Ի սկզբանե չկար ճիշտ ու սխալ, լավ ու վատ ..., քանի դեռ մարդը ՄԵՆԱԿ ԷՐ. կար, ինչ-որ կար` սեփական գոյության համոզմունք: Հետո հանդիպեց ԵՐԿՐՈՐԴԸ, ով ևս ուներ իր համոզմունքը, ու համոզմունքների անհամադրելիության պատճառով` չստացվեց նրանց ներդաշնակ համակեցությունը: Առաջացած վեճում նրանցից առավել ճարպիկը հանկարծ ասաց՝ «պետք է ապրենք իմ համոզմունքով, որովհետև ես ճիշտ եմ, դու` սխալ», ինչը մյուսն ընդունեց առանց հակառակվելու, քանզի արտաբերված հասկացությունը նոր ու անհասկանալի էր նրա համար` ինչով էլ թվաց համոզիչ: Որոշ ժամանակ անց հայտնվեց ԵՐՐՈՐԴ մարդը, ով տեսնելով ձևավորված համակեցությունը հարցրեց՝ «իսկ ո՞վ է որոշել, որ ճիշտը առաջինն է, սխալը` երկրորդը, ինչո՞վ է դա հիմնավորված, իսկ գուցե հակառակն է. այդպես անարդար է»,- ու այստեղից էլ առաջացավ ՃԻՇՏ ու ՍԽԱԼԻ վեճը, որի լուծման իրավունքն այն երկուսը տվեցին նորահայտ երրորդին` որպես երկրորդ անհասկանալի հասկացությունն արտաբերածի, ով էլ որոշեց, որ ով լինի առավել համոզիչ /իրեն նպատակահարմար/, նա էլ ճիշտ է, իսկ այդ մրցակցության ընթացակարգը կոչեցին ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, որով դրվեց վերջը ԻՐԱԿԱՆ /բնական/ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ: Արդարադատության զարգացմանը զուգահեռ առաջացան ու շարունակաբար ստեղծվում, փոփոխվում են բազմաթիվ չափորոշիչներ, որոնցով որոշվում է «ճիշտն» ու «սխալը». երկուսն էլ հաղթելու հավասար իրավունքով և հնարավորությամբ, ու, փաստորեն, անկախ նրանից սխալն է հաղթում, թե ճիշտը, կամ նրանց միջև կնքվում է հաշտություն, միևնույն է, բոլոր դեպքերում արդյունքն արդարացված է ՎՃՌՈՎ:
Հետևություն. այն պահից, երբ ի հայտ եկավ արդարադատությունը, վերջ դրվեց իրական արդարությանը, իսկ ստեղծված նմանակը դասվեց հավատալիքների շարքը, որում չեն շահում ո՛չ հավատացյալները, և ո՛չ էլ անհավատները, ճիշտ այնպես, ինչպես բոլոր հավատալիքներում. այստեղ էլ շահում են միայն «պատմուճան կրող դատավորները»` «անհավատներ», ովքեր առաջնորդում են «հավատացյալներին», իսկ մնացած բոլորը ունենում են հարաբերական և իրարափոխ հաղթանակներ, բայց մնում` բացարձակ և մշտապես պարտվողներ:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.