

Ըստ այդմ՝ եթե մարդն անցումային գոյաձև չէ, ապա ամենասխալ վերջնարդյունքն է, որից րոպե առաջ ազատվելը՝ բնության համար առողջարար է, գոնե։

 

27.     

Քթները հողին առածները մեծարում են հեռատեսներին, ովքեր, ընդամենը, հարթավայրում ուղիղ նայողներն են՝ որպիսին կարող է լինել ցանկացած մեկը, իսկ ինձ ոգևորում են այն «կույր» հավատով ժայռեր մագլցողները, որոնցից շատերը, անշուշտ, հիասթափություն են ապրել, բայց մեզ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ արահետներ են նվիրել ...

 

28.     

(ինքնա)ճանաչողություն(սեր).

Սկզբից բացում էի լուսամուտները՝ ուզում էի բոլորը տեսնեն, թե ինչով եմ սլանում (խակ էի), հետո ոչ միայն փակեցի, նաև մգացրեցի ապակիները (հասունացա), իսկ հիմա զգում եմ, որ շրջադարձերից մեկին բաց եմ թողնելու ղեկը ...

 

29.     

Չես կարող մերձավոր լինել նրանց մեջ, ում հետ չես բարձրացել ու չես կարող սպասել, երբ պարզ չէ՝ գալիս են, թե՝ մնում, իսկ դու արդեն այն ես, ինչը միայն գնում է ...

 

30.     

Պետք է տաս նրան, ով նույնը, կամ դրանից փոխակերպվածը փոխանցելու է ուրիշի, որպեսզի տվածդ ճահճացումից նեխած չվերադառնա քեզ, ու չպետք է հրաժարվես տալ, եթե անգամ դիմացդ նա չէ, ով չի փոխանցելու ուրիշի, որպեսզի ունեցածիցդ ինքդ չնեխես. այդ դեպքում, պարզապես, պետք է տաս ու անհետանաս։

 

31.     

Ես այն հիվանդներից եմ, ովքեր հրաժարվում են բուժվել, որպեսզի առողջանալու մասին ավելին ճանաչվի, ... այսօր՝ ոչինչ, վաղը՝ խնդրեմ. ի պատասխան։

 

32.     

Նրանց, ում սիր(ել)ում եմ, մտովի սպանում եմ՝ երկրաշարժով, հրդեհով, սեփական ձեռքերով ..., որ մնան ազատ, կամ ազատականան ...


33.     

Վճարում եմ կանխիկ.

Ամեն ինչ իր գինն ունի, ու ես չեմ ուզում պարտքով հատել սահմանն անդինի ...

 

34.     

Հասցրել եմ լինել վերջին ստորացվածից մինչև ամենահարգվածը. հորինեք սոցիալական նոր հաստիք, որ նպատակների մասին ձեր փիլիսոփայությունն ինձ ձանձրալի չլինի, ու չասեք մարդ լինել, ինչպես արդեն ասացի՝ հասցրել եմ ...

 

35.     

            (Ինքնա)ճանաչողությունը՝ որպես արարչություն.

Իրականությունը գիտակցության և դրանից դուրս գտնվողի փոխազդեցությամբ ստացված պատկերումն է, որի արդյունքը հավատով գրանցվում է հիշողության մեջ՝ մասը կազմելով գիտակցության, հետևաբար, նաև, հետագա պատկերումների՝ իրականության ստեղծման, ու այս շղթան անվերջանալի է: Սրանից հետևում է, որ իրականություն գոյություն չունի առանց նշված փոխազդեցության, կամ՝ առանց այդ փոխազդեցության գոյություն ունեցող ամեն ինչ դուրս է իրականությունից:

Մտորման ռացիոնալ հատիկը բացահայտվում է բացառման սկզբունքով. այն է՝ հնարավոր չէ իրի կամ երևույթի գոյությունը սահմանել գիտակցությունից (պատկերումից) դուրս, այլ կերպ՝ դրանից դուրս ոչինչ գոյություն չունի:

Պատկերավոր՝ իրականությունը երաժշտությունն է, որը ստեղծվում է մեր գիտակցության և համապատասխան գործիքի փոխազդեցությամբ, ինչը կարող ենք ձայնագրել ու լսել ստեղծումից հետո, ինչպես նաև՝ որպես միջոց օգտագործել այլ երաժշտություն ստեղծելու համար, կամ փոփոխել այն:

Ըստ այդմ՝ ստացվում է, որ այն, ինչ համարվում է անցյալ, առկա իրականություն է և, միաժամանակ, իրականության ստեղծման մաս, ու քանի որ այն փոխազդվում է, հետևաբար դրա վրա ևս կարելի է ներգործել՝ վերաիմաստավորել, արդյունքը հավատով ամրագրել՝ անցյալը փոխել, ինչը երաժշտության օրինակով կարտահայտվի այսպես՝ եթե փոփոխենք ստեղծված երաժշտությունը ու ոչնչացնենք հին տարբերակը (հիշողությունից դուրս հանենք), ապա իրական կլինի միայն փոփոխվածը՝ հակառակի գիտակցումը չկա, հետևաբար՝ այն այդպես էլ հնչել է ի սկզբանե:

Նույն մեթոդը համանման արդյունքով գործում է նաև ապագայի նկատմամբ՝ այն ևս առկա իրականություն է (գիտակցության և ոչնչի փոխազդեցությամբ ստացված պատկերում), և ոչ միայն առկա է, այլ, նաև, փոփոխման ենթակա է՝ ճիշտ անցյալի պես: Ու հենց այստեղ է հրաշք բանալիներից մեկը՝ գիտակցությունը կարող է փոխազդվել ոչնչի հետ՝ ստեղծելով իրականություն, ինչը նշանակում է, որ գիտակցությունը կարող է ստեղծել այն ամենը, ինչը հետո կարող է փոխազդվել հենց իր հետ՝ որպես, միաժամանակ, իրենից դուրս գտնվող: Սա, հավանաբար, տեղի է ունենում երևակայության շնորհիվ, իսկ երևակայությունն էլ, ինքնին, ևս հետևանքն է ոչնչի և գիտակցության փոխազդեցության, ապա, նաև, վերջինիս ակտիվ մասը:

Այս ամենից բխում են բազմաթիվ հետևություններ՝

- անցյալ, ներկա, ապագա միաժամանակյա գոյություն է,

- ամենի սկիզբն ու արարիչն ինքնարար գիտակցությունն է,

- տիեզերքը շարունակաբար արարվում է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցությամբ (պատկերվում է),

- կամ՝ տիեզերքը ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցություն է, մարդը՝ դրա ակտիվ մաս, հետևաբար՝ ամեն ինչի արարչության մաս,

- մարդը բացահայտում է այն, ինչ ստեղծում է (պատկերում է),

- պատմությունը կրկնվում է, որովհետև պատկերումներով լցված գիտակցությունը շարունակաբար նույն շրջանառության մեջ է (նույն իրականությունն է ստեղծում),

- ու ամենակարևորը՝ այն, ինչ կոչվում է գիտակցության ճեղքում, հագեցած պատկերումների շրջանակից դուրս գալն է, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցության հասնելը, որով կարող ենք ոչ թե տիեզերանավ, այլ նոր տիեզերք ստեղծել, և ճանաչելու համար ոչ թե տեխնոլոգիաները զարգացնել, այլ՝ կանգ առնել և ինքնաճանաչմամբ ամեն ինչ բացահայտել ...

Ինչ վերաբերվում է տարբեր պատկերացումների պարագայում իրականության հակասականությանը, ապա այդ տարբերակումը ոչ միայն չի բացառում, այլ՝ հաստատում է տարբեր իրականությունների միաժամանակյա գոյությունը և այն աստիճան, որ վստահաբար կարելի է ասել՝ այո, աստվածները ճշմարիտ են ու ճշմարիտ է նաև դրանց չլինելը, ամենքս աստված և/կամ ՄԵԿ արարչի ակտիվ մասնիկ ենք, կա այն ամենը, ինչի նկատմամբ թեկուզ մեկ մարդու անկասելի ՀԱՎԱՏ կա ...

 

36.     

(Ինքնա)ճանաչողության անսահմանությունը կայանում է նրանում, որ դրանով, միաժամանակ, արարում ենք այն, ինչը հետո պետք է ճանաչենք: Այսպիսինն է նաև տիեզերքը …

 

37.      

Մարդը, պատկերացումներով խցանված իր գիտակցությամբ, ամեն ինչում ձգտում է լինել առաջինը ու, միաժամանակ, միակը, բայց չի հասկանում, որ դրա համար, նախ, պետք է ինքնարարվի որպես այն ինչը/ովը, որը երբևէ գոյություն չի ունեցել ...

Այո, մարդը պետք է ...

 

38.      

Եթե իրավունքի հարց բարձրացնեմ՝ առ այն, որ բոլորը պետք է անհետանան, երբ մենակ մնալ եմ ուզում, ինձ կուղարկեն գրողի ծոցը, բայց յուրաքանչյուրն էլ ունի բոլորի անհետացումը պահանջող գոնե մեկ ցանկություն, ինչից ենթադրում է, որ շատ արագ կառաջանա իրավունքի իրացման խնդիր՝ գրողի ծոցում տեղ չգտնելու պատճառով, ուստի՝ այն, ինչ համարում են իրավունք, իրականում պարտականություն է, իսկ պարտականությունը՝ այն ապահովող պատասխանատվություն:

Իրական իրավունքն այն է, ինչի իրացումն ինքնին է, և այո, եթե ուզում եմ մենակ մնալ, բոլորը պետք է անհետանան ...

 

39.       

Գիտակցության ընդլայնումը, կամ ճեղքումը, պատկերացումների խցանումից միտքը ազատականացնելն ու նրա ինքնարարության գործարկելն է, ավելի ճիշտ՝ վերագործարկելը, ինչը թվում է հեշտ մինչև այն պահը, երբ փորձում ես պատկերել մի այնպիսի բան, որն ընդօրինակված, կամ ածանցված չլինի գիտակցության մեջ եղածներից:

Ուստի դրա մեկ պայմանն էլ, նախ, երբևէ չեղած ինչի/ովի ինքնարարումն է ...

 

40.      

Իրականության մեջ չէ մեր ընտրությունը, այլ՝ ՆՈՐ իրականություն արարելու, կամ արարվածով ապրելու՝ դրան նմանակելով, դրանում մնալով, այն յուրացնելով, որոնք նույնանում են մեկում՝ ՈՒՐԻՇԻ: Երկրորդը սկսում է հեշտ, գոյատևում՝ դժվար՝ ըստ մրցակցություն օրինաչափության, իսկ առաջինը հակառակը՝ առանց մրցակցության է զբաղեցնում իր տեղը տարածության մեջ, սակայն ստեղծվում է դժվար, քանզի նորի արարման համար նախ պետք է ինքնարարվես որպես ՆՈՐ, ապա՝ իրականությունն ինքնին ...

 

41.     

Արարում եմ մենություն.

Ինքնարարմանս զուգահեռ՝ արարում եմ իմ իրականությունը, բայց նյութապես այն մնում է նույնը և ոչ նրա համար, որ ինձ վանում է հարստությունը, ուղղակի վերջինիս մեկ գործոնը մարդկանց առկայությունն է, իսկ ես ներս եմ թողնում միայն համահեղինակային իրավունքով՝ ոչ ստրկատիրոջ, ոչ էլ ստրուկի, իսկ վերջինս հեշտ է այնքա՜ն՝ առավելապես օգտագործելով հենց այդպիսին չլինելու նրանց համառությունը, հպարտությունը, խիղճը ...

 

42.     

(Ինքնա)ճանաչողությունն աղբյուրից ջուր խմելու պես բան է՝ պետք է հպարտությունդ վայր դնես, որ մի բուռ առնես, ու պետք է երկար ծնկներումդ պահես, որ հագենաս, ավելցուկն էլ ապերախտաբար կոյուղին չթափես, բայց ... ու մարդն իմացությամբ հագեցնում է միայն իրեն խժռող հպարտությունը՝ վերածվելով բանիմաց անասունի, այդ կերպ՝ ավելի անասունի, քան անասունն է ...

 

43.      

Աստծո մասին.

Մարդիկ, մերկանալով, ազատվեցին նորաձևության մեջ ձեռք բերած թշնամանքից, բայց նրանց հաշտությունը տևեց մինչև ոճաբանին հանդիպելը ...

 

44.     

Հաճախ, անգամ այնտեղ, որտեղ սիրտը գոռում է գրկի՜, հպարտությունն առաջ է գալիս ու ասում՝ նախ ես կհագենամ, հետո, իսկ հետո, պատահում է, սիրտն արդեն սառույց է գրկում ..., իսկ այն դեպքում, երբ սիրտը չի էլ ցանկանում, հպարտության արածը հարգի է դառնում ավելի, քան, երբ առջևից կգնար խիղճը ...

 

45.      

Աստված «չգիտեմ»-ի վրա հիմնված հավատով իշխանությունն է, սատանան՝ «չգիտեմ»-ին հանգող (ինքնա)ճանաչողության դրդող դիմություն, որի իշխանության գալն անխուսափելի ու, նաև, անհրաժեշտ է, իսկ, մինչ այդ, թվով քչերի ընտրություն է։ Ու թե ինչու՞ է պետք անցնել դժոխքով, եթե կրկին հանգելու ենք դրախտի ճշմարտությանը, ապա, գոնե, նրա համար, որ մի բան է խաղաղության մեջ մեծացածի պատերազմի մասին պատկերացումը, այլ բան՝ պատերազմով անցածի խաղաղության ընկալումը ...։ Ըստ էության՝ երկուսից պետք է արարվի երրորդ ավելի ԲԱՐՁՐ գոյաձև, որը պատկերվելու է այլ ով/ինչ-ի խորհրդանշով, կամ բոլորի բացառմամբ ...

 

46.      

Թեպետ գորշը պայքարում է ոչ թե սպիտակի և սևի, այլ՝ դրանց անհաշտության դեմ, բայց առանձին-առանձին էլ չի հաշտվում նրանցից ոչ մեկի հետ, քանզի սպիտակը նրանում տեսնում է միայն սևը, սևը՝ սպիտակը, երբ մերժվում են մեկի՝ մյուսի դեմ դաշինք կազմելու փորձերը, ու գորշին ոչինչ չի մնում, քան իր պայքարը շարունակել մեկուսի ինքնադիտման մեջ ...

 

47.     

Անուն, որից պետք է ստեղծվի բովանդակություն, թե՞ բովանդակությունից ստեղծված մականուն. իրականում անանուն ես, քանի դեռ ի՛նքդ քեզ չես ծնում ...

  

48.     

Այնտեղ, որտեղ հաճույքով ես տառապում, ինքնազոհություն մի ներկայացրու. հեշտանքդ արտահայտի այնպես, ինչպես գոռում ես անցանկալի ցավից. միայն այդ դեպքում և միայն այդ անկեղծությունդ է կոչվում ինքնազոհություն ...

 

49.     

Մարմինը պատրաստ չէ դեռ, թե՝ անկարող արդեն, նշանակություն չունի նրա համար, ինչը չունի տարիք, ուստի միտքը խոչընդոտ, բայց, նաև, պաշտպանություն է հոգու սիրուց, երբ դեռ հասունացած չենք «մեղքին», կամ՝ դրա համար նեխած ենք արդեն ...

 

50.      

Ազատվում եմ աստծո բռնությունից՝ նեռին ընտրելով, իսկ վերջինս չի կարողանում բռնանալ՝ որպես իմ ընտրյալ. արդյունքում նրանք հաշտվում են նրանում, որ իրենց պատկանում է միայն իմ հարգանքը, իսկ սերս նրանն է, ում արարման համար նրանք միջոց են՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց համար եղել են խիղճն ու հպարտությունը ...

 

51.     

Աստվածայինները չեն վախենում կասկածվել՝ պղծվածության մասին լսում են՝ որպես իրենց անցյալ, իսկ աստվածները վախենում են ...

52.     

Այն, ինչ համարում են ընտանիք, բարեկամություն, ընկերություն, առավելապես ունեն մարմնական ծագում և գոյություն, իսկ օտարների, թշնամիների մեջ կարող է անհայտ մնալ այն հոգին, առանց որի՝ չես ունենալու մերձավորության նշված տեսակներից իսկական և ոչ մեկը ...

 

53.     

Երբ երեխաներին խոստովանեք, թե ինչքան հաճախ եք երազել կյանք, որում նրանք չեն ծնվել կամ անհետացել են, այդ ժամ ավելի կարժևորվեն ձեր՝ հանունով սկսվող ձևակերպումները, հակառակ դեպքում՝ ամեն ինչ նման է թանկացման՝ առանց ինքնարժեքի փոփոխության:

 

54.     

Ոչինչ չափի մեջ չէ՝ պակաս կամ անց է, իսկ սիրո մեջ միշտ ճշգրիտ է, քանզի ինքնաշարժ է, ու բնավ որոշելիից չէ, այլ՝ որոշիչից, որն անշեղ է, երբ փչացած է ...

 

55.     

Մարդու ինքնակոչ ամենազորությունն այլ կերպ՝ երբ ցուլը հրաժարվում է ամորձիներից՝ շատ բեռ վերցնելու համար, բայց տանում է որպես մրջյուն՝ երկարակեցության համար, ու անվերջ մտածում է այս համադրությունն արծվի թևերին տեղավորելու մասին՝ չհասկանալով, որ ինչ կենդանի էլ ընտրի կամ ստեղծի, միևնույն է, առանց ամորձիների կոչվելու է եզ, որն ազատությամբ չի սահմանվում։

Ու, առհասարակ, ազատությունը չի էլ սահմանվում՝ այս իմաստով այն նույնպես եզ է, ուստի, ոչ թե սահմանելու, այլ՝ լինելու համար՝ նախ պետք է ընդունել եզին, ապա՝ միանգամյա գործողությամբ ազատվել բեռից և գնալ ամորձիների ետևից. սեր անել ու սիրելիի ծոծրակին հիշել, որ գայլ ես ...

 

56.     

Մարդ. զարգացած կենդանի, թե՞ ձախողված աստված, փաստ՝ արարչի հակումով անասուն, կամ՝ անասնական բնազդներով արարիչ, ու յուրաքանչյուրի ապագան կախված է (ինքնա)ընկալումից՝ հաջողվածի ցածրացում, թե՝ տանուլ տվածի բարձրացում ...

 

57.      

Սերը դադարում է իրական լինել, երբ դադարում է դրա անիրական լինելու զգացողությունը. այն գոյություն չի էլ ունեցել …

 

58.     

Այն, ինչ վերցնում ես, չի կարող չստացվել. սա աքսիոմա է, որը բացառում է անհաջողության գոյությունը և հաստատում՝ մեր անհաջող մտածողությունը նրանում, որ, հաճախ, չգիտենք, թե իրականում ինչ ենք վերցնում, ինչից՝ հրաժարվում ...

 

59.     

Անցյալին վերաբերող հավանական եթե/ապա-ների անսահմանությունը հաստատում է եղած մեկի ճշմարտությունը, որից առաջանում է ապագային վերաբերող երկու կամ. գիտակցաբար արարում ես ճշմարտության շարունակությունը, կամ՝ ճշմարտությունն է շարունակում անգիտակցականությանդ արարումը ... 

 

60.     

Անսահմանության մեջ վերջնական չեն կարող լինել, կան միայն անցողիկ հանգրվաններ. ժամանակի դադարներ՝ պահի շարունակականությամբ, որոնք առաջանում են ներկայում ապագայի և անցյալի հանդիպման պարադոքսից՝ որպես ամփոփում եղածիդ և որոշում՝ լինելիքիդ, ու թե ինչպես ես հայտնվում պահում՝ ահով, թե երանությամբ, ըստ այդմ էլ որոշվում է՝ դժոխք է, թե դրախտ, որոնք ոչ ուրիշ ինչի, այլ հենց քո ստեղծածն են, հետևաբար անվանումներն էլ՝ ըստ քո ճաշակի ...

 

61.     

Բնության մեջ ամենաշատը մարդն է իրացնում մահվան իրավունքը, թեպետ միակն է, ով ամրագրել է կյանքինը ...

 

62.     

Միակի գոյությունը ենթադրում է մնացածի ոչնչացում, ուստի, սիրելով մեկին՝ մյուսներին պետք է սպանես, բայց քանի որ բոլորին հնարավոր չէ, սպանում ես նրան, ում սիրում ես …, ըստ փոխադարձության՝ հասնելով (ինքնա)սպանության …

 

63.      

Աստվածայինը մարդկայինում հալածվելու է ինչպես հնազանդ ոչխար, կամ սպանվելու՝ ինչպես ըմբոստ գայլ, քանի դեռ մարդն ինքն իր հետ կռվի մրցավարից չի վերածվել երրորդ՝ ավելի բարձրի ինքնարարի ...

 

64.      

Անմահության հնարավոր չէ հասնել՝ հաղթահարելով մահը, քանզի մի բան է, որը չի էլ պայքարում՝ այն կա կամ չկա, իսկ չլինել կարող է միայն մի դեպքում՝ երբ մահանալու ոչինչ չկա, հետևաբար՝ եթե անմահություն, ապա միայն մահն ընդունելով՝ ոչ պակաս եռանդով, որքան ամբողջի մյուս երկու սյուները՝ կյանքն ու սերը, որոնք ինքնին սահմանափակվում են առանց երրորդի, ու սրանից հետևում է, որ անմահության ձգտելու փոխարեն՝ ընդամենը պետք է չդառնալ մահկանացու, կամ՝ ձգտումը պետք է սահմանել որպես՝ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄԵՆԸ ...

 

65.     

Ուրախությունն այլևս պահեր են՝ հոգուս տխրության անհատակ խորությունից բռաչափ հող հանող, ու նման շարունակությունն ինձ սպառնում է փլուզված երջանկության տակ թաղվելով, եթե չհասնեմ վերջին շերտին, որից այնկողմ, ցած ուղղված հայացքով տեսնելու եմ բարձրը ...

 

66.     

Մարդկանց հիմարությունը չէր փոխվելու, եթե նրանք իրար հասկանային. միայն նրանց վրայով բարձրանալն էր դժվարանալու, քանզի երկրորդից սկսած բացատրություն էին պահանջելու, իսկ ոտքը բերանին դնելը նվազ հարմար է, քան մեջքին ...

67.      

Աշխարհում միակ որբը (ինքնա)ճանաչողության միտվածն է, մինչև այն պահը, երբ գտնում է արգանդը, որով ստեղծում է ինքն իրեն ..., եթե գտնում է ...

 

68.     

(Ինքն)արարմանը զուգահեռ ոչ միայն սկսելու ես հասկանալ ամեն ինչ ոչնչացնողիդ, այլև նրանում ճանաչելու ես նույն սերը, որն ուղղորդում է քեզ, ու պատերազմից դուրս է մղվելու ատելությունը, հրադադարներին բուժելու ես նաև նրա վերքերը ...

 

69.     

Անցյալի և ապագայի անվերջություն, նշանակում է՝ միշտ ժամանակի կենտրոնում ես, հետևաբար՝ հանգույցն ես նրանում առկա իրականության, ու քեզանով է պայմանավորված դրա բնույթը՝ կրկնվող շրջանի կամ ուղղի անսահմանություն. լինել սեփական պոչով սնվող ժամանակի մասնակից, որին նպաստում է ցանկացած շարժում, կամ՝ կանգ առնելով վերածվել վկայի, ով ժամանակն իր միջով անցկացնելով՝ այն վերածում է իր վերելակի ...

 

70.     

Տաղանդը պարգև է իր դրսևորման ազատության, պատիժ՝ անազատության մեջ. բանտարկվելով՝ վերածվում է այն կրողին խժռող հրեշի ...

 

71.      

Մարդիկ, մեծամասամբ և առավելապես, մտածում, գործում, անգամ զգում են՝ ըստ իրենց վկաների։ Յուրաքանչյուրը մի դեպքում վկա է կատարողին, այլում՝ վկայով կատարող, նաև երկուսը մեկում՝ միաժամանակ, ինչն ամբողջության մեջ ապահովում է իրականությունը՝ թվացյալ ինքնաշարժությամբ և/կամ գործողների հեղինակությամբ, սակայն իրական հեղինակն անտեսանելի, բայց ամենուր է, պասիվ, բայց արարողն է ..., ուստի, եթե մեկ աստված, ապա տեղին է կոչել ՄԵԿ ՎԿԱ, իսկ ինքնարարումը ենթադրում է՝ երբևէ ինքդ ես մնում միակ վկադ։ Ահա, թե ինչու են (ինքնա)ճանաչողության միտվածները դառնում կենդանիների նման անաստված, աստվածների նման՝ անկենդան ..., ու մարդ՝ որպիսին կոչվելը նրանց համար մի օր հնչում է զարմանալի:

 

72.     

Ինքնարարման համար նախ պետք է ստեղծես կամ ունենաս վկային, որով պայմանավորվելու է այն, ինչ դառնալու ես, և, գուցե, դրանով է սկսվում միակ իրական ընտրությունը, որը կոչվում է՝ ստեղծել նոր իրականություն։ Ինքնարարման վկադ մենակությանդ մարմնացումն է, որի չլինելու դեպքում՝ այդպիսին դառնում է ինքը՝ մենակությունը։ Առաջին դեպքում հակված ես լույսին, որովհետև սերն ապրվող է, երկրորդում՝ խավարին, քանզի չապրած սիրուց միայն մահն է սնվում, ու թեպետ երկու դեպքում էլ սերվում է անդին երրորդը՝ գորշը, բայց առաջինում ավելի սպիտակ, երկրորդում ավելի սև։

 

73.     

                Ծաղրելի տեսարան է, երբ խիղճն ու հպարտությունը սիրո առաջ հաշտեցման միջնորդ են հանդես գալիս իրար համար, և ողորմելի է, երբ սիրուց փրկվելու համար՝ ապաստարան են տալիս իրար։

Սերը հարգում, բայց նաև չի ընդունում նրան, ով իր առաջ զոհաբերելու փոխարեն՝ ընդամենը թույլ է տվել, որ խիղճն ու հպարտությունը սպանվեն …

  

74.     

Կյանքի թրիլլեր.

Ծաղրելով կդատապարտեն, երբ «մեղքերիդ» պատճառ նշես աշխարհից նեղացած լինելդ, իսկ վերջում կպարզվի, որ աշխարհն իսկապես մեղավոր էր, ու քեզանից ներողություն կխնդրեն միայն ծաղրելու համար՝ այն էլ, եթե դիմես մեղսագործների հնարքին ու ինքնարդարանաս անհրաժեշտ պաշտպանությամբ. արդեն բոլորից մեկն ես ...

 

75.     

Փրկիչն ավելի երկար է սպանում զոհին, քան գիշատիչը ...

 

76.      

Աշխարհն այլանդակվում է, որովհետև մարդը չի կարողանում ներել այդչափ ստացված սքանչելին. չի կարողանում, որովհետև չի հասկանում. չի հասկանում, որովհետև միայն այսկողմնայինն է տեսնում ...

 

77.     

Խավարից այսկողմ ամեն բան տեսնված է, ինչն էլ չէ՝ այլոք կպատմեն, կիմանաս. մեռնելը երկարացնող կրկնությունն անխուսափելի է ..., իսկ ես չտեսնվածն եմ ուզում. այն նորը, որի անունը ես պետք է որոշեմ, ու այս տենչը ինձ վերածում է թիթեռի սրտով հրեշի ...

 

78.     

Ինչքան ուժգնանում է լույսը, այնքան հեռանում է խավարը, ու շարունակաբար երկարում է բացակայությունդ լուսատուից, երբ միտված ես (ինքնա)ճանաչողության: Ըստ այսմ՝ հեռուն գնացել է նա, ով կորել է անհայտ, էլ ավելին նա, ում անհայտանալն էլ է անհայտ, իսկ ամենան՝ ում ծնվելու մասին չկա անգամ ակնարկ, ու կարող է պատահել, որ, օրինակ, արևածաղիկը, որով սեր ենք արտահայտում կամ ժամանակ անցկացնում, ոչ թե արևը, այլ՝ այն չծնվածն է ծնում ...

 

79.     

Նրանց պետք է միայն մեր էներգիան՝ փոխանցվող մտքերով, հույզերով, ուշադրությամբ ..., ինչը մեկից ստանում են խլելով, մյուսից՝ խլածի հաշվին գնելով, ու ստեղծվ(ած)ող սարդոստայնների նպատակը բուրգի գոյությունն է, բուրգինը՝ նրանց. կա միայն հոգևոր պայքար ...

 

80.      

Չկա կարոտի այլ տեսակ, քան կարոտն է ինքդ քո հանդեպ՝ որպիսին լինում ես որևէ ինչի/ովի ներկայությամբ, կամ վայրում ...

Ես կարոտում եմ ԱՆԱՆՈՒՆՍ, անհասցե ՏՈՒՆՍ ...

 

81.      

Ժամանակը պատվում ես համբերատարությամբ, թե՝ անարգում անհամբերությամբ, դրանից փոխվում է միայն առողջությունդ, ու եթե սա էական տարբերություն է քեզ համար, ուրեմն ունես ընտրություն, իսկ ինձ միևնույն է, թե նրա աղիներով ինչ ինքնազգացողությամբ եմ շարժվելու. ինձ կրկին ուտելու նրա ախորժակը փակելն է իմ ձգտումը ...

 

82.     

Անվերադարձ կարճն ավելի հեռուն է տանում, քան վերադարձով երկարը ...

 

83.     

Կուզես ընտրի եղածներից, կուզես ժխտի բոլորին, կուզես արարի քոնը, կուզես ինքնարարվի այդպիսին, բայց խառնակիչ մի եղիր աստվածների մեջ, քանզի մի օր կպարզվի, որ միակ անպետքը դու ես, երբ նրանք, հասունանալով, դադարեն այցելել հասարակաց տուն ...

 

84.     

Նա, ով ընդունում է «ազգի զավակ» պատիվը, պետք է համաչափ կրի նաև ծնողի ամոթը, եթե չվերածվի միաբջիջ տարրի ու չմոռանա, որ իր բազմաթիվ եղբայրներ, քույրեր լքվել են նույն այդ ծնողի կողմից, երբ ունեին նրա հոգածության կարիքը:

Այս իմաստով՝ հասարակությունը, առհասարակ, չի ծնում՝ միայն որդեգրում է, այն էլ, երբ ինքը ունի խնամքի կարիք ..., իսկ եթե ծնող, ապա՝ ավելի շատ «ռախիտներ» ստեղծող ...

 

85.     

Չարություն կա՝ բարու ճիչ է, բարություն կա՝ չարի շոյանք է, իսկ մենք, արթնացնող ապտակի փոխարեն, նախընտրում ենք լսել օրորոցային, որովհետև սիրում ենք ննջել, որովհետև դիակն ունակ չէ այլ բան սիրել ...

 

86.      

Երբ ոչ միայն ինքնուրույնացնում, այլ, նաև, քեզանից առաջ ես թողնում միտքը, անցալն ու առկան վերծանող մտածողից վերածվում ես հայտնաբերողի, ով, թոկով կապած շանն իր հետևից քարշ տալու փոխարեն, սկսում է հետևել նրան՝ այդ կերպ, հաճախ, գտնելով անհասկանալիներ, որոնք դեռ հետո պետք է ճանաչվեն: Ու էլ ավելի առեղծվածային է դառնում (ինքնա)ճանաչումդ, երբ առջևից գնում է ոչ թե շունդ, ում կարող ես զսպել թոկով կամ հրահանգով, այլ՝ գայլդ, ում չես կարող չհետևել՝ թեկուզ ինքնաոչնչացման գնով, անհետանալու վտանգով ...

 

87.      

Ինչպես եմ հաղորդակցվում ուրիշի (ինքնա)ճանաչողությանը.

Առհասարակ մոտ չեմ գնում նրան, ով առաջարկում է վարել սուզանավ՝ ինքը մնալով ուղևոր, ու գրեթե դադարել եմ ուրիշի վարելուն ընկերակցելը, քանզի չեմ կարողանում զսպել մինչև վերջ արագացնելու՝ շատերին անսովոր սովորությունս, ինչը, որպես կանոն, ավարտվում է վթարով, որից, սովորաբար, ինձ միայն վկայի ցավն է բաժին հասնում ..., ըստ այդմ՝ առավելապես զբաղվում եմ տիեզերանավս կատարելագործելով ..., որի ամենահեռու թռիչքն ավարտվելու է մեկ ուղղությունով ...

 

88.      

Իրական է սերը, որով կարող ես աշխարհն ուղարկել գրողի ծոցը, ու տիեզերական է, երբ այն նեխած ետ չի վերադառնում քեզ. ըստ այդմ՝ մարդիկ, առավելապես, կամ անսեր են, կամ՝ աշխարհի գերեզմանոց, որտեղ նույնը թաղվում է մի քանի անգամ ...

Կամ, գուցե, ես եմ միտված աշխարհը գրողի ծոցն ուղարկելուն ու դա ինձ հաջողվել է անել սիրով ...

 

89.     

Եթե աստվածներն անկեղծ լինեին նրանում, ինչ առաջարկում են, ապա կգոհանային նաև հարգանքով և չէին ցանկանա միայն մեր սերը՝ մուրալով, բռնանալով կամ առնելով, ինչը վկայում է, որ մեր հոգիները նրանց պետք են միայն իշխելու, հետևաբար՝ գոյություն ունենալու համար, իսկ հոգին, սիրուց բացի, չունի կեցության այլ միջավայր:

Հարգանքներս, մուրացկաններ, դահիճներ և առևտրականներ, ես ինքնարարվում եմ, և Դուք հաղթելու եք, դեռ ...

 

90.     

Կենդանիների մոտ առաջնորդը չի խուսափում ժառանգ ունենալ, ով հետո կարող է իրեն վերաճելով սատկացնել կամ վտարել, ու չի խանգարում ուրիշ այդպիսինի աճն իր ցեղում, ինչը կենդանական անգիտակցականություն չէ, այլ՝ տիեզերական օրինաչափության ճշգրիտ կիրառում, որում մարդը թերանում է և՛ հասարակական կյանքում, և՛ հոգևոր: Հոգևորում ամենամոտը եղել են քրիստոնյաները, ովքեր, սակայն, սպանեցին առանց հաղթելու, ու այդ օրվանից հետապնդում են ուրվականի՝ նրան վերաճելու համար ...

 

91.      

Վերջում բարին չէ, ճշմարտությունն է. վերջում է, որովհետև ապրելու փոխարեն՝ ընտրում ենք գոյության երկարը:

 

92.     

Մարդը դարձավ իր բանտապահը, երբ փորձեց համատեղել ազատությունն ու ապահովը ...

 

93.     

Ես կարող էի կոչվել երջանիկ, եթե երջանկությունն այդչափ նեղ սահմանում չլիներ ամենի համար, ինչ ապրում եմ ...

 

94.     

Միայն լավը տեսնելը միամտություն է, միայն վատը՝ հիմարություն։ Մարդիկ, զգացմունքայնությամբ, իմացության մեջ միամիտ են կամ հիմար, ու նրանց իրատեսությունն էլ, ընդամենը, երկուսի իրարափոխ գոյությունն է։ Ուստի, եթե (ինքնա)ճանաչողություն, ապա սահմանագծի ուղղությամբ, բայց ոչ՝ վրա ...

 

95.     

Ուրիշի միամտության կամ հիմարության մեջ չներքաշվելու համար՝ դիտակետը հավասարակշռում եմ երևակայությամբ, հետո, առավելագույնը, փոխվում են միայն դրվագները, իսկ ինքս ճանաչողության մեջ ինքնաբուխ եմ այնտեղ, որտեղ կա ինքնաճանաչողություն, ու գնալով ավելի հազվադեպ է պատահում, որ դա վերաբերվի «ով»-ի ...

 

96.      

Բարոյականության ոչ մի ամպուլա չի կարող ամբողջությամբ տեղավորել սերը. այն միշտ դրանցից դուրս է, երբ իրական է ...

 

97.     

Այսօրվա (ինքնա)ճանաչողությամբ՝ երեկ ավելի հետաքրքիր կտառապեի ...

 

98.     

Տրամաբանությունը մեկին գումարած մեկ պատասխանում է երկու, կյանքը՝ երեք։ Սա հասկանալուց հետո էլի է սխալվում, երբ երրորդին հաջորդողը համարում է չորս, իսկ կյանքը՝ էլի երեք։ Ու տրամաբանությունն այդպես էլ ամբողջական չի ընկալում, որ երեքը միայն ՄԵԿ-երի գումար է, մեկը՝ անսահման ԵՐԵՔ-ների։  

 

99.     

Դատարկ է խոսքը, որը լռություն չի արտահայտում, ու դատարկության աղմուկն այնքան շատ է, որ լռության մասին լռությունն էլ է համրանում ...

 

100.  

Նրանք, ովքեր դուրս շպրտվելուց հետո չեն շտապում նստել հաջորդը և տեսնում են նույնի վերադարձը, հասկանում են իրական ճշմարտությունը, ու, ճանաչածը բոլորի հետ կիսելու սիրով, ունենում են մեկ ցանկություն՝ պայթեցնել գնացքը, որում անհաջողությունը դառնում է նրանց հարազատացնող ընդհանուր դժբախտությունը ...

 

101.   

Ուրիշի (ինքնա)ճանաչողությանն ընկերակցելուց պետք է նկատի ունենալ, որ մարդիկ սեփական արտացոլանքին էլ վերաբերվում են ինչպես իրենց հետ կապ չունեցողին, երբ այն արտահայտում է անցանկալին, հատկապես, երբ դա ձանձրույթն է:

 

102.   

Ոչ մարմինը, ոչ էլ հոգին սնելու համար սպանությունը մեղք չէ, մեղքը շատակերությունն է, իսկ շեշտը ոչխարների վրա դնելը, ընդամենը, խոզերի գերակշռության ակնարկն էր, ինչպես խաչվելը՝ տրված սիրո, որով ինքնազոհաբար կարող ենք իրար սնել. խոզ կամ ոչխար ընտրությունից անդին ապրել՝ մարդուց ավելի բարձրը, նորն ինքնարարվել ...

 

103.  

Լավն ու վատը չափազանց նեղ են այն ամենի համար, ինչ ապրում եմ, և որպիսությանս մասին հարցին հոգիս արձագանքում է ինչպես իրեն ուղղված բռնության. միտքս ելքը տեսնում է «չգիտեմ»-ում, իսկ լեզուս պատասխանում է՝ լավ եմ, ինչը, գոնե, բռնությունը բռնաբարության չի վերածում ...

 

104.  

Իմաստասերը որպես (ինքնա)ճանաչողություն է խոսում իր տառապանքից, այդ կերպ, միաժամանակ, վրեժխնդիր է լինում բոլորից ...

 

105.  

Որբ ծնվելը կամ որբանալն այնքան սարսափելի չէ, ինչքան որբ վերածնվելը ...

 

106.  

Առաջնորդները մարմնավորում են իրենց հետևորդների բարոյահոգեբանական հավաքական արժեհամակարգը, ու վատը ոչ թե առկա այլանդակն է, այլ այն, որ պատերազմներն էլ են դադարել լինել առողջացման խթան:

 

107.   

Հույսդ մի դիր նաև նրա վրա, ում անհաջողություն չես ցանկանում, քանզի տիեզերքն ունի մեկ պահանջ՝ ապրելուդ գինը վճարիր ինքդ: Ինքս սա հասկացել եմ հայտնվելով ճահճում, որտեղ գցել է ուրիշների հույսը լինելու հպարտությունս և մինչև պարանոցս թաղել՝ դրանց քանակից ծանրացած խիղճս, որոնց հաղթահարումից հետո շրջապատված եմ ինձանից հիասթափվածներով և մի քանի կոտրված շիվերով, որոնցով ինքս եմ ցանկացել փրկվել, իսկ կենդանությանս հուշումը նրանում է, որ ճահճի տակ անպայման պետք է լինի դժոխային կրակ, երբ հերթը հասնի վճարելուն ինձ համար:

Հույսդ մի դիր, կիսիր ...

 

108.   

Կամ մարդը տիեզերքի արարիչն է, կամ՝ պետք է ընդունել դրա սահմանած օրինաչափությունը, որ աշխարհը չի կարող չգլորվել անդունդը ու, միաժամանակ, դրա գիտակցման իմաստը, որ կա միայն այդ օրինաչափությունից անհատական շեղմամբ փրկություն, որի հնարավորությունը տրվում է յուրաքանչյուր կտրուկ շրջադարձին. երբ ձեռքերդ բաց թողնես և դուրս շպրտվես ...

 

109.  

Ոչ կայուն երջանկությունը, ոչ էլ՝ տառապանքը, միայն կարճաժամկետ բավականությունն է իմը, երբ, երբեմն, դրանք տրվում են մեկացած ..., մինչ այդ՝ միայն անհարմարություն …

 

110.  

Ոմանք չգիտեն, որ ողջ են լոկ նրա համար, որ ես անհետաքրքիր տառապեմ, ոմանք այդպես էլ չիմացան, որ լոկ ժպտալուս համար մահացան ...

 

111.   

Իմ աշխարհընկալման աստվածն էլ, որպիսին ինքնարարվում եմ, լվանում է ոտքեր, բարձրանում՝ խաչին ..., բայց հետո նա ողջ է թողնում միայն էշին՝ իբրև հիշատակում, որ այստեղ եղել են մարդիկ ...

 

112.   

Վերջից նայող հայացքը փոշիացնում է ընթացիկի շատ կարևորություններ, որոնցով կշռում ենք ինքներս մեզ, ու կարևորում է ընթացիկով փոշիացվող շատ անհրաժեշտություններ, որոնցով կարող ենք անկշռելիին հասնել (լինել) ...

 

113.   

Մանիպուլյացիա.

Մարդը որսի է վերածվել իր ստեղծած սարդոստայնում. անգամ զգացմունքի անարատությունը ստուգելու համար՝ նա ստիպված է բացասել ընդհուպ մինչև ինքն իրեն ...

 

114.   

Սեփական անձի հանդեպ կարեկցանք, համակրանք, անգամ պաշտամունք, բայց չի կարող կոչվել սեր, քանի դեռ չկա (ինքնա)ճանաչողություն, ինչը, ոչ մեկ անգամ, ստիպում է հանդիպել ինքդ քեզ՝ նաև որպես արհամարհելի, նողկալի, ատելի, բայց որ անբաժանելի չգրկվելով՝ չհեռանաս անգրկելի:

Ըստ այսմ՝ ինչքան հաճախ է լսում ականջը, այդքան հազվադեպ է տեսնում աչքը, որ կոչվի ինքնասեր...

 

115.   

Հարաբերություն էր, երբ արդեն շոշափում էի դիմացինի բարձրագույնը, որի գոյությունը գրգռում էր նաև նրա՝ ինքն իր հանդեպ հետաքրքրությունը, իսկ ավարտը հազվադեպ էր պատահում, որ չլինի շոշափելին չլինելու (դեռ դառնալու) ինքն իրենից, բայց ինձ ուղղված հուսախաբությունը:

Հիմա սկսում եմ հուսախաբությունից ու, գրեթե, չի պատահում, որ, գոնե, կոչվի հետաքրքրություն ..., իսկ «գրեթե»-ն ու «գոնե»-ն. որպեսզի հույսս չկոտրեմ՝ հալեցնում եմ ...

 

116.   

Ինչպես պարզվում է՝ չընկնել չի կարելի, ուստի, որպեսզի չարժանանա սովորական քարին ուղղված արհամարհանքի, աստղդ պետք է մոխրացած շոշափվի ...

 

117.   

Աշխարհիկում թագավորում է առյուծը, հոգևորում՝ էշը ...

 

118.   

Գիտությամբ հնարավոր է տեսնել ավելին, իսկ ամբողջի հնարավորությունն արգելափակված է ներսից, որի համեմատ՝ գիտության առարկան միշտ համարվում է արտաքին ...

 

119.  

Եթե սեր իրական՝ պետք է հանգի սրան.

Բոլոր հույզերը, զգացումներն ու զգացմունքները տրված են (ինքնա)ճանաչողությունից շեղելու համար, ու որքան էլ զարմանալի թվա, դա հասկացնում է սերը. այն կրում է յուրաքանչյուրը դրանցից, բայց դուրս է գտնվում դրանց ամբողջությունից ...

 

120.   

Սիրո բացը լրացնողի համեմատ՝ նախընտրելի է ատելություն քողարկող հարգանքը, իսկ դրա ինքնինը բացառիկ է, երբ ոչ մեկն է, ոչ՝ մյուսը։

 

121.   

Ով եկավ ինձ փրկելու՝ փրկվեց ինձնից, ու սրանում իմ հույսն է, որ անպարտելի կործանումս անիմաստ չէ ...

 

122.    

Մաքուրն անձեռնմխելին չէ, այլ նա, ում դիպչելով մաքրվում ես, իսկ աստված սուրբ է, որովհետև նրան ամբողջ մարդկությունն է բռնաբարում, բայց նա շարունակում է մնալ «կույս» ...

 

123.   

Ժամանակը գիտակցության կողմից ամբողջի մեջ խրված սեպ է. մի կողմից տեսնում ենք ակնթարթ, մյուս կողմից՝ հավերժություն, բայց, առավելապես, ապրում՝ ժամանակի չափումով ...

 

124.  

Սերը նույնացում չէ և ոչ էլ տարբերակված մեկտեղում, այն փոխլրացում է նպատակի մեջ, որ կոչվում է (ինքնա)ճանաչողություն՝ հետո, նաև, (ինքն)արարչություն։

 

125.   

Եթե մահն իսկապես ապրելու վերջն է, ապա ապրելն անիմաստ է, ու, առհասարակ, անիմաստ է ամենայն վերջավոր բան: Մենք դեռ փնտրում ենք իմաստը ...

 

126.  

Մեռնում ես՝ որպես հումուս, կամ վերածնվում՝ որպես պտուղ, որն ավելին է, քան մարդը ...

  

127.  

Աստված/սատանա. խնդիր ունենք անձի երկվություն ունեցող մեկի հետ, ով չի առողջանալու, քանի դեռ չենք մերժել մեր նմանությունը՝ ինքնարարվելով՝ որպես երրորդ ՄԵԿը ...

 

128.   

Մեռնելու ճիշտ ժամանակը բաց թողնելը կիսատում է ապրածը, վաղաժամը՝ կիսատ է թողնում ապրելը ...

Պահն ընդունելու համար՝ մենք բավականաչափ չենք սիրում ինքներս մեզ, հետևաբար՝ բավականաչափ չենք մենականում, ու այս գոյաձևը վերջացնում ենք կիսատ, կամ՝ կիսատված ավելացնում ենք աղմուկը, որից պարբերաբար հոգեդարձ ենք լինում՝ կոչելով երկարակեցություն:

 

129.   

Ու՞մ վստահենք մարդկության ներկայացուցչի առաքելությունը՝ մեզանով հետաքրքրվողների աչքերին աղմկոտ կապիկների բազմություն չերևալու համար, ո՞վ կարող է լինել այդ ճարպիկ խաբեբան ...

 

130.    

Պատասխան բարևին նախորդող զգացումս. «Դու առաջինն ես, ում հանդիպում եմ, հետևաբար առաջին տպավորությունս՝ մարդու և աշխարհի մասին ...»:

Կամ, գուցե, սա իմ «ախտորոշումն է» …

 

131.   

Բռնաբարվողները կեղծ են իրենց բողոքում, քանզի իրականում հոգնում են բռնաբարվելու դիրքից, կամ՝ բռնաբարողների նույնությունից են ձանձրանում: Եթե առաջին դեպքում նրանք հնարավորություն ունեն ինքնակամության, որն արտահայտվում է դիրքը փոխելով, ապա երկրորդում նրանց համար հնարել են ընտրություն, երբեմն էլ՝ հեղափոխություն կոչվող դիմակափոխությունը: Ու կան նաև այնպիսիք, որոնք բռնաբարությունն ընդունել են որպես սեքսի տեսակ և միավորվել են միջին խավ կոչվող դասակարգում:

Ըստ այսմ՝ եթե չես կարող լինել խղճուկ զոհ և/կամ հանցագործ գիշատիչ, ու չես էլ կարողանում դրանք ընդունել բնական իրավունքի իրական տեսությամբ՝ որպես ճշմարիտ կեցություն, ուրեմն (ինքնա)սպանվում ես՝ որպես վերմարդկային նպատակ ...

 

132.  

Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են փորձում կերակրել հոգին ավանդողին. տեսարանը դիպուկ է նկարագրում մարդկային «սիրո» բարձրագույն դրսևորումը. մարդն ամենամոտը լինելով աստվածային բանականությունը ճանաչելուն՝ անասնական հեռու է գտնվում դրանից ...

 

133.  

(Ինքնա)ճանաչողությունը կարող է հասնել ընդհուպ մինչև դժոխքի հատակը, որտեղ, սակայն, կպարտվի հետաքրքրասիրությանը, երբ վերջինս սկսի հատակին դուռ փնտրել ...

 

134.  

Աստվածն էլ, սատանան էլ իմ կյանք են ներխուժել կնոջ կերպարանքով, բայց ես ընտրել եմ երրորդ ՄԵԿԻՆ, ով էլի կին է ...

 

135.  

Ակնթարթից դուրս հավերժությունը վերածվում է վերջավոր ժամանակի …

 

136.  

Պետք է բավականաչափ այլանդակ լինես, որ ճանաչես արարչական սերը՝ իսկույն չփչանաս դրանից բխող սրբանալու զգացումից:

 

137.  

Ծրագրողը գիտի ինչու, կառուցողը՝ ինչպես, նյութը՝ ինչից, բայց քանի որ երեքը մեկում չեն լինում հանճարեղության չափ, կերտվածքը չի իմանում՝ ինչու է և ինչպես, ու թե ինչքան է շեղված նպատակից, իսկ նա, ով հաջողացնում է գործել երեքի հասարակ ակտիվությամբ, միջակների մեջ կոչվում է վարպետ՝ գերաճ անճոռնի:

 

138.  

Բութ հավատը միայն ինքնապաշտպանության միջոց է, ուստի՝ եթե (ինքնա)ճանաչողություն, ապա հավատի սայրը պետք է կասկածից լինի՝ անկախ ինքնավնասման անխուսափելիությունից։

 

139.   

Շուտով, մարդկանց հնարավոր չի լինի հիշեցնել, անհրաժեշտ է լինելու սովորեցնել, որ խոսքից բացի, կա նաև լռության ազատություն ...

 

140.    

Մարդիկ բարոյախոսությամբ փորձում են քողարկել դատարկությունը, որն առաջանում է նրանց ապրելու ձևից. «սիրիր մերձավորիդ» խրատը «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքի հետ եզր է գտնում միայն «գնա մեռի, արի սիրեմ» ասույթում, որն էլ կազմում է համակեցության առանցքը:

Թերևս, այն կդադարեր կոչվել այլանդակություն, եթե սկզբունքներն անկեղծորեն ընդունեինք՝ նաև որպես բարոյախոսություն, բայց այդ դեպքում անպատասխան կմնային հարցերը՝ ինչու՞ են մանկությունն ու ծերությունը ապրելու մաս կազմում, ինչու՞ է մեկով սկսվում, մյուսով՝ ավարտվում ..., և, իսկապես, ինչու՞ ...

 

141.   

Եթե արարիչը չհասկանար, որ ինքն էլ հավերժության ծառան է, ինչը սպառնում է ստրկությամբ, եթե այն ընտրելու հիմքում սերը չէ, ապա՝ մարդու համար չէր սահմանի մահը՝ որպես ազատականանալու հնարավորություն (այլընտրանք)՝ հավերժական ծառայության և ստրկության միջև, ինչը նրա մեծագույն սիրո վառ արտահայտումն է մեր և գոյության հանդեպ ...

…բայց նա էլ, երբեմն, ստրուկ է …

 

142.  

Քաղաքն ավելի բարոյական է, որովհետև բարոյականությամբ սահմանելու ավելի շատ անբարոյականություններ ունի, իսկ գյուղն ուղղակի փոքր է …

 

143.  

Բնականը չի կարող լինել անբարոյական, բայց, հաճախ, այդպիսին կոչվում է լոկ այն պատճառով, որ չի սահմանվում բարոյականությամբ ...

 

144.  

Եթե իսկապես պատասխանատվության ենք ենթակա մեր ներաշխարհում եղածի համար էլ, նշանակում է ինձ սպառնում է մի քանի հավերժություն դժոխքում, որը, սակայն, կրճատվելու է մինչև մեկ հավերժություն, երբ բացահայտվի նաև սերը, որը կրել եմ իմ մեջ, ուստի՝ եթե արդար դատաստան, ապա, բացառության կարգով, թող որ սկսվի մեղադրյալիս դիմումով ...

 

145.   

Մարդկանց շահագործելու համար՝ հարմար է նրանց ամբոխի վերածելը. դա նույնն է, թե սեփական մտածողություն չունեցող մեկին գործողություն թելադրելը։ Ամբոխի վերածել, նշանակում է մարդկանց նույնացնել, ինչը հնարավոր է ըստ նրանց նույնական ցանկությունների՝ դրանց վրա ազդելու լծակներին տիրապետելով, իսկ նույնական են ցանկությունները, որոնց ամբողջությունը կարելի է վերնագրել սեռա-ստամոքսա-քաղցային։ Ամբոխի ձևավորմանը զուգահեռ ստեղծվում են համապատասխան հեղինակություններ, քանզի միայն հեղինակությունն է կարողանում ծակել բութ ամբոխի կոշտ պատյանը, որից պետք է ներս հոսի կառավարողի կամքը։

Ըստ այդմ, ու նաև հաշվի առնելով մարդկանց սեռային, ռասսայական, մշակութային և այլն նույնացման մասշտաբները, տպավորություն է, որ նեռի համաշխարհային կառավարումն է նախապատրաստվում …

-          Իսկ ի՞նչ կանեի ես բավարար հեղինակությամբ,

-          Եթե չտրվեի նեռի կրքերին, ապա առաջին իսկ հարմար անցքով՝ պատյանից ներս ռումբ կնետեի:

 

146.   

Եթե ըստ աստվածաշնչի, ապա՝ աստվածային սիրո բարձրագույն դրսևորումը կլիներ համաշխարհային ջրհեղեղը, եթե լիներ համամարդկային ..., իսկ եթե-ն ակնարկում է նեռի սիրո դրսևորման մասին, դրանց համադրումը՝ ՍԻՐՈ առհասարակ՝ որպես յուրաքանչյուրի դիտավորության հիմք, բայց, նաև, նրանցից անկախ գոյություն ունեցող ԲԱՆ:

 

147.   

Ապացույցների բացակայությունից տրամաբանությունը նահանջում է, հավատն՝ առաջ է շարժվում. առաջինն ապահով միջակություն է, երկրորդը՝ պարտություն բարձրում, երբ չի ավարտվում կործանումով ...

 

148.   

Այն, ինչ կարող է բռնել ձեռքդ, քոնը չէ, դունչդ էլ թուլացրու՝ ատամներիդ բռնածն էլ քոնը չէ, զարմացած մի շոշափի ինքդ քեզ՝ դա էլ, չէ ...

 

149.   

Լինել կարող ենք.

Բոլոր ինչ-երից անկախ զգալու համար` ինքս պետք է լինեմ ավելին, հետևաբար կոչվեմ ԱՄԵՆ,

Ժամանակից անկախ զգալու համար` ինքս պետք է լինեմ ավելին, հետևաբար կոչվեմ պահ կամ հավերժություն,

Բոլոր ցանկություններից անկախ զգալու համար` ինքս պետք է լինեմ ավելին, հետևաբար կոչվեմ ՍԵՐ.

Մարմնի այդ եռաչափ գոյությունից անկախ զգալու համար` ինքս պետք է լինեմ հոգու գոյության եռաչափությամբ ինքնարարվող,

Իսկ ես զգում եմ, հետևաբար՝ ես ԱՄԵՆ ԵՄ, ՍԵՐ ԵՄ, ՊԱՀ (հավերժություն) ԵՄ …

 

150.  

Երեխաներին ավելի շատ նախատում են, երբ նրանք ուղղակի անզուսպ են իրենց երջանկության մեջ, և ումի՞ց կարելի է առանց հիշաչարության սերտել կիսաապրելով երկարակեցության դասը, եթե ոչ ծնողներից ...

Ուստի, եթե վերածնունդ, ապա կրծքից կտրվելուց հետո պետք է որբացնես քեզ, որ ինքնարարվես ավելի ԲԱՐՁՐԸ, քան եղել ես ...

 

151.  

Հակված ենք շատ մտածել այն ամենի մասին, ինչը դժբախտացնում է մեզ, գուցե, որովհետև, անպատասխան հարցերից առավել` ունենք պատասխաններ, որոնք չենք կարողանում ընդունել՝ ճիշտ հարցերի անհայտության (կամ անկարողության) պատճառով:

  

152.   

Ճանաչողության մեջ տղամարդը միշտ եղել ու լինելու է ավելին, բայց դրանից երբեք չի փոխվելու իրողությունը, որ խնձորը վերցրել է կինը ...

 

153.  

Սերը արթնացնում է գենետիկորեն փոխանցվող հուշը, որ, երբևէ, աշխարհում երկուսով մենակ ենք եղել, ՄԵԿ ենք եղել ...

 

154.  

Երջանիկ կյանքի լավագույն օրինակ և ապացույց կլիներ, երբ մեկն իր ապրածը կամենար ուրիշին՝ որպես բարեմաղթություն, բայց նման մաղթանքներ հանդիպում են միայն պատժի կամ, լավագույն դեպքում, խրատելու միտումով, ուստի՝ երջանիկ կյանքի գոյությունը մարդկանց, ըստ նրանց կամեցողության, բնութագրում է չարակամ կամ չկամ. մի բան, ինչից երջանկությունն ինքն է փախչում ...

 

155.   

Փորձելով լուծել կյանքի սահմանած հավասարումները՝ մարդը համառորեն ձգտում է ստանալ այլ արժեք, քան մահվան ճշգրտող զրոն է  ...

 

156.   

Կինն առեղծված է՝ կոդավորված իր իսկ չիմացությամբ: Երբ փորձում ես ապակոդավորել, նա ընդդիմանում է՝ կարծես ինքն իրենից պաշտպանելով մի բան, որը դուրս և վեր է մարդկայինից ...

 

157.   

Կանանց.

Տղամարդուն պետք է օգտագործել՝ ինչին որ պիտանի է՝ ըստ առկա ունակության. ապահովություն, (ինքնա)ճանաչողություն, սեքս, երեխա և այլն, ում ինչ պետք է, բայց ոչ մի դեպքում տուն չթողնել, որ չդժբախտացնի, ինքն էլ իր՝ շան երջանկության մեջ մնա …, քանի դեռ կրկին չի դարձել երեխա:

 

158.  

Հեշտությամբ հասկանում ենք այն, ինչը հայտնագործվել է դժվարությամբ կամ, ավելի հաճախ, պատահաբար, որովհետև գիտենալ, նշանակում է բացատրել այն, ինչ ճանաչում էինք անբացատրելի:

Մարդը, որ այս կերպ հոգու և գիտակցության երկատում է ստացել՝ կուլ տալով սոփեստի խայծը, էլ ավելի է դժվարանալու հարցում, թե ինչպես ազատվել բացատրելու մոլուցքից՝ չվերածվելով անասունի, կամ, կրկին, հայտնագործելու է պատահաբար՝ հեշտությամբ հասկանալով, որ կար ավելին, քան փորձում էր մնալ դժվարությամբ ...

 

159.   

Բացահայտվելուց հետո սուտը շարունակում է կենսունակությունը՝ իրենց հիմարացումը չընդունելու մարդկանց բութ համառության շնորհիվ. սա է վամպիրների հնարավորությունը՝ ապրել լույսի ներքո ...

 

160.  

Ցույց տուր, որ նրան հիմարացրել են և նա ցանկություն կունենա առաջինը հենց քեզանից ազատվել, քանզի հպարտության համար հիմար չլինելուց առավել՝ կարևոր է, որ այդպիսին լինելուն չլինեն վկաներ:

 

161.  

Ի՞նչ է հանրակեցության կանոնների ամբողջությունը, եթե ոչ պարբերաբար ձևափոխվող վարագույր, որով մարդն իրեն առանձնացրել է բնությունից՝ որպես հատուկ էակ, ինչից փոխվել է միայն այն, որ այս կողմում դժբախտ անասունն է, ով ստիպված է ուրախություն գտնել անառակության (անբնականության) մեջ ...  


162.   

Որպեսզի տունը կոչվի իմը, պետք է լինի ուրիշին պատկանող առնվազն ևս մեկ տուն. ըստ այդմ հարց է՝ «աշխարհը մարդկության տունն է» գաղափարը մեր որբ լինելը, թե՞ հարևան(ներ)ի գոյությունը քողարկելու համար է: Բոլոր դեպքերում գաղտնիքն առկա է, ինչից կարելի կլիներ չենթադրել, որ ներսում կան դավաճաններ, եթե ապրեինք ընտանիքի պես:

 

163.  

Գիրքն իր բովանդակության մասին իմանում է ընթերցող(ով)ից ...

... պատահում է այնպիսին, որը գրվում է կարդալով՝ հաջորդ տողը հայտնվում է, երբ նախորդն ընթերցվել է, նշանակում է՝ ընթերցողը գտել է ինքնարարման իր գիրքը, գիրքը՝ իր ընթերցողին: Միայն այս դեպքում է հարաբերությունը դառնում ՄԵԿացում, սահմանվում 1+1=1 ...

 

164.   

Կան արատներ, որոնք թեկուզ գիտակցվում, բայց չեն հաղթահարվում, քանի դեռ չեն հասունաց(վ)ել մեղքի։

 

165.  

Մարդու ճանաչողական հայացքին հետևում է նրա զինված ձեռքը. թե որտեղ և ինչքան հաճախ է ստիպված լինում ապաստարան գտնել ինքն իրենից, կարելի է ասել՝ «մարդը վերադառնում է քարանձավ» ...

 

166.  

Այն, ինչ արվում է բուժման համար, այլ հանգամանքներում կկոչվեր հանցագործություն, կախված ելքից՝ նաև առանձնակի դաժանությամբ սպանություն։ Եվ, ուրեմն, ինչու՞ մեղքերն էլ չենք ընդունում՝ որպես կանխարգելիչ միջոցներ, գուցե նրա համար, որ այդ կերպ կպարզվի՝ բոլորս  ենք հիվանդ և ենթակա ենք մահվան ելքով վիրահատության։

 

167.  

Պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե առարկաները կազմվեին ամենաթույլ ուսումնառուի մակարդակով. առնվազն հավասար տգիտություն՝ առաջադեմ միջակությամբ, ինչից շատ բարձր չենք այսօր ...

Ուրեմն, ավելի լավ է, որ ճիշտ հակառակով կազմակերպվի.  անհավասար գիտականություն՝ գերմարդկային հանճարեղությամբ ...

 

168.  

Իմաստունները մերժվում են հասարակության կողմից, քանզի հանրակեցությունը կազմակերպվում է հիմարների մակարդակով:  

 

169.  

Մարդ մնալու (դառնալու) բարոյականությունը հավասարության նշան է դնում գերմարդու և անասունի միջև …, ըստ դրա՝ աստվածներն էլ կարող են որակվել ավելի անասուն, քան անասունն է …

 

170.   

Դաստիարակությունը, որպիսին համընդունված է, այլ բան չէ, քան էության դրսևորման հետաձգում ..., բախտն էլ, ինչպես որ բաշխվել է, լոկ այն պատճառով, որ շատերն ուշաց(վ)ել են. վիճակախաղ, որտեղ խաղաքարերի փոխարեն՝ խառնվում են մարդիկ ...


171.  

Լուսատտիկ.

Նա, ով բնույթով միտված է երևույթների ներքին բովանդակությունը հասկանալուն, ոչ միայն զրկված է հաճախակի ուրախանալու առիթներից, այլ, նաև, ստիպված է տանել հանրային միօրինակություն մտրակի հարվածները՝ մինչ այն պահը, երբ նրանից ձեռք են քաշում՝ իբրև անպետքությունից, կամ՝ երբ նրա պետքությունն ընդգծող մթությունն է դառնում համընդհանուր ...

 

172.   

Դեպի լույսը տանող բոլոր ուսմունքները կեղծ են՝ առնվազն այն պարզ պատճառով, որ տեսնելու համար ոչ թե լուսատուի, այլ՝ ճառագայթի ուղղությամբ է պետք նայել ..., ու թերի են նաև այնպիսիք, որոնք սահմանափակվում են դրա երկարությամբ, քանզի (ինքնա)ճանաչողությունը չունի այլ իմաստ, քան (ինքն)արարման հասնելն է՝ որպես ճառագայթի երկայնորդ՝ առ անսահմանություն ...

 

173.  

Երազում անհանգստություն չի առաջանում նախապատմության վերաբերյալ՝ իրողությունն ապրում ենք ամբողջի իմացությամբ. պատմությունը ստիպում է սովորել չնչին մասն այն ամենի, ինչ գիտենք ...

 

174.   

Խաղաղությամբ, թե խռովությամբ, մարդկությունը ստիպված է լինելու դադարել հետաքրքրությամբ փնտրել և սկսելու է անհրաժեշտաբար կյանք ստեղծել մայր բնությունից դուրս. մի դեպքում տեղավորվելու, մյուս դեպքում՝ փրկվելու համար, իսկ որ մարդկային բանականությունը զրկված է այստեղ մնալու երրորդ դեպքի ընտրությունից, վկայում է ոչ այլի, քան մարդու՝ տիեզերքում կյանք տարածելու առաքելության մասին ...

 

175.  

Արգելվածի մասին.

Մարդուն միայն հիմարությունն է թույլատրված, իսկ իմաստնության ճանապարհը երբևէ շարունակվում է մեկ կարելիով՝ զրկանքները կրել նախապես, թե՞ հետո ...  

 

176.   

Ոչինչ չի ստեղծվում պատկերացումին կատարյալ համապատասխան՝ միշտ առկա է չնախատեսվածի բաղադրիչը, ինչը, անգամ հիանալի արդյունքի դեպքում, փոքրացնում է արարողին՝ որպես իր կամքից դուրս գտնվող ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. հարց, որից զերծ չէ անգամ ամենայնի արարիչը՝ ի՞նչն է, որ նա իր մեջ կրում է, բայց իրենից ԲԱՐՁՐ Է ...

 

177.  

Սովորությունը, իբրև հանրակեցության հենք, թույլերի ապահովությունն է, որին տարեցները հակվում են իրենց ուժասպառությամբ, երիտասարդները՝ ուժի անճանաչությամբ, իսկ մանուկների «ինչու»-ները ջախջախվում են՝ որպես տգիտությանը սպառնացող վտանգ։

Ի պատասխան էլ հակադրության, այն ճիշտ է կոչել ոչ թե պահպանման, այլ՝ տեսակի փչացման միջոց, քանզի եթե ըստ սովորույթի, ապա տեսակի իսկական առաջինից խիստ տարբեր ենք՝ որպես առկա վերջին։

 

178.   

Եթե պատասխանատվություն նախատեսվեր նաև տուժողի համար, ապա շատերը կփրկվեին հանցանք/զանցանք կատարելուց ...

 

179.  

Դիվահարը ծալվում է մեջքի վրա այն նույն պատճառով, ինչի համար աստվածասերն է խոնարհվում ...

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը զերծ է ինքնահետապնդմամբ գալարվելու աճպարարությունից, քանզի (ինքնա)ճանաչումը վերև վանող (ինքնա)դիտումն է ներքև ...

 

180.  

Եթե ամեն ինչ այսչափ կրկնվող չլիներ, ապա կարելի կլիներ կարծել, որ մարդը անցյալից իրեն հետապնդող հրեշից է այսպես վազում ապագա, հետո մտածել, որ նա, գուցե, ցանկանում է զգուշացնել, ոչ՝ վնասել, բայց ...

…Կա մի կենդանի, ըստ տրամադրության՝ զվարճալի կամ խղճալի, որ արագությամբ փորձում է հասնել իր իսկ շողքին, ու, երբեմն, բերկրանք է զգում, երբ այն հայտնվում է  հետապնդողի դերում ...

 

181.   

Մարդիկ այնքան տարբեր չեն, որ հոտի չվերածվեն, ու այնքան նման չեն, որ իրար չհոշոտեն. անասնական երկու ծայրահեղությունների մեջ չհայտնվելու համար՝ նրանց գոյությունը պե՛տք է լինի խեղճ բարոյականության և անզգա օրենքների կիսաանասնական հանրակեցությամբ, որից դուրս՝ վտարվում ես իբրև ոչ մարդ, եթե չես իշխում՝ իբրև ավելի անասուն ...

 

182.   

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը ամենաշատն է գրգռում աստծո և սատանայի միմյանց հանդեպ խանդը ..., կարելի է ասել՝ հավերժացնում է այն …

 

183.    

Սոցիալական հարաբերությունները, մեծամասամբ, ըստ բովանդակության և տևականության, ամփոփվում են այսպես. մարդիկ սովոր(ում)ել են իրար վրա ճիշտ չափաբաժիններով միզել ..., ինչից, երբեմն, առաջանում է ցանկություն՝ նույնը բենզինով, կրակ թքելով ...

 

184.   

Ճշմարիտ (անմեղ) լինելով՝ ներողություն խնդրելը զոհաբերություն է՝ առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍը …

 

185.  

Ինչքան շատ մարդ ապրեր ուրիշի անձնականին քիթը չխոթելու առաքինությամբ, այնքան կցամաքեր բարոյականություն կոչվող ցեխաջուրը, որում, առավելապես, խոզերն են սիրում թավալվել. մեծ հաշվով՝ ճշմարիտ բարոյականությունը հենց այդ առաքինությամբ էլ կամփոփվեր …

 

186.    

Հանրային կարծիք, պետություն, արդարադատություն, կրոն ..., սրանք, թեկուզ առանձին-առանձին, բայց մարդկանց միավորում են նրանում, որ բոլորն էլ հավատում են ուրվականների գոյությանը ...

 

187.   

Մենք, երբեք, չենք հայտնվում այնտեղ, որտեղ չպետք է լինենք, ու չնայած հաճախ չենք հասկանում ինչու, բայց տիեզերական այս ճշմարտությունը միակ մխիթարանքն է՝ կյանքում այսքան շատ կեղտում հայտնվելու ...

 

188.  

... ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ.

(Ինքնա)ճանաչողությամբ փշրվում է ուրիշների սարքած հայելին, որում նայում էիր քեզ. ծնկում ես բեկորներին ու արնաշաղախ ոռնում դեմքիդ անտեսանելիությունից. անէանում ես ոչնչում, կամ՝ ինքնարարվում ես ոչնչից՝ որպես անէություն ...

 

189.   

Կատվին տվեք առյուծի ոգի՝ նա կտառապի կամ կվերածվի ճգնավորի, առյուծին տվեք կատվի ոգի՝ նա կդառնա կրկեսի աստղ։ Եթե հանդիսատես լինեին ոչխարները կամ բորենիները, սրանց աստղը կփայլեր նաև թատրոնում, բայց կամ չկա, կա և, որը թատրոնում չէ, ու աստղը փայլում է քաղաքականության մեջ՝ իշխանության գագաթին ...

 

190.  

Բարձրագույն ես-ը կարող է ունենալ բացակա պետքություն, բայց չի ունենում անպետք ներկայություն, և ինչու տրվել շատերին պետք լինելու աստվածային մոլուցքին, երբ կարող ես նույն կերպ մեկուսանալ՝ որպես ինքնարարման հանք և չվերջացնել՝ որպես ուրիշների արարման թափոն։

 

191.   

Ինչու՞ բարձրանանք, եթե չենք նետվելու. ինչու՞ հաղթահարենք՝ առանց նվաճելու ...

Իսկ բարձրին և բարձրից նայելու տարբերությունը նրանում է լոկ, թե ինչի գերին ես՝ սեփական անզորության, թե ուրիշի զորության:

 

192.    

Նրանք, ովքեր, բնական աղետների նման՝ առանց խտրականության, մասսայական դժբախտություններ են հեղինակել, միաժամանակ արժանի են մարդկայնության բառի մեջ դրական իմաստը պահողների կոչմանը։

 

193.  

Մեկին սպանելը հանցագործություն է, մեկից ավելին՝ ոճրագործություն, մարդկությանը՝ աստվածայնություն …

 

194.   

Բարին չարի համեմատ պասիվ է, որովհետև ավելի շատ ծննդյան փաստով է ցանկանում ընդունված լինել, քան կայացման, բայց նման բացարձակացման արժանի է միայն այն, ինչ ինքն է իրեն ծնել, բոլոր այլ դեպքերում կա միայն կեղծ հարաբերականություն։

 

195.  

Բոլորիս մի աղբյուրից սերված լինելը կներդաշնակեր, եթե այդ կերպ, միաժամանակ, չսահմաներ՝ որպես ստեղծված այլանդակություն, կամ՝ պետք է ընդունենք, որ այնտեղ, որտեղ կա անհաշտություն, կա օտար արյուն, հետևաբար չկա գեթ մեկ անկյուն, որտեղ եղած չլինի պոռնկություն, ու սկսենք փնտրել իրականությունը՝ պարզելով, որ ում սուրբ ենք համարել՝ մինչև ծնվելն է մեզ դավաճանել, որովհետև հղիացումը սկսվում է գլխից, իսկ արգանդում հայտնվելը սկիզբը չէ, այլ՝ ծնվելու վերջնափուլը ...

 

196.   

Արդեն իսկ անարդար է այն, որ աշխարհում չկա մի տեղ, որտեղից կարող ես իրացնել բոլոր կանոնները մերժելու իրավունքդ և չմեռնել ...

 

197.  

Անհավասար պայմաններում հավասար հնարավորությունը սոցիալական սուտ է՝ քեզ, ինքդ քո հանդեպ մեղքի զգացումով, մենակ թողնելու համար, երբ չես հաջողացնի կամ չես ցանկանա վերածվել, նույն ստով արդարացված, հանրային հետաքրքրություն ներկայացնող կեղտի, իսկ ճշմարտությունն այն է, որ, երբեմն, անհաջողությանդ մեջ ոչ միայն բոլորը, այլև մեղավոր է ամբողջ աշխարհը, դու՝ ոչ ...

198.  

Հավասարություն հնարավոր է միայն բթության մեջ. ուստի և, այն անխախտելի ստացվում է բուրգի ստորին, ամենալայն օղակում ...

 

199.  

Նրան, ում մահն եմ մտապատկերում, հետո նայում եմ ինչպես վերածնվածի, ում ինքս եմ սպանում՝ թաղում եմ կամ աստվածացնում, իսկ նա, ում կապակցությամբ պատկերացումներից ոչ մեկը չեմ ունենում, որևէ նշանակություն չունի իմ կյանքում:

 

200.    

Շարժառիթն ամբողջությամբ հասանելի չէ պատկերացումի հայացքին, առավել ևս, կատարողից բացի, չի կարող հասկանալի լինել որևէ այլ մեկին, դրա համար էլ այն միայն շոշափվում է՝ որպես աննշան տարր, իսկ պատիժը սահմանվում է՝ ըստ արարքի, այն դեպքում, երբ արդարությունը գտնվում է ճիշտ հակառակում:

 

201.  

Սիրո ցինիզմը նրանում չէ, երբ պարզվում է, որ սիրելիդ է ամենաշատը մենակացումդ ուզել, որովհետև դա է գինը ԱՄԵՆ-ի, որ ցանկանում եք տալ իրար: Ցինիզմը նրանում է, երբ նա վերջում երջանկություն է ցանկանում քեզ՝ սպանելու փոխարեն ...

 

202.  

Եթե մարդ ենք կոչվում լոկ նրա համար, որ կան անասուններ, ապա ավելի անասուն ենք, քան անասունը, ու եթե աստվածները դրական անսահմանություն են, ապա անասունները մեր և նրանց միջև ընկած զրոյի տիրույթում են ...

 

203.   

Պայքարիդ դեմ՝ որպես վերջին միջոց, երբ այլևս չունենա հպարտության գերին լինելու ոչ մի արդարացում, նա քե՛զ կկոչի իր հպարտություն. կպարտվես՝ որպես տիրակալ, կամ կինքնասպանվես՝ որպես ազատանվեր ...

 

204.  

Մարդիկ խուսափում են մահից այնպես, կարծես՝ նա գլխակորույս սիրահարված է իրենց ..., ուղղակի, մահն էլ, հաճախ թշվառ է այնքան, որ ստիպված է առանց իր ճաշակին հետևելու գոյատևել ...

 

205.    

Հոգին, որպես կանոն, նետվում է, ինչպես ցանկալին տեղ հասցնող ծրար, ու ոչ մի նամականիշ նրան պահպանելու արժեք չի տալիս ...

... Երբ հասել ես այնտեղ, որ ունես կամ՝ կաս միայն հոգի, ժամանակն է՝ անհասցե ծրարվի ...

 

206.  

Աչքն ու հոգին նույնացնող միակ ճշմարտությունն այն է, որ երկուսն էլ կուրանում են հանկարծահայտ լույսից, երբ սովոր են լինում տեսնել խավարում: Այդպիսիք, սովորաբար, սերն ընդունում են ստվերում, գրկվելու իղձով՝ թիկունք դարձնում ...

207.   

Անմտություն է լինել այս կամ այն կողմում, երբ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Այն, ինչ մարդիկ կոչում են խելամտություն, գտնվում է այս միջակայքում, որից դուրս՝ կամ հերոս ես, կամ՝ ճանաչող, ով ևս հերոս կկոչվեր, եթե ունենար վկաներ ...

 

208.  

Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ ականատես լինեին աստծո և սատանայի սեր անելուն: Կլիներ այն, ինչ սովորաբար է լինում, երբ իրենց կամքից անկախ են ճշմարտությանն առնչվում. հաճույքով ուսանելու փոխարեն՝ խորը հիասթափություն:

Իսկ ես նրանց դստերն էլ եմ ճանաչում ...

 

209.   

Իրավաբանի մասնագիտությամբ՝ (ինքնա)ճանաչողության մեջ ինձ լավագույնս հաջողվել է դառնալ մեռնելու իրավունքն իրացնող ...

 

210.    

Հավատի փոխարեն՝ հեշտ է ապրել կասկածների փարատմամբ, բայց ապացույցների բուրգը մի օր անպայման փլվում է ծանրությունից: Կառուցելու շտապողականությունը մարդկանց միշտ կանգնեցրել է փլատակների առաջ. (ինքնա)ներումը, որպես հիմք, անշահավետ է նրանց գործարարությանը:

 

211.  

Սկսել է թվալ, որ ինձ հանդիպող մարդիկ, իրենց անավարտ մնացած նպատակի իրականացման համար, ենթարկվել են ռեինկարնացիայի, ու բոլորի մոտ անավարտ է մնացել նույն բանը՝ փրկել ինչ-որ մեկին:

Իսկ ու՞ր են չհաջողացրած մարդասպանները ..., կամ՝ վերջապես իրավունք ունեմ կոչվել այլ բան, քան մարդն է …

 

212.  

Գլուխն ու սեռական օրգանը տեղադրելով աջ ու ձախի մեջտեղը՝ բնությունը միանգամից պատասխանել է հարցին՝ արդյոք կա՞ ընտրություն ...

Եթե կա, ապա ես հակված եմ անընտրելի երրորդ մեկին ...

 

213.   

Ոչ մի լուրջ բան չկա նրանում, երբ սեռային բնականությունն էլ են փորձում համարել գիտակցականություն. դա, ընդամենը, մարդու լկտիացումն է ընտրության հնարավորությունում՝ մի բանում, ինչը երբեք չի ունեցել:


214.  

Եթե առաջ հնարավոր էր, ապա հիմա, հաճախ՝

- անհնար է կնոջ բնականը որոշել միայն մերկությամբ առնվազն, անհրաժեշտ է գուլպա գործելու շուղով ծակծկել մարմինը՝ ըստ ցավի հասկանալու մասերի բնականությունը,

- անհնար է տղամարդու բնականը որոշել արիությամբ նախ, անհրաժեշտ է նրան պեղել կանացի կերպարանքից՝ հետագա դիտարկման իմաստ տեսնելու համար։

Իսկ վատի ավելին նրանում է, որ նույնը վերաբերում է նրանց բանականության բնականությանը …

 

215.   

Հաշմանդամի հարմարավետության համար՝ բոլորին հաշմանդամ դարձնելը կհամարվեր անասնություն, եթե այդ կերպ չնսեմացվեր այլ կենդանիների արժանապատվությունը, ուստի՝ դա կոչվում է բացառապես մարդկայնություն:

Եթե իսկապես խղճի՛ հանրակեցությամբ, ապա՝ մարդը կենդանիներից դեռ պետք է ուսանի ...

 

216.  

Երբ հերոսներին պատկերելու համար մնացած բոլորը հավաքականորեն ներկայացվում են նախիր, կոչվում է պատմություն, իսկ երբ հոտ՝ առասպել, ու ինչքա՜ն հաճախ ենք դաստիարակության մեջ հենվում դրանց վրա, ինչքա՜ն ենք սահմանափակվում ընտրության մեջ՝ լինել խոշոր, թե՝ մանր եղջերավոր, երբ չենք կարողանում լինել ավելին, քան մարդն է ...

 

217.   

Փրկողն ավելի շատ հուսախաբվում է իր վաղաժամ հաջողությունից, քան՝ ձախողումից, ուստի, եթե հայտնվել ես փրկվողի դերում, պետք է նրբանկատ գտնվես, հակառակ դեպքում՝ պարտք ես մնում ևս մեկ կործանում …

Իսկ աստված մարդկությանը պարտք է մի քանի հարություն …

 

218.  

Կյանք չկա բոլոր այն հաջորդող օրերում, որոնց նախորդներում մահ չես ապրել …

 

219.  

               Անպայման սիրո նման՝ տառապանքի անպատճառն է մաքուր, ինքնածին՝ ճիշտ նրա պես ...

 

220.   

Երբ վկա լինելդ վնաս է շահադիտությանը բոլոր մասնակիցների, մասնակից լինելդ՝ դատավորի, դատավարելդ՝ արդարության, մենակությանդ մեջ վերածվում ես մահապարտ-ահաբեկչի՝ մեկտեղելով բոլորին:

Հետո նրանք դառնում են զվարճալի, լինելդ՝ տանելի ...

 

221.   

Մարդու մասին.

Ամենամեծ մասսայականությունը վայելում են կատուներն ու շները. մեկի խաղն ուրիշի մահն է, մյուսի անունը՝ պոռնկության խորհրդանիշ, բայց առաջինը փաղաքշաբար սիրվում է՝ իբրև թույլ, երկրորդն՝ իբրև հավատարիմ ...

 

222.   

Այն, ինչ համարում ենք մեր սեփականը, տիրում է մեզ. ինչքա՜ն տերեր ունենք ...

 

223.   

Միայն արձանը գիտի, թե ինչպես են համակցվում մշտապես համբերելու ու ժամանակին լքելու հատկությունները ...

 

224.   

Եթե իմաստասերն ինքը չվճարեր իր հետ հարաբերվելու գինը, իրավամբ պիտի կոչվեր պոռնիկ, ում հետ ապրում են ճանաչելու մեղքը՝ մաքուր պահելով իրենց դեմքը ...


225.  

Գորշից Տիգրանին պաշտպանողները գրավիչ կլինեին, եթե այդ կերպ, միաժամանակ, չհաճոյանային Գորշին: Այդպիսիք նաև հիմար են, քանզի թաղելուն օժանդակելու փոխարեն՝ նեխման մեջ են սեր տեսնում …

 

226.   

Արժեքավորում են հարություն առնելը, իսկ ինքն ուզում է, որ՝ մեռնելու պատճառը ...

 

227.   

Մառախուղի մեջ է իմ հոգին նյութականանում. ՍԵՐ ԱՊՐԵԼՆ ինձ, առավելապես, արևածագին և մայրամուտին է հաջողվում, այլ դեպքերում՝ սերն ու ապրելը առաջադրվում են «ԿԱՄ»-ով, ու ես ընդունում եմ ՍԵՐ ՄԵՌՆԵԼԸ՝ առաջադրվածը վերցնելով «ԵՎ»-ով ...

 

228.   

Կայուն ներկայությունը սիրո գերեզման է, ինչը, երբեմն, հարմարավետ է լռությամբ, եթե աղմկաբեր չէ զարդարանքի պերճությամբ, իսկ (ինքն)արարման հարատևությունը պահանջում է բաժանման շարունակականություն ...

 

229.  

                Վախը շուն է, նրա հետ հարաբերությունը պայմանավորված է հանգամանքով՝ անտեր, ուրիշինը, թե՞ քոնն է ...

 

230.   

Ես հասկանում եմ կյանքին ողջունելով ապրողների անմեղ երեսպաշտությունը, բայց ինձ հարազատ է հրաժեշտ տալով ապրողների մեղավորությունը՝ ցավը մեղմելու ճշմարտախոս ցինիկությունը ...

 

231.   

                Չնայած, որ ցանկացած խնջույք զգացմունքների և/կամ մտքերի փնթի խառնուրդ է, բայց և այնպես, ի տարբերություն ողջույնի, հրաժեշտի խնջույքում հույզերի անարատություն կա՝ պատկանող միայն  նրան, ում համար այն կազմակերպվել է, եթե նա դրանք չի փչացնում վերադառնալու մտքերով ...

 

232.  

Սեփական օրինակով դաստիարակությամբ՝ հայրս, ապրելուց զատ և դրանից առավել, սովորեցրեց, թե ինչպես է պետք ընդունել մահը՝ հարկադրանքի փոխարեն իբրև իրավունք, այդ կերպ, միաժամանակ, դառնալով իմ ճանաչողության առանցքային ճշմարտություններից մեկի («Ամեն» 3) առաջին իրացնողը, որպես առաջին՝ հավերժ ՄԵԿը:

 

233.  

Նորմալ միջակություն սռնու վրա ամրակցված լավ ու վատի փոխպայմանավորող հարաբերականությամբ գոյատևումից դուրս են ԵՐՐՈՐԴ-ՄԵԿերը. անանուն այս ԳՈՐՇերն ընդհանրանում են միայն ազգանվամբ՝ ԱՆԴԻՆյաններ …

 

234.   

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ի շարժումն ապահովում է մենությունը, ուղղությունը՝ մահը, նա ապրում է արագացմամբ, անէանում՝ հավերժագնացությամբ …

  

235.     

Ներկայում հետաձգված ապրումը կուտակվում է ապագայում, հետո բացվում զսպանակի նման և  շպրտում անցյալ. մարդիկ, առավելապես, հենց այնտեղ էլ մահանում են …

 

236.  

Իբրև գոյություն չունեցող հավատի լրացում, երդումն ինքնին է սուտ՝ անկախ արտահայտման ճշմարտացիության ընկալումից։ Դրանից մեկնարկում է փտախտ, որից նույնիսկ հերձումը չի փրկում, ու, անկախ մեջբերված սրբություններից, դրա վրայով պետք է անցնել կրակով …

 

237.   

Անիմաստ է սիրելը, եթե չես ձգտելու ինքնաոչնչացման այն բարձրակետին, որտեղ կոչվելու ես «Ես սեր եմ, մնացածը ես չեմ», ու անիմաստ է բարձրակետին հասնելը, եթե չես նվաճելու այն՝ հաղթահարելով սերը։

 

238.  

Ապտակելու համար՝ աստված նեղություն չի քաշի, ուստի՝ եթե մեղք, ապա նրան հանդիպելու արժանի անմեղությամբ չկա ոչինչ ճանաչելի …

 

239.  

Սիրո հաղթահարման ընթացքում՝ հոգիդ օվկիանոսի նման ընդարձակվում է, առաջացած հորձանուտում ոչինչ կես պտույտից ավել չի դիմանում, տենչում ես կլանել երկինքը …, նա տրվում է քեզ …

 

240.   

Ես գիտեմ՝ վերջում ծնկելու եմ բացարձակ ճշմարտության առաջ՝ հասկանալով, որ սխալվել եմ ամեն ինչում, ու այս իմացությունը փոխում է միայն այն, որ (ինքնա)ճանաչողության միտված մեղավոր ճանապարհս շարունակում եմ գնալ ծնկաչոք …

 

241.    

(Ինքն)արարմանս համար մարդիկ են ապրել ու մահացել, ինքս էլ ծնել եմ ու սպանել, մկրտությամբ արյունոտվել են շուրթերս, մեղքով՝ ձեռքերս …

 Չգիտեմ՝ կհասցնեմ լինել ԵՐՐՈՐԴ ընդունված, թե՝ կմնամ երկուսից մերժված ՄԵԿը, բայց եթե անգամ չի հաջողվել արահետ հարթելը, գոնե կանաչը նշմարելի տրորվել է …

 

242.   

Շատերի ապրելը լոկ չիմացություն է՝ որ վաղուց մեռած են, իսկ եզակիներն ապրում են մահը, և միայն հատուկներն են հարություն առնում՝ իմացություն ապրեցնում …

 

243.   

Ստորակարգ ես այլ կենդանիներից, քանի դեռ չես ամաչել, որ մարդ ես …

 

244.  

Ոմանք առաքինի են, որովհետև հնարավորություն չունեն լինել անառակ, ոմանք էլ անառակ են, որովհետև չգիտեն, որ առաքինություն կա։ Մեծամասամբ, առաքինությունն իբրև ինքնագիտակցում, մարդկանց մոտ ի հայտ է գալիս ատամների փչացման հետ արտահայտվելով տհաճ շնչառությամբ, անհասկանալի հնչողությամբ …

  

245.  

Մարդու այլանդակումը սկիզբ է առել, երբ սկսել է իրեն զրկել սպանելու իրավունքից՝ պահելով ծնելունը, իսկ արդարացումը, որ երկուսն էլ իրեն չեն պատկանում, հաստատում է նրա գոյության միջակությունը՝ գեղեցիկի և աստվածայինի միջակայքում …

 

246.  

Որոշ մտքերում արտահայտվում եմ առաջին դեմքով, որ քողարկեմ իմ մասինը մնացածում, ու սա ասում եմ, որ մնացածում քողարկեմ որոշները …

 

247.  

Ապացուցեք, որ այնկողմնային գոյություն չկա ու ես ամոթից կինքնասպանվեմ ընդունեք, որ խոսուն մոլախոտ եք, կամ՝ բացատրեք, թե ինչո՞ւ այլ բան չեք …

 

248.   

Աստվածային իմաստնությունից անկասկածելի հասկացել եմ միայն այն, թե ինչու է լքել աշխարհը՝ կոչվելով սեր …

 

249.   

Մարդուն աշխարհից չեն վռնդում գուցե միայն նրա համար, որ ունի երաժշտություն …

 

250.   

Որպես սեր՝ աշխարհը լքելու սպասումի ձանձրույթը մասնակի հաղթահարվում է ծաղրական վերաբերմունքով սեփական գոյության, այդ կերպ՝ ամենայնի նկատմամբ …

 

251.   

Նրան, ով հաջողացրել է գողանալ քեզանից, պետք է հայտնել շնորհակալություն՝ ազատելու համար ավելցուկից, ինչը քեզ չի պատկանել, ու եթե պատժել, ապա միայն գողության անհաջող փորձ արածին՝պատճառած անհարմարության համար։

 

252.   

Եթե միտքն ընդօրինակելով ձեռք բերելու փոխարեն վաստակեինք (ինքնա)ճանաչողությամբ, միջավայրում կտիրեր լռությունը, խոսքում՝ անդորրը, բայց …, ու աղմուկը հոգնեցնում է ավելի, քան կյանքն իր բոլոր հուսահատություններով։

 

253.   

Բարձրագույն Ես-ին խաբելը հեշտ է այնքան, ինչքան դժվար հետևանքը մարսելը, որից, երբեմն, ինքն էլ չի կարողանում փրկել տուժողին …

 

254.    

Աստվածներն էլ, երբեմն, մարդուն սպասելու հոգնեցնող ձանձրույթից տրվում են մարդուկային զվարճանքների։ Նրանցից ոմանք նույնիսկ իբրև զվարճացնողներ են հանդես գալիս

 

255.   

Հույզերի աներևակայելի խառնարան կա վերադարձում, որն արվում է հրաժեշտ տալու համար …


256.   

Իմ ու կյանքի անհաշտությունն ավարտվել է հարաբերությունների հարգալից հեռավորությամբ, իսկ մահվան հետ դեռ հաղթահարում ենք հախուռն սեքսին տրվելու ամոթխածությունը …

 

257.  

Նախ թվում է՝ միամիտ են հրեշտակները, երբ իրենց հայտնվելն ինքնին հիմնավորում է մեռած լինելուդ իրողությունը, բայց նրանք համոզում են, որ ապրես, հետո հասկանում ես, որ մահն էլ, կյանքին համարժեք, ապրելու իրավունք ունի և դու պետք է նրանց հաշտեցնես, որովհետև սեր ես …

 

258.   

Ով ծնել է, նա էլ պետք է սպանի. այլ իրավունքներ չկան …, իսկ ծնունդ՝ միայն ինքնարարմամբ կա։

 

259.   

Փրկվելու հույսի հաղթահարումն ինձ սովորեցրեց թռչել. հիմա ինքս եմ թռնում անդունդը՝ ընկնելու փոխարեն …

 

260.  

Իբրև ժխտում փառասիրության և հաստատում՝ սիրո, պետք է նվաճես, բայց չտիրանաս ինքնարարմամբ բարձրանալուց հետո՝ ինքնազոհաբար ցած նետվես …

 

261.  

Առերևույթ պարապությունը ոչ միայն ամենաշատ, այլ՝ ամենահետաքրքիր զբաղվածության վիճակն է նրանց համար, ովքեր բացահայտել են ներքին անսահմանությունը և դրա ուղիղ կապը տիեզերականին։ Նրանց հոգնությունը սկսվում է իրենցից դուրս, ձանձրույթը՝ այլոց ներկայությամբ։

 

262.    

Ձանձրույթն ինձ հուշող առաջին ազդակներից է, որ հանդիպել եմ օտարի, ըստ այդմ՝ հազվադեպ է պատահում, որ ես ինձ զգամ մարդկային դասին պատկանող, կամ, գուցե, հազվադեպ պատահում է՝ հանդիպում եմ Չմարդ հարազատի …

 

263.  

Գեղեցիկը մեզ գրավում է, թեկուզ երբ գիտենք՝ դրան անտարբեր դառնալու անխուսափելիությունը։ Իսկ ինչո՞ւ հակառակ միտումով՝ մեզ չի գրավում տգեղը …, որովհետև մեզ գայթակղում է ոչ թե գեղեցիկը, այլ՝ դրա գերությունից «ազատականացումը». մեզ սիրելի է ամենայն փչացումը։

 

264.  

Որպես կանոն՝ ապրում են, հետո՝ մեռնում, բայց ոմանքս կարծես վերջից ծնված լինենք՝ մեռնում ենք, որ ապրենք. կարճ ապրումի համար՝ մեռնում ենք երկար, մեծի համար՝ խորը …, ու լինելով (ինքնա)ճանաչման մոլագարներ՝ մեզ միշտ ցանկալի է ամենաՀԵՌՈՒՆ, ամենաԲԱՐՁՐԸ …

 

265.    

Դուք տեսնում եք ինչ-որ տեսնում եք, իսկ ես սկսում եմ երեխաներ ունենալում վրեժխնդրություն տեսնել.  տիեզերքից հոգիներ պոկելով՝ հույս ունենք բռնել և մարմնում բանտարկել նրան, ով նույնն արել է մեզ։

Այլ բան չէ մարդու գոյությունը, քան խցանում ինքնահալած օղակում, ու ՄԵԿ-ի փորձը հուշում է, որ, կոչվելով սեր, ինքնազոհության փոխարեն՝ պետք է զոհաբերեր բոլորին …

266.   

Ամուլ է աստվածային սերը, քանզի նրան, ում սիրում է, հազարամյակներ առաջ ծնվել, բայց դեռ չի հասունացել …

 

267.   

Անհասցե է տունս.

Աշխարհում ապրելու համար՝ պետք է իմանաս, թե ինչ ես ուզում, իսկ ես միայն գիտեմ, թե ինչ չեմ ուզում …, չուզելս էլ՝ չ ե մ ուզում …

 

268.  

Սառը սերս.

Ոչ մեկին այնպես չեմ սիրում, որ նրանք ստիպված լինեն հատուցել գոյությանս գինը, ու հատկապես ինձանից ծնվածները՝ գուցե ոչ իմ հնարավորությամբ, բայց ոչ էլ իմ պարտքով՝ չեն սկսի, կամ ավարտի …

 

269.   

Արժանի չեմ աստվածային մաքրությանը, նա՝ իմ մենությանը. շարունակում ենք տենչալ իրար՝ ես՝ մնալով նեռի գրկում, նա՝ մարդկանց գրկելով …

 

270.   

Վերջին հաշվով՝ կյանքն ամփոփվելու է նրանով՝ մեռել, թե մահացել ես, ու անկախ բովանդակությունից՝ մահանալն արժեզրկում է ցանկացած բարձր բան, որ նվաճել ես …

 

271.  

Դառնալով մարդ՝ այսօր բացում եմ արահետ, որով վաղը հեռանալու եմ՝ որպես գայլ, իսկ աստվածայինն անհայտությամբ էլ չի սպառնում, որովհետև երեկ հասցրել եմ լինել ամեն տեսակի անասուն …

 

272.   

Միայն գայլի սպանած գառն է հայտնվում դրախտում …

 

273.   

Հոգու խավարություն կա, որ կոչված է լինել լույսի վերջին ապաստարան. նրանում վերջը հաղթահարվում է հավերժացմամբ …

 

274.  

Իմ մեջ վատը տեսել են կույրերը, ովքեր չեն տեսել սարսափելին, իսկ լավը տեսնողների հոգու մաքրությունից միշտ հուզվել եմ …

 

275.   

(Ինքնա)ճանաչողության մեջ բարձրացողը չի կարող ետ գնալ և հարաբերվել շատերին հասկանալի. նա միշտ մնում է չընկալվող՝ այդ պատճառով, նաև, մշտապես հեռացող։

Մահը նրա համար, ընդամենը, վերջն է երկարատև հրաժեշտի

 

276.   

Միայն խզելու պատճառի մեջ է պարզվում հարաբերության իրական նպատակը, ու ցանկացած այլից զատ՝ միայն ճշմարիտ սերն է սահմանվում, հաստատվում և հեռանում անբացատրելի, իսկ տիեզերականը՝ փոխում է ցանկացած նախախնամություն …

 

277.     

… որ չփչանա, չլքի, չվերջանա …, սերը պետք է հաղթահարվի. պետք է տենչա փրկվել, բայց տրվի իրենից անկախ, տենչաս փրկել, բայց սպանես քեզնից անկախ՝ որպես մաքուր կամքի միակ բացարձակ դրսևորում/միախառնում. պատկանեք իրար՝ ինքներդ ձեզանից ազատականացած …   

 

278.   

Անարգ կենդանի, համեստությունն ամենաքիչ հատուցումն է, որ պարտավոր ես՝ կնոջ զոհաբերած բոլոր երազանքների դիմաց՝ էությամբ շան ցեղակցի կողքին լինելու համար, իսկ նրա լկտիացումից ավելի շուն դառնալու փոխարեն՝ պարտավոր ես ձգտել ցեղիդ արիական նախահոր բնույթին՝ վերածվելով գայլի ...

 

279.    

Անասուն. ներկայում ապրող մարմին։

Մարդ. անասուն, որը կրում է անցյալում ապրած, ապագայում ապրող՝ բոլոր ներկաներում մեռած հոգու ուրվական …

Լինել ավելին, քան մարդն է, նշանակում է՝ լինել մշտնջենական ներկայում ապրող հոգի …

 

280.  

Նա, ում բարձրացնում ես, չի տեսնում բարձրությունը, քանի դեռ չի կանգնել գլխիդ։ Մինչ այդ, բարձունքից բացվող տեսարանի դիտարկումներիդ արձագանքում է նրանով, ինչ տեսնում է հետույքիդ։ Ուստի՝ երբ անկեղծ միտումը ԲԱՐՁՐԻՆ հասնելն է, ապա պետք է ոտքերով նվաճի գլուխդ, եթե, անգամ, ինքդ նույն միտումով չխոնարհես, իսկ խոնարհելուդ դեպքում չկանգնելը մեկ պատճառն է՝ ոտքդ կրծքին դնելու և ետ հրելու՝ իբրև մեծագույն կեղծիք։

 

281.   

Ա՜խ, ինչպիսի հիասթափություն, երբ հրավիրում ես՝ իբրև հոգեառի, բայց ներս է մտնում՝ որպես բժիշկ, փախչում՝ ինչպես քահանա …

 

282.   

… որովհետև չունենք ձգտում ինքնարարվել ավելին, քան մարդն է.

Անգամ լուսնի հեռավորությունից ինչքան չնչին ենք մեր կենցաղով, նպատակներով, երազանքներով …, ու ինչքան փոքր ենք դրանք վեհացնելով ուղղակի ոչնչություն։ Հորինում ենք աստվածներ՝ ինչ-որ մեկին պետք լինելու զգացողություն ստանալու համար, կամ՝ ինքնախաբվում ենք գիտությամբ՝ իբրև ոչ մեկի կարիքը չունենք, բայց դրանից չի փոխվում ճշմարտությունը, որ լքված որբեր ենք կամ ինքնարար տնանկներ, ու ոչինչ և ոչ ոք բնության, տիեզերքի մեջ հետաքրքրված չէ մեզանով, որովհետև չենք դադարում հավերժությունից առանձնանալ՝ մեր վեհացրած չնչինում անմահանալու հակումով …

               

283.   

Մարդուն հայտնի է սիրելու երկու ձև՝ երջանիկ լինես միայն ինձ հետ (խելամիտ բռիություն) և երջանիկ լինես՝ թեկուզ առանց ինձ (տխմար ռոմանտիզմ)։

Իսկականն ունի մեկ ձև՝ հետս (ինքնա)ճանաչողությամբ տառապես այնպես, որ էլ չսիրես, լինես՝ սեր (վերմարդկային տիեզերականություն) ...

 

284.   

Մեծագույն մոլորությունը՝ ամփոփող բոլոր մարդկային ստերը, որի մասին զգում ենք ամենքս, բայց հավաքականորեն ընդդիմանալու գիտակցմանը չենք հասունանում, որովհետև մեզ վարժեցրել են անասնականությունից էլ ցածր՝ «Կեր, որ չուտվես» սկզբունքով առանձնակեցությանը,  այն է, որ ամենը, ինչի համար վճարում ենք դրամով (նյութապես), հասնում է անվճար:

Մենք շեղված ենք (ինքնա)ճանաչողության մեր միակ պարտականությունից ու մեր իսկ ձեռքով՝ մեզանից հափշտակվում է (ինքն)արարման բացառիկ իրավունքը:

 

285.   

Մտածողի հայացքը խորունկ է, որովհետև դեպի ներս ուղղված է, իսկ ամենն, ինչ ներսում է, լավ/վատից անդին է, ու միջավայրի մակերեսայնության պայմաններում՝ ստացվող երանգը թախիծն է ...

286.    

Աստված մարդուն կորցրել է ամբոխի մեջ, ու չի փնտրում եկեղեցում …

 

287.   

Ցավ/երանության ցանկասիրություն.

(Ինքնա)ճանաչողության կիրքն առաջացնում է մեկացած տենչ՝ առ ցավի բացարձակը, երանության՝ բացառիկը. (ինքն)արարում, որն ավարտվում է խաչին ապրած հեշտանքով ...

 

288.  

Եթե տրվեին առանձին-առանձին, դրանցից յուրաքանչյուրում, ըստ չափի, կարող էի լինել մարդկանց մեջ մեկը լավագույններից, բայց վավաշոտությունը, խորամտությունը, սերը տրվել են միասին ու փոխկապակցված, արդյունքում՝ այն, ինչ-որ դառնում եմ, լավի/վատի չափումից պարզվում է միայն, որ այլ բան է, քան մարդը ...

 

289.   

Մենք սովոր ենք դատել զղջման մասին, իսկ ներողի կայացման մասին մեր միտքը բութ է, ու սրանում է, որ մեծագույն մեղքերը կորչում են աննպատակ. մարդը վաղուց ամուլ է՝ աստվածներ ծնելու և անհոգի՝ որբացածներին ընդունելու համար …

 

290.   

Միշտ դուրս ենք մեզանից, հետևաբար՝ պարտված, որովհետև չենք ազատվում խաբկանքից, որ փրկվելու համար չենք ստեղծված ...

 

291.   

Օձ - (ինքնա)ճանաչողություն,

Ագռավ – առեղծված,

Գայլ – անհնազանդություն.

Երեքն էլ մերժված են մարդու կողմից՝ իբրև այնկողմնային գոյեր – (ինքն)արարման անհրաժեշտություններ …

 

292.    

Ես հասկանում եմ ապրելուդ տենչը, բայց չեմ կարողանում չսպանել, դու հասկանում ես մեռնելուս տենչը, բայց չես կարողանում չապրեցնել. ուրիշ որտե՞ղ կարող են կենակցել մահն ու կյանքը, ուրիշ ինչպե՞ս կարող է սերվել ինքնարար ԵՍը, եթե տիեզերքը չարարեր այս անմարդկային/վերմարդկային Սերը ...

 

293.  

Եթե չենք կանգնել ինքնաճանաչողությամբ թռչելու համար՝ ինքնարարմամբ անէանալու նպատակով, ապա մեկ է՝ չորեքթաթ, թե՝ արդեն երկոտանի ենք գնում դեպի հանկարծամահություն։

Փոխարենը նախընտրելի է ծնկել ու ստիպել, որ մահը գա ընդառաջ՝ իբրև հաղթահարում ամոթի, որ արժանի չենք գիտակցականությանը՝ հատկապես, եթե այլ բան ենք, քան բնական զարգացման հետևանք …

 

294.   

Մի կարծեք, թե բարձրագույն Ես-ը չի ցանկանում, երբեմն, շատերիդ նման լինել սոցիալական կյանքում, ուղղակի նա ծիծաղելի է երևում նմանակմամբ, որովհետև դուք չափազանց լուրջ եք վերաբերում ձեր անիմաստ գոյությանը։

 

295.   

Երևակայությունը կարող է կետից աշխարհ ստեղծել, հավատն՝ այն նյութականացնել. այն, ինչ կոչվում է անդինյան առեղծված, ամփոփված է կետում և կոչվում է ԱՄԵՆ ...

 

296.   

Մահը կարող էր մխիթարանք լինել նրանց համար, ովքեր սարսափում են ինքնագիտակցումից, որ միշտ կան/եղել են մենակ, իսկ հավիտենականությունը կարող էր մխիթարանք լինել նրանց համար, ովքեր սարսափում են մահից, բայց ճշմարտությունը նրանում է, որ մենությունն ու հավիտենականությունը համանիշ են։

Ով միտված է ինքնաճանաչողության, անպայման բացահայտում է հավիտենականությունն ամենով ընդունելու հնարավորությունը մենակ չես, երբ չկան վկաներ, ու միշտ մենակ ես, քանի դեռ ինքդ քեզ վկա ես։ Վերջինից ազատվելը մահվան գործն է, մնացած բոլորից՝ ինքնարար ԵՍ-ի …

 

297.   

… իբրև ՍԵՐ.

Սիրահարվելը հակացուցված է նրան, երբ, այլևս, այն է, ինչը չի կարողանում մնալ ձգողականության միջակայքում նա առավելագույն է տրվում (ինքնա)ճանաչողության կրքին ու հետևանքը միշտ լինում է աղետալի՝ նրանց համար, ում հետ ձգտում է (ինքն)արարման բարձրագույնին, բայց/որովհետև նրանք չափազանց խղճուկ են կախված մարդկային կերպարանքից։

Նա գոյատևում է իբրև ինքնազսպված անճոռնի՝ երբեմն գտնելով բնությունը, որտեղ կարող է լինել հրեշ, մինչև հասնում է պահը, երբ չի զսպում ու չի լինում՝ մահով փոխադրվում է …

 

298.  

Այն պահից սկսած, երբ բաց ես թողել հրեշի սիրտը խոցելու հնարավորությունը, ինչի համար նա սիրով քեզ մոտ էր թողել, բայց չես արել, որովհետև սերդ լոկ հպարտություն և խղճահարություն է, ապրումդ՝ կախվածություն, նրա համար վերածվում ես կերի, ինչը նա խժռում է հում, թաց, հուսահատ մեղքի վայելքով:

 

299.   

Հոգևոր ցավից էքստազի հզոր հույզ է քամվում, երբ բավարար հնեցումից հետո եռացնում ես հիշողությամբ, ապա՝ գոլորշացվող ցնորքը խտացնում ինքնասուզմամբ. ներարկում ես երաժշտությամբ ու ճախրում անէությամբ …

  

300.   

Իմ հրեշին, ինչպես ոսկին վիշապին, լույսը սնող խավարն է հրապուրում, որն իրենց մեջ կրում են լուսավոր մարդիկ: Իմ սիրահարվածությունը նրանց՝ ընթանում է ինքնազսպման տառապանքով, քանզի շատերը կործանվում են՝ չիմանալով իրենց գանձարանի, իմանալու դեպքում՝ դրա խոր սևության մասին, ու ինքնազսպման տառապանքս փոխվում է մեղանչականի, երբ էլ չեմ կարողանում չհոշոտել և/կամ ինքնահոշոտվել ...

 

301.   

Մարդիկ չունեն սոցիալականից դուրս՝ ազատության այլ պատկերացում, ըստ որի, ցանկացած մեկն էլ ազատ է՝ հորիզոնական հաղորդակցության իր աստիճանի շրջանակում, ինչից կազմված է ստրկության բուրգը,  ու այն, ինչ ներսից համարվում է գագաթ, դրսից, ընդամենը, անկյուններից մեկն է, քանզի բուրգն, իրականում, հավասարակողմ եռանկյունի է …

 

302.   

Մեռնելու պարտավորությունը վճռով կատարելը պարտություն է ինքնարարման բացարձակում, ու (ինքնա)ճանաչողության հարաբերականում ունեցած բոլոր հաղթանակները գնահատվում են՝ իբրև մեղքը ծանրացնող հանգամանքներ։

Պետք է կատարվի՝ իբրև իրավունքի իրացում …

 

303.   

Եթե մարդկանց դասակարգենք ըստ կենդանիներին նմանության, ապա դիտարկենք համընդհանուր իրադարձությունների կոնտեքստում, շատ այլից զատ՝ պարզ է դառնում նաև, որ աշխարհում իշխում է վիշապների կլանը, որոնց գոյությունը քողարկված է առասպելականացմամբ, իսկ նրանց դեմ պայքարող ասպետը՝ կամ մոխրացած քշվել է քամուց, կամ՝ թագուհին խելամտորեն երես է թեքել անհաջողակից և դարձել է վիշապների կայսրուհին …

 

304.   

Միայն մտքի ակտիվությամբ հոգին դառնում է ամուլ քահանա,

Միայն սրտի ակտիվությամբ՝ պլատոնական ավանակ,

Միայն կրքի ակտիվությամբ՝ վավաշոտ շուն:

Դրանց բոլորի, բայց իրարից անկախ ակտիվությամբ, այդ երեքն է մեկում:

Այն, ինչ կոչվում է հոգևոր երրորդություն, ոչ այլ ինչ է, քան մտքի, սրտի և կրքի փոխկապակցված ակտիվությունը ՄԵԿում. եռամիասնություն, որից ՄԻՏՔԸ դառնում է ինքնարար ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐՏԸ՝ իմաստնությանն անհրաժեշտ ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ, ԿԻՐՔԸ՝ ինքնազոհության արժանի ՄԵՂՔ ...  

305.  

Միայն այն մեղքը, որը պահանջում է (ինքնա)ներման անընդհատություն, ապահովում է բարձրանալու մշտնջենականություն՝ առ բարձրագույն ԵՍ-ը …

 

306.   

Երբ ծնողի կենդանության օրոք զավակները կռվում են ժառանգության համար, արդարամիտ ծնողը, առանց լավ ու վատի տարբերակման, տանից վռնդում և ժառանգությունից զրկում է նրանց բոլորին. ըստ այդմ՝ եթե մարդկությունն ի ծնե որբ չէ, ապա՝ ծնողը մահացել (սպանվել) է՝ չհասցնելով արդարամտություն դրսևորել, կամ՝ ծնողը առաջնորդվում է «ով ինձ պահի, կտամ նրան» շահադիտությամբ։

Զավակներից իմաստունը լքում է խռովարար տունը՝ սիրելիի հետ՝ կառուցում իրենը՝ նրանով, նախ, ծնելով ինքն իրեն՝ իբրև բարձրագույն ԵՍ …

 

307.  

Ցանկացած անասունի հետ էլ մի քիչ շփվելով՝ նրանում նկատվում է անհատականություն, ուստի, այդպիսին լինելը չի համարվում մարդ գոյության բավարար իմաստավորում։   

 

308.  

Այսպես խոսեց դաստիարակված «երեխան».

Գործողությունների ամբողջությունը, որն արվում է էշ մեծանալուդ համար՝ «լավ մարդ դառնաս» կարգախոսով, կոչվում է դաստիարակություն, ու/բայց այդ նույն «սերն էլ» թույլ չի տալիս, որ գոնե էշ լինելդ ընդունվի. միշտ մնում ես էշի քուռակ:

 

309.  

Բարոյականությունն այն է, ինչ ձևավորվում է մարդկանց առաքինությունների թերմացքից։

Այն կկոչվեր աղբավայր, եթե, միաժամանակ, չլիներ նրանց սնվելու աղբյուր, ըստ այդմ՝ այն համարվում է հասարակության հոգևոր բյուջե։

 

310.  

Բռնաբարվելու ժամանակ ցավեցնողը փրկվելու հույսն է …

 

311.  

Նախ՝ կյանքի ձանձրալի կրկնությունը հաղթահարում ես նրա հպարտությունը խոցող ընդդիմությամբ, հետո՝ նրա ապտակներն են դառնում ձանձրալի, ու չի մնում լինելու գայթակղությունն ապահովող այլ միջոց, քան նրանից հրաժարված ապրելն է՝ իբրև վերջին չափաբաժնի սպառում …

 

312.  

Կնոջ հետ սեր ապրել այնպես, կարծես պատրաստում ես կնության տալ աստծուն, որ (ինքնա)ճանաչման այլանդակումից հետո՝ (ինքն)արարման կուսացումը նրան ձանձրալի չթվա ...

Բոլոր այլ դեպքերում նա մնում է փչացած առաքինություն՝ ունեցողին արժանի:

 

313.  

Դիտավորյալ այնպիսի մեղք ես գործում, որ կյանքից ազատվես, լիրբը ներման իմաստնությամբ է սկսում գերել ...

 

314.  

Հասարակությունը, որի գիտակցությունը երկար ժամանակ մնում է անփոփոխ, սկսում է ծնել հոգևոր ռախիտներ։ Ի տարբերություն արյունապղծության՝ այս հոգեպղծությունը խրախուսվում է բարոյականությամբ, սովորույթներով, կրոնով …

 

315.  

Աշխարհն անխնա արածում են նրանք, ովքեր ապրում են «ըստ հանգամանքի՝ մեկ ճշտի» սկզբունքով, փշալարերին վնգստում են նրանք, ովքեր բավարարվել են «հանգամանքից անկախ՝ ճշմարտության հարաբերականության» գիտակցումով, իսկ նրանք, ովքեր ձգտում են ճշմարտության բացարձակին, ոռնում են անդինից, որ աշխարհը ճշմարիտ է գլորվում գրողի ծոցը, ու այս ամենը լոկ նրա համար, որ չոբանը հասկանա՝ սխալ է արել խաղադրույքը …

 

316.  

Խլությամբ պաշտպանվիր երջանկություն քարոզողների աղմուկից ու վայելիր դժբախտության անգոյության զգացումը …

 

317.  

                Այն պահից սկսած, երբ ճշմարտություններ փնտրելու ճանապարհին սկսում ես տենչալ գոնե երբեմն սխալվել, մնում է հույսը, որ կսիրես նպատակը, ինչի արարման համար դու միջոց ես, իսկ նպատակն էլի ինքդ ես, ու քանի որ ատելությունից վերածնված սերն անկասկածելի է, նշանակում է՝ այդ հույսը նույն հավատն է, հավատը՝ սերը, և, ուրեմն, դու արդե՛ն ՍԵՐ ԵՍ, որը տուն դառնալու ճշմարիտ ճանապարհին է՝ սպանված Ես-երովդ ընդգծված ճանապարհ, որից, ժամանակի ընթացքում, մնալու է մի փոշոտ արահետ՝ ՆՄԱՆԻԴ համար:

Գոյդ բա՜ցա՜հա՜յտվա՜ծ է՜, իմ խաչված ԳԱՅԼ ախպեր ...

 

318.  

                Կգնահատեինք ունեցածը, եթե պատմագրության մեջ համեստ գտնվեինք …

 

319.   

Ագռավներն ու գայլերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունենում այս համաշխարհային կենդանաբանական արգելոցում։ Այլից զատ՝ պարզ է, որ առյուծներն ու ժամանակ առ ժամանակ նրանց գահընկեց անող բորենիները նույն տերերի դերակատարներն են, իսկ տերերն առասպելականերն են …

 

320.  

Կարևորը՝ որդի ունենաս, ոչինչ, որ ուրիշներին որդեզրկում ես,

Կարևորը՝ ծառ տնկես, ոչինչ, որ անտառ ես ոչնչացնում,

Կարևորը՝ տուն կառուցես, ոչինչ, որ երկիր ես քանդում,

Կարևորը՝ ծնողիդ բաժակ ջուր հասցնես, ոչինչ որ գետեր, լճեր ես թունավորում ...

Ու կարևորը՝ այս «իմաստնությունը» սերունդներիդ փոխանցես, ոչինչ, որ հետո նրանց զինանշանին լինելու են ուղտն ու կակտուսը, հերոսը՝ ալադինը ...

 

321.  

Շնորհ է, թե՝ զրկանք, պարգև է, թե՝ պատիժ, հետևաբար՝ օրհնված ես, թե՝ անիծված, համոզվելու համար՝ անպետք են բոլոր օրենքները, վկաներն ու դատավորները, քանզի կա ճշմարիտ միայն մեկ ապացույց՝ ներքին համոզմունք, բայց եթե ծագել է թե-ն, նշանակում է՝ ներքինդ արդեն փչացրել են, հետևաբար՝ ինքնաամոքման փոխարեն, պետք է ինքնարարվել …

 

322.  

Մերժվում է անհասկանալին. ըստ այս դատողության՝ մարդը ոչ թե միակ բանական, այլ՝ միակ ինքնամերժ գոյն է բնության մեջ ...

 

323.  

Անկեղծանալու համար՝ սկզբից բավարար վստահություն չկա, կամ՝ կա չհասկացվելու մտավախություն, իսկ հետո խանդն է անցյալը ներկա դարձնում։ Ուրեմն, նրանք, ովքեր զերծ են (ինքնա)ճանաչողությունից, սիրահարվելով՝ իրար պետք է ներկայանան իբրև ամենաստոր տականք, որ հետագա իմացությամբ հաճույք ստանան, կամ, գոնե, մխիթարանք ...

 

324.  

Սերն աշխարհում կա՝ միայն որպես մոլագար ուրվական, որը փորձում է հասկացնել, թե որտեղ և ինչպես է սպանվել։ Մարդու ինքնադիտման բթությունից հոգնած, նա ոչ ցանկանում է վրեժխնդիր լինել, ոչ էլ՝ նամանավանդ, հարություն առնել. նրա միակ ցանկությունը, այլևս, պատշաճ թաղվելն ու նեխումից ազատվելն է ...

 

325.  

Բթամտությունը խելքի պակասություն չէ, այն ունակություն է, որը ձեռք է բերվում վարժեցմամբ։ Ամենուր, հատկապես երջանկության մեջ, այդ հմտությունը հաղթում է ցանկացած իմաստնության …

 

326.  

                Այ ռետինե պտուկից կախված կաթնակեր, նախքան ինքնադատության նիստին վկա հրավիրելը, պետք է հարցաքննելու վարպետություն ձեռք բերել, հակառակ դեպքում՝ քեզ կմնա միայն սեփական մատդ ծծացնող զարմանքը, որ աստվածն ու նեռը իրար դեմ ցուցմունք չեն տալիս …

 

327.  

Անհամեմատ ավելի քիչ դժբախտ կլինեինք, եթե մինչ դժբախտությունը միմյանց տայինք այն, ինչ տալիս ենք դրա ժամանակ՝ թեկուզ նույն ձևականությամբ ...

 

328.  

Երբ սովորում ես բութ գլխով դիմակայելու փոխարեն՝ հոգու ցավը տանել ներարկելով, ձեռք ես բերում կախվածություն, որի հաճույք տվող վերջին չափաբաժինն ապահովում է սպանությունը նրա, ում պաշտում ես, իսկ հետո միայն հոգին ջարդող «լոմկա», եթե չես հասցնում միանալ դժոխքին՝ ներարկման կաթիլային համակարգով …

 

329.  

Մարդն ուզում է անհամատեղելի երկուսը մեկում՝ առանց ցավ անմահություն. անհամատեղելի, որովհետև եթե առանց ցավ, ապա կյանքն առաջին ատամով պետք է ընդհատվի, իսկ անմահության համար՝ ցավը պետք է դեռ արգանդում ճանաչի …

Նրանում, ինչ համընդունված իմաստով գերագնահատված է՝ իբրև ընտրության հնարավորություն, մարդու միջակությունը ծնողական երազախաբ սիրուց սկսված է արտահայտվում. սեր, որն, ընդամենը, միջակությանը տալիս է երկարակեցություն ...

 

330.  

Եթե, օրինակ, ոչխարի հոտը քննարկեր շնագայլերի միջև վեճը և յուրաքանչյուր ոչխար հավատար, որ իր դատողություններից է կախված հոտի հետագա ճակատագիրը, դա դիպուկ կնկարագրեր հանրային քննարկումը քաղաքականության մեջ և դրանում կարծիք հայտնելու մարդկանց եռանդը, միաժամանակ՝ կբացատրեր, թե որտեղից է ընդօրինակվել այդ հիմարացումը:

Բայց նման օրինակ չկա ու հիմարացումը հեղինակային իրավունքով պատկանում է մարդուն ...

 

331.  

Տհաճ ինքնագովություն է «ապրում եմ հանուն»-ը, քանզի ապրելու այլը չի էլ լինում, ու նույնն է նաև «մեռնում եմ հանուն»-ը, քանզի մեռնելը միակ «ինքն իր համար»-ն է ...

 

332.  

Գերադասելի է լինել ամենապոռնիկը, եթե պոռնկատան միակ կույսը չես. դրախտի վիճակահանությանը մասնակցելու փոխարեն՝ ինքդ դժոխքում տեղդ որոշես ... 

 

333.  

Սերը չեն սահմանում, սեր՝ լինում են։ Նույնը կարելի էր ասել մարդ լինելու մասին, եթե մարդը չլիներ նա, ով պետք է դառնա սեր …

Բայց … ու մարդն ամեն ինչ է, բացի ինքն իրենից …

 

334.  

Եթե հատվող առուները չշարունակեին հոսել միախառնված, հատման կետը կլիներ նրանցից յուրաքանչյուրի վերջը, բայց և շարունակության մեջ էլ առանձին-առանձին նրանցից ոչ մեկը գոյություն չունի։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ (ինքնա)ճանաչողությամբ իրար ձգտելու մասին։

 

335.  

Ամենատարողունակ բառն (ինքնա)ճանաչողությամբ հասած «չգիտեմ»-ն է …  

 

336.  

Հրաշագործ համեստությունն անգամ մեղսագործի հանդեպ կարող է համակրանք ստեղծել, և ինչպես պարզվում է՝ համեստ մարդու գործած մեղքում էլ միշտ իմաստ կա, որը չես կարող չընդունել, եթե միայն՝ չոր հետույքի ճշմարտության կրող չես …

 

337.  

Սիրո հաղթահարումը՝ (ինքնա)ճանաչողության կրքից բարձրակետում հրաժարումը՝ (ինքնա)զոհաբերմամբ սիրահարվածության հավերժացումը ՄԵՂՔ Է, որը, (ինքնա)ներման անընդհատությամբ, ապահովում է բարձրանալու մշտնջենականություն՝ առ բարձրագույն ԵՍ-ը …

 

338.  

(Ինքնա)ճանաչողություն կոչվող հրեշը, որի գոյության մասին իմանում ես, երբ արդեն արթնացել է, հարազատություն տեսնում է միայն նրանում, ով նպաստում է ինքդ քո մեջ նայելուն …

…ու, անկախ դիմադրության կամքից, նա անպայման որբացնում է քեզ՝ արյունը վերածելով ջրի և գոլորշացնելով այն, որից պարզվում է ճշմարտությունը, որ նա ոչինչ չի փոխել՝ այդպիսին եղել ես միշտ …

 

339.  

Երբ փոխլրացում չեն, հավատով մեռնելը նախընտրելի է հույսով ապրելուց ... 

 

340.  

Որբի տեսակ, ով «շինում է» իր պահողին.

Ամեն գնով աշխարհում հաստատվելու փոխարեն՝ նախընտրելի է տիեզերքում մոլորվել, ու չլինել ցեղակիցը նրա, ով վաղուց է ցույց տվել, որ երկիրն իր տունը չէ, բնությունը՝ մայրը ...

 

341.  

Մտքերը գալիս են պատերազմո՞վ, գնում՝ խռո՞վ, ու քեզ մնում են տնքացող հույզե՞ր ...

... ամեն ինչից զատ, համատարած «իմպոտենտության» պայմաններում, դա էլ վատ «սեքս» չէ, որով կարելի է տանել երկարակեցություն հիվանդությունը ...

 

342.  

Անկասկածելին հանկարծահաս է՝ ճիշտ մահվան պես …

 

343.  

Մեկի անհատականությունը բխում է հավատից, որ մահը վերջն է, մյուսինը՝ որ վերջը չէ, բայց երկուսն էլ նույն միջակությունն են՝ իրենց հավատը պայմանավորող կասկածի չափով …  

 

344.  

Աստված սիրեց բոլորին, երբ գտավ ճիշտ կետը, որտեղից հեռու է՝ համապատասխան յուրաքանչյուրին ...

 

345.  

Մարդն այլևս նման է երկկողմանի կապված վզով պարկի, մեջը՝ նեխումից ուռած հոգի, ու չկա տարբերություն գլխի վրա է, թե ոտքերի՝ երկուսով էլ վազում է անզգա և անհոգի …

(Ինքնա)ճանաչողությունը նրա համար, ինչպես փուշը՝ փուչիկի, ազատությունը՝ ըստ քամու, գոյատևումը՝ ըստ խաղացող ձեռքերի քմահաճույքի …

 

346.  

                Բնությունն էլ, ի վերջո, ներելու է մարդուն՝ իբրև ուղտի …

 

347.  

Եթե չես հանդիպելու խտությանդ ներդաշնակ մեկին, ում խառնվելուց չի փոխվելու (ինքնա)ճանաչողության միտված էությունդ՝ միայն ավելանալու է ծավալդ, որ հասնես (ինքն)արարմանդ ծովին, ուրեմն՝ նախընտրելի է ներծծվել ու մասը կազմել ստորգետնյա ջրերի, կամ գոլորշանալ ու մասնատվել անձրևի կաթիլների …

 

348.  

Հասկանալու համար՝ ոչ միայն արժե, հետո նաև քիչ է կորցնելը. անհրաժեշտաբար պետք է սպանել …

 

349.  

Անհնար համարելու, կասկածելու, նաև հավատալու համեմատ՝ անմեղ անասնություն է, ինչպես ցանկացած այլ կենդանու դեպքում, չիմանալը, որ ավելին լինելը, քան մարդն է, հիմնարար գիտության վերածվելու ճշմարտություն է …

 

350.  

Լավագույն դեպքում՝ հանդիպում են սուր արտահայտված հետաքրքրություններ, որոնք արագ է բթացնում կարծրացած գիտակցությունը. սա այն մասին՝ հնարավո՞ր է արդյոք՝ գո՛նե մահափորձի հասնող (ինքնա)ճանաչողությամբ, եթե անհնար է սիրվելը՝ աստվածներին հատուկ՝ օրհնված սպանության հասնող (ինքն)արարմամբ …

 

351.  

Մենք սովոր ենք լսել մայրական միակ ծնող և ապրացնող սիրո մասին, ու արգելված է բացահայտելը, որ հենց միայն մայրն է ունակ իմաստավորված սպանել, կամ օրհնել զավակի մահը։

Ըստ այդմ, կան մայրեր, ովքեր, լավագույն դեպքում, մարիամ են մինչև խաչին գամվելը, երբ նրանց մեջ արթնանում է եվայի խիղճը ու այդ պահից նրանք դառնում են միակ փրկիչները, ովքեր մինչև ծնելն են դավաճանել նրանց, ովքեր ծնվել էին (ինքն)արարման համար։

Իսկ լիլիթը շարունակում է դավադրաբար մերժվել կնոջ մեջ, որն, իբրև հույս, ոչ թե մահանում է վերջում, այլ՝ նրա մահով սկսվում է ամենայն վերջը …

 

352.  

Նրանք ապրում են, մենք փնտրում ենք. մենք ձգտում ենք անհայտին, նրանք վերցնում են մեր ձգտումից ստացված հայտնին, որով դառնում են երկարակյաց։

Նրանք …՝ ամենից, մենք դժգոհում ենք մեկ անհարմարությունից. ձանձրանում ենք ապրելու մասին նրանց խրատներից …

 

353.  

Եթե հնարավոր լիներ մոնտաժել մի քանի րոպեի, ապա, թե ինչպես է աշխարհը գլորվում գրողի ծոցը, կարելի էր դիտել՝ գավաթ սուրճի վայելքով և չմտածել դիտորդի ժառանգած գրիչը ժառանգությամբ փոխանցելու մասին …

 

354.  

Սահմանները մարդու հիվանդ գիտակցության արդյունքն են. բնությունն ունի այլ պահանջներ՝ քայլել, սահել, լողալ, թռչել ...

 

355.  

Վստահաբար, անգամ աստվածաշնչում բանտարկված աստված, սպասվածից ավելի խորը ընկալում ունի առաքինության և հավատի մասին, ուստի՝ պոռնկատանը նրան հանդիպելու հավանականությունն ավելի մեծ է, քան պալատական եկեղեցիներում …

 

356.  

Կնոջ տաք կրծքով դրախտում հայտնվելու հավանականությունն ավելի մեծ է, քան ցանկացած աղոթքով և/կամ զոհաբերությամբ …

ու, առհասարակ, կնոջ կրծքի հետ ցանկացած համեմատելի՝ ստորադասվում է կարևորությամբ։

Աստված էլ տնքաց՝ Ա՜ՄԵ՜Ն …

 

357.  

                Փա՜ռք ամենայն բաժանումներին. Ճշմարտաբեր …

 

358.  

Ի՞նչ կլիներ, եթե արգանդափողում հայտնված սերմնաբջիջներն ինքնուրույն բազմանալու հատկություն ձեռք բերեին:

Կլիներ այն, ինչ մարդու մասնակցությամբ, լինում է աշխարհում. հղիացման մշտնջենականությամբ` ամլություն և ընտրելիի անորոշությամբ՝ ձվաբջջի անհույս սպասում …

 

359.  

Եթե նա չէ, ով պետք է դառնա ավելին, ապա ինչու նա չէ, ով կարող է անհաղորդ մնալ տառապանքին. հարց, որը հնչում է որպես պատասխան՝ մարդու ամոթալի միջակության …

 

360.  

Մնաս բարով, մարդ, կամ ողջույն, մշտնջենական մենություն.

Քանի դեռ ինձ չափում ես բարոյականությամբ, նշանակում է՝ չեմ դարձել մենությունդ, կամ մենությունդ սահմանափակված է սահմանումներով, որոնք քոնը չեն, հետևաբար, դու՝ իմը …

 

361.  

… և ոչ էլ երկնայինը՝ ձանձրալի ապահովությամբ, առավել ևս, ոչ էլ հոգնեցնող զգուշավորությամբ երկրայինը, այլ ճախրանք՝ հիշարժան դարձնող «հանկարծահայտ» ժայռը …

 

362.  

… արդյոք սերն ուրիշ իմաստ ունի՞.

Ցավալի ոչինչ չկա նրանում, որ (ինքնա)ճանաչողության արդյունքում մի օր ստիպված ես լինելու տանդ հասցեն հարցնել ուրիշից։ Ցավալի կլինի այն, որ հարցդ, չիմացողների միջից, չհանդիպեցնի ՄԵԿ-ին, ով կասի՝ գնանք միասին …

 

363.   

Կեղծ է սերը, որը մահանում է քեզանից առաջ,

Կեղծ ես ինքդ, երբ սիրուց առաջ ես մահանում,

Կեղծ է ու կեղծ ես, երբ միասին եք մահանում,

Կեղծ է ու կեղծ ես բոլոր դեպքերում, երբ մահը հետաքրքրությամբ չի սպասում նրան, ով ՄԵԿացած կանչում է՝ ՍԵՐԸ ԵՍ ԵՄ ...

 

364.  

Երբ անիծում է նա, ով աստվածացրել է, և օրհնում է նա, ով նեռ է համարել, հատուկ հետաքրքրություն է ձեռք բերում մահը՝ իմանալու, թե սիրո մեջ նրանցից ով է եղել անկեղծը:

Երբ անիծում և օրհնում է նույն ՄԵԿը, մահը ձեռք չի բերում՝ հետաքրքրությամբ ապրում ես անդինյան սիրո անկեղծը ...

 

365.   

Բարձրագույն Ես-ի տենչը.

Բացակայել այնտեղից, որտեղ կարող ես կոչվել երջանիկ և/կամ դժբախտ, ու չգոյատևել մեկը երկուսի բաժանելու ու կեսը մեկացնելու մարդայնացմամբ։

Ապրել վերմարդկային և/կամ մեռնել անմարդկային ...

 

366.   

Ոչինչ այնքան վկաներ չի փնտրում, ինչքան մենությունը, և, գուցե, հենց միայն մենությունն է վկաներ փնտրում։

Նույն մենությունն է մեկին դարձնում աշխարհի տիրակալ, երբ բոլորը նրա վկաներն են, մյուսին՝ աշխարհին տրված, երբ ինքն է իր միակ վկան. մեկին՝ փառասեր, մյուսին՝ սիրուն փառք տված ...

 

367.   

Բարձրագույն Ես-ը ունի խղճի միայն մեկ դրսևորում՝ նա, որպես հոգու փրկության միակ հնարավորություն,  ցանկանում է սպանել բոլորին, և ունի հպարտության միայն մեկ դրսևորում՝ առանց փոխադարձության ոչ մեկին չի փրկում. արդյունքում՝  սպանում է նրան, ում հետ սեր է արարում ...

 

368.   

Հրաժեշտային.

Դուք այնքա՜ն ծիծաղելի եք տխրում ու այնքա՜ն ձանձրալի՝ ուրախանում. բոլոր զգացմունքներում և ապրումներում դուք հյուր եք, իսկ ներկայում կաք, ինչպես վերջին գնացքը բաց թողած ուղևոր, ով մտովի հասնում է գնացքին, պայթացնում է գնացքը, հաջորդ կանգառում դիմավորում է ինքն իրեն ..., բայց շարունակում է նայել հակառակ կողմը, որտեղից չի գալու հաջորդը ...

Դուք պիտանի եք միայն որպես համոզմունք, որ պետք է խաչ նկարել՝ նախապես բացված ուղին ուղղահայաց հատելով և հեռանալ՝ ինքնարարման արահետով, կամ՝ ճանաչողությամբ ինքնաոչնչացվել, ու/բայց ուղին զուգահեռ Չշոշափել ...

 

369.  

(Ինքնա)ճանաչողություն - (ինքն)արարում. սկսվում և ընթանում է խառնարանի բարդ անորոշությամբ, ավարտվում՝ ամենի պարզ ոչնչով. մնում ես սեր՝ ինքդ քեզանից էլ՝ ազա՜տ

                  

Սրբագրիչ՝ Նառա Խոստեղյան

Տիգրան Գորշ (2019)։ Ես սեր եմ, մնացածը ես չեմ (գիրք II - Թեոսոֆիա)։ 

Երևան: Ասողիկ։ ISBN 978-9939-50-455-1   

 Ներբեռնել 

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...