29 сент. 2023 г.

310/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, չի ընկալվում ճշմարտությունը, որ ցանկացած կոնֆլիկտ, ընդամենը, հետեւանքն է հոգեւոր պայքարի (կուզեք՝ տիեզերական պատերազմի) ու դրանում նյութը միայն միջոց է։ Կարծել, թե բուրգի գագաթին տենչում են է՛լ ավելի մեծ նյութական հարստություն, առնվազն մոլորություն է, այն պարզ պատճառով, որ եթե անգամ …, ապա այն կրողները վաղուց հագեցած պետք է լինեին։ Նրանց դիտարկել տեղային ընչաքաղցի օրինակով՝ հիմարություն է, քանզի հայտնի ցանկացած տրամաչափի ընչաքաղց այդ համակարգում չնչինություն է՝ գործիք, որն ունի օգտագործման վաղեմություն։ Բայց սա մեծամասնությունը չի հասկանալու (նաեւ պետք չէ, որ հասկանա) քանզի այո՛, մարդը հոգեւոր էակ է, բայց մարդկությունը՝ ոչ, եւ ոչ թե մարդն է մարդկության համար, այլ մարդկությունն է մարդու համար՝ իբրեւ միջոց՝ առ հոգեւոր (բանականության) բարձրագույն նվաճում։
Սրա մասին ակնարկվում է լոկ այն բանի համար, որ ոչինչ դեռ վերջացած չէ, չի վերջանալու, ու պայքարի մեջ մտնելու են երրորդ-ՄԵԿեր ինքնարարները։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



309/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իրար ատող անտիպոդներ, ձեր փոխադարձ պետքությունն անշուշտ մեծ է, ձեր փոխադարձ սերն իրապես անկեղծ է, ինչպես որ սերը գիշատչի եւ զոհի միջեւ, եւ դուք անկասկած խելամիտ եք ձեր սիրո մեջ, երբ միանգամից չեք հոշոտում ու հոշոտվում՝ սպառվելու փոխարեն նախընտրում եք իրար պայմանավորող տեւականությունը, ու սրանով, խելամիտ լինելուց զատ, ձեր սերը նաեւ ուտելու եւ ուտվելու ճաշակ, էթիկա, էսթետիկա ունի։ Դուք նաեւ հանճարեղություն ունեք ձեր սիրո մեջ, երբ նույնն անում եք՝ ըստ տեսակով առանձնացած համայնքների, համայնքների ներսում՝ առանձնացված տարատեսակի, ինչը չի կարողացել անել բնությունը կենդանականության իր հանկարծաստեղծության մեջ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




28 сент. 2023 г.

308/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չոր անտարբերությունն արյամբ փափկեց եւ դուրս հորդեց մի համատարած զվարթ տգիտություն։
Թանձր տխրությու՞ն, չէ՛, ինչպես որ իմաստնություն, չ կ ա՛ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



307/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ծովից ծով»-ը, նախ եւ հիմնավորապես, հոգեւոր չափում է, ապա նոր միայն դրա աշխարհագրական հետեւանք, ընդ որում՝ պայմանական այնքան, որ «Ծովից ծով» հոգեւոր չափմամբ էական չէ, թե ֆիզիկական ինչ մարմին ես տիրապետում, այն այլեւս չի պայմանավորում լինելիությունը ո՛չ ժամանակով, ո՛չ՝ տարածությամբ։
Բայց քանի որ հոգեւոր չափմամբ դու դեռ «ջրհոր ես», բարեկա՛մս, այն, ինչն ինձ համար (ինքն)արարման ձգտում է, քո շուրթերից հնչում է չոր կերը փափկացնող, նողկալի կենաց, որը ոչ միայն վիրավորում է ամենայն հոգեւորը, այլ մեր լինելիության մարմինն է էլ ավելի կիսատում՝ դարձնում հաշմանդամ։ Նաեւ սարսափում եմ կենացներդ պատահաբար իրականություն դառնալու պատկերացումից, քանզի առկա հոգեւոր չափմամբ՝ հետեւանքը չի լինի այլ բան, քան ինչպես «ջրհորը» անեզր անապատում, որը չի ունենա այլ նշանակություն, քան էլ ավելի մեծ թվով անասունների ծարավը հագեցնելն է, ու, դրա հետ մեկտեղ, մենության մեջ մահ՝ իբրեւ բաղձալի փրկություն գովերգելը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26 сент. 2023 г.

306/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ծանոթացնել ոչնչին, որ ունենա ամենը,
Ցույց տալ մահը, քանի դեռ կարող է սկսել ապրել,
Մենականացնել, որ զգա իր ամենուրականությունը.
Որ տեսնի իր փոքրի մեծությունը,
Քչի շատությունը,
Ստացած ես-ի չնչինությունն ու
Ինքնարարի անեզրությունը …։
Թե ինչով է ավարտվում ուրիշի համար մեր այս լինելիությունը, մենք՝ ինքնարարման հավատամք կրողներս, կոչում ենք ապահով հիասթափություն եւ պատվով լինում դրա մարմնացումը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



305/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Երբ ամբոխը հանկարծ սկսի հետաքրքրությամբ նայել քեզ (բայց դու խոզապահ չես եւ ոչ էլ ծաղրածու) փախի՛ր, քանզի նա քեզ նայում է իբրեւ կերի։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



304/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մեղք՝ ինքնարարման.
Եթե ներելու բան չունենա,
ո՞նց աստվածանա,
Ու ո՞նց տիրանա,
եթե քեզ մայր չդառնա։
Վերջապես, ո՞նց լինի կին
ու հանկարծ ոչ տիրածին։
Ուստի, թեպետ տիեզերքն է սահմանել, որ մեղանչես,
բայց կամքդ է որոշում՝ լինի ինքնարարմա՞ն, թե՞ նեռի բաժին լինես.
Կինը մերժի՞ ինչպես միջակ մի բան ու ի՛նքն էլ անծնունդ մնա,
Թե՞ ների, տիրանա …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




25 сент. 2023 г.

303/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Խավարը երբեք վախի աղբյուր չէ, հակառակը՝ անգամ ապահովություն է, երբ թանձր է այնքան, որ ոչ ոք չունի տեսնելու հնարավորություն։ Ինքնին՝ չէ, բայց վախի պատճառ լույսն է, երբ կիսատ է, կամ ուրիշի տիրապետության տակ է, երբ ինքդ խավարում ես։ Այլ կերպ՝ վախ է հավանականության գիտակցումը, կամ իրողությունը, որ քանի դեռ դու տեսնում ես ոչինչ, ոչինչը նայում է քեզ։
Ուրեմն, ինչպես գոյության պայքարի դասական կարգում, ինքնարարը, միտված լինելով ամենին, պիտի առաջնորդվի հարձակման եւ պաշտպանության (լույսի եւ խավարի) ներդաշնակմամբ՝ տեսլականում կրելով վերջին հանդիպումը, որտեղ, իբրեւ հանկարծության հաղթական հանգամանք, անհրաժեշտ է լինելու ունենալ դարանակալման խավարի այն թանձրը, որը կլանելու է լույսի ցանկացած շող՝ զրկելով ուրիշ մեկին աչելու հավանականությունից, քանի դեռ ինք(ն)ը տեսնում է ամենը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



302/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, ինչ մեզ սպանում է, արագացնում է մեր ծնունդը.
Բանականորեն, զգացմունքայնորեն եւ հոգեբանորեն մենք պատրաստ ենք, բայց որպեսզի եռամիասնությամբ ծնունդը լինի եւ լինի հայտնությունն ինքնարարի, դեռ պետք է բավականաչափ մեռնենք։ Դրա համար
մեզ ոչինչ չպետք է վանի ավելի շատ, քան փրկության առաջարկը, խոստումը, ձեռքը։ Անգամ բառն այդ մեզ պետք է նողկալի լինի՝ իբրեւ մեր բարձր գոյությանը անվայելուչ կիսատություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



22 сент. 2023 г.

301/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Եթե քեզ տրվի բոլորի համար նույն մեկ ցանկությունն իրագործելու հնարավորություն, ապա ի՞նչը կլինի այդ մեկ ցանկությունդ եւ ինչքա՞ն ճշգրիտ կարող ես այն սահմանել, որ դրա իրագործումը չվերածվի աղետի». սրանք այն հարցերն են, որով ամենակարող արարիչը սկսում եւ ավարտում է զրույցը մարդու հետ, ու մինչ վերջինս հայտնվում է ծուղակում, չնկատելով երկրորդ հարցով առաջինի պատասխանը բացառելու ակնարկը, որն արդարացնում է եղած կարգը, նա երես է թեքում մարդուց՝ ստորակարգին ցույց տալով իր տեղը։
«Իսկ ինչու՞ չկամենալ ինքնարարում …». հակահարց, որով ամենակարողն ընդունում է ինքնարարի` իրեն համադաս կարգը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



8 сент. 2023 г.

300/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հասարակ իմացություն է, որ անգամ երազի ազդեցությամբ կարող ես համակրանք ձեռք բերել մեկի հանդեպ (ընդհուպ սիրահարվել նրան) ում չգիտես, կամ գիտես անտարբերությամբ (ընդհուպ հակակրանքով) եւ սրա հակառակը …։ Հասարակ իմացություն է նաեւ այն, թե երազի վրա ինչ ազդեցություն ունի գիտակցությունը, ու առավել հասարակ է գիտակցության վրա արտաքին ազդեցության իմացությունը։ Բայց հասարակից առավել հասարակի գնացող այս դատողությունը չի ավարտվում պարզագույնով ու, որպես այդպիսին, միայն սկիզբ է դնում ԻՆՔՆդ անհետ կորցնելու մեծ վտանգի, երբ միտքդ սկսի փնտրել կամքդ՝ հսկայական սարդոստայնի յուրաքանչյուր հանգույցում։
Պատահական չէ, որ մահվան եզրից դարձածներն արթմնություն են զգում, ինչը, սակայն, նրանցից շատերն արագ էլ կորցնում են, երբ փորձելով բացատրել ըստ առկա պատասխանների՝ կրկին հայտնվում են արտաքին ազդեցությամբ գործված սարդոստայնում։ Բայց այստեղ մահն ընդգծվում է իբրեւ միակ անկասկածելի, հետեւաբար, ԻՆՔՆը գտնելու (արարելու) միակ հնարավոր սկիզբ, որը, չհաշված պատահական բացառությունները, հանդիպում է վերջում։ Ըստ այդմ, Բարձրագույն Ես-ի երրորդության մեջ ինքնաոչնչացումը (ինքնահաղթահարումը) կրում է մահը վերջավորից ընթացիկի վերածելու, պատահական բացառությունը անհրաժեշտ կանոնի վերափոխելու նշանակություն, որին ինքնաճանաչողությունը պարբերաբար հանգում է անկամ հանգույցները խզելով եւ որից, միաժամանակ, մեկնարկում է կամային հանգույցների ստեղծումը՝ ինքնարարումը։
Ու մինչ այն պահը, երբ բանականությունը ձեռք կբերի ինքնամաքրման անարատություն, ԻՆՔՆը ստիպված է ապրել բազմաթիվ մահեր …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



299/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Կուզեի՞ ապրել այն աշխարհում, որը ներկայացնում է նա, եթե լինեի տարաշխարհիկ, իսկ ինքը՝ առաջին հանդիպածը։ Սա այն հարցն է, որը տալիս եմ ինքս ինձ, երբ հանդիպում եմ ինչ-որ մեկին։
Չգիտեմ՝ այս կողմնորոշիչն ում ուր կհասցնի, բայց փորձս ինքնարարների համար խորհուրդ ունի. դուք պետք է նվաճեք աշխարհը, ու դրանում չպետք է լինեք չափազանց զգուշավոր։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



298/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իրականությունից առավել՝ ինձ անհանգստացնում է շրջապատող մարդկանց վախեցած հայացքները եւ այդ հայացքներում նկատվող ինձ հոշոտելու ցանկությունը, երբ ցույց եմ տալիս, որ ողջ եմ։ Ու հենց այստեղ ինձ օգնության է գալիս իմ խաղաղասիրությունը՝ ես նրանց պատանում եմ ցինիզմով ու թաղում երանավետ հանգստությամբ:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



297/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Անհատի ամբողջ դժբախտությունը նրանում է, որ նա կարող է իր մեջ կրել ու (վեր) ապրել ողջ մարդկության ողբերգությունը, երբ մարդկությունը, իբրեւ էություն, գոյություն չունի:
Ոմանք սրանով հասնում են դրախտի դարպասներին, ոմանք՝ դժոխքի, ոմանք, գուցե եւ հյուրընկալվում են, կամ ներխուժում են ներս, բայց ինքնարարի համար այդ անէությունը չի կարող եւ չպետք է լինի այլ բան, քան սեփական էության արարչությանն անհրաժեշտ հանգամանք եւ, որպես այդպիսին, միակ իրողություն, երբ գոյի հավաքականությունը ծառայում է մեկ-ի գոյացմանը եւ ոչ հակառակը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



296/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ցավալի է, որ կատարվածի ճշմարտությունը կարող է իմացվել տասնյակ, հարյուրավոր, հազարամյակներ անց, ու ցավալի է ավելի, երբ ժառանգաբար ներկայացնում ես նրան, ով խաբվել է, բայց նրա համար է՛լ ոչինչ փոխել չես կարող, իսկ իմանալդ նոր ստի տարր է, որով պետք է խաբվես ինքդ։
Այս ցավը ոչ միայն պետք է մեզ ուղեկցի, այլ՝ խնամվի ու անհրաժեշտաբար պահվի, եւ, ինչպես զինվորի օձիքին մխրճված ասեղը, ինքնարարներիս քնանալուց զերծ պահի …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



295/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինքնարարի ճանապարհային քարտեզ.
Ինքնի համար չկա ուղղություն տվող այլ ճշգրիտ հանգամանք, քան հանդիպող վախն է, հետեւաբար եւ այլ ճշգրիտ ճանապարհ, քան վախի հաղթահարումն է։ Եթե հնարավոր լիներ նշել բոլոր հանդիպած վախերը, յուրաքանչյուրը կստանար իր անհատական (ինքնաճանաչողություն-ինքնահաղթահարում-ինքնարարում) քարտեզը՝ այդ կերպ բացահայտելով, թե որտեղից ուր պետք է գնա(ր) ու թե ինչքան է հաջողել եւ/կամ ձախողել։ Բայց քարտեզը չի տրվում նախապես ու էլ ընթեռնելի չէ վերջից, իսկ վերջին վախի մասին հայտնի է միայն այն, որ այն Բարձրագույն Ես-ին նախորդող վերջին հանգամանքն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



294/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Գիտակցությունը ժամանակի հորձանուտում.

Ժամանակի մեջ ամենահազվադեպ հանդիպող բանը պահն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



293/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բարձրագույն բանականությունը՝ ինքնարարի նպատակ.

Ամբողջը ճանաչելու համար առանձնանում ես որպես մաս, բայց էլի չես տեսնում, քանզի ամբողջից բացակայում ես ինքդ։ Հետո առանձնանում ես որպես ավելի փոքր մաս, որ տեսնես ավելին ամբողջից։ Հետո ավելի ու էլի՝ շարունակաբար ինքնաոչնչանում ես մինչեւ ամբողջի տեսանելիության ամբողջականացում, ու գիտակցության զրոյականացմամբ ճառագում է ճշմարտությունը, որ ինքնաճանաչողությունդ ճանաչողություն էր առ այն, ինչը դու չես, ինքնաոչնչացումդ ինքնահաղթահարումն էր կախվածության, իսկ այն, ինչ մնացել ես, նախապայմանն է բարձրագույն բանականությանը ձգտման, ու մնացել ես այն, ինչը կոչվում է ՈՉԻՆՉ, կամ ինքնարար` Բարձրագույն Ես։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



292/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Էժանն ու ճոխը կարող էին հաշտվել անհրաժեշտությունում, խեղճությունն ու հպարտությունը՝ արժանապատվությունում, աղքատությունն ու հարստությունը՝ չափավորությունում …, բայց այդպես չի լինում լոկ այն բանի համար, որ նույն գլխին ենթակա երկու ձեռքերն ինչքան էլ տարբեր, միեւնույն է, իրար պայմանավորող են, բացի այդ, միմյանց նկատմամբ սքողված համակրանք ունեն ու համակիր են հատկապես նրա՝ երրորդ մեկի դեմ։
Սա իմանալով, ինքնարարը, եթե անգամ որոշում է դուրս գալ առճակատման, ապա չպետք է ունենա գիտակցությունից բացի այլ թիրախ, ու, որպես միջոց, չպետք է անի հաշտեցման միջնորդություն եւ, ընդհանրապես, որեւէ տեսակի քարոզ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



291/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Խառնարանից մինչեւ Բարձրագույն Ես-ի ինքնարարում, ցավ-երանությունից զատ ու դրա հետ մեկտեղ, թանձր կարոտ կա խառնարանին ուղղված՝ անմարմին կարոտ, որը, սակայն, աչքեր ունի հետապնդող եւ բուրմունք ունի անէացնող, ու թեպետ մեղանչականությունս է՛լ եսասիրություն չունի, որ այն կրկին մարմին առնի, բայց ես արդեն գիտեմ, թե հրեշտակներն իրականում ինչպես եւ ինչու են ծնվում, վերջում հայտնվելու համար՝ ինչու են ապաստանում անցյալում, ու թե
ինչքան չունեն մարդկանց պատկերացմանն առնչություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...