29 июн. 2023 г.

217/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ընկալելով այլ կերպ, քան, որ կարող են լինել (ինքնա)ճանաչողությանը նպաստող դիմադրություն, կրթարանները կան միայն համակարգի՝ միտք տափակեցնող մուրճի մաս, ու նրանում հայտնված (հնչող) անունները, որպես «մեծ դաստիարակներ», չունեն արդարացում միջակության ստեղծման ոճիրում, եթե անգամ իրենց կամքով չեն հայտնվել հանցակիցների շարքում, որովհետեւ, առնվազն, չեն ունեցել (դրսեւորել) համակարգի կողմից անօգտագործելի, միջակին՝ անհասկանալի բարձրություն, բացի այդ, անուններից շատերը «մեծացել են»՝ շնորհիվ մուրճի մխրճած՝ միջակության արգանդի։
Բացառություն են եզակիները, ում անունները հենց նրանց փչացնելու դիտավորությամբ է համակարգը ներառում իր մուրճում։ Նրանք չեն հայտնվել նախանձելի վիճակում, բայց չեմ ափսոսում, երբ, այդուհանդերձ, ունեն «սերունդ փչացնելու» առաքելության փոքր, բայց, էլի հնարավորություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



216/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Որտեղ (երբ) շտապում ես, այնտեղ մահն է հետապնդում, որտեղ դանդաղում ես՝ կյանքն է առաջ անցնում, ու սա ճշգրիտ որոշիչն է՝ արդյոք արժե՞ ԱՅՆ-ը գնին, որ մահը կարող է բռնացնել, իսկ կյանքը՝ գնալ անհասանելի։
Ով երբեք չի ունեցել նման գնին արժանի ԱՅՆ(եր)-ը, չի ապրել ոչինչ, այդպիսինի լինելը բաղկացած է լոկ շտապողականություններից եւ հապաղումներից, քանզի ժամանակին ներդաշնակում երբեք չկա, բայց կա ներդաշնակությունը՝ նրանից դուրս, որտեղ հանգամանքը ոչ էլ ժամանակն է (ինքն իրենով պարզապես չկա) այլ հենց միայն շարժման ԻՄԱՍՏԸ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



215/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բառ, որի պարզությունը փոխվում է՝ ըստ արտահայտման միջավայրի, բառում շեշտադրվող տառի, … վերջապես, ըստ արտահայտման նպատակի եւ ընկալման հետեւանքի, որոնց առերեւույթ համապատասխանությունը կարող է վերանալ էլի պարզ հարցերով, օրինակ՝ «Ինչու՞ ասվեց բարեւ», «Ինչու՞ բարեւն այդպես ընկալվեց» …, ու միայն նրա համար, որ հարցերը հնչեցին, բարեւն այլեւս ՊԱՐԶ ԲԱՆ ՉԷ, ինչպես մտքի հանճարեղությունն է սահմանվում։
Ուրեմն, ի՞նչ է իրականում նկատի ունենում «մտքի պարզության» հանճարեղ գնահատումը, եթե ոչ, միայն, դրա նկատմամբ ականջների առատություն, եւ, իսկ ինչպե՞ս կարող է հանճարեղ լինել այն, ինչը հասու է շատերին, երբ «շատ»-ը «բոլոր»-ի մեծ մասն է, «բոլոր»-ը՝ հանճարեղության ուղիղ հակադրությունը։
Հասկանալի պատճառներով՝ չի կարելի թույլ տալ հիմարություն եւ վիճել հավատի հետ, հետեւաբար կարելի է ընդունել, որ մտքի պարզությունը աստվածներին հասու հանճարեղություն է, բայց քանի որ մեզ՝ ինքնարարներիս համար, ի տարբերություն նրանց, ինքնին է հակացուցված ամբոխավարությունը, հետեւաբար մտքի հանճարեղություն տեսնում եւ արտահայտում ենք դրա ԲԱՐԴՈՒԹՅԱՆ մեջ, ինչը, անշուշտ, չենք շփոթում մտքի բարդեցման հետ, քանզի մտքի բարդությունն այլ բան չէ, քան դրա պարզությունը (ՄՏՔԻ, ոչ ուրիշի ընկալման) կատարելության հասցնելու ձգտում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



28 июн. 2023 г.

214/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Թերարժեքությունը կարող է արժեք ստեղծել իրեն հակադիր բեւեռով՝ նույն նպատակում։ Վստահաբար, սրա գիտականությունն ավելի լավ կբացատրեն գիտնականները, ովքեր (գիտնականներն առհասարակ), թերեւս, լավագույն (բայց, մեծամասամբ, իրենց սառած ԿՐՔՈՎ վանող տեսակով) պարզ տեսանելի օրինակն են, երբ մարդկանց ներքին շարժիչների գործարկումը (դրանց հզորացումը) պայմանավորում են հենց նրանց թերարժեքության բարդույթները որեւէ հարթությունում, որոնց ընդհանուրն այն է, որ բոլորը սոցիալական բովանդակության մեջ են։ Այնտեղ, որտեղ կա բարձրացում, կա ամոթ, ինչպես հերոսության մեջ վախն է, որին հարաբերվելուց ստացվող արդյունքը պայմանավորված է նրանով՝ զգացողը վրա՞ է, թե՞՝ տակ, անցնում է միջո՞վ, թե՞՝ շրջանցում ամեն (փչացնող) քայլով։
Ինքնարարը, ով գիտակցության թերություններից լավագույնս է դասեր քաղում, սպառելով միջավայրի տվածը, ինքն է սկսում հայտնվել այնտեղ, որտեղ պետք է լինի ԱՄՈԹ՝ մեծ ավելի ու էլ, ինչում նրա մարդուկը, որպես պետքության եզակի դեպքերից մեկը, օգտագործվում է իբրեւ սոցիալականում կողմնորոշող (որսորդական) շուն:

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



213/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տկարներին եւ հիվանդներին ուղղված նրա ձգտման (նրանց օգտագործելու) մեջ վերմարդկային անխղճություն կա (որն, այո՛, սիրո պարագայում առաքինի հատկանիշ է ու հենց սեր է, բայց երբ սերն ինքնարարումն է) քանզի նա ձգտել է առնչվել մեծ ճշմարտությունների բացահայտմանը մոտ գտնվող հանգամանքներին, որտեղ գտնվողները բավարար արթուն չեն եղել, որ տեսնեն, ու եղել են տկար եւ հիվանդ, միայն, որովհետեւ չեն իմացել կամքի եւ առողջության այն մեծը, որն իրեն թույլ է տալիս տկարանալ եւ հիվանդանալ։ Նրանց օրհնությունը միայն նրանում է, որ օգտագործվել են բարձր նպատակի համար (ու բնավ չեն փրկվել)։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



27 июн. 2023 г.

212/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե բարոյականությունը հնարավորություն ունենար զբաղվել իրեն կրող մարմնի բուժմամբ, նա անպայման կազատվեր մարմնի բորբոքված կույրաղիք կրոնից (բոլոր ճտաճյուղերով՝ ներառյալ աթեիզմը) հեռացման վիրահատությամբ կանցներ քաղցկեղային ուռուցքների՝ կառավարման բոլոր օղակների վրայով, …, վերջապես, մարմնից այլ բան չէր թողնի, քան մարսողական եւ բազմացման համակարգերը, ու մինչ դրանցից մարմնի՝ անճոռնի վերաճումն իբրեւ նույնություն, կապրեր հանգիստը վայրի ներդաշնակությամբ մարմնում։
Բայց բարոյականությունը հենց իրեն կրող մարմինն է ու այն հիվանդ է (հիվանդ էլ ծնվել է) եւ ինքնաբուժման արդեն ունակ չէ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



26 июн. 2023 г.

211/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Խելամտությունը կարող է (թերեւս պետք է) ինձ համարել անբարոյական, դե, օրինակ՝ ինչպես հիվանդն իր բժշկին՝ անմարդկային, երբ վերջինս բուժման համար նշանակել է սննդակարգ, որը նրա ախորժակին հաճելի չէ։ Բայց ինձ համարել բարոյականությունը ժխտող, նշանակում է՝ միտքը հեռու է խորաթափանցությունից (այլ կերպ՝ ստամոքսային է) եւ համարողին մնում է մաղթել երջանկություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



23 июн. 2023 г.

210/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ով ականջ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի». ու բոլորի ականջները մնացին սուր, աչքերը՝ բաց, եւ ոչ ոք չլսեց, չտեսավ ինքն իրեն (կամ ամենքն իր ականջի եւ աչքի ուղղությամբ լսեց ու տեսավ, ինչ ուզեց)։ Ընդհանուր եղավ միայն դժգոհությունը՝ «Այս ի՜նչ գարշահոտ է», որովհետեւ, այդուհանդերձ, յուրաքանչյուրը նաեւ քիթ ուներ, իսկ սպասումը՝ գարշելի հոտ։ Ու, քանի որ հարմարվողականությանը առավել ոչինչ չի նպաստում, քան այն, ինչն ընդհանուր է, բոլորը միավորվեցին ամբոխում (սոցիալական նախիր) որտեղ ցեղակցությունը որոշվում է բոլորին ծանոթ հոտով, ներցեղային մրցակցությունը՝ ականջի, աչքի, քթի չափերով:
Իսկ նա, ով հասկացավ խաբկանքը, որ ականջն ու աչքը նաեւ կարելի է (պետք է) փակել, հոտին չհարմարվեց, հոտով չներծծվեց. ցեղին (դարձավ) մնաց (ինձ հարազատ) օտար …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



209/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մինչ դու մտածում ես, թե ինչպես ազատվել սարսափից, որը քեզ ներշնչում են մեղքերիդ ուրվականները, նրանք նոր միջոցներ են փնտրում՝ ինչպես հասկանալի հայտնել մոլորված գլխիդ ու վախվորած սրտիդ, թե որտեղ են զրպարտել քեզ։
Բայց նա, ով սրանում արդարացում տեսավ, դրանով միայն ընդունեց զրպարտվելու իր արժանիքը ու ոչնչով չտարբերվեց ներվածի խեղճությունից, անմեղի տգիտությունից եւ մեղքի արտոնյալ լկտիությունից, որոնք նույն այգու տարբեր պտուղներ են։
Այն, ինչ հայտնում են ուրվականները, այլ բան չէ, քան մարդուց վեր բարձրանալու ուղղու հուշում։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



208/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քանի որ իմ մենակությունը վայրի կենդանու (կուզեք՝ հենց անասունի) եւ աստվածային էությունների միաձուլում է (ինչպես կնկատեր Նիցշեն) ես հրաշալի եմ տեսնում ձեր միջի ամենամեծ (իրական) տականքին։
Դա նա է, ով մենակության մեջ էլ շարունակում է խորհել (լինել) բարոյական, սոցիալական, …, կարճ՝ մարդավայել։
Ու, առհասարակ, ձեր միջի տականքն ավելի շատ է, քան թվում է, եւ այլ՝ քան գիտեք։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



22 июн. 2023 г.

207/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եզակի անգամ անդրադառնալով Բարձրագույն Ես-ի ինքնարարմանը (կամ ինքնարարմանն առանց իմ անվանակոչման)՝ «ոչինչ նպատակ չէ, կամ՝ նպատակը ոչինչն է» կոնցեպտում, բավարար է նշել հենց միայն այն, որ «ինչի՞ համար» ինքնահարցադրումը որեւէ մեկի ծնվելուն չի նախորդել (հաջորդելուց էլ անպատասխան է մնացել, եթե բութ հավատով չի գոհացել)։ Ինքնարարման պարագայում փոխվում է միայն այն, որ ինքնարարը «ինչի՞ համար»-ը իր առնչությամբ բացառում է նաեւ ուրիշ(ներ)ի կողմից, որտեղ նա (այլից զատ) առնվազն իր ինքնանպատակայնությամբ բարձր է (ազատ է) ուրիշի նպատակայնություն լինելուց։
Նույն այս տրամաբանության մեջ են գտնվում նաեւ ինքնարարման մեջ «ուզում եմ», կամ «արարվել ինչ» եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները (այդ հարցադրումները մարդ մնալու նկրտումներից ավելին չեն, երբ այստեղ նկրտումը հենց մարդու հաղթահարումն է)։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



21 июн. 2023 г.

206/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ոչինչ նպատակ չէ, կամ՝ նպատակը «ոչինչն է»։
Ամենը, ինչ շրջապատում է մեզ (այդ թվում երեւակայորեն, ներառյալ ցանկություն եւ երազանք) միայն միջոցներ են, ու այդ առնչությամբ ինքնաճանաչողության մեջ էլ փոխվում է միայն այն, որ վերջինս, հընթացս, վերաճում է միաժամանակյա ինքնարարման։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ




19 июн. 2023 г.

205/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իսկական փիլիսոփային առանձնացնում եմ՝ նրա մեջ տեսնելով երեխայի, ում ճանաչողական հետաքրքրասիրությունը, եթե ունենա նման հնարավորություն, ունակ է պայթացնել աշխարհը՝ առանց չարության նշույլի դեմքին։
Այս ունակությամբ՝ ինքս միշտ փիլիսոփա եմ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



204/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մարդը՝ սոցիալական էակ.
Որպեսզի կապիկը կորցնի իր զվարթությունը, դրսեւորի տրամաբանական վարքագիծ ու լինի (կոչվի) հասարակություն, պետք է նրան պահել շարունակաբար սեղմվող վանդակում, ու պետք է ժամանակ առ ժամանակ նրան տալ լիիրավ, բայց կարճատեւ ազատություն (անգամ արտոնություն), որպեսզի նա շարունակի մնալ կապիկ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



16 июн. 2023 г.

203/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Դե՞ռ, թե՞ արդեն». – ժամանակի հետ հարաբերվելու մասին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



202/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այլից, որոնցից
- մեկն այլ բան չէ, քան մարմնի պահանջմունքի նվազեցում, ապա գիտակցության պահանջմունքի ներդաշնակում մարմնականին, ըստ որի, սակայն, անհասկանալի է, թե ինչու՞ հաշմանդամությունը չի որակվում առաքինություն եւ առաքելություն, ուսմունքում Բարձրյալը՝ հաշմանդամ (կամ գուցե այդպես էլ կա՞)։
- մյուս(ներ)ն, իր տարատեսակներով, հավերժական ծուլության խոստման դիմաց՝ ստրկության խրախուսում, ինչի համար բավական է գիտակցությունից թողնել միայն շարք կանգնելու ունակությունը, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, Բարձրյալը պետք է, որ կապիկը լինի։
- կամ հերոսանալու անիմաստությունը, երբ առաջարկվող խոստումը համանման հիմարների հավերժական ընկերակցությունն է։
- անմասն չեն մնում անդինյան գոյությունը հերքող եւ նպատակը բացառապես աշխարհիկում սահմանողները, որտեղ խրախուսվում է գիտակցության պահանջմունքի մեծացումը, ապա կենդանականի ներդաշնակումը դրան, բայց անգամ դրանք անմասն չեն «կրոնականությունից», ինչն այս դեպքում ժառանգվող հիշողությունն է, «սուրբ գիրքը» պատմությունը, որին հասու է առավելապես շառլատանների գրիչը (հենց միայն իրենցը)։
- .............................................................
.....................................................................
................................: ,
ինքնարարությունը տարբերվում է հանգամանքի անկախությամբ։ Դրանց հարաբերվելով (ներառյալ բոլոր ուսմունքներին) այն չի սահմանափակվում իրենից դուրս (նաեւ ներքին) ԱՌԿԱ հանգամանքներով, այլ հենց ինքն է սկսում սահմանել ՀԱՆԳԱՄԱՆՔ, ու, այլի տարբերությամբ, բացում է նաեւ արահետներ, որոնցում միայն հետո պետք է հայտնվի, երբեմն այնքան հեռու, որ դրանց հասնելու համար ստեղծում է իրեն երկայնորդ, ինչում արտահայտվում է երբեւէ հնարավոր, միակ բարձրացնող, խեղճությունից դուրս, մաքրամաքուր ինքնազոհությունը։
Այն չի հավակնում երբեւէ վերածվել ուսմունքի (այդպիսի հավակնությունն ինքնին դեմ է էությանը) ու ոչ թե խուսափում, այլ՝ առհասարակ չի անդրադառնում նպատակ սահմանող եւ դրանով իսկ անիմաստության
հանգեցնող հարցին՝ «ինչի՞ համար»։ Բացի այն, որ մարդու միտքը միշտ ճանաչողական շեղ ուղղությամբ է ընթացել, երբ այն տեսել է միայն հարցերի առաջադրման մեջ ու չի տեսել հակառակում, նաեւ դեռ ոչ մի իմաստնություն իրականում չի հասել պատճառի եւ հետեւանքի հարաբերակցության լրիվ ըմբռնմանը, ինչի համար էլ միտքը ստիպված է ետ գնալ այնքան հուսահատ, ինչքան առաջ է գնում աննպատակ։
Վերջապես, պատճառն ու հետեւանքը նույն արգանդի ծնունդ են, որտեղ ակնթարթների հաջորդականությունն էլ միանշանակ չէ, որ ստեղծում է դրանց «պատճառ-հետ-եւանք-նպատակ» համակարգ, քանզի, ինչպես առաջինը կարող է ծնվել, որ ծնվի երկրորդը, այնպես էլ երկրորդը կարող է հապաղել, որ ծնվի առաջինը, ինչպիսի մոլորեցումից էլ զերծ է ԻՆՔՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (իմ անվանակոչմամբ՝ Բարձրագույն ԵՍ-ը), որն իր ձեւակերպման մեջ անգամ, հերքում է նպատակը՝ բացահայտելով դրա ճշմարիտ էությունը։
«Գնալու միակ պատճառը (հնարավորությունը) գնալու տեղ ունենալը չէ, բավա-
կան է նաեւ այն, երբ ցանկությունդ առկա տեղից գնալն է միայն (այդպես չէ՞)»։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



201/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Արդյոք ամոթ է զգում ստրուկը, ով որդու հետ անցնում է կառույցի կողքով (հատկապես, երբ այն վեհաշուք է) որի շինարարության մեջ ինքը բանել է, վստահաբար` ո՛չ, իսկ երբ որդու մոտ տեսնում է վեհության նկատմամբ հիացմունք (կամ կարծում է, որ տեսնում է, կամ ուզում ու տեսնում է) նա, անպայման, հպարտությունից փայլատակող աչքերով նշում է, որ «ներդրում» ունի դրանում՝ հնչեցրած բողոքն էլ ներկայացնելով իբրեւ դրական գործակից։» Ահա, թե ինչ եմ տեսնում նախորդող բոլոր սերունդների պատմող հայացքներում՝ իմաստնությունների մասին (մարդկային եւ վերմարդկային) որոնցից շատերը վեհ են՝ միայն, որովհետեւ (պատմողն ու լսողը) իրենք են չնչին։
Սերունդները փոփոխվելու են, այդ հայացքը՝ (դեռ) ոչ, ու ես խլացնում եմ ինձ։
Բայց սա նաեւ այն մասին է (եւ որովհետեւ ոչ մի բարոյականություն չի կարող փոխել բնականն ու տիեզերականը) թե ինչպիսի «անմարդկայնություն» պետք է տեսնել (ընդունել) այնտեղ, որտեղ կա արարչություն՝ թեկուզ, երբ արարը մարդկայնությունն է, կամ՝ որտեղ փնտրել արարչություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



13 июн. 2023 г.

200/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ի սեր Աստծո».

Աստծով արված միջնորդությունը կասկած է Աստծո հանդեպ։
Այդ դեպքում ինչպե՞ ս լուրջ վերաբերել նրան, ում վկայակոչած միջնորդը կասկածվել է իր իսկ կողմից, հատկապես, երբ նրա համար դա ամենայնի արարիչն է, ինչով հենց՝ վերջինս զրկված է իր նկատմամբ միջնորդ ունենալուց, իսկ հակադարձումը, թե նա միակ հանգամանքն է, ում հնարավոր է (պետք է) վերաբերել ինքնին, ավելին չի լինի, քան սոփեստություն՝ թեկուզ միայն նրա համար, որ փոքր բանին միջնորդողը չի կարող հարաբերվել մեծին՝ առանց դրա։ Այստեղ կարող էր օգնության հասնել գործարքի մասին անկեղծացումը, բայց, իհարկե, դա հoդս կպայթացներ բարոյականի կերպարը, երբ պարզվեր, որ արարի դիմաց վճարել է արարիչով (ինչը, բայց, ես կարող եմ)։
Ու, առհասարակ, եթե վերանանք Աստծո գոյությունը դիտարկելուց (ինչին բնավ միտված չէր այս դատողությունը) եւ դիտման կենտրոնում պահենք միջնորդությունը, ապա երբ խնդիր դրվի հիմնավորել ներկայացված հիմնավորումը (ինչն անպայման պետք է դրվի), ապա վերջնարդյունքում ստացվում է ամրության հավաստում շղթայի, որի օղակները միակցված չեն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



199/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

անպատկանելիություն սահմանմանը.

Ոչ գրող, ում կոնցեպցիան սահմանափակված է իր մարմնական գոյության ժամանակահատվածով, կամ, թեկուզ, դար(եր)ի, բայց միշտ անցյալամույն, ով մահից հետո շարունակում է հնչել լոկ այն բանի շնորհիվ, որ մարդկանց հուզական էությունն ու գիտակցական միջակությունն է մնում անփոփոխ։ Ու ոչ էլ փիլիսոփա, ինչն ավելի հաճախ է հնչում իմ հասցեին (հետո էլ անպայման հնչելու է) որովհետեւ իմ «կոնցեպցիան» զերծ է սկզբունքայնանալուց, հետեւաբար, անխուսափելի ճահճացումից՝ թեկուզ իբրեւ օվկիանոս։
Այնուամենայնիվ, սահմանման բացակայության պայմաններում (ինչը սկզբունքների ծնունդը վիժեցնելու իմ դիտավորությունն է) ես վերապահումով ընդունում եմ փիլիսոփայի կոչումը, նաեւ որովհետեւ նրանում վիրավորանք կա, որով միջակությունը վրեժխնդիր է լինում այն հնչեցնելով։ Իսկ վերապահումը նրանում է, որ «փիլիսոփա»՝ միայն որպես ապագա «փիլիսոփաների» ծագման ակունք (կամ ակունքին տանող ակնարկ) որտեղից ծնվող «նորերը» չեն կոչվելու ուրիշ բան, քան միայն ինքնարարներ …,
ու եթե այստեղ ինձ կարող եմ թույլ տալ ազգայնականություն, ապա բացառապես ցանկության մեջ, որ ինքնարարներում շատ լինեն ցեղակիցներս, քանզի, այլից բացի, ինձ ընկալելու լեզվական ամենամեծ հնարավորությունը հենց նրանցն է։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



198/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ճշմարտության մասին դատողություններ անողների մոտ ամենահաճախ հանդիպող մոլորությունը, որով նրանք հավասարապես համարվում են ձախողված, այն է, երբ ճշմարտությունը համարում են ստի վերացման սուր, որը հպարտությամբ ճոճում են՝ զգալով իրենց «առաքյալ», որտեղ, արդեն, բացահայտվում է ոչ թե ճանաչելու, այլ՝ իրենց կամայականությամբ ճշմարտություններ սահմանելու եւ դրանում թագավորելու նրանց դիտավորությունը, որով նրանք ոչ միայն կորցնում են մոլորյալի ախտորոշմամբ արդարացվելու հնարավորությունը եւ արժանանում նվաստացման «ազատ մտքի» կողմից, այլ՝ «քնած» հավատացյալների մոտ առաջացնում են ճշմարտության եւ իրականության հակադրություն, որից փրկելու միակ միջոցը մնում է նրանց կասկածի անդունդ նետելը։
Անկախ նրանից, թե ինչքան բարդ են կառուցում իրենց մտադրության լաբիրինթը, այն հoդս է ցնդում պարզ իրողությամբ, որ սուտն այլ բան չէ, քան իրականության, հետեւաբար ճշմարտության արտահայտման ձեւ (ինչպես հակոտնյան, բայց ոչ հակադիրը) առավել եւս, եթե հաշվի առնենք հաստատունը, որ բովանդակությունը երբեք չի արտահայտվում առանց ձեւի, ինչից հենց ճշմարտության գոյությունն է առհասարակ դառնում կասկածելի (ինչն, այս դեպքում, իհարկե միայն հեգնանք էր` ուղղված ձախողվածներին)։
Ճշմարտությունը երբեք չունի ստի դեմ պայքար, ինչպես արյունն անոթի, բացի այդ, «ազատ միտքն» ունի հարցադրում, թե ինչքանո՞վ առանց ստի աշխարհը նպաստավոր կլինի մարդու ապրելու համար։ Այլից զատ, եւ շրջանցելով դատողությունների շարքը, հստակ է, որ բովանդակությունը ձեւի դեմ կատեգորիկ օգտագործելը երբեք չի կարող համարվել առողջ բանականություն, կամ բանականություն առհասարակ։
Ու կանխելու համար հնարավոր մոլորեցումն ինձանից, պետք է իմանալ, որ, այնուամենայնիվ, կա ճշմարտության ձեւազրկման ճանաչողություն, որը, սակայն, ոչ թե ապրելու, այլ՝ մահվան ընտրություն է, բայց սա արդեն այլ թռիչքի (ինքնա)ճանաչողություն է …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



12 июн. 2023 г.

197/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տղամարդկային բոլոր դատողություններում, որոնք ուղղված են կնոջն ու կանացին նվաճելուն, տղամարդը բացահայտվում է իբրեւ խեղճություն։ Դրա համար, հատկապես հենց պոեզիայում, նա ոչ միայն անգերազանցելի տաղանդավոր է, այլ, նաեւ, ներսեռային մրցակցությամբ՝ սիրո եւ ողբի նկարագրման, ապրելու մեջ (որոնք նշված նպատակում նույնական են՝ որպես խեղճություն) նորանոր «բարձունքներ» բացահայտող։
Բայց ինչու՞ հենց պոեզիայում ամենաշատն են կանացի ականջները, երբ գեղեցիկը երբեք նրա էության նկարագրություն չէ, կամ այլ բան չէ, քան կիսատությունն ու կիսատումը, որովհետեւ կինը, անկախ գիտակցությամբ «կրոնական» լինելուց, բնազդով գիտի, որ անիմաստ է ինքնաբացահայտվել` իբրեւ այլանդակություն, երբ հազվադեպ է պատահում հրեշը, ում հետ կարող է ինքնարարվել հրեշտակ։ Ուստի, խեղճություն տիրելով՝ կինը երբեք չի դադարում սպասել հրեշին, որին կարող է տրվել, հենց միայն սպասելուն զբաղվածություն տալու համար էլ տիրում է խեղճությունը, որտեղ տղամարդիկ տաղանդավորությամբ սոխակ լինելուց բացի, նաեւ եզ են` աշխատունակությամբ, իսկ կանայք, ում այլանդակման մեջ բնությունը շռայլ է գտնվել եւ չի տվել միայն ականջներ, իրենք են ծնում իրենց ինքնարարման հրեշին։
Այն, որ պոեզիայում տղամարդու նպատակը կինն է ու կանացին, անգամ երեւույթների մասին դատողություններում, որտեղ կինը բնությամբ է մերժված, պատասխանում է հարցերին՝
- իսկ տղամարդու պոեզիան ունենու՞մ է արդյոք այլ նպատակ …,
- եւ կա՞ արդյոք նույն նպատակին միտված տղամարդկային այլ բան, որը չի համարվում «պոեզիա» …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



8 июн. 2023 г.

196/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

(Անգամ) ոչ միայն ցանկացած ողբերգություն եւ տառապանք կարողանալ ապրել զվարթ, այլ զվարթության համար ստեղծել եւ/կամ փնտրել դրանք. ահա բացարձակն ու հաստատունը տեսնելու այն (ինքնա)ճանաչողությունը, որը դուրս է տանում դիալեկտիկական ճոճքից։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



195/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ ճառագած լույսը տեսնելու համար. ոչ միայն պետք է ավելի երկար նայել, քան միանգամիցն է եւ ավելի խորը, քան ուշադիրն է, այլ՝ դա անել սրընթաց շարժման մեջ։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



194/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մտքի, խղճի եւ դավանանքի ազատությունը՝ որպես սահմանում, բնավ սոցիալական զարգացվածության աստիճան չէ. պարզապես մարդն ավելի հիմար է, երբ դա իրավունք է, քան՝ հարկադրանք։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



193/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Հետեւորդներին գրավում է նպատակը, իսկ ես խեղճ եմ համարում բոլոր հեղինակություններին (ցանկացածին, ում կմտաբերի միտքը՝ սա կարդալուց) ովքեր ունեցել են դատողություններ նպատակի մասին, առավել նրանց, ովքեր չեն գործել օգտագործելու բնական ստորությամբ, ինչում, գոնե, կա իրատեսություն ինքն իր հետ, այլ իրենք էլ հավատացել են իրենց սահմանած նպատակներին, որոնք, անկախ «միֆական» բարձրությունից, չափազանց ցածր են ինքնարարի արժանապատվության համար։ Ու ինքս ինձ էլ եմ մերժում, ավելին՝ մինչեւ ոչնչացում նվաստացնում եմ ինքս ինձ այնտեղ, որտեղ, հանկարծ, Բարձրագույն Ես-ը կարող է երեւալ աննպատակայնությունից ներքեւ՝ ներգրավելով գեթ մեկ հետեւորդ։
Սրանում ես մեկ հեղինակությունն եմ՝ անպայմանական …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



7 июн. 2023 г.

192/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ հայրը մահացել է երկու անգամ. առաջինը, երբ ես ծնվել եմ, որ լինեմ ինքնարար: Երկրորդ մահն ինձ զրկել է բարության աղբյուրից՝ որպիսին եղել է մահից մահ՝ գոյությամբ հոգի։
Մորս երկրորդ մահով մոռանալու եմ, որ երբեւէ եղել եմ մարդածին։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



6 июн. 2023 г.

191/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ես ձեզ համար աննկատելի եմ, ձեր մեջ ես ոչնչություն եմ, բայց անգամ այստեղ դուք նրբազգաց չեք այնքան, որ ինձ բացահայտեք՝ իբրեւ ձեր ներսի՝ բարոյականությամբ դեռեւս չփչացած գիշատչի պատվանդան, որտեղ, ձեզ բնորոշ մեռելապաշտությամբ, ծաղկի նման պետք է խոնարհեք հայտնի բոլոր «մեծերին», որոնց ընդհանուր ճանաչելիությունը միայն յուրաքանչյուրիդ ողբաբառաչանքին համահունչ «հոգոց» ունենալն է։
Նրբազգաց չեք, որովհետեւ բնազդի վերաճած բարոյականությամբ տեսնում եք միայն վտանգը, որ գիշատիչը այս պատվանդանին չի լռելու խեղճության առաջ, որ դուք ձեզ հպարտ զգաք։ Դուք սարսափում եք ձեր բնականության հետ մենակ մնալուց, որովհետեւ ձեր տգիտությամբ անմահացած «մեծերը» ու ձեր (նախիրի) նեխած արգանդից ծնվող նոր ճտերը ձեզ պահում են ամուլ, դուք չգիտեք ինչպես ապրել՝ չլինելով մեռել ու մեռելածին։
Այստեղ էլ, ինչպես միշտ, իմ ձգտման մեջ չկա չարության որեւէ տեսակ, կամ դրսեւորում, որովհետեւ (եթե …) անգամ դրա համար դուք բավականաչափ ողջ չեք ու բավականաչափ վտանգավոր չեք, որ բաց կրծքով չհայտնվեմ ձեր մեջ՝ միայն իբրեւ թմրեցում լրջությունից, որն ապրում եմ ձեր պարանոցի ճկունությանը անհասանելի բարձունքում։
Բայց անգամ այս արհամարհանքից հետո, ձեր մեջ մնալու են ինձ գաղտնի ընթերցողներ, քանզի անկարելի է բացահայտել եզրագիծը, որտեղից սկսվում է մերժումն ամենայն մոլորության ու ինքնարարումն իսկականության, որին, այնուամենայնիվ, կա դեռ ձգտող չմեռած ոգի, իսկ թե պատահեն այնպիսիք, ովքեր կփորձեն ինձ մեկնաբանել, կամ առնչվել անվանս՝ իբրեւ ինձ հասկացած, ճանաչեք նրանց մեջ ձեզնից ստորակարգ կեղծարարներին, ովքեր փորձում են պատկերել թռիչք, որին երբեք հասու չեն լինելու (նրանք անպայման կաղ ու կռնատ են)։
Իհարկե՛, ձեր ներսում լցվող չարությունը թույլ չի տալու միանգամից հասկանալ, թե որտեղից այսչափ ամբողջական գիտեմ ձեզ, է՛լ ավելի դժվար է հասկացվելու, որ նաեւ ձեր կարիքն է ինքնարարումս, որ լինելով ձեզանից մեկը՝ դադարեմ լինել դուք՝ որ դուք էլ դադարեք …։
Երբեւէ ձեզ ցեղակից լինելս կարող եք հասկանալ բոլոր այն մտքերում, որոնք ձեզ կթվան հասկանալի զգայարաններից ցանկացած մեկով, ու որոնք, հենց այս այլանդակությամբ, բոլորիդ հետ հավաքականորեն եւ անհատապես, որպես բարձրագույնին անվայել ցածրություն, ես մերժում եմ. դրանք այլեւս իմը չեն՝ իբրեւ իրողություն, դրանք, ընդամենը, հեռացումս չափելու նշակետեր են։
Ես ձեզ համար աննկատելի եմ, ձեր մեջ ես ոչնչություն եմ, որովհետեւ դեռ բավականաչափ ողջ եմ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...