18 окт. 2023 г.

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ մարդու չնչինությունը՝ իր ամբողջ հանճարեղ նվաճումներով հանդերձ։ Նույնը կասեր ցանկացած հեքիաթի կերպար, եթե ունենար մտածելու ինքնուրույնություն, ուրեմն, սա, միաժամանակ, մեզ արտոնում է որոշել սկիզբը եւ սահմանել վերջը, ինչում մարդը նախորդում է սկզբին ու էլ երբեք չի հիշատակվում։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝
Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր,
Շարունակում է առաջնորդել,
Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։
Տողերս դարձել են մեղքի օրրան,
Որտեղ Աստվածն արդարանում է, Նեռը՝ մխիթարվում,
Եվ միայն Բարձրագույն Ես-ն է օրորոցային լսում։
Ու թեկուզ հերքում եմ սրանով նաեւ քեզ,
Բայց, որ դարձնեմ ու մնաս իմ Ես։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է ցանկացած հավատամքի եւ/կամ փիլիսոփայության, այն կրողի հեռավորության որոշիչն է ու հասունության չափը սեփական իմաստնության մեջ, քանզի երբ իմաստնություն կա միայն նրանում, ինչում կա ինքնաճանաչողություն եւ ինչը հենց միտված է ինքնաճանաչողության, որի վերմարդկային աստիճանում, ինչը կոչվում է ինքնարարում, դադարում է ոչ միայն խոսունակությունը, նաեւ՝ ինքնախոսությունը։
Մարդկայի՞ն է արդյոք այս նվաճումը, բնավ, ո՛չ, հետեւաբար եւ չնչին են իմաստնության այն բոլոր հեղինակությունները, ովքեր մինչեւ վերջին շունչը շարունակել են խոսել,- բոլորը, ովքեր չեն դադարել մարդ համարվել։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 окт. 2023 г.

330/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թե որ ուզես հասկանալ՝ ինչքան անբովանդակ կարող է լինել մարդկային գոյությունը, բավական է տեսնել, թե ինչպես կհամբուրի նաեւ այն, ինչի վրա միզում էր՝ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը հնարամտություն է ունեցել դրանից ստանալ պաշտամունքի խորհրդանիշ, ինչին հանդիպելուց՝ «հոգեւոր» անասունի մոտ միանգամից արթնանում է ոմն «լուսավորյալի» կողմից ներարկված եւ սովորութականության աստիճանի վարժեցրած տգիտությունը, որի անեզրությունը նրան տալիս է հավերժությանը հաղորդակցվելու՝ Աստծուն հանդիպելու պատրանք, ինչից հետո էլ ոչինչ չի կարող վերադարձնել նրա ինքնասուզման՝ արարչական երկխոսության ունակությունը:
Կրոնականությունը մարդուն հեռացնում է կենդանուց ճիշտ այնքան, ինչքան մոտեցնում է անասնականությանը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



329/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հիշի՛ր, զավա՛կս, պատգամ որպես,
Ինձ հիշելու պարտք չունես 
Ու ծնվելով՝ արդեն իսկ ինձ գերազանցել ես,
Ուստի, ուրիշ ոչ մեկին, քան միայն ինքդ քեզ,
Հաղթելու խնդիր չունես.
Ինքնարարվիր ավելին, քան արարել եմ ես:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



328/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բարեկամը սպասում է առիթի, թշնամին՝ հնարավորության. ավելին պետք չէ իմանալ՝ նրանց նույն կողմում տեսնելու, ասել է թե՝ կողմդ իմանալու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



327/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Միեւնույն է, լինելու է այն, ինչին արժանի ես, նաեւ կրելու ես բաժին հետեւանքը՝ որպես հավաքականության մաս».- ահա այն զտիչը, որը պետք է գիտակցությունդ մաքուր պահի մաղթանք, խորհուրդ, խրատ աղբերից, ու միայն մաքուր գիտակցությունն է ունակ հետեւանքը տեսնել իբրեւ պատճառ եւ միջոց՝ լինելու ավելին, քան՝ էիր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



326/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնարարման վարակի տարածման հարցում, մենք՝ վարակներս, պետք է առաջնորդվենք եզակիությամբ եւ լինենք այնքան զուսպ, որ խուսափենք ինչպես տգիտությունից, որն ունակ է սպանել ամենայն բարձր բան, այնպես էլ ուրիշի մտքերով խցանված գիտունությունից, քանզի սրանում էլ անարատ ոչինչ չի մնում՝ ձեւախեղվում է այլանդակության։ Փոխարենը՝ մեզ պետք է գրավի այն հասած կուսությունը, որը տենչում է սիրվել, բայց դեռ ինքն իրենից չի շեղվել, իսկ շեղվածներից այն մեկերը, որոնք դեռ ներուժ ունեն իրենց ինքնան վերագտնել։ Մեզ, որպես արգասաբեր միջավայր, պետք է գրավեն միայն այն բանականությունները, որոնք բնատուր հակվածություն ունեն իրենք իրենց ստեղծել եւ որոնց պակասում է հուշումը, որ ԿԱՐՈՂ ԵՆ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



325/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդն ինքնարարմանն այլընտրանք չունի եւ, գուցե, սրանում նա միակ դժբախտ էակն է, որը չի կարող իրեն թույլ տալ արարչի անսպառ հովանավորչության ներքո անհոգ գոյություն, բայց անկախ նրանից, որ ինքնարարումը դեռ չի հռչակել իր լինելիությունը պայմանավորող մեկ նպատակ, նա հենց այդ նպատակով էլ առաջնորդվում է վաղնջական ժամանակներից։ Նրա ցանկացած ձգտում՝ անգամ անմահանալու ցանկությունը, եւ նրա ցանկացած նվաճում՝ այդ թվում ինքնաբուժման, ոչ միայն անկախ չեն ինքնարարումից, այլ՝ ուղիղ ածանցվում են դրանից։ Ուստի, բանականության նվաճման եւ առաջնորդման այս ՀԱՎԱՏԱՄՔԸ ճշմարիտ արթմնությունից զատ, նաեւ զգուշացում է սպասվող հոգեւոր ճգնաժամի, որն արդեն իսկ անգիտակից զգալուց բացի, գիտակցաբար ընկալվելու է, քանզի երբ ինքնարարման մեջ բոլոր նվաճումները դեռ միայն մարմնական են, որի ցանկացած հաջորդող ձեռքբերման հետ զգալի է լինելու, թե էությունն ինչքան հին, սահմանափակ ու անհապատասխան է դրան։ Բայց հենց այն նույն դժբախտությամբ, որ ինքնարարմանն այլընտրանք չկա, մարդը դատապարտված է գտնել մարմնականի եւ հոգեւորի ներդաշնակությունը նաեւ դրանց բարձր զարգացման մակարդակում ու լինել այդ ներդաշնակումը՝ անկախ նրանից, թե դրան հասնելու համարn դեռ քանի քաղաքակրթություններ պետք է անցնի, քանզի հակառակը կնշանակի ոչ այլ բան, քան ոչնչացում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



324/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե անգամ մեղքը տրվել է իբրեւ փորձություն, ապա ոչ թե կողմերի միջեւ ընտրություն կատարելու, այլ՝ արարչության եւ ամլության, որտեղ ճշմարտությունը նրանում է, որ չկա մարդուն կենդանականությունից բարձրացրած գեթ մեկ նվաճում, որին պայմանավորած լինի անմեղությունը, եւ/կամ պայմանավորած չլինի մեղքը։ Առհասարակ, ամլությունն ու անմեղությունը, իրենց նույնաբովանդակությամբ, ցանկացած գոյակի գոյության արդարացումն են, բայց ո՛չ մարդու։ Հենց միայն մեղքն է առաջին հանգամանքը, որը մարդուն նմանեցնում է Արարչին՝ անկախ նրա լինելիության ընկալումից՝ պատճա՞ռ է, թե՞ նպատակ։
Բայց այստեղ էլ պետք է գիտենալ՝ եթե բոլորին վստահեցնես, որ ամեն ոք աստված է, ապա նրանցից յուրաքանչյուրն անհատապես անասնականությունից էլ ներքեւ կգլորվի, ուստի սրանում էլ պետք է թույլ տալ այն աստիճան ինքնուրույնություն, որ մեղսագործն իրեն զգա մեղքն արարած, ապա՝ ընկալի մեղքով ինքնարարված, ու պետք է զերծ մնալ քարոզի բթացումից, առավել եւս՝ քարոզող լինելուց, քանզի երբ այն չունի այլ նշանակություն, քան միայն հասարակացնելով ոչնչացնելն է ցանկացած բարձր բան՝ հատկապես, երբ այն վերաբերվում է ինքնարարմանը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



323/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Փրկու՞մ ես, թե՞ կործանում,
Առաջնորդու՞մ ես, թե՞ հետապնդում,
Վկա՞ ես ինձ, թե՞ խամաճիկդ եմ ես,
Վերջապես, որպես ծնողի՞ արհամարհեմ քեզ,
Թե՞ սպասեմ ինչպես զավակի,
… չը-գի-տեմ …,
Բայց ինձ գայթակղում է այս տողերը թելադրելու անխղճությունդ և դրանք հեգելու՝ հպարտությանդ իսպառ ոչնչացումը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


13 окт. 2023 г.

322/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Զգայունակությունն էլ, ինչպես գիտակցականությունը, ձգտում ունի կատարելության, որտեղ դրանց հակիմաստությունը վերանում է ոչ թե անբովանդակ եւ անզգամ միջակության, ինչպես հաճախ հանդիպում է, այլ՝ ամենակուլ այնպիսի պարզության մեջ, երբ այլեւս անհնար է տարանջատել իրականության ընկալման ձեւաբանությունը՝ միտք է, թե զգացմունք, ու միայն դրանից հետո է սկիզբ առնում հաղորդակցումը գոյության ոգու հետ, նրա հետ կենակցումն ու ինքնարարումն իբրեւ այլ (բարձր) բան, քան եղել ես՝ որպես զգացմունքային փոքրություն եւ բանական չնչինություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



321/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

 որովհետեւ ամբողջական չենք քննել մեր հայրերին, չենք տեսել ու չենք արհամարհել նրանց թուլությունները:
 ուրեմն այլ բան ունակ չենք անելու ինքներս ու անելն էլ անօգուտ է, քանի դեռ (նախ) չենք անկեղծացել հաջորդ սերնդի համար՝ այսօրվանից սիրելով մեր խեղճության նկատմամբ մեր զավակների վաղվա արհամարհանքը, որը պետք է ծնվի նրանց ուժից եւ ուժեղացնի նրանց։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



320/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչպես պարզվում է «գնա մեռի, արի սիրեմ» բռնությունից ոչ ոք փրկություն չունի՝ ո՛չ մի հանճար եւ ո՛չ մի տականք, ուստի նա, ով անկեղծ է անսեր միջավայրում իր գոյության մեջ, պետք է այնպես անի, որ մեռնելուց հետո էլ ետ գա միջնամատը ցցած՝ իբրեւ միջակությունը ժխտող բարձր ճաշակի դրսեւորում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



12 окт. 2023 г.

319/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, որ անհաջողությունն էլ անվերջ չի կարող շարունակվել, ինչպես ցանկացած այլ բան (բացի տգիտությունից) դա տիեզերական օրինաչափություն է, բայց, այնուամենայնիվ, բարձր բանականության համար նվաստացուցիչ բան կա նրանում, ինչն իր կամքից անկախ է՝ թեկուզ, երբ դա մեծ հաջողությունն է:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



11 окт. 2023 г.

318/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են ազատասիրությունը, ինքնասիրությունը եւ արդարամտությունը, որոնք, որպես կանոն, լինում են միակցված, ձեռք չեն բերվում կրթությամբ, դաստիարակությամբ, կամ վարժեցման որեւէ այլ ձեւով։ Դրանք բացառապես գենետիկ հատկանիշներ են, որոնք բնատուր կրում են քիչ մարդիկ՝ առանձնանալով իբրեւ մարդու հատուկ տեսակ։ Նկատի ունենալով քանակական հարաբերակցությունը՝ նման հատկանիշներ կրելը, որպես աննորմալ փոքրամասնություն, մի կողմից կարող է համարվել հիվանդություն, մյուս կողմից՝ տաղանդ, ինչպես, օրինակ, շիզոֆրենիան է հաճախ հանդիպում գիտության, արվեստի եւ այլ գիտակցական ոլորտների տաղանդների մոտ։
Որոշակի իմաստով՝ ազատասիրությունը, ինքնասիրությունը եւ արդարամտությունը եւս կարելի է համարել շիզոֆրենիա։ Դրանք արարչական դրո՞շմ են, թե՞ ունեն պատճառահետեւանքային ծագում, առնվազն ներկայիս դրությամբ հայտնի չէ, բայց փաստ է, որ դրսեւորումը գենետիկ է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



10 окт. 2023 г.

317/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդկանց համատարած կլանել է նույն մոլորությունը. նրանց թվում է, թե իրենք բանականորեն խիստ այլ ու բարձր են նրանից, ինչ եղել է կես դար եւ ավելի առաջ։ Իսկ իրականությունը նրանում է, որ բանականությունը դեռ ծառայում է գոյության պայքարին, ինչը հասարակ անասնականություն է նրա համեմատ, ինչը տրված է լինել գոյի արարչականություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



9 окт. 2023 г.

316/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Երբ համախոհդ եմ, ինքդ էլ ավելի ուժեղ ես, իսկ երբ հակառակորդդ եմ, ուժեղանալու խթան ունես։ Ասել է թե՝ ոչ մի պարագայում վնաս չեմ քեզ, ու վախենալու եմ ճիշտ այնքան, ինչքան ինքդ ես անդեմ». - ընդունված բարքերին դեմ՝ այսպես խոսեց ինքնարարը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



6 окт. 2023 г.

315/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

… ինքնարարների օրհնության երգը.
Չկա ավելի տխուր երգ, քան օրորոցայինը, որ ստիպված է եղել երգել հայրը, ու չկա ավելի հոգեհանը, քան այն, որ երգվել է ինքզինքը՝ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



314/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ներցեղային եւ միջցեղային պայքարը, իբրեւ զարգացման բնական օրենք, մարդու համար վաղուց իրեն սպառել է, եւ, իբրեւ այդպիսին, հակատիեզերական է, բայց, իր ամբողջ կործանարար հետեւանքով հանդերձ, շարունակվում է կիրառվել (նաեւ որպես պահանջի հասունացումը զսպող խաբկանք) քանի դեռ հետագա զարգացումն ապահովող նորը չի գտնվել, որի մասին ինձ հաստատապես հայտնի է այն, որ անկախ սահմանումից՝ այն անպայման իր մեջ կրելու է մարդու ինքնարարման գաղափարը, որին այլընտրանք պարզապես չկա, եւ այդ ճշմարտությունը յուրացնելու հետաձգումից, կամ հապաղումից նվազում է հնարավորությունների պաշարը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



2 окт. 2023 г.

313/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սիրո խոստովանությունը պետք է ընդունես իբրեւ մահափորձ, որ ընտրության հնարավորություն ունենաս ինքնասպանության եւ էշ նահատակ լինելու միջեւ, կամ՝ չընդունես ընդհանրապես։ Ու սա կոչվում է սիրել արթմնի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



312/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չէ՛, եղբա՛յրս, խնդիրը միասնականության մեջ չէ, այդտեղ մենք ամենաշատն ենք կեղծում, քանզի եթե ընտանիքի պես, ապա պետք է որ արագ անցած լինեինք նյութական նվազագույն պահանջի (լափից, եկեղեցու խաչից) ու շատ կարճ ժամանակում լուծեինք բոլոր խնդիրները, որի հնարավորությունն օբյեկտիվորեն կա, ու, միաժամանակ, ակամայից դառնայինք աշխարհում բարձր բարոյականության օրինակ ու առաջնորդող։
Բայց, ու մենք հիմար ենք նաեւ, երբ հարաբերվում ենք սիրելով, կամ ատելությամբ, երբ, ընդամենը, պետք է հարգանքի այն հեռավորությամբ, որը չի ավարտվում հուսախաբությամբ։
Այսպիսով, եղբա՛յրս, մեր նեղացած համակեցությունն ավարտում ենք հաշտությամբ, բայց արդեն մահվան գրկում, ու թե մեզնից ում է տրված զգալ մյուսին կորցնելու ցավը, դա էլ մի այլ վիճակախաղ է՝ գուցե, նաեւ, բախտավորություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



311/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

- Բարեւ՛, ամենա՛յն տականքություն, դեռ շա՞տ կա, որ հասնեմ հատակդ։
- Բարեւ՛, բանակա՛ն արարած, անկեղծ ասած՝ հարցդ շփոթեցնում է ինձ եւ ես կորցնում եմ տարածության ընկալումը, քանզի (երբ) ձայնում ես ընդհատակից։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...