Ես էլ ամենքի պես արթնացել եմ ընթացքում և չգիտեմ՝ որտեղից ուր եմ գնում, ու ոչ մեկի ասածը ենթադրությունից ավելին չեմ համարում, քանզի բոլորս նույն հանրակառքում ենք գտնվում, իսկ նախորդ կանգառում իջածը երբեք չի կարող հայտնվել հաջորդում:
Ոչ հաստատուն պատասխանների, այլ բոլոր պատասխանների անհաստատության իմացությունն է իմ վստահությունը, իսկ թե ինչու եմ հաճախ պատուհանից դուրս նայում, որովհետև, գուցե, ընդամենը ներսի համոզմունքներից եմ ձանձրանում:
Կյանքը միակ հանկարծաստեղծն է, իսկ նրա վրձինը մշտնջենական արարման մեջ է, ուստի, նկարի ցանկացած մեկնաբանություն առնվազն անլուրջ է՝ պարզ պատճառով, որովհետև այն ավարտված չէ, և այդպիսին թվում է, երբ ավարտը նայողի՛ գոյությունն է:
…
Դեռ հիման չավարտած՝ մտածում ենք հետոն ու թվում է՝ ժամանակը չի բավականացնում, սկսում ենք սպառել հաջորդ և հաջորդող ակնթարթները՝ վազելով արագ ու է՛լ ավելի, այնքան, որ հայտնվում ենք ինքներս մեզ հետապնդողի դերում. հոգնում ենք երկատվում կամ հասնում ու հասկանում, որ սեփական հետույքից բացի՝ ոչինչ չհասցրեցինք ճանաչել, իսկ նրան, ով անցնում է ինքն իրեն, մեծապես պատվում եմ՝ կոչելով կրիա:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.