10 янв. 2018 г.

Ինչու գայլը.


Ինչու գայլը․

Գայլը միակ կենդանին է, որին մարդը ներել չի կարողանում, բացի այն, որ մարդն իրենից թույլին, իսկ ավելի հաճախ՝ ստրուկին է ներում, միայն փաստը, որ գայլն ու մարդը չեն մտերմանում, բավական է հենց նրան վստահել արդարախույզի առաքելությունը։ Եվ ի տարբերություն այլ էակների և էությունների, անգամ աստվածների ու չաստվածների, միայն գայլն է լսելի դարձնում ճշմարտությունը՝ անկախ նրանից, ուզում ենք լսել, թե՝ ոչ։ Եթե բնության մեջ ամեն ինչ կարելի է բաժանել աստծո կամ անաստվածի զավակների, ապա գայլը միակն է, ով աստծո և անաստվածի կենակցության ծնունդն է՝ գուցե նաև ոչ սիրո, այլ հենց կրքի պոռթկումի, որը սովորաբար համարվում է մեղանչություն, բայց դրանից չի չեզոքանում նրա բնական կապվածությունը և՛ մեկի, և՛ մյուսի հետ, հետևաբար նաև հավասարարժեք սերն ու հարգանքը նրանց հանդեպ, ինչը նրա անկեղծության նախապայմանն ու այդպիսի գոյության հիմքն է։ Թեպետ այս կամ այն կողմից նա մարդու արյունակիցն է, բայց նրա կողմից միակ չընդունվածն է՝ նման արտաամուսնական կապից ծնված զավակի, որի հետ մշտնջենական կռվի մեջ են՝ հանուն ժառանգության։
Մարդու հետ հաշտության գալու համար ԳԱՅԼԻՆ առաջարկվել է լինել մարդ կամ շուն, բայց հասկանալով, որ մարդ դառնալու համար պետք է էությամբ լինի ՇՈՒՆ, իսկ շան դեպքում՝ իր մեջ բանտարկի ՄԱՐԴՈՒՆ, նախընտրել է մնալ ՎԱՅՐԵՆԻ, ու անհաշտության արդյունքում դադարել է ապրել․ սովորում է չմեռնել։ Մարդաշան և շնամարդու հետ հանդիպումների ժամանակ գայլը, սովորաբար, հարձակվելու փոխարեն խելամտորեն ընտրում էր փախուստը, բայց խելամտության հանդեպ առաջացող ձանձրույթը նրան դրդեց իմաստնության և գնալով հաճախակի են դառնում դեպքերը, երբ նա ընտրում է հարձակումը։ Բնավ նրանից չէ, որ հզորացել է և/կամ ձգտում է հաղթանակի, պարզապես սկսել է գեղագիտորեն միջամտել իր ոչնչանալուն՝ ինքնասպանվում է այլոց ձեռքերով՝ նրանց զրկելով իրեն սպանելու հաճույքից։ Նա չի դաժանացել ու չի չարացել, ուղղակի սովորել է մեծացնել իր հանդեպ ատելությունը, որ չերերա հալածող ձեռքը՝ դիպուկ ու ավելի ցավոտ լինեն հարվածները, միանգամից վրա չհասնի վերջը՝ տևական լինի տառապանքը, ինչի արդյունքում դեռ կենդանության օրոք է հասնում հետոյի սահմանագծին՝ իմանում ու/բայց չի պատմում, պատասխանն իմանալու տենչով նայող աչքերին ժպտում է և ասում՝ կասկածեք, որ ․․․
Ու որքան էլ զարմանալի թվա, դա սերն է նրա, սերը գոյության և հենց նաև թշնամիների հանդեպ՝ նրանց կողմից սպանված, ապա՝ որպես երեխա վերածնված ու վախից հոգու խորքում թաքնված էության հանդեպ, որ մի օր պետք է համարձակվի դուրս գալ, իսկ կասկածն այն ժամանակահատվածն է, որի չափով հետաձգվում է վերջն ամենքի ու ամեն ինչի։

© ԱՄԵՆ, Տիգրան Գորշ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...