6 июн. 2023 г.

191/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ես ձեզ համար աննկատելի եմ, ձեր մեջ ես ոչնչություն եմ, բայց անգամ այստեղ դուք նրբազգաց չեք այնքան, որ ինձ բացահայտեք՝ իբրեւ ձեր ներսի՝ բարոյականությամբ դեռեւս չփչացած գիշատչի պատվանդան, որտեղ, ձեզ բնորոշ մեռելապաշտությամբ, ծաղկի նման պետք է խոնարհեք հայտնի բոլոր «մեծերին», որոնց ընդհանուր ճանաչելիությունը միայն յուրաքանչյուրիդ ողբաբառաչանքին համահունչ «հոգոց» ունենալն է։
Նրբազգաց չեք, որովհետեւ բնազդի վերաճած բարոյականությամբ տեսնում եք միայն վտանգը, որ գիշատիչը այս պատվանդանին չի լռելու խեղճության առաջ, որ դուք ձեզ հպարտ զգաք։ Դուք սարսափում եք ձեր բնականության հետ մենակ մնալուց, որովհետեւ ձեր տգիտությամբ անմահացած «մեծերը» ու ձեր (նախիրի) նեխած արգանդից ծնվող նոր ճտերը ձեզ պահում են ամուլ, դուք չգիտեք ինչպես ապրել՝ չլինելով մեռել ու մեռելածին։
Այստեղ էլ, ինչպես միշտ, իմ ձգտման մեջ չկա չարության որեւէ տեսակ, կամ դրսեւորում, որովհետեւ (եթե …) անգամ դրա համար դուք բավականաչափ ողջ չեք ու բավականաչափ վտանգավոր չեք, որ բաց կրծքով չհայտնվեմ ձեր մեջ՝ միայն իբրեւ թմրեցում լրջությունից, որն ապրում եմ ձեր պարանոցի ճկունությանը անհասանելի բարձունքում։
Բայց անգամ այս արհամարհանքից հետո, ձեր մեջ մնալու են ինձ գաղտնի ընթերցողներ, քանզի անկարելի է բացահայտել եզրագիծը, որտեղից սկսվում է մերժումն ամենայն մոլորության ու ինքնարարումն իսկականության, որին, այնուամենայնիվ, կա դեռ ձգտող չմեռած ոգի, իսկ թե պատահեն այնպիսիք, ովքեր կփորձեն ինձ մեկնաբանել, կամ առնչվել անվանս՝ իբրեւ ինձ հասկացած, ճանաչեք նրանց մեջ ձեզնից ստորակարգ կեղծարարներին, ովքեր փորձում են պատկերել թռիչք, որին երբեք հասու չեն լինելու (նրանք անպայման կաղ ու կռնատ են)։
Իհարկե՛, ձեր ներսում լցվող չարությունը թույլ չի տալու միանգամից հասկանալ, թե որտեղից այսչափ ամբողջական գիտեմ ձեզ, է՛լ ավելի դժվար է հասկացվելու, որ նաեւ ձեր կարիքն է ինքնարարումս, որ լինելով ձեզանից մեկը՝ դադարեմ լինել դուք՝ որ դուք էլ դադարեք …։
Երբեւէ ձեզ ցեղակից լինելս կարող եք հասկանալ բոլոր այն մտքերում, որոնք ձեզ կթվան հասկանալի զգայարաններից ցանկացած մեկով, ու որոնք, հենց այս այլանդակությամբ, բոլորիդ հետ հավաքականորեն եւ անհատապես, որպես բարձրագույնին անվայել ցածրություն, ես մերժում եմ. դրանք այլեւս իմը չեն՝ իբրեւ իրողություն, դրանք, ընդամենը, հեռացումս չափելու նշակետեր են։
Ես ձեզ համար աննկատելի եմ, ձեր մեջ ես ոչնչություն եմ, որովհետեւ դեռ բավականաչափ ողջ եմ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...