© Գորշ
30 нояб. 2025 г.
97/անտիպ
Իմացությունն ընդլայնում է բանտի սահմանները. ազատության զգացումը մեծանում է, ազատությունը՝ ոչ։ Զգացումով ամենաազատը նրանք են, ովքեր չգիտեն, որ այն, ինչը շրջապատում է իրենց, կոչվում է փշալար։ Ի վերջո, տգետն ազատ է իր տգիտության չափ, գիտունն անազատ է իր գիտունության չափ։ Իրական ազատության ձգտումը տառապանքի կամավորություն է, իսկ կամավորությունը` ազատության իրականացում։
© Գորշ
96/անտիպ
Անհատական աճին միտված բոլոր գաղափարաբանությունները, լավագույն դեպքում, առաջարկում են լինել սեփական կյանքի ղեկավարը, այսինքն՝ բարձրագույն հպատակը։ Ինքնարարման գաղափարաբանությունը սեփական կյանքի հիմնադիրը լինելու պահանջ է դնում։
© Գորշ
28 нояб. 2025 г.
95/անտիպ
Մեղքն ընդունելով` տղամարդը կնոջը զրկում է դատախաղից, որը նա այնքա՜ն (ճշմարտությունից առավել) սիրում է խաղալ` միաժամանակ լինելով դատավոր, մեղադրող, պաշտպան։ Բայց խաղն ունի կարևոր նախապայման` ամբաստանյալը պետք է լինի կնոջ սիրելին։
Տղամարդը, ով հասկացել է, թե ինչքան կարևոր է կնոջն ուղղված հարգանքում նկատի առնել նրա կամշոտությունը, ներողություն կխնդրի, բայց մեղքը երբեք չի ընդունի։
© Գորշ
24 нояб. 2025 г.
94/անտիպ
Ինքնարարի դարմանական
Ամենան բացառում է նույնի ավելին, ճանաչելը՝ նույնի կրկնվելը, իսկ ընդունելը՝ նույնը մնալը։
© Գորշ
22 нояб. 2025 г.
93/անտիպ
Թվաց գայլ է, ու, մարդու մորթին վրայիցս դեն նետելով, չորս թաթ վազքով սլացա վեր, երբ լիալուսնի վրա տեսա ստվերապատկերը տեսակի` երբևէ հնարավոր ամենաբարձր ժայռին, ձիգ կեցվածքով, ականջները սուր ու մռութը դեպի վեր. կասկած չունեի, որ ինքնարարման կանչն է ոռնում։ Սակայն, երբ ջլատված թաթերով նվաճեցի բարձունքը, պարզվեց` սեփական հպարտության վրա կանգնած, ինքն իրեն երկրային ու երկնային թագավոր կարգելու ծես անցկացնող ավանակ է, իսկ այն, ինչ հեռվից լսվում էր «ա ու՜», մոտիկից հնչում էր «ի՜ ա՜»։ Բայց ինքնարարման կիրքս ավելին էր, քան վերջին հիասթափությունս ու, մտաբերելով մոխրում թավալվելու ավանակների մեծագույն սերը, ինքս ինձ այրեցի նրա առաջ` ժայռի եզրին ...
© Գորշ
21 нояб. 2025 г.
92/անտիպ
Վասն կրոնականության, կամ խանդի տեղիքը «սուրբ» եռանձնության մեջ
Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, ապա մարդն իր պատկերով ստեղծեց նեռին։
© Գորշ
17 нояб. 2025 г.
91/անտիպ
Միակ վայրը, որտեղ հաջողվել է «Ամենքն անհատականություն են» և «Բոլորը հավասար են» հիմնադրույթների համադրությունը, կենդանաբանական այգին է։ Համանման համադրություն, բայց իբրև ավելի փոքր սոցիալական բջիջներ, պատահում է նաև որոշակի ցեղային և ընտանեկան մոդելներում, որոնք առավելապես հայտնի են անասնաֆերմա և գոմ անվանումներով։
© Գորշ
90/անտիպ
Նկատե՞լ եք` մարդն ամաչում է խոսել հեշտի մասին, նրա ինքնարժեքավորման նախապատմությունը միշտ դժվարի, մռայլի, ողբերգականի մասին է, որ արժեքը բարձր լինի, իսկ եթե ոչ` հորինում է այն։
Բեռը էշի՛ հպարտությունն է` հիմարությունը` արժեքը։ Այս իմաստով` մարդն ավելի էշ է, քան էշը, իսկ էշն այդ ավելի պատմիչ է, քան պատմիչը։
Ըստ միաձևության կանոնի` աստված կարգվելու ի՜նչ հնարավորություն ունի էշը և ինչու՞ դեռ ոչ, կամ գուցե վաղու՜ց։
© Գորշ
13 нояб. 2025 г.
89/անտիպ
Վասն ինքնարարման
Ինքնը պիտի ստեղծի բարձրագույն եսին և ինքն էլ լինի Նա։ Մարդու համար սրանից զատ այլ մեկնություն չպիտի ունենա կարելիությունը, որը հնչում է՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ, և չկա դրանից առավել ոչինչ, որը մարդը կարող է անել ինքզինքը։
© Գորշ
7 нояб. 2025 г.
3 нояб. 2025 г.
87/անտիպ
Մարդկանց նկատմամբ ինքնարարման գաղափարաբանությունս, այլից զատ, պարզել է աստվածների գոյության իրական նպատակը ու դրանց անմահության պատճառը. մարդը պետք է մնա անասուն։
© Գորշ
Подписаться на:
Комментарии (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...