31 мая 2023 г.

185/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որ սարին էլ կարող է լիճ գոյանալ, օրինակն է այն բանի, որ ամբոխից վեր կանգնելը փրկություն չէ լճացումից, ավելին՝ հենց փրկվելու (չմեռնելու) ձգտումն էլ լճացնում է։
Ուստի, ցած նետվիր ինքնաճանաչողության բարձրից, որին հայտնվել ես հանկարծակի, կամ ինքնարարման կիրքն ես կորցրել անսպասելի, քանզի, երբ ոչնչի եզրին հապաղում ես իբրեւ ինչ, մեկ (կամ մի քանի) ճամփորդական արահետով արժեզրկումից բացի՝ չի սպասվում ոչինչ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



30 мая 2023 г.

184/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ձեւավորման որոշակի աստիճանից հետո մարմնի ինքնաոչնչացման եւ դրան հակառակ ուղղությամբ մարդկային գիտակցության ձգտումների առերեւույթ հակասականությունը կարող էր համարվել լոկ մարդկային մոլորության հետեւանք, եթե չլիներ նաեւ բնության` իբրեւ մեկ մարմին զրոյականացման ձգտումը, որում մարդը հավաքականորեն բացառապես դրական եւ ամե-
նաարդյունավետ գործոնն է։
Զրոյականացման ձգտմանը, այն չափագծում, որն իր մեջ ներառում է բնությանը, համապատասխանում է բանականության բարձրագույնը, ու այս չափումների համակցությամբ է, որ մարդն ա՛յլ բան է հավաքականորեն, այլ՝ անհատապես, ու միայն վերջին կոնցեպտում է հնարավորությունը՝ լինել ավելին, քան մարդն է, որն այլ բան չէ, քան գիտակցության արարչական զրոյականացում՝ առ բարձրագույն բանականություն։
Վերջապես, հենց միայն նրանում, որ ցանկացած օրինաչափություն միաժամա-
նակ միտված է ոչ օրինաչափի հատկորոշմանը, ընդհանուրը՝ հատուկի, քանզի, քան առանց դրա ձեւավորման, չկա զարգացում, հետեւաբար գոյության այլ պայման, անհատապես կա երկու ուղի՝ հավաքականորեն միջո՞ց, թե՞ անհատապես նպատակ, ու սրա անընտրելիությունը ուղիղ վկայությունն է
առ այն, որ տիեզերքն ինքնարարվում է զրոյականացման եւ ձեւագոյացման մեկ կամքի շարունակականությամբ։ Այն զերծ է գոյության լճացումից միայն այն պատճառով, որ ունի ինքնարար շառավիղների ձեւավորման
արարչականություն, որտեղ նրա կամքով հատկորոշված մարդը կարող է (պարտավոր է) լինել առանձնյակ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



29 мая 2023 г.

183/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Զրոյի մեջ (ինքնաճանաչողություն)՝ անչափելի անսահմանություն։
Զրոյից դուրս (ճանաչողություն)՝ չափելի անսահմանություն, որտեղ դրական եւ բացասական տիրույթները ժամանակի (գիտակցության) մեջ սահմանում է զրոն՝ ձեւագոյացված ակնթարթով:
Չափելի անսահմանությունը հնարավոր է թվարկել (իմացականացնել) որի համար էլ հենց, այն միշտ մնում է կիսատ եւ անչափելիության հարաբերակցության կիսատումից փրկում է բազմակետը, ընդամենը …
Անչափելի անսահմանությունն անհնար է թվարկել, հետեւաբար, այն միշտ մնում է ամբողջական («ի՞նչն է, որ նա իր մեջ կրում է, բայց իրենից ԲԱՐՁՐ Է …» .- Թեոսոֆիա 176)։
Ժամանակի (գիտակցության) բացառումը չեզոքացնում է շրջանագիծը, ու այն, ինչ ժամանակով սահմանվում էր իբրեւ իմացականության դրական եւ բացասական տիրույթներ, վերածվում են շրջանագծից միջնակետին անվերջանալի ձգվող շառավիղների երկայնորդների՝ հակառակ ուղղությամբ, եւ դրանց անսահմանությամբ դադարում են առանձնանալ իբրեւ շառավիղ (ԱՄԵՆ)։
Ըստ այդմ, ինքնաճանաչողության այն եզրը, որից մեկնարկում է ինքնարարումը, չունի հասնելու արտաքին, կամ ներքին բարձրակետ։ Այն, ինչ կոչվում է բարձրացում, այլ բան չէ, քան միայն շրջանագծի վերացում ...

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



25 мая 2023 г.

182/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թե ինչպես է անգիտակցականությունը հարաբերվում գիտակցությանը, նույնն է, թե ինչպես է զրոն հարաբերվում թվերին։
Այն, ինչ կոչվում է գիտակցականացում, այլ բան չէ, քան զրոյի սահմանման ձգտում, ու չկա տարբերություն` ձգտումը բացասականի, թե դրականի տիրույթից է, բայց հենց միայն այն, որ թիվն անսահման բաժանելի կատեգորիա է եւ ցանկացած դեպքում ինչ-որ ինչ է ոչնչի համեմատ, զրոն միշտ դուրս է մնում բացարձակ գիտակցականացումից ու, պայմանավորելով թվերի գոյությունն ու սահմանումը, ինքնին մնում է անպայմանական։
Այն իր բովանդակությամբ ամեն է, սահմանմամբ՝ ոչինչ, որն իր մեջ կրում է ընտրելիության կեղծից զատված, որպես միջնակետ տեղակայված, մեկ՝ միակ ճշմարիտ հավատը՝ իբրեւ իմացության կիսատացումից անկախ ԳԻՏԵՄ։
Ինքնաճանաչողությունը հենց գիտակցության զրոյականացումն է, ինքնարարումը` զրոյականության արարչականությունն իբրեւ բացարձակ բանականություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



181/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Արդյոք մեկօրյա կյանք ապրող թիթեռը հասցնու՞մ է գիտակցել մահանալու լինելիությունը եւ/կամ ձեռք բերել մահվան բնազդային ընկալում։ Եթե այո, ապա անգամ նրա կյանքում կա առնվազն մեկ կրկնություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



180/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այո՛, (ինքնա)ճանաչողության մեջ փորձն ունի առանցքային նշանակություն, բայց հետույքով հասկացածը, այնուհետեւ, պետք է ընդունել գլխով՝ նստելու անհարմարություն չունենալու համար։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




179/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քան երաժշտությունը, ոչինչ այդչափ ցույց չի տալիս ակնթարթի անեզրությունը ու, միաժամանակ, ժամանակի սահմանափակվածությունը: Ոչինչ ավելին չէ՝ իբրեւ անդինյան գոյության հիմնավորում՝ իբրեւ մարդկային գոյության անդինյան ծագում/միտում …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



24 мая 2023 г.

178/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ճշմարտությանը միայն հետաքրքրասիրությամբ մոտենալը ստորություն է, ինչպես միայն կամքի վարժեցման համար ցավն ընդունելը՝ տխմարություն։
Հարցը միշտ իր մեջ կրում է ԳԻՏԵՑԱԾԻ (ամենի) մասնակի իմացություն, որի ամբողջականացումը երբեք չունի նշանակություն որոշման համար, որը կարող է(ր) լինել մասի իմացությամբ։ Ուստի, եթե ԳԻՏԵՑԱԾԻ գիտակցականացում, ապա միայն ցանկացած պատասխանով ապրումը լցնելու հասունությամբ, կամ՝ ԳԻՏԵՑԱԾՆ ապրելու հասուն լռություն, ինչպես ցավն ընդունելն է իմաստավորված՝ միայն հանուն բարձրացման։
Վերջապես, ճշմարտությունը չունի լսելի լինելու առաքելություն, առավել եւս, չունի ավերելու հակվածություն. այն միայն ունի ապրելու առաքելություն, որի համար կամքը բնավ որոշիչ գործոն չէ. պահանջվում է ցավ-երանության վավաշոտություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



22 мая 2023 г.

177/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Հիասթափության դիտավորություն.
Երբ հանկարծ բացահայտես, որ իբրեւ քայլելուդ հող՝ եղել եմ թվացյալ, քարի պես ցած ընկնելու փոխարեն՝ վայելիր թեւեր ունենալուդ բերկրանքը, քանզի բարձրացումդ կա իրողություն։
Եվ թող քեզ չշփոթեցնի ինքնադիտմանդ բացահայտումը, որ հիասթափությունդ էլ է եղել իմ դիտավորությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



176/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան ահի դիմաց ԱՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄՔՆ ավելի հաճախ է զիջում, քան ԿԱՄՔՆ ԱՌ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ավելին՝ մահվան ահը, հաճախ, հենց ծնում է ճշմարտության ձգտում, իսկ անմահությունը, առավել եւս, բացառում է իշխելու հակումը։
Այլից զատ, (ինքնա)ճանաչողությանս գրգռում է Նեռի այդչափ համառությունը՝ ճչացող, բայց չլսվող ճշմարտության զգացումը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



19 мая 2023 г.

175/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդկությունը հավաքականորեն չունի անասնականությունից բարձր գոյության հնարավորություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



174/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Միջակության մեջ, որտեղ էտալոնը լավ մարդն է, բարձր ճաշակն էլ չի կարող չհամարվել անմարդկայնություն եւ դրա ինքնարարչությունը չի կարող միաժամանակ չծնել ինքնաոչնչացման հակում, ու լոկ այն բանի համար, որ ամբոխն ունակ չէ խժռել առանց թերմացքի, այն կրողը տրվում է անհատապես, որտեղ, սակայն, չի գտնում. ստեղծում է ինքնահոշոտման նրբազգաց երախ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



173/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թե իմանաս ու ասես՝ իմաստավորված ինչքա՜ն քիչ բան է պետք երջանիկ լինելուդ համար, առաջնահերթ չեն ների նրանք, ով-
քեր քեզ երջանկություն են ցանկանում։
Ու սա ոչ ուրիշների մեղքի, այլ այն մասին է, որ երջանկությունը երբեք լինելիության իմաստ չէ, հետեւաբար, անիմաստություն է՝ իբրեւ մաղթանք։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



17 мая 2023 г.

172/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Առաջնորդման շարունակական հաջողություններ է պետք մաղթել նաեւ նրան(ց), ում շուրջը ձեւավորվում է ամբոխ։ Գնահատելի է այն ամենը, ինչը «մենակներիցս» հեռու է տանում տգիտությունը, թեկուզ, երբ դա անասնակեղտն է, որին, խոնավությունը կորցնելուց անմիջապես հետո, լքում են։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



171/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Օրորոցային ինքզինքը՝ Բարձրագույն Ես-ի.

Ցավով բարձրացողը չի կարող հրեշի չվերածվել։ Ննջի՜ր, մանկի՜կ՝ մեղքերիս ծծկան, բարձրացողին՝ տեր, բարձրանալու(դ) այլընտրանք՝ չկա …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ






15 мая 2023 г.

170/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չի կարող մահանալ այն, ինչը չունի խիղճ եւ հպարտություն։ Գոյաձեւի հարափոփոխությամբ գոյության մշտնջենականության մեջ՝ մահկանացու են հենց միայն խիղճն ու հպարտությունը, ուրիշ ոչինչ։ Հենց միայն դրանք են ենթակա ժամանակին, որում մեկը սողում է ինքնասպանվելու, մյուսը ճախրում՝ սպանվելու հակվածությամբ, բայց դրանցից ոչ մեկը չի կարողանում հաղթահարել ժամանակի փականը, ու, ի տարբերություն ամենայն թաղելիների, դրանց հուղարկավորությունը ծես է՝ դատարկ դագաղով։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



169/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Դուք սերը գնահատում եք մշտական ներկայությամբ, ես՝ վերադարձների շարունակականությամբ. բայց, թե ամեն անգամ քանի սանդուղ է պետք ավելին բարձրանալ։
Ձերն ինքնասպառումն է, իմ ճանաչածը՝ ինքնարարումը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



12 мая 2023 г.

168/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սիրահետող աքլորի եւ սիրահետվող հավի հարաբերությունը չի կարող վերածվել ավելիին, քան մեկանգամյա համեղ տապական է, կամ քիչ պարբերականությամբ ձվածեղը՝ միջանկյալ ճտարտադրությամբ։ Իսկ սա ամենատարածված մոդելն է կին-տղամարդ հարաբերության եւ մսխումը ներուժի՝ ինքնարարման։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



167/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այո՛, շատերն ունակ չեն ավելիին. արժե նրանց կամենալ երջանկություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



166/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մոլորություն է կարծելը, թե իրար մասին իմանալը մերձեցման ուղի է։ Ծանոթացման պահից եւեթ՝ այն օտարացում է ամբողջականությունից, որը կոչվում է ԳԻՏԵՄ, մինչեւ կիսատություն, որը գիտակցականորեն հնարավոր է տեղավորել։ Չի լինում շարունակաբար սեղմվող ձեռք, առավել եւս մշտական, որ հանկարծահայտ մահն էլ չկարողանա բռնացնել մենակության մեջ, իսկ եթե պատահում է, ապա, միայն մոռացված իմացությամբ վերականգնված ԳԻՏԵՄ-ով, որն էլ հենց հանդիպեցրել էր։
Վերջապես, հենց միայն մենակության մեջ՝ երբեք օտար չենք, ու չարակամ չենք ոչ մեկին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



11 мая 2023 г.

165/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հոգին մարմնից պահանջում է ավելին, քան համաձայնում է տալ բնությունը, իսկ կամքի հաշտարարությունը, եթե հաջողվում է, ապա միայն ի վնաս հոգու։ Բանակցային շղթան կտրում է միայն ինքնազոհությունը` ինքնարարումն ընդունում է նաեւ բնությունը …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



10 мая 2023 г.

164/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

- Մարդով հետաքրքրվող մա՞րդ,
Ապա ուզում եմ իմանալ, թե ի՞նչ տեսակ անասուն ես, որին հետաքրքիր է մարդը, մի՞թե Աստված ես …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



8 мая 2023 г.

163/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ամբոխի ոգեւորությունը լուցկու նման բան է՝ դյուրավառ է եւ թեկուզ այրման մեջ միշտ անկեղծ, բայց ինչպես էլ կառավարվի, չի կարող վառվել ավելի երկար, քան լուցափայտի երկարությունն է։ Նա, ով ուզում է մնալ ամբոխի ոգեղեն հիշողության մեջ, պետք է գտնվի նրան նախանձագին անհասանելի՝ բարձր ավելի, քան կրակի բարձրությունն է, եւ չտրվի մոլորությանը, որ քաղաքակրթական որեւէ փաթեթավորում կարող է փոխել նրա էությունը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



162/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ինչքա՜ն քիչ է ինքնաճանաչողության իմաստնություն մեկին փոխանցելը ու ինչքա՜ն անիմաստ՝ փոխանցելը բոլորին, երբ փոխանցելդ, միաժամանակ, ընդունողի ինքնաբացահայտումը չէ, առանց որի ինքնարարում չկա, հետեւաբար՝ չկա նպատակը ճանաչողության։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



5 мая 2023 г.

161/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդուն բնորոշ եւ մարդկային համարվող պայմաններում բաժանումն ինքնաճանաչողության, նաեւ ուրիշի նկատմամբ չգիտակցված սերը ճանաչելու լույս է, մահը՝ ավելի, երբ մերձավորին սիրելն այլ բան չէ, քան, միայն իրար մեջ ամենքի ինքն իրեն սիրելը, երբ մեկը մյուսին գրավելու, մերձենալու, տիրելու համար՝ իր մեջ վերցնում է նրա ոստը եւ աճեցնում նմանակին, ինչին եսասիրությունը չի կարող անտարբեր մնալ, ապա դարձնում է այն, ինչ դիմացինը կցանկանար տեսնել ինքն իր արտացոլանքում։
Բայց անգամ սրանում է կիսատ մարդկային սերը, երբ մեկը մյուսի կլանած նմանակին իր մեջ չի կարողանում տիրելու ցանկությունից ավելին բարձրացնել, որին ձգտելով՝ իսկականն ինքն էլ կդառնար ավելին, քան՝ էր։
Մարդուն բնորոշ պայմաններում՝ Բարձրագույն Ես-ի սերը, իբրեւ ինքնարար բանականություն, միայն շուրջը սփռվող մահվան լույսի շողերին է առնչվում, երբ քանի դեռ ձգտում է մերձավորում ծնվել՝ նրան էլ ծնել, մերձավորը նրա մեջ իր մահկանացուն է կնքում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



160/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իսկ դուք փորձեք ուրիշների մեջ հրաժարվել ինքներդ ձեզանից ու տեսեք, թե առանց ինքնավկայության ի՞նչ է մնում նրանցից, մնու՞մ է, արդյոք, կապող որեւէ բան։
Բարձրագույն Ես-ի(ս) անպայմանականությունը նրանում է, որ հրաժարվելու փոխարեն՝ ուրիշների մեջ սպանում է ինքն իրեն, ու նույն կերպ իրենից ձերբազատ է վերաբերում բոլորին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



159/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այն, ինչ երեւում է ինքնասուզման բարձրությունից, իմացաբանական փոխկապվածություններում` որպես զանգված, որում բոլորն են, ընդամենը մարդկային իմացությունների ճահճակալած շտեմարան է, որտեղ 
առավելագույնը, որ կարողանում են դառնալ ոմանք, գորտի վերածվելն է, որոնք խժռում են այն խեղճերին, ովքեր ո՛չ ճահճում են գտնում իրենց ինքնուրույնությունը, ո՛չ էլ կարողանում են բարձր թռչել ավելի, քան գորտի լեզուն է։
Մեզ՝ բարձրում ճախրողներիս, զվարճացնում է՝ մե՛կ արծվի փետուրներում պատահաբար հայտնվածների, մեկ էլ՝ օձի մարսողական համակարգով անցնողների մահը՝ իրենց համար անսովոր պայմաններում, ու ներքեւ նայելու այլ առիթ մեզ չկա։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



4 мая 2023 г.

158/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ձեր պատկերած միակ Աստծուն պատկերացնում եմ իրական` պատվիրանները դիտարկելով սեփական սխալով ճանաչելու 
արժանահավատության կոնտեքստում եւ ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ է խմբագրել անցյալը, որտեղ, գուցե, մարդուն իսկապես եղել է հարազատ։ Արդյունքում, չեմ հասկանում միայն դեպի ապագա միտված մարդկային երեւակայությունը, ինքնաճանաչողության կիսատությունը, ինքնարարման ժխտումը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




3 мая 2023 г.

157/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Սրբերն էլ դավաճանեցին մեզ հենց միայն նրանով, որ մեզ հետ ապրելուց հետո շարունակեցին մնալ սուրբ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



2 мая 2023 г.

156/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ոչ էլ գերեզմանատներում, որոնք ավելի վառ են արտահայտում մարդկանց անհավասարությունը, այլ պատկերացման մեջ, որ տվյալ պահից հաշվարկած, օրինակ՝ 200 տարի հետո ներկայում կենդանի մարդկանցից, անգամ նոր սաղմնավորված, ոչ մեկը ողջ չի լինելու` ես ազատվում էի հավասարության փտախտից։ Հիմա պատկերացումս սահմանափակվում է հաջորդող օրվա բացակայությամբ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...