Aug 13, 2026

անտիպ - 144/2026

Գորշի ռեփոսոֆիա


Մի՛ վախեցիր մահից՝ նա գալու է ավելի ուշ, քան լքելու է կյանքը։
Մի՛ վախեցիր նաև ապրելուց, որ չլինի ինչպես առաջին միտքը։

Սիրու՛ց զգուշացիր՝ նա միշտ նախորդում է իմացությանը,
Բայց նաև հաջորդում է. իմացությունի՛ց էլ զգուշացիր։

Ճանաչի՛ր քեզ, բայց մի՛ սահմանիր, որ չդադարես ճանաչել։
Միշտ իսկությա՛մբդ եղիր, միևնույն է, կասկածելու են միշտ։

Շատում, թե քչում փնտրի՛ր իսկականը, իսկականում՝ քոնը։
Քոնի բացակայությունը ուրիշով մի՛ լցրու ու մի՛ եղիր ուրիշի լցոնումը։

Կդանդաղես, թե կշտապես, չի՛ փոխվի ժամանակի ընթացքը,
Բայց անշտապ ընթացքը կարող է մեծացնել հեշտանքը։

Հաճույքների մեջ ընտրիր բնականը, բնականում՝ բուժականը։
Սեքս մի արա. արա սեր։

Բացահայտի՛ր իմաստավորման վայելքը, անգամ երբ հումք է տառապանքը։
Հույզերից քամիր առավելագույնը, ապա ստացիր լավագույնը։

Առանց խնդրանքի մի՛ տուր խորհուրդ ու խրատ,
Փորձդ էլ առաջարկիր լոկ որպես օրինակ։

Մի՛ բամբասիր. մի թքիր քամուն հակառակ։
Ուրիշի բամբասանքին էլ մի եղիր վկա։

Առհասարակ, խուսափիր վկայությունից, նամանավանդ, ինքնավկայությունից։
Վկա եղիր սեփակա՛ն մտքին, էլ ավելի լավ` չարտահայտվածին։

Ուրիշի բարոյականությամբ մի՛ խարազանվիր. «շուն ես՝ շնացիր»,
Բայց 12-րդ ստիքսը միշտ հիշիր։

Քոնը միշտ ապրիր,
Եթե ամոթա՝ թաքուն ապրիր։
Ապրիր ընդհա՛նրապես ու հա՛տկապես, բայց առանց գողանալու ու մատնելու ապրիր։

Սիրո միակողմանին չի լինում. եթե փոխադարձ չէ, ուրեմն դու՛ էլ չես սիրում։
Ու, ընդհանրապես, ավելի հաճախ թվում է, քան իրականում կա կամ լինում է։

Ցանկացած հարաբերություն պայմանագիր է։
Պայմանագրի առարկան ստի շուրջ հաշտությունն է։
Երբեմն պատահում է, որ պայմանագիրը պատշաճ կատարվում է։


Խղճի համար հարմար է ուրիշի տունը,
Հպարտության համար` սեփականը։
Անկեղծության համար կա հասարակաց տունը, 
Սիրո համար` անտունությունը։

© Գորշ




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...