Սեր՝ առ իմաստնություն (ինչը նաև կենսակերպ է,գուցե միայն ու ինքնին հենց դա է և ուրիշ ոչինչ):
Տիգրան Գորշ
(Տիգրան Ս. Գրիգորյան)
Առաջաբան
Ինչի՞ մասին է. տեղին կլինի ասել ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ ոչինչը շոշափելու համար է. ՈՉԻՆՉ, որին կոչում եմ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ՝ ով/ինչ անսահմանելի էությամբ, որպիսին ամենքս կրում ենք մեր մեջ և առիթ ենք ունենում զգալ նրան, երբ վերանում ենք սոցիալական ես-ից՝ ներառյալ սեփական անունից, ինչից սկսած ոչինչ իրականում չի էլ պատկանում մեզ, և հարցնում ենք՝ ո՞վ կամ ի՞նչ է նայում դիտանցքից, որը կոչվում է իմ աչք:
Գրքույկում չկա կոնկրետ սկիզբ ու վերջ, և ցանկացած միտք կարող է լինել սկիզբ, իսկ վերջը …, նաև չկան պատասխաններ, իսկ եթե պատահեն, ապա լոկ՝ որպես իմ կարծիք, որին կարելի ու պետք է անտարբեր լինել, երբ սեփական (զգայական) մտորումների արդյունքում ստացած հետևությունը կժխտի այն:
Այն ոմանց կօգնի ստեղծել նոր կամ առողջացնել փչացած հարաբերությունները, ոմանց՝ հակառակը …, ոմանց կօգնի ներդաշնակվել մարդկանց՝ անգամ իշխել նրանց, ոմանց՝ հակառակը՝ կստիպի փախչել առանց ետ նայելու և հնարավորինս հեռու, …
Ու վերադառնալով ՈՉՆՉԻՆ, միայն կարող եմ ասել իմ ցանկությունը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ. յուրաքանչյուր մտքի և դրանցից անխուսափելիորեն ածանցվող բազմաթիվ հարցերի շուրջ անել սեփական դատողությունները ու, մտորումների արդյունքում, հանգել հետևության, որ ի սկզբանե թվացյալ քաոսն իրականում համակարգված է, իսկ արդյունքը դու ինքդ ես՝ որպիսին արարել ես, փոքրիկ ինչից ստեղծել ես քո մեծ ինչը, որի ընթացքը նմանեցնում եմ եգիպտացորենի հատիկների (ադիբուդի), որի փոքրիկ զանգվածից պատրաստում և լցնում ես մի ամբողջ թավա, ու գրքույկը, ինչպես ինքս եմ կոչում, դառնում է գիրք, որը ինքդ ես գրել. մեկ անգամ սկսել ու երբեք չի ստացվելու կանգ առնել …
…անսահման ԵՍ-երդ շարունաբար սպանելով և դիերի վրայով բարձրանալով՝ ավելի ու ավելի ես մոտենալու ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-իդ, առաջին իսկ շոշափումից զգալու ես, որ նա է միակ ճշմարիտ աստվածը, որին, մինչ այդ, քեզանից դուրս էիր փնտրում կամ դադարել էիր փնտրել, միակը, ում կարող ես լսելի դարձնել ցանկություններդ, աղոթքներդ, կամքդ, …ու միակ ճշմարիտ տեղում, միակ ճշմարիտ հասցեատիրոջը բացականչել ԱՄԵՆ…
Ու էլ կարևոր չէ, թե որ տողում ինչ ես կարդացել և որ ՈՉԻՆՉ(ս)Ն է այն գրել:
1․ Ինչու գայլը․
Գայլը միակ կենդանին է, որին մարդը ներել չի կարողանում, բացի այն, որ մարդն իրենից թույլին, իսկ ավելի հաճախ՝ ստրուկին է ներում, միայն փաստը, որ գայլն ու մարդը չեն մտերմանում, բավական է հենց նրան վստահել արդարախույզի առաքելությունը։ Եվ ի տարբերություն այլ էակների և էությունների, անգամ աստվածների ու չաստվածների, միայն գայլն է լսելի դարձնում ճշմարտությունը՝ անկախ նրանից, ուզում ենք լսել, թե՝ ոչ։ Եթե բնության մեջ ամեն ինչ կարելի է բաժանել աստծո կամ անաստվածի զավակների, ապա գայլը միակն է, ով աստծո և անաստվածի կենակցության ծնունդն է՝ գուցե նաև ոչ սիրո, այլ հենց կրքի պոռթկումի, որը սովորաբար համարվում է մեղանչություն, բայց դրանից չի չեզոքանում նրա բնական կապվածությունը և՛ մեկի, և՛ մյուսի հետ, հետևաբար նաև հավասարարժեք սերն ու հարգանքը նրանց հանդեպ, ինչը նրա անկեղծության նախապայմանն ու այդպիսի գոյության հիմքն է։ Թեպետ այս կամ այն կողմից նա մարդու արյունակիցն է, բայց նրա կողմից միակ չընդունվածն է՝ նման արտաամուսնական կապից ծնված զավակի, որի հետ մշտնջենական կռվի մեջ են՝ հանուն ժառանգության։
Մարդու հետ հաշտության գալու համար ԳԱՅԼԻՆ առաջարկվել է լինել մարդ կամ շուն, բայց հասկանալով, որ մարդ դառնալու համար պետք է էությամբ լինի ՇՈՒՆ, իսկ շան դեպքում՝ իր մեջ բանտարկի ՄԱՐԴՈՒՆ, նախընտրել է մնալ ՎԱՅՐԵՆԻ, ու անհաշտության արդյունքում դադարել է ապրել․ սովորում է չմեռնել։ Մարդաշան և շնամարդու հետ հանդիպումների ժամանակ գայլը, սովորաբար, հարձակվելու փոխարեն խելամտորեն ընտրում էր փախուստը, բայց խելամտության հանդեպ առաջացող ձանձրույթը նրան դրդեց իմաստնության և գնալով հաճախակի են դառնում դեպքերը, երբ նա ընտրում է հարձակումը։ Բնավ նրանից չէ, որ հզորացել է և/կամ ձգտում է հաղթանակի, պարզապես սկսել է գեղագիտորեն միջամտել իր ոչնչանալուն՝ ինքնասպանվում է այլոց ձեռքերով՝ նրանց զրկելով իրեն սպանելու հաճույքից։ Նա չի դաժանացել ու չի չարացել, ուղղակի սովորել է մեծացնել իր հանդեպ ատելությունը, որ չերերա հալածող ձեռքը՝ դիպուկ ու ավելի ցավոտ լինեն հարվածները, միանգամից վրա չհասնի վերջը՝ տևական լինի տառապանքը, ինչի արդյունքում դեռ կենդանության օրոք է հասնում հետոյի սահմանագծին՝ իմանում ու/բայց չի պատմում, պատասխանն իմանալու տենչով նայող աչքերին ժպտում է և ասում՝ կասկածեք, որ ․․․
Ու որքան էլ զարմանալի թվա, դա սերն է նրա, սերը գոյության և հենց նաև թշնամիների հանդեպ՝ նրանց կողմից սպանված, ապա՝ որպես երեխա վերածնված ու վախից հոգու խորքում թաքնված էության հանդեպ, որ մի օր պետք է համարձակվի դուրս գալ, իսկ կասկածն այն ժամանակահատվածն է, որի չափով հետաձգվում է վերջն ամենքի ու ամեն ինչի։
2. Իմ ու կյանքի հարաբերության մասին.
Կյանքը չի հանդուրժում իմ հանդգնությունը ճիշտ այնպես, ինչպես ես՝ նրա իշխելու հպարտությունը, ու հաճախ, մտրակը ձեռքին, ստիպում է հայտնվել անդունդի եզրին, որտեղ, երբ այլևս անտես ենք դառնում վկաների աչքերին, նա ինձ սեղմում է իր կրծքին: Ու\բայց երբեք չեմ հարցրել` ինչո՞ւ չի թողնում ցած նետվել, քանզի ինձ ցավեցնելում նրա ցավն եմ տեսել, որ ստիպված է ուրիշների ապստամբությունը զսպելու համար ինձ պատժել, և քանի որ ստացվել է այնպես, որ առանց ենթակաների իր գոյությունն անհնար կլինի, իսկ առանց ինձ` ձանձրալի, նա ստիպված է իմ ներկայությունը վայելել անդունդի եզրին:
3. Այս կյանքում ճանաչողության առավելագույնին հասավ ոչ նա, ով նետվեց մահվան գիրկը և ոչ էլ նա, ում առևանգեց մահը, այլ նա, ով ամուսնացավ նրա հետ:
Այս հնարավորությունը կյանքը տալիս է ամենքին՝ ծնվելու պատահականությունից մեռնելու անհրաժեշտություն ճանապարհին առաջարկելով կանգ առնել միայնության ջրհորի մոտ, ապա գնալ ինքնաճանաչողությամբ, որին լիարժեք հասունանում է միայն նա՝ ով դիմանում է մինչև իր մասին վերջին մարդու մոռանալը, … ու մի օր հասնում է պահը, երբ երանությամբ տալիս է համաձայնությունը՝ մեկնարկել մեռնելու պատահականությունից ծնվելու անհրաժեշտություն ճանապարհը:
4. Կիրք՝ առ ճանաչողություն.
Անխուսափելիորեն գալիս է պահը, երբ նմանվում ես օվկիանոսի բարեհաճությանը, ավելի ճիշտ` կամակորությանը մնացած նավի, երբ կասկածի փոթորիկներն այլևս չես հաղթահարում կառավարումով, այլ` պարզապես ամուր կառչում ես տախտակամածից ու հավատալուն տենչում ես՝ ինչպես կղզյակի, որտեղ կարող ես փրկվել: Բայց փրկությանը հաջորդող օրերում սկսում ես կարոտով վերապրել առաջին ծովախտից մինչև նավաբեկություն ապրած ամբողջ սքանչելին ու սարսափելին, օվկիանոսի հանդեպ ատելությունից վերածնված սերդ դառնում է պաշտամունք, կոտրված փառասիրությունդ կրկին նորոգվում է` առանց հպարտության` նա իրենով լվացել է քոնը, ու գերված դրա իսկական զորությամբ` ինքնաբուխ գնում ես ջրափ, բայց ո՛չ դու, այլ` օվկիանոսն է արդեն նայում քեզ, ու գիտակցելով ջրից դուրս ցցված ժայռաբեկորի արժեքն ու զորությունը, միևնույն է` ընտրում ես մայրցամաքը վերջին անգամ լքելու որոշումը` անհայտության մեջ հավերժանալը գերադասելով հայտնության մեջ ոչնչանալուց: Կրկին կանգնում ես նավառաջքին, բայց այլևս ոչ թե նվաճելու, այլ` տրվելու բերկրանքով, և նավահանգստից դուրս գալուց հետո ինքդ ես անջատում շարժիչը, բաց թողնում ղեկը …, ու բեկորներդ անհրաժեշտաբար կամ պատահաբար գտնվելու հույսդ` նավից կախված մակույկի պես` տանում հետդ:
5. Երբ գնում ես արահետով, մնում են քչերը՝ տեղ-տեղ ու ժամանակ առ ժամանակ, ու ոչ ոք չի մնում, երբ ինքդ ես բացում արահետ, քանզի, որպես ողջամիտ կանոն, մարդիկ ընտրում են հանրային տրանսպորտը՝ ոմանք սեփական ոտնացավից, ոմանք էլ՝ ելնելով դրանց փորձից։
Բայց միայն արահետն է կազմում այնկողմնայինից կարդացվող քարտեզի մասը, որով կարող է վերադառնալ աշխարհից վտարվածը։
6. Նայում է միայն առա՞ջ` խրախուսելի հատկանիշ է, բայց և գուցե ետ հայացքից է խուսափում, որտեղից դիահոտ է փչում, որովհետև ապագան ապրելու հույսով՝ միշտ սպանել է ներկան:
7. Սիրում եմ այն, ինչ քանդում է ինձ …, ամեն հավաքելուց մասնիկ եմ կորցնում, բայց դա չի պակասեցնում, այլ՝ է՛լ ավելի է մոտեցնում միակ իսկականին:
Աչքերիցս ազատվելուց հետո, ինձ զգում եմ առանց ձեռնափայտի կույր՝ շրջապատված բազմաթիվ անտարբեր «տեսնողներով», կամ, գուցե, իրավացի՞ են հուշում՝ ճիշտ հակառա՞կն է …, այդ դեպքում որտեղի՞ց է այս համատարած դիահոտը փչում, գուցե ժամանակն է քթի՞ց էլ ազատվել, ականջներից էլ, որ դադարեմ ներսի գոռոցով դրսի աղմուկը խլացնել, …, իսկ լեզվից մնացել է միայն շուրթերս խոնավեցնելու գործառույթը:
Դե շտապե՜ք, ոտքե՜ր, որ վաղուց սեփական տրամաբանությամբ եք քայլում, ձեռքերս էլ ձեզ փոխնորդ զույգ են դարձել. հասցրեք այդ միակ իսկականին, որ անէանամ գրկին:
8. Երբ գնահատում են ըստ կրած հոգսի, հիշի` եզի որակնել է որոշվում ըստ տարած բեռի, ու գովելով քեզ էլ են զրկում սեր ապրելու ազատությունից, որ վերածեն է՛լ ավելի պիտանի լծկանի:
Եթե բացառությունների գոյությունն այս դեպքում անտեսենք, ապա` վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց մոտ չի էլ լինում գնահատելու այլ պատճառ ու նրանք նաև ինքնակամ են բեռնվում` ըստ տարած քաշի գնահատելով սեփական հպարտությունը, իսկ հոգնության մասին երբեմն հնչող նրանց տնքոցն ընդամենը բողոքն է պարգևատրման պակասի, որն ակնկալում էին բեռնվելուց առաջ: Ու հազվադեպ է պատահում, որ բեռնաթափվեն գնահատանքում մտրակը ճանաչելով, որից հետո խոտակեր լծկանից պիտի նախընտրեն վերածվել հոշոտող գիշատչի, եթե վերջինիս վերջնականապես չեն սատկացրել եզի կճղակների տակ: Սովորաբար, բեռը վայր են դնում լուծի տակ սատկելուց հետո, իսկ ավելի ճիշտ է ասել` բեռը վայր չեն դնում` այն ընկնում է նրանց անշնչացած մարմնի հետ:
Անշուշտ սրանում նաև կա ոգեշնչում առ փառասիրություն, իսկ ինչո՞ւ ոչ` եթե դա կարող է ստեղծել նոր որակի առաքինություն, ի տարբերություն հպարտության, որն հաճախ ծնում է ստրկություն: Եվ վերջապես, միթե՞ նվաստացուցիչ չէ այն սերը, որը չի ծնվում ինքնասիրությունից:
9. Վատագույն դեպքում պաշտպանելին է կորցնում իր պաշտպանին, բայց ոչ երբեք հակառակը, երբ պատրաստ ես պահպանել կյանքի գնով, ու հաղթահարվում է կորցնելու վախը, ճանաչվում` բացարձակ սեփականը` քոնը:
10. Հետևանք սիրո` առ իմաստնություն.
Դրախտ տանող ճանապարհը իմացվում է այն ժամանակ, երբ տեղդ արդեն որոշված է դժոխքում, ու սրանում չկա բացառություն, նաև պարզ է դառնում, թե ովքեր են հայտնվում դրախտում:
11. Պատահում են այնպիսի հրաշալի ստեղծագործություններ, որ դժվարանում ես անգամ պատկերացնել, թե ինչքան մեծ մեղք պետք է գործած լինի մարդը, որ այսչափ ինքնախարազանվի, սեփական ոչնչության ինքնագիտակցում ապրի ու այդքան մոտենա գոյի անսահմանությանը:
Թերևս, անհամեմատ ավելին կլինեին արվեստի գործերը, եթե մեղանչության համար դատապարտեին ստեղծագործելու՝ որպիսի պոտենցիալ կրում է ամեն մարդ, եթե, իհարկե, մեղքն էլ չհամարենք յուրահատուկ արարչություն՝ երբեմն հանճարեղությամբ գերազանցող առաքինություն պատկերող ստեղծագործությունները և, ի տարբերություն դրանց, այդքան իրական բնութագրող կյանքը։
12. Երբ կույր լինելն է խելամիտ.
Քանի դեռ հոռետեսն ու լավատեսը վիճում են` բաժակը կիսով չափ դատարկ է, թե` լիքը, կույրը հագեցնում է ծարավը, ու սրանով առաջին երկուսը նույնանում են, վերջինս` հատկանշվում …
13. Մենակյաց իմաստուն.
Նա մնացածի նման տառապանքը չի առնում ուսերին, որ ստանա խղճահարություն ու չի շտապում ակնթարթ առաջ ազատվել դրանից, այլ տանում է ձեռքին` որպես անհրաժեշտ իրերով լցված ճամպրուկ, ինչը յուրահատուկ հմայք է տալիս նրա կեցվածքին, իսկ երբ չի տանում, խնամքով դասավորում է իր պահարանում:
Իսկ իմաստունը, ով մենակյաց չէ, ընդամենը բեռնված էշ է, ում ամբոխն իր դեմն առած քշում է, իսկ իրեն թվում է՝ առաջնորդում է։
...
Այն, ինչի համար գնահատում ենք եզին, նրա առաքինությունը չէ, գուցե, այլ՝ անկարողությունը, բայց, միևնույն է, գնահատում ենք, որովհետև մեզ այդպես են փչացրել մանկուց:
14. Կյանքը չափազանց կարճ է պատասխանների և հազիվ բավարարում է հարցերի իմացությանը, ու\ բայց երբ տեսնում ես կրտսերների` հարցեր տալու շտապողականությունը, ավագների` անպայման պատասխանելու համառությունը, երբ տակավին չեն հասունացել հարցերի, որովհետև իրենք էլ են շտապել ստանալ պատասխաններ, ցավ ես ապրում, որ անպետք է եղած\առկա իմաստունների գոյությունը, քանզի հազարամյակների այս կրկնությունը չեզոքացնում է միասին հարցնելու համերաշխություն տեսնելու հույսը, ու մարում է խելագարվածների ճանաչած ճշմարտությունների լույսը:
Ոչ նրանք, ովքեր տալիս են պատասխաններ, այլ նրանք, ովքեր սովորեցնում են ունենալ հարցեր` ինքդ լինելով հարցի հասցեատեր, պիտի լինեն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ. նրանք, ովքեր ճրագը ձեռքներին մն(ացել)ում են այն կողմ կրթարաններից, ում լինելիության մասին իմանում ենք՝ արդե՛ն մարած պատրույգից։
15. Հարաբերությունը կորցնում է գրավչությունը, երբ կողմերի մոտ բացարձակ վերանում է օտարությունը, և անտանելի է դառնում, երբ օտարությունն է բացարձականում:
16. Միշտ ապրում ես թվացյալ զգացողությամբ, որ ամբողջ տարածությունը, կամ դրա մասը, որը զբաղեցված չէ, պատկանում է քեզ: Հեշտությամբ ընդունում ես նաև մեկ ուրիշի ներկայությունը, եթե նա քեզնից առաջ է հայտնվել այնտեղ, և գրեթե չես կարողանում հաղթահարել անհարմարությունը, երբ մեկ ուրիշը հայտնվում է քեզնից հետո, ու ոչ այնքան խանդն է ստիպում չհանդուրժել, որքան գիտակցումը սկզբնական զգացողության թվացյալ լինելու` ճշմարտության հետ առերեսումը, որ չես ներդաշնակվել ամբողջ տարածությանը` այն քեզ չի պատկանում:
Իհարկե կարող ես փորձել ցանկապատել, պատնեշել, ականապատել (ինչով, որպես կանոն, ինքնախաբվում են շատերը), բայց, միևնույն է, քոնը կլինի այնքանը, ինչքանին կարողացել ես ներդաշնակվել, ուստի, եթե հայտնվել է ուրիշը, ապա` խելամիտ է հանդուրժելը, եթե երջանկություն ունես ներդաշնակված մասում, կամ` հեռանալը` տարածությունը կրողին թողնելով հնարավորություն ստանալ ավելին, քան կարողացել ես տալ ինքդ, և իմաստուն է ավելի` ի սկզբանե ապրել գիտակցությամբ, որ ամբողջին ներդաշնակվել չես կարող, եթե անգամ կարողացել ես, ու թողնել տարածություն, որում նրա ազատությունը կլինի միակ երաշխիքը անկեղծության:
17. Հանդուրժողականությամբ ինձ առավելապես զարմացնում են մարդիկ, ովքեր ինձանից չեն հրաժարվում, այն դեպքում, երբ նրանց փոխարեն ես դա կանեի անհապաղ, առանց վարանելու, եթե հնարավորություն ունենայի ինքս ինձանից հրաժարվել:
Կարծում եմ՝ բոլորն էլ երբևէ ապրում են նման ցանկություն, որի իրագործման անկարողությունը շատերի մոտ վերաճում է եսասիրության՝ որպես ինքնահանդուրժման հնար, և ուրիշների հանդուրժողականությունը նրանց համար դառնում է ակնկալվող պիտին։
18. Երբ սովորում ես սիրել այն, ինչը դեռ քեզ չի պատկանում, հույս կա, որ քեզ էլ կսիրեն։ Երբ սովորում ես սիրել այն, ինչը երբևէ չի էլ պատկանելու քեզ, հույսը վերաճում է հավատի. քեզ հաստատ սիրում են:
Ու քանի որ իրականում մեզ ոչինչ էլ չի կարող պատկանել, սովորելով հնարավոր է ամբողջ գոյության սերը նվաճել։ Բայց սա, թերևս, ամենադժվար ուսանելին է, քանզի մարդու համար տիրելը սիրելու նախապայման-նպատակ է։
19. Հանդիպելով անտարբերության, արհամարհանքի, հուսախաբության, … հնարավորություն ես ստանում գտնել ճանապարհն ինքնամերձեցման (ինքնամբողջացման)` հաղթահարելով վախը մառախլապատ գիշերվա և անորոշության հանդեպ, որոնք հետո դառնում են սիրելուդ ներդաշնակ միջավայրի անհրաժեշտ բաղադրիչները: Սկսում ես տեսնել ամբողջ այն գարշելին ու նեխածը, որտեղից քեզ աքսորել են, և արդեն ինքդ ես ընտրում ինքնամեկուսացումը` որպես չսպանվելու միջոց, իսկ վերադարձը դառնում է մեծագույն դժբախտությունն ու անհարմարությունդ, ինչը, սակայն, պարտադրված ես պարբերաբար անել (վերապրել), բայց տարբերությամբ, որ առանց մարդկանց մենակությունդ արդեն վերափոխվել է մարդկանց մեջ մենակության:
20. Երբեք ինձ միայն գթասիրտ չեմ համարել, բայց միջավայրի վերաբերմունքից առաջացող չարությունս ճնշել ու կարծես վերջնականապես սպանել եմ` սովորելով դրսի հարվածները ուղղել ներսիս ամբողջականությունը կառուցելուն անհրաժեշտ գամերին, բայց սրանում էլ հասել եմ ծայրահեղության, ինչը ոչ մեկին խորհուրդ չեմ տա, քանզի ալեկոծության ժամանակ ցամաքին մնալու փոխարեն նետվում եմ օվկիանոս ու նավարկում առավել ուժգին` էլ ավելի հեռանալով ապրելու կենսական պայմաններից:
Գերմարդ եմ, թե մարդուկ, որոշելը չունի նշանակություն, երբ երկուսն էլ դժվարանում են ապրել մարդկանց աշխարհում, ու\բայց իրականում ծիծաղկոտ մանչի և խորշոմադեմ ծերունու երկատված ամբողջություն եմ` ապրել տենչացող, բայց մենակ անկարող և կյանքը ճանաչած, բայց այլևս անպետք:
21. Առաքինության և անառակության ուղիները փոխպայմանավորվող են այնքան, որ առանց, թեկո՛ւզ մտովին անառակ լինելու` հնարավոր չէ դրսևորվել առաքինի, ուստի` միայն պոռնիկն իրական հնարավորություն ունի մոտենալ միանձնուհու ձգտած հոգևոր զարգացմանը, իսկ վերջինս` պոռնիկի վարպետության կատարելությանը:
Բայց գրեթե բոլորը մասնակցում են իրենց կրքի պոռթկումի վկայությունները այրող խարույկին, որ չառանձնանան, հետևաբար` իրենց իրական բնույթով չլինեն նկատելի և չդառնան զոհը կեղծ բարոյապաշտության՝ որպիսին կրողի սառնության պատճառը, որով արձակում է պատժելու հրամանը, դեռևս արբունքի չհասած պարմանուհու բռնաբարությունից ստացած հանգստությունն է, ու եթե չշտապենք դեպի խարույկը, կտեսնենք` վերջում, նույն հրամանով, նա մաքրում է կուսաթաղանթի պատռումից հոսած արյունը:
22. Հպարտությունը ճախրում է երկնքում, իմաստնությունը` լողում օվկիանոսի խորքերում: Միասին երբեք չեն գնում, բայց մեկը մյուսի ուղղությամբ հաճախ են նայում` հպարտությունը հիանում է օվկանոսից արտացոլվող իր իսկ ճախրանքով, իմաստնությունը` երկնքի հանդեպ իր խորության զգացումով, ու հանդիպում են միայն մառախլապատ գիշերում, երբ սահմանագիծն անտեսանելի է դառնում խավարում:
Եվ այսպես, քանի դեռ հանդիպումը հավերժական չի դառնում` երբ իմաստնությունն անշունչ բարձրանում է վեր, հպարտությունը` ընկնում վար, ու կարևոր չէ, թե առաջինը որը. մեկն առանց մյուսի ապրել չի ուզում:
23. Մենք սխալվեցինք, երբ աշխարհը բաժանեցինք՝ առանց վերևից տեսնելու, ներսից ճանաչելու, հետո տեսանք, իմացանք ու հավե՛րժ անհաշտ դարձանք …, իսկ պատը, առանց որի հարևանը կլիներ մասն ընտանիքի, այլևս քանդել չի լինի։
24. Իր ամբողջ արարչական իմաստնությամբ հանդերձ՝ աստված անխոհեմ գտնվեց, երբ չհասկացավ կամ՝ հպարտությունը թույլ չտվեց ընդունել ճշմարտությունը, որ ստեղծել է էակի, որն ավելին է (լինել կարող է), քան ինքը` որպես արարիչ, ու մարդու կողմից սպանվեց, ավելի ճիշտ` մարդու ձեռքով ինքնասպանվեց: Բայց քանի որ մարդն էլ տհաս է մնացել իր իսկական էության ճանաչման մեջ, աստծո անխոհեմությունը՝ այդ տհասության միջավայրում՝ շարունակում է մնալ ամենամեծ մասսայականությունը վայելող իմաստնությունը՝ որպես հնարավորներից բարձրագույնը:
25. Հաճախ, հարաբերությունները չեն ստացվում կամ վնասվում են, երբ դրանց պայմանը ավելի է կարևորվում, քան հենց հարաբերությունը, և հատկապես անկեղծության պայմանը, որի դիմաց անտեսվում է անգամ սերը:
Անկեղծության բացարձակացումը նման է կացնի, որով կարող ես վնասել ու ինքնավնասվել, երբ դրանով փորձում ես հղկել կամ պաշտպանել հարաբերությունը, ու այդպես էլ լինում է, երբ ավելի շատ չասվածում ենք անկեղծություն փնտրում, քան լսածում: Բայց լինում են գաղտնինքներ, որոնց պարզապես պետք չէ կպնել, առավել ևս եթե հարցնելու միակ միտումը ենթադրության մեջ համոզվելն է` ինչը հաճախ, եթե ոչ միշտ, դրա համար էլ տրվում է: Գաղտնիքը անվնաս է, քանի դեռ չի հնչել հարցը, որից հետո պիտի ընտրվի սուտը, կամ` ճշմարտությունը, իսկ եթե ճշմարտությունը սպանո՞ղ է` որպիսին լինում է և հնարավոր չէ չընդունել` դրա հանդեպ անսահման սիրով հանդերձ, ու նա՛ էլ մեկն է, ով չի ստելու, երբ հարցը հնչի և լռում է, որովհետև սիրում է …
Երբեմն, երջանկությունը չկորցնելու միակ միջոցը ենթադրությունից առաջ չանցնելն է` հարցի զսպումն է, ճիշտ այնպես, ինչպես մյուսի մոտ զսպվում է գաղտնիքը` հույսով, որ դրանից մնացել է միայն չասվելը` ինչպես հաճախ լինում է գաղտնիքների դեպքում, և ստացվում է հարցը չի հնչել, բայց տրվել է, պատասխանը չի տրվել, բայց լսվել է, ու ինքնազսպումների հանրագումարում ստացվում է կապող հանգույց և ոչ դրա մասնատում, ու սա հարաբերության մեջ ձեռք բերված գերիմաստնություն է, որի միակ պայմանը անսահման (իրական) սերն է։
26. Եղե՞լ է արդյոք այնպիսի մեկը, ով ցանկացածի սիրո խոստովանությանը ունակ էր անկեղծ պատասխանել` «Ես էլ քեզ եմ սիրում». այո՛, եղել է, ու դրա համար նրան խաչել են: Կա՞ կամ կլինի՞ նման ուրիշ(ներ)ը՝ անկասկած, բայց հենց հայտնաբերեն, նրան(ց) էլ կխաչեն` անկախ հանգամանքից, որ առաջինին հետո աստվածացրել են:
Մարդիկ, նման լեշակեր գազանի, սպանված, ապա՝ վիմափոր գերեզմանում հոտած աստվածներին են պաշտում։
27. Ապարդյուն է փնտրել ամենակարևորը, քանի դեռ այն հայտնի չի դարձրել ծայրահեղ անհրաժեշտությունը, որից հաճախ հասկանում ես, որ ընդամենը պետք է մի բաժակ ջուր կամ մի փոքր կրակ` կախված նրանից` անապատում ես տառապում, թե` սառցադաշտում, ու երկու դեպքում էլ այդ կարևորը նույն ինքն է` հո՜ւյս:
28. Երբ կարոտն անտանելի է, առանց սիրո` անհնար.
Երբ ուշացած ես իմանում հոգևոր իրական ծագումդ, սկսում ես ապրել զգացողությամբ` որպիսին ունենում է լքված երեխան, ով իսկապես որբանում է այն պահից, երբ տարիներ անց հանդիպում է իր ծնողներին` զգալով չունեցածի դատարկությունը, որը երբեք չի լրանալու, ու կարոտը սկսում է դուրս կանչել այնտեղից, որտեղ ստիպում է մնալ սերը:
29. Երանելի է երկխոսությունը, որը հանգում է մենախոսության, բայց խոսակիցը չի բացակայում: Անտանելի է մենախոսությունը, որը հանգում է երկխոսության, բայց խոսակիցը չի հայտնվում:
30. Ազատությունը բացարձակ է, երբ բանականությունը միջավայրից անկախ է` առանց մտքերի, հույզերի…
Մտքերը բռնանում են հույզերին, հույզերը` բանականությանը, ու քանի որ մտքերն էլ ծնվում են բանականություն-միջավայր հարաբերությունից, ստացվում է փակ շղթա, որում ստրկանում է ես-ը: Ստրկացումը գալիս է միջավայրից, բայց սրանում այն անտես է և իր գոյաձևով անպատժելի, ուստի հենց նույն ես-ն է վերածվում միակ պատասխանատուի, ինչը, միևնույն ժամանակ, հիմքն է ազատության ձգտելու նրա իրավունքի, որի միակ միջոցը դիմությունն է միջավայրին (համակարգին, բնությանը, աստծուն, տիեզերքին,…) դրա հետ հարաբերության խզումը, ինչն անխուսափելիորեն ավարտվում է մահով` փաստորեն, ինքնասպանվելով։
Ու/բայց սրանից գոնե պարզ է դառնում, որ մարդիկ իրականում ստրկանում են այնտեղ, որտեղ ազատություն են փնտրում …
31. Փողոցում գտա հազար դրամ, որի կեսը տվեցի «փողոցային» մի երաժշտի. հիմա ինձ կիսով չափ եմ գող զգում, բայց նաև հաճելի է՝ չեմ թաքցնում: Իսկ գուցե հաջողակն ու գողը հոմանի՞շ են:
32. Չկա ձանձրալի բան ավելի, քան փիլիսոփայությունն առանց ճանաչողության կրքի, ու բայց քան փիլիսոփայությունը, ոչինչ այդչափ կիրք չունի, որը, սակայն, ամեն ոք կրելու բովանդակություն չունի:
33. Ոչ հենց քեզ, այլ` քո մասին պատկերացումը, որի կազմելուն ակտիվ մասնակցել ես նաև ինքդ, ու ճշմարտության հետ անխուսափելի առերեսումից հետո, գոնե, բոլոր հնարավոր դեպքերից ճիշտ է ընտրել մեկը. թեկուզ նրա հիասթափության գնով`«պարտադրել» իսկական ես-ը և ոչ մի դեպքում` դրա այլանդակումը:
Միայն դրանից հետո շարունակվող հարաբերության մեջ կարող ես վստահ լինել, որ ՀԵՆՑ ՔԵԶ:
...
«Եղիր այն, ինչ կաս». սրան չի դիմանում ոչ մի հարաբերություն, և անխուսափելիորեն հետևում է բաժանում, բայց և առանց դրա էլ չի ստացվում լիարժեք ինքնամբողջացում. երկատվելով գտնել ընկերություն, թե՝ մեկ դառնալով մենակություն, ահա առաջին ընտրությունը, որի առաջ կանգնում ենք շեմքի այն կողմում:
34. Երբ վախդ սարսափն է նրանց, ում հույսն ես դու, պարտադրված ես երևալ ուժեղ, եթե անգամ այլևս անուժ ես, և համբերությունդ սնող միակ համոզմունքը մնում է այն, որ վերջում լավ է լինելու, այն էլ՝ որովհետև վերջն անխուսափելի է։
35. Իմ դուռը ոչ փակ է, ոչ` բաց, առավել ևս` ոչ էլ կիսաբաց, վերջինս, որպես փառամոլության և մուրացկանության նողկալի խառնուրդ, ավելի շատ է սրտխառնոց առաջացնում: Կոտրել եմ դուռս ու անջատել ուրիշների՝ իմ մասին պատկերացումների հանդեպ սիրուց լուսավորությունը: Զբաղված եմ սև ու սպիտակ հրեշտակներիս կռվին հետևելով` նրանց կատարելության հասնող թշնամանքով զմայլված ու, երբեմն, զարմացած, թե մեկը մյուսով ոնց է հզորա(նում)ցել և ինչքա՜ն հավասար են նրանց ուժերը, որ խաղաղություն գալիս է միայն, երբ ուժասպառ փռվում են մարտադաշտում, ու այդ կարճատև զինադադարում լսվում է միայն օրորոցայինս, որով հանգստացնում, գուրգուրում ու վերականգնում եմ երկուսի ուժերը: Պատահում է` երանելի լռությունը խախտվում է հարևան դռների թակոցով, ճռռոցով, դրանց առջև կուտակված ասունների անասուն բառաչանքով, ինչը, սակայն, չի մտահոգում, քանզի ոչ մի խելամտի մտքով չի անցնում գանձեր փնտրել անդուռ ու մութ սենյակում, և միայն խելագարը կարող է ներս մտնել, որի գալու մասին նախապես եմ ազդակ ստանում, երբ ամբոխը նրա հետևից գոչում է «Հիմա՜ր, ի՞նչ կարող ես գտնել դատարկ սենյակում», ու եթե նա սև ու սպիտակ հրեշտակներիցս չի սարսափում, «առողջացած» դուրս չի փախչում և նրանց գրկախառնությունից ստացված մոխրագույնս սիրելով մնում է, ես նրան պարգևում եմ մեծն լուսատուին արժանի պաշտամունք: Բայց և այնպես ու այլևս, որևէ մեկի գոյությունը չի ազդում ինքս իմ հանդեպ ունեցած սիրո կամ ատելության մեծացմանը, իմ հրեշտակները հավասարազոր գոյաձևով պիտի լինեն (ինքնա)ճանաչողությանս մշտական ուղեկիցները, որոնց հետ անցնում եմ հրաշալիքներով լի ճանապարհ, որտեղ, իհարկե, բուրավետ ծաղիկներից զատ, հանդիպում են նաև սարսափելի ինչեր\ովեր:
...
Մշտնջենական անհաշտություն.
Հաշտություն՝ այլևս երբեք, ու ես եմ իմ մեկ թշնամին, ում հաղթել կարող է օգնել միայն նա, ով կատի այնքան, որքան կսիրի (երբեմն առավել, քան…), իսկ հաշտարարներ՝ նրանց հոշոտելը միակ դեպքն է, երբ ես իմ դաշնակիցն եմ:
36. Կարևոր հետևություն ստացվեց, երբ մեկն ինձ «աստվածացրեց», մեկ ուրիշը «անասուն» համարեց. երկուսի հետ էլ հաշտ մնացի՝ նրանք իրար չներեցին:
37. Տգետի համար պրիմիտիվը բարդ է այնչափ, որքան ձանձրալի՝ ուսյալի համար, ու այդ ձանձրույթը տգետը որակում է որպես տկարամտություն, երբ հանձնարարն ինքն է, ու ավելի հավատում սեփական «իմաստնությանը», երբ ուսյալը համեստ լռությամբ է արձագանքում նրա պակասամտությանը:
38. Երբ աստղը, որով հիանում են բոլորը և համարում երազանքի, սիրո, … խորհրդանիշ, ընկնում է երկրի վրա, կարճ ժամանակ անց արժանանում է սովորական քարին ուղղված արհամարհանքի` մի քանի գիտնականից բացի` սրանց համար էլ՝ լոկ որպես օբյեկտ գիտափորձի:
Ու այսպես վերաբերմամբ բոլոր արժեքների` առ աստված հավատքից մինչև մահկանացուին ուղղված մեծարանք, սիրուց` համակրանք …, երբ չի մնում անհասանելի հեռավորությամբ։
39. Եթե անգամ անցյալում եկել է, մի՛ սպասեք՝ էլ չի գալու, քանզի գիտի` սպանելով փորձելն է միակ միջոցը համոզվելու՝ արդյոք ունա՞կ է հարություն առնելու:
Բայց եթե միամտաբար կրկին ժամանի, այս (վերջին) անգամ ինքն է ինքնասպան լինելու ու էլ հարություն չի առնելու:
40. Նրա հետ ծանոթանում ես, երբ առաջին անգամ աշխարհից նեղանում ես` ՕՏԱՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԻԱԿ ԸՆԿԵՐ, հետո հասկանում ես` նա ամենաշատն է ուզում քո մենակությունը, որ փարատվի իր մենությունը` ՄԻԱԿ ԸՆԿԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՏԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ, ու համախոհների գուրգուրանքը փոխվում է թշնամիների մենամարտի, մենակությունդ` մարտավայրի, որտեղ սպանվում ես՝ որպես տկար և հաղթանակում՝ որպես ուժեղ։
41. Հրաժեշտը մասնատում է` առաջացնելով բացվածք, որը լրացնելու համար պարտադիր պետք է վերադառնաս, բայց հո գիտե՛ս հավանականը. կարող է է՛լ չգաս. ուստի, քանի քնած են պետք է գաղտնի դուրս գաս, հակառակ դեպքում էլ` քնած ձևանաս:
42. Եթե չես կարող հասնել սիրելու այն բարձրագույն-առեղծվածային աստիճանին՝ նմանվելով Արցախյան Հակառակաբերդի փոքրիկ ջրավազանին, որում ջրի մակարդակը կրկին վերականգնվում է դատարկելուց կամ պակասեցնելուց հետո, բայց չի թափվում և անհայտ է մնում՝ որտեղից ուր է հոսում, ապա խելամիտ է ուրիշին սիրել այնչափ, որչափ ավելացել է սեփական ես-ի հանդեպ սիրուց, հակառակ դեպքում կհամարեն անինքնասեր` անգամ նա, ում հատկացրել ես ինքնասիրության բաժնից սեր, կամ նմանվել սիրո և ատելության հավասար բաժիններով լցված տակառի, որից կարող են վերցնել այն և այնքան, ինչ և ինչքան լցրել են:
Ծնողական սերն էլ սրան հակադրություն չէ. այն, պարզապես, ինքնին ինքնասիրություն է և նույն Հակառակաբերդի առեղծվածն է՝ տարբերությամբ, որ չի էլ դատարկվում/պակասում, անկախ նրանից ինչքան ես վերցնում։
43. Թվում է` «էլ չեմ դիմանում» կամ «սրանից ավելի վատ բան լինել չի կարող» մտքերը պիտի մեր հանդեպ առաջացնեին կյանքի գութը, և գուցե այդպես էլ կլիներ, եթե դրանք միաժամանակ չհարվածեին նրա հպարտությանը, որն ընդգծելու համար նա տալիս է է՛լ ավելի մեծ պատիժ-փորձություն` հաստատելու ճշմարտությունը, որ այստեղ ինքն է մեկ հեղինակությունն ու միակ որոշողը:
Ուստի, եթե չես համարձակվում հակադրվել նրա իշխանությանը միակ հնարավոր միջոցով՝ ինքնասպանվելով, ապա՝ պիտի արժանանաս նրա բարեհաճությանը հնազանդվելով՝ հասնելով օրհնությանը՝ որպիսին կրում է նրա սահմանած ցանկացած փորձությունը:
44. Ի տարբերություն օրինազանցի՝ օրինապաշտում ի սպառ բացակայում է խիղճը` տարր, առանց որի արդարությունը վերածվում է անհոգի մարմնի:
45. Հարաբերություններն առավելապես ու առհասարակ հասարակական համակեցությունը, ստերի և կեղծիքների շուրջ հաշտությունն է, որին հանգում են մասնակիցները, իսկ ճշմարտությունն ու անկեղծությունն ընդամենը թույլատրելի անամոթություններն են, որից դուրս և/կամ ավել կոչվում ես անառակ կամ, լավագույն դեպքում, ծալապակաս:
Մտածել ինչ խոսելու փոխարեն, խոսել ինչ մտածում ես՝ ահա իրական անկեղծությունը, որպես այդպիսին, միշտ հիանալի՝ թեկուզ, հաճախ, ճշմարտությամբ անտանելի։
46. Գտա՞ր քեզ սրանում` ողջույն ընկեր.
Տեսակ, որին սիրելուց հիասթափվում են, ատելուց` զղջում. ուստի, զգայական կտրուկ տատանումներից զերծ պահելու համար նրանք ինքնակապվում են ու նմանվում շան, որը շատ մոտ չի թողնում` անգամ նրան, ով ընդամենն ազատ արձակել է ցանկանում և չի էլ կարողանում փախչել, որ չստիպի հուսախաբ լինել՝ հատկապես նրանց, ում սիրում է ՍԻՐԵԼ:
47. Մարդիկ, որոնց ճանաչելու փորձը միշտ վերածվում է ինքնաճանաչման և, կախված արդյունքից, նրանք դառնում են սիրելի կամ անարգելի ու միշտ մնում անճանաչելի` հոգոց-ժպիտով ասելով երանի՜: Բայց սա իմանալո՛վ էլ ոչինչ չի փոխվի, քանզի նրանց ճանաչելու փորձն էլի ինքնաճանաչման կվերածվի. նրանք, գուցե, զավակն են սիրո` աստծո և անաստվածի:
48. Երբեմն, հանրահռչակ լինելու ցնծությունը փոխվում է վշտանալու, իսկ հանրային պարսավանքի վիշտը` հպարտանալու առիթի, երբ հասկանում ես, որ երկուսն էլ, անհատականություն ընկալելու անընդունակ, ամբոխի ստեղծածն են, ու թե սա հիշես, մի դեպքում վիշտը կլինի սպասելի, մյուս դեպքում` դիմանալի, հետևաբար՝ երկու դեպքում էլ տանելի-ուսանելի։
49. Համբերությունն ու անհամբերությունը չեն ազդում ժամանակի ընթացքին, բայց առաջինով ներդաշնակվում ես նրա սլացքին, երկրորդով՝ նա է իր հետքը թողնում քո մեջքին:
50. Չարի գործողության միջավայրը բարությունն է, որին այն անհրաժեշտաբար ձգտում և նրանում կենսունակ է դառնում, իսկ բարին ինքնաբավ է` չունի հաղթարշավի մղում ու միայն գրոհի է ենթարկվում:
51. Բազմաթիվ են աստծո մոտ տանող ճանապարհները, բայց չկա մեկը, որով կլինի նրա վերադարձը, ու, անկախ իմ սառնությունից, այնքան չեմ կորցրել խիղճս, որ ուրախանամ` նրան այդչափ նվաստ վիճակում տեսնելու մտքից: Թեկուզ մենությունը մնա իմ առաջնորդն ու միակ հետևորդը, երբեք չեմ ընտրելու նրա մոտ տանող ճանապարհներից որևէ մեկը. շարունակելու եմ ցանկանալ հանդիպում այնտեղ, որտեղ նա կլինի համապատասխան կեցվածքով` արժանի տեղում, եթե, անգամ, առաջին հրամանը վերաբերի ինձ խաչելուն:
52. Ոչինչ եմ. Երբ որոնողն ու որոնելին նույնանում են, մեկի գոյությունը բացառում է մյուսինը: Նույնը տեղի է ունենում նաև, երբ փորձում եմ պատասխանել «ո՞վ եմ ես» հարցին. երբ պատասխան փնտրողն եմ, նշանակում է` պատասխանը չեմ, իսկ երբ պատասխանն եմ` այն փնտրողը չեմ: Սրանից կարող է ենթադրվել, որ, փաստորեն, ինձ կարող են կամ ավելի մեծ հնարավորություն ունեն ճանաչել ուրիշները և ոչ` հենց ես, բայց էլի ոչ, քանզի իմ մասին ամենաշատը հենց ես գիտեմ կամ իմանալ կարող եմ (նաև անկեղծանանք` ուրիշների առջև բացարձակորեն այն չենք, ինչ որ մենակության մեջ ենք):
Ու ևս մի բայց. թեպետ ինքս ինձ չեմ գտնում, սակայն արտացոլանքս տեսնում եմ ուրիշների մեջ` ինչպես հայելում եմ տեսնում իմ ֆիզիկականինը, բայց չէ՞ որ դա ես չեմ` ընդամենն իմ արտացոլանքն է, անկախ որից` ձգտում եմ հարաբերության, որ, գոնե, հայելում իմանամ ձևս, ինչն էլ կարող է շատ տարբեր երևալ` պայմանավորված հայելիների որակից և ձևից:
Ու ի՞նչ է ստացվում. ստացվում է՝ կորցնում եմ ինձ, երբ փորձում եմ գտնել և զգում եմ գոյությունս, երբ դադարում եմ փորձել: Արտացոլանքս տեսնում եմ ուրիշների մեջ, բայց ինքս ինձ` երբեք, և «ով եմ ես» հարցին հետևում է պատասխանը` «ոչինչ եմ ես»: Իսկ երբ այլևս չլինեմ, կմնա արտացոլանքս, որն էլ կանհետանա, երբ չլինեն այն կրողները, ու կմնա հիշողություն, ինչը ևս կանհետանա, կամ իրար պատմելով նոր բովանդակություն կստանա` ավելի գեղեցիկ կամ ավելի տգեղ, քան կայի ինքս, բայց էլի բայց …
Հենց այս «անհանգստությունն է» մարդկանց մղում պատասխանել ի սկզբանե անպատասխան հարցին, ու, այդ անբավարարությունից (վախից) դրդված, հորինում ու ձևանում են, արտացոլանքին հավատում ու, ուրիշների կարծիքն ընդունելով, ներկայանում են «ինչ-որ ինչ», «ինչ-որ ինչեր», «ինչերի խառնուրդներ». ԴԻՄԱԿՆԵ՜Ր:
Դադարի՛ր փնտրել և զգա գոյությունդ, ու երանելի է հանդիպել նրան, ում առջև կարող ես լինել բացարձակորեն «մերկ», նրան, ով չի ասի «ով ես դու», այլ՝ ուղղակի կասի` զգում եմ գոյությունդ. դու իմ ամեն ինչի ամբողջություն «ոչինչն ես»:
53. Ականին հայտնվածն անվերջ չի կարող դիմանալ, եթե անգամ կենսական բոլոր կարիքները գոհացնեն տեղում, և անխուսափելիորեն կգա պահը, երբ նա ինքնակամ կբարձրացնի ոտքը:
Արվելիք դատողություններում, որի համար անսահման նյութ կա սրանում, պետք է նկատի ունենալ` սա սպանություն չէ, այլ` սպանության փորձ, որին հետևած մեռնելու վախը, սպասելու հոգնությունը, …, կամ, գուցե, ձանձրույթը հաղթահարվել է ինքնասպանությամբ:
54. Հուսալով լռել, թե` հուսախաբվելով խոսել.
Լռելը տալիս է հասկացված լինելու հույս, որից սկսում ես զրկվել՝ առաջին իսկ բացատրությունից հետո։
55. Հոտն էլ, ինչպես ամբոխը, իրականում սատանայի պաշտելին է` անկախ նրանից, որ այդ անվանումն առավելապես կրոններում է հանդիպում, ինչը ևս պատահական զուգադիպություն չէ, իսկ աստված չի առաջնորդում` հետևում է. դեռ ողջ մնացած կանաչը թրքից դուրս բերելու՝ կրկին ապրեցնելու համար, ու նրա հրեշտակներն էլ լուսապսակ, ճերմակազգեստ անառակները չեն` ինչպիսին ընդունված է պատկերացնել:
Եվ սրանում ոչինչ չի փոխվում, երբ ամբոխը կոչում են հասարակություն, համայնք, կոլեկտիվ …
56. «Բացարձակ ոչինչ չի լինում» միտքը հարաբերական, թե՞ բացարձակ ճշմարտություն է. երկու պատասխանի դեպքում էլ հիմնավորվում է բացարձակի գոյությունը, ու թե կա մեկը, ապա հավանական է, որ կան ուրիշները:
Ասում են նաև, թե բոլորը ճանաչես, այլևս անիմաստ կդառնա ապրելը. ուզում եմ իմանալ, եթե անգամ չապրելը դրա անխուսափելի պայմանն է:
57. Երբ ամբոխը սպանեց աստծուն, նա հարություն առավ անհատի մեջ և, հաշվեհարդարի կրկնության վախից, թաքնվեց նրա հոգու խորքում` ինչպես կրծքկեր երեխա:
58. Մեկն անձրևի տակ վստահաբար քայլում է անշտապ, մյուսը՝ պատուհանից գեղագիտորեն վայելում է անձրևը. ո՞վ է նրանցից անձրևասերը` ոչ ոք, երկուսն էլ կեղծում են. առաջինը քողարկում է անհաջողակի ամոթը, երկրորդը` հաջողակի անամոթությունը:
59. «Չեմ կարող ապրել առանց քեզ». ըստ համընդունված տրամաբանության` սա սիրո խոստովանության բարձրագույն աստիճանն է, ու այնքան հաճախ հանդիպող, որ եթե անգամ դրանում երբևէ եղել է գրավչություն, ապա՝ վաղուց անհետացել է հանրայնացման աղբի տակ:
Ըստ իս` այդ «խոստովանությունը» մեկ պատճառն է նրա հետ չապրելու, ավելին` նրանից փախչելու` առանց ետ նայելու և հնարավորինս հեռու:
60. Անհատում իմաստնությունը իշխում է, երբ նա մենակ է, և զիջում է իր տեղը հպարտությանը` որպես տգետների գոռոզամտությունից պաշտպանվելու միջոց, երբ հայտնվում է «իրար վրա թքած ունեցող» մարդկանց ամբողջության մեջ, որը կոչվում է հասարակություն:
61. Առանց լավն ու վատը քննարկելու՝ մերժիր այն ամենը, ինչ ներկայացնում (տալիս) են համոզելով և/ կամ պարտադրելով, քանզի դրանք մեկ որոշիչն են փաստի, որ քեզ վերաբերվում են ինչպես անառակի և/կամ ստրուկի:
62. Քունդ ընդհատում է սարսափեցնող դռան ճռռոցով և զզվանք առաջացնում արտաշնչած գարշահոտով, ու երբ աչքերդ լայն բացվում են սրտիդ ստացած հարվածից, տեսնում ես՝ այլանդակված խիղճդ է եկել քեզ այցի, պահանջով` մի քիչ էլ քեզ համար ապրի:
63. Վախ` հաղթահարելու, վախ` զգուշացնող, և դրանք զատելու անհասանելի իմաստնություն.
Ճանապարհին հանդիպելով խոչընդոտի, սովորաբար չես մտածում այն որպես վերջնակետ ընդունելու մասին և ամեն ինչ անում ես՝ հաղթահարելու համար, ու պատահում է` հաջողության բերկրանքը, որը զգում ես ականապատ դաշտն անցնելուց հետո, փոխվում է վշտի, երբ հասկանում ես` չպայթելը անհաջողությունդ էր:
64. Խոստում մի տուր ու մի երդվիր, քանզի, երբ պատճառն ի կատար ածվի, կասկածը կտանջի` արեցիր սիրուց դրդված, թե՝ խուսափեցիր պիտակից երդմնազանցի, ու թող ամեն ինչում սերն առաջնորդի (երանի), բայց …, բայց ամեն դեպքում խոստում մի տուր ու մի երդվիր, և թող միակ խոստումդ հենց սա լինի:
65. Նախրապան, ժողովրդական և կրոնական առաջնորդներ. այս երեք հովիվներից միայն առաջինն է քայլում իր հոտին մոտ, բայց էլի՝ ոչ նրա հետ։
66. Մարդիկ, առնվազն, պետք է սովորական ընդունեին իրենց էությանը համանուն կոչումները, բայց, տեսնելով ոգևորությունը, որով շատերը ընդունում են Մարդ կոչումը, թվում է` դրանից զվարճանում է նրանց միջի անասունը:
Բացի այդ՝ անպատվաբեր է կրել կոչում, որը գեթ մեկ անգամ տրվել է անարժանի, իսկ անարատ կոչում նշելու համար` նախ պետք է այն հորինել:
67. Խոսուն «անասուն».
Անասունից բանական դառնալու ճանապարհին մարդը կորցրել է կարևոր մի բան, ինչը գտնելու փորձերն է՛լ ավելի են խորացրել նրա մոլորությունը, քանզի, իր ողջ իմաստնությամբ հանդերձ, չի հասկանում հասարակ այն ճշմարտությունը, որ մի տեղում կորցրածն այլ տեղում չես գտնի (քեզանից դուրս քեզ չես գտնի):
Ու բոլոր չարիքների հիմքում հենց այդ մոլորությունն է, և քանի դեռ այսպես է, անասունից բանական դառնալու ճանապարհը մարդու համար ավարտված չէ:
68 Չեն եղել ու չկան մարդիկ, ովքեր հայտնվել են ոչ իրենց ժամանակում. պարզապես կան այնպիսինները, ովքեր ծնվում են մեռյալների և մահանալով հայտնվում ողջերի աշխարհում. երբ շոշափելի են՝ անճանաչելի են, ճանաչելի են, երբ արդեն շոշափելի չեն, ու նրանք երբեք չեն վայելում իրենց հանդեպ սերը, քանզի այն արտահայտվում է, երբ անէանում են, իսկ քանի դեռ գոյություն ունեն, նրանց արհամարհում են (անգամ ատում ու նվաստացնում են), բայց նրանք իրենց մշտնջենական գոյաձևի հետ հաշտ են` հասկացել են, որ պարզապես ժամանակի թափառականներ են, կամ, գուցե, սա հորինել են, որ չխելագարվեն, կամ էլ, գուցե, հե՛նց խելագարներին արդարացնեն:
...
Խելագար լինելը՝ չխելագարվելու միակ հաստատուն երաշխիք …
69. Ուզում ես հերոսանալ` հանուն ոչ սուբյեկտիվի ինքնազոհաբար արարք գործիր, ուզում ես հերոս մնալ` ձգտիր, որ արարքդ ավարտվի քո մահով, իսկ թե հանկարծ ողջ մնացիր, պատրաստվիր ուրացման` երբեմն, նաև, հակահերոսացման, և միայն վերջիններիս դիմակայելուց հետո կարող ես վայելել ինքնահաղթահարումի հերոսացումը՝ որպես գործած հիմարության միակ պետքություն և արդարացում։
70. Հասկանալին մտերմության մեկ առիթ, անհասկանալին` օտարանալու մեկ պատճառ, ու մարդիկ գերադասում են լինել հասկանալի, քան՝ հասկացված, քանզի վերջինս կրում է ընդունել չցանկանալու կամ անկարելի լինելու` կորցնելու վտանգ, հետևաբար սուտն ավելի շատ դառնում է խաբվողի ցանկությունը, քան խաբողի մեղավորությունը, ինչի արդյունքում առավելապես հանդիպում է մտերմություն, որտեղ լսում են միմյանց պատասխանները, բայց ոչ՝ իրար, որոնցում ընդհանուր է միայն հասկացված լինելու ամենքի տենչը` պահվող նույն տեղում, իրարից թաքուն:
...
Նրանց, ովքեր հասկանալը համարում են հարաբերության առանցքային պատճառ և/կամ պայման, անհրաժեշտ է հիշեցնել, որ հասկանում են սխալ կամ չեն հասկանում ընդհանրապես, իսկ մեկի հորինած և մյուսի ընդունած կերպարը՝ կառուցված շեղ առանցքի շուրջ, ոչ այլ ինչ է, քան փախուստ ոչնչից՝ որպիսին կանք իրականում. ոչինչ, որի բովանդակած ամեն ինչը կլանելու համար անհամեմատ փոքր է այն տարան, որը կոչվում է մարդուկ:
71. Երբ շտապելու պատճառ չեմ ունենում և գրպանս ստիպում է ընտրել` հանրակառքի տոմս, թե` տուփ ծխախոտ, ընտրում եմ երկրորդը, ու, առհասարակ, երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր խնայում են առողջությունը, երբ ժամին նայելու առիթ չունեն:
72. Անառակի վաճառած անառակության դիմաց գնորդը վճարում է իր առաքինության գինը, ինչն անգամ ինքը չի սահմանում, արդյունքում՝ առաջինը մնում է գնահատված անառակությամբ, երկրորդը՝ արժեզրկված առաքինությամբ։
73. Հեշտ է ականատեսների ներկայությամբ լինել համարձակ, ու դեռ հարց է` գործում ես սեփական, թե՝ նրանց կամքով, ահա, թե ինչու են մարդիկ միշտ իրենց բարոյականությանը վկաներ փնտրում:
74. Հավաքական տգիտացման (հանրային ստրկացման) դեմ մեկ միջոցն ինքնահատուկ մտածողությունն է` որպես մարդկանց անհատականացման միջոց, ու պարտադիր չէ ճիշտ` կարևորը հենց ինքնուրույնությունն է, որին դրդում են իսկական իմաստունները` անկախ իրենց համոզմունքներից: Ահա՛, թե ինչու նրանք երբեք հաշտ չեն լինում ոչ մի կառավարող համակարգի կամ սուբյեկտի հետ և մերժված են սոցիալական բոլոր խմբերի կողմից, ու նրանց համար ամենաանպատվաբերը ժողովրդական և համանման կոչումներն են, որոնց փոխարեն պատվով կրում են հանրային արհամարհանքն ու ծաղրը:
75. Եթե քո համար կարևորն ընթերցողների քանակն է, ապա՝ արտահայտիչ հետույք ընտրի և միտքդ վրան «փորագրի». արագ կհայտնվես մրցակցությունից դուրս դիրքում աստղի` ընդ որում, և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում, ու սա կոչվում է սեպագրությունից մինչ օրս գրականության զարգացում (նորարարական «սեպագրություն»):
76. Մարդկությունը ոչ մի տեղ չի գնում, քանզի չի էլ սկսել շարժվել, և միակ «ձեռքբերումն» այն է, որ տիեզերական համագոյում հորինել է ապրանքաշրջանառությունը, ինչն, ընդամենը, համընդհանուր նյութափոխանակության բաղադրիչ է, իսկ «նվաճումները»` լոկ միջոցներն ու մեթոդներն այդ շրջանառության, և այդ առևտրում միայն մարդիկ, ապրանքներն ու հարաբերություններն են փոխվում, ինչը կոչում ենք զարգացում, իսկ իրականում մշտնջենական տեղապտույտ է, որին ամենքս մասնակցում ենք՝ որպես սպառող, առևտրական, ապա` ապրանք (նաև երեքը մեկում ու միաժամանակ):
...
Այսօր էլ, ինչպես երեկ, մարդը վազում է, որ ուտի, տարբերությամբ, որ այսօր ուտելով է վազում, որ էլի ուտի, իսկ վաղը պետքարանի դադարն էլ չի լինի:
Վաղն արդեն այսօր է …
77. Հավատում ես` հավանական է դառնում, որ կխաբվես, կասկածում ես` հավանական է դառնում, որ ճշմարտություն բաց կթողնես, ու, այս երկու հավանականներից խուսափելով, վերածվում ես սեփական զգացմունքների զսպումից սառած, ուրիշների կերպարանքն օբյեկտիվորեն անդրադարձնող և այդ պատճառով նրանցից արհամարհված գոյի, ու մի օր բոլորին կմնա անհասկանալի այն անխուսափելին, թե ինչու ինքն իրեն մասերի բաժանվեց հայելին:
78. Թե քո համար աշխարհն է տուն, և անտանելի է նրանում ցանկացած անհաշտություն, հետգրություն թող ու դուրս փախի, կամ առանձնարանում փակվի ու խելագարվի, քանզի չես հասկացել` նա, ով աշխարհն է տուն համարում, անտուն է մնում. «միամիտ» Մարդ արարած (գուցե, երբևէ, գոյություն չունեցած):
79. «Ինչ անում եմ, երեխաներիս համար եմ անում» միտքն առավելապես դարձել է նրանց սկզբունքը, ովքեր պատրաստ են ցանկացած էշության` չմտածելով, որ այդ կերպ իրենց երեխաներն ինքնաբերաբար դառնում են էշի քուռակներ, որոնց մարդ մեծանալու հավանականությունը գրեթե զրոյական է:
80. Հանդիպել մարմնավորմանը ներսիդ այն չարաճճիի, ով կարողանում է ծաղրել լրջմտությունդ և ստիպել ժպտալ` անգամ, երբ ցավն անտանելի է, ու մշտապես մնալ սիրահարված, քանզի ինքդ չափից ավելի նեխել ես իմաստնության մեջ, որ արժանանաս նրա համակեցությանը՝ հրեշտակային թևերի համար չափից ավելի ծանր են մեղքերդ, ինչից ինքդ ես պատրաստ զերծ պահել նրան, միայն թե ճախրանքը շարունակվի` թեկուզ հետո քեզ թողելով անտանելի կարոտ, ինչն անխուսափելին և անբեկանելին է, որովհետև և, փաստորեն, հանդիպել ես նրան, ում անունն է ՍԵՐ:
81. Սեր` ինչպիսին գիտեն շատերը.
Բռնության համատարած մի տեսակ (և գուցե ամենաանողոքը հնարավորներից), որը դրդում է պարտադիր տիրել սիրելիին` հետքդ թողնել՝ ի գիտություն ամենքի, որ պատկան(ել)ում է քեզ` այդ կերպ զրկելով համոզմունքից, որ չկա արժանավորն ավելի, քան կաս ինքդ, որից էլ մշտապես ուղեկցող պատկանելիության կասկած, ապա` հիասթափություն՝ թողած սեփական հետքից, ու երկուստեք անպետքություն, նաև՝ նորի համար:
Սեր` ինչպիսին չգիտեն շատերը.
Նախ՝ ինքնազսպումով փակել աչքերն երազած ու գայթակղիչ մերկության առաջ, թույլ տալով համոզվել, արդյոք ցանկանո՞ւմ է քեզ տրվել, ապա՝ բացել, ձուլվել ու մեկ դառնալ` շարունակաբար նորանալ, կամ, թեկուզ, փակ աչքերով հրաժեշտ տալ, բայց չկասկածել։
82. Բնության մեջ մարդու մեծագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ նա կարող է որոշել, թե ինչպես մեռնի. այդ կերպ հնարավորություն ունենալով գեղագիտորեն միջամտել բովանդակությանն այն ճշմարտության, որ մահն իմաստավորում է ապրելը:
83. Զգայական ճանաչողության խորքերից.
Երբ կյանքը նեղացնում է մարդուն, վերջինիս մոտ ինքնաբերաբար միանում է ինքնաոչնչացման պրոցեսը` որպես չլինելու իրավունքի ենթագիտակցական գործադրում, ինչն արտահայտվում է ծխելով, խմելով, թմրանյութի օգտագործումով և այլն, կամ պարզապես մտավոր, իսկ, երբեմն, նաև ֆիզիկական ինքնասպանությամբ (ինչը, որպես կանոն, համարում ենք թուլություն):
Բայց սրա հաղթահարումը ոչ այլ ինչ է, քան ապրելու այնպիսի պարտականությունների և/կամ զգայական կաշառքի առկայություն, որոնք թույլ չեն տալիս վաղաժամ և ամբողջ ծավալով օգտվել չլինելու իրավունքից, իսկ մեզ թվում է, թե կամքը և/կամ ապրելու հանդեպ սերը հաղթեց:
84. Երբ մարդու հոգին պատկանում է ուրիշի, ուրեմն նրան այլևս ոչինչ չի պատկանում և նա վերածվում է կոմիսիոների` ուրիշի ունեցվածքի կապակցությամբ: Ու միամտություն է կարծել, թե հոգին անձեռնմխելի է. այն ոչ միայն զանգվածաբար ձեռք է բերվում, այլև վաճառվում և վերավաճառվում է` որպես թանկարժեք կապիտալ:
Իսկ հարուստ մարդիկ եզակի են` շատերը նույն բառով կոչվում են կոմիսիոներներ` ֆինանսական շրջանառության տարբերությամբ:
85. Օգնե՞լ ես` մեծահոգի ես, հետո արհամարհանքից նեղացե՞լ ես` միամիտ ես, քանզի չգիտես, որ մարդու համար ծանրագույն բեռերից մեկը երախտապարտ մնալն է, որից նա շտապում է ազատվել, իսկ արհամարհելն ամենաարագ միջոցն է։
Արդեն իմացար…
86. Մնալ մակերեսին, որ պատճառաբանվի հետևանքը, ու չպայթի սիրտն անպատասխան «ինչու»-ից` ազգերը դեռ իրար հոշոտում են, ինչը խորամտորեն նույնքան անմիտ զարմանալին է, որքան օրինակ` եղբայրների անհաշտությունը. իհարկե, եթե վերջինն էլ արդեն սովորական ընդունելին չէ:
87. Պատերազմի ավարտից հետո անփոփոխ է մնում կռվածների թիվը, բայց սկսում է ավելանալ մասնակիցներինը, ու անհայտ է մնում հե՛նց առաջիններինը, որոնց փառքը յուրացնում են երկրորդները:
Եվ վերջապես ճշմարիտ է՝ «քան կռվելը, կռվելու մասին պատմելն ավելի շահավետ է»։
88. Քաղաքակիրթ կարգ և ծիսակարգ.
«Վայրենի» մարդն իսկապես «հիմար է», և ունակ չէ հասկանալ անգամ այն հասարակը, թե ինչպե՛ս կարող է ազատ կացարանների թիվը գերազանցել անօթևանների թվին, մի տեղ լինել սննդի կուտակում, շուրջը` քաղցածների, իսկ մի պատառ հացի նվերը տրվել հատուկ «ծիսակարգով». սա բացառապես «քաղաքակիրթ» մարդու զարգացման աստիճանն ու հասկանալիքն է:
89. Նշանակում է` ճիշտ չէ ընթացքը, երբ բանը հասնում է արյուն թափելուն, բայց և սխալ է կանգը կամ նահանջը, երբ արդեն թափված է արյունը. այսպես խախտվում է արդարության սկզբունքը` հանուն ինչի՞ թափվեց արյունը և ինչո՞ւ հենց նրան(ց)ը:
90. Ամենաժամանակատար զբաղմունքը պարապությունն է, ժամանակի լավագույն խնայողությունը` սիրելի գործունեությամբ զբաղվելը, իսկ վերջինիս հակառակը նշանակում է` քեզանից խլում են քո ժամանակը:
91. Մտքի «թմրեցումն» անհրաժեշտ է որպես հոգևոր առողջացման հաբ` օգտագործելով ժամանակ առ ժամանակ և չափաբաժիններով՝ խիստ սահմանափակ, որի խախտումից վերածվում են անասունի կամ փիլիսոփայի, ու առանց «կամ»-ի աչքին այն շատերի, ովքեր առանց հաբ վերածվել են ուրիշի մտքերը կրող լծկանի:
92. Դանդաղում է արբեցած մարդու գիտակցությունը` նա քաոսում վայելում է ակնթարթը, և ահա՛, թե որն է նրան զվարճացնող հարցը` իսկ ո՞ւր են շտապում բոլորը:
Սիրահարվում ենք, որ չնեխենք …
93. Կնոջ հետ հարաբերությունում ինձ համար կարևորը, ինչպես տան մեջ, վարագույրն է։
94. Հազվադեպ է պատահում կին, որի շուրթերից փիլիսոփայություն ծորա՝ ներդաշնակ հեշտոցի հյութին, ու եթե հանդիպել ես նման մեկին, նրա և կյանքի բարեհաճության առջև երախտագիտորեն ծնկի, քանզի քեզ հայտնվել է դիցուհի:
95. Բայց իրականությունն այն է, որ դուռ չի էլ եղել.
… որովհետև փախել է առանց ետ նայելու և փակվել` առանց ներսի բռնակի դռնով թաքստոցում, ու չի կարողացել դուրս գալ ինքնուրույն կամ հայտնել որտեղ է գտնվում: Ամաչել է օգնություն կանչել և, ատամները սեղմած, հաղթահարել է սառը մթության հանդեպ վախը, ու երբ աչքերը հարմարվել են խավարին, հայտնաբերել է դուրս նայող անցքը, որը հետո վերածվել է դիտանցքի ա՛յն դիտորդի համար, որպիսին դարձել է ինքը, գոյաձևով կա և չկա: Տեսնում է այն մսաղացը, որում աղվում է Մարդը և փորձում է զգուշացնել գոռալով, ձեռքի ցուցումով և ժեստերով, բայց ամենն այդ նման է իրողության՝ էկրանից այն կողմ, որում դիտորդի կամքը սցենարը փոխել չի կարողանում: Լուռ մտքեր է դուրս նետում, որոնք ինքնախարազանմամբ ստացված ճշմարտություններ են կրում, իսկ դրանցում, նաև, թելի նման իր աղերսն է ձգվում` արդեն հուշի վերածված երբեմնի լույսի վերադարձի: Ոմանք նկատում են գետնին հայտնված փոքրիկ բացիկները և հատկապես նրանք, ովքեր նեղացած գլխիկոր են քայլում, ի տարբերություն շատերի, որոնց հայացքը դատարկ երկնքում է ճշմարտություն փնտրում: Պատահում է` կարդում են, երկխոսում ու հասկանում են` անգամ օգնել են փորձում, բայց ճանապարհը չեն գտնում, իսկ նա հուշել չի կարողանում, որովհետև փախել է առանց ետ նայելու` հայտվելով առանց ներսի բռնակի դռնով թաքստոցում, ու թերևս դուռը նա՛ է բացելու, ում փորձությունն էլ հենց դա է լինելու, կամ, գուցե, սա հույս է, որի կեղծ լինելը հետո է պարզվելու:
96. Եվ մեծապես սխալվեց նա, ով անտեսեց պատրաստի ճամփան` ընտրելով ուղին իմաստնության.իմացությանը համամասնորեն ու բազմապատիկ ավել հանդիպելով ինչու-ների` ստանալով միայն կասկած` ինքնին որպես նոր ինչու-ների պատճառ, և կորցրեց վստահությունը միջավայրում, որտեղ բոլորը ծեծված արահետով են քայլում:
Վերջապես ճշմարիտ է՝ տգիտությունն ունի համոզմունքի հասնելու ավելի մեծ հնարավորություն:
97. Սերն առանց խենթության չի լինում, որովհետև միշտ իր կենսունակությանը խանգարող այնպիսի հանգամանքներում է ծնվում, որոնք առողջ բանականությամբ չեն հաղթահարվում:
98. Ճիշտ են ասել` բարին վերջում հաղթում է, բայց չեն ասել, որ ընթացքն անվերջ է, ու անպետք է, եթե անգամ այդ վերջը կա և ճշմարտություն է, քանզի հեքիաթն ավարտվում է, երբ չարը պարտվում է. ահա և պարզ հետևություն` առասպել է երջանկությունը` կա միայն երբեմն ուրախ լինելու հնարավորություն:
99. Հաճախ, նրանց ենք անզգուշաբար նեղացնում, ովքեր իսկապես մոտ են լինում և ցասման պահի՛ն էլ չեն հեռանում, ու ինձ համար գուցե լավ է, որ նրանց թիվը մատերի վրա հաշվել է լինում և հաճախ մեկ ձեռքն էլ է բավականացնում:
100. «Եթե ներողություն խնդրեմ և այցելեմ աղոթատեղի, ապա պետք է անեմ զզվացնելու չափ հաճախակի, քանզի միևնույն է` չեմ դառնալու չոբանի ցանկալի կենդանին, ուստի, գոնե խուսափում եմ լինել ձանձրալի»,- ասաց գայլը` ի պատասխան ինչու-ի:
101. Կիրքը չափազանց դյուրազգաց է, հետևաբար՝ նույնչափ անհուսալի` որպես կին-տղամարդ հարաբերության միակ հիմք, բայց և միակն է, առանց որի, դառնում է անտանելի ցանկացած այլ հուսալի հիմք:
102. Երկխոսությունից ծնված մենախոսություն.
Ասացիր՝ լռում եմ, իսկ արդյո՞ք հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ հանկարծ նյութականանում է ձայնը, որի հետ միշտ երկխոսել ես լուռ ու միայն գրել ես, որ չպայթես: Հանդիպել ես քո նմանին, արտացոլանքին, վերացող տեսակին ու միաժամանակ առանձնահատուկին. մենք կարող ենք փրկել ցանկացած մեկին` սրանում նման ենք ու տարբեր նրանով, որ դու կարողացել ես փրկել նաև ինքդ քեզ: Արդյոք հնարավո՞ր է խոսել այն ժամանակ, երբ խավարի մեջ հանկարծ տեսնում ես լույս, երբ պարզապես ուզում ես գոռալ` կարոտել եմ քեզ, հո՜ւյս: Հնարավո՞ր է խոսել այն ժամանակ, երբ երանությամբ հետևում եմ ճախրանքիդ և չգիտեմ, երբևէ ինքս կհասնե՞մ այդ բարձունքին` իմ միջավայրին, սկզբին, բնույթին ու երանելի վերջին: Հնարավո՞ր է արդյոք …, և դու էլ մնացիր լուռ:
103. Ճիշտ է` մենակությունն էլ ասոցացվում է իմաստնության հետ, բայց պետք չէ ձևացնել, քանզի մեկ էլ տեսար այն որպես կեղծարարության պատիժ տրվեց ու ստիպված կլինես սեփական տգիտությանն առերեսվել և, ձանձրույթից փախչելով, ընկերակցություն աղերսել` նվաստացվել:
Պետք չէ միայնակությունն ու մենակությունը շփոթել:
104. Ներդաշնակություն.
Այն, ինչ երբեք հնարավոր չէ գտնել միջավայրում` թեկուզ լինի անմահություն, հնարավոր է սեփական ԵՍ-ում` ինչի համար «միջին տևողություն» ապրելն էլ պարտադիր չի համարվում:
105. Կապ չունի` խորանում ես, թե` արդեն խորքից խոսում. քեզ սոփեստության պիտակ են կպցնում, ավելին` միայն ոտքերը թրջածի «իմաստնությունն են» հավանում, քանզի նա հետույքը միշտ չոր է պահում, իսկ աչքը տեսածին է հավատում, ու, քանի դեռ անշունչ մարմինդ ջրի մակերես չի բարձրանում, ապրումիդ մեջ չեն համոզվում, ապա` ափսոսանքից սուտ արցունքներ են թափվում` այն էլ դիակասերների աչքերում:
«Գնա մեռի, արի սիրեմ» ասույթն արդիական է մնում, քանզի մեռյալների աշխարհում ենք ծնվել ու Չապրում:
...
Երևակայությամբ համեմված պատկերում, հետո հուշերի վերապատկերում՝ էությունից ավելի գեղեցիկ կամ տգեղ, որի իսկականը այդպես էլ մնում է անհայտ, երբ այն ես, ում բացակայությամբ լինելն է պետքություն:
106. Ինչքան շատ է խնամքը, այնքան ուշ է նահանջում հիվանդությունը (անգամ նպաստում է դրա առաջացմանը), քանզի հոգածությունից նախ՝ սնվում է հիվանդին հատուկ եսասիրությունը. ուստի, դրանում էլ անհրաժեշտ է պահել չափավորություն, նաև՝ որպես վարակի տարածման կանխարգելում:
...
Վաղաժամ մահից առավել՝ ուշացածն է անտանելի, ու, ինքնաբավարարման մոլուցքով տարված, խիղճը մեզ հաճախ վերածում է սադիստի:
Եթե իսկական մարդասեր, ապա սիրտը խղճից ամուր պիտի լինի, որ մարդասիրաբար սպանի, երբ մահը հապաղի:
107. Ճոճանակ.
Վարձակալն ուրիշի տանը փորձում է ստեղծել սեփական անկյուն և այն պահելու համար թափում է արյուն` չհասկանալով իմաստն ապրելու, ու այսպես տհաս էլ մնալու է, քանի դեռ չգիտի որտեղից է եկել և ուր է գնալու` չի էլ իմանալու, ուստի, սա գրել-կարդալուց էլ ոչինչ չի փոխվելու` ճոճանակը նույն հետագծով ճոճվելու է մինչև ամրակները կոտրվեն:
108. Երբ փոխվում է գույնը թանաքի, տառապանքն էլ է դառնում զվարճալի` որպես խրախճանք՝ հանդեպ ինքնասպանի, որին կհաջորդի տհաճ զգացողությունը խումարի, և միայն անշունչ մարմինը կսթափեցնի, բայց պատճառն այլևս նրանում չի լինի: Իսկ մինչ այդ՝ «Որտեղի՞ց է արյունը, և ո՞վ է դանդաղ մեռնողը» հարցերը չեն ծագի, քանզի բոլորին թվում է, թե պատճառն ինքնին է հասկանալի. ընդամենը գույնն է թանաքի: Չկա ու չես գտնի սրանում մեղավորի, հետևաբար՝ նաև պարտականի, ուստի, մնում է շարունակել գրել արյունով և վայելել զվարճալին:
109. Անհրաժեշտ նամակը ոչնչացվում է ճիշտ այնպես, ինչպես անպետքը, ու պահվում է միայն այն, որը չի հասկացել հասցեատերը, որի դեպքում այլևս կարևոր չէ որոշել պետքությունը, և սրանում ոչինչ չի փոխում՝ որպես հուշ պահելու ցանկությունը:
110. Ժամանակն արագ է խժռում ամեն ինչ՝ հասկացնելու համար` ազատությունը նրանում է, որ մեզ չի պատկանում ոչինչ և չի կարող ստիպել մնալ ինչ-որ ինչ:
Չի կարելի մարդ լինել ավել չափից, մի հրաժարվիր քո միջի գայլից, թե չէ հանկարծ կսատկի ու նեխահոտը ողջ կյանքում կուղեկցի` վերածելով բանական դիակի:
111. Լո՞ւյս ես ուզում, տառապյա՛լ, նստիր գիրկը խավարի` հետևդ շոյելով կբացատրի:
Վախեցա՞ր, ա՛յ կեղծարար, չգիտեիր, որ մտածում են գլխով, հասկանում` հետույքով: Սա՛ էլ իմացար:
112. Կյանքը չի փոխում իր դիրքը, և նրա համբույրին արժանանում են ամենքը, ուստի, նա, ով մշտապես եղավ խոնարհ, չզգաց գոտկատեղից ներքև համբույրի հաճույքը` ստրուկ մնաց` ճակատին կրելով շրթներկի հետքը:
113. Ե՛ս եմ սպանել բոլորին, այն էլ՝ իրականում, որտեղ շատ է ցավում.
Երազ եմ տեսնում` հարազատ դեմքեր, շրջանաձև հրապարակ, իրար ետևից վազում ենք, ով ում հասցնի կրակում է` ցավ չենք զգում ու չենք սպանվում, հրճվանքով ենք խաղում:
Հետո նկատում եմ, որ միայն ես եմ առանց ձի ու բոլորը կրակում են ինձ վրա, արթնանում եմ …
114. Քանի որ մենակ մնալով մնում ես մենակ այն ամենի հետ, ինչը կրում ես քո մեջ, ուստի, անկախ իրականության պահանջներից, երեխայի մեջ պետք է խրախուսել անկեղծությունը, իսկ ավելի ճիշտ` ուղղակի չփչացնել այն, քանզի կյանքում անխուսափելիորեն զգալու է դրա կարիքը ու միայն մի տեղ է կարողանալու գտնել:
115. Ոչ երթևեկելի եղանակն անտանելի է նրանց համար, ովքեր ընկերակցությամբ չեն նրա, ում հետ հաճույքով կանգնելու համար կարող են քաշել աջ …, ըհը, ահա և վարագույր մառախուղը …
116. Նախ՝ կամքդ հակադրում ես ավագների իմաստնությանը, ապա` ձեռք բերած իմաստնությունդ առաջադրում կրտսերներին, ու միայն այն ժամանակ ես իմաստնանում իսկապես, երբ հասկանում ես, որ երկու դեպքում էլ սխալվել ես:
Սա ճշմարտություն (զղջում) է, որին անխուսափելիորեն դատապարտված են ամենքը, ու/բայց երանի, եթե դրանից հետո դեռ չի ավարտվել ապրելու ժամանակը:
117. Խոժոռադեմ մարդկանց մեջ ավելի շատ գտնում ես ապուշության աստիճան երջանիկ լինելու առիթ, քան դեմքի արտահայտության օբյեկտիվ պատճառ:
Եվ ընդհակառակը` հակառակում. ժպտացող աչքեր, որոնցում միշտ առկա է յուրահատուկ թախիծ` որպես արտապատկերում ցավի, տառապանքի, դժվարության,…, որպիսիք վերապրելով` նրանք սովոր(ում)ել են գնահատել ուրախությունն ակնթարթում:
118. Լեդի.
Կին, որի առաջ կարող ես ծնկի գալ` քեզ զգալով աշխարհի տիրակալ:
Ցավոք, այդպիսիք հազվադեպ են հանդիպում, չնայած` բնությունը շատերին է տվել այդպիսին լինելու հնարավորություն։
119. Ավելի ապերջանիկ է ոչ թե այն կինը, որն ունի արտասվելու առիթ, այլ նա, ով ստիպված է զսպել արցունքները, իսկ նրանք, ովքեր զերծ են դրանից, կամ երջանիկ ապուշ են, կամ` հանճարեղ դժբախտ:
Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա նրանք բնությունից դատապարտված են լինել երկուսից մեկը, իսկ երբեմն` երկուսը մեկում, և չունեն այլ ընտրություն:
120. Թեպետ իմաստությունը միշտ հետևանքն է զրկանքի, բայց ամենքի համար չէ, որ զրկանքը վերածվում է իմաստնանալու պատճառի, քանզի միայն ջրառատ գետն է վերափոխվում լճի, երբ հանդիպում է պատնեշի:
121. Կյանքը կին է, որի բարեհաճությունը կարող ես վաստակել սիրելով, կամ ստիպված ես պարբերաբար վճարել, իսկ նրա արհամարհանքի և ատելության միջև, անշուշտ, պետք է վերջինն ընտրես. այդպես երկար չես տառապի` արագ կսպանվես. թեպետ, ընտրության հնարավորություն նա հազվադեպ է ընձեռում. սովորաբար ինքն է որոշում:
122. Նշիր խորհուրդ տալուց և նկատի ունեցիր` ստանալուց.
Թեկուզ լինի լավագույնը, միևնույն է, ուրիշի փորձը փոխանցվում է որպես տեսություն, որով առաջնորդվելը դառնում է փորձարկություն, իսկ արդյունքը` սեփական փորձի հանգում, ինչն էլ երբեք առաջինի հետ նույնական չի լինում:
...
Նա, ով խրատում է՝ իրեն նշելով որպես լավագույն օրինակ, արժանի է արհամարհանքի՝ որպես վատագույն փորձ:
123. Կարծես՝ մարդու կողմից սպանված յուրաքանչյուր կենդանի վերածնվում է մարդու կերպարանքով` որպես նրանց և նրանց միջավայրի մասսայական ոչնչացման պատիժ. ահա, թե ինչու է մարդկանց մեջ ավելի հաճախ հանդիպում անասուն, քան ձևին համապատասխան բովանդակություն:
124. Եթե առաջին համբույրը մեկնարկը չէ միասին ճանաչելու, ապա այն վերջն է իրար իմանալու, հետևաբար՝ սկիզբը բաժանվելու, ու սրանում ֆիզիկական միասնականությունը ոչինչ չի փոխում:
125. Լուսաբացի մայրամուտ, մթնշաղի արևածագ. Երբ հայտնվում ես մարդկանց միջավայրում, ովքեր չեն գիտակցում իրենց անկենդանությունը, դժվար է պահպանել սեփական կենդանության հանդեպ վստահությունը, և միայն շատերին քնեցնող գիշերն է վերադարձնում այն, ինչը կորցնում ես ցերեկը` սեփական գոյության լիարժեք զգացում, ու փոխվում է օրվա ընթացքը՝ լուսաբացին մայրամուտ, մթնշաղին արևածագ:
126. Խնայում և կուտակում ենք, քանի դեռ վաղվա համոզմունք ունենք ու միշտ դժգոհ ենք, իսկ երբ մնում է միայն հույսը, գոնե տեսնելու վաղվա լույսը, հասկանում ենք, որ այսօրվա եղածն անչափ շատ ու այդչափ էլ անօգուտ է. այն դեռևս երեկվա ժամկետանց անպետքն է:
127. Երանելի է, երբ հոգին ու մարմինը մեկտեղվում են տարածության և ժամանակի մեջ, դեռ տանելի է, երբ նրանք երկատվում են տարածության, և անտանելի` ժամանակի մեջ, ու երկու դեպքում էլ ապրում ես ինքդ քեզ կորցնելու անհանգստությամբ. առաջին դեպքում՝ գտնելու հույսով, երկրորդում` անհույս կարոտով:
128. «Ինչ պետք է գիտեմ և/կամ իմանալ կարող եմ» համոզմունքը մեղք է, ինչի համար պատժվում ես հարցով` ի պատասխան որի ստիպված ես խոստովանել՝ «Չգիտեմ ինչ անել», ու սա դառնում է մեկնարկը հավատի` ձուկը վերածվում է սատկած ձկան առանց ջրի, որի գոյությունն էլ ենթակա չէ նրա կամքին:
129. Ուժ մնացել է ասելու՝ անտանելի է, նշանակում է դեռ տանելի է:
130. Երջանկությունը տրված է կյանքը սիրելու համար, տառապանքը`դրանից կախվածություն ձեռք չբերելու:
131. Ինչ խրախուսում, ուսանում են մարդու զարգացման համար՝ ավելի շատ սովորեցնում է, թե ինչպես դառնալ մարդանման սյունին դրված, այլանդակ չափերի հասնող օրգան (քիթ, ականջ, բերան …), և անճոռնիությամբ առանձնանալ ու առանձնանալով հատկանշվել՝ որպես անհատականություն, ինչպիսին են հատկապես հանրային ճանաչում ունեցողների զգալի մասը: Մարդկություն կոչվող՝ սպանդանոց հիշեցնող այս ամբողջության հանդեպ զզվանքն անտանելի կլիներ առանց կարոտի՝ Մարդու հանդեպ, որ դեռ պիտի այս մսե լցոնից արարվի:
132. Երբ ցնծում են նրանք, ովքեր պետք է ամաչեն, ամոթխած լռում են նրանք, ովքեր պետք է հպարտանան: Ու սա առավել ցայտուն արտահայտվում է համապետական, համազգային տոներին:
133. Մեծանալով մենք չենք դադարում արտասվել, պարզապես արցունքներն են հարկադրաբար փոխում ուղղությունը` հոսելով ներս և աղապատելով մեր հոգիները, ու, տարիքին զուգահեռ, մեծանում է ցանկությունը՝ փարվել հոգատար կրծքի և լսել օրորոցային:
134. Ժպիտը` որպես վարագույր, սեղմված ատամները` որպես փակված դուռ, ու ներսում թեպետ մթնանում, բայց խաղաղություն է տիրում, երբ ապրումովդ ամեն պատահած չի զվարճանում, ու այսպես, քանի դեռ կամակոր սերը չի հայտնվում, որը թույլտվություն չի հարցնում, դուռը չի թակում. վայրենաբար է ներխուժում:
135. Ստելն ինքնախաբեություն է, որն ուրիշին ասվելուց առաջ անցնում է ինքնաարդարացման փուլ ու, կախված արդյունքից, արտահայտողի մեջ նկատում ես ինքնաարդարացվածի խղճուկություն, կամ՝ անինքնասերի լկտիություն:
136. Դատավորը վերածվում է նոտարի, երբ վեճն ավարտվում է հաշտությամբ` զրկվելով արդարությունն աչառությամբ վնասելու հնարավորությունից, ինչն առկա է մնացած բոլոր դեպքերում` որպես նրա սուբյեկտիվիզմի անխուսափելի դրսևորում:
137. Առհասարակ պետք չէ խղճալ, բայց եթե …, ապա
Նրան, ում խղճացել ես, չպետք է մոտ թողնես, իսկ թե թողել ես, պետք է զգոն լինես, քանզի խղճահարություն տարած մարդը նման է շան, որը վախից է կծում, որպես կանոն՝ անսպասելի և թաքուն. անգամ ձեռքը կարեկցող` շփոթելով ձեռքի հետ հարվածող:
138. Երբ ինքնասպանության հակված մարդը կխնդրի օգնել մեռնել, թող մենակ և հեռացիր, կամ սպանիր առանց խղճի խայթի ու երկմտանքի, բայց երբեք փաղաքշելով և համոզելով կյանքը փրկել մի փորձիր. նա, այդպես ողջ մնալուց հետո, յուրաքանչյուր դժբախտության ժամանակ քեզ կմեղադրի` որպես պատճառ իր տառապանքի:
...
Մի փրկիր, եթե չես պատասխանելու հարցին` «Ինչպե՞ս ապրել». չէ՞ որ հենց այդ պատասխանը չիմանալու պատճառով է փորձում մեռնել, կարճաժամկետ փառքիդ համար մի՛ փրկիր, մի՛ ստիպիր ավելի երկար Չապրել …
139. Սեր՝ առ ջուրն ու կրակը, հողն ու օդը, սարն ու ձորը…, ոչ միայն չեն բացառում իրար, այլև ձևավորում են այն ամբողջականությունը, որը կոչվում է բնության հանդեպ սեր, և սրանում մեկ կարևորությունն այն է, որ գիտի սիրել` թեկուզ անհամեմատելի ու երբեմն` անհամատեղելի, բայց ամենքին առանց կեղծիքի. սա՛ էլ ի պատասխան դատողության` իբր մեկի հանդեպ սերն անպայման պետք է ժխտի սերն առ ուրիշ(ներ)ը, ու թող քարկոծեն բարբարոսները։
140. Նայիր բարոյապաշտի աչքերին, որ օրեցօր դառնում են է՛լ ավելի հրեշտակային` սրանց բնորոշ մեղքի զգացումով` որպես հետևանք գիշերվա, երբ տրվում է իր բնազդին, բնության կանչին, երբ վայելում է հաճույքը` բնորոշ իր տեսակին, վայրի բնույթին` զգալով երանությունն աստվածային, ապա` ամոթխած ծնկում է առաջն հանրային այն հորինվածքի, թե իբր սուրբ է հոգին` ամաչելով նայել անգամ սեփական ձեռքերին, որոնք բնազդների գոհացման ակտիվ մասնակիցն էին. ահա՛, թե ինչպես են մարդիկ միավորվում կեղծ հարթությունում, որը բարոյականություն և/կամ համակեցության կանոն են կոչում:
Իսկ նա, ով նույն այդ բնույթն է կրում, բայց չի հասկանում` ինչո՞ւ են մարդիկ իրենք իրենցից նողկում, հոգիները «հագուստի» տակ քողարկում, ապա` այդ «հագուստը» կրելու վարքուբարք հորինում, իսկ ով թերանում է` ծաղրում և այդ կերպ սեփական անձի հանդեպ ամոթը հաղթահարում, մեկուսանում է սեփական զգացմունքներում և օր օրի համատարած այդ կեղծիքի հանդեպ ավելի դյուրագրգիռ է դառնում ու, հանրային գարշելիից պաշտպանվելու համար, միայնակի հպարտության ետևում է թաքնվում, իսկ հարաբերությունները, թերևս, նրա համար միջոց են դառնում` սեփական միայնակությունն ավելի զգալու և իր բնության մեջ թափառելով անհետանալու` փրկվելու, բայց և տառապելու, երբ, երբեմն, ստիպված տալիս է հարցը` ինչո՞ւ:
141.
– Երբ հարցնում է` սիրո՞ւմ ես ինձ, նշանակում է` նախընտրում է խաբվել` զգալով, որ չկա սեր:
- Հաճախ, այն, ինչ անում ենք սիրելով, կկոչվի անինքնասիրություն, եթե անենք առանց սիրելու. ահա՛, թե ինչու է մարած սիրո մասին հուշը այդչափ նվաստացուցիչ թվում:
142. Նա, ով ուրիշներին սովորեցնում է ինչպես լինել հաջողակ` իբրև հիմնավորում նշելով սեփական փորձը, անշնորհակալ է կյանքի բարեհաճության հանդեպ, քանզի բացահայտում է վերջինիս կողմնապահությունը, իսկ գաղտնապահությունը մեկ առաքինությունն է, որն այս դեպքում խախտվում է:
143. Ճարպիկն առաջ է անցնում մեկնարկում, զիջում` ընթացքում և պարտվում` վերջում. սա իմանալով նա հենց սկզբից է փորձում դիմել խարդախության, ու, քանի որ իմաստունը միշտ ներողամիտ է, արդյունքում ճարպիկն ընթանում է ինքնագոհ և նշում առանց մրցակցության ստացած հաղթանակը` նման երջանիկ ապուշի:
144. Կոկիկ հագուստը թեպետ գեղեցիկ է նայվում, բայց միշտ ստեղծում է շարժման անհարմարություն, նույնը նաև հոգում` ազատությունն ու կանոնավորությունը երբեք չեն զուգակցվում:
145. Նվեր, որը տրվում է զգայաբար ու առանց տրամաբանական հիմնավորումի, թեկուզ հե՛նց նվիրողի համար էլ պատճառով անհասկանալի` հենց այնպես, ուղղակի, բարեհաճությունն է կյանքի, ու, թերևս, չկա և չի էլ լինում նվեր այլ տեսակի, իսկ երբ այն ընդունում կամ մերժում ենք՝ ըստ փոխադարձ պարտավորության և/կամ արժեքի հաշվարկի, արդեն պարզ է, թե ինչի առաջ ենք փակում դռները մեր սրտի, հոգևորի, զգայականի` ենթարկվելով խղճուկ անշնորհակալին արժանի պատժի` հոգևո՛ր մահապատժի` վերածվելով ասուն անասունի:
Ու, սովորելով ստանալ նվեր, հասկանում ես, թե ինչքան էր գիտակցությունդ քեզ բանտարկել, իսկ նվիրելով տեսնում` որքա՜ն շատ կան բանտարկյալներ:
146. Ներողությունն ինքնանվաստացում է, որն օգնում և/կամ հարկադրում է կողմնորոշվել դեպի հանրայինը, երբ հայտնվում ես վերջինիս և բնազդային մղումների կոնֆլիկտից առաջացած փաստի առաջ: Այն արդյունավետ միջոց է ուրիշ(ներ)ի հետ խնդրի լուծման, բայց, որպես կանոն, սեփական էգո-ի վնասման հաշվին, ինչը կարելի եմ համարում բացառապես այն դեպքում, երբ այդ ուրիշ(ներ)ին քո մասնիկն ես համարում, ու սա կոչվում է ինքնաոչնչացում՝ հանուն ինքնամբողջացման կամ դրա պահպանման: Եվ սա պետք չէ խառնել շրթներկ դարձած էթիկայի տարրի հետ:
147. Իմաստնությունն առանց մեղանչելու չի լինում և դրան ձգտող ճանաչողների համար նախապես է որոշվում տեղը դժոխքում, իսկ պատրաստի արդյունքը, որպես դրախտի շահած ուղեգիր, ստանում և օգտագործում են աղքատամիտները: Բայց և ճշմարիտ է՝ աստծուն հանդիպելու ամենակարճ ուղին ներսիդ սատանային հետևելն է։
148. Ու իրականությունն այն է, որ մարդիկ միշտ գն(ացել)ում են նրանց հետևից, ովքեր թքած ունեն իրենց վրա, քանզի ավելի հեշտ է նմանակներով ապրելը, թեկուզ եթե թքոտված երեսն է ընդհանուր նմանությունը, ու նա, ով փորձում է լուսավորել` հնարավո՛ր է ապրել արժանապատիվ և անձնահատուկ դեմքով, հոշոտում են նույն այդ «առաջնորդների» հրահանգով, և ստացվում է, որ, այո՛, անխուսափելի է փաստը` արագ է խոցումից կծկվում գրկելու համար բացված կուրծքը:
149. Հույս, հավատ, սեր.
Իրար հաջորդող, հետևաբար նաև իրար բացառող երևույթների եռյակ, որոնց միաժամանակյա մաղթանքը նշանակում է` քեզ մաղթեցին ոչինչ:
Հո՛ւյս, ու թող, որ այն վերաճի սիրո:
150. Միշտ խելամիտ եմ համարել նրանց, ովքեր ինձ արհամարհել և/կամ մնացել են անտարբեր, ու խելացնոր նրանց, ովքեր ընկերացել են և/կամ` սիրել, քանզի սթափ դատողությամբ որևէ մեկի մտքով չի անցնի` սառույցի մեջ փնտրել կրակ, վայրենու մեջ` հոգի:
Առաջիններին շնորհակալ եմ` իմաստասիրության աշխարհ, նույնն է, թե գրողի ծոցն ուղևորելու, իսկ երկրորդներին պարզապես պաշտում եմ` երբեմն խաղաղվելու, նույնն է, թե դրախտում հանգրվանելու հնարավորության համար:
151. Մարդկանց մոտ եկա՝ միայն ինքս ինձ սիրելով ու սպանվեցի նրա՛նց գովքով, ապա վերածնվեցի մարդկանց սիրելով ու ապրեցի նրանց արհամարհանքով:
Մինչև անխուսափելի օրվա գալը, երբ սպանվելու եմ որպես գայլ, պիտի հոշոտեմ բոլոր պատահած դմակներն ու կոկորդները՝ առանց տարբերակման՝ խոյ, մաքի, գառ: Թեկուզ մեկ աստծո փրկության համար պառկեն հոտեր, խիղճս մնալու է աներեր, իսկ իմ նզովյալ գոյության դիմաց՝ ընկածների՛ արյունը թող լինի օրհնյալ:
152. Ու երբ սպառվեց համբերությունը, Նա, դիմելով սատանային և աստծուն, բացականչեց` «Դե բա՜վ է, պարոնա՛յք խաղամոլներ» …
153. ջա՜ն-հոգի …
Գիտե՛մ քեզ, ի՛մ ցեղակից, իմ հարազատ ջան-հոգի, թե ինչպես է ներսիդ ջերմությունը հանդիպել սառնությանը դրսի և վերածվել պաղ քրտինքի ճակատիդ, գիտեմ, որ ստեղծածդ լոկ առիթ է եղել ժամանակավոր զվարճանքի ու պիտանի չէ ոչ մի բանի. ոչինչ չի կարողացել փոխի, որ քեզ միայն մնացել է ապրումը գլխագարի և հետևանքը` ցրտահարված մատների, որոնցով վերապրել ես ցավդ և/կամ հնչեցրել աղերսդ, ու/բայց գիտեմ նաև, որ սա իմանալով էլ, միևնույն է, ես ինքս էլ չեմ փոխվի, ջա՜ն-հոգի:
154. Ի պատասխան վիրավորանքի` մի՛ չարացիր. երկու բացասականների արտադրյալով չարակամին դրական արդյունք մի ապահովիր, թող որ զրկվի սպասելիից իր սրտի, որ անպայման պետք է պատասխանդ լսի` համոզվելու համար` հասել է ուզածին. լռիր ու անհագության դատապարտիր: Ճիշտ է, վիրավորանքդ անհետ չի կորչի (հետքն անպայման կթողնի) բայց և այդպես է հոգում ձևավորվում քարտեզը ճանապարհի, որով պետք է քոնը քեզ գտնի:
155. Համընդունված ստի մերկացում, կամ` ողջո՜ւյն զոմբիներ.
Չի լինում միայնակ մնալու ցավ, լինում է ցավոտ գիտակցում, որ այդպիսին եղել ես միշտ, ու երբ բացվում է ճշմարտությունն իրական գոյաձևի, հայտնվում ես միջավայրում դիակների, որոնք կամակատարն են իրենց հոգեկանչերի:
Ու, փաստորեն, ոչ թե վախ մեռնելու, այլ` հարություն առնելու, վախ՝ մեռյալների մեջ մնալու:
156. Սիրահարվել և/կամ սիրել ես ու մնացել է անպատասխա՞ն. մի՛ վշտացիր` այս դեպքում ունես հնարավորություն միայնակ վայելել այն, ինչը ստացել ես երևույթից` որպես ինքնին փոխհատուցված, ու սրանում ոչինչ չի փոխվում, եթե անգամ պարզում ես` զգացմունքդ ավանակի է ուղղված:
157. Իմաստուն` ինքնազսպված վայրենի, իմաստակ` լկտիացած ընտանի, ու «խելամիտ» ամբոխ, որը, առաջինի նկատմամբ լռեցնելով համակրանքը, հետևում է երկրորդին:
158. Երբ խելամիտն է համոզված իր ճշմարտացիությանը, առաջինն է լքում ճիշտ ու սխալ որոշելու բանավեճը, իսկ երբ տգետը` համառում է մինչև վերջին բառը:
Նա, ով ընդունում է ճիշտ ու սխալի հարաբերականությունը, առհասարակ չի էլ մասնակցում այդ ժամավաճառությանը, իսկ ով զգացել է ճշմարտության բացարձակը` ոռնում է:
...
Ճիշտն ու սխալը որոշելուց առաջ՝ արժե վերևից նայել. արահետները զուգահեռ են, տեղ-տեղ էլ հատվում են …
159. Գայլը հստակ է իր որոշման մեջ` հարձակվել կամ նահանջել, ու տիրապետում է իմաստնությանը, որ մարդկանցից, երբեմն, պետք է փախչել, ի տարբերություն շան, որը միշտ հաչում է երկմտանքից ու, հենց դրա համար, խրախուսվում մարդու կողմից:
160. Ազատ ես, քանի դեռ կարող ես հրաժարվել, իսկ ազատության բովանդակությունը որոշվում է նրանով, թե ինչ պարտավորություններ ես ինքնակամ ստանձնել:
161. Ցանկացած հիվանդություն հոգևոր տկարացման (սխալի, ուրացման, չիմացության,…) արդյունք է, և, որպես այդպիսին, առողջանալու սկիզբ (ազդակ). ահա, թե ինչի դեմ ենք անգիտակցաբար պայքարում, երբ տրվում ենք միայն ֆիզիկական բուժման` խլանալով պատճառի և ծնկելով հետևանքի առաջ, ու մնում ենք տկար մինչև հաջորդ ազդակը, իսկ վերջում` էլ ոչ մի հնարավորություն:
162. Ճշմարտությունը խուսափում է հանդիպումներից, որոնցում անպայման ձգտում ենք լինել ճիշտ, ապա` շքամուտքերում ամենքիս դիմավորում է առանձին-առանձին, հայտնվում՝ անսպասելի, հարվածում` ցավոտ:
163. Դո՛ւ, որ միջակ ես խաղում աստծո և անաստվածի միջև, ու, առավելևս, չես ընկալել այդ երկուսի համերաշխությունը, դո՛ւ, ում սերը լոկ խղճալ է, ու ատելուն էլ պիտանի չես, դու ինչպե՞ս կարողես ապրեցնել, երբ արդարացի սպանել չգիտես, դո՛ւ, որ տրորում ես կանաչը, բայց աղոթում քարին, երբ վերջինս է խոնարհվում առաջինին, դո՛ւ, որ դարձել ես ինքնակոչ տեր, երբ Տերը գտել է նոր զվարճանքներ:
164. Պատասխանը հարցի` ի՞նչ ես ձգտում լինել, պատասխանն է հարցի` ինչպիսի՞ բանտում ես ուզում ազատազրկվել:
...
Երբ փորձում ես ստուգել, թե որ տարիքից ես հիշում ինքդ քեզ, անհիշելի է մնում
ժամանակահատվածը, երբ ձևավորվել է այն ամբողջի մեծ մասը, որը կոչվում է ԵՍ:
165. Ոչ՝ երկարաշունչ ձանձրույթին.
Սխալվելը ճշմարտացիությամբ անցնելիք ճանապարհը կրճատելու միջոց է, երբ գնում ես առանց մեղադրելու և, հետևաբար, առանց ներում ակնկալելու:
...
«Ճշմարտասերների համար հիասթափությունը պետք է լինի ճանաչելիի բացահայտման ազդակ և ո՛չ ավելին».- այսպես է ասում իրականությունը:
166. Արտառոցների հանդեպ նախանձությունից ձևավորվել է միջակների բարոյականությունը, ապա՝ սրանց քանակական գերակշռության արդյունքում, բարոյականությունն է վերածվել միջակության:
167. Խարդախներն առավելության են ձգտում՝ մրցակիցներին թուլացնելով, ապա` ոչնչացնելով, ի տարբերություն արդարամիտների, ովքեր ձգտում են ինքնակատարելագործման, պարտությունն ընկալում են որպես ինքնազարգացման նոր խթան և երբեք չեն դիմում նենգության. ահա, թե ինչու է այս «միամիտ» տեսակը կանգնած եզրին ի սպառ վերացման` այլևս խարդախությունն է մեկ կանոնը համակեցության:
168. Այն, ինչ մեզանից դուրս է, մեր մեջ է, և դրսին ուղղված մեր վերաբերմնունքը նույնն է, թե զբաղված ենք ինքնասպանությամբ, ու քանի դեռ չի եղել հուղարկավորություն, չի լինելու նաև հարություն. շարունակում ենք նեխել:
169. Ո՛չ դրախտ, ո՛չ էլ դժոխք. շարունակաբար վերածնվելու ենք մեր իսկ մեղքով է՛լ ավելի անտանելի դարձող մոլորակում:
170. Բնության կարգ է` փորձն աստիճանաբար վերածվում է բնազդի, ու, նման զարգացման պարագայում, մարդիկ իրար բնազդաբար են ատելու, ինչն էլ, գուցե, իրական մարդասիրության առիթ է դառնալու։
171. Ինքնախարազանում.
Կանգնում են դեմ առ դեմ ու սկսում դաժանաբար կռվել, իրար անխնա խարազանում են ու մինչև եզրն անդունդի արնաթաթախ գալարվում, գրկախառնված ցած են նետվում ու ժայռաբեկորին սպանվում, և, քանի որ, ծովի ալիքները լվանում են արյունը, ոչ ոք չի իմանում եղելությունը. անխռով նստած նայում է դեպի հորիզոնը, ու այլ կերպ չի էլ լինում. նա կամ կռվում է երկատված, կամ միաձուլված է, բայց՝ սպանված:
172. Ուրիշինը՝ որպես սեփականը. ահա՛ տառապանքի այն բաժինը, որը պակասում է՝ իր տառապանքի մասին փառակալած աչքերով պատմողի տեսողությունը բժշկելու համար:
...
Մտածող մարդիկ՝ ինչքա՜ն շատ, իսկ մարդու համար մտածող մարդ …, ու եթե կա(ն), ապա՝ տեսանելի միայն վերջնալույսին:
173. Մարդասիրությունն անկեղծ դրսևորմամբ հոմանիշ է սուիցիդին, կեղծավորով` մազոխիզմին:
174. Մեղքերի թողություն ստին մի հավատա, մի դարձիր հաճույքի առիթ «հովիվների» համար, ովքեր հեշտանք են ստանում ուրիշի կյանքին ծածուկ հետևելուց. ապրիր այնպես, որ հետո պատասխան տալու առիթ ունենաս, հակառակ դեպքում` քեզ կուղեկցեն առանց ուշադրության` նման ոչխարի, ինչպիսին դարձել ես՝ ծնվելով գայլ:
...
Գայլի մահկանացությունը գերադասելի է ոչխարի անմահությունից. բոլոր «արգելված պտուղները» կեր, օձին էլ՝ վայելիր որպես աղանդեր:
175. Կյանքն ինքնին է իմաստավորված, ու մենք՝ որպես դրա պատճառ, հետևանք ու միջոց, մեր լինելիության այլ իմաստ չպետք է, (չկա) և չենք էլ կարող գտնել, ու առավելագույնը, որ կարող ենք անել ինքներս մեր համար, հասնելն է այնպիսի հագեցման, որ այլևս մահն ընդունենք գրկաբաց` որպես գոյաձևի անհրաժեշտ վերափոխում, և սա է նաև մեզ հուշում յուրաքանչյուր վախի հաղթահարումից ստացած ազատության բերկրանքը:
Այլ կերպ ասած, անհրաժեշտ է հասնել մահվան հանդեպ վախի հաղթահարման, բայց ոչ դրա մասին անընդհատ մտորելով և վախին հարմարվելով, այլ՝ ճիշտ ապրելով, ինչին հնարավոր է հասնել՝ օգտվելով կյանքի հետևյալ հուշումից` «Մերձավորի մահը նշանակում է` պետք է շտապես ԱՊՐԵԼ, ծնունդը` չշտապես ՄԵՌՆԵԼ»:
176. Եթե տրվեր հնարավորություն ընտրելու և անցյալը փոխելու, արդյո՞ք դրսի մեծամասնությունը կհամաձայներ հետևյալ պայմանին` չլիներ ցեղասպանություն, բայց բոլորը պետք է ապրեին այսօրվա նման Հայաստանում, և արդյո՞ք ներսի փոքրամասնությունը կհամաձայներ` Արցախն ազատականանար առանց պատերազմ, բայց նրանք պետք է ապրեին մեծամասնության նման:
Եվ, գուցե, ամեն ազգ էլ ունի խղճի հետ առերեսող նման հարցադրում:
177. Աշխարհը հայերիս արդարություն է պարտք, որի իրավունքը լոկ հնարավորություն է, ոչ` պայման, ինչն էլ բացառապես մեր ստեղծելիքն է:
Երկրորդում իմ ամոթն ու ցավն է, առաջինում` հպարտությունը ու էլի ցավը:
178. Աննման է Կինը, ով աղջնակի նման ցատկոտում է տղամարդու սրտում. երբ սիրված է, ոտաբոբիկ է անում, հակառակ դեպքում` բարձրակրունկներ է կրում, բայց ցատկոտել չի դադարում` միշտ է Կին մնում:
...
Չգիտեմ ինչու կամ, գուցե, գիտեմ շատ լավ, թե ինչու հենց աղջնակներին եմ, որպես ամբողջ կյանքի բարեմաղթանք, ցանկանում՝ լինեն ու երբեք առիթ չունեն չլինելու չարաճճի:
179. Կանանց հետ չի կարելի խոսել կրոնից, փիլիսոփայությունից, քաղաքականությունից, քանզի նրանք այդ երեքի մարմնավորումն են, ընդ որում` երեքը մեկում, ու, ենթագիտակցորեն, իրենք իրենցից են ձանձրանում, իսկ ով էլ չէ` ստացել է որոշակի շեղում: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց բախտը բերել է նրանում, որ կանայք, մեծամասամբ, սրա մասին չեն իմանում, իսկ ով էլ իմանում` աստվածային իմաստնությամբ թագուհի է դառնում, ում բոլորն են տենչում, իսկ ինքը` «գոյություն չունեցող» միակին է տրվում:
180. Էսքան բան, մարդ ընկեր.
Բնության մեջ ողջ մնալու արվեստն այլևս արդիական չէ, քանզի չկա դրա կիրառման միջավայրը: Հիմա, ողջ մնալու համար, պետք է իմանաս մարդկանց մեջ չսպանվելու հմտություններ, մեկ բառով` առևտուր, ընդ որում, գործունեությանն անհրաժեշտ բոլոր միջոցներն առկա են ի ծնե` հետույք և լեզու, բայց ոչ իրենց կենսաբանական նշանակությամբ, ինչ վերաբերում է խղճին և արժանապատվությանը, ապա` միայն փորացավ առաջացնող այդ անպետքություններից կարող ես ազատվել պետքարանում մի փոքր երկար նստելով:
181. Կույսը, հավատալով բարոյականություն ստին, խուսափեց պատահական սեքսից ու պոռնիկների մեջ մնաց միայնակ` որպես նվաստացած և նույն բարոյականության պաշտպանությունից զրկված։
182. Ինքնասպանություն արածին թուլամորթ համարող զանգվածի զգալի մասը ներքուստ նախանձում է նրա համարձակությանը, մյուս մասն էլ` անպայման առիթ է ունենում նախանձելու:
183. Ոչ թե «արի ամուսնանանք», այլ` «արի միասին մարդ կերտենք».
Երբեմն, եթե ոչ հաճախ կամ միշտ, ամուսնանում են, երբ այլևս չեն կարողանում դիմանալ հարաբերության մինչ ամուսնական գրավչությանը կամ չգիտեն ինչպես ապրել դա և որոշում են ամուսնությամբ ոչնչացնել այն, իսկ ոմանք էլ տխմար են այնքան, որ ամուսնությամբ են փորձում այդ գրավիչը ստեղծել:
Ու հազվադեպ է պատահում, որ տեսնես երկու անհատականությունների` միասին մարդ կերտելու հասունացած որոշում, որից բացի, չկա ամուսնության որևէ այլ խելամիտ իմաստ կամ պատճառաբանություն։
184. Պալատական ճարտասանությունն ավելի նողկալի է, քան փողոցային հայհոյախոսությունը, քանզի այն նույն լկտիության երեսպաշտական դրսևորումն է:
185. Գիշերային անքնությունը զվարճալի է ստացվում, երբ քնածներն առավոտյան արթնանում են ու տեսնում, որ լիքը կեղտ ունեն մաքրելու, իսկ դու այդ ժամին «անմեղ» քունդ ես վայելում, հակառակ դեպքում՝ այն նույն ձանձրալի ցերեկն է` լույսերն անջատած վիճակում:
186. Աղոթքը, որն ուրիշի համար ես անում, դա՛ է արձագանք ստանում, ու ինքդ էլ պետք է ապրես այնպես, որ նույնը հնչի հանուն քեզ. հասկացար` բանը բնավ աղոթքում չէ:
187. Սերը միայն հարկադրված բաժանումով է հավերժանում և մահանում է ցանկացած այլ դեպքում, ու դրանից վերաճած յուրաքանչյուր այլ հարաբերությունից միշտ դիահոտ է փչում` անկախ նրանից, թե ինչ վեհ անուններով ենք դրանք կոչում:
188. Ի պատասխան հարցի, թե որ կենդանուն կուզեիր նմանվել, մեծամասամբ հնչում են գիշատիչների անուններ, որոնք, վաղ, թե ուշ, վտարվում և/կամ սպանվում են սեփական զավակի կամ երիտասարդ ամորձիներով ցեղակցի կողմից: Իսկ ես հաճախ նախանձում եմ հավերին, որոնք, պարբերաբար, նույն կուտն են ուտում և ոչինչ չեն հիշում, ու բնավ կարևոր չէ, որ հետո մորթվում են. չէ որ, վերջին հաշվով, ամենահաճելին մինչև կտին հասնելու ընթացքն է` բացառապես բոլոր դեպքերում:
189. Փողկապը լռեցնում է խիղճը, որ ստացվի կարիերայի թռիչքը ու ինչքան երկար ես կապում, արձակելուց այնքան շատ ես փսխում:
190. Ավելի լավ է երբեք, քան ուշացած.
Երբ սպասելին գալիս է ուշացած, սերմանում է հուսախաբություն, որն էլ, բավարարումին զուգահեռ, վերաճում է ավելի մեծ հիասթափության:
191. Մարդու երազանք, որից միայն մարդն է զրկված.
Լռություն, որում մշտապես կարող ես լսել նորը և հանգստանալ` նույնը կրկնելու շատախոսությամբ առաջացող հանրային աղմուկից:
Սքանչելի է նման լռության հասնող հարաբերությունը և աստվածային է` դրանից սկսվողը:
192. Ու նավապետն է՛լ ավելի ամուր բռնեց խորտակվող նավի ղեկը, երբ տեսավ, որ առնետների առջևից փախչում են իր ծառայակիցները, որոնք իրենց դավաճանությունը քողարկեցին նավապետի հերոսացման մեջ, և սրանով սկիզբ դրվեց հետմահու պարգևատրմամբ մաքրագործվելու սովորությանը։
193. Ես աշուն եմ, որը գարուն է բերում նրանց, ովքեր անցյալի հուսախաբությունից հետո սարսափում են գալիք անորոշությունից, բայց ինքս երբեք գարնան մեջ չեմ հայտնվում՝ բացի այն, որ իրենց հետ չեն տանում, ինքս էլ անհնար եմ համարում և հաշտ եմ գոյաձևում, որ պիտի լինեմ ամռան տապի և ձմռան ցրտի միջակայքում:
194. Նրանում, ինչ ամբոխը կոչում է հաջողված ամուսնություն, հաճախ տեսնում եմ նույն ամբոխի կողմից պարսավելի համարվող երևույթը, որը կոչվում է ինցեստ, երբ ամուսիններն աստիճանաբար վերածվում են նույն վերմակի տակ քնող քույր-եղբոր, ովքեր, բթացած նախաամուսնական երդումով, չեն տեսնում` գոնե անկողինն առանձնացնելու խոհեմությունը, ինչը, գուցե, հետո նաև պատճառ կլիներ կրքի վերածնունդի` որպես համատեղ կյանքում կորցրած առաքինության վերագտնում կամ դրա նորոգում, կամ, համենայն դեպս, կվերացներ հոտած առաքինության այն գարշահոտը, որից հաճույք է ստանում միայն` իրենց գիտակցության մեջ բազմած ամբոխը:
Եվ առհասարակ ու մշտապես, անհատի առաքինությունները, իսկ անհատից դուրս առաքինությունները երբեք չունեն ծնունդ և կենդանություն, միշտ սպանվում են ամբոխում, ապա` իրենց հոտած զանգվածով դառնում սնունդ` նույն ամբոխի ստրուկ-ստրկատեր բարոյականության համար:
195. Անքնությունը զրկում է հերթական երազից, հետևաբար, նաև` հերթական հուսախաբությունից, որի համար` շնորհակալություն:
196. Դո՛ւ, որ այդքան լույս ես ու չես զլանում ծաղրել խավարը, դրանով լոկ փաստում ես էությունդ` որպես պուճուր ճրագ, որն արևի տակ ոչինչ է, ու, իր չնչին գոյությունը զգալու համար, պետք ունի մթության, բայց չունի խոհեմություն` հարգելու միջավայրը իր կեցության, որին, անգամ, Մեծն լուսատուն է պարբերաբար զիջում իր տեղը` որպես աղբյուրի ամենայն իմաստնության:
197. Համոզմունքը «եթե-ապա»-ով չի ձևակերպվում ու իրագործումը հետևորդներով չի պայմանավորվում. այն լուռ սպասում է իրավիճակին, որում հստակ որոշումով կյանքի է կոչվում ու հետևանքից չի կաշկանդվում:
Ու սա էլ առաքինություն է, որն արժանահարգ է դարձնում, բայց … ու համատարած շաղակրատությունն է տիրում:
198. Լավատեսի մի ծալապակաս տեսակ կա, որին, ի պատասխան իր խորհուրդների, ուղղակի ուզում ես հարցնել` «Լսի՛ր, Չսիրելի՛ս, երբ հետույքդ կեղտի մեջ է լինում, դու այդ ժամանակ մտածում ես ինչ գույն ներկել մազե՞րդ»:
199. Ու ճշմարիտ է ասված` պետք է խնդրես, որ տա, ու հե՛նց խնդրես և ոչ` աղաչես, քանզի վերջինում իմաստնություն կա, որը հասու չէ տվողին, իսկ մենք շարունակում ենք էգոիստ համարել ՄԵՆԱԿՅԱՑԻՆ, ով աղերսում է` նաև մեր համար:
200. Իմ հանդեպ զգացած անտանելի կարոտից բուժում եմ միակ հնարավոր միջոցով` հեռանում եմ ընդմիշտ, անպայման հանկարծակի և առանց բացատրության, որ խորը հիասթափությունը վերաճի վերքն արագ սպիացնող ատելության, ու եթե նա չդիմանա, նշանակում է` սխալվել եմ նրա հաշվով, դիմանալու դեպքում էլ` ճշմարիտ լինելս մնում է միակ սփոփանքը, որով տանելի է դառնում՝ այլևս միայն իմ կարոտը:
Եվ երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր շտապում են ազատվել կարոտից` դրա պատճառ զգացմունքը մշտական ներկայությամբ սպառելով:
...
Վանում եմ՝ գրկվելու տենչով, որ չկասկածեմ «հենց ինձ» կոչվող պետքին, և գրկում եմ՝ վերջին հրաժեշտի հուզմունքով, որ կասկածեմ անդառնալի վերջին, արդյունքում՝ ձեռքերս հաճախ զգում եմ սեփական մեջքիս:
201. Ստրուկը, հոգնած տիրոջ հալածանքներից, խորհրդի համար դիմում է հոգեբանին, քահանային և իմաստունին.
Հոգեբան - Փորձիր խոսել, հաշտության եզրեր գտնել …
Քահանա – Աղոթիր …
Իմաստունը վերցնում է մտրակն ու այնքան է ծեծում ստրուկին, որ վերջինս, չդիմանալով ցավին, բռնում է նրա ձեռքը և տալիս պատասխան հարված: Ուշաթափությունից սթափվելով` իմաստունն ասում է` «Ահա՛, թե ինչն էր պակասում քեզ, այլևս խորհրդի կարիք չունես»:
Բայց միևնույն է՝ ստրուկը մնաց անգոհ, քանզի նա ավելի շատ աշխատաժամանակի կրճատման մասին է երազում, քան՝ ազատության։
202. Ապրեցեք սեփականը.
Ասում են, թե՝ ծնողի լավագույն խրատն անձնական օրինակն է, մեծագույն ժառանգությունը` ապրելու ժամանակի խնայումը, բայց երբ այս առաքինությունը փոխանցվում է սերնդեսերունդ, դրանից օգուտ չի ստանում և, փաստորեն, սեփականը չի ապրում և ոչ մի սերունդ:
203. Երբեմն, թվում է, թե բոլոր հարցերի պատասխաններն արդեն գիտես (որոնք էլ չգիտես` կարևոր չես համարում այլևս) բացի մեկից` ինչո՞ւ են սիր(ել)ում քեզ, ու այդ զարմանալին ապրեցնում է, կամ, գուցե, թույլ չի տալիս, որ մնացած ձանձրալիից վաղաժամ ազատվես. և չգիտես` դա պատիժ է, թե՞ պարգև:
204. Եսասիրությունը մարդկության գոյության պայման.
Թե ինչ և ինչքան են ներդնում ծնողներն իրենց երեխաների կյանքում, վկայում է նաև այն մասին, թե ինչ և ինչքան չեն հաջողացրել նրանք սեփական կյանքում: Սա, թերևս, հոգեբանների կողմից պետք է որ խորապես ուսումնասիրված և հասկացված լինի, բայց մնում է անհասկանալի, թե ինչո՞ւ ծնողներն իրենց զավակներին չեն տալիս ազատության այն չափը, որից իրենք են զրկված եղել: Անկախ հնարավոր բացատրություններից՝ սրանում ակնհայտ է եսասիրություն` առանց որի, գուցե, մարդկային ցեղը կապրեր իր ամենաերջանիկ, բայց վերջին սերունդը:
...
Չեմ ուզում երեխաներս կրեն ազգանվանս շարունակության բեռը, ուզում եմ՝ ապրեն իրենց պապերի և իմ չապրածը, ու անգույն բազմակետերի փոխարեն՝ լինեն մուգ վերջակետ:
205. Գրողը գրում է, որ ապրի, մտածողը` չմեռնի, ու վերջինիս համար անպատվաբեր է կոչվել գրող և/ կամ գրչի սիրունությամբ նույնացվել:
206. Երբեմն, լուսավոր մարդ տեսնելիս ուզում եմ հարցնել նրա տառապանքի մասին, մեկ էլ մտածում եմ` գուցե բոլորի մոտ այդ պատճառի հետևանքը չէ, ու լռում եմ. հույս ունեմ:
207. Անցորդները զզվելով փակում են իրենց քթերը, որ չշնչեն գարշելի հոտը, բայց և նվաստ են համարում նրան, ով փորձում է մաքրել հոտի պատճառը, ու այսպես ձևավորվում է անշունչների համակեցություն, որում միայն կեղտն է իրեն լավ զգում:
208. «Էդ որ ասում ես` մարդկանց հարգի, սիրի, կուզես պաշտի, բայց և պատրաստ եղիր ցանկացած պահի թքած ունենալ նրանց վրա` ճիշտ նրանց պես, որ չսպանվես, քե՞զ էլ ես նկատի առնում նրանցում», – հարցրեց մեկը հայելու առաջ, ու, պատասխանից սարսափած, կոտրեց այն:
209. Սգո տոնահանդես, ու/կամ առհասարակ սոցիալական կեցության մասին.
Պատկերացնում ես սեփական կամ մերձավորի մահը` հուղարկավորության ողջ արարողակարգով, երկու դեպքում էլ ինքդ՝ որպես կենտրոնական դերակատար, ում շուրջ կուտակվում և պտտվում է համապատասխան էմոցիոնալ դաշտը, ու դա յուրահատուկ բավականություն է տալիս. սա միայն դեռահասության տարիքին հատուկ երևակայություն չէ` բնորոշ ամենքին, այլ իրականություն, որին կարող ես հանդիպել՝ հետևելով հոգեհանգստի և թաղման արարողակարգերին, որոնցում յուրաքանչյուրը` բակում կանգնածից մինչև դագաղն ուսին կրողը (անգամ ցավի ու վշտի հետ մեկտեղ) ստանում է իր կարգավիճակից բխող և դրան համապատասխան սեփական բավականությունը, իսկ ամենաշատը` ննջեցյալի ամենահարազատը` որպիսին նրան պետք է իմանան բոլոր մասնակիցները կամ ողջ հասարակությունը, հակառակ դեպքում` պատկերն այլ է ստացվում: Ու այս ամենում, զգացմունքների անփոփոխ արտահայտությամբ, միայն հանգուցյալն է մասնակցում` բնականաբար պատճառով, որ դրանք այլևս չի բովանդակում:
Իսկ երբևէ ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է իր կամ մերձավորի ավարտն աղբանոցում, հուղարկավորությունը` միայն առնետների մասնակցությամբ. հարց, որը պատասխանն է ասվածի կապակցությամբ առաջացող հարցերի (նաև մեղադրանքների):
210. Երբ նա, ում տեսնում ես հայելու մեջ, ինքն է սկսում դիտել քեզ, նշանակում է` ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես, երբ շրջվում ես, բայց նա դեռ նայում է քեզ, նշանակում է` չես ներում ինքդ քեզ. ինքնախարազանվում ես:
211. Փշրված հայելի.
Հայելին, որում ամբողջական ես երևում, կյանքում մի ակնթարթ է անվնաս լինում, երբ ծնվում ես ու իսկապես հրաշք ես, բայց չես տեսնում` դեռ կույր ես: Հետո պատահած ամեն ոք այն կոտրում է ու մի կտոր փախցնում, իսկ դու միշտ պատկերին ես հավատում, որը հայելու մնացորդում ես տեսնում: Սա իմանալով՝ փորձում ես փշուրները հավաքել՝ հայելին վերականգնել, բայց նկատում ես, որ դրա ամբողջացմանը զուգահեռ այլանդակված պատկերդ չի փոխվում ու նոր միայն գիտակցում ես, որ բանը հայելում չէ` իրականում քեզ էին կոտրում, մասնիկներ փախցնողներից էլ առաջինը մերձավորներիդ ես ճանաչում, ցավին չես դիմանում` պայթում, փշրվում, մանր բեկորների ես վերածվում: Ու այս ճշմարտությունից խուսափում է միայն նա, ով աչքերն այդպես էլ չի բացում կամ ինքնապահպանման համար՝ նախընտրում է ձևանալ:
212. Կին vs կյանք.
Դիտարկում ես կյանքի անաստվածային և կնոջ՝ աստվածային էությունները, համադրում ու նկատում ես դրանց համարժեք հակակշռելիությունը, ապա՝ հանգում հետևության, որ նկարագրությունների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում:
213. Երկնքից աստղ ընկավ` երազանք պահեցի՞ր, դե շատ մի ոգևորվիր` մեկ ուրիշն էլ պահել է, որ քոնը չկատարվի: Հուսահատվեցի՞ր, բայց չէ՞ որ կողմերի իրավունքները հավասար են, դատավորն էլ` արդար:
214. Եթե ճիշտ լիներ «շահում է նա, ով վաղ է արթնանում» ախմախությունը, ապա ամենահաջողակը կլիներ նա, ով կորցրել է քունը:
Իմացա՛ր ճշմարտությունը` «ռադտ քաշիր» քնելու:
215. Սկուտեղին դրեցին` անարգանքը պատվելու հետ շփոթեցիր, երկու մատով բռնեցին` զգուշավորությունը քնքշություն համարեցիր, հպվեցին շուրթերով` լրիվ գլուխդ կորցրեցիր, ու միայն վերջում գիտակցեցիր` քաղցրեղենին պակասող դառը սուրճ էիր, թանձր նստվածքդ էլ` բախտ որոշելու զվարճանք.
Ահա,՛ ամբողջ բովանդակությունը կեղծիքի, որը կոչվում է կարեկցանք:
216. Եգոր Գրիգորյան /հորեղբայր/.
Կենդանությանդ օրոք ողորմաթաս բարձրացրեցին, ինչը հետո «Հազա՛ր փառք» բաժակաճառի փոխեցին, բայց միևնույն է, ես հե՛նց քեզ եմ տալիս երանի, սակայն իմ բանը հազար փառքի չի հասնի, քանզի ինքս եմ միացել ինձ համար բարձրացված ողորմաթասին՝ պատասխան կենացով՝ բոլորիդ հետ միասին:
(Եգոր Գրիգորյան՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ (զոհվել է 1994թ.)
217. Ճանաչողությունը ճանապարհ է, որը նաև տալիս է փախչելու զգացողություն, ու, երբեմն, հենց դա է մեկ պատճառը թափառական դառնալու:
218. Սեր, որը զգում ես բաժանումից, ատելություն` հանդիպումից անմիջապես հետո. ահա՛ այն ամբողջը, որը հասկացա ինքնաճանաչում կոչվող երևույթից, ու այդ հարաբերության մեջ ամենահաճելին մնում է միայն գրկախառնության պահը` առանց տարբերության` բաժանումի է, թե` հանդիպման:
219. Մարդասերն ինքնապաշտպանության անցած մարդասպանն է, ով կորցրել է ներուժը սպանելու կամ սպասում է իր պահին հարձակվելու:
220. Գթասրտի կոչմանն արժանանալու նախապայմանը դաժանությունն է, պայմանը` երբեմն արված բացառությունը: Ու այսպես, շատ երևույթների կապակցությամբ, որոնք պետք է համարվեին սովորական սպասելի, ոչ արտառոց զարմանալի:
221. Եթե որոշել ես հաշտություն գտնել ներսում, անխուսափելի է` անպետք ես դառնալու դրսում, ու կեսից շրջադարձը ոչինչ չի փոխի` արդեն արժանացել ես մերժվածի պիտակի, բացի այդ` չես դիմանա ինքնանվաստացումին. ուստի, եթե մտել ես երթևեկության հանդիպակաց գոտի, գազի ոտնակը մինչև վերջ սեղմի:
222. Ցլին հաղթե՛լը չէ ցլամարտիկի բավականությունը, այլ` հանդիսատեսի հուսահատությունը, որը ներքուստ տենչում է կոտոշը տեսնել նրա որովայնում:
223. Ձախողակի չարաճճի տեսակ, ում համար կյանքը ձախորդությունների շղթա է, ամեն օրն էլ մի օղակ է. թազբեհի նման քաշում, հաջորդ անակնկալին է սպասում, ու չի դադարում ժպտալ, շղթան է սկսում երկարությունից անհարմար զգալ:
224. Նրան, ով հաճախակի հակառակվելս համարում է իրեն ուղղված անարգանք, սկսում եմ իսկապես անարգել` մշտապես համաձայնելով իր հետ:
...
Իրարամերժ կարծիքներին ուղղված լռությունն էլ է համաձայնության նշան՝ նրանում, որ բոլորն էլ հիմարացվել են:
225. Երբ գիշերն արդեն չի գոհացնում, որ ներդաշնակություն զգաս ու կարիք ունես միաժամանակյա թանձր մառախուղի, մի կարծի, թե հասել ես բարձրակետին. դեռ տենչալու ես մթություն է՛լ ավելի, որը սակայն բնությունը չունի` դեռ առջևում է անտանելին:
226. Կա մի հիմարացում, որում հնարավորինս հաճախ պետք է հայտնվես, որ խելամտությունից չխելացնորվես. սիրահարվել …
227. Սերը ո՛չ բարձրագույն արժեք է, և ո՛չ էլ զգացմունքների ամենան, այն լոկ կամուրջ է, որով անտարբերությունից անցնում են պաշտամունքի կամ ատելության, կամ՝ երկուսի համագոյությամբ բարձրակետին արարչության. ուստի, նա, ով նահանջում կամ չի անցնում, մնում է մարդկային միջակություն:
228. Այսօրվա ճիչը վաղվա վավերագրական նյութն է, որում, պատճառից բացի, իմանալու ենք մեր անտարբերության մասին` ցավի նկատմամբ, որից կոկորդ էր պատռվում, ու հասկանալու ենք, որ, ցավագարի հետ միասին, նաև մեր խիղճն ենք թաղել:
229. Կգա ժամանակը, երբ ամենապահանջվածը կլինի ռամիկի վարած սեմինարը՝ թե ինչպես հողից հաց քամել` չմեռնել, բայց նա էլ չի դիմանա փառքին` փողկապ կկապի ու պատմությունը կկրկնվի:
230. Աղետի մասին լուրն ընդունեց ժպիտով, ու բոլորը նրան համարեցին անասուն, իսկ նա, պարզապես, արդեն տեսնում էր այն կանաչը, որը մոխրից է ծլում:
231. Հրեշտակները հաճույքով նայում են մեղսավորներին և դրանից գաղտնի ինքնաբավարարվում` պահպանելով իրենց կուսությունը:
232. Կորցրած հաշտություն.
Մտատանջվում ես` ուշացել ես, թե` շտապել, ավել են, թե` պակաս, իսկ իրականում գիտակցում ես, որ ամեն ինչ ճիշտ ժամանակում է, բոլորն իրենց տեղերում. պարզապես դժվար է ընդունել, որ սխալմունքը դու ես, իսկ արդարացումը զուր է` չի լինում ներում, երբ դատավորդ ինքդ ես:
233. Երկատում ժամանակում.
Հոգիդ հասնում է վերջից մեկ պակասին ու տենչում, որ լինի վերջն անց մեկ, բայց մարմինդ դեռ սկիզբն անց կեսի վրա է և դու պարտավոր ես առաջնորդվել վերջինիս ժամանակով, ու միակ մխիթարանքն այն է, որ վերջում քեզ շատ են սպասում, ինչպես երբե՛ք և ո՛չ ոք:
234. Տգիտաբար բաժանել ու ապուշացած զարմանում ենք, այն դեպքում, երբ տարին տարբեր ռիթմերից կազմված մեկ եղանակ ունի:
235. Փարոս.
Յուրաքանչյուր մոտեցող նավ հույս և հիասթափությունդ է` գալիս են քո ուղղությամբ, բայց ո՛չ քեզ մոտ. երբ նայում են քեզ, լույս ես փրկության, երբ քո միջից՝ նյութական կերպարանք բացարձակ միայնակության, ու բոլորը գիտեն քոնը, բայց ոչ` քեզ …
236. Բան-ից աշխարհի.
Մեկը խոսում է հայրենասիրությունից` բերանից յուղը կաթալով, մյուսը` ստամոքսի դատարկությունից զկռտալով. իրականում մեկը մարսում է կերածը, մյուսը կեր է ողորմում, իսկ հայրենասերը լուռ սպասում է իր հերթին` զոհասեղանին:
237. Երբ մեկը ցույց է տալիս սիրո մեջ իր տառապանքը, հարցրու նրան` ո՞րն է անբավ մնացած ակնկալիքը.
Սիրող մարդուն թվում է` ինքը միայն կամ ավելի շատ տալիս է, քան ստանում, նույնը նաև սիրող զույգի պարագայում` հանդիպակաց պարտավորություններով պարտատերերի հարաբերություն, որտեղ, ըստ յուրաքանչյուրի, իր պահանջելիքի չափն ավելին է, քան …, ու\բայց քանի դեռ առկա է կիրքը և\կամ բավարարված են բոլոր ակնկալիքները, միմյանց տրվում է առանց ակնկալիք սիրելու երդումը, և սա նրանց առաջին և ամենամեծ սուտն է, որից զերծ որևէ զույգի չեմ հանդիպել:
Մինչև հասկանում ենք, որ սերն ինքնին փոխհատուցված զգացողություն է և հասունանում առանց ակնկալիք սիրելուն, կորցնում ենք մեր գրավչությունը ու իսկական սերը մնում է չապրած, նման` ծառին մնացած, հասած-նեխած պտղի։
238. Մանրուքներ նկատելը նույնական չէ նրբանկատության հետ, քանզի սրա պատճառը դատարկությունն է, ու տարածվածը հենց այս մոլորությունն է:
239. Երբեք չպարտվեց նա, ով հասկացավ, որ հաղթելու ձգտումը երջանկության մեկ ուղին չէ, ու միջնամատը պարզեց նրանց, ովքեր իր վազքն են խրախուսում` վրան խաղադրույք անում, ու, վերջին խոսքի իրավունքից օգտվելով, հեռացավ՝ խաղատիրոջը «նախշելով»` հորով, մորով, ողնուծուծով:
240. Երբ տաշած քարը հրաժարվում է լինել մասն ուրիշի պատի, վերածվում է տապանաքարի` սեփական սկզբունքների, ու երրորդ հնարավորը չունի:
241. Հանցագործը չի անմեղանում, երբ սպանվածը հարություն է առնում, առավել ևս, օրն այդ զվարճանքի վերածելով՝ հրեշտակ չի դառնում. դատավարությունը շարունակվում է, որին, նաև, անձամբ ներկա է հենց ինքը` կյանքից զրկվածը` պահանջելով արդարություն՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով … ու, հաշվի առնելով, որ դատավորը նրա հայրն է՝ ոչ մի կաշառք և քծնանք պատժից չեն փրկի …
242. Շատերին կհանդիպես, ում պատկերը կսիրես, և քիչ չեն լինի նրանք, ովքեր կսիրեն պատկերը քո, բայց պաշտելին նրանում կհանդիպես, ում միջով իրական եսդ կսիրես` գիտակցելով` մինչ այդ համբուրվել ես, որ եսամոլությունդ գոհացնես, ու քե՛զ էլ համբուրել են ճիշտ այդպես, ուստի` ուզում ես ճանաչել էություն աստվածային, պետք է առերեսվես սատանային. առանց ինքդ քեզ ատելու՝ իսկական Սեր չես ապրելու:
...
Սիրո հավերժացման միակ բանաձև.
Մի ձեռքում տենչալի կիրք, մյուսում՝ կրծքին սեղմված դանակ, ու համբույր՝ որպես կարոտից ճաքած շուրթերի արնահոսումը կանգնեցնելու միակ միջոց. ինքնասպանվել՝ տիրելով կամ հեռանալ-արնաքամվելով, և չունենալ ընտրություն, քան ապրել այդ քաղցրահամ տառապանքով՝ իրար ձգտելու անհագ կիրք-կարոտով:
243. Համակարգերը ոչնչացնում են զգայականը, հոգիները սպանվում են փշալարերին. զվարճացե՜ք հոտարածներ, գայլերն այլևս բանտարկված են, ձեր ոչխարներին անհոգ բազմացրեք …
244. Երեխան չի ընտրում ու ժամանակը չի որոշում, այլ այն պահին է ծնվում, երբ արգանդում լինելիության հետհաշվարկն է սկսում, ճիշտ այդպես էլ կյանքի ընթացքում. հաճախ անհրաժեշտ է ոչ թե հուսադրում, այլ՝ հույսի ի սպառ վերացում, քանզի պատահում է` ընտրության հնարավորությունն է խանգարում` տատանվում ենք ու սպասում, հետո ուշացած հասկանում` բնավ կարևոր չէր՝ ինչ ընտրել, պարզապես պետք էր փոխել …
245. Եղիր տեղեկացված, որ ուրախանալու ավելի քիչ առիթ ունենաս` ինքնաբավ չդառնաս ու կառավարելի մնաս. ահա չբարձրաձայնած կարգախոսը տեղեկատվություն ստեղծողների, իսկ ԶԼՄ-ները սրանում՝ ինչպես սպեկուլյանտները տնտեսությունում:
246. Երբ դիտարկում ես ըստ աստվածաշնչյան սկզբի՝ մարդկությունը նմանվում է մի մեծ այլասերված ընտանիքի, որում առաքինությունն արտաքին տեսքն է քողարկված այլանդակության, որպես կանոն` ոչ ինքնակամ:
247. Եթե մեծահասակները դրվատեին երեխաների ամաչկոտությունն այնքան, որքան հրճվում են նրանց ճարպկությամբ, գուցե և սուտն այսչափ չիշխեր, ու կամ երեխաներն ի սկզբանե լինեին այնքան իմաստուն, որ չզիջեին այդ անգին զարդը կոնֆետի դիմաց:
248. Տգետների մոտ պատասխաններն ավելի շատ են, քան հարցերը, ու քանի որ ունկնդիրները գնահատում են ըստ շատախոսության, մենակությունը վերածվում է միակ հնարավոր հրապարակի, որտեղ բեմ են բարձրանում իմաստունները:
249. Որպես կանոն` տխրությունս փարատելու ուրիշների փորձերը վերածվում են նրանում է՛լ ավելի խորասուզվելու պատճառի, իսկ վերջինս`
նրանց շնորհակալ լինելու առիթի, քանզի իմ հանդեպ տխրության սերը մի օր դադարեց լինել միակողմանի:
Ու/բայց երբեք չեմ չարաշահում նրանց սրտացավությունը, գիտեմ՝ տխրությունը նաև անհարմարություն է, երբ այն քոնը չէ։
250. Դեմքերի փոփոխությունը հույս է տալիս նոր սցենարի, ու վերջինիս ձանձրալի կրկնությունը դառնում է տանելի, այլ դեպքում` թիթեռի մեկօրյա կյանքին կտայինք երանի:
251. Պատահում է` ցավի հանդեպ վախը նվազում կամ չեզոքանում է մահվան, մահվանն էլ՝ ապրելու (ցավի) հանդեպ վախի գերակայությամբ, ուստի միշտ չէ, որ արարքում առկա է համարձակություն` որպես վախի կամային հաղթահարում, առավելևս, ազատ ընտրություն:
252. Երանի, եթե արտասվում ես՝ հանդիպելով չարի. սրտիդ համար դեռ սովորական է բարին, ու վայ, թե մի օր դու էլ ուրիշին ասես այս երանին, երբ արցունքներիդ միակ պատճառ դառնա անսովոր բարին:
253. Հայերս նման ենք հումուսի` բերքառատ դարձնող՝ մշակութային, սպորտային, կրթական, գիտական, ռազմական, քաղաքական … բոլոր, բայց օտար դաշտերը` անկախ դրանց աշխարհագրական դիրքերից` հայրենիքի հանդեպ կարոտով յուրահատուկ համ տալով ստացված բերքին, իսկ ինքնին ընդամենը հոտած հումուսի զանգված, որում մակաբույծներն են բարգավաճում` ինքներս մեր դաշտը պտղաբեր դարձնել չենք կարողանում:
254. Գործողության (անգործության) մղող կամքում սուբյեկտի բաժինն այնքան է, ինչքան մնում է կոնտեքստինը հանելուց հետո, ու իրականում չկա խիզախություն այնտեղ, որտեղ սովորաբար տեսնում է հանրային ընկալումը, քանզի այն միշտ ենթադրում է սուբյեկտի կամքի գերակայություն կոնտեքստի կամքից և հակադրություն դրան: Այնուհանդերձ, հասարակության համար դրական արդյունք ապահովող «խիզախությունն է» ընդունված փառաբանել, ինքնազոհությամբ դրսևորվելու դեպքում` հերոսացնել, իսկ հակառակը` համարել մեղսագործություն ու դատապարտել, այն դեպքում, երբ հենց վերջինում է գերակշռում սուբյեկտիվ կամքն ու դրա ազատությունը, հետևաբար` արտահայտվում խիզախությունը:
Ու, առհասարակ, այն ամենում, ինչ փառաբանում է ամբոխը, հնարավոր չէ գտնել անհատի երջանկությանը նպաստող որևէ բան:
255. Անկեղծության համար չկա ավելի նպաստավոր նախապայման, քան փոխադարձ անտարբերությունն է, հետևաբար՝ չկա դրան խոչընդոտող ավելի մեծ պատճառ, քան մտերմությունն է, ու ինչքան մեծ է հարաբերության պետքությունը, այնքան շատ է նրանում սուտն ու երեսպաշտությունը, իսկ լինել անկեղծ բացարձակ, կնշանակի` միմյանց վրա թքած ունենալ ճիշտ այդչափ: Ու սրանում ոչինչ չի փոխվում` ինքն իր հանդեպ անկեղծությունում. բացարձակին հասած մեկին անձամբ եմ ճանաչում:
...
Եթե միշտ մռայլ է քո ներկայությամբ, նշանակում է՝ այլ տեղում ուրախություն ունի թաքցրած, իսկ եթե միշտ ուրախ է, նշանակում է՝ իր տխրության համար բավականաչափ չի վստահում քեզ, ու միայն այն դեպքում, երբ դժվարանում ես կանխատեսել, թե ինչպիսին կլինի հաջորդ ակնթարթում, նշանակում է՝ քո ներկայությամբ այն է, ինչ ինքն իր հետ:
256. Բոլոր մտերիմ հարաբերությունները կարելի է միավորել «Ստի շուրջ հաշտություն» վերնագրով բաժնում` որպես տեսակ պայմանագրի և դասակարգել ենթաբաժինների` ըստ պայմանագրի կողմերի, առարկայի, ժամկետի …
Իսկ արդյոք երբեք չի՞ լինում միայն անկեղծությամբ մտերմություն` չեմ հավատում, որ հույսս չկորցնեմ, ու վերջինս նաև միտք է, որն ինքնուրույն գոյության արդարացված իրավունք ունի` չեմ հավատում, որ հույսս չկորցնեմ:
257. Իմաստասիրության արդյունքում արտահայտած մտքերիս համար ինձ ուղղված և երբևէ ասվելիք շնորհակալություններն ու գովեստի խոսքերն իրականում պատկանում են նրանց, հանուն ում չեմ օգտվել վաղաժամ չլինելու իմ իրավունքից, նրանց, ում շնորհիվ մնալս դարձել է տանելի, և միայն ինձ են պատկանելու մեղադրանքներն ու պարսավանքի խոսքերը, քանզի նրանք մեղավոր չեն` պարզապես ինձ սիրել են, իսկ ես գուցե մեղավոր եմ, որ իմաստնության հանդեպ սերն ունեցել եմ, կամ, գուցե, դրանով պատժվել եմ, որովհետև մեղավոր եմ, ու ամբողջն այս նման երևույթի, երբ աշխատանքը մասն է դատապարտյալի պատժի:
...
Մեծապես հուսախաբ արեցի նրան(ց), ով համարեց, որ այլևս ճանաչում է ինձ և որոշեց պահել ճանաչածը, քանզի կարճ ժամանակ անց պարզեց, որ պահածը դի է՝ վրան՝ վերև ուղղված ոտնահետքս: Ու թեպետ գանձերի էլ չի արժանանում նա (նրանք), ով շարունակում է հետս բարձրանալ, բայց միակն է, ում ոտնահետքը կարող եմ կրել ինձ վրա՝ իր բարձրանալու համար:
258. Քանի որ մենակ մնալն արդեն ինքնաբերաբար է ակտիվացնում առանց այն էլ չդադարող ինքնաճանաչումս, ինչն ինքնին ինքնաարարում է, ուստի, լքելուց անգամ րոպեներ անց վերադառնալով, կարելի է հայտնաբերել ՆՈՐ ԻՆՁ: Սրա հետ մեկտեղ հաշվի առնելով բնույթս, ստացվում է՝ մշտապես ինձ հետ են նրանք, ովքեր, սիրելու հետ միաժամանակ, ունեն հանդուրժելու աստվածային համբերություն և/կամ ճանաչողության վավաշոտություն:
Ու, առհասարակ, յուրաքանչյուր հեռացողից հետո մենակ եմ մնում, եթե անգամ միևնույն ժամանակ հազարներն են գրկում:
259. Սովորաբար խուսափում եմ արդարանալուց, բայց դրանից հատկապես զերծ եմ մնում, երբ մեղադրանքն անհիմն է, որ մեղադրողն իր խղճի հետ հաշտություն չգտնի, իսկ եթե նա խիղճ չունի, ապա, առավել ևս, պատժված է ինքնին:
260. Ձորը բաժանարար է, քանի դեռ տենչում ենք իրար և փորձում՝ անցնել, բայց չենք կարողանում, իսկ երբ էլ չենք փորձում, բայց շարունակում ենք տենչալ, այն վերածվում է միավորող կապի, որի անառիկությամբ սկսում ենք հիանալ, ու այդ պահից այն ավելի գեղատեսիլ է դարձնում բնությունը, որը կոչվում է «Ես ու դու», «Մենք»:
261. Միջակայքում, որում կարող ես պտտել գլուխդ, տեսնում ես չնչին մասն ամբողջի, որը կոչվում է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ, ու սա գիտակցելու պահից՝ ապրելու հաջորդող տարիներում վերածվում ես իմաստը գտնելու տենչի և լինելու ձանձրույթի համաձուլվածքից կազմված, թարթող կոպերով արձանի:
Ու երանի նրան, ով սա չի հասկանա երբեք կամ, գոնե, կհասկանա վերջից ակնթարթ առաջ:
262. Ոչինչ այնքան պարզորոշ չի արտահայտում այն, ինչը խաղաղ պայմաններում խլացվում է մարդկային համակեցության մեջ, որքան ճակատամարտից հետո մարտադաշտից լսվող ձայները:
263. Տեղանքում աղմուկը, որն առաջանում է մարդու ոտք դնելուց հետո, վերանում է միայն աղետով, ու յուրահատուկ նրբերանգ կա վերականգնվող անդորրում` հիմա արև է անում հորդառատ անձրևից հետո, և չկա ապրելու ավելի լավ նախապայման, քան …, բայց … ու կրկին աղմուկ …
264. Սերդ անպատասխա՞ն է մնացել` հավանաբար ինչ որ այլ բանի հետ ես շփոթել, քանզի միակողմանի սեր չի լինում ու դրա իդեալականության գաղափարը համարվում է հիմարություն. իրական սերը միշտ փոխադարձություն է ծնում, ու կա՛ն մարդիկ, որոնց սերը երբեք չի մերժվում` նրանք սիրում են և ոչ` նմանակում: Այլ բան է, որ նրանց աստվածացնում են կամ նեռ համարում. թեպետ, մեկը մյուսին ոչ միայն չի բացառում, այլև՝ գոյությունն է պայմանավորում:
265. Ես ցնծում, մանկան լրջությամբ խաղում և նրա թեթևությամբ թռչկոտում եմ այնտեղ, որտեղ ինքնասպանվում են ուրիշները. լայն բացված ձեռքերով պտտվում եմ նրանց շարքերում և յուրաքանչյուրին քնքշությամբ հպվում` հրաժեշտ եմ տալիս և օրհնում, իսկ հարություն առած եզակիներին գրկում` մենակությունից հոգնածությունս թոթափում:
Եվ ճիշտ հակառակը` հակառակում. ինքնասպանվում եմ այնտեղ, որտեղ ուրիշները ցավում, հասուն մարդու անլրջությամբ ապրում և նրա ծանրությամբ քայլում են, ու հարություն չեմ առնում:
266. Հաճախորդը բեռն ուսին մտնում է հոգեբանի մոտ`
Եթե դուրս է գալիս կրկին բեռն ուսին, նշանակում է` հոգեբանը «տեղում չէ»,
Եթե դուրս է գալիս առանց բեռի, նշանակում է` տեղում արդեն բարձվա՛ծ «ավանակն է»,
Եվ միայն այն դեպքում, երբ դուրս է գալիս բեռը ձեռքերին, նշանակում է` նա «տեղում է», բայց թե այս իմաստնության կրողն ես, քեզ չի ընդունի` քո առջև չի ցանկանա վերածվել հաճախորդի` ինչի համար գնացել էիր նրան այցի:
267. Ատելությունը հոգու համար, ինչպես վարակամերժ համակարգը` մարմնի, առանց որի, ստիպված ես ուրիշի խղճահարություն հակաբիոտիկով պայքարել վարակաբեր մանրէների դեմ` որպիսիք, հաճախ, ներթափանցում են սիրելուդ հետ՝ միաժամանակ սպանելով կենսունակությանդ անհրաժեշտ այն բջիջներին, որոնցից կազմված է հպարտությունդ:
Բայց և ատելության չափից ավելն էլ կարող է, ընդհանրապես, արգելել սիրո` որպես անհրաժեշտ վիտամինների մուտքը, ինչից խուսափելու համար պետք է պահպանել հավասարակշռությունը` պարզապես առաջնորդվելով «վայրի» զգացողությամբ:
268. Զենքերը, որոնք հնարավորություն են տալիս սպանել առանց անմիջական շփման, միաժամանակ հեշտացնում են այնպիսի խոչընդոտի հաղթահարումը, ինչպիսին խիղճն է, և, դրանց կատարելագործմանը զուգահեռ, զոմբիանում է զինվորը. համազգեստից դուրս է մղվում մարդը, ու էլ ավելի ճշգրիտ է իրագործվում «նոր աստվածների» կամքը:
269. Դիմադիրների՝ «հանուն սոցիալական հավասարության» սուտը հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչպես են արհամարհում նրանց, ովքեր անտարբեր են իշխանության անտարբերության դեմ իրենց պայքարին:
Ու այդ սուտն էլ լիովին արդարացված է համագոյության կարգում` որպես մարդկային թեթև առանձնահատկություն` դասակարգային կամ դրանցում իրենց տեղից դժգոհ մարդկանց միավորված պայքարում:
270. Գիշատչի գոյությունը՝ որպես զոհի շահ.
Զոհի կյանքն իմաստավորվում է գիշատչի գոյությամբ` որպես նրա անպետքության և հեշտակյացության միակ արդարացում, ինչի մշտնջենականությունն օրինաչափորեն հանգում է գոռոզության` ճարպկորեն քողարկված կեղծ համեստության տակ:
271. Նպատակի որոշիչը ոչ թե «ի՞նչ»-ն է, այլ՝ «ինչո՞ւ»-ն, որի պատասխանը միշտ հայտնի է ընթացիկում, անհայտ` ա՛յն սկզբնավերջում, որը կոչվում է ապրելու նպատակ, ու սրանում մեր տհասությունը քողարկելու, ոմն ինչի ստրուկը լինելու իրականությունից խուսափելու համար, զբաղվում ենք ինքնախաբեությամբ` դրանում մեր երևակայությունը կոչելով ազատություն:
272. Երանի նրան, ով հասակ, բայց իմաստնություն չունի` թեպետ քիչ ժամանակ, բայց ապրելու երիտասարդություն ունի, ու ոչ երանի նրան, ով իմաստնությունն առանց հասակ ունի` շատ ժամանակ, բայց ապրելու տենչ չունի: Էլ ավելի երանի, որ ամենքի իմաստնությունը թափվող ատամների հետ բերանը լքի և նոր ճաշակին նողկալի չհամարվի։
...
Իմ ու քո ճաշակի մասին, վայրի՛ բարեկամ.
Անատամներն իրենց մարսողության համար նախ՝ սկսեցին խաշել միսը, ապա՝ առաջարկեցին այլևս սնվել միայն մսաջրով, իսկ մեր ախորժակը սիրում է գրգռվել արյան հոտով:
273. Եթե ստիպված ես եղել շուտ մեծանալ, մշտապես ուղեկցում է դատարկության զգացումը, որի հագեցմանն ուղղված արարքներն արդեն կոչվում են անընդունելի աննորմալություններ, այն դեպքում, երբ երեխա ժամանակ կհամարվեին ընդունելի չարաճճիություններ:
Նրա՛նց, ում տանջում է այս ընտրանքը` հանդուգն խենթեր լինելով, հպարտությամբ կրեք այլանդակի պիտակը:
274. Չկա կենդանիների հանդեպ բռնության և անարգանքի ավելի դաժան տեսարան, քան այն, որ հանդիպում ես երևույթի, երբ ոմանք նրանց վերաբերվում են ինչպես մարդու:
275. Նրանք, հասարակական կյանքին ետ վարժվելով, այնքան են փոքրանում, որ փրկելու համար պորտալարի անհրաժեշտություն է առաջանում, ապա՝ կեսարյանով ծննդաբերություն, նոր միայն՝ քայլելու վարժեցում, բայց այս ամենն առանց կենսաբեր արգանդի, կաթնաբեր կրծքի և ապահով ձեռքի չի լինում, ու քանի որ աստվածային այս եռամիասնություն կրողները հազվադեպ են պատահում, իմաստունները, հաճախ, ինչպես աննպատակ ժայթքած սերմնաբջիջ են մահանում. ահա՛, թե ինչու մարդկությունը չի շատանում:
276. Ճգնավորի համար սոցիալական հարաբերություններն անտանելի են այնքան, ինչքան հիմարի համար ինքն իր հետ մնալը, ու, անկախ համընդունված պատկերացումից, իրականությունը ճիշտ հակառակն է հիմնավորում. հոգևորականների մեջ ճգնավորներ հազվադեպ են պատահում:
277. Ինչքան խորը բովանդակությամբ ես ընկալում ընկերությունը, այնքան շատ է երևում դրանում մարդկանց անլրջությունը, ու ես` աստվածա(սպան)-մերժս, ավելի շուտ կհավատամ վերջինիս հարությանը, քան ընկեր լինելու մարդկանց ունակությանը:
278. Ստում է, երբ չի հավատում, որ կստացվի, բայց ասում է` քո համար անկեղծ ուրախ կլինի, ու պարտադիր չէ, որ չկամ լինի` ուղղակի, լինել իրավացի հաճելի է ամենքին` ճշմարտությունից էլ ավելի:
279. Սեր անել, կամ` աստծո և անաստվածի կենակցում.
Աստվածացնել ու գամել խաչին, նեռի եռասայր աղեղով մխրճվել ու կրքով հրկիզվել. մոխրացած մեկ դառնալ` այնպես նույնացվել, որ մեկը մյուսին սիրի զգացողությամբ՝ սիրում է ինքն իրեն:
280. Հոգեբաներն ու քահանաները ծաղկում են այն պարարտ միջավայրում, որը կոչվում է զանգվածային տհասություն:
Ես իմ ուտոպիստական երազանքներում նրանց անգործ եմ պատկերացնում։
281. Երբ մակերևույթը թափանցիկ է, նրանում քեզ չես տեսնում, ճիշտ այդպես էլ հոգու համար` առանց տխրության չկա ինքնաճանաչում, ու սրանից արդյոք չի՞ հետևում, որ ինքն իրեն ձանձրալի լինելն էլ է ուրախանալու ձգտում առաջացնում:
282. Դիտարկելով՝ ըստ սպասողների տառապանքի և ոչ ըստ աղետի հետևանքի, մարդկանց փոխարեն փրկեց միայն տիկնիկը. քանզի, ի տարբերություն սեփական կորուստը ողբացողների, միայն երեխան էր վշտացել մտքից` տիկնիկն առանց իրեն ո՞նց կլինի:
283. Տգետի և իմաստունի երկար զրույցի պատճառը այն է, որ տգետը սպասում է մինչև իմաստունն իրեն հասկանալի հիմարություն դուրս տա, իմաստունն էլ` մինչև տգետն իմաստալից միտք ասի, ու միակ բանը, որ իրարից սովորում են` միմյանց հանդուրժելն է, ինչը` որպես համատեղ ձեռքբերում, նպաստում է նրանց հաշտեցմանը: Բայց նման զրույց տեղի չի ունենում` նրանք չեն կարողանում հաղթահարել իրար հանդեպ առկա և անչափ վանող ձանձրույթը։
284. Մենք հիվանդ ենք, քանի դեռ չի ցավում ու միայն ցավով ենք առողջանում, բայց թուլակամության պատճառով շտապում ենք բուժել կամ ցավազրկել և շարունակաբար հիվանդ ենք մնում: Իսկ երանելի հանգստությանը, որը կարծում ենք՝ լոկ խռովության բացակայությունն է, միայն այն վերապրելով է հնարավոր հասնել:
Մարդկությունն իր տեսակով՝ բնության մեջ միակ հավաքական ամբողջությունն է, որում հիվանդների թիվը գերակշռում է առողջներից:
285. Երբեմն, հարաբերությունում ոչինչ այնքան չի նպաստում մտերմությանը, ինչքան կողմի հանդեպ գործած այն սխալը, որը ստիպված ես նրանից գաղտնի պահել և մեղքի զգացումից ինքնաամոքվել:
286. Ինքնասպանությունը մարդու մեծագույն և, գուցե, միակ առանձնահատկությունն է գոյության մեջ` որպես ունակություն ընդդիմանալու բարձրագույն իշխանությանը, ինչին ընդունակ չէ մեզ հայտնի որևէ այլ էակ և\կամ էություն, ու նա, ով առաջինն ինքնասպան լինելով արեց այս բացահայտումը, պետք է հռչակվի մարդանալու նահապետ:
287. Հայելու առջև է, թե՝ բեմին, փորձ է, թե՝ բեմադրություն, դերասանը խաղում է հանդիսատեսի ներկայությամբ, բայց իր համար. առանց որի, թքած ունի անգամ ամենամեծ փառքը բերած կերպարի վրա, ու ոչ միայն նա` ամենքն էլ ունեն իրենց հանդիսատեսը, երբ ոչ` իրենք են իրենց համար դառնում այդպիսին: Իսկ «աննորմալը», ով հասնում է հանդիսատեսից ձերբազատվելու իմաստնությանը, վերածվում է էակի, որն իրեն զգում է՝ որպես դիտանցքից հետևող էության` ով/ինչ լինելու անհայտությամբ:
288. Մարդուն՝ ըստ իր արարքների ճանաչելու համար պետք է հիմք ընդունել այնպիսիք, որոնք նա անում է առանց վկաների, իսկ այդպիսիք իմանալ հնարավոր չէ` վկաները միշտ են ներկա` մտքում և/կամ ֆիզիկապես, իսկ թե ամեն դեպքում հնարավոր է, ապա կտեսնես նմանիդ կամ կհանդիպես անպատասխան հարցի` ո՞վ/ի՞նչ է նա, ում վկաների մասին է լոկ հայտնի` այն էլ միայն, որ չեն պատկանում մարդկային ցեղին:
289. Բացառիկ է հարաբերությունը, որում կարող ես անել այն, ինչը չես կարող հասարակության առջև/ մեջ, իսկ ինչը չես կարող հասարակության, կարող ես` բնության մեջ, երբ ՎԱՅՐԻ ես: Բայց այդ հարաբերությունն էլ ունի մի բայց. քողարկում ես այն, ինչը չէիր անի նրա ներկայությամբ, ու այդ բայցը շղթան է, որով ՎԱՅՐԻՆ կապվում է բնության մեջ:
290. Սեր՝ առ իմաստնություն.
Սկզբից թվում է` կարող ես գնալ, կանգ առնել և վերադառնալ, երբ կամենաս, հետո սկսում ես զգալ, որ նա է քեզ տանում և քաղաքավարության որևէ կանոնի չի ենթարկվում` քունդ էլ է ընդհատում ու թափառել ստիպում, իսկ երբ փորձում ես ընդդիմանալ` քարշ տալով է տանում և կանգ չի առնում. նախ մաշում են ոտնամաններդ, ապա` գուլպաներդ, հետո ոտքերդ` մինչև հասնի ու վնասի կենսական օրգաններդ. արնաքամ էլ լինես, միևնույն է` քարշ է տալու ու մինչև վերջին շունչդ կանգ չի առնելու:
291. Ծուլությունը, երբեմն, հանճարեղության, հաճախ` այդպիսին լինելու ինքնակոչության հետևանք է, իսկ աշխատասիրությունը տաղանդ է` անտաղանդության ֆոնին և ամենաշատ հանդիպողը` որպես այդպիսին:
292. Ստեղծագործությունն ընթերցելու համար դառնում է անտանելի ձանձրալի, երբ դրանում նկատում եմ, թե ինչքան է շտապել խոսել հեղինակը, ու ավելի շատ հանդիպում եմ գրողների, քան` մտածողների, որոնց խոսքում, ընթերցողի խորհելուն թողած, լռություն կա: Բայց այդ լռությունը լցնողներն էլ հաճախ չեն հանդիպում, քանզի` քան խորհելը, ընթերցողները շտապում են ավարտին հասցնել էջերը` ճշմարտություն փնտրելու փոխարեն` նախընտրելով ճշմարտանման, էլ ավելի` համակամ պատասխանները:
...
Լռության մեջ եփված միտքն եմ սիրում գրկել, ինչպես կնոջ՝ կրքով շիկացած մարմինը:
...
Այլոց մտքերը համակրելու մասին.
Որքան հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր ծնողների ժպիտին արժանանալու համար են նրանց երեխաներին մեծարում, և որքան հազվադեպ են իսկական մանկասերները, ովքեր որբերին էլ ծնողաբար են ժպտում:
Իմ մտքերը որբ են (որբացնում եմ) …
293. Դո՛ւ, իմաստասեր, որ մարդկանց ավետում ես ՍԻՐԵԼՈՒ, ՃԱՆԱՉԵԼՈՒ, …, ՄԱՐԴ մնալու իրենց իրավունքի մասին, արժանի ես աստվածաշնչյան օձի պիտակին, իսկ իրավունքի հետևորդ անհատականությունները` մեղսագործի ճակատագրին, ու հպարտությամբ պետք է կրեք ձեզ տրված տառապանքը` որպես միակ ճշմարիտ ուղի` արժանի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ազնվականներին:
294. Կրթարաններում ուսանելու իմաստը նրանում է, որ հասկանաս դրանց անիմաստությունը, ու հենց այս կարևոր հասկանալիքն է իմաստավորում դրանց պետքությունը, անպայմանությունը:
...
Անշուշտ, երազանք է այն ցանկությունը, որն իրականանալ չի կարող (գոնե մոտ ապագայում), և, ըստ այդմ, ցանկություններից մեկը, որի մասին ժամանակին այդչափ երազելս համարում եմ հիմարություն, բարձրագույն կրթությունն է՝ անկախ նրանից, որ այն իրականություն դարձավ ստամոքսի խոցի գնով:
Կրթարաններում ուսանելը ճանաչողության հետ ունի այնքան առնչություն, որքան գդալ բռնելու ունակությունը՝ որսորդության, այսինքն՝ ոչ մի առնչություն:
295. Փողոցային երաժիշտ, թե` նվագող մուրացկան.
Երբ նրա նվագը լսելով ենք փող տալիս, նա երաժիշտ է, երբ առանց` մուրացկան, և, ըստ այդմ, նա ավելի շատ մուրացկան է, քան` երաժիշտ, ու սա բնավ նրա մասին չէ, այլ` մեր, այն մասին, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեզ հանդիպող մարդկանց, հետևաբար՝ նաև ինքներս մեզ։
Ինչ վերաբերվում է մուրացկաններին, ապա ժամանակի ընթացքում նրանց նկատմամբ իմ մեջ մնաց միայն մեկ զգացում` հպարտության այդչափ հաղթահարման հանդեպ զարմանք, գուցե նաև նախանձ, քանզի դրանում ինքս կարողացել եմ հասնել միայն այս խոստովանությանը:
296. Մոլորյալ գայլը զղջաց կենսակերպի փոփոխության համար, երբ պարզվեց, որ ոչխարների դրախտ մտնել հնարավոր է միայն ու ընդամենը մկկալով, ինչը չէր սովորել, իսկ գայլերի դրախտ չընդունեցին` կանաչած ատամների պատճառով:
297. Տկարները, հաշմանդամները, … անհրաժեշտ են հասարակությանը, ու, այո, նրանց արտոնությունները երբեմն պետք է գերազանցեն մնացածի իրավունքները, բայց նրանց հանդեպ անխղճությունից (հարգանքից) դրդված պետք է անկեղծ ասել` մարդասիրությունը բնավ առաջին տեղում չէ, դա նախ հատուցումն է առողջ լինելու զգացողության` որպիսին այլոք ստանում են նրանց գոյությամբ:
298. Առավել տարածված է ոչ թե կատարելագործվելով զորանալը, այլ` ուրիշի թուլանալուն հարաբերվելով, և հաճախ ավելի հեշտ է հանդիպել տխրություն կիսելու պատրաստակամ մարդկանց, քան` ուրախություն, քանզի վերջինս չափազանց ծանր բեռ է նրանց ինքնազգացողությանը, ու երբ հանկարծ արժանանում ես շատերի ուշադրությանը, թող քեզ տանջի կասկածը` մեղր ես, թե՝ նրանք են ճանճեր:
299. Առողջ մարդուն գցում ես գժերի մոտ՝ սրանք էլ նրան են մեկուսացնում որպես գժի` ճիշտ այնպես, ինչպես մեկուսացրել են իրենց, ու սա բաժանում է՝ ոչ ըստ առողջության և/կամ խելոքության, այլ՝ ըստ նմանների քանակության, և իրականում հենց սա է հանդիսանում մարդկանց տարբերակման մեկ պայման:
300. Արվեստը, բացառապես, անհատականության, հետևաբար՝ միակ լեզուն է, որով իրար կարող են հասկանալ, հետևաբար՝ լինել հաշտ մարդիկ` բաժանվող տարածքային, ազգային, լեզվական, ցեղային, դասային, տոհմային, կրոնական …, անգամ ըստ բակային տարբերության, որին հաջորդող մրցակցությունը, անխուսափելիորեն, հանգում է անհաշտության: Ուստի, աշխարհի զինաթափման մեկ միջոցը և առաջընթացի ուղին, որն արդարև կարելի է համարել մարդկության զարգացում, մինչ այս գոյություն չունեցած համամարդկային` գերմարդկային արվեստի հայտնագործումն է, որը պիտի կոչվի միակ ճշմարիտ հավատք, արարողը՝ միակ իսկական աստված:
Ու այդ անհայտի մասին գիտեմ միայն այն, որ ամենքի հոգին կլանելու, ձուլելու, միավորելու համար լինելու է անչափ այլանդակ և այդչափ էլ՝ սքանչելի։ Թեպետ, այս երկու հատկանիշներն, առհասարակ, մարմնացումն են ցանկացած արվեստի, բայց գոյություն ունեցողներում միշտ չափից ավել կամ պակաս է մեկը կամ մյուսը։
301. Սնափառությունը թևերն են, խիղճը` ձգողականության ուժը, որից պարզ է հետևությունը, թե մեկն առանց մյուսի թռչունին ուր կտանի. ուստի, եթե որոշել ես հրաժարվել սնափառությունից, պետք է նաև խղճից հրաժարվես` այդ պահից դառնալով իրականության շուրջ պտտվող արբանյակ:
...
Երբ մեջքով նայում ես ուղիղ աչքերի մեջ.
Երբեմն, այնքան չի կանչում այն, ինչ առջևում է, որքան վանում է այն, ինչ թիկունքում է, քանզի ուրիշ(ներ)ի համոզմունքը՝ իբր չես տեսնում ոչինչ, թույլ է տալիս իմանալ ավելին, քան երևում է դիմացից՝ ավելին, որի իմանալն անպետք է դարձնում լինելին:
302. Այն, ինչ ապրում ենք ներկայում, անցյալի հետևանքն է, իսկ թե ինչպես ենք ապրում այդ ներկան, պայմանավորված է ապագայի պատկերացումից: Երբ ունենք լավ սպասումներ, ներկան ապրում ենք դրական հույզերով, իսկ վատի դեպքում` բացասական, այսպես, նաև, երբ չունենք որոշակիություն սպասումներում` կրելով անհանգստություն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ապագայի կանխատեսումը երաշխավորված փաստ չէ, թվում է հնարավոր, լոկ մտովի փոխելով սպասումներն ու պատկերացումները, ազդել ներկան ապրելու որպիսության վրա` ձգտելով դրականին: Բայց սա եզրակացություն է` տեսականորեն հնարավոր, գործնականում՝ նույնչափ անհնար, քանզի թեպետ չկա ապագայի հաստատուն որոշում, բայց կա ներկայով պատճառաբանվող կանխասպասում` որոշակիություն, որից համապատասխան հույզերն են ածանցվում:
Հետևաբար՝ չի կարող լինել ապագայի սպասումից անկախ ներկայի ապրում: Եթե անգամ այսօրը վերջինն է համարվում, վաղվա չլինելը ևս ստեղծում է համապատասխան պատկերացում` ոչ դրական սպասում` այսօրվա բացասական ապրում (բացառությամբ, երբ մահ ես տենչում):
...
Նրան, ով ասում է՝ միշտ պահով է ապրում, հարցրու՝ ինչպես է մինչ օրս ողջ մնացել, ու թե պատասխանի, որ երբեք մեռնելու ցանկություն չի ունեցել, արժե լռել. նա չի էլ ապրել:
Իսկ մշտապես պահով ապրելը, անշուշտ, երանելի կլիներ՝ թեկուզ, որ կարճ ժամանակ անց պիտի անցյալով և ուրիշի շուրթերով հիշվեր:
303. Դիտարկելով մարդկանց ապրումները, դրանց վերաբերյալ պատկերացումներն ու ցանկությունները, հարց է առաջանում` ի՞նչ է, նրանք իսկապես կարծում են մարդն էությամբ երջանի՞կ էակ է:
Թերևս, պատկերը լրիվ այլ կլիներ, եթե մարդն առաջին ճիչն արձակելու պատճառը հիշողության մեջ կրեր:
304. Երբ մահն անխուսափելի է, ցավազրկումը սնուցում է վերջի հանդեպ վախը, ցավի ուժգնացումը` նպաստում դրա հաղթահարմանը (ընդհուպ մահանալու ցանկության առաջացմանը):
Ուստի, հաշվի առնելով որն է ավելի անտանելի, առաջարկում եմ չցավազրկել:
305. Իմ մասին ուրիշների արտահայտած կարծիքները, նաև մեղադրանքները, կարելի է ամբողջացնել մեկ բառում` հոռետես, ինչին չեմ առարկում, բայց մի փոքրիկ շտկում. անջատում եմ արհեստական լուսավորությունը, որ ամեն ոք նկատի, ապա` ճիշտ արժեքավորի իր ճրագի պայծառությունը: Իսկ ես, լինելով խավարում, պաշտում եմ արևը, որի միայն գոյությունը, ինչի մասին հաճախ լուսնից եմ իմանում, եթե չարաճճի ամպերը չեն խանգարում, երջանկացնում է ինձ, և տենչում եմ երբևէ նրան գրկել ու շողերի մեջ անէանալ՝ վերջապես խաղաղվել։
...
Այո, ես հոռետես եմ՝ դիահերձարանից եմ սկսում փնտրել, ու չեմ սիրում արևին մեջքով կանգնել՝ սեփական շողքի երկարացմամբ ոգեշնչվել, իսկ տեսողությունս, իհարկե, դեռ պետք է կատարելագործել՝ պետք է մարմինը մարսած որդի կեղտից սկսել …
306. Մեկը պետք է կարգ սահմանի, մյուսը` որոշի, երրորդն էլ՝ իրականացնի. սա է արդար` ասացին, բայց կարևորի մասին լռեցին` այսպես հեշտ է խուսափել խղճից. մեկը կասի իրականացնողը ես չեմ, մյուսը` ես չեմ կարգ սահմանել, երրորդն էլ` ես չեմ որոշել:
307. Անհավատին տանջում է կասկածը` բայց կարո՞ղ է գոյություն ունի, հավատացյալին` իսկ եթե գոյություն չո՞ւնի, ու, ի տարբերություն վերջինի, առաջինն այդ վախը թմրեցնելու հնարավորություն ունի, քանզի ես-ի համար հիմարացվելը մեղավոր լինելուց անտանելի է, հետևաբար՝ ոչ նախընտրելի:
308. Անկախության մեկ նպատակը բարեկեցությունն է, առանց որի, լոկ հայրենասիրությունը ժողովուրդներին վերածում է սեփական դրոշի ներքո միավորված թշվառ ամբողջության:
...
Ինչպես երկար քաղցած մնալուց է բերանից տհաճ հոտ փչում, այդպես էլ աղքատ հասարակության մեջ՝ լավն էլ անդուր է դառնում:
309. Դեմոկրատիա.
Ժողովուրդների կառավարման մեջ «սատանան» ստացավ անսահմանափակ իշխանություն, երբ ամբոխը դարձ(ավ)րեց քաղաքականության մեկ գործոն։
310. Պետություն.
Մարդու ստեղծած, մարդկանցից կազմված հրեշ, որի ուտեստը էլի մարդիկ են՝ առանց նշանակության՝ ժամանակավոր գլուխ, վերջույթ, թե՝ ամորձի են …:
...
Օրինականացրեք բոլոր բարքերը և կստանաք երբևէ գոյություն ունեցած ամենաանճոռնի պետությունը՝ որպես ճշգրիտ արտացոլանք հասարակական համակեցության:
311. Նեղացկոտություն.
Արարքիդ համար անգամ ինքդ քեզ կամրջից նետես, գլխիդ կրակես, կախաղան բարձրանաս,… միևնույն է` չի գոհանա, քանզի նեղանալը նրա համար պասիվ գործողությամբ հարձակում է, որի միակ ցանկալի արդյունքը ներողությունն է, ոչ արդարությունը, ու սա՛ էլ է նենգություն` բնորոշ նեղացկոտին, ում հարվածից կա մի պաշտպանություն` անտարբերություն:
Ու, առհասարակ, միշտ գերադասելի է ակտիվ գործողությամբ պատասխանը, քան՝ նեղանալով հակահարվածը` թեկուզ հանուն արդարության, քանզի ներողությունն էլ արժեք է շատ ավելի թանկ, քան այն, ինչը կարող ես կորցնել կամրջից նետվելով, գլխիդ կրակելով, կախաղան բարձրանալով,… հետևաբար՝ այդ զիջմանն արժանի են բացառիկ մարդիկ` բացառիկ դեպքերում:
312. Պատասխանելու համար` բարեկամ են, թե` թշնամի, նախ անհրաժեշտ է պարզել` գիշատիչ են, թե` զոհ, ու վերջիններն, ի տարբերություն առաջինների, չեն բարեկամանում անգամ, երբ նույն հոտին են պատկանում՝ ամենքն այստեղ է քողարկված ցանկությունով. «կյանքս երկարի ուրիշ(ներ)ի՛ հոշոտումով»:
313. Ուրիշներին հավատալու համար պետք է լսելիս փակես աչքերդ, և բացես, եթե նախընտրում ես առաջնորդվել սեփական համոզմունքով, ու սրանում չունի նշանակություն հավատալիքի հիմնավորվածությունը, քանզի այս դեպքում այն վերածվում է գիտելիքի` որպես միանշանակ վերաբերմունքի ենթակա փաստի` զերծ հավատ-կասկածից:
Ուստի, քանզի ստացվում է, որ հավատն ու կասկածը միայն սուբյեկտիվ վերաբերմունք են, ապա` նախընտրում եմ հարաբերվել միջավայրին դրանցից անդին: Ոմանք կհարցնեն` արդյո՞ք դա չի կոչվում անտարբերություն, առանց առարկելու կպատասխանեմ` դիմացինին տալիս եմ դրսևորվելու ազատություն ու, փաստորեն, հիմարացնելու ոչ մի հնարավորություն:
...
Ինքնավստահությամբ լրացնել ուրիշ(ներ)ի հանդեպ վստահության պակասը, ինչը կոչվում է հպարտ մենություն, ու արյունը թանձրանում է սրտում, իսկ հակառակ դեպքում՝ նոսրանում այնքան, որ անգամ քերծվածքը չի սպիանում:
Կասկած-հավատից անդին. կա՛ ընտրություն…
314. Զգայական ճանաչողություն` ճանաչողության միակ միջոց.
Քանի դեռ ձեռքդ չի այրել, չես կարող համոզվել, որ հենց կրակ ես տեսել` սա որպես օրինակ զգայական ճանաչողության և ճանաչողության` առհասարակ, ու, միաժամանակ, պատասխանը հարցի, թե ինչու են մարդիկ գերադասում տեսած-լսածով առաջնորդվել: Անշուշտ, արդարացված է` այլ կերպ դժվար է, բայց և պետք չէ իմանալը ճանաչելու հետ շփոթել, հասկանալը` ընկալումի, և, վերջապես, գիտենալ է պետք` հասարակության մեջ լինելու չափորոշիչներն անհատականությանը վերաբերվելու համար համարվում են անպետք:
...
Մտածելու ունակությունը հենց այնպես չի տրվել կամ ձեռք բերվել, ու միայն մկանների աշխատանքը հեշտացնելու համար չի տրվել, «գործն է անմահ, լա՛վ իմացեք»-ն էլ, ընդամենը, մարդկանց հիշողության ու միայն ա՛յս իրականության մեջ ունի իմաստ լինել, իսկ այս իրականությունը ինչքան իմաստալից, այնքան էլ անիմաստ ենք դարձրել. կարծես, երբ սկսել ենք խոսել կամ ստիպել են խոսել ու միտումնավոր են անդին իրականությունից մոլորեցրել կամ՝ ինքներս ենք մոլորվել:
Բայց և կան ակնարկներ, որոնցով հնարավոր է կողմնորոշվել՝ միայն, եթե ուշ չէ զգայական մտածողությունն արթնացնել …
315. Կյանքի բովանդակություն.
Իրար հաջորդող իրադարձություններ, որոնք առանձին-առանձին ապրելու իմաստ չեն, ճիշտ հակառակը` անիմաստ են այնքան, որ շտապում ես անցնել հաջորդին, ապա` մյուսին …:
Նորի գրավչությունն արագ վերափոխվում է հնի ձանձրույթի, նպատակային սլացքը` աննպատակ փախուստի, ինչն էլ, վերջին հաշվով, կազմում է կյանքիդ բովանդակությունը:
Ու/բայց, երբեմն այնքան ես հոգնում իրադարձություններն իրար կապող, շարունակական այդ աննպատակ անցումներից, որ, ընդամենը, ուզում ես մի անկյունում կծկվել և, միջավայրի ննջեցնող աղմուկի ներքո, մինչև վերջին անցումը քուն մտնել:
...
Վերաիմաստավորում իրողությունների, որոնք չես նկատել, թե ինչպես են անցել կողքովդ, իսկ հիմա անհասանելի հեռու են՝ դրանցից կառչելու համար, ու սա կոչվում է հասկանալ կյանքը:
316. Կանացի տրամաբանություն (հումորով, բայց ոչ անլուրջ).
Սիրել գիտես, նշանակում է` փորձ ունես, հետևաբար առաջինը չեմ, ուստի, չի բացառվում, որ հերթականն եմ՝ դու այլանդակ ես: Միայն անպետք բանն է անձեռնմխելի:
317. Կնոջ մարմինը վկայությունն է փաստի, որ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ արվեստի մեծագույն վարպետ է, հոգին` հանճարեղ լիրիկ, տրամաբանությունը` կրքոտ զվարճասեր:
318. Ինքնավստահությունդ վերաճում է գոռոզության, քանի դեռ իշխում ես միջավայրի համոզմունքի հետ կոնֆլիկտում, ու/բայց անխուսափելի է դառնում այն վերջը, որ սպանվելու ես ուրիշի ձեռքով` ամբողջ կուտակածդ նրան զիջելով, կամ կորցնում ես ինքնավստահությունդ` վերածվելով ստրուկի ու այլևս ոչ ոք քեզ չի սպառնում, ուստի և չես էլ կորցնում, բայց որովհետև արդեն դիակ ես` ինչը ոչինչ ունենալ չի կարող:
Լինել միակը, ով կհասնի բարձրագույնին` որպես առաջին ստրկատեր կամ վերջին ստրուկ, սպանվել բոլորի ձեռքով կամ սիրել բոլորին, ու չլինել ամենքի նման` ստրուկ-ստրկատեր միաժամանակյա միջակ գոյությամբ, կամ ընտրել լինելիությունն իրականությանը զուգահեռ` ինքնավստահ հպարտությամբ ինքնասպանվել ու/բայց չկորցնել:
319. Ինքնաբավության կորուստը սկիզբ է առնում սեռային պատկանելիության գիտակցման պահից, ու այդ զգացողությունը, անկախ երևակայության ջանքերից, ամբողջությամբ չի լքում մեզ, քանի դեռ ապրում ենք` հաճախ վերաճելով թերարժեքության բարդույթի, իսկ լավագույն թմրեցումը շարունակում է մնալ սերը:
320. Ինքներս մեզ.
Հաճախ, ԱՅՆ, ինչ ձեռք ենք բերում նեղության, կորցնում ենք բարեկեցության մեջ, երբ առաջինում գտնվելու ժամանակ չենք պատրաստվում երկրորդն ընդունել: Եվ հազվադեպ պատահում է նաև` նեղության մեջ գտնելով, այլևս խուսափում ենք ընդունել բարեկեցությունը` ԱՅՆ չկորցնելու մտավախությամբ:
321. Երբեմն, թվում է` երկխոսությունը մենախոսությունն է ուրիշ(ներ)ի ներկայությամբ. երբեմն` մասնակցությամբ, հաճախ` վկայությամբ:
Ու հաճախ էլ թվում է` «երբեմն թվում է»-ն սրանում ավելորդ է:
322. Մտածում ես` ինչու են ընդգծում «անկեղծ եմ ասում» բառակցությունը ու դրան հաջորդող ամբողջ միտքը կասկածելի է թվում:
323. Ծնողները հենց մեզ չեն ցանկացել ունենալ՝ օբյեկտիվորեն չէին էլ կարող. նրանք պարզապես ցանկացել են երեխա, ու այդ ցանկությունը բավարարվել է մեր ծնվելով. ուստի, նրանց հանդեպ պարտականությունները բացառապես մեր ազատ ընտրությունն է և չի կարող պարտադրվել, իսկ նրանց պարտականությունները մեր հանդեպ դադարում են, երբ գիտակցում ենք նրանց տված կյանքից հրաժարվելու հնարավորությունը, բայց շարունակում ենք ապրել, ու նրանք ազատվում են պատասխան-պատասխանատվությունից հարցի, թե ինչու մեզ ծնեցին։
324. Կանացի հագուստների մեջ առանձնահատուկ է հարսի զգեստը` որպես բովանդակում սահմանագծի` աղջնակի գեղեցիկ հեքիաթի ավարտի և կնոջ այլանդակ իրականության մեկնարկի:
325. Ուսուցչուհիս, երբեմն (հաճախ), ինձ կոչում էր «ցինիկ», ու թեպետ այնժամ էլ ընդունում էի ժպիտով, բայց միայն տարիներ անց լիարժեք հասկացա, որ այդ կերպ նա գաղտնաբանում էր ինձ ուղղված իր սիրո մասին:
Փոխադարձ սիրո, գուցե:
326. Բանականություն...
Զգացմունք, հույզ, միտք, նաև բոլոր հատկանիշները մարդուն վերագրվող, ի հայտ են գալիս դիմակ(ներ)ի հետ, որը ստեղծում, ապա՝ կրում ենք հարկադրված և/կամ սեփական կամոք, իսկ երբ հանում ենք (եթե ու երբևէ), թվարկած/չթվարկած ամեն ինչ չքանում է, ու այն, ինչ մնում է, հենց այն մշտնջենականն է, որը չի ծնվել ու չի մահանալու. առաջինով՝ բանտարկվել, երկրորդով ազատականանալու է: Ինչքան հավատում եմ սրան, այնքան ինքնակամ, բայց և անգիտակցաբար ազատվում եմ վանդակաճաղերից` յուրաքանչյուր ճաղի հետ կորցնելով մարդկության հետ/մեջ ապրելու ունակությունս, քանզի անհետանում է այն ամենը, ինչով հնարավոր է լինել տեսանելի, շոշափելի, զգալի, ու դառնում եմ անընդունելի` որպես անորոշ գոյ կամ, գուցե, անհասկանալի, իսկ հավատն այդ աստիճանաբար վերածվում է փաստի, որից չես փախչի, չես էլ ուզի:
Եվ սրանում, գուցե, նաև պատասխանն է հարցերի հարցի` արարչի, պայթյունի, … սկզբի. բանականություն առանց բան ու բառի. նույնն է, թե մտածողություն՝ առանց մտքի, զգացում՝ առանց զգացմունքի, հաղորդակցում՝ առանց խոսքի …, և անընկալելի ճիշտ այնպես, ինչպես անսահմանությունը տիեզերքի:
327. Եթե լինեի բռնակալի խորհրդատու.
Պետք չէ ձգտել վերջնականապես կոտրել ժողովրդի ըմբոստանալու ոգին, այլ՝ պետք է նպաստել դրա գոյությանը` երբեմն միտումնավոր զիջելով զանգվածային դժգոհությունների առջև, քանզի այն մի օր կարող է փրկել պարտադրանքից, որից ինքնակամ հրաժարվել չես կարողանում:
Ժողովրդական ըմբոստության պոտենցիալը պետք է պահել` որպես, գոնե, արժանապատիվ ինքնասպանվելու համար նախատեսված վերջին փամփուշտ:
328. Երբ առիթը տառապանքն է.
Կյանքն ինքնին երջանկություն չէ` երջանկանալու անսահման առիթների ամբողջություն է, ու սրանում իմ ամենասիրելի օրինակը սեր անելն է` տառապանք, որից սովորել ենք հաճույք ստանալ:
...
Ջուրն է կյանքը, բայց համ տվողը՝ աղը, որն ինքնին թույն է:
329. Հարցերի ծարավ.
Սովորաբար, մարդկանց ոչ ոք այնքան չի վանում, ինչքան նրանք, ովքեր հարցեր են առաջացնում ու ստիպում կասկածել: Առավելապես գնում են բռնակալների հետևից, ովքեր տալիս են պատասխաններ ու որքան էլ զարմանալի թվա, անգամ սիրում են նրանց` փոխարենը ստանալով ապահովության զգացում, ու բնավ կարևոր չէ, թե ճաղերի մեջ իրենց (սրանք էլ միմյանց) ոնց են վերաբերվում, հաճախ, իրար մտրակելու ծիսակարգով են ապրում, որը սահմանող կանոններ և դրանց կիրառումն ապահովող իշխանություններ են ստեղծում:
Իսկ նրանք, ովքեր կասկած են բաժանում, պարզապես վանդակների դռներն են բացում ու ազատություն նվիրում, որում չկա ապահովության զգացում` միայն կիրք և անորոշություն …
330. Սրանում Ես Դու եմ և ամենքն եմ.
Մտածում եմ` եթե ինձ տրվեր աշխարհը երջանկացնելու ունակություն, բայց պայմանով` եթե որևէ մեկն իմանա, որ ես եմ անում, կպատժվեմ հավերժական տառապանքով, արդյո՞ք կհամաձայնեմ:
Ինչքան երկար եմ մտածում, այնքան սարսափում եմ երկմտելու պատճառից` իրականում ոչ թե պատժվելու, այլ` անհայտ մնալու վախի, ու շարունակում եմ փնտրել այն, ինչ ինքս չեմ ստեղծում, գիտակցելով, որ չեմ կարող ունենալ այն, ինչը չի ստեղծվել և ինձ երբեք չի էլ կարող պատկանել այն, ինչն ուրիշն է ստեղծել:
Ու արդեն ես դու չեմ և ամենքը չեմ։
331. Հպարտությունդ չեզոքացնում է միջավայրի բացասական կարծիքը, իսկ դրականն ագահաբար կլանում ես` որպես կոսմետիկ նորոգում, որ համակերպումը չվերաճի անտանելի ձանձրույթի, ինչը կարող է ավարտվել ինքնահրկիզմամբ, ու աստիճանաբար մաքրվում է սեփական դեմքդ, փոխարենը՝ միջավայրն է նկարում պատկերդ և գոյությունդ դառնում է ուրիշի վրձնից կախված, եթե պարբերաբար չես լքում կացարանդ ու ներս չես գալիս օտարացած` նորովի հրապուրվելով և/կամ թերություններին առերեսվելով, որոնք կարող ես շտկել կամ կրկին հարմարվել` պահպանելով քոնը` թեկուզ սպիներով:
332. Կյանքի պարզ ճշմարտություններից.
Իրականում, ոչինչ այնքան դժվար կամ հեշտ չէ, ինչքան թվում է ի սկզբանե, ու, երկու դեպքում էլ, ավելցուկը բացառապես մեր սուբյեկտիվ վերաբերմունքն է` չափից ավելի վախը կամ ինքնավստահությունը:
333. Մոխրագույնի երանգները.
Բոլոր գույները մգանում են մոխրագույնի նուրբ թաղանթի ներքո, ապա՝ նրանում կլանվելով խամրանում այնքան, որ նրանցից մնում է լոկ ակնարկը եղելության …:
Աշունն ամփոփում է բովանդակությունը գոյության` ապրելու իմաստը հասկանում ենք շեմին մահվան և նոր հասունանալով լինելուն` արդեն հարկադրվում ենք գնալուն …
Ու\բայց հենց հրաժեշտից առաջ արված սիրո խոստովանությամբ է աշունն աննման` սիրով անկասկածելի, սիրով իսկական …
334. Նեղ օրերին ասվող «լավ է լինելու» խոսքը դադարում է լինել հուսադրող, երբ վերածվում է հեքիաթի վերջաբանի, որը միշտ լսել, բայց երբեք չես ապրել, ու, որպես արդյունք, քուն մտնելու համար էլ է դառնում անպետք:
335. Ռոմանտիզմում ավելի շատ պատմելու նյութի ստեղծագործման միտումն է, քան` իրական զգացմունքների դրսևորման, ու այս կեղծիքը խամրեցնում է գեղեցիկը` որպիսին իսկապես կլիներ առանց դրա:
Եվ երբ ինձ կամ իմ որևէ արարք (արտահայտություն) համարում են ռոմանտիկ, սկսում եմ փնտրել` որտեղ եմ թյուրիմացաբար կեղծել, եթե, իհարկե, այդպիսին համարողի մեջ չեմ նկատում իրականության հանդեպ տգիտության նշաններ:
336. Գերակշռում են միշտ և ամենուրեք.
Ամբոխը ոչ միայն մարդկանց խուռն բազմություն է, այլ` մտածողության տեսակ` որպիսին կարող են ունենալ առանձին անձինք, ու, դրանց գերակշռությամբ կազմված միջավայրում ապրելու համեմատ, նախընտրելի է միայնակության մեջ անէանալ:
337. Երբ դիտարկում ես իրարամերժ «Հաստատների» վեճը, համոզվում ես, որ «Չգիտեմն է» ճիշտը, կամ, գոնե, ամենաանկեղծը։
Նրանց, ում անհասկանալի է իմ աննպատակ գոյությունը, հարցնել եմ ուզում՝ ո՞րն է լինելիության սկզբնավերջ նպատակը, որում ամենքս կարող ենք հասկանալ մերը, ո՞րն է ընդհանուրը, ըստ որի՝ պիտի գտնեմ իմ մասը, ու այս հարցը տալիս եմ որպես կասկած՝ առ ցանկացած պատասխան, որոնք, ընդամենը, հստակեցնում են արտահայտողի տգիտության չափը։ Եթե անգամ կա պատասխանը, և հուսամ՝ կա, ապա դրան տիրապետում են միայն աստվածները, որոնց՝ անկենդանությունից պաղած շուրթերն անգամ համբույրի պիտանի չեն։
Ու միայն այն, որ ցանկացած մարդածին նպատակին հասնելու վերջում զգում ես ինքդ քեզ կորցնելու դատարկություն, իմ մեջ, որպես լինելու իմաստավորում, միայն մեկ մղում է ապրում՝ ինքնահաղթահարում/ինքնաարարում։
338. Անէացնող երաժշտությունից ավելի` սիրում եմ անէությունից եկողը՝ որպիսին նվագող գործիքներ չկան ու լսելի է միայն ինձ։
339. Ամեն ինչից զատ և ի հավելում դրանց՝ հասկանալու համար, թե ինչքան են երեխաները միջոց ծնողների համար, բավական է կարդալ ծնողի մտքերը, ով հետևում է իր երեխայի մասնակցությամբ մրցախաղին: Բոլորին հայտնի ապրումներից բացի, կարող ես տեսնել` ընդհուպ մինչև մրցակցի մեռնելու հաշվին հաղթանակ տանելու միտքը, անկախ նրանից, որ նա էլ հասակակիցն է իր զավակի, երբեմն փոքր այնքան, որ չի էլ հասկանում ինչին և ինչու է մասնակցում:
Այս իմաստով, երեխաներիս տարած հաղթանակներից ավելի, նրանց անհոգ ծիծաղն եմ սիրում՝ թեկուզ երբ կրում են պարտություն, ու դա, որպես իմաստնություն, համարում եմ համատեղ ձեռքբերում։
340. Որպեսզի չխելագարվես նավաբեկությունից փրկվելուց հետո, պետք է նավակայանում հավաքված ամբոխի մեջ գտնես հայացքը նրա, ով քո մեկնելով դադարել է ապրել և նոր պիտի սկսի` ժամանումով: Հայացքը նրա, ում ձայնը խլացվում էր ծափերում, որոնք բացում էին հոգուդ առագաստները` փառքին տանող ճանապարհին ալիքներ ճեղքելու համար, ծափերը, որոնք չկան, երբ վերադարձել ես առանց բեռնված նավ, երբ փրկվել ես ինքնասպանված ընկերոջ սիրտն ուտելու շնորհիվ, երբ …, ու այլևս հասկացած` աստծո և սատանայի հաշտություն-ճշմարտությունը:
Պետք է գտնես (եթե), կամ մնաս հոգիդ սղոցող գիտակցումով, որ խորտակվող նավը պետք չէր լքել…
341. Երբեմն թվում է` ոչ ոք ոչ մեկի չի սիրում ու յուրաքանչյուր հարաբերություն լոկ կարիքի գոհացման միջոց և արդյունք է, իսկ դու դեռ միամիտ ես, կամ չես ցանկանում խոստովանել, որ ինքդ էլ, ընդամենը, սննդային շղթայի մասնիկ ես՝ նաև որպես ուտեստ, կամ, գուցե, սերը հենց այդ շղթայի օղակները կապող հանգույցներից է …
342. Այլևս չեմ կարող որոշել` ես եմ ավելի սիրում տխրել, թե տխրությունն է սիրում ինձ սիրել, բայց անդորրը, որը զգում եմ նրանում, ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնում, ու նաև` մտքերի այդչափ պարզություն:
343. Ծնեցիք ինձ.
Մինչ ուզեցի հարցնել` ինչու, ինքս դարձա նույն հարցի հասցեատեր` տալով երանի, որ նրանց մոտ այն չծագի, քանզի հարց է առանց հարցականի` անպատասխան պատասխանով հայտնի, հետևանքով` ցանկալի, որը պիտի սեփական ձեռքով վերջը լինի …
Եվ, գուցե, կյանքը հենց սա է. մինչ հարցնելը` դառնում ենք նույն հարցի հասցեատերը ու, լռեցված ինչու-ներով, շարունակում ենք լինել:
344. Աղբատար` երթևեկության մենավոր տարր.
Եզակի բաներից, որ կարող եմ իմ մասին ասել, այն է, որ մարդկանց հետ հաղորդակցման մեջ ավելի շատ աղբատար եմ, քան` նվիրաբեր, և ցավոք, այն քչերն էլ, ովքեր գիտակցում են իրենց կյանքում առկա անպետքությունների կույտը ու համարձակվում զբաղվել մաքրությամբ, կարճ ժամանակ անց կրկին տարվում են կուտակելու մոլուցքով, քանզի ազատ տարածության մեջ ավելի շատ տեսնում են անհանգստություն, քան` հարմարավետություն. ու այդ պահից էլ հաճախ ավարտվում է կարիքն իմ լինելու:
...
Ես մի երևույթ եմ, որ ծծվում է ենթագիտակցությանդ մեջ՝ անկախ գիտակցությունիցդ: Քեզ կհղիացնի ուրիշը, բայց պտուղը կլինեմ ես, ու երանի քեզ, եթե չապրես այնքան, որ տեսնես երկխոսությունս քո երեխայի հետ, որն այսօր է սկսվել, տեսնես նրա սերն առ ինձ ու իմանաս գոյությանդ նպատակը՝ որպես լոկ ցողուն, ուրիշ ոչինչ:
Կամ, գուցե, ես էլ եմ ցողուն՝ հղիացած չգիտեմ ումից, երբ և ինչու ..., ուրիշ ոչինչ:
345. Սիրո հրապարակային խոստովանությունը նույնն է, թե սեքս անել բացված վարագույրներով սենյակում, որտեղ դիրքերը, շարժումները, անգամ հառաչանքը ավելի շատ պայմանավորվում է հետևող հայացքներին ներկայանալու, քան` զուգընկերոջը հաճույք պատճառելու միտումով, և բնավ նշանակություն չունի` հետևողներ իրականում կան, թե` ոչ, այդ հայացքներն ինքնին առկա են գիտակցության մեջ, ու եթե այստեղ տեղին է օգտագործել սեր բառը, ապա միայն` որպես եսասիրության բառարմատ:
...
Եթե լիներ ընտրելով, որևէ ողջամիտ մարդ չէր ընտրի սերը, և, ըստ այդմ, այդպիսիք կամ հիմար են, կամ՝ խենթ:
346. Հրեշն ու գեղեցկուհին.
Անճոռնին սիրահարվեց իր ներաշխարհի մարմնացում գեղեցկուհուն և վերջինս պատասխանեց փոխադարձությամբ` բացահայտելով իր հոգու այլանդակվածությունը:
347. Կար ժամանակ, երբ այցելում էի գերեզմանոց` կենդանությունս զգալու համար, հետո հասկացա` այցելելու անհրաժեշտություն չկա` մեռյալներն ամենուր են` միակ տարբերությամբ, որ դրանք անչափ շատախոս ու աղմկոտ են:
Հիմա այցելում եմ լռության համար։
348. Մեկ ճամպրուկի փիլիսոփայություն.
Նյութական բարիքների կարելի է ու նաև պե՛տք է ձգտել` միաժամանակ պատրաստ լինելով ամեն պահի հեռանալ մեկ ճամպրուկով` զգացողությամբ, որ ոչինչ չես կորցրել, ու հատկապես չես կորցնում այն, ինչ տալիս ես սրտակամ:
Գոհարիկ Աղաբաբյանից սովորած, պարզ արտահայտվող՝ դժվար ուսանելի իմաստնություն, որը կոչում եմ մեկ ճամպրուկի փիլիսոփայություն:
349. Միշտ չէ, որ չմահանալը լինելու պայման է, մեռնելը` ոչնչանալու պատճառ, բայց մենակությունը միշտ է չապրելու պայման, նրանում միայն մեռնելու ընտրություն կա` որպես լինելիության բնույթ և չափ:
...
Մերթընդմերթ մնալ մենակ.
Այն, ինչից խուսափում են անդեմները, անհրաժեշտաբար ձգտում՝ անհատականությունները:
350. Չգիտեմ ինչու՝ հանկարծ մտքովս անցավ գրել մինչ այս օգտագործված երեք բառ, որոնք առաջնահերթ կմտաբերեմ, և ստացվեց` կիրք, իմաստասիրություն, մահ` օ՜, գրողը տանի, փաստորեն ես ապր(ել)ո՜ւմ եմ, ու եթե այսչափ փոքրիկ բանի գոնե չնչին մասը տեղ հասցնելու համար այսքան շատախոսելու կարիք չլիներ, գրքի վերնագիրը կդնեի այդ երեք բառը ու հենց այդ հաջորդականությամբ, իսկ մնացած էջերը կթողնեի դատարկ:
351. Մշտապես ուղեկցում է չհասցնելու անհանգստությունը ու շտապում եմ արտահայտել մտորումներիս արդյունքը, բայց երբ թվում է, թե` ահա՛, պատրա՛ստ է, վե՜րջ …, գալիս է զգացողություն` կարծես ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ու այդքան վազելուց, ճախրելուց, լողալուց, … վերջապես քարշ գալուց հետո էլ շարունակում եմ մնալ նույն տեղում, ու խենթացնում է գիտակցումը` այնքան մեծ է անհայտի տարածությունը, որ դրա համեմատ տեղում դոփել է իմ ցանկացած առաջշարժումը, և դա, հակառակ ազդեցությամբ, մեծացնում է ճանաչելու կիրքը` երբեմն այնչափ, որ ուզում եմ, անհայտի մասը կազմելով, իմանալ նրա ամբողջ էությունը:
352. Ի՞նչ գիրք կարդալ.
Բացի այն, որ շատ գրքեր չեմ կարդացել, ծարավել ու նոր եմ միայն ընտրել` ինչ խմել, և չի պատահել, որ չգտնեմ, քանզի ծարավիս հետևելով եմ միշտ փնտրել, ու ոչ միայն ծորակից, աղբյուրից … պատահել է` գետից, ճանապարհին գոյացած ջրափոսից … եմ խմել։
Հարցնել կամ խորհուրդ տալ՝ ինչ գիրք կարդալ, ոչ ավելին է, քան որոշել, թե ինչից մեզ գոյացնել, ընդամենը։
353. Եթե անգամ տարերային աղետները աստվածների զայրույթի հետևանքն են, ապա, ամեն ինչից զատ, այդչափ տաղանդավոր արարչությանն ականատես լինելու համար արժե երբեմն լինել անկարգ:
354. Իմ խանդի մասին.
Այնտեղ, որտեղ ծնկում եմ, դեռ հանդուրժում, բայց չեմ սիրում անգամ, որ կանգնում են, իսկ նրանց, ովքեր փորձում են կեղտոտ ոտնամաններով ներս մտնել, ուզում եմ «խաչակրի» վրեժխնդրությամբ սրահարել:
355. Մարդկանց ճանաչելու անպտուղ փորձերի փոխարեն, ճիշտ է նրանց ընդունել ո՛չ թե որպես ճանաչելի, այլ` ճանաչելու միջոց` որպիսին կանք իրականում, նրանց նայելու փոխարեն` նայել նրանց միջով, ու միայն այդ դեպքում ավելի քիչ կլինի հուսախաբությունը հարաբերություններում:
Ու սա, որպես նաև ինքնախոստովանություն, ստիպեց այլևս չզարմանալ, ավելին` կրել սև ակնոցներ, քանզի ամենքին չէ, որ պետք է ճանաչելին` մնացած խավարում:
356. Մարդագայլ.
Մանչն արիասիրտ, բայց մարդկանցից փախչող, հավատարիմ, բայց մենակություն սիրող, լայնսիրտ, բայց քչախոս` «Երեխա է, կփոխվի» ասացին, ու տարիները գլորվեցին:
Բայց ահա, երբ իր ճանապարհին հասավ կամուրջին` առջևում հոգին կանչող վայրի բնություն, իսկ թիկունքում` ամուր թոկով կապող բանականություն, պարզվեց պատճառը մանկության. մարդ չէր մանչը, այլ՝ հարազատ ոհմակից մոլորված գայլուկ, ում ոչ ոք չէր ասել ինքնությունն իսկական, իսկ հիմա ո՛չ մարդ է, և ո՛չ էլ գայլ, երկատված էությամբ մարդագայլ է` այլևս դատապարտված կանգ առնել կամուրջին` ո՛չ առաջ, ո՛չ ետ, ու թերևս միայն ցատկ ներքև, որ բաժին դառնա յուրաքանչյուր միջավայրին` մարմինը մեկին, հոգին` մյուսին:
357. Գուցե և վսեմ է նա, ով սովորեցնում է՝ առանց իրեն արված խնդրանքի, բայց անկասկած է, որ նա ամենաանարգվածն է, ու եթե ժամանակին չի վիրակապվում հպարտության փաթաթանով, սպանվում է՝ արնաքամ լինելով:
358. Ինքնաճանաչում` ինքնարարում.
Հետ հայացք եմ գցում մտորումներիս ու բազմաթիվ ԵՍ էր եմ տեսնում, որոնց առանձնահատկությունները ամբողջացնելով՝ ընդհանուր առմամբ բաժանում եմ երկու թշնամի զորախմբերի, բայց ոչ չարի ու բարու կամ վատի ու լավի. ընդ որում, դրանց թշնամանքը տեսնում եմ, երբ մեկի կամ մյուսի կողմն եմ, իսկ երբ ստացվում է (ու ստացվում է հաճախ), որ երկուսից անդին եմ, առ ճանաչողություն հաշտությունն եմ տեսնում, ու կարծես նրանց պատերազմը միակն է աշխարհում, որ կործանող չէ, այլ` արարող, թեպետ սրանում ավելի շատ սպանություններ են լինում, և այո, բարեկամ Դեկարտ «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ», ու նաև «Ինքս ինձ ճանաչում եմ, հետևաբար ինքս ինձ ստեղծում եմ»:
...
Առաջին սպանությունը հաղթահարելուց հետո վերածվում ես սերիական մարդասպանի՝ սպանողի և զոհի միաժամանակյա զգացողությամբ`յուրաքանչյուր ծիսակարգ ավարտելով կաթիլ արցունքով, և թիկունքում թողնելով ծնկած մեկին, ով ողբում է սիրելիի դիակին, հեռանում ես ինքդ քեզանից՝ փնտրելով վերջին (իսկական) ԵՍ-ին:
359. Իմ առագաստն անսահմանության մեջ.
Չիմացածը չեմ ժխտում, իմացածին էլ թերահավատորեն եմ վերաբերվում, որ չդառնամ գերին հարաբերական ճշմարտությունների ու համոզմունքներով չգամվեմ խաչին սահմանափակի:
Այո, մեղմ է ասված՝ դժվար է. ճանապարհորդությունս ինչքան սքանչելի է, այդչափ էլ տանջալից է ու, երբեմն, ես էլ եմ տենչում խարիսխ, որը չունեմ, կամ, գոնե, փարոս՝ անգամ, եթե պարզվի՝ չի գտնվում ցամաքին, բայց … ու, դատարկած շշերի մեջ հաղորդագրություններ թողնելով, նավարկում եմ, մինչև հանդիպեմ պատահական հայտնված ժայռաբեկորին, որն ինձ կառնի իր հոգատար կրծքին:
360. Ես էլ ամենքի պես արթնացել եմ ընթացքում և չգիտեմ՝ որտեղից ուր եմ գնում, ու ոչ մեկի ասածը ենթադրությունից ավելին չեմ համարում, քանզի բոլորս նույն հանրակառքում ենք գտնվում, իսկ նախորդ կանգառում իջածը երբեք չի կարող հայտնվել հաջորդում:
Ոչ հաստատուն պատասխանների, այլ բոլոր պատասխանների անհաստատության իմացությունն է իմ վստահությունը, իսկ թե ինչու եմ հաճախ պատուհանից դուրս նայում, որովհետև, գուցե, ընդամենը ներսի համոզմունքներից եմ ձանձրանում:
Կյանքը միակ հանկարծաստեղծն է, իսկ նրա վրձինը մշտնջենական արարման մեջ է, ուստի, նկարի ցանկացած մեկնաբանություն առնվազն անլուրջ է՝ պարզ պատճառով, որովհետև այն ավարտված չէ, և այդպիսին թվում է, երբ ավարտը նայողի՛ գոյությունն է:
...
Դեռ հիման չավարտած՝ մտածում ենք հետոն ու թվում է՝ ժամանակը չի բավականացնում, սկսում ենք սպառել հաջորդ և հաջորդող ակնթարթները՝ վազելով արագ ու է՛լ ավելի, այնքան, որ հայտնվում ենք ինքներս մեզ հետապնդողի դերում. հոգնում ենք երկատվում կամ հասնում ու հասկանում, որ սեփական հետույքից բացի՝ ոչինչ չհասցրեցինք ճանաչել, իսկ նրան, ով անցնում է ինքն իրեն, մեծապես պատվում եմ՝ կոչելով կրիա:
361. Լռել.
Այն, ինչ չի կարողանում սովորեցնել կյանքը, ստիպում է մահը, ու սրանում այն անգերազանցելի ուսուցիչ է:
Հարաբերական իմաստով՝ լռելը միակ իմաստնությունն է, որին հասնելուս մասին անհամեստաբար կարող եմ նշել ու չդադարել ավելիին ձգտել:
...
Ինչքան երկար ես մնում լռության մեջ, այնքան մեծանում է աղմուկի ննջեցնող ազդեցությունը, ինչն առկա է, երբ կա թեկուզ միայն երկրորդը:
...
Լռություն է կոչվում նաև, երբ գոռոցի ալիքները այնքան են մեծանում, որ ականջներին անընկալելի են դառնում:
362. Ներկան հավերժանում է անցյալում` որպես հանելուկ, իսկ պատասխանը գտնվում է ապագայում, ու թվում է` կյանքն ընթանում է վերջից սկիզբ սյուժեով, կամ էլ չի թվում. սկզբի ճիչը վերջի հրճվանքն է, առաջին կաթը՝ մահաբեր թույնը:
363. Եթե կյանքի ճշմարտություններ փնտրող ես, ապա անխուսափելիորեն գալու է պահը, երբ հասկանալու ես` դրանք գտնելու համար աշխարհում շրջելու փոխարեն պետք է աշխարհից փախչես, ու փախչելու ես: (Ինքնա)Ճանաչողությանդ զուգահեռ՝ հասունանալու է ձեռք բերած իմաստնությունդ ուրիշներին տալու սերն ու անհրաժեշտությունը, որի համար նորից պետք է վերադառնաս, ու վերադառնալու ես, բայց այն էլ՝ միայն հասկանալու կյանքի մասին իմացությունդ ամբողջացնող իրականությունը` ոչ մեկին պետք չէ քո ճանաչած ճշմարտությունը, քանզի ամենքին սահմանված է իրենը, ու կրկին\վերջին անգամ զգալու ես աշխարհը լքելու ցանկությունը, բայց\որովհետև արդեն անհնար է ապրել այնտեղ, որտեղ արարիչները գերադասում են լինել կռապաշտներ:
364. Մեղքից ծնված կարոտ՝ ինքնին մեղանչում.
Զգացմունքիս ճշմարտության մեկ որոշիչը կարոտն է, իսկ նրանք, ում հանդեպ այն զգում եմ, այնքան անհամատեղելի են, որ նույն վայրում միաժամանակյա ներկայությամբ միայն մեկում համաձայնության կարող են հանգել՝ ինձ սատկացնել, որից հետո ինձանից մնացած հուշը նրանց համար կդառնա նողկալի և/կամ հաճելի ընդհանուր, բայց և հաշտեցնող միակ պատճառը:
Սակայն, քանի դեռ իրականությունները զուգահեռ են, կարոտն իր շարունակական ներկայությամբ դառնում է անհասցե և սերտաճում էությանս՝ որպես մեղքից ծնված զգացում՝ ինքնին մեղանչում: Իսկ զուգահեռներն, ի վերջո, հատվում են, ու թե այդպես է, նշանակում է՝ ե՛ս էլ քավություն ունեմ:
365. Կարոտն անհայտի.
Իմաստնանալուն զուգահեռ՝ ավելի ու ավելի են դանդաղում քայլերդ, սկսում է պարզել՝ մինչ այդ արագ ընթացքից լղոզված պատկերը, որի վեհությամբ գայթակղված, անհամբեր սպասում ես բարձրագույն պահին՝ երբ պետք է, ընդհանրապես, կանգ առնեն ոտքերդ, ու այլևս աշխարհը պտտվի շուրջդ և փոքրիկ դիտանցքիդ առջև բացվի՝ որպես մեկ ընդհանուր համայնապատկեր, ու թեկուզ մեկ ակնթարթ այդպես, բայց զգաս՝ ինչքան ամբողջական ես ապրել, ու տենչաս հորիզոնից անդի՛ն փռվող ապագան՝ ոչ որպես անհայտություն, այլ՝ է՛լ ավելի խորը, մոռացված անցյալ, ինչից մնացել և շարունակում է կանչել հուշը կարոտի (կարոտն անհայտի):
366.
Ինքնահաղթահարում, որի համար նախ պետք է ինքդ քեզ ոչնչացնես, ու սա է մեկ ձգտումը, որն արդարև կարող է կոչվել ԲԱՐՁՐԱՆԱԼ:
Ընտրել ուղին, որտեղ տառապանքն է անհրաժեշտություն, ուրախությունը՝ պատահմունք, ինչպես կա իրականում. առաջինով գնալով՝ նման վեր խոյացող սանդուղքի, երկրորդով՝ թոթափելով հոգնությունը ոտքերի, որոնք պետք է կանգնեն երբևէ հնարավոր ամենաբարձր գագաթին՝ սեփական գլխին, որտեղից ներքև անգամ աստվածներն են տեսանելի՝ մարդկանց աղոթքների կապանքներից ազատվելու աղերս-աղաղակով:
...
առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը
Ծնվելն ապրելու նախադրյալն է, իսկ պայմանը՝ համաձայնությունը, որը դեռ պետք է ձեռք բերել. միայն այս դեպքում է բացարձակ պարտականության մեջ ի հայտ գալիս հարաբերական իրավունքը, որը բացարձականացնելու ձգտումն էլ կոչվում է ԲԱՐՁՐԱՆԱԼ ...
Աջակիցներ.
սրբագրման՝ Նառա Խոստեղյան
կազմի ձևավորման և տպագրման՝ Գոհարիկ Աղաբաբյան
Հեղ.՝ Տիգրան Գորշ
(Տիգրան Ստեփանի Գրիգորյան)
/ծնվ. 06. մայիս 1985թ.
/իրավաբան/փաստաբան
Գ 842 Ամեն / Գ. Ս. Գրիգորյան.
Եր.: Ասողիկ, 2017. __ էջ:
ՀՏԴ 1/14 ԳՄԴ 87
ISBN 978-9939-50-351-6
© Տ. Գրիգորյան, 2017