Անտառից բերված մի գայլ, որ չէր հարմարվում գազանանոցի անազատությանը և անդադար վազքի մեջ էր, այսինքն վազքը ո՞րն է` վանդակն այնքան փոքր էր, որ նրա շարժումն ավելի շատ նման էր տեղում պտտվելու, գրավեց հերթական մի այցելուի ուշադրությունը, ով ժամերով նայելուց հետո ասաց. «չհանձնվես եղբայր» ու հեռացավ: Եկավ էլի շատ անգամներ` հետևելու այդ գայլի «կռվին», տեսնելու վերջը, որ արդեն կանխատեսել էր և ներքուստ ցանկանում էր, որ այն շուտ վրա հասնի ու իրականում գնում էր միայն համոզվելու, ինքն էլ` խաղաղվելու: Այո, հաղթական մահն էր վերջը, որ դարձավ սկիզբը նորի` հավերժի, գայլի կենդանության մի նոր իրականության մեջ. այցելուի հիշողության, որ երբեք չի մոռանա ու պատմելով կապրեցնի նրան: Ու, փաստորեն, գայլն անմահացավ նրա կողմից, ում նայել էր ինչպես բոլոր այցելուներին` ատելությամբ, գուցե երբեմն խնդրելով օգնել, բայց ընդհանուր առմամբ` արհամարհաբար: Հիմա երբեմն միտք է գալիս` գուցե մեզ անմահացնողներն էլ աննկատ են մեր համար, գուցե նրանք են, ում նայում ենք արհամարհաբար` նաև ատելությամբ, գուցե փնտրելով անտեսում ենք նրանց, կամ, գուցե, մեզ չի էլ հանդիպի նման գեթ մեկ այցելու: Իսկ գազանանոց` այլևս երբեք …
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.